ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#24, 2008-12-20 | #1, 2009-05-09 | #2, 2009-05-23


«ԵԹԷ ՏԷՐ ՉԿԱՆԳՆԻՆՔ ՄԵՐ ԱՐԺԷՔՆԵՐՈՒՆ, ԱՊԱԳԱՅԻՆ ՈՉԻՆՉ ՊԻՏԻ ՈՒՆԵՆԱՆՔ»

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Վերջերս նորից թերթում էի ամերիկահայ Հովսեփ Թոքաթի «Հայ արծաթագործ վարպետներ» աշխատանքը: Թեպետ գիրքը լույս է տեսել 2005 թվականին, սակայն ինչպես միշտ, այս անգամ եւս հեղինակի աշխատանքը լուրջ խորհրդածությունների տեղիք տվեց, մասնավորապես նրա համարձակ նախաձեռնությունն ու մշակութապահպան միտումը: Ինչպես հեղինակն է խոստովանում` «արուեստաբան չլլալով հանդերձ» փորձել է պաշտպանել այն արժեքները, որոնք «պիտի յափշտակուէին Հայու ձեռքէն ու կը վերագրուէին օտարներուն». իրողություն, որը, ցավոք սրտի, եզակի երեւույթ չէ մեր մշակույթի պատմության մեջ: Հիշյալ պարագայում խոսքը մեր հարեւանների կողմից հայոց մշակույթը սեփականացնելու, յուրացնելու մշտապես իրականացվող քաղաքականության մասին է: Այս առումով հեղինակի աշխատանքն անգնահատելի է, քանի որ գրված է նաեւ անգլերենով, ինչը անգլիալեզու ընթերցողին հնարավորություն է տալիս ծանոթանալու Վանի եւ շրջակայքի հայ արծաթագործությանը, դրա առանձնահատկություններին եւ արհեստագործական հմտություններին, բարձրարվեստ ստեղծագործություններին:

Ակնհայտ է` հեղինակը հնարավորություն է ունեցել իրականացնելու իր համարձակ նախաձեռնությունը եւ աշխարհին հրապարակավ ներկայացրել հայոց տարածաշրջանային մշակույթի այս ճյուղը: Սակայն հայոց մշակութային ժառանգության գանձարանում Վանի արծաթագործությունը միայն մի փոքրիկ հատված է, մի կաթիլ ջուր` օվկիանոսում: Մինչդեռ հայրենի երկրում քանի-քանի նման աշխատանքներ տարիներով փոշոտվում են մեր գիտնականների դարակներում` սպասելով իրենց հովանավորին կամ հրատարակման ժամանակին, իսկ քանի-քանիսը` համաշխարհային հանրությանը ներկայացնելու ցանկալի պահին: Ակամայից հիշում ես հայոց ազգային նվիրյալներից շատերին, որոնց աջակցությամբ եւ հովանավորությամբ կյանքի են կոչվել մեր պատմության եւ մշակույթի բազմաթիվ հուշարձաններ, նյութական ու հոգեւոր արժեքներ, գրական ու գեղարվեստական ստեղծագործություններ, որոնց շնորհիվ նաեւ դարեր շարունակ հայ ժողովուրդը պահպանել է իր ինքնությունը, որոնցով աշխարհին ներկայացել է որպես մշակութաստեղծ, ստեղծարար, արարող հզոր ներուժ ունեցող մերօրյա հնագույն ազգ: Եվ որպես այդպիսին, այսօր էլ ցավ ես ապրում` մեր ժառանգության եւ այն ուսումնասիրող նվիրյալների նկատմամբ ցուցաբերած անտարբերության համար: Թվում է, թե բոլորս քաջ գիտակցում ենք մեր պետության վիճակն ու այդ ուղղությամբ իրականացվող գործընթացներից ակնկալվող արդյունքը: Այստեղ պետք է կանգ առնենք եւ տիրոջ իրավունքով սատար լինենք մեր` հազարամյակներով ժառանգված ազգային արժեքներին: Չգիտես ինչու, բոլորս կանխատեսում ենք մեզ չբավարարող արդյունքը, եւ շատ քչերն են ցանկանում աջակցել, նպաստել, սեփական ներդրումն ունենալ ազգապահպան այս գործընթացին: Տպավորությունն այնպիսին է, թե պետությունը, ազգայինը մերը չէ, լոկ պետական պաշտոնյաներինն է, իսկ յուրաքանչյուրս` դրանցից դուրս ենք, անկախ: Նման հոգեբանական մթնոլորտում մնում է մխիթարվել միայն նրանով, որ դեռեւս ամեն ինչ կորած չէ, որ դեռեւս կան եւ կլինեն ազգանվեր հովանավորներ, որոնք խոհեմություն կդրսեւորեն ներկա տեղեկատվական պատերազմի, մասնավորապես մեր հարեւանների կողմից իրականացվող ակտիվ մրցապայքարի նկատմամբ, կըմբռնեն ստեղծված իրավիճակի լրջությունը, եւ մեկ-երկու ոլորտների վերջին ձեռքբերումներով ոգեշնչված` կգնահատեն նաեւ մեր ազգային արժեքներն ու կխիզախեն տիրոջ իրավունքով եւ հպարտությամբ, տարբեր լեզուներով աշխարհին ներկայացնելու դրանք` որպես հայոց ժառանգության ու մեր ինքնության իրեղեն վկայություններ:

Նման համարձակության արդյունք է Հ. Թոքաթի աշխատանքը, որտեղ հեղինակը խիստ շահավետ միտումով փորձել է «Հայկական մշակոյթի ընդհանուր ծիրէն ներս գնահատելու» Վանի արծաթագործությունը` օտար ընթերցողին ծանոթացնելով հայոց պատմությանն ու մշակույթինՙ նրան առիթ տալով ներկայացված փաստերն ու երեւույթները գնահատելու ընդհանուր` տարածաշրջանային պատմամշակութային զարգացումների շրջանակում, ըմբռնելու հայոց մշակութային առանձնահատկություններն ու դրանց ձեւավորման եւ զարգացման նախադրյալներն ու պայմանները: Այս տեսանկյունից արդեն միանգամայն հասկանալի են հայ վարպետների ձեւափոխված, հաճախ` խեղված անուն-ազգանունները, օտարալեզու դրոշմները, գործունեության օտար վայրերը, գեղազարդման ազդեցությունները եւ գոյատեւման ու մրցակցության բնականոն պայքարի եւ զարգացման արդյունքում պարտադրված այլ իրողություններ:

Հովսեփ Թոքաթի խիզախմանը մեծապես նպաստում եւ առավել արտահայտչականություն, գրավչություն է տալիս աշխատանքի ներկայացման ալբոմային բնույթը: Նրա բացատրություններն ու մեկնաբանություններն ուղեկցվում են մեր արծաթագործական մշակույթի առանձին տարրերի լուսանկարներով, որոնք մեկ անգամ եւս ամրագրում են հայ արծաթագործության, Վանի եւ հարակից շրջանների հայ արծաթագործ վարպետների նրբաճաշակ, ժողովրդի կյանքի եւ կենցաղի բոլոր բնագավառները ներթափանցած աշխատանքների եւ արհեստագործական հմտությունների մասին ընթերցողի պատկերացումները:

Հեղինակը ներկայացված պատկերներով ուրվագծում է հայ արծաթագործության եւ ոսկերչության բնագավառում կիրառվող գեղազարդման արվեստի ակունքներն ու հազարամյակների ընթացքը` սկսած Քարաշամբի պեղումներից հայտնաբերված մ.թ.ա. 3-րդ հազարամյակով թվագրվող արծաթյա գավաթից: Նա խոսում է հայ վարպետների կողմից օգտագործած տեղական հումքի, նյութերի, դրանց համադրությունների ու գեղարվեստական լուծումների, արտադրանքի տեսականու, իրացման լայն շրջանակի, գործունեության կենտրոնների ու դպրոցների, վարպետների հայտնի տոհմերի, գոյատեւման ծանր պայմանների եւ այլնի մասին: Այս ամենը Հովսեփ Թոքաթը դիտարկում է ժառանգականության արտացոլման եղանակով: Առհասարակ աշխատանքում հեղինակը հետեւողականորեն ապահովում է մասնագիտությունների, տեխնիկատեխնոլոգիական եւ գեղազարդման հմտությունների, ոճերի ժառանգական շարունակականությունը, հայ արծաթագործության եւ ոսկերչության «սերունդէ սերունդ» զարգացումն ու փոխանցումը:

Խիստ գնահատելի է հեղինակի այն մոտեցումը, որ նա Վանի ոսկերչությունն ու արծաթագործությունը ներկայացնում է համահայկական արվեստի ավանդույթների եւ արհեստագործական դպրոցների համատեքստում: Նա մասնավորապես կանգ է առնում սեւադապատման տեխնիկայի վրա` փաստելով այդ հմտության կատարելիության հասած մակարդակը Վանում, ինչը նպաստել է տեխնիկական այդ եղանակի` որպես հայկականի, հետագա տարածմանը հարակից երկրներ: Հեղինակը մանրամասնորեն ներկայացնում է ոչ միայն Վանում եւ հարակից շրջաններում գործող արհեստանոցները, դրանց հիմնադիրներին, հայտնի վարպետներին, նրանց դրոշմներն ու բարձրարվեստ աշխատանքները, այլեւ նրանց հետագա տեղաշարժերը, շուրջ երկու տասնյակ երկրներում նրանց գործունեությունն ու հայոց ոսկերչական եւ արծաթագործական հմտությունների զարգացման գործում ունեցած ներդրումը:

Հարկ ենք համարում փաստել, թե որքան ցանկալի կլիներ` հեղինակի փորձն օրինակ ծառայեր ժամանակակից հայ մեծահարուստներին` հովանավորելու նմանատիպ հետազոտությունների հրատարակումը, եւ մեր էթնիկ ներուժը հնարավորինս խթան դառնար հայոց մշակութային ժառանգության պաշտպանության գործին, ժառանգություն, որն ամբողջականացնող շատ արժեքներ, ինչպես Հովսեփ Թոքաթն է ասում «... զիս կը մղեն հետազօտութեան, եւ կամքս կը զօրացնեն` ջանալ անմահ պահելու անունները այն հրաշագործ վարպետներուն, որոնց տաղանդը բաւարար չեղաւ իրենց կեանքը փրկելու` այդ դաժան օրերուն»: Առավել ցանկալի կլիներ, եթե «այդ դաժան օրերուն» ճանաչմանը նպատակաուղղված մեր «առօրյա» պայքարում չմոռացվեին հայոց շատ արժեքներ, որոնք, ցավոք, օտարների կողմից սեփականացվում են ու ապագայում կարող են եւ մերը չհամարվել: Այս պարագայում խիստ հրատապ եւ արդիական են հնչում Հ. Թոքաթի խոսքերը` «Եթէ տէր չկանգնինք մեր արժէքներուն, ապագային ոչինչ պիտի ունենանք»:


Նկար 1. Ավետարան, արծաթյա կազմը պատրաստված է Վանում (Մաշտոցի անվան մատենադարան)

Նկար 2. Արծաթյա դրվագմամբ պատրաստված գինու բաժակ (անձնական հավաքածու):

Նկար 3. Սեւապատված արծաթյա սանր, Վան (անձնական հավաքածու)

Նկար 4. Սեւապատված արծաթյա գոտի (անձնական հավաքածու):

Նկար 5. Սեւապատված արծաթյա գինու բաժակներ, Վան (անձնական հավաքածու):

Նկար 6. Արծաթյա մանյակ (մասնավոր հավաքածու):

Նկար 7. Սբ Էջմիածնի տաճարի մանրակերտըՙ ճաճանչախաչով, 1743, Վան, արծաթ եւ գունավոր քարեր (Սբ Էջմիածնի թանգարան):


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4