Կոստան եւ Արմեն Զարյանների անտիպ նամակներըՙ Աշոտ Սահրատյանին
Մեր հանրությանը մեծ մասամբ անծանոթ մնացած Կոստան Զարյանի աշխարհացրիվ գրական ժառանգությունը «տուն» վերադարձնելու գործը, որ սկիզբ առավ խորհրդային համակարգի փլուզումից հետո, շարունակվում է եւ դեռ երկար ճանապարհ ունի անցնելիք:
Հայ գրականությունը ռուս ընթերցողին ներկայացնելու գործին մեծապես նպաստած մոսկվաբնակ բանաստեղծ, թարգմանիչ, նկարիչ Աշոտ Սահրատյանը, որ անցյալ տարի Մոսկվայում հրատարակեց Պարույր Սեւակի «Անլռելի զանգակատան» ռուսերեն թարգմանության իր տարբերակը, ժամանակին ռուսերեն էր թարգմանել Զարյանի «Նավը լեռան վրա» վեպը (ունեցել է երկու հրատարակությունՙ 1969 եւ 1974թթ., Մոսկվա): Հայտնի է, որ Զարյանը Սահրատյանին թելադրել է վեպը թարգմանել նրա առաջինՙ 1943 թվականի բոստոնյան հրատարակությունից եւ ռուսերեն թարգմանությունից հանել տվել այն վերջաբանը, որ արհեստականորեն կցվել է «Նավի» 1963 թվականի երեւանյան «բարեփոխված» հրատարակությանըՙժամանակի գաղափարախոսական ճնշմամբ:
Մենք կապվեցինք Աշոտ Սահրատյանի հետՙ հարցնելով, եթե նրա արխիվում կան մասունքներ Կոստան Զարյանից: Հարգելի թարգմանիչը պատասխանը չուշացրեցՙ ուղարկելով իր մոտ պահվող Կոստան Զարյանի ռուսերեն մի նամակի պատճենըՙ գրված 1969-ի սեպտեմբերին, Երեւանից: Այն հավանաբար Զարյանի գրած ամենավերջին նամակներից մեկն է, եթե ոչ վերջինը. նույն թվականի դեկտեմբերին նա հրաժեշտ տվեց կյանքին: Սահրատյանն ուղարկեց նաեւ մեկ այլՙ հայերեն նամակ, որ գրողի մահից հետո իրեն հասցեագրել էր Զարյանի որդինՙ հանգուցյալ ճարտարապետ Արմեն Զարյանը: Սույն նամակը նույնպես ուրույն հետաքրքրություն է ներկայացնում, քանի որ վկայում է Զարյանի գրականության հանդեպ խորհրդահայ գրական աշխարհում եղած միտումնավոր անտեսման մասին:
Աշոտ Սահրատյանն ուղարկեց նաեւ իր մոտ գտնվող զարյանական մեկ այլ մասունքՙ գրքի մի ընծայական. «Талантливому переводчику Ашоту Сагратяну с чувством признательности. Костан Зарян, Ереван, 23-08-69» («Տաղանդավոր թարգմանիչ Աշոտ Սահրատյանինՙ երախտագիտության զգացումով: Կոստան Զարյան, Երեւան, 23.08.69»), կատարված, հավանաբար, նույն թվականին լույս տեսած «Նավը լեռան վրա» վեպի ռուսերեն հրատարկության վրա:
Ստորեւ հրատարակելով Կոստան եւ Արմեն Զարյաններիՙ Աշոտ Սահրատյանին գրած նամակները, այս առթիվ շնորհակալության խոսք ենք հայտնում երաժշտագետ Նատալյա Հարությունյանին, ով ամենայն պատրաստակամությամբ իրականացնում էր կապը Աշոտ Սահրատյանի հետ:
ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ
-1-
1969.
Сентябрь 1969 г.
Ереван
Дорогой Ашот Сагратян,
Ваше письмо меня очень обрадовало, потому что ваш успех как видно навел вас на новые перспективы. Еще проза, еще стихи… так бесконечно… Жаль, болезнь моя не позволяет хотя бы временно приехать в Москву и там окончательно вылечится. Ибо я теперь слег в постель. Между прочим есть ли известные доктора, которые проезжают через Ереван, нельзя ли их заинтересовать чтобы зашли ко мне и осмотрели бы меня?
Будьте спокойны насчет стихов, почти каждый день пишу серию и для вас будет много работы.
Интересно что скажет критика. Пока ничего не сказала.
Лежу в постели и трудно писать. Привет вам от всего сердца. Пишите подробно. После Ваге, с которым вы увиделись в Москве, клялся также Армен.
Будьте здоровы. Пишите.
К. ЗАРЯН
(Թարգմանությունը)
Սեպտեմբեր 1969,
Երեւան
Սիրելի Աշոտ Սահրատյան,
Ձեր նամակն ինձ շատ ուրախացրեց, քանի որ ձեր հաջողությունը [1], ինչպես տեսնում ենք, ձեզ նոր հեռանկարների առաջ բերեց: Դարձյալ արձակ, դարձյալ բանաստեղծություն. այսպես անվերջ... Ափսոս, իմ հիվանդությունն ինձ թույլ չի տալիս գոնե ժամանակավորապես գալ Մոսկվա եւ այնտեղ վերջնականապես բուժվել: Այնպես որ ես հիմա անկողին եմ ընկել: Ի դեպ, կա՞ն հայտնի բժիշկներ, որոնք Երեւանով ճամփորդում են, կարելի՞ է նրանց հետաքրքրել, որպեսզի նրանք գան ինձ մոտ եւ քննեն:
Բանաստեղծությունների հաշվով հանգիստ եղեք. համարյա ամեն օր նոր շարք եմ գրում եւ ձեզ համար շատ աշխատանք կլինի:
Հետաքրքրական է, ի՞նչ կասի քննադատությունը: Առայժմ ոչինչ չի ասել:
Պառկած եմ անկողնում եւ դժվարությամբ եմ գրում: Սրտագին ողջույն ձեզ: Մանրամասն գրեք: Վահեից [2] հետո, որին դուք հանդիպեցիք Մոսկվայում, Արմենը [3] նույնպես երդվել է [4]:
[Ողջ լինեք] Առողջ եղեք: Գրեք:
Կ. ԶԱՐՅԱՆ
-2-
22 Հունիս 1970
Երեւան
Սիրելի Աշոտ,
Երկար ժամանակ է, որ չեմ գրում եւ նամակներդ մնացին անպատասխան, ներողամիտ եղիր, որոշումը կար, բայց օրերը անցնում են անհավատալի արագությամբ:
Շնորհակալ եմ, որ մտահոգվեցիր եւ տպել տվիր հորս անգլերեն ոտանավորները Soviet Literature5 հանդեսում#. երեւի կաթիլ-կաթիլ մատակարարվելու է հորս գրականություն[ը], որ այստեղ մնում է ընդհանուրից անջատված երեւույթ, չհանդուրժված մի իրողություն, որը նեղություն է տալիս փոքրամիտ եւ անշունչ մեր գրողներին: Թող այդպես լինի, գործը, ինչպես կյանքը, ունի իր ճակատագիրը, ուր արժեքները, հանքանյութերի պես, ունեն իրենց ժամը, այո, երբ մարդ իրեն աղքատ է զգում, ապա փորում ու սնվում է նրանցով:
Ինչ վերաբերում է հորս այլ գրվածքներին, իմ տեսակետը այն է, որ ով զբաղվել է ուզում, թող դիմի ինձ, պարզե իր նպատակը եւ պայմանավորվի անելիքի եւ իրավունքների շուրջ: Այլ կերպ, չեմ ուզում ցրել հորս գրածները:
Հույսով եմ, որ գործերդ լավ են դասավորված, նույն Դոլլիները#,6 եւ երկուսիդ էլ մաղթում եմ լավագույնը: Ուղարկում եմ հորս հիշատակին մի փոքր նկարՙ Բժնիում [sic] տնկած ծառը, որը իտալացի բարեկամս լուսանկարեց եւ որպես բացիկ-հիշատակ ուղարկել է ինձ:
Լավագույն բարեւներովՙ
ԱՐՄԵՆ
***
1. Հավանաբար նկատի ունի Սահրատյանի «Նավը լեռան վրա» վեպի թարգմանության հրատարակությունը նույն 1969 թվականին:
2. Վահե Զարյան (1913-1985), Կոստան Զարյանի ավագ որդին:
3. Արմեն Զարյան (1914-1994), Կոստան Զարյանի կրտսեր որդին:
4. Առայժմ չկարողացանք պարզել, թե ինչ երդվելու մասին է խոսքը:
5. Զարյանի անգլերեն երեք բանաստեղծությունները լույս են տեսելՙ «Soviet Literature», no 2 (263), 1970, էջ 155-158:։
6. Դոլլինի՞նը:։