ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#23, 2008-12-06 | #24, 2008-12-20 | #1, 2009-05-09


ԵՐԿՈՒ ԳԻՐՔ ՖՐԱՆՍԻԱՅԻՑՙ Erevan ԵՎ Medz Yeghern

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Մեր թերթի հեղինակներից մեկը 2009 թ. սկզբին Փարիզից «Ազգի» գրադարանին բերեց ֆրանսերեն երկու գիրք, մեկըՙ Ժիլբեր Սինուեի (Gilbert Sinoue՛) «Երեւան» (Erevan) վեպը, մյուսը Պաոլո Կոսսիի (Paolo Cossi) «Մեծ եղեռն» (Medz Yeghern) գրաֆիկական (կոմիկսային գրաֆիկա) գիրքը: Որպես նյութ երկու գրքերն էլ առնչվում են Հայոց ցեղասպանությանը եւ երկուսն էլՙ մեզ համար ժանրային առանձնահատկություններով նոր: Երկուսն էլ «վավերացված» են նշանավոր երկու հայերիՙ Շառլ Ազնավուրի եւ Անտոնիա Արսլանի առաջաբաններով:

Ժիլբեր Սինուեն ծագումով եգիպտացի գրող է, ապրում եւ ստեղծագործում է Փարիզում, որտեղ ժամանակին աշխատել է որպես դիվանագետ, լրագրող: Հեղինակ է փնտրված բազմաթիվ գործերիՙ վեպ, էսսե եւ կենսագրական ստեղծագործություններ: Նշանավոր հրատարակչատներՙ Գալիմարի (Galliimard), Պիգմալիոնի (Pygmalion) եւ Ֆլամարիոնի (Flamarion) եւ այլոց պատվերով գրված նրա վեպերը («Որդուսՙ երրորդ հազարամյակի սեմին», «Ավիսենան Իսպահանի ճանապարհին», «Նեղոսի դուստրը», «Մի նավակ դժոխքի համար», «Դեսպանուհին», «Ախընատոն. Անիծված աստվածը», «Աստծո լռությունը եւ այլն), գերազանցորեն դիալոգային կառուցվածքով ներկայացված, ֆրանսիական ժամանակակից բեստ-սելլըրյան վեպի (roman) լավագույն նմուշներ են, որոնք ընթերցողական մեծ հետաքրքրություն են առաջացնում սովորաբար: (Ի դեպ, մեր իրականության մեջ այս ժանրի առաջին ներկայացուցիչներից պետք է համարել Ալեքսանդ Թոփչյանինՙ 2008-ին լույս տեսած իր «Բանկ Օտոման» վեպով):

Սինուեն իր ներկաՙ «Երեւան» վեպն սկսում է Ուիլյամ Սարոյանի «Անունս Արամ է» գործի նշանավոր հատվածիՙ «Կուզենայի տեսնել, թե աշխարհում ինչ ուժ կարող է կործանել այս ցեղը...» մեջբերումով: Իսկ Շառլ Ազնավուրի առաջաբանը (թարգմանաբար ներկայացնում ենք ամբողջությամբ) ընթերցողին անմիջապես գրավելու եւ Հայոց ցեղասպանության իրողությունների մթնոլորտում տեղադրելու խնդիրն է մեծ հաջողությամբ լուծում:

Վեպն սկսվում է 1896 թ. օգոստոսի 26-ի բանկ-օտոմանյան դեպքերով, սուլթան Աբդուլ Համիդ 2-րդի հայահալած քաղաքականության նկարագրությամբ, ընթերցողին անմիջապես ներգրավելով իրադարձությունների հետագաՙ ահավոր զարգացումների հորձանուտումՙ զուգահեռաբար խորանալով Հայոց ցեղասպանության ոչ միայն «ինչպեսի», այլեւ «ինչուների» մեջ:

Ինչպես ասվեց, վեպն ունի դիալոգային կառուցվածք, որտեղ հերոսների աշխույժ երկխոսությունը վերածվում է յուրահատուկ վկայությանՙ կերպարային նկարագրության «հոգսը» թողնելով ընթերցողի տրամաբանությանը, եթե կուզեքՙ տրամադրությանը: Եվ այդ կերպարները շատ ենՙ Վահեն, Արամը, Հովհաննեսը, Շուշանը, դեսպան Մորգենթաուը, որոնք Թուրքիայում ապրող հայության նկատմամբ թուրքական նախճիրների զոհերն են, դիմադրողները, վկաները, վավերագրողները, մինչեւ մեծ դահիճներըՙ Էնվերն ու Թալեաթը: Վերջինների կազմակերպած նախճիրները շարունակվում են մինչեւ 1919 հուլիս 5-ը, օսմանյան ռազմական դատարանում երիտթուրքերի ղեկավարների դատավարությունը, որի դատավճիռը հետագայում իրականացնում են հայ վրիժառուներըՙ Սողոմոն Թեհլիրյանը եւ մյուսները:

Բացառիկ է այս վեպում հեղինակի իմացությունը թուրքական կյանքի, պալատական-պետական կարգուսարքի, թուրքերեն բնորոշիչ արտահայտությունների, որոնք վեպը դարձնում են ոչ միայն խիստ հետաքրքրական, այլեւ ամբողջովին հավաստի:

Երկրորդ գիրքըՙ «Medz Yeghern» (վերնագիրը կարծես նվիրագործում է Հովհաննես-Պողոս 2-րդ պապի եւ վերջերս նախագահ Բարաք Օբամայի բնորոշումները Հայոց ցեղասպանության մասին), իր կատարման ձեւով ամբողջովին նորություն է հայ իրականության համար, թեեւ եվրոպական գրականության մեջ վաղուց արդեն տարածում է գտել այն թեմաներով, որոնք արդեն հանրածանոթ են: Կատարման այս կարիկատուրային կամ իմաժային ձեւն օգտագործվում է նաեւ քարոզչական նպատակներով, քանզի ընթերցողը համեմատաբար շատ կարճ ժամանակում, գրաֆիկական-կոմիքսային հաջորդական պատկերների միջոցով, կարող է ծանոթանալ նյութին:

Ինչպես Հայոց ցեղասպանության թեմային անդրադարձող օտարազգի շատ ստեղծագործողների պարագայում, հիմնարար առաջին տպավորությունը գրքի հեղինակիՙ Պաոլո Կոսսիի վրա թողել է Ֆրանց Վերֆելն իր «Մուսա լեռան 40 օրերը» վեպով: Այնուհետեւ Արմին Վեգները, ապաՙ Տիտո դե Լուկան, հուսկ ապաՙ «Արտույտների ագարակի» հեղինակըՙ Անտոնիա Արսլանը, որի առաջաբանը յուրօրինակ ամփոփումն է գրքի: Եվ գիրքը բացվում է թուրք ասկյարների շարասյան պատկերով: Նրանք ետեւ թողած իրենց շատ ընկերների գերեզմանը դարձած Կովկասյան ռազմաճակատը, վերադառնում են Թուրքիայի հայաբնակ շրջաններ, այս պարագայումՙ Խարբերդ: Ու զինվորներից մեկը նետում է մյուսինՙ «իսկ դու գոհ չե՞ս»: Բայց ինչո՞ւ գոհ չլինի. սպանվելու վախ չկա երկրի խորքերում, որտեղ անպաշտպան հայերը ենթակա են իր սվինի գութին:

Եվ ոչ միայն շարքային հայ քաղաքացիները: Թուրք բանակայինների առաջին գործը լինում է գնդակահարել իրենց զինաթափված հայ զինընկերներին, որից հետո հեշտ էր մնացյալ անզեն ազգաբնակչությանը կոտորել կամ քշել դեպի արաբական անապատներՙ դանդաղ մահվան:

Ներկայացվում է արեւմտահայության սպանդը, հայ եկեղեցականության կոտորածը, հայկական դպրոցների ու եկեղեցիների քանդումը, վերջապեսՙ դժոխքը, աղեխարշ տեսարանները, հաճախՙ Արմին Վեգների լուսանկարների վերարտադրությամբ: Ներկայացված են նաեւ որոշ թուրքերի կողմից իրենց հայ համաքաղաքացիներին փրկելու դեպքեր: Իսկ ամբողջ գրքում տողանցում են Էնվերի, Ջեմալի, Թալեաթի սարսափազդու սիլուետները, մինչեւ վերջինիս սատակումը արդարադատն Թեհլիրյանի ձեռքով, որի դատավարության տեսարանը կազմում է գրքի տրամաբանական ավարտը, որն իր հերթին պատկերվում է Ծիծեռնակաբերդի հուշարձանով:

Հատկանշական են գրքի ամենավերջին էջում համեմատական քարտեզներըՙ հայերից բնաջնջված Արեւմտահայաստանն ու Կիլիկիան եւ ներկայիս փոքրիկ, փոքրիկ Հայաստանի Հանրապետությունը: Էթնիկական զտումՙ ցեղասպանությամբ եւ հայրենազրկմամբ:

***

Երկու գիրք, երկուսն էլ միեւնույն թեմայի շուրջ, երկուսն էլ գրված եւ հրատարակված օտարների կողմից, երկուսն էլՙ տպավորիչ ու խոսուն:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4