Ղարաբաղի գրական ջոկատի ղեկավարի նախաձեռնությամբ վերջերս արշավ է սկսվել ԼՂՀ բարձրագույն պարգեւիՙ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանի արժանացած, Արցախում հարգված եւ սիրված գրող Վազգեն Օվյանի անվան ու գրական վաստակի դեմ: Օգտագործելով իր անձնական-մտերիմ կապերը` ԼՂՀ ԳՄ նախագահը զրպարտագիր է տպագրել տվել նաեւ «Գրական թերթ»-ում: Արցախում ճանաչված ու հարգված մտավորականների ստորագրությամբ սույն հոդվածը պատասխանն ու գնահատականն է կատարվածին:
Արցախի գրողների միության նախագահությունը վերջերս մի աննախադեպ արշավ է սկսել գրող, հրապարակախոս Վազգեն Օվյանի գրական ժառանգության դեմ:
Եթե փորձենք վերհիշել, թե վերջին անգամ երբ է որեւէ ստեղծագործական կազմակերպության ղեկավար մարմին քաղաքական բնույթի գնահատականներ տվել որեւէ հեղինակի վաստակին, ապա ցավով պիտի արձանագրենք, որ նման բան եղել է միայն անցյալ դարի խորհրդային իրականության մեջ: Մեր գրական եւ ստեղծագործական կոչվող կազմակերպությունն, այսպիսով, անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային կյանքում փորձել է վերականգնել «հին, բարի ժամանակների ավանդույթը»:
Այս պարագային, սակայն, համեմատությունը տեղին չէ, քանի որ նախկինում ամեն ինչ արվում էր իշխանությունների եւ կոմունիստական կուսակցության պարտադրանքով. Բերիայի անմիջական ցուցումով էր, որ Հայաստանի գրողների միությունը «նացիոնալիստական» էր որակում Չարենցի «Գիրք ճանապարհի» ժողովածուն, իսկ Պաստեռնակի «Դոկտոր Ժիվագո» վեպը «հակախորհրդային» ճանաչվեց նախ ԽՄԿԿ Կենտկոմի, ապա նորՙ ԽՍՀՄ ԳՄ նախագահության կողմից:
Որեւէ իշխանական ատյան, որքան հայտնի է, ԼՂՀ անկախությունից ի վեր Վազգեն Օվյանի գրական վաստակը վերանայելու խնդիր չի հարուցել: Ընդհակառակը, ծննդյան 70-ամյակի կապակցությամբ գրողը հետմահու արժանացել է պետական բարձրագույն պարգեւիՙ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանի, մայրաքաղաքի փողոցներից մեկը կրում է նրա անունը: Գուցե այստե՞ղ է Վազգեն Օվյանի հանդեպ անհանդուրժողականության իրական պատճառը: Չենք ուզում կանխակալ եւ աչառու լինել, բայց ստիպված ենք ընդգծել, որ, այո, ի տարբերություն որոշ «կենդանի մեռյալների», Վազգեն Օվյանը այսօր էլ ապրող հեղինակ է, նրան կարդում են, նրա հեղինակած բանաստեղծություններըՙ արտասանում: Եւ եթե դա հարուցում է ոմանց զայրույթը, ապա գրողը մեղք չունի. «ծանիր զքեզ»ՙ ասում էին հները: Նշանակում էՙ ընթերցող հանրությունը ներկա գրական գորշությունից վեր է դասում անցյալի իրական արժեքները եւ իմաստ չունի «սուր ճոճել». ժամանակը ամեն ինչ իր տեղն է դնում: Պետք է հուսալ, որ Վազգեն Օվյանի դեմ այսօր «սուր ճոճողները» վաղը նույնպես հիշվելու են, եթե կարողանան հասու լինել մի ճշմարտության. գրականության արժեքը ոչ թե պարտադրվում, այլ նվաճվում է:
Հարցազրույցներից մեկում Հրանտ Մաթեւոսյանը ասում է. «Գրականությունը պետք է լինի իմ մասին, պիտի հասցեագրված լինի ինձՙ Երեւան, Պուշկինի փողոց, թիվ երեք, Հրանտ Մաթեւոսյանին...»: Վազգեն Օվյանը ստեղծել է հասցեական, հասցեագրված, հասցեատեր գրականություն: Գուցե հասցեատերերից են նաեւ Արցախի ԳՄ նախագահության որոշ անդամնե՞ր: Գուցե կարդում եւ ճանաչո՞ւմ են իրենց: Գուցե ոմանք հասկանում են, որ Վազգեն Օվյանի ուրիշ հասցեատերերը նույնպես Վազգեն Օվյանի երկերում ճանաչո՞ւմ են իրենց, տեսնո՞ւմ են իրենց իրական դեմքը: Գուցե այդպես է, բայց ի՞նչ կարող ես անել, եթե գրողը լավ է տեսել իր ժամանակը եւ իր ժամանակի մարդուն: Անքննելի է գրողի տեսողականության գաղտնիքը: Եւ հենց դրանով է նա անհատականություն:
Խելամիտները սովորաբար նման դեպքերում կամ լռում են, կամ «հագնում այլ հասցեատիրոջ քղամիդ»: Արցախի ԳՄ նախագահությունը, ցավոք, այնքան խելամիտ չգտնվեց, որպեսզի Վազգեն Օվյանի հետմահու ժողովրդականության «տերը դառնար»: Նա, ընդհակառակը, «պատերազմ հայտարարեց» Վազգեն Օվյանին: Եւ, բնականաբար, չարաչար պարտվեց: Ու թեեւ իր «կորպորատիվ» եւ «համքարային» մամուլում նա աղաղակում է, թե Դավիթ Միքայելյանի «Երբ ցինիզմը սահմաններ չի ճանաչում» կեղծագրությունը «լայն արձագանք է գտել» հայ մտավորականության եւ հանրության շրջանակներում, փաստն այն է, որ երեւույթի հանդեպ ընդհանրական վերաբերմունքը մերժողական է:
Չմանրանանք, չիջնենք Արցախի ԳՄ նախագահության, «Եղիցի լույս» պաշտոնաթերթի գլխավոր խմբագրի ու ԳՄ վարչության քարտուղարի պաշտոն ստացածի մակարդակին եւ ավելի խիստ բնութագրումներ չանենք: Բավարարվենք նրանով, որ Արցախի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ուսանողները գրադարաններում այսօր փնտրում են Վազգեն Օվյանի գրքերը: Եւ դա այն դեպքում, երբ պետական միջոցներով տպագրված բազմաթիվ հաստափոր հատորների կողքից նույն ուսանողությունն անցնում է անտարբերությամբ:
Սա է, ահա, իրողությունը: Եւ այս վերաբերմունքն է թույլ տալիս հուսալ, որ «գալիքի գանգրահեր տղան» լինելու է ավելի ազատամիտ, անաչառ ու անկեղծ եւ իր գնահատականները տալիս ելնելու է ոչ թե սույնրոպեական նպատակահարմարությունից, ինչպես այսօր, դժբախտաբար, իրենց թույլ են տալիս որոշ տիտղոսակիր «գրականագետներ», այլՙ իրական արժեքներից:
Պետք է խորապես ափսոսալ, որ Վազգեն Օվյանի դեմ այս արշավի ընթացքում նրա գրական վաստակին, նրա հանրային անբասիր անվանը հրապարակավ պաշտպան չկանգնեց ավագ սերնդի եւ ոչ մի գրող ու մտավորական: Բացառությունը Եղիշե Սարգսյանն էր: Էլ ավելի ցավալի է, որ Արցախի ԳՄ նախագահության քարոզարշավին միացան գրական-ստեղծագործական հավակնություններ ունեցող որոշ անձինք, ինչը նշանակում է, որ երկրի անկախության, ազատության եւ ազատամտության հետ նրանք դեռ հարաբերվում են ըստ «գրական կյանքի հիերարխիայի»ՙ մեռցնելով սեփական անհատականությունը, իրենց դատապարտելով ամլության. որովհետեւ ի՞նչ ստեղծագործական երկունքի մասին կարող է խոսք լինել, եթե մարդը գրիչ է վերցնում եւ կատարում «վերեւից» իջեցված պատվերը, զրպարտագիր գրում կամ ստիպված ստորագրում մի տեքստի տակ, որ ուրիշն է հեղինակել. «Եղիցի լույս» պաշտոնաթերթիՙ Վազգեն Օվյանի ստեղծագործության եւ անձի մասին բոլոր հրապարակումներում ուշադիր ընթերցողը կգտնի մի շարք կրկնվող ձեւակերպումներ, թեեւ դրանց տակ դրված են տարբեր ստորագրություններ:
Այս ամենից կարելի է հանգել միայն մի հետեւության. Արցախի գրական անդաստանում «փչում են խորշակաբեր քամիներ», որ ամլացնում են բոլոր ծիլերը: Եւ անտրամաբանական ու հանրայնորեն դատապարտելի է հատկապես այն, որ այդ ամենը, կամա թե ակամա, արվում է նորանկախ երկրի պետական սուղ միջոցների օգտագործմամբ. ԳՄ ղեկավարն այսօր ստանում է նախարարական, վարչության քարտուղարըՙ փոխնախարարական աշխատավարձ, բյուջեն ֆինանսավորում է «Եղիցի լույս» եւ «Պըլը Պուղի» պարբերականները, որոնք իրականում, բացի նոմենկլատուրային հեղինակների «ներքին գրաքննություն անցած» ստեղծագործություններից ու «հրապարակախոսական հոդվածներից», ուրիշ ոչինչ չեն տպագրում:
Հանրությունը կարող էր հասկանալ Արցախի ԳՄ նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունքի կարեւորությունը, եթե կազմակերպության նախագահությունը չանցներ «թույլատրելի բացառիկության» սահմանները: Վազգեն Օվյանի դեմ նրա կազմակերպած անփառունակ արշավը ապացուցեց, որ Արցախի ԳՄ նախագահությունը սեփական ցինիզմը փորձում է պարտադրել հանրությանը, ուստի վերջինս, որպես այդ ճնշումը արժանապատվորեն դիմագրաված ընդհանրություն, լիովին իրավասու է իր ներկայացուցիչների միջոցով ԼՂՀ իշխանություններին հորդորել, որպեսզի դադարեցվեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գրողների միությունՙ անվանապես հասարակական, իրականումՙ նեղ կորպորատիվ կազմակերպությանը պետբյուջեից տրվող հատկացումներըՙ մինչեւ, ինչպես հայտնի երգում է ասվումՙ «կբացվի առավոտը»:
ԼՂՀ հասարակական եւ մտավորական շրջանակների անունիցՙ
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ, բանասեր, ԼՂՀ կառավարության, Եղիշեի անվան մրցանակի դափնեկիր,
ՆՎԱՐԴ ԱՍԱՏՐՅԱՆ, Հանրապետության ժող. արտիստուհի,
Ռոմելա Դադայան, վաստակավոր մանկավարժ, ԼՂՀ ԱԺ պատգամավոր,
ՍԻԼՎԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ, բանաս. գիտութ.թեկնածու, ԱրՊՀ-ի դոցենտ,
ԱՐՏԱԿ ԳՈՒԼՅԱՆ, կենս. գիտութ. դոկտոր, պրոֆեսոր,
ՍՎԵՏԼԱՆԱ ԴԱՎԹՅԱՆ, հայոց լեզվի եւ գրակ. ուսուցչուհի, վաստակավոր մանկավարժ,
ՍԵՐԳԵՅ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ, գեղանկարիչ, ԼՂՀ կառավարության, Եղիշեի անվան մրցանակի դափնեկիր,
ՅԱՇԱ ՂԱԶԱՐՅԱՆ, մշակույթի վաստակաշատ աշխատող, Արցախյան շարժման ակտիվիստ,
ԱՐՄԵՆ ԴԱՆԻԵԼՅԱՆ, բանաստեղծ, Արցախյան պատերազմի վետերան,
ՀՐԱՉԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, պատմաբան