ԱՆԱՀԻՏ ԿՈՐՅՈՒՆ
Գեղանկարիչ Էդվարդ Արծրունյանն իր իսկ ստեղծած արվեստի աշխարհում է ապրում` շրջապատված շուրջ 65 տարվա կենսագրություն ունեցող իր նկարներով ու չնայած վատառողջ լինելուն` էլի նկարում է: Նկարչությունն արվեստագետի համար վաղուց արդեն հաստատված կենսակերպ է, ապրելաոճ:
Մինչ իր ստեղծագործական կյանքի պատմությանն անդրադառնալը, Էդվարդ Արծրունյանը մեծ հաճույքով ներկայացնում է իր կտավների տարեգրությունը, ինչպես նաեւ իր նախասիրությունները կերպարվեստում. «Միանշանակ, ամենից շատ սիրում եմ աշխատել կոմպոզիցիայի ժանրում, սիրում եմ ամբողջական ավարտուն պատկերներ հաղորդել կտավներին: Սիրում եմ հուշ-պատկերներ վրձնել`անհատն իր միջավայրով, իրեն հոգեհարազատ վիճակներում», ասում է նկարիչը:
Նկարչի արվեստանոցում կողք- կողքի կախված են տարբեր ժամանակներում ստեղծված կտավներ, որոնք հնարավորություն են ընձեռում միանգամից ամբողջական պատկերացում կազմել արվեստագետի ստեղծագործական բնութագրի մասին: Ահա նկարչության մեջ նոր-նոր քայլեր անող պատանի Արծրունյանը` իր 40-50- ականներին ստեղծված ֆիգուրներով, էտյուդներով ու դիմանկարներով , իսկ արդեն 60-80-ական թթ. վրձնած կտավները կայացած եւ փորձառու նկարիչ են ներկայացնում: Ճիշտ է, գերակայում է կոմպոզիցիայի ժանրը, սակայն կտավները թեմատիկ առումով բազմազան են, իրենց մեջ ներառում են խորհրդանշական տարրեր: Չնայած այն հանգամանքին, որ «Աշխատանքային օրվանից հետո» (1987 թ.), «Սպասում» (1988 թ.), «Լողացող կինը» (1988 թ.) կտավներում արվեստագետն անհատին է վրձնել իր առօրյա հոգսերով ու հետաքրքություններով, ուր նրբին խոհականություն կա: Կյանքը գեղեցիկ է բոլոր դրսեւորումներում` թերեւս սա է եղել նկարչի նշանաբանը ստեղծագործելիս: Իսկ ահա «Կոմիտասը երեխաների հետ», «Զարթիր լաո, մեռնիմ քեզի» (1974), «Ես իմ Մասիս սարն եմ սիրում» (1975) կտավներում նկարիչը պատմական ժանրն է զարգացրել, նա սեփական ժողովրդի պատմության անցած ճանապարհն է արձանագրել` յուրովի մեկնաբանությամբ: 2003 թ. ստեղծված «Հեյ Արաքս, իմ բախտի երազ» մեծադիր կոմպոզիցիան վերոնշյալ թեմայի շարունակությունն է` նորովի սիմվոլիկ մեկնաբանությամբ եւ գունային լուծումներով, այնուհետեւ, չզարմանաք, նկարիչ Արծրունյանի աբստրակտ աշխատանքներն են, որոնք 90-ական թվականների գործեր են: Հետո կրկին շարքը համալրում են 2000-ականներին ստեղծված աշխատանքներ ` նատյուրմուրտներ, կոմպոզիցիաներ: Վերջին շրջանի կտավները թեմատիկ առումով դուրս չեն գալիս նկարչի հետաքրքրության շրջանակներից, սակայն նորովի գունային լուծումներով են առանձնանում, եւ ինչպես նկարիչն է փաստում` «Այդ կտավներն ավելի դեկորատիվ են, գույներնՙ առավել էքսպրեսիվ»:
Երբ նկարիչը սկսեց իր կյանքի պատմությունը, ինձ համար միանգամից պարզ դարձավ , որ Էդվարդ Արծրունյան գեղանկարչի կերպարը չորս հրաշալի քաղաքներ են ձեւավորել:
Գյումրին
Ավելի ճիշտ Լենինականը գեղանկարիչ էդվարդ Արծրունյանի հուշերում նույնանում է պատերազմյան տարիների հետ. արվեստագետի մանկությունը Երկրորդ համաշխարհայինի հետ է համընկել: Նա ծնվել է 1929-ին, 11 տարեկան էր, երբ սկսվեց պատերազմը: Այն ընթացքի մեջ էր, երբ մանուկ Էդիկի հայրը Չերքեզի ձորի շրջակայքում շինարարական աշխատանքներին էր մասնակցում եւ որպես օգնական, որդուն էլ հետն էր տարել: Եվ մի օր էլ մանչուկը ձորի շրջակայքում բնանկարներ անող նկարիչների է հանդիպում: Այդ օրվանից Արծրունյանների տան պատերն այնքան են հարստանում զանազան պատկերներով, որ երբ այլեւս տեղ չի մնում, տղայի մայրը ստիպված Էդիկին նկարչական ստուդիա` սովորելու է տանում: Հետո մանուկ Էդվարդը Լենինականի հանրահայտ Մերկուրովի անվան նկարչական դպրոց է ընդունվում` 1938-44 թթ, որտեղ իր ապագա վրձնակից ընկերներին է հանդիպում` Զուլում Գրիգորյանին, Ռաֆայել Աթոյանին, Աշոտ Մելքոնյանին, իսկ նրանց դասատուն ոչ պակաս հանրահայտ գեղանկարիչ Հակոբ Անանիկյանն էր: Գյումրին ծննդավայր լինելուց, գեղագիտական ճաշակ ու նկարչական գիտելիքներ տալուց զատ, նկարչի հիշողության մեջ նույնանում է երկաթգծի կայարանով, այն 40-ականների գյումրեցու համար հաղթանակ ու պատերազմի ավարտ էր խորհրդանշում: Հենց այս կայարանում լենինականցի կանայք` քույրերն ու մայրերը, դիմավորեցին իրենց որդիներին, ամուսիններին ու եղբայրներին, հենց այս կայարանում էլ լենինականցի մանուկների երազանքն իրականություն դարձավ` նրանք կրկին անգամ իրենց հայրերին ողջ-առողջ տեսան:
Լենինգրադ
Պատերազմին հաջորդող հաղթանակն էր, թե պատանի նկարիչների արկածախնդրության ծարավը կամ գուցե միամտությունը` Ջոն Պապիկյանի` Լինիգրադի արվեստի ակադեմիայի ուսանողի ակնարկը, որը հետագայում առիթ հանդիսացավ երկու ընկերների` Էդվարդ Արծրունյանի ու Զուլում Գրիգորյանի համար, ուղղակի փախչել ուսումնական տարվա կեսին Լենինգրադ: Դա 1946 թվականի դեկտեմբերն էր: Միայն երեք տարի հետո երիտասարդ Արծրունյանը կարողանում է իր երազանքն իրականություն դարձնել` դառնալ Ռեպինի անվան արվեստի ակադեմիայի ուսանող: Մինչ այդ նա նույն ակադեմիային կից դպրոցում էր ուսանում: Ուսումնառության երկար ու ձիգ ութ տարիներ Լենինգրադում, հրաշալի միջավայր արվեստը տեսականորեն եւ գործնականորեն յուրացնելու համար, ընկերական հրաշալի հավաքույթներ` Մինաս, Դեղձ Աշոտ, ստեղծագործական եւ անձնական ազատությունների անվերջանալի շարան: Այս ամենը հետագայում տալու էր իր պտուղները: Նրանցից յուրաքանչյուրը հետագայում գալու էր հայրենիք` իր գույներով ու իր գծերով հարստացնելու հայ կերպարվեստի անդաստանը: Հենց այս քաղաքն արվեստի դժվարին ճանապարհին կողմնորոշեց, ուղղորդեց մեր երիտասարդ կերպարվեստագետներին: Գեղարվեստի ակադեմիան ավարտելուց անմիջապես հետո է նկարիչն առաջին անգամ մասնակցում համամիութենական գեղանկարչական ցուցահանդեսին, իսկ 4 տարի անց նա արդեն ԽՍՀՄ նկարիչների միության անդամ էր: Էդվարդ Արծրունյանը Լենինգրադից հեռացավ որպես փորձառու, կայացած արվեստագետ: Նրան ԽՍՀՄ մայրաքաղաքը` Մոսկվան էր սպասում:
Մոսկվայում
Էդվարդ Արծրունյանը գեղանկարչության մեկ այլ դրսեւորման հետ բախվեց, որը նորովի ստեղծագործական լիցքեր հաղորդեց նկարչին: Բացի այդ նա գտավ իր մեծ սերը` Նատալյա անունով աջնակի տեսքով, ով նկարչի հետագա կյանքում նրա բոլոր ուրախ եւ տխուր օրերի ուղեկիցը դարձավ: 1963-ից Արծրունյանը Մոսկվայում էր ապրում եւ այդ ժամանակվանից էլ նկարչի ստեղծագործական կյանքն անմիջականորեն առնչվում է «Պլակատ» հրատարակչության հետ: Այս ժանրում նկարիչը յուրօրինակ մոտեցումներ է ցուցաբերում` դառնալով «Պլակատի» առաջատար նկարիչներից մեկը: Մոսկվայում են լույս աշխարհ գալիս նկարչի զավակները: Այս քաղաքում նա 13 տարի ապրեց, այնուհետեւ հայրենիքում ապրելու եւ ստեղծագործելու ներքին պահանջը Երեւանում ապրելու որոշմամբ իրականացավ:
Երեւանը
32 տարի անփոփոխ, նկարչի տունն է դարձել: Այստեղ` մայրաքաղաքում, արվեստագետը մեծ ընդունելության արժանացավ, նորովի ապրեց ու զգաց իր հայրենիքը եւ հրաշալի կտավներ ստեղծեց հայրենիքում: Նա կարճ ժամանակահատվածում հայ կենդանի դասական կոչմանն է արժանանում: Արծրունյան գեղագետը շարունակում է հայ դասական կերպարվեստի ավանդույթները` Սուրենյանցի, Թադեւոսյանի, Թերլեմեզյանի գործը` արծրունյանական մեկնաբանությամբ: Անշուշտ, սեփական ժողովրդի կողքին ապրելով ավելի հեշտ էր պատկերել նրա կենսակերպը, առօրյա հոգսերն ու հետաքրքրությունները: Էդվարդ Արծրունյանի կտավներում պատկերված հայ ժողովրդական ծեսերն ու ավանդույթները, հայ գեղջուկի եւ աշխատավորի առօրյա աշխատանքը գալիս են հաստատելու, որ ժողովրդի պատմությունը նման մարդկանց գոյությամբ է ստեղծվում: Էդվարդ Արծրունյանի ստեղծագործական կյանքը հանգիստ, անդորրավետ հունով է ընթացել, նա միշտ իմացել է իր անելիքը: Այդ են վկայում նրա անցած ճանապարհը եվ նրա ստեղծած գործը: Անշուշտ, գնահատանքը շատ սպասեցնել չի տվել արվեստագետին: Երեք տարի շարունակ` 1982- 85 թթ, Էդվարդ Արծրունյանի աշխատանքները տարվա լավագույն ստեղծագործություն մրցանակին են արժանացել, իսկ 1984-ին վաստակավոր նկարչի կոչմանն է արժանացել: Նա բազմաթիվ ցուցահանդեսներով հանդես է եկել, ինչպես հանրապետության տարբեր քաղաքներում, այնպես էլ արտերկրում:
Այսօր Էդուարդ Արծրունյանի նկարակալին մի հսկա կտավ է, ուր Զորավար Անդրանիկի հերոսական կյանքի դրվագներից մեկը շուտով կյանքի է կոչվելու: Արվեստագետն այս նկարը վրձնելու գաղափարը հղացել է Անդրանիկի մասին գիրքն ընթերցելիս: Նա ոգեշնչվել է Զորավարի մարտական կյանքի այն հատվածով, երբ նրա գլխավորությամբ 17 հոգով` երկու կանանց եւ վանահոր մասնակցությամբ, 1800 հոգանոց թուրքական զորքը ջախջախիչ պարտություն է կրել: Պատմության այս գեղեցիկ էջը շուտով կտավի տեսք է ստանալու:
Նկար 2. «Սպասում»