«Ազգ մշակութային հավելվածի» էջերում այսուհետեւ տեղ կգտնեն պատառիկներ հայ եւ համաշխարհային մշակույթի երեւելի դեմքերի նամակագրական ժառանգությունից:
Այս համարում ներկայացնում ենք XX դարի գերմանացի բանաստեղծ Ռայներ Մարիա Ռիլկեի, հայր եւ որդի Լեոնիդ եւ Բորիս Պաստեռնակների միջեւ 1926 թվականին կայացած նամակագրության մի հատված, երբ ռուս գրող Բորիս Պաստեռնակը բոլշեւիկյան հետհեղափոխական անկումային տրամադրության մեջ հոգեկան վերելք ու ցնծություն է ապրում իր մասին հորՙ նկարիչ Լեոնիդ Պաստեռնակին ուղղած Ռիլկեի նամակի դրվատանքի խոսքերից: Թարգմանությունը ռուսերենից կատարված է «Ռայներ Մարիա Ռիլկե, Բորիս Պաստեռնակ, Մարինա Ցվետաեւա, 1926 թվականի նամակներ» 1990-ի մոսկովյան հրատարակությունից: Ընթերցանության գեղագիտական վայելքից բացի այս նամակագրությունը օրինակ է մեծ հոգիների մտերմության, միմյանց արվեստով հիանալու, ներշնչվելու, գնահատելու կարողության հազվագյուտ արվեստի:
Բ. Պաստեռնակը (1890-1960թթ.) թե,ւ հեղինակ էր բանաստեղծական մի քանի ժողովածուների («Քույր իմՙ կյանք», «Թեմա եւ վարիացիաներ»), բայց ապրում էր անբավարարվածության եւ անհուսության խոր զգացում. նա կարծում էր, թե 1917-1918թթ. իր ստեղծած պոեզիան աննշան մի բան է, թե հեղափոխությունը եւ պատերազմական ժամանակը ստիպում են ստեղծել պատմական երկեր ու էպոս եւ ոչՙ քնարական պոեզիա: Ստեղծագործական ոչ բավարար կյանքի եւ նյութական ծանր վիճակի պատճառով նա հայտնվում է հոգեկան ճգնաժամի մեջ: Այս դժվարին շրջանում նրան հոգեկան նեցուկ է դառնում Ֆրանսիայումՙ վտարանդիության մեջ ապրող Մարինա Ցվետաեւան (1892-1941թթ.), որի հետ Պաստեռնակը կապված էր նամակագրությամբ: Նամակներով Ցվետաեւան Պաստեռնակի համար դառնում է անփոխարինելի անհրաժեշտություն. նա Պաստեռնակի առաջին ընթերցողն ու քննադատն էր: Պաստեռնակի համար ստեղծագործական ոգեշնչման աղբյուր են դառնում Ցվետաեւայիՙ այդ տարիներին գրվող պոեմները: Երկարատեւ «լռությունից» հետո Պաստեռնակը ձեռնամուխ է լինում «Ինը հարյուր հինգ թվական» պոեմի ստեղծմանը:
Ցվետաեւային եւ Պաստեռնակին միավորում էր նաեւ պաշտամունքի հասնող սերը գերմանացի մեծ բանաստեղծ Ռայներ Մարիա Ռիլկեի (1875-1926) նկատմամբ:
Կ. Մ.
Ռայներ Մարիա Ռիլկենՙ Լեոնիդ Օսիպովիչ Պաստեռնակին
Շվեյցարիա, Վալ-Մոն Գլիոն սյուր Տերրիտեի (Վո) մոտ 14 մարտի 1926
Իմ թանկագի՜ն Լեոնիդ Օսիպովիչ Պաստեռնակ,
Ոչ, ես չեմ կարող ռուսերեն գրել Ձեզ, բայց ես կարդացի Ձեր նամակը, եւ եթե մինչեւ անգամ բոլորովին հեռացած լինեի ռուսերենից (իսկ ես դեռեւս բավականաչափ լավ եմ հիշում այն, միայն, ցավոք, շատ հազվադեպ եմ անդրադառնում դրան...), եթե մինչեւ անգամ այլեւս երբեք չտիրապետեի ռուսերենին, բայց Ձեզ կարդալու մեծագույն եւ անսպասելի ուրախությունը, սիրելի՛, թանկագի՛ն ընկեր, մի ակնթարթ ինձ կվերադարձներ այն ամենը, ինչը գիտեի նախկինում. յուրաքանչյուր իրադրության մեջ եւ յուրաքանչյուր լեզվով ես կհասկանայի այս հաճելի նամակը: Ուզում եմ իսկույն հավաստիացնել Ձեզ, որ Դուք եւ Ձեր մտերիմները, այն ամենը, ինչ վերաբերում է հին Ռուսաստանին (անմոռանալի առեղծվածային հ ե ք ի ա թ), այն ամենը, ինչ Դուք հիշեցրել եք Ձեր նամակում, հարազատ է ինձ, թանկագին ու սուրբ եւ առհավետ ընկա՜ծ է իմ կյանքի հիմքում: Այո, մեզ բոլորիս վիճակվեց ապրել ոչ քիչ փոփոխություններ եւ ամենից ավելիՙ Ձեր երկրին: Բայց եթե մեզ վիճակված չէ ապրել մինչեւ նրա վերածնունդը, միայն այն պատճառով է, որ խորապես հնամենի, հավերժ զրկանքներ ճաշակած Ռուսաստանն այժմ վերադարձել է իր թաքուն արմատներին, ինչպես մի անգամ արդեն եղել է թաթարների լծի տակ գտնված ժամանակ. ո՞վ կկասկածի, որ նա ապրում է եւ խավարով պարուրվածՙ աննկատ ու դանդաղ, իր անշտապության մեջՙ վեհ, ուժեր է հավաքում ինչ-որ մեկի, գուցե հեռավոր ապագայի՞ համար: Ձեր արտաքսումը, իրեն անսահմանորեն նվիրված միլիոնավոր մարդկանց արտաքսումը սնվում է այդ նախապատրաստությամբ, որ ընթանում է որոշ չափով չօգտագործված եւ դրան համապատասխան, ինչպես հնամենի Ռուսաստանն է հողի տակ անցել, թաքնվել է հողի մեջ, այդպես էլ Դուք բոլորդ հեռացել եք իրենից միայն այն պատճառով, որ պահպանեք հավատարմությունն իր նկատմամբ հիմա, երբ ինքը պահ է մտել: Ի՜նչ ուժով ու ինչպիսի՜ հուզմունքով, թանկագի՛ն Լ ե ո ն ի դ Օ ս ի պ ո վ ի չ Պ ա ս տ ե ռ ն ա կ, զգացի այդ ամենն անցյալ տարի Փարիզում. ես այնտեղ հանդիպեցի իմ հին ռուս բարեկամներին ու գտա նորերին, եւ տարբեր տեղերից ինձ հասավ Ձեր որդի Բորիսի վաղահաս փառքի մասին լուրը: Փարիզում գտնված ժամանակ վերջին անգամ, երբ փորձեցի կարդալ, նրա շատ լավ բանաստեղծություններն էին (Իլյա Էրենբուրգի հրատարակած փոքրիկ անթոլոգիայում, ցավոք, հետո այն նվիրեցի ռուս պարուհի Միլե Սիրուլին, ասում եմՙ ցավոք, որովհետեւ հետագայում մեկ անգամ չէ, որ ցանկացել եմ դրանք կարդալ): Իսկ հիմա հուզված եմ այն լուրից, որ ոչ միայն Բորիսը, որ արդեն նոր սերնդի ճանաչված բանաստեղծն է եւ շարունակում է հետաքրքրվել ինձնով ու իմ աշխատանքով, այլեւ Դուք բոլորդ պահպանել եք Ձեր սրտագին ու կարեկից վերաբերմունքն իմ կյանքի նկատմամբ եւ Դո՛ւք, սիրելի՛ ընկեր, Ձեր հարազատների մեջ պահպանել եք հիշողությունն իմ մասին ու սնել նրանց համակրանքով իմ նկատմամբՙ այդպես անվերջանալիորեն բազմապատկելով իմ սրտին թանկ այդ հարստությունը:
Ինձ համար ուրախալի ու հաճելի է գիտակցել, որ Դուք ապրում եւ աշխատում եք համեմատաբար բավարար պայմաններում, որ Ձեր ընտանիքի մի մասը Ձեզ հետ է: Ինչ էլ որ լինի, ես նախապես դեմ եմ այն բանին, որ իմ դիմանկարն անեն, բայց եթե երբեւէ մենք մտերմանանք, եւ ինչ-որ մի տարածքում կայանա մեր հանդիպումը, հպարտ կլինեմ իմ համեստ տեղը գրավելու Ձեր բնորդների շարքում: Սակայն ավելի հավանական է, որ Դուք հանդիպեք Կլարա Ռիլկեին, որ մշտապես ապրում է Գերմանիայում (Բրեմենից ոչ հեռու): Նա լինում է նաեւ մեր աղջկա մոտ, որն ամուսնացել եւ ապրում է Սաքսոնիայում գտնվող մի կալվածքում. երկուսուկես տարի առաջ նա ինձ թոռնիկ պարգեւեց, եւ հիմա ես պապիկ եմ:
Դուք գիտեք, որ պատերազմից առաջ ինձ համար Փարիզը կամաց-կամաց դարձավ մշտապես ապրելու վայր, բայց 1914թ., երբ նոր պատերազմի դժբախտ լուրը պայթեց, ես պատահաբար հայտնվեցի Մյունխենում, ծանոթների մոտ: Այնտեղ երկար, սարսափելի, համարյա մահացու տարիներ անցկացրեցի: 1919թ.-ին տեղափոխվեցի Շվեյցարիա, որտեղ եւ ապրում եմ հիմա դյու Վալե (Վալլիս) սքանչելի շրջանում, որ իր բնապատկերներով հիշեցնում է Իսպանիան կամ Պրովանսը, փոքրիկ, հինավուրց, 13-րդ դարի մի դղյակում, լիակատար մենության մեջՙ զբաղված միայն իմ պարտեզում վարդեր խնամելով: Ժամանակ առ ժամանակ, երբ կացարանիս անսահման մենությունը, որին այնքան շատ եմ պարտական, սպառնում է հաղթել իմ կենսական ուժերին եւ դառնալ վտանգավոր, մեկնում եմ Փարիզ կամ Իտալիա: Ներկայումս տանը չեմ, այլ Վալ-Մոնի առողջարանում, որտեղ գտնվում եմ դեկտեմբերից. առողջությունս ինչ-որ այն չէ, թեեւ սովորաբար տանելի է եղել: Այդ պատճառով էլ ուշացրեցի պատասխանը (այստեղից համարյա նամակներ չեմ գրում): Բայց հուսով եմ, որ կարդալով այս էջերը, Դուք կներեք ինձ ուշացման համար ու կմոռանաք այդ մասին: Ողջ սրտով խոնարհվում եմ Ձեր բոլորի առջեւ ու գրկո՜ւմ եմ Ձեզ անկեղծորեն եւ երախտագիտությամբ:
Ձեր Ռիլկե
Հ.Գ. Փարիզյան «Կոմմերս» շատ լավ ամսագրի հենց ձմեռային ծավալուն համարում, որ հրատարակում է մեծ բանաստեղծ Պոլ Վալերին, տեղ են գտել Բորիս Պաստեռնակի անչափ տպավորիչ բանաստեղծությունները, որոնք ֆրանսերեն է թարգմանել Ելենա Իզվոլսկայան (նրան նույնպես հանդիպել եմ Փարիզում):
Բորիս Պաստեռնակըՙ Ռայներ Մարիա Ռիլկեին
12 ապրիլի 1926, Մոսկվա
Մեծ՜, պաշտելի՜ բանաստեղծ,
Ես չգիտեմՙ որտեղ կավարտվեր այս նամակը եւ ինչով կտարբերվեր կյանքից, թույլ տուր ինձ լիաբուռն խոսել սիրո, զարմանքի եւ երախտագիտության զգացումների մասին, որոնք զգում եմ ահա արդեն քսան տարի:
Ես պարտական եմ Ձեզ իմ բնավորության հիմնական գծերով, հոգեկան աշխարհի ողջ պաշարով: Դուք եք ստեղծել դրանք: Ես խոսում եմ Ձեզ հետ, ինչպես կխոսեն վաղուց կատարվածի մասին, որն էլ, ի վերջո, ամբողջ կատարվածի ակունքն է. ասես ամեն ինչ սկիզբ է առել այդտեղից: Ես ուրախությունից կորցրել եմ ինձ, որ որպես բանաստեղծ արժանացել եմ Ձեր ուշադրությանը. ինձ նույնքան դժվար կլիներ պատկերացնել դա, եթե խոսքը վերաբերեր Պուշկինին կամ Էսքիլոսին:
Ճակատագրերի այդպիսի զուգադիպությունից ծնված անպատկերացնելի զգացումը, որ իր կսկծալի անհնարինությամբ թափանցել է իմ մեջ, հնարավոր չէ արտահայտել, երբ գրում եմ այս տողերը: Այն, որ Դուք հրաշքով ինձ նկատեցիք, ցնցեց ինձ: Այդ մասին լուրն արձագանքեց իմ հոգում, ինչպես հոսանքի կարճ միացումը:
Բոլորը տնից գնացել էին, եւ ես սենյակում մենակ էի, երբ այդ մասին մի քանի տող կարդացի Լ.Օ-ի նամակում: Ես նետվեցի դեպի պատուհանը. ձյուն էր գալիս, մարդիկ էին անցնում: Ես չէի զգում շրջապատը, ես լալիս էի: Զբոսանքից վերադարձավ որդիսՙ դայակի հետ, հետո եկավ կինս: Ես լռում էի. ժամեր շարունակ չէի կարողանում բառ արտաբերել:
Մինչ այս պահը անսահման շնորհակալ եմ եղել Ձեզՙ Ձեր պոեզիայի ընդարձակ, անվերջանալի, անհուն բարերարության համար: Հիմա երախտապարտ եմ Ձեզ իմ ճակատագրում Ձեր անակնկալ եւ ուշադիր, բարերար միջամտության համարՙ ասված այդպիսի առանձնահատուկ ձեւով: Ընդ որում, խորանալ մանրամասների մեջ, կնշանակեր հավակնել Ձեր ուշադրությանը, ինչ ես երբեք չեմ համարձակվի անել, քանի դեռ Դուք ինքներդ ինձ այդ չեք հրամայել: Դա կնշանակեր նաեւ հասու լինել պատմության ողբերգական դեպքերի շղթային եւ կարողանալ պատմել դրանց մասին, որ, հավանաբար, վեր է իմ ուժերից:
Այնուամենայնիվ, ամեն ոք, ով ընդունակ է սովորելու, կարող է մեր կյանքի փորձից յուրացնել այն, որ մեծությունն իր անմիջական դրսեւորման մեջ դառնում է իր սեփական հակապատկերը: Այն իրականում չնչին է դառնում իր մեծության չափով եւ պասիվՙ իր ակտիվության չափով:
Այդպիսին է, ի միջի այլոց, նաեւ մեր հեղափոխությունը. այն հակասական է հենց իր ծագման պահից. ժամանակների ընթացքի պայթյուն էՙ անշարժության եւ սոսկալի տեսարժանության տեսքով: Այսպիսին են եւ մեր ճակատագրերըՙ անշարժ , կարճատեւ, կախված մութ ու մեծագույն պատմական բացառիկությունից, ողբերգականՙ նույնիսկ ամենաչնչին ու ծիծաղաշարժ դրսեւորումներում: Սակայն ինչո՞ւ ես խոսքով ընկա: Ինչ վերաբերում է բանաստեղծին, այլ կերպ ասած, եվրոպական համընդհանրության լույսի բեկման առանձնահատուկին, նա իրար միաձուլված միլիոնավոր անանուն ժամանակակիցների ճակատագիրն է, իսկ պոեզիայում... պոեզիայում ամեն ինչ նույնն է: Ինչպես հնում, այնպես էլ այժմ եւ այստեղ , ամեն ինչ կախված է դիպվածի կամքից, որ, ընկալված լինելով խորապես եւ ժամանակին, հանգեցնում է հատկապես պակասող բեկմանը: Այդ ժամանակ ամեն ինչ դառնում է հիմարության չափ պարզունակ, պատմականությունից դուրս ու հասու ժամանակի ընթացքին, ազատ ու ճակատագրական: Այդ ժամանակ նորից դառնում ես բանաստեղծ, թեեւ ութ տարի շարունակ մոռացել էիր այդ ուժասպառ անող երջանկության մասին: Այդպես եղավ ինձ հետ վերջին օրերին: Իսկ մինչ այդՙ ութ երկար տարիներ ես խորապես դժբախտ էի, միեւնույն էՙ թե մեռած, թեեւ ամենախոր վհատության դեպքում էլ չէի մոռանում հեղափոխության վեհ ողբերգականության մասին: Ես բոլորովին գրել չէի կարողանում, ես ապրում էի սովորույթի ուժով: Ամեն ինչ արդեն գրվել էր 1917-1918 թվականներին:
Իսկ հիմա ասես ծնվել եմ վերստին: Երկու պատճառով: Առաջինի մասին արդեն ասացի: Այն ստիպում է ինձ համրանալ երախտագիտությունից, եւ ինչքան էլ այդ մասին գրեմ, չի համեմատվի իմ զգացմունքների հետ:
Թույլ տվեք ինձ մյուսի մասին նույնպես ասել, առավել եւս, որ ինձ համար այդ իրադարձությունները փոխադարձաբար կապված են. խոսքը բանաստեղծուհու մասին է, որ սիրում է Ձեզ ոչ պակաս եւ ոչ այլ կերպ, քան ես, որ (ինչքան էլ այդ ավել կամ պակաս չընկալվի) կարող է այնքան, որքան եւ ես, համարվել Ձեր բանաստեղծական կենսագրության մի մասըՙ իր ուժով ու ընդգրկումով:
Հենց այդ նույնՙ Ձեր մասին լուր ստանալու օրը, ես այստեղի կողմնակի ճանապարհներով պոեմ ստացաՙ գրված այնպես անկեղծորեն ու ճշմարտացի, ինչպես այստեղՙ ՍՍՀՄ-ում մեզնից ոչ մեկն արդեն չի կարող գրել: Դա այդ օրվա երկրորդ ցնցումն էր: Դա Մարինա Ցվետաեւան էՙ ի ծնե մեծ տաղանդով օժտված բանաստեղծ, իր կերտվածքով ազգակից Դեբորդ Վալմորին# (ֆրանսիացի բանաստեղծուհի - Կ. Մ.): Նա ապրում է Փարիզումՙ վտարանդիության մեջ: Ես կուզենայի, օ՜, ի սեր Աստծո, ներեցե՛ք ինձ իմ հանդգնության ու ակնհայտ պնդերեսության համար, ես կուզենայի, ես կհամարձակվեի ցանկանալ, որ նա նույնպես ապրեր այդ ուրախությունը, որ Ձեր շնորհիվ թափվեց իմ գլխին: Պատկերացնում եմ, թե ինչ կլինի նրա համար Ձեր մակագրությամբ գիրքը, գուցե «Դուինյան Էլեգիաները», որ ինձ հայտնի է միայն լսածով: Խնդրում եմ, ներեցե՜ք ինձ: Բայց բեկված աշխարհում այդ խոր եւ հեռուն գնացող զուգադիպությունից, ուրախությունից կուրացածՙ կուզենայի պատկերացնել, որ ճշմարտությունը հատկապես այդպիսի բեկման մեջ է, որ իմ խնդրանքն իրագործելի է եւ իմաստ ունի: Ո՞ւմ համար, ինչո՞ւ: Ես դա չեմ կարող ասել: Գուցե բանաստեղծի համար, որ հավերժորեն պոեզիա է ստեղծում եւ տարբեր ժամանակներում ունենում է տարբեր անուններ:
Նրա անունն է Մարինա Իվանովնա Ցվետաեւա, եւ նա ապրում է Փարիզում.19mearr. 8, Rue Rouvet:
Թույլ տվեք Ձերՙ ինձ ուղղված պատասխանը համարել Ցվետաեւայի մասին իմ խնդրանքի կատարումը: Դա ինձ համար նշան կլինի, որ ես հետագայում էլ կարող եմ Ձեզ գրել: Ես չեմ համարձակվում երազել ուղղակի պատասխանի մասին: Առանց այն էլ այնքան ժամանակ խլեցի ձեզանից իմ ձգձգված նամակով, որ անկասկած լի է սխալներով ու անհեթեթություններով: Երբ սկսեցի, միայն մտածում էի ըստ արժանվույն հավաստել Ձեզ իմ խոր ակնածանքը: Անսպասելիորեն ու արդեն որերորդ անգամ զգացի, թե Դուք ինչ հայտնություն եք ինձ համար: Ես մոռացա, որ զգացմունքները, որոնք տարածվում են տարիների, հասակների, տարբեր վայրերի ու դեպքերի վրա, չեն կարող մեկ նամակում անակնկալ ընդգրկվելու փորձին տրվել: Եվ փա՛ռք Աստծո, որ մոռացա: Այլապես չէի գրի նաեւ այս անզոր տողերը: Կան նույնիսկ գրոտված թերթեր, որոնք երբեք չեմ համարձակվի ուղարկել Ձեզՙ իրենց շատախոսության եւ անհամեստության պատճառով, եւ երկու բանաստեղծական ժողովածուներ, որոնք առաջին իսկ մղումով պատրաստվեցի ուղարկել ձեզ, որպեսզի դրանցով, ինչպես զմուռսով, նկատելիորեն կնքեի այս նամակը, ու չեմ ուղարկում երկյուղից, որովհետեւ Դուք ինչ-որ ժամանակ կուզենաք կարդալ այդ զմուռսը: Բայց ամեն ինչ ավելորդ է, արժե ասել այն, որն ամենակարեւորն է: Ես սիրում եմ Ձեզ այնպես, ինչպես պոեզիան կարող է ու պետք է սիրված լինի, ինչպես կենդանի մշակույթը փառաբանում է իր գագաթներին, ուրախանում եւ գոյատեւում է նրանցով: Ես սիրում եմ Ձեզ ու կարող եմ հպարտանալ, որ Ձեզ չի նվաստացնի ո՛չ իմ, եւ ո՛չ էլ իմ ամենամեծ եւ, հավանաբար, միակ ընկերոջՙ Մարինայի սերը, որի մասին արդեն հիշատակեցի:
Եթե Դուք կուզենայիք երջանկացնել ինձ Ձեր ձեռքով գրված մի քանի տողով, ես կխնդրեի Ձեզ դրա համար օգտվել Ցվետաեւայի հասցեից: Համոզված չեմ, որ փոստային առաքումները Շվեյցարիայից կհասնեն մեզ:
Ձեր Բորիս Պաստեռնակ
«Բորիս Պաստեռնակն ասես շանթահարվում է Ռիլկեիՙ իր մասին ասված խոսքերից: Ստեղծագործական սուր անբավարարվածության եւ անձկության շրջանումՙ մոսկովյան կենցաղի անբարեկարգ ֆոնին, լուրը, որ Ռիլկեն ողջ է եւ գիտի իր գոյության մասին, հնչում է ինչպես ճակատագրի ձայնՙ հիշեցնելով, որ մինչպատերազմյան Եվրոպայի կործանումից հետո էլ հոգեւոր կյանքն իր բարձրագույն դրսեւորումներով պահպանվել է, որ բաժան-բաժան եղած աշխարհում գոյություն ունի եվրոպական համընդհանրություն, որն ի վիճակի է ծնելու կենդանի ու իսկական պոեզիա: Այդ ապշեցուցիչ լուրը հասնում է նրան հասարակ, տնավարի, հոր սովորական ձեռագրով գրված նամակով: Նա անտանելիորեն ուզում է տեսնել եւ կարդալ հենց Ռիլկեի բառերըՙ անմիջականորեն, ոչ հոր հայտնածով:
Հոր նամակը հասնում է նրան հենց այն նույն օրը, երբ նա կարդում է պատահականորեն իրեն հասած Ցվետաեւայի «Պոեմ վերջավորը»ՙ նրա ամենապայծառ եւ ամենավառ ստեղծագործություններից մեկը: Այդ զուգադիպությունը Պատեռնակին շատ ուժեղ ապրումներ է պատճառում: Տարիներ անց նա վերհիշում է այդ մասին իր «Պահպանագիր» (1931թ.) ստեղծագործության վերջաբանում, որը Ռիլկեին հետմահու գրված մի յուրօրինակ նամակ էր. Պաստեռնակը չհասցրեց գրել Ռիլկեինՙ նրա կենդանության օրոք.
«Եթե դուք ապրեիք այսօր, Ձեզ այսպիսի նամակ կգրեի: Հիմա ես վերջացրել եմ «Պահպանագիրը»ՙ նվիրված Ձեր հիշատակին, իսկ երեկ երեկոյան ինձ կանչեցին «Վոկս»-իցՙ անձամբ Ձեզ հետ կապված գործով: Ձեր նամակները հետմահու հավաքելու համար Գերմանիայից խնդրում էին այն գրությունը, որտեղ գրել էիք, թե Դուք գրկում եւ օրհնում եք ինձ: Դրան ես այն ժամանակ չպատասխանեցի, որովհետեւ հավատում էի Ձեզ հետ մոտակա հանդիպմանը: Բայց իմ փոխարեն արտասահման գնացին կինս եւ տղաս:
Այնպիսի նվեր, ինչպիսին Ձեր տողերն են, հեշտ չեղավ անպատասխան թողնել: Ես վախեցա, որ, բավարարվելով նամակագրությամբ, հավերժորեն կմնամ Ձեզ մոտ գալու կես ճանապարհին: Բայց ես պետք է տեսնեի Ձեզ: Իսկ մինչ այդՙ երդվել էի նամակ գրել Ձեզ: Երբ ինձ պատկերացրեցի Ձեր տեղում (որովհետեւ իմ անպատասխանատվությունը կարող էր զարմացնել Ձեզ), հանգստացաՙ հիշելով, որ Ցվետաեւան Ձեզ հետ նամակագրության մեջ է, ու եթե ես չեմ կարող փոխարինել Ցվետաեւային, ապա Ցվետաեւան փոխարինում է ինձ:
Ինչպե՜ս եմ հիշում այդ օրը: Կինս տանը չէր: Մինչեւ երեկո նա պետք է լիներ Բարձրագույն գեղարվեստի արվեստանոցներում: Նախասենյակում առավոտվանից չհավաքված սեղանն էր, ես նստել էի նրա առաջ եւ մտազբաղ տապակած կարտոֆիլ էի ընտրում թավայից, իսկ դրսում, հապաղելով եւ ասես ինչ-որ բանում կասկածելով, հատուկենտ փաթիլներով անվստահ իջնում էր ձյունը: Բայց ձմռան մեջ նկատելիորեն երկարած գարնան օրըՙ ասես քարացած, կանգ էր առել թափառուն գորշերիզ շրջանակում:
Այդ ժամանակ փողոցից ծեծեցին դուռը, ես բացեցի եւ ինձ արտասահմանյան նամակ տվեցին: Հայրս էր ուղարկել. ես թաղվեցի նրա ընթերցանության մեջ:
Այդ օրվա առավոտյան առաջին անգամ կարդացել էի «Պոեմ վերջավորը», որ ինձ տվել էին պատահականՙ մոսկովյան մի ձեռագիր ընդօրինակությամբ, տվել էինՙ չկասկածելով, թե ինչքան շատ բան է նշանակում հեղինակն ինձ համար, թե ինչքան լուրեր են եկել ու գնացել մեկիցս մյուսին եւ դեռ գտնվում են ճանապարհին: Բայց պոեմների, ինչպես նաեւ ուշ ստացած «Առնետորսի» մասին, մինչ այդ օրը դեռեւս ոչինչ չգիտեի: Այսպիսով, կարդալով պոեմն առավոտյան, ասես դեռ մշուշի մեջ էի նրա կլանող դրամատիկ ուժից: Այժմ հուզմունքով կարդալով հորս տեղեկությունը Ձեր 50-ամյակի եւ այն ուրախության մասին, թե Դուք ինչպես ընդունեցիք նրա շնորհավորանքները եւ պատասխանեցիք նրան, ես հանկարծ դեմ առա ինձ համար դեռեւս այն ժամանակ մութ մտքի, որ ես ինչ-որ ձեւով հայտնի եմ Ձեզ: Ես հետ քաշվեցի սեղանից, վեր կացա: Դա օրվա երկրորդ ցնցումն էր: Ես մոտեցա պատուհանին ու լաց եղա:
Ես ավելի չէի զարմանա, եթե ասեին, որ երկնքում կարդում են ինձ: Ձեզ երկրպագելու քսանից ավելի տարիների ընթացքում ոչ միայն չէի պատկերացնում նման հնարավորություն, այլեւ դա նախապես բացառված էր, եւ հիմա դա խախտում է իմ պատկերացումները կյանքիս եւ նրա ընթացքի մասին: Աղեղ, որի ծայրերն ամեն տարի ավելի ու ավելի էին հեռանում եւ երբեք չպետք է միանային, հանկարծ աչքերիս առաջ միացա՜ն մի ակնթարթում: Եվ այն էլ ե՜րբ: Ամենաանհարմա՜ր օրվա ամենաանհարմա՜ր ժամին:
Բակում փետրվարյան վերջին ոչ մթին զրուցասեր իրիկնամուտն էր: Կյանքում առաջին անգամ իմ մեջ փայլատակեց այն միտքը, որ Դուք մարդ եք, եւ կարող եմ գրել Ձեզ, թե Դուք ինչ հսկայական, գերմարդկային դեր խաղացիք իմ կյանքում: Մինչ այդ պահը նման միտք երբեք չէր այցելել ինձ: Հիմա հանկարծ այն մեխվեց իմ գիտակցության մեջ: Եվ ես իսկույն գրեցի Ձեզ»:
30 տարի անց Պաստեռնակը Զ.Ֆ.Ռուօֆինՙ ուղղված նամակում, նորից վերհիշելով այդ ամենը, գրում է իր եւ Ռիլկեի հարաբերությունների մեջ Մարինա Ցվետաեւային էլ ներքաշելու պատճառների մասին.
«Ռիլկեն հսկայական դեր խաղաց իմ կյանքում, բայց մտքովս երբեք չէր կարող անցնել, թե կհամարձակվեմ գրել նրան: Ես չէի պատկերացնում, որ փոստը որպես կամուրջ կարող է ծառայել անմատչելիին բոլորովին այլ կերպ, քան ողջ աշխարհում գոյություն ունեցող այն աշխարհին, որի հետ կապված էի միայն իմ երկրպագությամբ, եւ հանկարծ պարզ դարձավ, որ հեռավոր պատահականությամբ այդ կամուրջն իմ կողքին է գցված: Կյանքում առաջին անգամ միայն այդ ժամանակ մտածեցի, որ կարող եմ գրել նրան: Բայց մեր եւ Շվեյցարիայի միջեւ հարաբերություններն ընդհատված էին, իսկ Ֆրանսիայում ապրում էր Ցվետաեւան, որի հետ կապված էի նամակագրությամբ եւ մեծ բարեկամությամբ. նա նույնպես գիտեր եւ սիրում էր Ռիլկեին: Ես միաժամանակ ուզում էի նրան նվեր մատուցելՙ ներկայացնելով Ռիլկեին, ծանոթացնելով նրանց: Ես խնդրում էի Ռիլկեին չպատասխանել ինձ, չծախսել իր թանկագին ժամանակն ինձ վրա, բայց որպես նշան, թե նամակս հասել է իրեն, Ֆրանսիաՙ Ցվետաեւային ուղարկի իր «Սոնետներ Օրփեոսին» եւ «Դուինյան Էլեգիաները»:
Ռիլկեին գրած նամակի հետ Պաստեռնակը միաժամանակ Ցվետաեւային գրում է անհապաղ նրա մոտ գնալու իր ցանկության մասին, որպեսզի միասին տեսության գնան Ռիլկեին: «Մենք իրար հետ ի՞նչ կանեինք կյանքում» Ցվետաեւայի հարցինՙ հետեւում է Պաստեռնակի պատասխանըՙ «Կգնայինք Ռիլկեի մոտ»: Այսպես ծնվում է երեք մեծ բանաստեղծների հանդիպման պլանը, որն էլ դառնում է նրանց նամակագրության լեյտմոտիվը» :
Ռուս. թարգմ.ՙ ԿԱՐԻՆԵ ՄԵՍՐՈՊՅԱՆԻ