Եկե՛ք, փորփրե՛ք թարախակույտը, մտե՛ք այդ գերեզմանոցի մեջ, որի գոյությունը, ըստ երեւույթին, սակավաթիվ մարդիկ են ուզում ընդունել Կիսալուսնի երկրում: Շատ ավելի դյուրին է պատսպարվել անգրագիտության մեջ... Քայլեցե՛ք ցեխի մեջ, արյան մե՛ջ, ոտնակոխ արեք այդ հատված գլուխները, անցնելիս մի կողմ հրեք ճամփեզրին կախված այդ մարմինները, անցե՛ք բռնաբարված այդ կանանց վրայով, որոնց որովայնները ճեղքված եւ արնաշաղախ են, ինչպես սպանդանոցում: Վերջապես տեսե՛ք ջախջախված գանգերով այդ մանուկներին...
«Դա հնարավոր չէ», կփորձեք արդարացնել դուք:
Եվ սակայն դա հնարավոր եղավ: Ոչ միայն Կամբոջայում, Ռուանդայում, պատերազմի կամ հեղափոխության մեջ հայտնված մի քանի ուրիշ երկրներում, այլեւ 20-րդ դարի դարասկզբի Օսմանյան Թուրքիայում, երիտթուրքերի օրոք: Մոտեցե՛ք, եկե՛ք ձեզ հաշիվ տալու, որպեսզի ձեր հերթին չդառնաք ժխտողականների եւ պետական մեքենայության լուռ հանցակիցը: Ինձ ծագումնակից մարդիկ չեն կարող հանգիստ քնել: Մեր նահատակները գերեզման չունեն: Արդ, մենք ինչի՞ ենք սպասում, ի՞նչ ենք ուզում: Իրականումՙ լոկ ուզում ենք, որ Կիսալուսնի տղամարդիկ եւ կանայք պատվի կենացը խմելիս, ինչպես մենք ենք խմում առողջության, հրեաներըՙ կյանքի կենացը, թո՛ղ այդ պատվից օգտվենՙ ճանաչելու մեր ընդհանուր անցյալի այդ անժխտելի իրողությունը:
Ժամանակը չէ՞ արդյոք հաշտեցնելու մեր ժողովուրդներին, պատռելու պատմության կեղծ գրքերը, լվանալու նողկալիորեն բոսորագույն այդ բիծը, ազատագրվելու պետական կեղծիքից եւ պայծառ ու մաքուր մտնելու Եվրոպա, որը կասկածում է այսօր եւ ավելի շատ կասկածելու է վաղը: Մատաղ սերունդները, որոնք ծնվել են ողբերգական իրադարձություններից հետո, բնավ պատասխանատու չեն անցյալի համար, բայց մեծ չափով ապագայի երաշխավորերն են, իրավունք ունեն իմանալու եւ ձերբազատվելու մի մեղքից, որն իրենցը չէ:
Ուրեմն եկե՛ք, փորփրե՛ք թարախակույտը եւ ինձ նման մտե՛ք այս գրքի մեջ եւ վերապրեցե՛ք աներեւակայելին:
ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ