ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#21, 2008-11-08 | #22, 2008-11-22 | #23, 2008-12-06


ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ- ՄԱՆՈՒԵԼ ԹՈԼԵԳՅԱՆ. ՖՐԵԶՆՈՅՈՒՄ ԵՐԿՈՒ ՀԱՅԵՐ ԶՐՈՒՑՈՒՄ ԵՆ ԱՐՎԵՍՏԻ ՇՈՒՐՋԸ

Ի՞նչ է նկարչությունը

Սկիզբըՙ նախորդ N167, 177 եւ 187, 197, 207, 217 համարներում

Վիլյամ Սարոյան.- Սիրելիս, մարդկային մտքի ամենատարրական հիմարություններն անգամ ժամանակի ընթացքում չեն կորցնում իրենց «վավերականությունը», իրենց «կենսունակությունը»: Դեռեւս գործուն, ուժի մեջ լինելու հատկությունները մենք կարող ենք տեսնել բնության մեջ ամեն ինչում: Բայց ինչքան ես հասկանում եմ, քո մտահոգությունը, նաեւ ի՛մը, հետեւյալն է. արվեստը պետք է ծառայի կյանքն առաջ տանելուն, ժամանակի տեւողությունը առավել տանելի դարձնելուն, այլանդակություններից զերծ պահելուն, կյանքը «շնորհալի իրադարձության» վերածելուն: Դժբախտաբար «շնորհազրկությունը», այլասերվածությունը» հարատեւ երեւույթներ են կյանքում...

Մանուել Թոլեգյան.- Մեր ժամանակների արվեստո՞ւմ եւս...

Վ. Ս.- Մեր ժամանակների արվեստում եւս եւ մյուս բոլոր բնագավառներում. Շնորհքի հայտնությունը սովորաբար կամ «ձեռքբերում է, նվաճում», կամ «պատահականություն»: Իսկական արվեստագետի համար դա նվաճում է անշուշտ, վայ-արվեստագետի համարՙ պատահականություն: Քանի որ արվեստի եւ ընդհանրապես մեր բոլորի կողմից գործադրված ջանքերի վերջնական նպատակն է կյանքն ինչքան հնարավոր է գեղեցիկ դարձնելը, ապա մարդկանց հրամցված «շնորհքը» չի կարող շատ քիչ կամ չափից ավելի շատ լինել: Ամեն ինչ հարաբերական է: Ոչ մի բան մարդկանց համար «շատ լավ» չէ, ոչ էլ «շատ վատը»...: Վատությունն ու այլանդակությունը վերջ չունեն: Ուզում եմ ասել...

Մ. Թ.- Վատ միջավայր, վատ ազդեցություն, տգեղ դրսեւորումներ...

Վ. Ս.- Այո, թեկուզ անցողիկ լինեն դրանք: Եվ կարծես դրանցից փախուստ տալ հնարավոր չէ: Լավի ու վատի համաչափությունները միշտ էլ ծայր աստիճան սրված են եղել: Եվ դժբախտաբար կշիռն ի նպաստ շնորհքի բացակայության է, քան շնորհքի գոյության:

Մ. Թ.- Պետք է խոստովանեմ, որ գեղեցիկին հասնելու ճանապարհը նույնքան փշոտ է ու դժվարին, որքան սովորական այլանդակություններից ու տգեղ երեւույթներից փախուստ տալու ճանապարհը: Տգեղը, սովորականը, այլանդակըՙ (ցավը, մահը, դժբախտ պատահարը, անհամաչափությունը եւ այլն) մշտապես առկա են մարդու կյանքում, կարծես կրնկակոխ հետեւում են նրան: Մենք ամեն քայլափոխին հանդիպում ենք դրանց: Այդ պատճառով էլ արվեստում եւ կյանքում գեղեցիկի առկայությունը կարեւոր է դառնում, եւ մենք փայփայում ենք այն: Բայց խնդիրն այն է, որ սովորականն ու այլանդակը անընդհատ նոր սովորական ու այլանդակ երեւույթներ է ծնում, մինչդեռ գեղեցիկը հազվադեպ է, որ նոր գեղեցիկ երեւույթ ծնի: Սա է երեւի պատճառը, որ արվեստն ու արվեստագետի աշխատանքը գնահատվում, արժեւորվում է: Նա փորձում է դուրս բերել մեզ այդ սովորական այլանդակություններից, փոխարենը մատուցելով բարեփոխված, թարմ մի «տեսիլք», որը մենք անվանում ենք «գեղեցկություն»:

Վ. Ս.- Լրիվ հասկանում եմ քեզ...

Մ. Թ.- Սակայն կարծում եմՙ գեղեցկությունն ամեն անգամ, ամեն ժամանակաշրջանի համար տարբեր ձեւով է «վերածնվում», ինքնուրույն դրսեւորում է ունենում: Անցյալի գեղեցկությունը չի կարող կրկնվել մեր օրերում, բայց մենք չենք կարող ամբողջովին անտեսել այն: Մենք կարող ենք ստեղծել մե՛ր դարի գեղեցկությունը: Իմ փորձառությունից ելնելով պարզել եմ մի շարք ձեւեր, միջոցներ, որոնցով հնարավոր է արտահայտել մեր ժամանակների գեղեցկությունները: Եթե մենք, օրինակ, լուրջ քննության ենթարկենք այն ամենը, ինչ սովորական է, տգեղ, անճաշակ ու այլանդակ եւ մեր կյանքին վտանգ է սպառնում, ապա կարծում եմ այդ քննության արդյունքում մենք կպարզենք, թե ինչն է գեղեցիկը:

Որքան հետաքննությունը խորը լինի, այնքան մեծ կլինի գեղեցիկի հայտնաբերման հնարավորությունները: Գաղափարը հին է: Բոլորս գիտենք, որ «չկա չարիք առանց բարիք» կամ «չկա լավ առանց վատի», բայց ես այն նորովի եմ մեկնաբանում:

Հիշում եմՙ իմ ցուցահանդեսներից մեկի ժամանակ, խնձորներով նատյուրմորտի մի կտավ դիտելուց հետո ինձ ասացիր.«Մանուել, քո խնձորները չափազանց կատարյալ են, ինչո՞ւ, օրինակ, դրանցից մեկի միջից դուրս եկող որդ չես նկարել»: Ես անմիջապես տուն տարա նկարը եւ խնձորներից մեկում նկարեցի ամենատգեղ որդը, որ կարող էի երեւակայել: Կտավն ամբողջովին փոխվեց, դեպի լավն անշուշտ: Որդը գեղագիտական նոր որակ հաղորդեց դրան: Որդոտ խնձորի առկայությունը մյուս խնձորներին դարձրեց է՛լ ավելի գեղեցիկ: Վատը հակադրվեց լավին, գեղեցիկինՙ ավելի մեծ տեղ տալով վերջինիս:

Վ. Ս.- Դու հենց նոր խոսեցիր ամենակարեւոր նշանակություն ունեցող մի բանի մասին: Քիչ առաջ նշեցի, որ տեսողությունն է գեղեցկությունը: Երբ տեսողությունը հստակ է, կայուն, հավատարիմ, ոչ մի բան չի կարող շարունակել մնալ կամ թվալ այնպիսին, ինչպիսին առաջ էր:

Մ. Թ.- Ճիշտ է: Եվ հենց դա չէ՞ պատճառը, որ մեր այսօրվա «տեսողությունը» տարբեր պետք է լինի նախորդներից, որ մեր ներկայի կտավները պետք է տարբեր գեղագիտական գաղափարներ, մտքեր, պատկերներ առաջացնեն, քան մեր նախորդների կտավները: Չէ՞ որ մենք մե՛ր «եզակի» աչքերով ենք նայում իրերին:

Իհարկե, հեշտ է անցյալի որոշակի գաղափարների, գեղագիտական արժեքների հետ հաշտվելը եւ լավ է դրանց մասին իմանալը, բայց պետք է գիտակցենք միշտ, որ դրանք արդեն անցյալ են եւ չեն համապատասխանում մեր օրերի պահանջներին: Այս առնչությամբ կարծում եմ տեղին էր քիչ առաջ նկարների գեղեցկությունը կամ գեղագիտական արժեքը որոշելու վերաբերյալ իմ արտահայտված միտքը: Մենք պետք է թողնենք, որ մեր սեփական աչքերը որոշեն ինչը լավ է, ինչը վատ, ինչը արվեստի գործ է, ինչըՙ ոչ: Նկարչությունը «տեսողական» արվեստ է, եւ եթե ինչ-որ մի կտավ չի «հաղորդակցվում» մեզ հետ կամ օտար է թվում մեզ, եւ «անընթեռնելի», աշխարհի բոլոր գեղագիտական տեսությունները չեն կարող օգնել մեզ հասկանալու այն: Այդ պատճառով էր, որ ես քիչ առաջ խոսեցի կուբիստների, էքսպրեսիոնիստների, պատկերազուրկ նկարիչների եւ մյուսների մասին: Այդ ուղղությունների գեղագիտական հասկացությունները ծնունդ են առել ավելի քան վաթսուն տարիներ առաջ եւ «վավերական» են այդ ժամանակների համար: Այդ ուղղությունները «հեղափոխական» էին համարվում եվրոպական ակադեմիական կամ կամերային նկարչության համեմատությամբ եւ « հեղափոխությունն» սկսող արվեստագետներն, անշուշտ, ամեն իրավունք ունեին այդ քայլերին դիմելու: Բայց դրանք անցյալ են արդեն: Իսկ անթիվ-անհամար գրքեր, բրոշյուրներ եւ ֆիլմեր դեռեւս պրոպագանդում են այդ գեղագիտական գաղափարները, հասկացությունները, նույնիսկ փորձում են մեր ուղեղները «լվանալ» դրանցով: Եթե մենք, ինչպես հարկն է առաջնորդվենք մեր «տեսողական» սկզբունքներով եւ զոհ չդառնանք նման քարոզչության կամ կարողանանք մեզ հեռու պահել ընդհանուրի մաշված «ճիշտ քայլերից», կտեսնենք, որ այդ «ճիշտ» ասվածը պարզապես իլյուզիա է, մշակութային խաբկանք, որովհետեւ դրա հիման վրա ընտրված եւ մեր պատերից կախված կտավները բոլորովին կապ չեն ունենալու մեր այսօրվա մտածողության կամ առօրյա կյանքի հետ: Այսպես է պատահելու ամեն անգամ, երբ մենք ընդունենք մեզ հրամցվածըՙ առանց առարկելու կամ հարցեր տալու, երբ պարզապես նորաձեւության հետեւելու կամ նոր ուղղություններից ետ չմնալու պատրվակով մենք շարունակենք համակերպվել մեզ համար օտար, անընթեռնելի գաղափարների կամ հասկացությունների հետ:

Կրկնում եմ, նկարչությունը տեսողական արվեստ է, տեսողության միջոցով է ստեղծվում հաղորդակցությունը, եւ մարդ անհատը կարիք չունի տեղյակ լինելու գեղագիտական բարդ տեսություններին կամ դոգմաներին, որպեսզի հասկանա այս պարզ ճշմարտությունը: Կտավն ինքը պետք է խոսուն լինի, անկախ դրա տակ դրված ճանաչված կամ անծանոթ նկարչի անունից: Լավ է նկարը, թե վատՙ մեր աչքերն են որոշելու:

Վ. Ս.- Նկարչությունը, այո՛, տեսողական արվեստ է, եւ ապրելու մեզ տրված ժամանակահատվածը նույնպես տեսողական փորձառություն է: Տեսողության «զգացմունքի» (եթե կարելի է զգացմունք համարել տեսողությունը) հետեւանքով է, որ ամեն ինչ «գոյություն է առնում», որակավորում ստանում այս կամ այն ձեւով: Դիտելուց, նկատելուց հետո է, որ իրը դառնում է «գեղեցիկ», «տգեղ» կամ մի այլ բան: Ճիշտ չէ մտածել, որ որեւէ իր, ձեւ, կամ առարկաների պատահական համախմբում ինքնին «տգեղ» կարող է լինել: Այդ որակավորումները մենք ենք տալիս, ըստ մեր հայեցողության կամ հաղորդակցության ընթացքում մեր «հարմարությանը»: Շատ դեպքերում այդ հաղորդակցությունն անցողիկ է եւ ճշգրիտ չի արտահայտում մեր զգացածը:

Մ. Թ.- Ճիշտ է: Եվ եթե ընդունում ես, որ տեսողության «զգացմունքի» հետեւանքով է, որ ամեն ինչ որակավորում է ստանում, ապա պետք է ընդունես նաեւ, որ բոլորս չէ, որ նույն բանն ենք տեսնում, բոլորս չէ, որ տեսնելու միեւնույն հատկությունը, ճշգրտությունը կամ բծախնդրությունն ունենք: Բոլորս չէ, որ միեւնույն լարվածությամբ, ուշադրությամբ կամ սրությամբ ենք նայում իրերին կամ միեւնույն զգացմունքներով արձագանքում դրանց...

Վ. Ս.- Բացարձակապես ճշմարիտ է... բարեբախտաբար:

Մ. Թ.- Ասացիր բարեբախտաբա՞ր, թե՞ դժբախտաբար:

Վ. Ս. Բարեբախտաբար, որովհետեւ դրանում հրաշք է ներառված: Չէ՞ որ ինչպես մարդ անհատն է յուրահատուկ, տեսողությունըՙ դիտարկումը նույնպես յուրահատուկ է, ինչքան էլ որ ուրիշներիՙ մեզանից դուրս գտնվողների համար ընդհանուր լինենք, որպես ամբողջություն:

Մ. Թ.- Կարծում եմՙ դրանով մեր քննարկման բուն էությանը, հիմնական հարցինՙ «դիտարկումը եւ գեղագիտական ֆորմուլաները» թեմային անդրադարձար: Կարծում եմՙ ժամանակակից մարդու դիտարկումները, եթե դրանք լուրջ են ու հավատով արված, ավելի արժեքավոր են մեր ժամանակների համար, քան անցյալի դիտարկումներն ու ֆորմուլաները: Չեմ կարծում, որ որեւէ մեկը կարող է թարմ, կենսական «շնչող» արվեստի մի գործ ստեղծել կրկնօրինակելով անցյալի հասկացություններն ու ֆորմուլաները: Ես ոչ մի խնդիր չունեմ գեղագետների կամ քննադատների հետ, որոնք անցյալում որոշակի տեսություն կամ փիլիսոփայություն են ստեղծել եւ հետեւել դրանց, բայց հավատացած եմ, որ մենք էլ մեր հերթին պարտավոր ենք մեր ժամանակներին հատուկ փիլիսոփայություն ստեղծել: Անցած 50 տարիների ընթացքում սոցիալական, քաղաքական եւ գիտական մեծ փոփոխություններ են կատարվել, որոնք այսօր էլ շարունակվում են: Դրանք, ինչ խոսք, անպայման իրենց ազդեցությունը թողնելու են մեր այսօրվա հասկացությունների վրա եւ ուղղորդելու են դրանց:

Մենք այսօր, օրինակ, տեսնում ենք փոփոխություններ ընտանեկան կյանքում, հասարակության մեջ կանանց գրաված դիրքի եւ դերի ասպարեզում, մարդկանց աշխատանքային սովորություններում եւ բազմաթիվ այլ բնագավառներում: Այսօր մենք կարեւոր եւ լուրջ խնդիր ունենքՙ կապված ատոմային էներգիայի, ատոմային ռումբի հետ: Եվ սա միայն գիտական խնդիր չէ, այլեւ սոցիալական, քաղաքական: Մարդիկ ամբողջ աշխարհում առաջին անգամ սկսել են գիտակցել իրենց իրավունքները եւ պայքարել դրանց համար: Այս փոփոխություններն իրենց հետքը թողել են նաեւ կրոնական եւ բարոյական հասկացությունների վրա: Այսօր ավելի քան մեկ միլիարդ մարդ իրեն աթեիստ է համարում, ոչ թե որովհետեւ իրոք չի հավատում Աստծուն, այլ որովհետեւ կրոնական հին գաղափարներն ու հասկացություններն այլեւս չեն բավարարում նրան: Նա նոր, առավել կենսունակ խթանիչ ուժ է փնտրում:

Արվեստն էլ բացառություն չէ: Այդ բոլոր փոփոխություններն իրենց զգաստացնող ազդեցությունը թողել են գեղագիտական հասկացությունների վրա: Այդ պատճառով էլ անցյալի տեսությունները չեն կարող բավարարել ժամանակակից մարդուն: Սրա լավագույն ապացույցը մենք կտեսնենք, երբ այցելենք ժամանակակից ցուցահանդեսներ, որոնցում ներկայացված էքսպրեսիոնիստական կամ աբստրակտ կտավները շատ քիչ ընդհանրություններ ունեն անցյալի իրենց նմանակների հետ: Ավելին, դրանցից մի քանիսըՙ «ամենաանընթեռնելիները» նույնիսկ «հեղափոխական» կոչ են հնչեցնում հին գաղափարների դեմ: Չեմ ասում, որ արժեքավոր մի նոր գաղափար արդեն առաջ է եկել այս «հեղափոխության» արդյունքում, բայց որ գործընթացը առկա է, փաստ է: Արվեստագետները փորձում են գտնել մեր ժամանակներին ավելի «հաղորդ» մի նոր ֆորմուլա: Որեւէ վերջնական գաղափար դեռ չի ձեւավորված եւ իր բնույթով ժխտողական կամ մերժողական ժամանակակից արվեստի վերջնականապես ձեւավորված լինելու վերաբերյալ բոլոր ասեկոսեները պարզապես անհեթեթություններ են:

Վ. Ս.- Մենք պետք է ընդունենք, որ բոլոր խոսակցություններն են անհեթեթություններ: Վերջնական ճշմարտություն ասվածն էլ է անհեթեթություն: Սա, իհարկե չի նշանակում խոսելու կամ գրելու, քարոզելու իրավունքի բացառում, բայց չկա մի բան, որ կարելի է վերցնել որպես բացարձակ ճշմարտություն: Եվ «բարեբախտաբար» բառն օգտագործեցի, որովհետեւ ուրախ եմ, որ ամեն մեկի «տեսողությունը», «դիտողականությունը» տարբեր է մյուսներից: Հենց այս որակական տարբերությունն է, որ հետաքրքրական, հրաշալի եւ անսպառ աղբյուր է դարձնում մարդկային փորձառությունն ինչպես արվեստագետի, այնպես էլ ոչ արվեստագետի համար: Պատկերացրու, թե ինչ կլիներ, եթե բոլորս նույն բանը տեսնեինք, զգայինք, երազեինք կամ նույն բանին հավատայինք, եւ ոչ մեկս մյուսից ավելի «ճշգրիտ» կամ ավելի «խորը» եւ առավել «մանրամասն» չկարողանար տեսնել բնությունը կամ պատկերված իրը: Բարեբախտաբար այդպիսի բան հնարավոր չէ: Ոչ մեկը չի կարող ասել «իմ տեսածը միակ ճշմարտությունն է», որ «ուրիշ ձեւ, քան ես եմ տեսնում հնարավոր չէ»: Ոչ ոք:

Մ. Թ.- Ճշմարիտ է: Դա մոտավորապես այն է, ինչ ես ուզում էի ասել: Ոչ ոք իրավունք չունի թելադրելու ուրիշին կամ պահանջելու նրանից գեղեցիկի վերջնական սահմանումը:

Վ. Ս.- Տղամարդն իր կնոջը կարող է թելադրել այդ բանը, եթե, անշուշտ, ցանկանում է առնվազն կես ժամ վիճել նրա հետ: Բայց ընդհանուր առմամբ ոչ ոք իրավունք չունի մի բան առանց մտածելու, առանց շնորհքի, կամ առանց հումորի անելու: Իհարկե, նա կարող է անել, բայց դա չի նշանակում, որ իր այդ արածը որեւէ նշանակություն կամ կարեւորություն կունենա: Դա ամենաշատը կարող է ժամանակավոր նշանակություն կամ կարեւորություն ունենալ մարդկանց մի որոշակի խմբի համար:

Մ. Թ.- Բայց, Բիլ, չեմ կարծում, որ կժխտես այն փաստը, որ ժամանակին չափազանց վատ ու անհամոզիչ գեղագիտական տեսություններ մեծ ազդեցություն են թողել մարդկանց վրա, եւ այդ ազդեցությունը երբեմն դարեր է տեւել: Հիշենք նախառաֆայելյան շարժումը, կամ նեոկլասիկ ժամանակաշրջանները: Կամ Հռոմի անկումից հետոՙ 5-8-րդ դարերում ստեղծված անբովանդակ արվեստի նմուշները: Այս բոլորն այժմ մոռացության են մատնված:

Վ. Ս.- Այո, մեծ ազդեցություն, որը կարող էր լինել դրական, եթե տեղին լիներ: Բայց հաճախ այդ ազդեցությունները հիմարների կողմից են տարածում գտնում: Նրանք են «ընկնում դրանց ազդեցության տակ»: Ինքնուրույն «տեսողություն» կամ «մտածողություն» ունեցող որեւէ մեկը կարիք չունի նման ազդեցությունների, բացի եթե դրանք ընդհանուր գործին են վերաբերում:

Մ. Թ.- Ուզում ես ասել, որ արվեստագետը ցանկանո՞ւմ է ազդեցություն գործած լինել, նա դրա՞ն է ձգտում:

Վ. Ս.- Եթե դա ընդհանուր գործին է վերաբերում: Կարող է պատահել, որ իր հաճույքի կամ աստիճանական կատարելագործման համար արվեստագետն իր կարիերայի սկզբնական շրջանում հետաքրքրվի ուրիշների տեսակետներով կամ գաղափարներով: Սա դեռ չի նշանակում, որ նա տուժելու է դրանից: Չեմ կարող մտաբերել առաջնակարգ մի նկարչի, որը համբավավոր դարձած լինի ազդեցությունների գերակայության հետեւանքով: Ազդեցությունները տարբեր են լինումՙ ուժեղ, նուրբ, խորը: Արեւի ազդեցությունն, օրինակ, իմ կյանքում մեծ դեր է խաղացել: Ես խորապես ազդված եմ եղել արեւից: Վստահ եմ , որ դու եւս : Արեւը ամեն օր լուսավորում է աշխարհը, եւ սա հրաշալի մի ազդեցություն է, որ ընդունում եմ: Ուրիշ ազդեցություններ ավելի թույլ են եղել: Վստահ եմՙ շատ գրողներ եւ նկարիչներ գուցե աննշան, բայց որոշակի ազդեցություն թողել են ինձ վրա, որովհետեւ մենք ոչնչից չենք առաջանում եւ մեր ձեռքբերումները հենց այնպես ոչնչից չէ, որ առաջանում են:

Մ. Թ.- Անշուշտ: Մենք բոլորս ենթակա ենք ազդեցությունների, մի շարք ազդեցությունների տակ լինելու: Նկարչի համար գույնը մեծ ազդեցություն ունի, նկարչության դասատուները ազդեցություն ունեն: Սրանք օգտակար ազդեցություններ են: Անձամբ ես ճանապարհորդելը բարերար ազդեցություն եմ համարում, քանի որ դրանով ես կարող եմ վերստուգել, ճշգրտել եւ անընդհատ բարելավել իմ աշխատանքները:

Վ. Ս.- Լավ է ասված: Ընդունված ճշմարտություն է եւ կարծեմ ամեն մեկս էլ իր փորձառությունից պարզած կլինի, որ շատ բան կարելի է ձեռք բերել այսպես կոչված ժխտումից կամ մերժումից, բացասումից: Դրա միջոցով, առավել ճշգրիտ մոտեցման, կենտրոնացման միջոցով կարելի է հասնել ավելի արդյունավետ փորձառության որեւէ բնագավառում, քան ցրված, շփոթ իրավիճակում կամ ծայրահեղ ազատ պայմաններում գործելու միջոցով: Ազատության պատրանքը, որ մենք բոլորս փայփայում ենք...

Մ. Թ.- Ազատության պատրա՞նքը...

Վ. Ս.- Չափազանցված զգացմունքներ, անսահման ազատություն, մարմնի, հոգու եւ մտքի հարակցման, համագործակցության պակաս, անտեսում: Մինչդեռ այդ երեքի խոհեմ համագործակցությամբ անձը մեծապես շահում է եւ ձեռք բերում այն, ինչը փայփայում է: Կարծում եմՙ այդպիսին է եղել լավ մարդկանց փորձառությունը: Բացառություններ եղել են, անշուշտ, բայց քիչ:

Մ. Թ.- Արվեստագետը պետք է կարգապահ լինի, պարտավոր է իրեն վարժեցնել կարգապահության, եթե, անշուշտ, մտադիր է նշանակալի նվաճումներ ունենալ: Նա պետք է իր անձնական կյանքը, աշխատելու սովորությունները որոշակի կարգ ու կանոնի ենթարկի, զգացմունքներըՙ կատարյալ, հնարավորինս կշռադատված պետք է լինեն, դատողությունըՙ առողջ: Արվեստը լուրջ գործ է, եւ ինչքան շուտ արվեստագետը հասկանա դա, այնքան լավ, եթե իհարկե չի ցանկանում, ինչպես ասում են, բոհեմական կյանք վարել:

Վ. Ս.- Կարծում եմՙ ճշմարիտ տարրեր կան քո ասածի մեջ, բայց մենք երեւի այս կերպ պետք է ձեւակերպենք: Զգացմունքների կատարելություն չի կարող լինել: Զգացմունքները չեն կարող կատարելագործվել: Բայց կարելի է հնարավորինս չափավորել դրանք: Կատարելությունը մարդու համար, ընդհանրապես որպես կայացած էակ, անհասանելի է եւ լավ է, որ այդպես է: Բարեբախտություն է: Սովածություն, հոգնածություն զգալովՙ մենք մի րոպե անգամ չենք կարող «կատարյալ զգացմունքներ» ունենալ: Բայց կարող ենք ուղղորդել դրանց, առավել սուր կամ «արձագանքող» դարձնել, քան եթե ասենք անտարբեր լինեինք ապրելու ամբողջ պրոցեսի նկատմամբ:

Արվեստը կյանքի մի կողմին, մի մասին չէ, որ վերաբերում է, այլ կյանքին ընդհանրապեսՙ ամբողջությամբ վերցրած: Արվեստի նպատակը, ֆունկցիան ուրիշների մեջ ձգտում արթնացնելն էՙ ապրելու այդ կյանքի ամբողջական հաճույքն ու մեզ տրված հնարավորությունը: Եթե այդպես չլիներ, մարդկությունն ընդամենը մեկ դարից էլ պակաս ժամանակահատվածում ձանձրույթից կխորտակվեր...

Մ. Թ.- Այո, իհարկե: Ես էլ էի ուզում ասել, որ մենք մեր զգայարանները միշտ «խորաթափանցելու» պատրաստ վիճակում պետք է պահենք:

Վ. Ս.- Կատարելության վիճակը մահ է նշանակում, ավարտ...

Մ. Թ.- Դու դրանով արվեստների գոյության հիմնական պատճառն ես նշում: Նշում ես, թե ինչու մենք արժեւորում ենք դրանց, ինչով են պիտանի մեզ: Չէի ցանկանա նույնիսկ մտածել, թե ինչ կպատահեր մեզ հետ, եթե չլինեին արվեստները:

Վ. Ս.- Շատ հավանական է, որ պարզապես ձանձրույթից տառապեինք: Դու մի հարց ունեիր, Մանուել, որին արժի վերադառնալ: Ի՞նչ է գեղեցկությունը: Կարծում եմՙ հետաքրքրական կլինի լսել քո կարծիքն այդ մասինՙ որպես նկարչի:

Մ. Թ.- Նկարչության մեջ գեղեցկությունը կարելի է բաժանել երկու կատեգորիաների: Առարկայի, իրիՙ այսինքն նկարի ֆիզիկական, մատերիական կողմի գեղեցկությունը եւ նկարում արտահայտված գաղափարի կամ գաղափարների գեղեցկությունը: Որքան հասկանում եմ, կտավում դրանք անբաժանելի են: Գաղափարի եւ այդ գաղափարը ներկայացնող ֆիզիկական նյութի համաձուլումից է, որ ստեղծվում է գեղեցիկ կտավը:

Գրականության մեջ այս հանգամանքը գոյություն չունի: Մենք նյութական կողմին, ասենք գրքի շապիկին կամ տպագրությանը նայելով միայն չենք որոշում, որ գիրքը «գեղեցիկ է»:

Եթե այդպես ենք բնութագրում, ուրեմն նկատի ունենք գրքի բովանդակությունը, նյութը, ոճը: Նկարչության մեջ առարկան, ֆիզիկական նյութն ինքնին կարող է հիացմունք առաջացնել, ճիշտ այնպես, ինչպես, ասենք, ադամանդը, տերեւը, ծովախեցին եւ այլն: Բայց նշեմ նաեւ, որ կտավի այս լոկ ֆիզիկական, «արտաքին» կողմի գնահատումը շատ հաճախ կարող է մոլորեցնել դիտողին: Գույների, տոնի, ձեւի, կտավի գործվածքի մատերիալիստական կողմը գեղեցիկ կարող է լինել անշուշտ, բայց այդ գեղեցկությունը «անհոգի» է, անկայուն, անդեմ: Նման է երեւի ադամանդի արձակած փայլին: Այսօր անթիվ-անհամար օրինակներ կարելի է բերել, երբ կտավները գնահատվում են լոկ իրենց ֆիզիկական հատկանիշների համար: Վերցնենք, օրինակ, կոնկրետ պատկերներից զուրկ էքսպրեսիոնիստական այն կտավները, որոնցում գույների կուտակումներ են, կամ կոլաժները, որոնցում համադրված իրերը ինքնանպատակ են եւ մեկը մյուսին անհամապատասխան: Հավատացած եմ, որ նկարչության արվեստը վաղուց վերացած կլիներ, եթե այս տեսակի մատերիալիստական մոտեցումը լիներ նրա գլխավոր նպատակը: Մեծ նկարիչների կտավները գոյատեւել են մինչեւ օրս ոչ թե լոկ այդ ֆիզիկական հատկանիշների, այլ մանավանդ դրանց ուղեկցող, դրանց միաձուլված, դրանց արտահայտած գաղափարների շնորհիվ: Դա տարբեր ձեւեր կարող է ունենալ, քանի որ դարերի ընթացքում գեղեցկություն հասկացությունը տարբեր իմաստներ է ունեցել տարբեր մարդկանց համար: Ամեն մի քաղաքակրթություն իրեն հարմար ձեւով է ներկայացրել գեղեցկությունը: Դա մենք կարող ենք նշմարել մ. թ. ա 500 թվականի Պլատոնի եւ Արիստոտելի կամ համեմատաբար արդի ժամանակներիՙ 18-19-րդ դարերի գերմանացի եւ ռուս ներկայացուցիչներիՙ Կանտի, Հեգելի եւ Տոլստոյի արտահայտած գեղեցիկի վերաբերյալ արտահայտություններում: Հիշում ես մեր նախորդ զրույցներից մեկում խոսեցի նախնադարյան նկարչության մասին եւ ասացի, որ նկարն այդ ժամանակ բնավ էլ գեղագիտական նշանակություն չուներ, այլ բացառապես գործնական, կիրառական նպատակ էր հետապնդում, այն է մտքեր, գաղափարներ հաղորդելը ուրիշներին, լինի դա չար ոգիներին հետ պահելը, թե որեւէ իր պաշտամունքի առարկա դարձնելը:

Շարունակելի

Թարգմանությունըՙ ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԻ


Նկար 1. Սարոյանի ընտանեկան տունը Կարլ փողոցում (Սան Ֆրանցիսկո)

Նկար 2. Ֆրեզնոյի տեխնիկական բարձրագույն ուսումնական հաստատությունը, որտեղ Սարոյանը մեքենագրել է սովորել


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4