ԳԱՌՆԻԿ ԱՍԱՏՐՅԱՆ, Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Մուտք
Որեւէ պետության կամՙ պետականազուրկ հանրույթի դեպքում, հասարակական-քաղաքական եւ մշակութային ընտրանիի կողմից ժողովրդի (հանրույթի) նպատակային կողմնորոշմանը եւ ուղղորդմանը, ազգային արժեքային համակարգի ձեւավորմանը եւ ավանդույթների պահպանմանը միտված քարոզչությունը կոչվում է ազգային քարոզչություն: Ազգային քարոզչությունըՙ բացահայտ կամ քողարկված, էթնիկ-ազգային միավորների ձեւավորմանը եւ կայացմանը ուղեկցող հիմնական բնորոշիչն էՙ հանրույթի պատմության ամենավաղ փուլից սկսած: Պետությունն ուղղակի կանոնակարգում եւ ինստիտուցիոն բնույթ է հաղորդում ազգային քարոզչությանըՙ ելնելով այն գաղափարախոսական հիմնարար սկզբունքներից, որոնք տվյալ ժամանակաշրջանում առաջնային են դիտվում կառավարող շրջանների համար: Օրինակ, ֆաշիստական Գերմանիայի ազգային քարոզչության հիմնական տարրը գերմանական ցեղի գերակայության սկզբունքն էր: Պետականազուրկ էթնիկ միավորներից, օրինակ, քրդերի ազգային քարոզչությունն այսօր տարվում է այդ հանրույթի ժամանակային եւ տարածքային չափորոշիչների փնտրտուքի ուղղությամբ, որը հաճախ ծայրահեղ բնույթ է ստանումՙ հանգելով հարեւան ժողովուրդների (նախ եւ առաջՙ հայերի) պատմության, մշակույթի եւ էթնիկ տարածքների հանդեպ պահանջատիրության: Ըստ էության, ձեւավորման փուլում գտնվող միավորների ազգային քարոզչության գլխավոր ուղղվածությունը ժամանակի եւ տարածության մեջ տվյալ հանրույթի տեղի որոշարկումն է: Հենց նման խնդիր էին փորձում լուծել ադրբեջանական մտավորական շրջանակները խորհրդային պատմության ամբողջ ընթացքումՙ մարական, պարթեւական, ալբանական տեսություններից մինչ վերջնական հանգրվանումը թյուրքականության գրկում: Սակայն, կարծես, այս փնտրտուքը դեռեւս շարունակվում է: Վերջերս, օրինակ, ադրբեջանական որոշ գործիչներ լրջորեն պնդում են, թե «արմեն» ցեղանունը ի սկզբանե վերաբերել է ադրբեջանցիներին եւ հետագայում յուրացվել հայերի կողմից: Այն բացատրում են որպեսՙ ար-մանՙ «ես արիացի եմ»: Ինչքան էլ հիմնազուրկ ու զավեշտալի, սա ցույց է տալիս, որ ադրբեջանական ինքնության դաշտում ի հայտ է գալիս նոր վեկտորՙ «արիական» ծագման դրույթը, որը չափազանց հետաքրքիր է:
Ազգային քարոզչությունն ազգային նկրտումների արտացոլումն է գրականության, հրապարակախոսության, հասարակագիտության եւ զանգվածային հաղորդակցության ոլորտներում: Այն քարոզչությունն է հասու եւ գործուն, որը բխում է ճշմարիտ եւ ոչ ժամանակավրեպ գաղափարախոսական դրույթներից ու պատմական փաստերից: Թալիշների եւ զազաների քարոզչությունըՙ ի տարբերություն քրդերի, կառուցված է առարկայական հիմքերի վրա եւ ծավալապաշտական բնույթ չունի, չնայած պայքարի տրամաբանությունն այստեղ եւս հստակ երեւում է: Ընդհանրապես, ազատագրական պայքարի բովում գտնվող միավորների քարոզչության մեջ ծայրահեղական մոտեցումները բնական երեւույթ են, սակայն չափավորությունը եւ պատմաքաղաքական, էթնիկ, մշակութային եւ այլ իրողությունների հետ հաշվի նստելը հաջողության հիմնական գրավականն են: Ազգային քարոզչության գլխավոր նպատակը պետք է լինի տվյալ հանրույթի ֆիզիկական գոյության, էթնիկ տարածքի, մշակույթի եւ հոգեւոր արժեքների պահպանմանը նպաստող գաղափարների տարածումըՙ առանց զգացականության եւ ավելորդ ֆրազեոլոգիայի: Անիրական եւ հանպատրաստից ծրագրերով առաջնորդվող ժողովուրդները սովորաբար հաջողության չեն հասնում, իսկ շատ հաճախ միայն կորուստներ են ունենում: Խորհրդային տարիներին, երբ ազգային քարոզչությունը ԽՍՀՄ կազմի մեջ մտնող հանրապետությունների համար արգելված էր եւ չէր խրախուսվում, դրա բացը յուրաքանչյուր ժողովուրդ յուրովի էր լրացնում: Մեկը կենտրոնանում էր իր էպոսի վրա, մյուսըՙ գրականության եւ գրերի, երրորդըՙ գինու, կումիսի եւ ժողարվեստի եւ այլն: Դրանք էին դառնում տվյալ ժողովուրդների խորհրդանիշը եւ ամեն կերպ հոլովվումՙ աջ ու ձախ: Հակառակ այսրկովկասյան հանրապետությունների ազգայնական շրջանների բոլոր ջանքերինՙ հաճախ միմյանց հետ թեժ ու անզիջում բանավեճերի պայմաններում, նրանց ազգային քարոզչությունը (որքանով հնարավոր էր) այդպես էլ չկարողացավ ընդգրկել զուտ ազգային մշակույթին ու պատմությանը վերաբերող բաղադրիչներ: Լայնածավալ երկրի միլիոնավոր բնակիչների համար Հայաստանի «բրենդը» մնացին կոնյակն ու լավաշը, Վրաստանինըՙ գինին, չաչան ու սացիվին: Վրացիներն, իհարկե, ավելի լավ էին հասկացել քարոզչության դերը. նրանց կինոն ու թատրոնը, գոնե որոշակիորեն, լրացնում էին վրացական «բրենդների» անվանացանկը: Իսկ հայկական կինեմատոգրաֆիան շեշտը դրել էր հայերի հախուռն հյուրասիրության, իբր լեռնցու պարզ բռիության ու պրիմիտիվ վարվելաձեւի վրա (երբ, ասենք, հայտնի ֆիլմի հերոսը խորոված է անում մեգապոլիսի բարձրահարկ շենքի պատշգամբում եւ հետոՙ քուրդ չոբանի պարզամտությամբ, հրավիրում հրշեջներինՙ մասնակցելու ընտանեկան ճաշկերույթին): Իրավիճակը լավ է արտացոլում այդ տարիներին ստեղծված «Հայաստանի դրոշը ջինսի մի կտոր է, վրանՙ սուրճ ու մանղալ» ասույթը: Սա այն դեպքում, երբ ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայում եւ գիտաուսումնական կենտրոններում, պաշտպանական կառույցներում, տիեզերական ծրագրերում, բանակում եւ արվեստի բնագավառում հայազգի գործիչների թիվը զիջում էր միայն, թերեւս, սլավոնական եւ հրեական ծագման անձանց թվին: Ազգային քարոզչության մեջ սխալ ընկալված տարրերի ընդգծումը հայ կինոյի կողմից լավագույնս երեւում է ԽՍՀՄ վերջին տասնամյակներում ստեղծված «Երբ գալիս է սեպտեմբերը», «Հարսնացուն հյուսիսից» եւ «Խոհարարները» կինոնկարներում: Այս առումով հայի առավել ադեկվատ պատկեր են ներկայացնում «Տղամարդիկ» եւ ավելի վաղ նկարահանված «Բարե՛ւ, ես եմ» ֆիլմերը:
Անկախության բացակայության պայմաններում ազգային քարոզչության «կոմպենսատոր» հնարքները (ճիշտ կամ սխալ) անկախ պետականության գոյության դեպքում այլեւս ժամականավրեպ են եւ, անգամ, վտանգավոր: Ցավոք, «սուրճի ու մանղալի» ներբողյանն այսօր էլ կազմում է մեր կինեմատոգրաֆիայի «մեխը» (հմմտ.ՙ անկախության տարիներին ստեղծված ֆիլմերն ու, հատկապես, սերիալները)ՙ դրան գումարած խոսակցական լեզվի, «գողական» ժարգոնի ու բարքերի (ինչը, գոնե, բացակայում էր խորհրդային ֆիլմերում) տիրաժավորումը: Ի դեպ, վերջին տարիներին մեր ազգային քարոզչության, այսպես ասած, «գաստրոնոմիական» ներկապնակը հարստացել է եւս մի էլեմենտովՙ ծիրանով: Հենց գալիս է ծիրանի սեզոնը, բացվում է թունդ հայրենասերների «աշխատանքի ճակատը», ու միայն ծույլըՙ գեղջուկից մինչեւ նախարար, չի զլանում գովերգել «հայ ծիրանի» բարեմասնություններըՙ հընթացս էլ ցուցաբերելով իր էրուդիցիան, որ ամբողջ աշխարհն այս ազնիվ միրգը կոչում է «հայկական խնձոր»: Եվ այդ բոլորն այնպիսի կրքով ու համոզվածությամբ, ինչպես Մասիս լեռան կարոտից Հայաստան այցելած պարսկահայն է նվաղելով գովերգում հայկական «սմբուկի», «ստեպղինի» ու «լոլիկի» անզուգական համը: Ընդհանրապես, այսօրինակ սնապարծությունը հատուկ է մեծ մշակույթից զուրկ, անասնապահ վաչկատուն ցեղերին միայն: Ի նկատի չունեմ, իհարկե, ազգային խոհանոցը որպես համակարգ: Չինական խոհանոցը, ինչ խոսք, «բրենդ» է, նույնը եւ արաբական ու, անգամ, թուրքական խոհանոցները: Ավաղ, պետք է խոստովանել, որ հայոց խոհանոցը չի կարող համեմատվել դրանցից ոչ մեկի հետ: Եվ դրանից չպետք է տխրել բնավ: Լավաշըՙ որպես հացի տեսակ, հայտնի է դեռեւս շումերների ժամանակաշրջանից եւ այսօր էլ լայնորեն տարածված է բոլոր առաջավորասիական ժողովուրդների շրջանում, հասնում է մինչեւ Հնդկաստան: Տոլման (ճիշտըՙ դոլմա) առաջացել է, ըստ երեւույթին, Չինաստանում եւ տարբեր ձեւերով վկայված է բազում ժողովուրդների կենցաղումՙ մինչեւ Բալկաններ (բառը թուրքերեն է, նշանակում է «լցոնված (ուտելիք)»): Խաշը նույնպես ունիվերսալ ճաշատեսակ է: Դե իսկ խորովածըՙ մեր խոհանոցի «թագն ու պսակը», գալիս է նախամարդու ժամանակներից, երբ հայտնաբերվեց կրակը: (Վերջին տարիներին խորովածի «մուտքին» նվիրված եղկելի արարողությունը մեր հարսանիքներում վստահաբար ունիկալ երեւույթ է. չեք հանդիպի որեւէ այլ տեղում): Հա՛, ծիրանը: Ճիշտ է, մեր ծիրանը, չենք առարկում, շատ համեղ է, բայց ի՞նչ անենք. աշխարհում կան այնպիսի անդրաշխարհիկ բույսեր ու մրգեր, որոնց մասին մենք չենք էլ լսել, բայց ոչ ոք դա չի դարձնում իր հպարտության առարկան: Մի խոսքով, ամեն ինչ չէ, որ կարող է դառնալ ազգային քարոզչության առարկա: Զավեշտ չէ, արդյո՞ք, երբ մի ժողովուրդ, որը բաց թողեց քրիստոնեության ընդունման 1700-ամյակի հիրավի հրաշալի իրադարձությունն ազգային քարոզչությանը (ներքին թե արտաքին) ծառայեցնելու հնարավորությունը, ապավինի Աստծո տված ծիրանին, էլ չխոսենք խաշի ու խորովածի մասին:
Եզրաբանության խնդիրը
Յուրաքանչյուր հաղորդակցական գործընթացում, մանավանդ գաղափարախոսական ոլորտում ու, հատկապես, քարոզչության մեջ, ամենակարեւոր խնդիրը եզրերի (եզրույթների), այն էՙ տերմինների հստակությունն է: Այլ կերպ ասածՙ բառերը պետք է օգտագործվեն իրենց իրական իմաստով, այսինքնՙ արտահայտեն այն հասկացությունը, որը դրանց տակ թաքնված է: Միֆական, ինչ-որ խմբերի պարտադրած երանգները կոնկրետ տերմինները դարձնում են մշուշոտ, եղծում, այսպես ասած, դրանց հիմնական նշանակյալըՙ դենոտատը: Սա էլ իր հերթին հանգեցնում է ընդհանրապես բառերի գունաթափմանըՙ արժեզրկմանը: Օրինակ, սպարապետ եզրը հայերենում ունի իր հստակ բառային իմաստը եւ հոգեբանական-զգացական լիցքը, սակայն մեզանում այն վերջին տարիներին կորցրել է իր նշանակյալը, պարզապես դարձել է դաշտային հրամանատար կամ ուղղակի հրամանատար եզրերի հոմանիշը: Այս պատվանունը` որպես զինվորական բարձրագույն տիտղոս, հայոց ավանդության մեջ վերագրվել է հատուկենտ անձանցՙ Վարդան Մամիկոնյանին եւ Մամիկոնյան տոհմի որոշ անդամներին, ավելի ուշ` առանձին գործիչների եւ քաղաքական դեմքերի, 20-րդ դարում` Նժդեհին եւ այլն (բառս, ընդհանրապես, իրանական ծագում ունի, նշանակում է «զորքերի գերագույն հրամանատար»): Անգամ Անդրանիկը կոչվել է «զորավար» եւ ոչ «սպարապետ», մի մարդ, որն իր կենդանության օրոք դարձել էր լեգենդ, որի մասին անթիվ-անհամար ասքեր է հյուսել մեր ժողովուրդը: Անդրանիկի մասին միայն քրդերիՙ իրենց լեզվով ստեղծված երգերը կարող են կազմել մի պատկառելի հատոր: Հայաստանում այսօր ցանկացած գործիչ տերմինները մեկնաբանում է յուրովիՙ ելնելով տվյալ պահի իր առաջնայնություններից: Հատկանշական է, մանավանդ, «ազգային անվտանգություն» եզրի ճակատագիրը: Ճիշտ է, այն ընդգրկում է լայն սպեկտր, որտեղ ռազմական բաղադրիչը դրա տարրերից մեկն է միայն (ինֆորմացիոն, պարենային եւ այլն), սակայն դա չի նշանակում, որ ամեն ինչ կապ ունի ազգային անվտանգության հետ: Երեւույթը նույնիսկ երբեմն դառնում է զավեշտական. ինչ-որ մեկը լրջորեն կարող է պնդել, օրինակ, որ, ասենք, արվեստի այս կամ այն ճյուղի ուսումնասիրության թերզարգացվածությունը լուրջ հարված է մեր ազգային անվտանգությանը եւ այլն: Տերմինոլոգիայի հստակությունն արտացոլում է տվյալ հասարակության աշխարհայացքային հիմքերի կայունությունը: Եզրույթների ոչ հարկի եւ անտեղի օգտագործումը «լղոզում է» այդ հիմքերը, ստեղծում է պսեւդո-հասկացությունների եւ կեղծ ուղենիշների վիրտուալ մի աշխարհ, որն, ի վերջո, բերում է անցանկալի հետեւանքների ժողովրդի հոգեկերտվածքի եւ ինքնության մեջ ու, ըստ էության, սպառնալիք է դառնում երկրի, այս դեպքումՙ իրական ազգային անվտանգության համար:
Տերմինոլոգիայի խառնաշփոթի աղետալի հետեւանքները կարելի է դիտել մեր հարեւան Ադրբեջանում: Այստեղ, սկսած 19-րդ դարի վերջից, ազգային քարոզչության կոնյուկտուրայի հետ կապված վայրիվերումների հետեւանքով, երկրի ու ժողովրդի անվանումներից մինչեւ նախնիների ու մշակութային-հասարակական գործիչների ատրիբուցիան, բազում անգամներ փոփոխություն են կրել: Ժողովրդի գիտակցության մեջ կուտակվել է տերմինների մի ամբողջ խումբ, որի նշանակյալները ոչ ոքի համար դեռեւս վերջնականապես չեն հստակեցվել: Նույնիսկ «թուրք» եզրըՙ որպես սեփական էթնիկ հանրության պիտակ, Ադրբեջանում լիաբերան չեն կարող արտասանելՙ հակառակ համաթյուրքականության գաղափարախոսության գերակշռող դիրքերինՙ երկրում: Արդյունքում տեսնում ենք խաթարված ինքնության մի երեւույթ: Նման իրավիճակները որեւէ երկրում լայն հնարավորություն են ստեղծում դրսից շահագրգիռ ուժերի մանիպուլյացիաների համար:
Միով բանիվ, եզրաբանությունը ազգային քարոզչության կարեւոր տարրերից է: Պետք է միշտ հիշել. բառը կարող է ունենալ մի քանի իմաստՙ կախված ենթատեքստից եւ ոճական առանձնահատկություններից, իսկ եզրըՙ տերմինը, պետք է ունենա միայն մեկ իմաստ, կամ, առավելագույնս, երկուՙ պայմանավորված բնագավառների տարբերությամբ, այլապես այն դադարում է այդպիսին լինելուց: Բառը լեզվի տարր է, եզրը քաղաքական կատեգորիա է, երբ, իհարկե, այն կիրառվում է քարոզչության մեջ: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացման ներկայիս պայմաններում եզրերի նպատակային օգտագործմամբ կարելի է լուծել նույնիսկ ռազմավարական նշանակության տարածաշրջանային խնդիրներ: Բայց սա արդեն արտաքին քարոզչության ոլորտ է:
Քննարկվող հարցի հետ անմիջականորեն կապված է նաեւ հաճախ գրական ծագում ունեցող կեղծ կլիշեների եւ կաղապարների անհարկի տարածումը հանրության մեջ: Օրինակ, որ «հայի աչքերը տխուր են», որ «կարոտ կա հայի աչքերում»: Սրանք գրական պատկերներ են եւ ոչ ավելին: Կամ, որ «կարոտ» իմաստով բառ աշխարհի եւ ոչ մի լեզվում չկա, բացի հայերենից, եւ որ հայերը նախկինում խարտյաշ մազեր են ունեցել ու կապույտ աչքեր: Սա էլ գալիս է ռոմանտիկ արեւմտամետ մտայնությունից: Իրականում հայերը երբեք խարտյաշ չեն եղել. նմանօրինակ հատկանիշներ ունեցող անձանց առկայությունը տվյալ հանրույթի ծայրամասային շրջաններում ուղղակի ռեցեսիվ գեների արդյունք է եւ դիտվում է նաեւ առաջավորասիական այլ էթնոսների տարածման լուսանցքային շերտերում:
Ոչ ճիշտ, հաճախ քաղաքական նպատակահարմարությունից բխող, անգամ ինքնասիրությունը շոյող մտակաղապարների արմատավորումը մեծ վտանգ պարունակող երեւույթ է, որի ողբերգական հետեւանքները, ինչպես ասացի, առավել ցայտուն երեւում են Ադրբեջանում: Նույնը վերաբերում է նաեւ ժողովրդի խառնվածքին ու մենթալիտետին անհամապատասխան վարքային կարծրատիպերի քարոզչությանը, օրինակՙ սիրո խոստովանության քարոզը Երեւանում վերջերս փակցված ցուցատախտակների միջոցով: Այս վարքային կաղապարը ակնհայտորեն խորթ է մեր ժողովրդին, որին ի բնե հատուկ են եղել զսպվածությունը եւ սիրո արտահայտության ոչ վերբալ (խոսքային) ձեւերը: Օրնիբուն մեկը մյուսին սեր խոստովանելու եւ միմյանցով «հպարտանալու» սովորույթը ամերիկյան վարքային մոդել է, որը նույնիսկ եվրոպացիները չեն ընդունել: Հետո, ի՞նչ հարկ կա մեզանում այս սովորույթը տարածել. սիրո արմատավորման այլՙ ավելի գործուն մեթոդներ կան: Ընդհանրապես, պետք է հիշել, որ բառերը (արտահայտությունները) սովորաբար կորցնում են իրենց իմաստի սրությունը, «մաշվում են», եթե հաճախ են օգտագործվում (հմմտ.ՙ խոսակցի մորը սեռական հավակնությունների առարկա դարձնող ռուսական հայտնի հայհոյանքը, որը օգտագործման հաճախականության հետեւանքով այլեւս չի ընկալվում որպես այդպիսին, իսկ որոշ սոցիալական միջավայրերում արտահայտում է նույնիսկ քնքշանք, հարազատություն):
Ազգային քարոզչության մի քանի հիմնախնդիր
Ա. Լեզուն
Լեզուն կարեւոր է մի քանի առումներով: Նախ, որ այն հաղորդակցման հիմնական միջոցն է, եւ յուրաքանչյուր քարոզչությունՙ այդ թվում ազգային, լեզվով է արտահայտվում: Լեզուն, միեւնույն ժամանակ, էթնիկ պատկանելության գլխավոր չափանիշներից է, իսկ որոշ ժողովուրդների, այդ թվում հայերի համարՙ ինքնության եւ հոգեկերտվածքի առաջնային տարր: Լեզուն եւ ազգային գիտակցությունը միասնական ամբողջականություն են կազմում: Ինչքան նորմավորված է լեզուն, այնքան այն կրող ժողովուրդը մշակութապես բարձր է: Կամ ավելի ճիշտ կլինի ձեւակերպել այս միտքը հետեւյալ կերպ. լեզվի նորմավորվածությունն ուղիղ համեմատական է ժողովրդի կուլտուրական մակարդակին: Գրական ավանդույթներ չունեցող եւ գրազուրկ լեզուներով խոսող ժողովուրդներն ավելի շուտ էթնիկական գիտակցության կրողներ են եւ ոչ ազգային: Օրինակ, քրդերիՙ անկախ պետականության հասնելու ճանապարհի հիմնական խոչընդոտներից մեկը, ի թիվս այլ գործոնների, համընդհանուր, վերբարբառային նորմավորված լեզվի բացակայությունն է: Մի կողմ թողնելով միայն 20-րդ դարում դիրեկտիվ եղանակով գրազուրկ լեզուների համար ստեղծված այբուբեններըՙ դասական լեզուների դեպքում, այդ թվումՙ հայերենի, գրային համակարգերը ստեղծվել են վերբարբառային բանավոր լեզվիՙ կոյնեի առկայության դեպքում միայն: Իսկ նման լեզվաիրավիճակ առաջ է գալիս սովորաբար մշակութային որոշակի զարգացման, հստակ էթնիկ-ազգային միասնության գիտակցության պայմաններում: Աներկբայելի է, որ 4-րդ դարումՙ քրիստոնեության ընդունմանը հաջորդող ժամանակաշրջանում, Հայաստանում գոյություն է ունեցել բարձր զարգացման հասած, հարուստ բառապաշարով եւ արտահայտչամիջոցներով բանավոր գրական կոյնե, որի հիման վրա էլ 5-րդ դարի սկզբին Մաշտոցն ստեղծել է իր գրերը: Նման լեզվի գոյության դեպքում էր միայն հնարավոր հայերեն թարգմանել Աստվածաշունչը, որը կոչվում է «թարգմանությունների թագուհի»: Նույնիսկ այսօրՙ 21-րդ դարի սկզբին, բազում կենդանի լեզուներով այս գրքի թարգմանությունները, ըստ էության, անհոդաբաշխ բնագրեր ենՙ անհասկանալի տվյալ լեզուներով խոսող հանրույթների համար, որովհետեեւ խճողված են օտարաբանություններով, կեղծ եւ հնարովի դարձվածքներով: Այդպիսին են, օրինակ, դեռեւս 19-րդ դարում հայազգի կաթոլիկ միսիոներների կողմից մի քանի Ավետարանների քրդերեն թարգմանությունները: Հայերեն չիմացող մարդը չի կարող հասկանալ այս բնագրերը:
Հայտնի է, որ լեզուն եւ մտածողությունը սերտորեն միահյուսված են միմյանց: Մարդը մտածում է լեզվով: Տուրք չտալով ռասիստական այն գաղափարին, որ պարզունակ լեզուներով խոսող հանրույթները պրիմիտիվ ժողովուրդներ են, պետք է, այնուհանդերձ, խոստովանել, որ լեզուն որոշակիորեն ազդում է մտածողության վրա եւ պայմանավորում վարքային որոշ մոդելներ: Հատկապես պարալեզվաբանական եւ դրանից բխող անցանկալի վարքային դրսեւորումներ են ի հայտ բերում լեզվի սոցիալական տարբերակներըՙ ժարգոնները (ոչ թե բարբառները, որոնք ազգային լեզվի անկապտելի եւ բնական մասն են կազմում): Ինչքան շատ են ժարգոնները, այնքան թույլ են ազգային լեզվի դիրքերը եւ, հետեւաբար, խարխլված ժողովրդի ազգային գիտակցության հիմքերը: Ուստի, որեւէ պետության ազգային քարոզչության առաջնային խնդիրն է ազգային լեզվի անաղարտության պահպանումը, գրական տարբերակի կենսագործունեության լայնացմանը միտված միջոցառումների ձեռնարկումը եւ ժարգոնների օգտագործման ոլորտների սահմանափակումը: Հատկապես վտանգավոր է, երբ խոսակցական լեզուն ու ժարգոնները թափանցում են զանգվածային լրատվական միջոցներ: Ընդ որում, եթե բարբառների ոլորտի լայնացումը զուտ լեզվական երեւույթ է եւ, ի մեծի մասամբ, սոցիալական լիցք չի պարունակում, ապա ժարգոնները, եթե դուրս են գալիս իրենց սահմաններից, աղետալի հետքեր են թողնում հասարակական գիտակցության վրաՙ ի հայտ բերելով վարքային հոռի դրսեւորումներ, արժեքային սանդղակի աղճատում, բարոյական նորմերի փոփոխություն եւ այլն: Հայաստանում այսօր հենց այս պատկերին ենք ականատես լինում: Ժարգոնը, ռեստորանային սուբկուլտուրան, ռուսական ցածրամակարդակ ծրագրերի առավել անմակարդակ նմանակումները, սփյուռքյան գետոներում ձեւավորված պրիմիտիվ խոսելաոճը, ռաբիսը, քաղքենիական բարքերի ծամածռություններով բեմականացումներն ու բիոնեգատիվների խրախճանքն արդեն իսկ գրավում են մեր հեռուստահարդումների առյուծի բաժինը: Սերիալներըՙ համարյա բոլորը, նկարահանվում են միայն փողոցային ժարգոնով: Այնինչ, ԶԼՄ-ների, գրականության եւ արվեստի հիմնական գործառույթը սերունդների դաստիարակությունն էՙ համապատասխան ազգային եւ համամարդկային բարոյական նորմերի: Դրանք կոչված են ստեղծելու պատշաճ վարքի, բարեկրթության, հայրենասիրության, ի վերջո գրական լեզվի կանոն, խոսքի ճաշակ: Ճիշտ է, վարորդը, հացթուխը, գողն ու տնային տնտեսուհին, թեպետ, խոսում են պարզունակ լեզվով, բայց գեղարվեստական ստեղծագործության մեջ նրանք բոլորը պետք է արտահայտվեն մաքուր գրական հայերենով: Եվ դրանից գործը, եթե այն իսկապես գեղարվեստական արժեք ունի, չի տուժելու բնավ: Լավագույն օրինակը «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմն է: Իհարկե, կարելի է առանձին դեպքերում օգտագործել բարբառային կամ ժարգոնային բառեր ու արտահայտություններ, բայց միայն գեղարվեստական խոսքի բյուրեղացման եւ ենթատեքստից բխող կոլորիտի ստեղծման համար: Սա էլ արդեն արվեստագետի տաղանդից է կախված: Ժարգոնային ու բարբառային բառերի ու վուլգարիզմների օգտագործումը պետք է օրգանապես բխի բնագրի ֆակտուրայից: Ոչ նորմատիվ բառապաշարը տեքստում , ըստ էության, չպետք է երեւա. ընթերցողը միայն միտքը պետք է ընկալի, պատկերը զգա, ինչպես գեղեցիկ շենքը դիտելիս ոչ ոք չի մտածում, թե ինչ շինանյութով է այն կառուցվելՙ թանկարժեք մարմարով ու բազալտով, թե անտաշ քարով: Օրինակ, ո՞վ է նկատում, որ Չարենցն իր հայտնի բանաստեղծության մեջ օգտագործել է բարբառային (ժարգոնային) բառեր ու բայաձեւեր («Ֆայտոն նստած անցնիմ քուչով, պատուհանից վրես նայիս / Էշխդ անքուն սիրտս ընկնի ու լաց ըլիմ մինչեւ էգուց ...»): Դրանք միայն ի մոտո քննելով կարելի է հայտնաբերել: Բարբառային եւ խոսակցական լեզվի նյութի տեղին օգտագործման բազում օրինակներ կարելի է գտնել մեր հայտնի շատ գրողների երկերում (Հովհ. Թումանյան, Հ. Մնձուրի, Հր. Մաթեւոսյան, Մ. Գալշոյան):
Հայոց լեզուն այսօր, հիրավի, գտնվում է աղետալի վիճակում: Եվ շատ քիչ է հայերենը Հայաստանում պետական լեզու լինելու մասին սահմանադրական հայտնի դրույթը հիշեցնելով բավարարվելը: Փողոցային լեզուն, ժարգոնն ու անհարիր վարքի քարոզչությունը պետք է օրենքով վտարվեն մեր էկրաններից: Ի վերջո, ինչի՞ համար են Լեզվի պետտեսչությունն ու Մշակույթի նախարարությունը: Գուցե ժամանա՞կն է ստեղծելու այդ բոլորը վերահսկող լայն իրավասություններով օժտված պետական մի օրգան:
Բ. Հավատք եւ գաղափարախոսություն
Յուրաքանչյուր հանրույթՙ պետականություն ունեցող, թե պետականազուրկ էթնիկ միավոր, որպես օրենք, դավանում է որեւէ գաղափարախոսություն: Ընդ որում, գաղափարախոսություն ասելով ի նկատի ունեմ պաշտամունքային (մետաֆիզիկական) բնույթ ունեցող կամ դրան հավակնող ուսմունքները: Ավանդական բոլոր հասարակություններում եւ այսօր էլ մի շարք պետություններում կրոնն է հիմնականում որպես գաղափարախոսություն իշխել եւ իշխում: Կրոնական գործառույթ ձեռք բերած ուսմունքներըՙ ինչպես կոմունիզմը եւ ֆաշիզմը, փաստորեն, չդիմացան ժամանակի փորձությանը եւ դուրս մղվեցին: (Քաղաքական-գաղափարական հոսանքները, ինչպես, ասենք, իսլամիզմը, պանիսլամիզմը, պանթյուրքիզմը, պանիրանիզմը եւ այլն, կարող են լինել պետության, հասարակական-քաղաքական շրջանների եւ էլիտայի, բայց ոչ ամբողջ հանրույթիՙ ժողովրդի գաղափարախոսությունները): Բնավ համաձայն չլինելով ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա հռչակած մեր հետխորհրդային քաղաքական որոշ շրջանակների հետՙ պետք է, այնուամենայնիվ, նշել, որ ազգային գաղափարախոսություն կոչվածը, ավելի շուտ, ազգային անվտանգության հայեցակարգի առավել տեսական եւ ընդհանրացված տարբերակն է, ինչը յուրաքանչյուր պետություն պետք է ունենա եւ առաջնորդվի դրանով: Ժողովուրդը չի կարող դավանել ազգային գաղափարախոսություն. ազգայնականության բորբոքման եւ համաժողովրդական հիստերիայի նոպաները շատ կարճ են տեւում եւ, սովորորաբար, ողբերգական վախճան են ունենում: Այս առումով բոլոր պետություններն էլ այս կամ այն կերպ առաջնորդվում են ազգային գաղափարախոսությամբ, այլ կերպ ասածՙ ձգտում են պահպանել երկրի տարածքային ամբողջականությունը, ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը, ազգային մշակույթը, լեզուն եւ այլն: Ուրիշ կերպ չի լինում:
Մի խոսքով, մարդուն հավատք է պետք: Արեւմուտքում, նախ եւ առաջ ԱՄՆ-ում, շնորհիվ անգլոսաքսոնական բողոքական պրագմատիզմի, վաղուց արդեն ձեւավորվել է քրիստոնեությանը զուգահեռ Մամոնայիՙ փողի ու աշխարհիկ վայելքների պաշտամունքը, որը լուրջ վերլուծաբանների կողմից գնահատվում է որպես կրոնի մի տեսակ: Դեմոկրատիայի եւ անձի ազատության մշուշոտ պիտակի ներքո տեղի է ունենում բոլոր ավանդական բարոյական եւ մարդկային հիմնարար սկզբունքների դեմոնտաժ, խարխլվում են ընտանիքի հիմքերը, արատը դառնում է մարդու բնական հատկանիշը (հմմտ.ՙ արվամոլության, թմրամոլության եւ ինցեստիՙ արյունակիցների միջեւ սեռական կապի քարոզը եւ այլն): Սպառողական հոգեբանությունը ներկայումս գերակշիռ գաղափարախոսություն է դարձել Արեւմուտքում: Ամերիկացիները նույնիսկ հպարտությամբ իրենց կոչում են consumer societyՙ «սպառողական հասարակություն»:
Սպառողականության այս հախուռն գաղափարախոսությունն է, որ գլոբալիզմի խողովակներով ակամայից, իսկ հաճախ նպատակաուղղված, սփռվում է ավանդական հասարակությունների շրջանում: Առողջ, հին արմատներ եւ ներքին զսպանակներ ունեցող ժողովուրդներն այդ համապարփակ եւ բազմաճակատ հարձակմանը դիմակայում են դարձով դեպի կրոնը (ինչը տեսնում ենք այսօր Ռուսաստանում)ՙ ավանդական բարքերի ու հասարակական ինստիտուտների վերականգնմամբ ու ավանդապաշտության քարոզով: Բանն այն է, որ եթե Մամոնայի պաշտամունքը մեծ պետությունների գոյությանն անմիջականորեն չի սպառնումՙ գոնե դիտելի ապագայում, ապա այն փոքր պետությունների, այդ թվում Հայաստանի համար, ազգային անվտանգությունը խարխլող գործոն է: Այս իրողությունը լավ են հասկացել Ադրբեջանում, որտեղ վերջին տարիներին լայն մասշտաբի քարոզչություն է տարվում շիականության ամրապնդման համար: Դա նաեւ ինքնության խնդիր է այստեղՙ ամորֆ ազգային ինքնագիտակցությանը, ինչպես նշեցի վերեւում, ինչ-որ առավել հիմնարար ձեւ հաղորդելու ուղի: Իհարկե, տեղի «դեմոկրատներն» ու մարդու իրավունքի «պաշտպանները» մեծ աղմուկ-աղաղակ են բարձրացրել այս կապակցությամբՙ ջանալով ամեն կերպ երեւույթի առաջն առնել: Համենայն դեպս, ինչ-ինչ ուժեր այս երկրում ձգտում են «ադրբեջանցի», «թուրք» եւ այլ ոչ հստակ ինքնություններին հակադրել «մուսուլման» եւ, նախ եւ առաջ, «շիա» ինքնությունը, որն ունի նաեւ քաղաքական հեռահար նպատակ ու ակնհայտորեն խրախուսվում է տարածաշրջանային որոշ ուժերի կողմից:
Հակառակ վերջին տարիներին սպառողականության լայն քարոզչությանը մեզանում, ուրախությամբ պետք է արձանագրել, որ Հայաստանը դեռեւս մնում է առավել ավանդապաշտ երկրներից մեկը աշխարհում (ինչը, իհարկե, չի նշանակում, որ առաջիկայում դրությունը չի փոխվելու): Համենայն դեպս, տարածաշրջանի երկրներից Հայաստանը միակն է (առանց չափազանցության), որտեղ թմրամոլությունը, համասեռամոլությունը, պոռնոբիզնեսը, ալկոհոլիզմն ու այլ սոցիալական արատներն առայժմ չեն արմատավորվել: Անգամ ծխախոտի օգտագործումը նոր սերնդի մեջ զգալիորեն նվազել է: Այս առումով դրվատելի է մեր անվտանգության օրգանների նպատակամետ աշխատանքըՙ գոնե թմրանյութերիՙ երկիր թափանցման առաջն առնելու ուղղությամբ:
Ակնհայտ է, որ հայ ժողովրդի, նրա մշակույթի ու ազգային կերպարի պահպանման գլխավոր երաշխիքը, ինչպես միշտ, այսօր էլ մնում է քրիստոնեական հավատքը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ուսմունքը: Ուստի եւ հավատքը պետք է դառնա մեր ազգային ներքին քարոզչության հիմքը: Ի նկատի չունեմ կրոնական ծեսերի մասին մակերեսային հաղորդումներն ու Հայաստանյայց Եկեղեցուՙ որպես ազգային խորհրդանիշի պարզունակ գովքը: Խոսքը Հավատքի մասին է, այսինքնՙ Աստծո, Աստվածայինի, հոգու, չարի ու բարու, քրիստոնեական համապարփակ սիրո, աստվածային պարգեւի ու պատժի, աղոթքի ուժի, համամարդկային արժեքների եւ այլնի մասին: Հավատացյալինՙ թեկուզ թունդ ազգայնական, չի հետաքրքրում եկեղեցու քաղաքական դերն ու պատմական արժեքը, նա ձգտում է հավատքի միջոցով հաղորդակցվել Աստծո հետ, հասկանալ կյանքի իմաստը, չարի ու բարու էությունը, նա ուզում է իմանալ, թե ինչ է սպասում իրեն հանդերձյալ կյանքում եւ, ի վերջո, ինչպես վարվել կյանքի ոլորաններում: Ի դեպ, հենց այս հարցերի տարբեր մանիպուլյացիաների շնորհիվ է, որ աղանդներին հաջողվում է որսալ հավատքի կարոտ մարդկանց:
Հավատքը մանուկ հասակից մարդկանց հոգիներում սերմանելու համար անհրաժեշտ է լրջորեն մտածել «Սուրբ Գրքի ընթերցանությունը» (Հին եւ Նոր Կտակարաններից ընտրյալ գլուխներ եւ հատվածներ) որպես առարկա դպրոցական ծրագրերում զետեղելու մասին: Ընդ որում, անհրաժեշտ է, որ այս առարկան դասավանդեն հենց հոգեւորականներըՙ վարդապետները կամ քահանաները: Սուրբ Գրքերի դասավանդման պրակտիկան այսօր կիրառվում է տարածաշրջանի առավել ավանդապաշտ երկրներումՙ Իրանում, Իսրայելում, արաբական երկրներում: Ներկայումս մեր դպրոցներում դասավանդվող «Կրոնի պատմություն» առարկան իրականում հայ ժողովրդի պատմության առանձին դրվագների կրկնությունն է: