ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#24, 2008-12-20 | #1, 2009-05-09 | #2, 2009-05-23


ԱՐՄԵՆ ԽԱՆԴԻԿՅԱՆԻ ԲԵՄԱԴՐԱԿԱՆ ՓՈՐՁԵՐԸ

ՆՈՐԱՅՐ ԱԴԱԼՅԱՆ

Ասված էՙ թատրոնն սկսվում է հանդերձարանից: Իսկ ինչի՞ց է սկսվում ռեժիսորի ստեղծագործական աշխատանքը: Ի՞նչ ճանապարհներ է անցնումՙ հասնելով բեմադրության ավարտակետին, երբ դերասանները խոնարհում են անում հանդիսատեսի առջեւ: Ռեժիսորին հարաբերող այս հարցերը ոչ միշտ ենք տալիս ինքներս մեզ եւ ոչ հաճախակի, մանավանդՙ մասսայական հանդիսատեսը, որի շարքերում թատերագետներն այնքան քիչ են, ճիշտ մի քանի անգամ հակառակ համեմատական մեզանում տարեկան ստեղծվող բեմադրությունների թվաքանակին: Սա տխուր ու ցավալի փաստ է. թատրոնը պետք է գիտուն դատավոր ու դատապաշտպան ունենա, երբ նրանք բացակայում են, հրապարակ են ելնում անգետները, որոնք չինարեն չիմանալով, խոսում են չինարեն: Լայն հանդիսատեսը գալիս է թատրոնՙ հիմնականում դերասանին նայելու, փորձելով որսալ նրա շարժումների ու արտաբերած բառերի պատմական թե արդիական ճշմարտությունները: Նրան առանձնապես հուզում է բառը, որը բեմում ամենամատչելին է, ոնց որ գիրք կարդաս կամ բառարան թերթես: Նա ծիծաղում է բառի վրա, բառը խոսում է նրա հուզաշխարհի ամենատարբեր երանգների հետ, առաջացնում ցավ, վիշտ, տագնապներ, ուրախություն, ողբերգական զգացմունք: Դերասանի շարժմանը զուգահեռ եւ դրանից ավելիՙ այդ հանդիսատեսի համար թատրոնը մի զգալի ու վճռական չափով խաղացող բառն է, շատ դեպքերում նա մտահուզական ծանրակշիռ ընկալում եւ պատկերացում չունի ներկայացման բազմաշերտ միասնականության վերաբերյալ: Բեմում նա գրեթե չի տեսնում ռեժիսորինՙ նորաոճ թատրոնում ներկայացման գլխավոր դերակատարին, կամ տեսնում է մշուշների մեջ: Եվ այսպես, թատերախաղի ձեւավորման ընթացքըՙ նրա ռեժիսուրան հանդիսատեսին մի որոշ չափով մնում է փակ տարածք, ինչպես որ գրականության ու արվեստի շատ ստեղծագործություններ ունեն պարզ աչքին անտեսանելի շերտեր: Լա՞վ է, թե՞ վատ: Անշուշտՙ առաջինը. արվեստը պետք է եւ գաղտնիք լինի, ոչ թե միանշանակ պատասխանով թվաբանական գործողություն: Այժմ խոսքս Արմեն Խանդիկյանի փակ տարածքի մասին է, որը ժամանակակից հայ թատրոնն արդեն իսկ հարստացրել է նոր գաղտնիքներով: Ի՞նչ է այս նոր-ը. չկար կամ այս չափ ու կշռով չկար նախկինում, ներկա է այսօր եւ շարունակություն է ունենալուՙ մեր բարդ ու հակասական հուզաշխարհի մտավոր-գեղագիտական հայեցության թատերական տեսիլքը:

Ես բարեբախտություն եմ ունեցել բազմիցս գտնվելու Խանդիկյանի բեմական փորձերին եւ գիտեմ, թե ինչպիսի լրջմիտ, տքնաջան ու պատասխանատու աշխատանքներ են նախորդում դրանց:

Թող թույլ տրվի ասելՙ Խանդիկյանը գիտնական ռեժիսոր է, եւ նրա բեմադրություններն էլՙ «գիտություն», քանզի իրենց հատուկ միջոցներով ձգտում եւ հաճախ հասնում են բացարձակ ճշմարտության աստիճանի: (Բոկաչչոն «իմաստություն» եւ «գիտություն» համարեց պոեզիան, որ, թվում է, կարելի է տարածել ամբողջ գեղարվեստական մշակույթի վրա):

Ամեն ինչ սկսվում է պիեսի ընտրությունից: Պետք է դեգերես հին ու նոր, ազգային եւ համաշխարհային դրամատուրգիայի անսահման դաշտումՙ գտնելու այն գունեղ ու բուրավետ ծաղիկը, որը հնարավորություն կտա քո ստեղծագործական եսի բացահայտման, եւ կխոսեք միմյանց հետ թերեւս ամենախոր ու գեղեցիկՙ հոգեղենության լեզվով: Դա դժվար աշխատանք է, առհասարակՙ ստեղծագործ եւ ոչ թե տեքստը բեմ փոխադրող: Ռեժիսորի համար հեշտ պահեր չկան, յուրաքանչյուր քայլ, նաեւ այս ընտրողական նախաքայլն ստեղծագործական գործողություն է, ճանաչել պիեսը եւ կողմ քաշվել դրանից, ճանաչել եւ սիրտ ու մտքի զգացմունքներով կապվել նրան, հեռանկարումՙ քեզ տեսնելու նրա մեջ: Խանդիկյանն ավելի քան հիսուն պիեսների բեմադրության հեղինակ է, որոնցից եւ ոչ մեկը դրսի պատվեր չի եղել, այլ ներսիՙ իր ներքին ձայնի եւ հոգու պատվերը: Մինչեւ բեմադրական փորձերը, ընտրված պիեսի հետ նա «տնային» երկար ճանապարհ է անցնում եւ ստեղծում բեմական տեքստ: Շատ ռեժիսորներ են ստեղծում, հայտնի էՙ ոչ մի պիես չի բեմադրվում նույնությամբ, սակայն Խանդիկյանն ստեղծագործում է, հարազատ մնալով գրական երկի հոգուն ու մարմնին, մանրամասնորեն մշակում-գծագրում է դրա բեմական ճարտարապետությունը: Նույնիսկՙ Շեքսպիրի պարագայում, որ թվում է անձեռնմխելի, որից բեմադրել է չորս ողբերգություններ: «Ռոմեո եւ Ջուլիետը», օրինակ, 150 էջ է, այնինչ Դրամատիկականի բեմից հնչում է 60-ը: Սա կարող էր ոտնձգություն համարվել հանճարի հանդեպ, եթե նա կարեւոր կորուստներ ունենար: Բեմադրիչն ասես խոշորացույց աչքով տեսավ ու խտացրեց ողբերգության գրեթե բոլոր էական մտքերը, շարժումներն ու զգացմունքները, ի վերջո հիմնավորապես հարազատ մնալով Շեքսպիր երեւույթին, ինչպես նաեւ արտահայտելով արվեստագետի իր պարականոն բնույթը: Նույնը կարելի է ասել նաեւ «Համլետ», «Հուլիոս Կեսար» եւ «Մակբեթ» ողբերգությունների նախաբեմական փորձերի վերաբերյալ: Խանդիկյանը պիեսն ուսումնասիրում է տեքստաբան գրականագետի ուշադրությամբ, խորանում իրեն հետաքրքրող ցանկացած գրողի ապրած ժամանակաշրջանի մեջ, զուգահեռ երեւույթների, եթե Շեքսպիր է կամ Հիսում Նազովրեցիՙ ուրեմն նաեւ իմաստասիրություն, կրոնի ծալքերը, այդ եւ ուրիշ գունագծերն ուղղելով մեզՙ ապրողներիս: Նրա բեմադրությունները միշտ աչքի են ընկնում արդիական հնչողությամբ, անցյալում ներկան է, պատմությունը մերօրյա խորհուրդներ ունի:

Իբրեւ Հր. Ղափլանյանի անվան Երեւանի Դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, Արմեն Խանդիկյանն իր «տնային աշխատանքը» ներկայացնում է թատրոնի գեղարվեստական խորհրդի դատին եւ միայն նրա համաձայնությունն առնելուց հետո քայլ անում դեպի փորձասենյակ ու բեմ:

Փորձասենյակում շարունակվում է ռեժիսորի ստեղծագործական աշխատանքն արդեն դերասանական խմբի մասնակցությամբ: Նա դերաբաշխումն արել է այնպես, որ յուրաքանչյուր արտիստ ի վիճակի լինի պատկերելու ոչ միայն այս կամ այն կերպարը, այլեւ գրական երկի իր բեմադրական մտահղացման ամբողջականությունը: Այստեղՙ փորձասենյակում, Խանդիկյանը դրամատուրգիական տեքստի ընձեռած երեւացող ու աներեւույթ բոլոր միջոցներով, ասես դրամատուրգն ինքն է եւ բացառիկ մանրամասնությամբ գիտի գրվածքի տակն ու վրան, ձգտում է այդ ամբողջականության ոգուն, որ այնուհետեւ պիտի խորանա ու ծավալվի բեմական փորձերի ժամանակ: Այստեղ, եւ ընդհանրապես, Խանդիկյանի համար երկրորդական գծեր չկան, բոլորն էլՙ բառը, շեշտը, դադարները, նախադասության իմաստն ու նշանակությունը տվյալ րոպեին, հոգեբանությունը, ձայնի ամպլիտուդան, ամեն-ամեն ինչ մշակվում են, թատերայնորեն հղկվում բոլոր կողմերիցՙ ձեռք բերելով մի բարձր հնչողության մակարդակ: Նա տեքստը գիտակցում է, տեսնում, զգում, ենթագիտակցորեն բացահայտում նրա ծալքերը, հատկանիշներ, որոնցից, ցավոք սրտի, զուրկ են ոչ քիչ դերասաններ: Այդպիսիներին Խանդիկյանը մտերմացնում է բեմական խոսքին, սովորեցնում ինչպես արտաբերել բառը եւ ցուցադրել լեզվական հարաբերությունների դրամատուրգիան: Համբերություն է պետք թատերական արվեստի բնույթով պայմանավորված, դերասանական խմբի հետ մանրամասնորեն «ծամել» տեքստը, կրկնել, բազմիցս երկրորդել խոսքի նույն իրավիճակներըՙ մինչեւ որ պիեսի լեզվաոճական շերտը պատրաստ լինի բեմ ելնելու:

Դեռեւս «տնային աշխատանքի» փուլում, իսկ այստեղՙ առավել եւս, Խանդիկյանն ու բեմանկարիչն աստիճանաբար մտահղանում են ներկայացման կահավորանքը, դեկորացիան, հերոսների զգեստները, որոնք Դրամատիկական թատրոնում ունեն ընդգծված գեղանկարչական որակ: Ռեժիսորին նույնքան զբաղեցնում է եւ երաժշտությունըՙ դասական ու ժամանակակից: Թվում է, Արմեն Խանդիկյանն իր բեմադրության երաժշտությունը լսել է ամբողջ կյանքում եւ յուրաքանչյուր օր ու ժամ, այն նրա մեջ է: Շատ դժվար է, եթե ոչ անհնարին, նրա երաժշտական ֆոնը փոխարինել մեկ ուրիշ երաժշտությամբ, մինչեւ իսկՙ խմբագրել, այն օրգանապես հարաբերում է պիեսի ու բեմադրության առանձնահատկություններին, հարստացնում բեմավիճակները համահունչ երաժշտության դրամատուրգիայով: Դժվար չէ նկատել նրա թե՛ շարժուն, եւ թե՛ անշարժ բեմագծագրերը, որոնց ամբողջականությունը նման է կուռ ճարտարապետական կառույցի: Թատրոնի սինթետիկ բնույթը ռեժիսորից պահանջում է շատ արվեստների իմացություն եւ զգացողություններ, որ մարդուս տրվում է տարիների աշխատասիրությամբ եւ ի վերուստ, ինչպես Խանդիկյանի դեպքում: Այստեղ նա բարձրակարգ վարպետ է: Դրամատուրգիայի նրա ընթերցումն աչքի է ընկնում գրականագետի ու լեզվաբանի հմտությամբ եւ մտքի խոհական դրսեւորումով: Նրա նկարչատեսությունը բեմում ստեղծում է թատերական դիմանկարներ, նատյուրմորտներ, կամերային ու մոնումենտալ կոմպոզիցիաներ, որոնք գեղեցիկ լինելուց զատՙ պատկերազարդում են ամբողջ բեմադրության մարմինն ու հոգեղենությունը, զգացմունքներ առաջացնում, իրենց գեղագիտության ալեկոծումներով հմայում հանդիսատեսին: Երաժշտությունը խոսում է իրադարձությունների ու հոգեվիճակների հետ, կարծես հենց դրանց համար ստեղծված լինի: Ի տարբերություն շատ ռեժիսորների, որոնք բեմում, ինչպես թատրոններում ընդունված է ասելՙ «լույս են դնում», որ գրեթե չի փոխվում ամբողջ ներկայացման ընթացքում, զգալիորեն համահարթեցնելով շատ ու տարբեր տեսարանները, Խանդիկյանի լույսն անվերջ խաղում էՙ առաջացնելով կիսամութեր, ստվերներ, խավար, պայծառ բռնկումներ, գունային շարժումներ, ծիածանի բոլոր «հոգեվիճակները» կան այնտեղ: Այս լուսախաղը նույնպես գեղանկարչական էՙ անբաժանելի նրա ռեժիսուրայից: Ինչպես որ թատրոնն է բազմաշերտ միասնականություն, այնպես էլՙ Արմեն Խանդիկյանի թատերարվեստը, որը յուրաքանչյուր բեմադրության ժամանակ, պահպանելով իր ստեղծագործական հայացքի ու հավատամքի ուղղությունը, անցնում է դժվարին որոնումների բովով, որ ոչ բոլորին է տեսանելի: Բեմական փորձերից առաջ նա շատ բան որոշել է ու գտել, բայց ոչ ամեն ինչ: Թանկ գտածոները պետք է փորձարկվեն բեմի վրաՙ անխուսափելի փոփոխություններով եւ նոր խնդիրների առաջադրմամբ:

Թեեւ բեմադրության երկար ընթացքում, պիեսի ընտրությունից սկսած երկրորդական փուլեր չկան, բոլորն էլ կարեւոր են, սակայն, թվում էՙ ամենակարեւորը բեմական փորձերի շրջանն է, որտեղ արդեն ձեռք բերված ամբողջ արդյունքն աստիճանաբար կոնկրետանում է, թատերական ձեւ ու կերպարանք ստանում բազում միզանսցեններով եւ ձգտում հնարավոր ընդհանրացման: Խանդիկյանի միզանսցենն ունի գրաֆիկական գծագիր, բոլոր դիրքերն ու շարժումները կապված են իրար ներքին տրամաբանությամբ, չկա ոչ մի դատարկ կրակոց, Հուդան, որին մարմնավորում է Արթուր Ութմազյանը, բեմ է ելնում լուռ, սեւավորված, անհանգիստ ու նյարդային, կասկածելի հաստատակամությամբՙ բեմադրության էքսպոզիցիայում իսկ քայլ անելով դեպի երկու ժամ հետո իր դավաճանությունն ու ինքնասպանությունը, այդ մուտքը կրում է ճակատագրակւան մահվան շունչը, Խանդիկյանի կողմից խորապես գիտակցված եւ փայլուն կերպով իրականացված շղթայական ռեակցիայի սկիզբ ու վերջ:

Բեմական տեսարաններ ստեղծելիսՙ Արմեն Խանդիկյանը խուսափում է արտաքին էֆեկտներից, նրանը հոգեբանություն, զգացմունքներ, միտք արտահայտող գեղագիտությունն է, մի զգալի չափով ենթաբնագրային ասելիք, երեւույթի խորքային շերտերի ցուցադրանք: Նա դերասաններին ուղղորդում է դեպի զուսպ խաղաոճը, փորձում նրանցից ստանալ ներքին վիճակի պատկերներ, խաղալ նաեւ առանց խաղալու, ապրել հերոսի կյանքն իբրեւ անխուսափելի ճակատագիր, բեմում ներկա գտնվել նաեւ բացակա ժամանակ, մինչեւ իսկՙ ներկայացումից հետո: Այս եզրագծերը նվաճվում են դժվարությամբ, ամենօրյա քրտնաջան աշխատանքով, մանավանդ եթե դերասանն ու դերասանուհին բարձր վարպետություն չունեն եւ կամ այնքան արհեստավարժ են ու եսական, որ ակամայորեն ընդդիմանում են ռեժիսորի մտահղացմանըՙ ներքուստ չցանկանալով տեղավորվել նրա տեսլականի մեջ: Խանդիկյանը արտիստներից խնդրելու պես պահանջում է անհատապես ու խմբովին կրկնել ու դարձյալ կրկնել խաղը, ամբողջական տեսարաններ: Դժգոհ է, ինքն է բեմ ելնում եւ ցույց տալիս ինչպես պետք է խաղալ, ինչ շարժում անել, ուր գնալ, որտեղ կանգնել, վերլուծում է միզանսցենի իմաստն ու նպատակը, հորդորում բառն արտասանել ճիշտ շեշտադրությամբ ու ձայնային որակով, քանզի բառը բեմում ավելի քան բառ է, կյանք ու աշխարհ: Դարձյալ բազում կրկնություններ: Վերջապես ռեժիսորը ժպտում է դահլիճի փորձասեղանիցՙ նա գոհ է եւ ազդարարում շատ կարճ ընդմիջում, շուտով էլ ամեն բան նորից սկսելու: Գնալով իրենց բեմադրիչի ետեւից, իրականացնելով նրա ստեղծագործական մտահղացումները, ի վերջո, բոլոր դերասաններն էլ շահում են, ոչ ոք տակ չի տալիս, շնորհալիները, որոնք Դրամատիկականում քիչ չեն, առավել փայլատակում: Այստեղ ամեն դերակատարման մեջ, դերասանի կողքին Խանդիկյան կա, մինչեւ իսկՙ դերասանուհու մարմնավորած կերպարի, մոտավորապես Գյուստավ Ֆլոբերի խոստովանությամբՙ «Տիկին Բովարին ես եմ»: Նա է Քլեմենտինը, Օֆելիան, Ջուլիետը, Լեդի Մակբեթը եւ շատ ուրիշներ:

Ես բազմիցս ներկա եմ եղել Արմեն Խանդիկյանի բեմական փորձերին եւ ստացել գեղագիտական բավականություն: Դրանք թեեւ դեռեւս հում, սակայն հիանալի ու իմաստուն ներկայացումներ ենՙ ռեժիսորի յուրահատուկ տաղանդի կնիքով:

Որպես Հր. Ղափլանյանի անվան Դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, Խանդիկյանը «խմբագրի» իրավունքով, իբրեւ երրորդ աչք, մասնակից է այլոց բեմադրությունների գրեթե բոլոր շրջափուլերին, հատկապեսՙ բեմական փորձարարությանը: Այստեղ նա վարչահրամայական կեցվածք չունի, այլ ստեղծագործական-խորհրդատվականՙ փոխադարձ համաձայնությամբ, համախոհության ճանապարհով բեմադրությունն ի լրումն հասցնելու, որն ինքնին մի որոշակի հաջողություն լինելով հանդերձՙ արտահայտի նաեւ Դրամատիկականի միաձույլ ու ամբողջական խաղացանկի գեղագիտական բնույթըՙ նրան հարազատ եւ ոչ օտար մարմին: Սա իսկական խաղացանկայնության պահանջն է, որ իրականացվում է գեղարվեստական ղեկավարի հոգեւոր հսկողությամբ:

Յուրաքանչյուր ներկայացումից հետո դերասանները մոտենում են բեմեզրին ու խոնարհվում հանդիսատեսի առջեւ, որ նա եկավ թատրոն, տեսավ իրենց եւ բուռն ծափահարությամբ իր հիացմունքն է արտահայտում: Նրանց շարքում բացակայում է միայն մեկըՙ ռեժիսորը, այդ ժամանակ նա նույնիսկ կուլիսներում չէ: (Մավրն արել է իր գործը եւ հեռացել): Իսկապես, ռեժիսորի այնքան գլխավոր եւ վճռական դերախաղը թերեւս ամենաողբերգականն էՙ իր այս բացակայությամբ: Սակայն ես ուրախ եմ, որ արդեն շատ տարիներ մեր հանդիսատեսը տեսնում եւ ծափահարում է նաեւ Արմեն Խանդիկյանինՙ բացառիկ իրողություն, եւ սիրում նրա մի քիչ տխուր, մի քիչ ուրախ կապտաչյա ժպիտը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4