Հարգելի խմբագիր
«Ազգի» մշակութային հավելվածում կարդացի «Չի կարելի խեղաթյուրել իրականությունը» վերտառությամբ հրապարակումը [*]:
Խորապես ցավում եմ, որ Ստեփանակերտում հեղինակված այդ նյութը ՀԳՄ նախագահի եւ ակադեմիական երկու գրականագետի ստորագրությամբ իր տեղն է գտել Ձեր հեղինակավոր թերթում: Չեմ ուզում ծանրաբեռնել գրելիքս, բայց բավական է մի թռուցիկ հայացք ձգել «Ազգ» -ի եւ Ստեփանակերտում լույս տեսնող` «Պըլըպուղի», «Ապառաժ» թերթերում նույն հարցի վերաբերյալ հրապարակումներին եւ ակնհայտ կդառնա, որ մի շարք պարբերություններ պարզապես կրկնված են: Զարմանալին այն է, որ ստեփանակերտյան հեղինակները բոլորովին այլ մարդիկ են: Սա վկայում է, որ ՀԳՄ հարգարժան նախագահը, ակադեմիկոս Սերգեյ Սարինյանը եւ ԳԱԱ Գրականության ինստիտուտի տնօրեն Ավիկ Իսահակյանը պարզապես իրենց ստորագրությունն են դրել մի «համախոսականի» տակ, որը գրվել է Արցախի գրական կազմակերպության խոհանոցում:
Որպեսզի իրավիճակը Ձեզ համար պարզ լինի, ասեմ. ամիսներ առաջ Արցախի ԳՄ «Եղիցի լույս» պաշտոնաթերթը հրապարակել է ԳՄ նախագահության որոշումը, որով Վազգեն Օվյանի գրական ողջ ժառանգությունը, բացառությամբ «մի քանի պատմվածքների», հայտարարվել է «սերունդների հայրենասիրական դաստիարակության համար վնասակար»: Որոշմանը ուղեկցող «բացատրականում» ԳՄ նախագահությունը իրազեկել էր, որ իր տրամադրության տակ կան «բազմաթիվ նամակներ»` Վազգեն Օվյանի գրքերը գրադարաններից հավաքելու, Ստեփանակերտում «Վազգեն Օվյան» փողոցը վերանվանելու «պահանջով»: Արվել էին մեջբերումներ` Հադրութի Տումի եւ Մարտունու Հաղորտի գյուղերից ուսուցիչներ Խորեն Բաղդասարյանի եւ Նորայր Ավետիսյանի նամակներից: Ի դեպ, հայ գրականության այս երկու ուսուցիչները վերջերս համալրել են Արցախի ԳՄ շարքերը: Հավանաբար, այս «երիտասարդ հերթափոխը» նկատի ունեն վերոնշյալ հեղինակները, երբ վիճարկում են «Արցախի գրական անդաստանում խորշակաբեր քամիներ են փչում...» մտքի ճշմարտացիությունը: Մի ստեղծագործական կազմակերպություն, որն իր գոյությունը արդարացնելու համար ստիպված է անդամագրել 80-ամյա երկու ուսուցչի եւ 70-ամյա բժշկի, 60-նն անց լրագրողի, անշուշտ, գտնվում է ճգնաժամի մեջ: Մենք ընդամենը փաստն ենք արձանագրել:
«Չի կարելի խեղաթյուրել իրականությունը» հոդվածի հեղինակները կրկնում են Արցախի ԳՄ նախագահության` Վազգեն Օվյանի գրական ժառանգությանը տված «գնահատականը»: Սա է ցավալին: Մի՞թե մեր օրերում էլ դեռ գոյության իրավունք ունի «ժդանովականությունը»: Չէ՞ որ ԽՄԿԿ Կենտկոմի գաղափարական քարտուղար Ժդանովն էր, որ պետերբուրգյան «Զվեզդա» ամսագրի մասին որոշում էր կայացնում եւ արգելում, որ մարդիկ Ախմատովա կարդան: Ողբերգություն չէ՞, որ Լեռնային Ղարաբաղի անկախ հանրապետության գոյության 17-րդ տարում, երբ ընդունված է երկրի սահմանադրությունը, որով երաշխավորվում է մտավոր սեփականության անձեռնմխելիությունը, իսկ Վազգեն Օվյանի գրական ժառանգությունը մտավոր սեփականություն է, ինչ- որ մարդիկ իրենց իրավունք են վերապահում ուղղորդել իմ` ընթերցողիս վերաբերմունքը: Էլ ավելի ողբերգություն է, երբ այդ մարդիկ պաշտպանություն են գտնում ՀԳՄ ղեկավարության եւ ակադեմիական գրականագետների մոտ:
Վերջիններս «բանաձեւում են», որ Արցախի ԳՄ մատնանշած «փաստարկումներն ավելի քան համոզիչ են»: Բայց նրանք ընդամենը կրկնում են, այդ «փաստարկումները» չեն քննում:
Նրանք պնդում են, որ «երբ 40- ական թվականների վերջերին (ստույգ թվականը չգիտե՞ն- Վ. Ա.) ազերիները ... հայտնաբերեցին (որտե՞ղ, ինչպե՞ս - Վ. Ա.) ու Բաքու բերեցին (հայերեն պիտի ասվեր` «Բաքու տարան», որովհետեւ իրենք այդ տողերը գրել են Երեւանում, ոչ թե` Բաքվում- Վ. Ա.) հայոց ազգային հերոս Թեւան Ստեփանյանին եւ գնդակահարեցին, Վազգեն Օվյանն ազերիներին արձագանքեց «Թեւան - Դհոլ» պոեմով, ուր ծաղրանքով է ներկայացնում նաեւ Դրոյին»:
Վազգեն Օվյանը ծնվել է 1932-ի հունվարի 6-ին: Ու եթե հավատանք ակադեմիկոս Սերգեյ Սաարինյանին եւ Բոգդան Ջանյանին, որ արցախցի եւ տարիքով ավագ լինելով` պարտավոր էին իմանալ «հայոց ազգային հերոս Թեւան Ստեփանյանի» նահատակության ստույգ թվականը, եւ ընդունենք, որ դա տեղի է ունեցել անցյալ դարի «40-ական թվականների վերջերին», միջանկյալ ասեմ, որ Թեւան Ստեփանյանի ձերբակալության նաեւ այլ` 1941 թվական էլ է ասվում եւ բացատրվում, որ «Սմերշ» հետախուզությունը նրան բացահայտել է Թավրիզում, երբ ԽՍՀՄ եւ Իրանի կառավարությունների փոխադարձ համաձայնությամբ այդ երկրի տարածք էին մտցվել խորհրդային էքսպեդիցիոն զորքեր, ապա կստացվի, որ այդ ժամանակ Վազգեն Օվյանը հազիվ 17 տարեկան էր եւ դեռ միջնակարգ դպրոցը չէր էլ ավարտել: Ինչպե՞ս կարող էր նա «ազերիներին արձագանքել»: Չէ՞ որ Թեւան Ստեփանյանի ոչ ձերբակալությունը, ոչ գնդակահարությունը որեւէ կերպ խորհրդային, նույնիսկ` ազերի խորհրդային մամուլում չի արծարծվել: Իրականությունն այն է, որ Վազգեն Օվյանը հիշյալ պոեմը գրել է 1950- ականների վերջերին: Այսինքն` Թեւան Ստեփանյանի նահատակությունից առնվազը մեկ տասնամյակ անց: Եւ դա համարել «ազերիներին արձագանքելու փաստարկում», մեղմ ասած, երկու ակադեմիական գրականգետի չի պատշաճում: Գուցե նրանք նկատի են ունեցել գրական արձագա՞նքը: Բայց այդ դեպքում պիտի մատնանշեին ազերի որեւէ գրողի, բանաստեղծի` Թեւան Ստեփանյանի անկումը պանծացնող որեւէ գործ եւ բացահայտեին Վազգեն Օվյանի «գրական ազդեցությունները»: Դա չի արվել, ուստի մնում է պնդել, որ Թեւան Ստեփանյանի կործանումը աննկատ է մնացել նույնիսկ ազերական գրականությունից: Կամ ազերի գրողները նույնպես իրողությանը տեղյակ չեն եղել, կամ գրաքննությունն է արգելք դրել, կամ, որ ավելի հավանական է, նրանք Թեւան Ստեփանյանի անձը չեն կարեւորել:
Ամեն դեպքում, «Թեւան-Դհոլ» պոեմը ազերական հրճվանքի արձագանք չէ:
Բայց ակադեմիկոս գրականագետ Սարինյանը եւ ԳԱԱ Գրականության ինստիտուտի տնօրեն Ավիկ Իսահակյանը շարունակում են եւ «բացահայտում» Վազգեն Օվյանի «երկրորդ մեղքը»` պնդելով, որ «երբ մոսկովյան բանտում հայոց ազգային հերոս Նժդեհին (ցմահ բանտարկության ենթարկված) սպանեցին, Վազգեն Օվյանը արձագանքեց (60-70 թթ.) իր «Խանքենդի» վիպակով, որի բացասական հերոսները դարձյալ մեր ազգային նույն գործիչներն են: Ծանակված է այնտեղ քրիստոնեությունը եւ հայոց եկեղեցին»:
Այս մեջբերման «գրականագիտական հիմնավորվածությանը» անդրադառնալուց առաջ հարկ է մի քանի փաստական ճշտումներ անել:
Առաջինՙ Գարեգին Նժդեեհը չի սպանվել: Նա մահացել է 1955-ի դեկտեմբերի 21- ին:
Երկրորդՙ Նժդեհը մահացել է ոչ թե «մոսկովյան բանտում», այլ` Վլադիմիրի տխրահռչակ «ցենտրալում»:
Երրորդՙ Նժդեհը 1948-ի ապրիլի 24-ին ԽՍՀՄ Ազգային անվտանգության նախարարության հատուկ կոլեգիայի որոշմամբ դատապարտվել է ոչ թե «ցմահ», քանի որ խորհրդային արդարադատությունը նման պատիժ առհասարակ չէր նախատեսում, այլ` 25 տարվա բանտարկության:
Երկու ակադեմիական գրականագետն ու քաղբանտարկյալի համարում ունեցող Բոգդան Ջանյանը պետք է որ իմանային այս տարրական բաները: Չէ՞ որ Ավիկ Իսահակյանը ծնվել ու մեծացել, գիտակցական ողջ կյանքը ապրում է Երեւանում, իսկ Ջանյանը եւ Սարինյանը Երեւանում են հաստատվել մեկը` 1940-ական, մյուսը` 60-ական թվականներին ու, եթե վառվում էին հայրենասիրության եւ նժդեհականության կրակներով, ապա գոնե տեղյակ պիտի լինեին, որ Նժդեհի մասունքները Երեւան են բերվել Վլադիմիրի բանտային գերեզմանոցից, մի քանի տարի պահվել լեզվաբան Վարագ Առաքելյանի ամառանոցային առանձնատան ներքնահարկում... Չէ՞ որ այդ մասին վերջին տարիներին բազմաթիվ հրապարակումներ են եղել: Խորհուրդ եմ տալիս ցանկացած ինտերնետ ռեսուրսում փնտրել «Գարեգին Նժդեհ» անունը եւ ծանոթանալ ավելի շատ մանրամասնությունների: Մասնավորապես` կարդալ «Նժդեհը եւ ՊԱԿ-ը» գիրքը: Հուշում եմ, որ դրան կարելի է ծանոթանալ «Նորավանք» կենտրոնի կայքէջում: Էլեկտրոնային հասցեն` www. noravank. am:
Այժմ` մեջբերման «գրականագիտական հիմնավորվածության» մասին:
Ակադեմիական երկու գրականագետները ինչպե՞ս են իրենց թույլ տալիս պնդել, թե Վազգեն Օվյանը «Խանքենդի» վիպակով «արձագանքել է» Նժդեհի մահվանը: «Խանքենդին» գրվել է 1969-70 թվականներին: Այսնիքն` Նժդեհի մահվանից մեկուկես տասնամյակ անց: Ավելացնեմ, որ եթե Երեւանում ապրած եւ ապրող Սարինյանը, Բոգդան Ջանյանն ու Ավիկ Իսահակյանը մինչեւ օրս տեղյակ չեն Նժդեհի ոդիսականի մանրամասնություններին, ապա Վազգեն Օվյանը 1969-ի հեռավոր թվի Ստեփանակերտում հաստատ չգիտեր էլ, որ 1944-ի սեպտեմբերին, գտնվելով Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում, Նժդեհը նամակ է հղել խորհրդային օկուպացիոն զորքերի գեներալ Տոլբուխինին եւ իր ծառայությունը առաջարկել, եթե ԽՍՀՄ կառավարությունը որոշի գրավել Դարդանելի նեղուցը եւ Կոստանդնուպոլիսը, ինչին ի պատասխան նրան ասվել է, որ հարկ է անձամբ մեկնել Մոսկվա եւ խնդիրը քննարկել, սակայն հոկտեմբերի 12-ին «Սմերշը» ձերբակալել է Նժդեհին, ինքնաթիռով հասցրել Մոսկվա եւ արգելափակել Լուբյանկայի ներքին բանտում,որից հետո նա դատապարտվել եւ, ի վերջո, մահկանացուն կնքել է Վլադիմիրի «ցենտրալում»: Որեւէ մեկը հակառակն ապացուցող ակնարկ անգամ չի կարող մատնանշել: Բոլորին է հայտնի, որ Լեռնային Ղարաբաղը խորհրդային դարաշրջանում արտաքին աշխարհից մեկուսացված էր կրկնակի, եռակի «երկաթե վարագույրով», ուստի «արձագանքի» մասին «փաստարկումը» բացարձակապես հիմնազուրկ է. եթե գրողը փաստերին տեղյակ չի եղել, ինչպե՞ս է դրանց արձագանքել:
«Խանքենդի» վիպակում Նժդեհը եւ ազգային մյուս գործիչները, ում դատապաշտպանի դերն են ստանձնել ակադեմիկոս Սարինյանն ու բանասիրության դոկտոր Ավիկ Իսահակյանը, որպես գործող հերոսներ ներկայացված չեն: Նժդեհի եւ Դրոյի մասին խոսք կա վիպակի «Նահանջը» գլխում: Գեղարվեստական տեսարանում վիպակի երկու հերոս` Դուքան Սեդրակը եւ վարժապետ Սիմոնը նարդի են խաղում: Այդ ընթացքում Սիմոնը Սեդրակին ասում է, որ մի քանի օրից Ղարաբաղ է գալու Նժդեհը, ով «ազգի համար հոգի է տալիս», իսկ «Դրոն զորք ունի, պուլիմոտ ունի»,- ինչին ի պատասխան Սեդրակը նետում է. «Նժդեհը ավազակ է, Դրոն` շուն-շանորդի», եւ արժանանում վարժապետի սպառնալիքին. «Սեդրակ, ես թույլ չեմ տա, որ անպատվես մեր ազգի մեծերին»: («Խանքենդի», Բաքու, 1973թ. էջ 42- 43)
Ինչ երեւակայություն, ավելի ճիշտ` հեղինակի հանդեպ որքան կողմնակալ վերաբերմունք պիտի ունենա գրականագետը, որպեսզի սրանից բխեցնի, թե «Խանքենդի» վիպակի գլխավոր բացասական հերոսները «մեր նույն ազգային գործիչներն են»: Այսինքն` Դրոն, Նժդեհը եւ Թեւան Ստեփանյանը: Վերջինիս, ի դեպ, որպես «հայոց ազգային հերոս» գիտի, հավանաբար, միայն Բոգդան Ջանյանը, որ նույնպես Հադրութի Տումի գյուղից է:
Ակադեմիկոս Սարինյանը եւ դոկտոր Ավիկ Իսահակյանը ընթերցողին ներշնչում են, որ «Խանքենդի» վիպակում «ծանակված է քրիստոնեությունը եւ հայոց եկեղեցին»:
Ինչի՞ մասին է խոսքը:
Իր ստեղծագործական հղացումով Վազգեն Օվյանը ստեղծել է մի երեւակայական «դավթար», որ, իբր, գրել է ուստա Ծատուրը: Վիպակի յուրաքանչյուր գլուխ սկսվում է ուստա Ծատուրի «Դավթար»-ից արված «մեջբերումով»: Դրանցից մեկում ասված է, որ Խանքենդիի հայերը չունեին սեփական եկեղեցի եւ ստիպված աղոթում էին ռուսաց «ժամում»: Մի՞թե սա հայ եկեղեցու կամ քրիստոնեության հանդեպ ծաղր է:
Գրողը ընդամենը արձանագրել է տխուր փաստը: Ինչ վերաբերում է հոգեւորականության հասցեին արված կծու ակնարկներին, ապա հարգելի գրականագետները պիտի կարողանային վիպակի տեքստից հասկանալ, որ խոսքը ոչ թե հայ, այլ` ռուս ուղղափառ եկեղեցու սպասավորի հարբեցողության եւ անառակությունների մասին է. եթե անցյալ դարի 18- 20 թվերին Խանքենդիում հայոց եկեղեցի չկար, ապա, բնականաբար, չկար նաեւ Հայ Առաքելական Եկեղեցու սպասավոր: Վազգեն Օվյանի «քննադատներից» մեկը, ում կարծիքն են, ըստ երեւույթին փոխառել մեր երկու գրականագետները, որպես քրիստոնեությունը «ծանակելու փաստ», վկայակոչում է «Խանքենդի» վիպակի հերոսի այն խոսքը, որ «եթե աստված փրկող լիներ, իր որդուն կփրկեր, դռնեդուռ չէր գցի»: Վազգեն Օվյանը իրավու՞նք չուներ վիպակում, որի ժամանակը խոր միջնադարը չէ, այլ` անցյալ դարի 18-20 թվականները, ստեղծել մարդու կերպար, ով կասկածում է Արարչի հրաշագործությանը: Հայ գրականության մեջ որքան նման օրինակների կարելի է հանդիպել: Նույնիսկ` միջնադարյան հայ տաղերգուների մոտ: Շատ հեռու չգնանք, Սերո Խանզադյանի «Մխիթար սպարապետ» պատմավեպի Տեր Ավետիս հերոսը, ի դեպ` նախկին հոգեւորական, Քրիստոսին անվանում է «ջհուդի բիճ»: Որեւէ գրականագետի մտքով կանցնի՞ Խանզադյանին մեղադրել քրիստոնեությունը ծանակելու մեջ: Կամ` նույն վեպում գրողը ստեղծել է Հովասափ վարդապետի եւ Հովակիմ եպիսկոպոսի ընդգծված բացասական կերպարները: Հիմա ի՞նչ, Խանզադյանը ծանակե՞լ է Հայ Առաքելական Եկեղեցին:
Բայց ակադեմիկոս Սարինյանը եւ դոկտոր Ավիկ Իսահակյանը «խփում են երրորդ մեխը»` գուժելով, որ երբ Կեւորկովը անցկացրել է իր տխրահռչակ պլենումը, Վազգեն Օվյանն, իբր, դրան արձագանքել է` ասպարեզ հանելով «Լուսաբացը լեռներում» պիեսը, ուր բացասական գույներով է ներկայացված դաշնակցությունը:
Ճշտենք` սա եւս քաղաքական գնահատական է: Երկրորդ` Հայ Յեղափոխական դաշնակցությունը այնքան ուժ եւ հնարավորություններ ունի, որ կարող է պաշտպանել սեփական դատը, եթե դրա անհրաժեշտությունը տեսնի: Կարծում եմ` Սերգեյ Սարինյանը եւ Ավիկ Իսահակյանը չէ, որ կոչված են լինել ՀՅԴ կամ ազգային այլ կուսակցության իրավունքների պաշտպան: Մանավանդ որ, Սերգեյ Սարինյանի խորհրդային շրջանի տեսական աշխատություններում բծախնդիր, ավելի ճիշտ` մանրախնդիր ուսումնասիրողը կգտնի հայ ավանդական գաղափարախոսության եւ դրանց արտահայտիչ կուսակցությունների հասցեին ոչ պակաս խիստ բնութագրումներ: Երրորդ` Դաշնակցությունը խիստ բացասական է ներկայացված խորհրդային շրջանի հայ գրականության շատ ու շատ դրսեւորումներում: Այդ հեղինակները «ազգադա՞վ» են, բոլորը «ջո՞ւր են լցրել ազերիների ջրաղացին» կամ «վարակված էին մուսավաթական գաղափախոսությա՞մբ»: Չորրորդ` Դաշնակցության հասցեին ոչ բարենպաստ կարծիք է արտահայտել նաեւ Նժդեհը: Եւ, վերջապես, Դաշնակցության գործունեության այս կամ այն շրջանի մասին քննադատական հայացք ունեցել են նույնիսկ այդ կուսակցության երբեմնի անդամները: Հիշենք, թեկուզ, Քաջազնունու «Հայ Յեղափոխական դաշնակցությունն այլեւս անելիք չունի» բանաձեւումը, Շահան Նաթալիի հոդվածները: Այս ամենը գրվել է ազատ աշխարհում: Վազգեն Օվյանն, այնինչ, ապրում եւ ստեղծագործում էր Խորհրդային Միությունում: Բայց չխորանամ: Ընդամենը արձանագրեմ, որ «Լուսաբացը լեռներում» պիեսը նույն «Խանքենդի» վիպակի թատերգական տարբերակն է: Այսինքն` այն ստեղծագործական իմաստով հղացվել է ավելի վաղ, քան Լեռնային Ղարաբաղում կհայտնվեր Կեւորկովը:
Մի հարցում, սակայն, Սարինյանը եւ Ավիկ Իսահակյանը ճիշտ են. Վազգեն Օվյանն, իրոք, արձագանքել է Կեւորկովի կազմակերպած գաղափարական ջարդարարությանը: Արձագանքել է յուրովի. հատկապես դրանից հետո է, որ նա գրել է «Եւ Պըլըպուղին մի առակ պատմեց» տրագիկոմեդիան, որտեղ ստեղծել է դավաճան մելիք Շահնազարի կերպարը` ակնհայտորեն նկատի ունենալով Կեւորկովին: Կեւորկովյան մռայլ ժամանակներում է Վազգեն Օվյանը հղացել «Ղարաբաղի արծիվը» պատմավեպը, որ գեղարվեստական անդրադարձ է 18-րդ դարավերջին արցախյան ազատամարտին: Այդ տարիներին է նա գրել բանաստեղծությունների մի ամբողջ շարք, որի պսակը «Այս Ղարաբաղն է»` հին հրաբխի խառնարանում անմար կրակի մասին գեղարվեստական եւ գաղափարական ընդհանրացմամբ: Գրել է պամֆլետներ` Կեւորկովի եւ Հեյդար Ալիեւի մասին: Գրել է պարոդիաներ, որոնցից մեկը` Վարդան Հակոբյանի «Ես երգ չունեմ Ղարաբաղի մասին» բանաստեղծության նմանությամբ.
... Մատնելն է քոնը, քոնը փքվելն է,
Քոնը սրբության վրա թքելն է:
Դու երկու տիրոջ ոտք լիզող շուն ես,
Դու Ղարաբաղի մասին երգ չունես:
Խոսք չկա` կոշտ է ասված, բայց դրան հարկ էր պատասխանել ժամանակին, երբ Վազգեն Օվյանը ապրում էր: Դա հասկանալի կլիներ: Եւ` ազնիվ բանավեճ:
Իսկ այն, ինչ արվել է, արվում է այսօր, չի տեղավորվում գրական էթիկայի, բանականության եւ պարզ բարոյականության սահմաններում:
Հարգանքով`
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ, 2008 թ., դեկտ. 27, Ստեփանակերտ
2008 թ., դեկտեմբեր 20