ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#24, 2008-12-20 | #1, 2009-05-09 | #2, 2009-05-23


ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԱԶԱՏՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Երիտասարդ ստեղծագործողների մեր այս անկյունը հակված է նոր, շնորհալի անունների բացահայտման: Փորձ կարվի ներկայացնել նրանց ստեղծագործական մոտեցումները, գեղագիտական հայացքները, վերաբերմունքը արվեստի ավանդական եւ նորագույն ձեւերին: Երիտասարդ լրագրող Մարիամ Մուղդուսյանն այսօր ներկայացնում է նկարիչ Մովսես Թադեւոսյանին, որի հետ զրույցը Հայաստանում ստեղծագործողի վիճակի մասին, մտահոգիչ է: Որքան էլ անցանկալիՙ նկարիչը սեփական կենսափորձից Թուրքիայում ընձեռված ռեալ հնարավորությունները գերադասում է Հայաստանում ունեցած ստեղծագործական ազատությունից:

... Առեւտրական շահավետությունը հայերին վաղուց է ձգում Թուրքիա, ցավալի է, որ այս երեւույթը վարակել է նաեւ արվեստով զբաղված մարդկանց:


«Էնքան հիասթափված էի Հայաստանից, որ մի օր ուղղակի վերցրեցի ներկերս, էտյուդնիկս ու ավտոբուսով մեկնեցի Թուրքիա: Ամեն գործ էլ անում էի, մինչեւ քիչ-քիչ լեզուն սովորեցի, հարմարվեցի ու սկսեցի ստեղծագործել»,-պատմում է նկարիչ Մովսես Թադեւոսյանը: Մովսեսն ունեցել է բազմաթիվ խմբակային ցուցահանդեսներ ե՛ւ Երեւանում, ե՛ւ Թուրքիայում: Ունեցել է նաեւ 3 անհատական ցուցահանդես Ստամբուլում: Նա 7 ամիս է, ինչ վերադարձել է այնտեղից եւ արդեն հասցրել է կողմնորոշվել. «Այստեղ ստեղծագործող մարդը կարող է ազատ գրել , նկարել, ասել, ինչ ուզում է, սակայն այստեղ հնարավորություն չկա: Հայաստանում այնքան մեծ է այդ հնարավորություն չլինելու խնդիրը, որն անգամ չի թողնում նկարել: Մենք` հայերս, ներդրում չենք կատարում արվեստի մեջ: Այո, գալիս, նայում են, ասում` լավն է, սակայն ոչ ավելին»:

Մովսեսն իր ապագան չի տեսնում Հայաստանում եւ իրեն գնահատված չի զգում այստեղ: Իբրեւ համեմատություն երկու երկրների միջեւ` բերեց հետեւյալ օրինակը. «Ինքներդ համեմատեք, Թուրքիայում ունեի ամեն ինչ, անգամ ժամանակ չունեի պատվերների համար, իսկ այստեղ ՆՄ-ում (Նկարիչների միություն) մասնակցեցի խմբակային ցուցահանդեսի եւ հիմա անգամ հնարավորություն չունեմ, որ տաքսիով այդ նկարները տուն տանեմ: Ցավալի է, որ այդ հնարավորությունը տալիս է Թուրքիան»:

Թեեւ Մովսեսը չի կարողանում իր համար անգամ ներկեր գնել, նկարել, սակայն Թուրքիայում եւս ամեն ինչ հարթ չի գնացել: Իր իսկ խոսքերովՙ «Թուրքիայում կա հնարավորություն, սակայն չկա ստեղծագործական ազատություն: Այնտեղ չես կարող նկարել ամենն, ինչ ուզում ես, իսկ մեզ մոտ ուզածդ թեմայով կարող ես ստեղծագործել, սակայն այն էլ գրեթե ոչ ոքի պետք չէ»:

Նկարչին վիրավորում է հատկապես վերաբերմունքը. «Ինձ այնտեղ բազմիցս են ասել, որ արվեստագետը ինչ-որ մի աստիճանով բարձր է կանգնած, որ նրանից պետք է վերցնել, ստանալ ինչ-որ բան, իսկ այստեղ նման վերաբերմունք չկա»:

Մովսեսի կարծիքով այստեղ էլ կան հաջողության հասած նկարիչներ, սակայն երիտասարդներ չեն, հաջողությունը երկար տարիներ անց են ձեռք բերել, կամ էլ ինքնուրույն չեն հասել այդ արդյունքին: Այս պայմաններում ի՞նչ պետք է անի երիտասարդ արվեստագետը: Մովսեսն իր համար գտել է պատասխանը. «Ես Հայաստանից դուրս եմ տեսնում իմ ապագան»:

Նկարիչն ասաց նաեւ, որ նկարների գնորդներ չի փնտրելու Վերնիսաժում: «Հայաստանյան գներով մեկ դիմանկարը տատանվում է մոտ 200-300 դոլարի սահմաններում, մինչդեռ այնտեղՙ նվազագույնը մոտ 2.500 դոլար, եւ եթե այստեղ հաճախ նկարիչները չեն գտնում գնորդներ հայտնի չլինելու կամ այլ պատճառով, ապա Թուրքիայում ես այդ խնդիրը չունեի»:

Մովսեսին առաջարկել են դառնալ Թուրքիայի նկարիչների միության անդամ, սակայն նա հրաժարվել է. «Մտածեցի` այսպիսով մի տեսակ կձուլվեմ նրանց, կհեռանամ»: Նկարների մասին ասաց, որ դրանք իր երեխաներն են, եւ ամեն մեկն իր ճակատագիրն ունի, ու իմաստ չի տեսնում իր կողքը պահելու:

Մովսեսի կտավներում զգացվում է ներքին խաղաղություն, գերիշխում են կապույտ, բաց դեղին գույները: Չնայած այս խաղաղ գունային լուծումներին, թեմատիկան հիմնականում աղբն է: Այս տարօրինակ հակադրության մասին նկարիչն ասաց. «Այս թեման սերտորեն առնչվում է մարդուն: Որտեղ կա մարդ, այնտեղ կա նաեւ աղբ: Բացի այդ, երբ ամեն քայլափոխի աչքդ դա է տեսնում, տեսնում ես, որ մարդ կա` աղբը ապրուստի միջոց է դարձրել, էս ամենի նկատմամբ առաջանում է մի վերաբերմունք, որն արտացոլվում է կտավի վրա»,-մեկնաբանում է Մովսեսը:

Վերջում թեՙ որ պատրաստվում է կրկին մեկնել Հայաստանից. «Երբ ունես ստեղծագործական ազատություն, սակայն չունես այն իրականացնելու հնարավորություն, անիմաստ է այլեւս այդ երկրում մնալը, այն էլ չգնահատված: Թուրքիայում գոնե գիտեմ` նկարելու եմ: Հետո կմեկնեմ Փարիզ, որ ստեղծագործական ազատություն ունենամ, իսկ հիմա մեկնում եմ նույն հիասթափված տրամադրությամբ, որով մեկնել էի 7 տարի առաջ»:

ՄԱՐԻԱՄ ՄՈՒՂԴՈՒՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4