ՍՈՍԻ ԽԱՆԻԿՅԱՆ
2008-ը սարոյանական էր: Ողջ աշխարհը մեծ շուքով նշում էր նրա 100-ամյակը, Հայաստանից մինչեւ Ամերիկա եւ Ամերիկայից մինչեւ Աֆրիկա ու Ավստրալիա: Գրեթե նույն շուքով աշխարհը նշում է Հեմինգուեյի 110-ամյակը, քանի որ 2009-նն էլ հեմինգուեյական է հայտարարված: Եվ բոլորովին էլ զարմանալի չէ, որ այս երկու տիտանների ամյակները հաջորդում են մեկը մյուսին: Կենդանության օրոք էլ նրանց ճակատագրերը հաճախ են խաչվել: Մեկի հաջողությանը հաջորդել է մյուսի պարտությունը: Նրանց երկուսի անուննեը հաճախ են հայտնվել իրար կողքի եւ ոչ միշտ դրական իմաստով: Նրանք մեղմ ասած հաշտ չեն եղել միմյանց հետ:
Հեմինգուեյի եւ Սարոյանի վեճերի ու կռիվների մասին մինչեւ հիմա գոյություն ունեն տարբեր պատմություններ: Սակայն դրանց մեծ մասն այնքան էլ չի համապատասխանում իրականությանը: Իսկ իրականությունն ավելի ճիշտ հասկանալու համար բերենք մի քանի օրինակներ:
Հենց սկզբից, երբ Սարոյանը մուտք գործեց գրականություն, քննադատները նրա գրելաոճը նմանեցնում էին Սթայնբեքին եւ Ֆոլքներին: Իսկ շատ շատերն էլՙ Հեմինգուեյին. այդ փաստն այնքան էլ դուր չէր գալիս վերջինիս: Ամեն ինչ ավելի սրվեց, երբ մի հայտնի լրագրողի հոդվածում այսպիսի մի տող հայտնվեց. « Ճիշտ է, գուցե եւ Սարոյանը նմանակում է Հեմինգուեյին, սակայն նրա մոտ շատ ավելի լավ է ստացվում քան Հեմինգուեյի մոտ»: Այս խոսքերը բավական հայտնի էին դարձել ժամանակի գրական աշխարհում: Դա էր թերեւս պատճառը, որ շատ շուտով Հեմինգուեյն իր հոդվածում դիմելով Սարոյանինՙ գրում է. «Պետք է գրես ոչ թե քո մասին, այլ քեզ համար»:
Հարկ է նշել, որ շատ հաճախ հենց քննադատներն էին արհեստական լարում ստեղծում Հեմինգուեյի եւ Սարոյանի փոխհարաբերութուններումՙ շարունակ համեմատելով մեկին մյուսի հետ: Ոմանք բարձրացնում էին Սարոյանինՙ իջեցնելով Հեմինգուեյին, ոմանք էլ ճիշտ հակառակը: Իսկ, առհասարակ, ի՞նչ կարիք կար համեմատել մեկին մյուսի հետ: Եթե երիտասարդ Սարոյանի ոճն ամենասկըզբում գուցե եւ նմանվում էր Հեմինգուեյին, ապա ընդամենը մի քանի տարի անց Սարոյանն ապացուցեց բոլորին, որ ունի իր սեփական անկրկնելի ոճը: Ընդ որում այնքան անկրկնելի, որ տարիներ հետո պետք է կոչվեր առանձինՙ սարոյանական ոճ:
Այդ անկրկնելիության ապացույց եղավ նաեւ այն, որ 1940-ին «Քո կյանքի ժամանակը» պիեսի համար Պուլիցերյան մրցանակ է ստանում 32-ամյա երիտասարդ գրող Սարոյանըՙ առաջ անցնելով ժամանակի ավելի տարիքով եւ նշանավոր գրողներից: Բնական է, որ դա շատերին դուր չեկավ: Իսկ բավականին ծանր պայմաննեում ապրող, պարտքերի մեջ խրված Սարոյանը հրաժարվեց մրցանակից, որը կազմում էր 10 հազար դոլար, ահռելի գումար այդ տարիների համար, պատճառաբանելով, որ պետությունը չպիտի խառնվի գրականության գործերին: Սա արդեն վերջն էր, բոլորի համբերության բաժակը լցվեց: Չուշացավ նաեւ այդ առիթով Հեմինգուեյի հեգնանքը: «Ի՞նչ կարիք կար 14 տարի անց կրկնելու Սինկլեր Լյուիսի արարքը, բոլորը չէ, որ Պուլիցերյան մրցանակից հրաժարվելուց հետո Նոբելյան մրցանակ են ստանում»:
Բանն այն է, որ Սինկլեր Լյուիսը հրաժարվել էր Պուլիցերյանից եւ 4 տարի հետո արժանացել էր Նոբելյան մրցանակի: Ինքըՙ Հեմինգուեյը, Պուլիցերյան մրցանակ ստացավ Սարոյանից 11 տարի հետո, որից 3 տարի հետո ստացավ Նոբելյան: Իսկ Սարոյանն այդպես էլ Նոբելյան մրցանակ չստացավ:
Սարոյանին բոլորովին դուր չէին եկել Հեմինգուեյի հեգնական խոսքերն իր արարքի մասին, եւ նա էլ իր հերթին հեգնում է Հեմինգուեյի «Մահը կեսօրից հետո» պատմվածքն ասելովՙ «Իրականում այն (պատմվածքը) ինձ դուր է գալիս...անգամ եթե նա (Հեմինգուեյը) հիմար է, նա գոնե ճշտապահ հիմար է, նա ձեզ պատմում է, թե ինչ է իրականում տեղի ունեցել եւ թույլ չի տալիս, որ դեպքի արագությունը իր նկարագրությունը դարձնի չմտածված, իսկ դա շատ է արդեն»:
Սարոյանի ուսուցողական այս կատակին հետեւում է Հեմինգուեյի պատասխանը. «Աստված վկա է, պարոն Սարոյան, եղել են մարդիկ, շատ ավելի լավը քան դուք, եկել են ու գնացել»: Այստեղ, իհարկե, Հեմինգուեյը սխալվում էր, Սարոյանը եկավ, բայց չգնաց, այլ մնաց հավերժ:
1943-ը նույնպես ճակատագրական էր գրողների համար, սակայն հաջողությունը ժպտաց միայն Սարոյանին: 36 տարեկան հասակում «Մարդկային կատակերգություն» ֆիլմի սցենարի համար նա արժանացավ Օսկար մրցանակի: Այդ թվին էկրան էր բարձրացել նաեւ Հեմինգուեյի «Ո՞ւմ համար է ղողանջում զանգը» վիպակի հիման վրա նկարահանված ֆիլմը: Սակայն ամերիկյան կինոակադեմիան Հեմինգուեյին չէր էլ առաջադրել Օսկարի: Իսկ արդեն օսկարակիր Սարոյանի առջեւ խոնարհվեց ողջ Հոլիվուդը: Բնական է, որ սա եւս մեկ անգամ լարում մտցրեց նրանց փոխհարաբերություններում:
Պատմություններ կան նաեւ այն մասին, որ իբր նրանց վեճերը երբեմն խոսքից անցել են ծեծկռտուքի: Ամենահայտնի պատմությունն այն է, որ իբր հետպատերազմյան Փարիզի George 5-րդ ռեստորանում հարբած Հեմինգուեյըՙ տեսնելով Սարոյանին բացականչում է. «Աստված իմ, ի՞նչ է անում այստեղ այս լրբի տղա հայը»: Եվ իբր այս խոսքերից հետո Սարոյանը հարձակվում է Հեմինգուեյի վրա, եւ բազմաթիվ լրագրողների, զինվորականների ներկայությամբ նրանք սկսում են մի սոսկալի ծեծկռտուքՙ ջարդուփշուր անելով ողջ ռեստորանը: Ի դեպ, նման պահվածք սպասելի էր երկուսի կողմից էլ, քանի որ երկուսն էլ շատ տաքարյուն էին, եւ գուցե այս պատմությունը շատ արժանահավատ թվար, եթե չլիներ մի հանգամանք: Այդ օրը ռեստորանում ներկա էին եղել տասնյակ լրագրողներ եւ անհնար էր, որ Հեմինգուեյի եւ Սարոյանի մասին շատ անգամ հաճախ կեղծ պատմություններ գրող մամուլը ոչ մի կերպ չանդրադառնար ամերիկյան գրականության երկու հսկաների այդ կռվին: Այդ ժամանակների համար դա իսկական սենսացիա էր: Սակայն հաջորդ օրը ոչ մի թերթում մեկ տող անգամ չի գրվում այդ մասին: Տարիներ հետո էլ թե՛ Հեմինգուեյը, եւ թե՛ Սարոյանը հերքել են այդ կռվի մասին պատմությունը:
Կա ծեծկռտուքի եւս մի պատմություն, որը նույնպես շատերի կարծիքով հորինված է: Պատմում են, որ այս անգամ արդեն ԱՄՆ-ում, ինչ որ մի գրական հավաքի ժամանակ, որը տեղի էր ունենում հայտնի մի բարում, ներս է մտնում մի գեղեցիկ հայ կին, որին տեսնելով Հեմինգուեյը բացականչում է. «Ինչ հիանալի բարեմասնություններ ունի այս հայ փողոցայինը»: Եվ իբր դրանից հետո Սարոյանը ծեծի է բռնվում Հեմինգուեյի հետ: Ըստ էության, այս պատմությունը եւս կեղծ է, Հեմինգուեյը չէր կարող ներկա լինել այդ հավաքին, քանի որ այդ ժամանակ իր առաջին կնոջ հետ գտնվում էր Փարիզում: Կեղծ է նաեւ այն վարկածը, թե իբր Հեմինգուեյն արհամարհական վերաբերմունք է ունեցել հայերի հանդեպ: Ճիշտ հակառակը եւ դա ապացուցելու համար բերենք մի քանի օրինակ: Իր «Մեր ժամանակները» ժողովածուում նա մի պատմվածք ունի, որտեղ գրում է հայերի ցեղասպանության մասին եւ մինչ գրելն սկսում է ծանոթանալ արխիվներին: Ցեղասպանության մասին նյութերն այնպես են ազդում նրա վրա, որ ընկնում է ծանր հոգեկան վիճակի մեջ: Ահա թե ինչ է գրում այդ մասին ինքըՙ Հեմինգուեյը. «Առաջին անգամ կյանքում ես ընկա այն օրը, որ այդ ամենը տեսնում էի նաեւ երազում: Մահացած կանայք եւ երեխաներն ինձ այցի էին գալիս»:
Իսկ երբ հայազգի քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանը աշխատանքային այցով գտնվում էր Կուբայում, Հեմինգուեյը սիրով հյուրընկալում է նրան իր տանը: Նրանք գինի են խմում եւ երկար զրուցում հայ ազգի ճակատագրի մասին: Իսկ երբ մի լրագրող Հեմինգուեյի մահից մի քանի տարի առաջ նրա կարծիքն է հարցնում Սարոյանի մասին, նա պատասխանում է. «Գիտե՞ք, նա մի առավելություն ունի մեր բոլորի հանդեպ, դա նրա հայ լինելն է»: Ի դեպ, Հեմինգուեյի մահից հետո Սարոյանն էլ միշտ դրական է խոսել նրա մասին ու շատ բարձր է գնահատել Հեմինգուեյի արվեստը:
Առհասարակ, ինձ թվում է, որ նրանցՙ իրար հանդեպ տածած ատելության մասին պատմությունները չափազանցված են: Այդ մասին ավելի շատ խոսել են, քան եղել է իրականում: Անժխտելի է, որ նրանց հարաբերություններում ինչ որ լարվածություն եղել է, սակայն եթե անգամ դա ատելություն է եղել, ապա նրանք երբեք չեն մոռացել հարգանքով վերաբերվել մեկը մյուսին: Իսկ երբ ավելի մոտիկից ես ծանոթանում նրանց ստեղծագործություններին ու կենսագրությանը, հասկանում ես, որ նրանք ինչ-որ տեղ նույնիսկ սիրել են մեկը մյուսին: Զարմանալի է, բայց այդպիսին են մեծերը: