Նոր փաստ Գրիգոր Զոհրապի մահվան մասին
1908-ի Թուրքիայի սահմանադրության հռչակումը խանդավառությամբ ընդունվեց ոչ միայն Պոլսում, այլեւ Եգիպտոսում, ուր բնակվող շատ մտավորականներ վերադարձան Կ. Պոլիս, դրանց թվում նաեւ Երվանդ Օտյանը: Այդ տարիներին նա աշխատակցեց «Ժամանակ» թերթին:
1915 թ.-ի եղեռնին մեծ երգիծաբանը անցավ աքսորի դժոխային ճանապարհՙ մինչեւ Տեր Զոր, եւ բախտի կամոք, կենդանի մնալով, Պոլիս վերադարձավ: Արդյունքում ծնվեց «Անիծյալ տարիներ» փաստագրական վեպը: Իսկ 1918 թվականի «Արիամարտ» օրաթերթում լույս տեսավ Ե. Օտյանի «Դեպի մահ. Զօհրապ եւ Վարդգէս» հոդվածը, ուր պատմվում է երկու երեսփոխանների ձերբակալությունը եւ մահը:
«...Երկու աքսորականները Հալէպէն ճամբայ կ,ելլեն դեպի Ուրֆա:
Չեմ գիտեր թէ որչափ կը մնան Ուրֆա, թերեւս մէկ երկու օր միայն ու հոնկէ կառքով կը մեկնին դէպի Տիարպէքիր, միշտ ոստիկանական հսկողութեամբ:
Ահռելի եղեռնը տեղի կ,ունենայ Ուրֆայէն քանի մը ժամ անդին: Թուրք չէթէներու խումբ մը կը պաշարէ կառքը: Չէթէներու պետը, ինչպէս լսեցի Հալէպի մէջ, Խալիլ պէյը եղած է, Էնվէրի մէկ ազգականը, որ յետոյ Պաղտատի թրքական բանակին հրամանատար կարգուեցաւ, անշուշտ Զօհրապն ու Վարդգէսը սպանելու քաջագործութեանը իբրեւ վարձատրութիւն:
Ոճրագործները կառքը կը կեցնեն եւ կը ստիպեն վար իջնել: Զօհրապ, կ՛իջնէ, մինչ Վարդգէս կը պոռայ:
- Ո՛չ, վար չեմ իջներ: Կառքին մէջ մեռցուցէք զիս: Այսպէս կը նահատակուին Զօհրապ եւ Վարդգէս, հայ ազգին երկու ազնուական զաւակներ:
Զօհրապի նշանտուքի մատանին ու ժամացոյցը ծախուած են Հալէպի մէջ: Իր ֆէսը, կը գտնուի եղեր, չեմ գիտեր ինչպէս, միսիօնարուհիի մը քով: Վարդգէսէն ոեւէ հետք չէ մնացած: Թող իրենց յիշատակը անջինջ մնայ ամենուս մտքին մէջ»:
Նմանատիպ հոդված է հրատարակված նաեւ Կ. Պոլսի «Ժողովուրդ» թերթի դեկտեմբերի 19-ի համարում «Զօհրապի եւ Վարդգէսի ողբերգութիւնը» վերնագրով, ուր այսպես է նկարագրվում նրանց նահատակությունը.
«Ճամբայ ելան: Զէքի պէյի թէրօյփոթ Չէրքէզ Ահմէտ եւ արբանեակը Խալիլ, որ իրենց չէթէներով արիւն ու աւեր տարածած էին, դարանակալ կը սպասէին ճամբորդներուն: Կեցուցին կառքը եւ ոչ թէ զէնքով, այլ քարերով ջախջախեցին խեղճերուն գանկը...»:
Նույն թեման է շոշափում Հալեպի «Հայ ձայն» թերթում հրատարակված «Զօհրապ ու Վարդգէս Իսլահիէի մէջ 1914-ին» վերնագրով հոդվածը:
Բայց վերջերս հանդիպեցի մի փաստի, որն այլ նկարագիր է տալիս Գրիգոր Զոհրապի սպանության մասին: Այն մեջբերում եմ ամբողջությամբ.
«Ականատեսի պատմութիւն է, ոչ թէ երեւակայութեան արդիւնք:
Զօհրապի ու Վարդգէսի եղերական մահըՙ սարսռացուցիչ, անլուր, սիամ-սիամներու իսկ անծանօթ:
Կեսարիոյ մէջ, Արգէոս լերան ստորոտը եղերական օր մը զոհերուն համար, տօնական ժամեր դահիճներուն քով:
Թմբո՛ւկ, թմբո՛ւկ, թմբո՛ւկ, տավուլ կը զարնուի, այլակրօն խուժանը կը վազէՙ կը խռնուի հրապարակին վրայ: Վայրենիներու կայթատօնն է. մէկը պիտի զոհեն, հայ մը, մեծ հայ պիտի խարուկեն... ինքն իրմով...
Կապկպուած մէկը կը բերեն հրապարակին մէջտեղը. մարդազոհը կը սկսի.- քսան դարեր ետ կ,երթանք:
Զոհըՙ կռնակին վրայ հորիզոնաբար պառկեցուցած, ձեռքը ձեռքին, ոտքը ոտքին խեղդկապով անշարժ, անզօր: Դահիճը կը քաշէ դաշոյնը, կը ճեղքէ զոհին փորը, խաչ մը կը բացուի պորտին վրայ. փորոտիքը փորին մէջ, տաք արիւնը կը խնկուի, կը ծխէ:
Հեղուկ մը կ,աւելուի փորին մէջ: Քարի՜ւղ...
Բոցի լեզու մըՙ քարիւղալից մարդկային միսէ խարոյկին... Ու զոհն ինքն իր իւղովը կը տապկուի... Խարոյկն ալ ինքը, զոհն ալ ինքը...
Հայ մըն է ան, մեծ անմահ մը...
Զօհրապը.- Փորը ճեղքած քարիւղամահ...»: [*]
Ինչպես Տերը, երբ խաչի վրա ջուր ուզեց, նրան քացախ տվեցին, բայց մերժեց այն, այնպես էլ, մեր երեսփոխան նահատակներն առանց ուրացման խաչակից եղան մեր Տեր Քրիստոսի խաչին, որ մեր ազգի հիշողության դաշտը հերկելուց հետո այդ անապակ ջրով ոռոգենք հավատքի ու զորության առատ բերք հավաքելու համար...
Ձեր հիշատակը միշտ վառ կմնա հայոց դարի լուսե ճամփորդներՙ Զոհրապ եւ Վարդգես...
ՍՈՒՍԱՆՆԱ ԳԱԼՍՏՅԱՆ, Հայաստանի ազգային գրադարանի մատենագետ
* «Արիամարտ» Կ. Պոլիս, 1918 թ. N29, 2 դեկտեմբեր (Չիթունի)