ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#23, 2008-12-06 | #24, 2008-12-20 | #1, 2009-05-09


ՀՐԱՇԱՊԱՏՈՒՄ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ. ՀԵՔԻԱԹԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

Հարցազրույց Ալվարդ Ջիվանյանի հետ

Որքան իրականությունը դաժան ձեւեր ու կերպարանքներ է ընդունում, այնքան մարդու մեջ ննջող մանկության երեւակայությունըՙ իբրեւ հեքիաթի տեսքով այցելու, օգնելու, սփոփելու է հասնում նրան: Իրականությունից հերթական անգամ խաբվածՙ մեզանից յուրաքանչյուրը, այդուհանդերձ, հավատում է հոգու մի անկյունում ծվարած հեքիաթային իրականությանը, ուր հաղթողը միշտ բարին ու ճշմարիտն են լինում, ու սպասում է կյանքի աստեղային այդ պահին...

Ժամանակի տեխնոմտածողության գերակայությունն է, թերեւս, նաեւ պատճառը, որ հեքիաթը, ինչպես այսօրվա զրցուցակիցսՙ Ալվարդ Ջիվանյանն է ասում, իբրեւ բանահյուսական ժանր, սպառվում է: Մտավոր գործունեություն Ալվարդ Ջիվանյանը ծավալում է նաեւ հեքիաթագիտության ոլորտում, ուսումնասիրություններով, իր աշխատանքներով փորձում նպաստել հեքիաթի այսպես ասած ժամանակակից վերակենդանացմանը: Իր նախաձեռնությամբ այս տարվա մարտի 18-ից 19-ը Հովհ. Թումանյանի թանգարանում անցկացվեց Հայաստանում առաջին հեքիաթագիտական գիտաժողովըՙ «Հնօրյա զրույցներ եւ հրաշապատում» խորագրով, որին մասնակցեցին մասնագետներ ԵՊՀ-ից, հնագիտության եւ ազգագրության ինստիտուտից, Բրյուսովի անվան օտար լեզուների եւ Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարաններից, Մատենադարանից, Շիրակի հայագիտական կենտրոնից: Զեկուցումներում հեքիաթը դիտարկվեց ամենատարբեր ասպեկտներովՙ գրականագիտական, բանագիտական, հոգեվերլուծական եւ այլ: Մասնակիցների հետաքրքրությունն ու քանակը կազմակերպիչներին հույս է ներշնչում, որ հեքիաթը ժամանակային իր փոխարկումներով ունի զարգացման նոր հեռանկարներ: Այդպիսին էր նաեւ Ալվարդ Ջիվանյանի զեկուցմանՙ «Հեքիաթի դրսեւորումը նորաձեւության համատեքստում» թեման:

Ալվարդ Ջիվանյանը Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի լեզվի տեսության եւ միջմշակութային հաղորդակցության ամբիոնի վարիչն է: Առաջինը Հայաստանում սկսել է լինգվոֆոլկլորիստիկայի (լեզվա-բանագիտություն) դասընթաց, որն անց է կացնում ԵՊՀ անգլիական բանասիրության ամբիոնում: Վերջերս, պաշտպանելով ատենախոսական թեզ («Հրաշապատում հեքիաթի պոետիկան»), ստացավ բանասիրության դոկտորի աստիճան: Հեղինակել եւ հրատարակել է հեքիաթի վերաբերյալ մի քանի մենագրություններ: Տարիներ շարունակ եղել է «Բրիտանական բանահյուսական միության» անդամ: Հիմնադիրն է fabula armeniaca (հայկական հեքիաթ) նախագծի: Տարիների պրպտումները, աշխատանքները հասունացրել եւ ծնունդ են տվել մեկ այլՙ հեքիաթագիտության կենտրոն ստեղծելու մտահղացմանը: Մեր այս զրույցը նրա հետՙ հեքիաթի մանկությունից հեռացած, շոշափում է հարցեր հեքիաթի գիտական մոտեցումների եւ դրա հնարավոր զարգացումների մասին:


- Հեքիաթը, մասնավորպես ժողովրդական հեքիաթը, վաղուց է ուսումնասիրվում Հայաստանում: Այս ընթացքում հսկայական հեքիաթանյութ է հավաքվել ու դասակարգվել հիմնականում աշխարհագրական սկզբունքով, հրատարակվել են ժողովածուներ (Գ. Սրվանձտյանց, Տ.Նավասարդյան, Գ. Աղեքսանդրյան, Գ. Շերենց, Ս.Հայկունի, Ե. Լալայան): Այսօր արդեն մեծագույն արժեք են ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի կազմած եւ հրատարակած հայ ժողովրդական հեքիաթների 15 հատորները: Եղել են ուսումնասիրություններ, հոդվածներ, առանձին հեքիաթների մեկնաբանություններ: Ցավոք, հիմնավոր տեսական մենագրությունները շատ քիչ են, եւ հայրենական հեքիաթագիտությունը որպես գիտակարգ դեռ կատարելապես ձեւավորված չէ:

Իմ նպատակն է փորձել համախմբել այն հետազոտողներին, ովքեր Հայաստանում են գործում, բայցՙ հաճախ միմյանցից անկախ: 2005թ. հիմնել եմ fabula armeniaca (հայկական հեքիաթ) նախագիծը, որի նախաձեռնություններից մեկն էլ այս տարվա մարտին կայացած «Հնօրյա զրույցներ եւ հրաշապատում» գիտաժողովն էր Հովհ. Թումանյանի թանգարանում: Գիտաժողովը հնարավոր դարձավ Հայաստանում ֆրանսիայի դեսպանության անմիջական օժանդակության շնորհիվ:

- Զեկուցումների շարքում հետաքրքրական են եւ նորություն հոգեվերլուծական մոտեցումները, ինչպես նաեւ Ձեր թեման:

- Բոլոր ելույթներն էլ յուրովի հետաքրքրական էին: Ընդունված մոտեցում է հեքիաթ-երազ համադրությունըՙ հիմնված գլխավորապես Յունգի եւ Ֆրոյդի տեսությունների վրա, ըստ որոնց ակնհայտ ընդհանրություններ կան հեքիաթի եւ երազի միջեւ: Իմ զեկուցման թեման հեքիաթային սյուժեների, մոտիվների, կերպարների ներմուծման մասին է նորաձեւության տարածք, որտեղ հեքիաթը հետաքրքրական փոխակերպումների է ենթարկվում: Սա կարելի է դիտել որպես հեքիաթի յուրատեսակ էվոլյուցիա:

Ցավոք, այսօր ժողովրդական հեքիաթը փոքր-ինչ սպառված ժանր է` զրկված իր ավանդական գործառույթից եւ լսարանից: Իհարկե, այսօր էլ կան ասացողներ: Եվրոպայի շատ վայրերում փորձում են վերակենդանացնել հեքիաթասացության ավանդույթը: Ի դեպ մեր գիտաժողովը կայացավ Հայաստանում ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում: Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության լեզվի կցորդ տիկին Կարին Բեքը կազմակերպել էր հեքիաթասացության փառատոն, հրավիրել էր Ֆրանսիայից պրոֆեսիոնալ ասացողների, կային նաեւ Հայաստանից:

- Հեքիաթի սկիզբը, ակունքները ե՞րբ եւ որտեղի՞ց են գալիս: Հետաքրքրական է թափառիկ սյուժեների տեսությունը, ինչպե՞ս է դա զարգացել:

- Չգիտեմ, կարո՞ղ է լինել մեկը, որ այս հարցի հստակ պատասխանը տա: Պատճառներից մեկն այն է, որ հեքիաթը, լինելով բանավոր ժանր, ժամանակագրություն չունի: Այդ սկիզբը տարբեր ժամանակների են վերագրում, հասնում մինչեւ Հին Եգիպտոս, Հնդկաստան, Չինաստան:

Հեքիաթագիտության մի շրջանում թափառող սյուժեների տեսությունը շատ ընդունված էր, այժմ էլ հիմնովին չի ժխտվում, հարմար տեսանկյուն է, բայց զուգահեռ այլ տեսություններ են զարգանում: Ինքս այն մոտեցումն եմ ընդունում, որ ոչ թե մի սյուժեն թափառում է վայրից վայր, գաղթում մեկ մշակույթից մեկ ուրիշը, այլ «հիմնական» սյուժեները, լինելով շատ բնորոշ մարդկային գիտակցությանն ու ենթագիտակցականին, առաջանում են ամենատարբեր վայրերում, հնարավոր է միաժամանակ, հնարավոր է տարբեր հաջորդականությամբ: Մարդկային միտքն իր հիմնական բնութագրով ամենուրեք նույնն է: Փորձեր են արվել գտնել ամենահին «Կարմիր գլխարկը», ամենահին «Մոխրոտը», տարբեր հեքիաթների նախատիպերը` ապարդյուն: Հիմնական, միջուկային պատմությունները ստեղծվում են հենց տեղում եւ գոնե հնդեվրոպական մշակութային տարածքում առկա են ամենուր:

Ինչ որ առումով ասվածը համեմատելի է այն հարցի հետ, թե որտեղ է ստեղծվել հնդեվրոպական նախալեզուն: Գնալով ընդունված տեսությունը դադարում է համոզիչ լինելուց: Նախալեզունՙ որպես այդպիսին, հնարավոր է, չի էլ եղել: Ինչպես լեզուների, հեքիաթների պարագայում էլ փոխառություններ, անշուշտ, եղել են: Ակնհայտորեն մենք եւս ունենք փոխառված հեքիաթներ, բայց դրանք առանձին դեպքեր են:

- Բանահյուսության բոլոր ժանրերն են հետաքրքրական, բայց հեքիաթը խորհրդավորությունից, երազային, պատրանքային իրականությունից բացի պարունակում է ժողովրդական խորը իմաստնություններ, այնտեղ խրատ, նախազգուշացում կա, կյանքի առաջին պատկերացումը, թերեւս, նաեւ առաջին շփումն է մշակույթի հետ: Առհասարակ հեքիաթի անհրաժեշտությունը ո՞րն է:

- Ընդհանրապես պատմելու, շարադրելու մղումը շատ հին է, այնքան, որքան մարդկությունը: Լեզուն միայն հաղորդակցության գործիք չէ, այլ նաեւ հնարած մի բան պատմելու միջոց, իսկ մարդ արարածն էլ նաեւ homo narrans` պատմող մարդ է: Ումբերտո Էկոն գործածում է «մարդը, որպես պատմող կենդանի» հասկացությունը: Պատմելը մարդու բնածին ցանկությունն է, առանձին խնդիր է պատմելու բացառիկ ձիրքը, որ կարող է լինել եւ չլինել: Հեքիաթը մյուս ժանրերից առանձնանում է խորհրդավորությամբ. այստեղ ստեղծվում է մեկ այլ հնարավոր աշխարհի գոյության հնարավորություն, իրականությունից արմատապես տարբեր. հեքիաթում միանշանակ անհնարինը ժխտվում էՙ փոքրիկ մարդը կարող է թագավոր դառնալ, աղքատըՙ հարուստ: Երազի հետ հեքիաթը շատ ընդհանրություններ ունի. մակերեսային մոտեցում է պնդել, թե հեքիաթում արտահայտված է գեղեցիկի մեր ձգտումը միայն: Հեքիաթը շատ ավելի խորը ենթագիտակցական պրոդուկտ է, այնպիսի շերտերով, որ առաջին ընթերցումից հնարավոր չէ ընկալել եւ համարժեք մեկնել:

Միանշանակ պնդել, թե հեքիաթը երեխաների համար է, այնքան էլ ճիշտ չէ: Մանկական հեքիաթը, որպես կանոն, հեղինակային, հրատարակչական մշակման ենթարկված տեքստ է: Իհարկե, երեխան կարող է յուրովի ընկալել եւ գնահատել նաեւ բուն բանահյուսական, բարբառային հեքիաթը, որ օժտված է ուրույն մի գեղեցկությամբ: Ի դեպ, կարելի էր բարբառով ժողովրդական հեքիաթներ հրատարակել նաեւ մանուկների համար` զարգացնելով նրանց լեզվամտածողության ազգային շերտը:

- Շա՞տ են տարբերությունները:

- Նախ ինչպես յուրաքանչյուր տեքստ, հեքիաթը եւս լեզվական պրոդուկտ է եւ, երբ թարգմանվում է (բարբառը գրական տեքստի վերածելը նույնպես թարգմանություն է), կորցնում է բարբառային տեքստի որոշ իմաստային եւ ոճական նրբություններ: Այսպես, Շիրակի կամ Արցախի բարբառով հեքիաթըՙ գրական հայերենով շարադրելիս, անտարակույս, զրկվում է այդ տարածքին, նրա բնակիչներին ու լեզվամշակույթին ներհատուկ գծերից:

- Այդուհանդերձ, հեքիաթը մանկական երեկակայությանը շատ ավելի հարազատ է, եւ մեր մանկությունն առանց այդ աշխարհի ուղղակի անհնար է, առանց դրա պակասավոր ու աղքատ, մի շատ գեղեցիկ բան կորցրած:

- Ի սկզբանե հեքիաթը չի ենթադրել մանուկ ունկնդիր կամ ընթերցող: Պարզապես երեխայի` իրականությունից դյուրին շեղվելու, զուգահեռ աշխարհներ պատկերացնելու նրա պատրաստակամությունը բնորոշ է նաեւ հեքիաթի ժանրային տրամաբանությանը: Այս ուշագրավ ընդհանրության շնորհիվ, հրաշապատում շարադրանքն առավել հոգեհարազատ ու ներդաշնակ է մանուկների գրական ճաշակին: Հարկ է նշել, սակայն, որ կան ինչպես ազգային, այնպես էլ հեղինակային մշակման ենթարկված հեքիաթներ (այս թվում հանրահայտ «Հազար ու մի գիշեր» ժողովածուն), որոնցում բազմաթիվ պատկերներ, դրվագներ բոլորովին չեն ենթադրում մանուկ ընթերցող:

- Հեքիաթը նաեւ հրաշալի հումք է գրական ստեղծագործության համար, նկատի չունեմ զուտ գեղարվեստական մշակումները, այլ առանձին հեղինակային գործեր, որոնցում գրողը անգամ ենթագիտակցորեն կարող է հեքիաթի տարրեր ներմուծել իր մանկության հեքիաթային մոլորակից:

- Հետաքրքրական բան եք ասում. կա գիտակցական ճանապարհ օգտվելու, երբ գրողը բանահյուսական հեքիաթը մշակում, դարձնում է նոր գործ, եւ կա ենթագիտակցական ընտրություն, երբ հեղինակը կարող է հստակ չգիտակցել, որ հիմնվում է հեքիաթային «հումքի» վրա: Վերջին տարիներին նկատելի են տեքստաբանական հետազոտություններ, որոնցում փորձ է արվում հայտնի վեպերի հիմքում գտնել հեքիաթային սխեմաներ: Այսպես, «Մոխրոտը», որ ամենատարածված ու սիրված սյուժեներից է, ընկած է բազմաթիվ ռոմանտիկ վեպերի հիմքում: Դասական շատ գործեր կարելի է պայմանականորեն վերածել կառուցվածքային տեսանկյունից առավել պարզ հեքիաթային սխեմաների: Վլադիմիր Նաբոկովն իր դասախոսություններից մեկում ասում է, որ բոլոր վեպերն էլ հեքիաթներ են:

- Համեմատաբար վերջին շրջանում ձեւավորված ֆենթըզի ժանրի գրական գործերը եւ դրանց հիման վրա նկարահանված ֆիլմերը մեծ հաջողություններ են ունենում, ունե՞ն դրանք բանահյուսական արմատներ:

- Այդպիսի գործերը ե՛ւ հեքիաթի, ե՛ւ ֆենթըզի ժանրերին դասող տարբեր մոտեցումներ կան: Ստեղծագործության մեջ գերբնականի ներկայությունը անպայմանորեն չի դարձնում այն հեքիաթ: Բայց, անշուշտ, այդ շարքի ստեղծագործությունները բանահյուսական արմատներ ունեն եւ շատՙ խորը: Ջ. Թոլքինը փայլուն գիտակ էր բրիտանական բանահյուսության: Նույնն է Թումանյանի պարագայում: Նա հոյակապ գիտեր հայոց դիցաշխարհը, առասպելները, էպոսն ու հեքիաթները: Նաեւ սրանով է պայմանավորված Թումանյանի հեքիաթների (նաեւ թարգմանական) անթերի կատարելությունը:

- Եվ վերջապես հեքիաթագիտության կենտրոնի բունի նպատակը ո՞րն է լինելու եւ ի՞նչ ծրագրեր են նախատեսվում:

- Նպատակն առաջին հերթին գիտական է` նպաստել հեքիաթագիտության, որպես առանձին գիտակարգի զարգացմանը: Մտածում ենք պարբերական հաճախականությամբ լույս տեսնող հանդեսի, ամենամյա գիտաժողովների, սեմինարների անցկացման մասին: Չեմ կարծում, թե հիմքեր չունեմ լավատես լինելու: Մի քանի տարի է այս թեմայով դիպլոմային, կուրսային աշխատանքներ, մագիստորսական թեզեր են գրվում: Ինքս ղեկավարում եմ նման շատ աշխատանքներ եւ կուզենայի, որ դրանք համախմբվեն կենտրոնի շրջանակներում: Կփորձենք օգտագործել նաեւ արդեն ստեղծված կապերը Անգլիայի, Շոտլանդիայի, Իռլանդիայի եւ այլ երկրների հեքիաթագետների հետՙ միջազգայնացնելով գիտաժողովները: Եթե կենտրոնի գործունեությունն արդյունավետ լինի, հնարավոր էՙ մտածենք նաեւ հրատարակչական գործունեության մասին: Հեքիաթներ, իհարկե, տպագրվում են եւ վերջին տարիներին բավականին շատ, բայց, կարծում եմ, կենտրոնի աշխատանքները կարող են ինչ-որ բան փոխել այս բնագավառում եւս, նորություն, թարմություն հաղորդել, թեկուզ հեքիաթների ընտրության, ձեւավորման եւ նկարազարդման հարցում, որ բարդ ու աշխատատար պրոցես է, նաեւ գումար պահանջող: Հեքիաթը պետք է տպագրվի շատ գեղեցիկ, որովհետեւ երեխայի ձեռքը տգեղ կամ ցածրաճաշակ գիրք տալը մեղք եմ համարում:

...Նկարչական գունաշխարհը Ալվարդ Ջիվանյանի համար նույնքան հարազատ ու հասկանալի լեզու է: Իր կյանքի ընկերը տաղանդավոր նկարիչ Գեւորգ Եղիազարյանն էՙ խորհրդավորի, երեւակայականի ու տարաշխարհիկ զգացողությունների հետաքրքիր մի արվեստագետ: Գյումրեցի ծնողների ընտանեկան մթնոլորտը շատ բանով է ազդել Ալվարդի մտածողության, ճաշակի, անհատականության վրա: Հայրը ճարտարապետ է, եղբայրըՙ նկարիչ: Գյումրիի իրենց բնակարանը եղել է Մինասի, Հակոբ Հակոբյանի, Էդուարդ Արծրունյանի եւ շատ նշանավոր մարդկանց այցեվայր: Ինձ հետաքրքրեց նաեւ, թե իր գիտական աշխատանքը, այսպիսի համակարգված մտածողությունը, մոտեցումները Գեւորգի երեւակայական ներաշխարհի, արտիստիկ խառնվածքի, արվեստի հետ ինչպիսի ընդհանրացումներ ունեն: Ալվարդն ասաց, որ նկարազարդումը Գեւորգի նախասիրությունը չէ, շատ հետաքրքրված է իր ուսումնասիրություններով, բայց նա շատ զբաղված է, իր աշխարհում ներփակ, նույնիսկ աշխատամոլ բառն օգտագործեց: Այդուհանդերձ, իրենք չեն բացառում երբեւէ համատեղ, անակնկալ ծրագրով հանդես գալՙ մեկտեղելով հեքիաթի գիտական եւ նկարչական մեկնությունները:

Դա ոչ միայն հետաքրքրական, նաեւ անհրաժեշտ կլինի: Ի վերջո, արվեստի աշխարհը միշտ էլ առանձնահատուկ է իր անակնկալներով:

Զրուցեց ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


Նկար 1. Գեւորգ Եղիազարյան. «Մանուշակով աղջիկը», 2009 թ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4