Մտորումներ Ալեքսանդր Թոփչյանի «Բանկ Օտոման» վեպի շուրջ
ԱՐՏԵՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Զարմացնում է Ալեքսանդր Թոփչյանի նորընծա «Բանկ Օտոման» վեպի ամեն ինչը. նախ, վերնագիրը, նյութը, նյութի մշակումը, գրական վարպետությունը, դժվարին, վտանգավոր բաների մասին նրբությամբ եւ նրբանկատությամբ խոսելը, վերջապես, վեպի տեխնիկան, ընթերցողին աննկատ գերելու եւ իր հետ տանելու հմտությունը, եւ ուրիշ շատ ու շատ բաներ: Սակայն ամեն ինչի մասին հերթով:
Հիացնող է հեղինակիՙ մտավորականի, քաղաքացու, վերջապես, հայ մարդու համարձակությունը այսպիսի նյութ ձեռնարկելու համար: Քանի որ, պա՛րզ խոսենք, «Բանկ օտոմանի» ողբերգությունը, արդեն մեկ դարից ավելի, դարձել է մեր ազգային բազմաթիվ տաբուներից, թերեւս, ամենատաբուն: Եթե խոսել են, ապա լոկ դրա թիկունքին կանգնած կուսակցությանը դատապարտելու, նշավակելու, քաղաքական-կուսակցական շահարկման նյութ դարձնելու նպատակով, գիտակցաբար կամ անգիտակցաբար անտեսելով, որ այդ գործողությունը, նախեւառաջ, արդարություն ծարաված ժողովրդի իղձերի արտահայտությունն էր: Իսկ կուսակցությունը քաղաքական այն ուժն էր, որ ստանձնեց հատուցումը յուրովի պահանջելու պատասխանատվությունը:
«Բանկ Օտոման» վեպն ընթերցելուց հետո, հասկանում ես, որ համանուն գործողության մասին այսօր խոսելիս, ըստ երեւույթին, պետք է խստորեն սահմանազատենք երեք հանգամանք: Ինչո՞ւ եւ ինչպե՞ս ծնվեց այդ գաղափարը, արդարության, հատուցումի, վրեժի այդ պահանջը: Ովքե՞ր եւ ինչպե՞ս կատարեցին այդ գործողությունը: Ինչի՞ հասան եւ հետեւանքներն ինչպիսի՞ն եղան:
Առաջին հարցի պատասխանը պարզ է. գործողությունը հաջորդեց 1894-96թթ համիդյան ջարդերինՙ սուլթանից եւ արեւմտյան տերություններից բարեփոխումներ պահանջելու նպատակովՙ ի նպաստ հայերի: Երկրորդ, այդ շրջանում հայերը քաղաքական կազմակերպված որեւէ ուժ չունեինՙ հեղափոխական երկու կուսակցություններից զատ (ՀՅԴ եւ Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցություն), որոնց պայքարի հիմնական միջոցն ահաբեկչությունն էր:
Առայժմ, կարծես, ամեն ինչ պարզ է: Հարցականները եւ դրանց հաջորդող հարյուրտասներկուամյա դատապարտումը, նշավակումը, ծաղրը եւ հեգնանքն սկսվում են երրորդ կետից: Հեղափոխականներն իրենց գործողությամբ ոչնչի չհասան: Այդպես էլ պիտի լիներ: Սակայն սոսկալին հետեւանքներն էին. բանկը գրավելու օրը, սուլթանի հրահանգով, Կ. Պոլսում հազարավոր հայեր մորթվեցին:
Անմեղ զոհերի վրեժը լուծելու նպատակով բանկ մտած հայ հեղափոխականները չգիտեի՞ն, արդյոք, որ 300.000-ին նոր հազարներ են ավելանալու: Անշուշտ, գիտեին: Չէին կարող չիմանալ: Այդ դեպքում ինչո՞ւ մտան:
Այս հարցի պատասխանն է փնտրում Ալ. Թոփչյանը որպես վիպասան, իհարկե, հենվելով պատմական փաստաթղթերի վրա, եւ ըստ հեղինակի, հայ հեղափոխականները դարձել են գործիքՙ Եվրոպայի քաղաքական եւ ֆինանսական ինչ-ինչ ուժերի ձեռքին:
Վեպի առաջին իսկ տեսարանը ներկայացնում է Լոնդոնում տեղի ունեցող հզորների (քաղաքակա՞ն, ֆինանսակա՞ն, ռազմակա՞ն...) մի զրույց, մի հանդիպում, որի ընթացքում, փաստորեն իմանում ենք, որ պատրաստվում է մի լուրջ դավադրություն «հիվանդ մարդու»ՙ Թուրքիայի դեմ, որի մասնակիցները եւ զոհերը պիտի լինեն հայերը: Իսկ ավելի ուշ` զբոսանավում տեղի ունեցած զրույցը Կարո Բաբաջանյանի եւ Մարքսի «Կապիտալը» բարձր գնահատող անծանոթ պարոնի միջեւ, վերջնականապես փարատում է մեր կասկածները, որ «Բանկ Օտոման» գործողության պատվիրատուները Եվրոպայից էին:
Դժվար է պնդել, թե առաջին տեսարանը ծավալվել է հատկապես Լոնդոնում եւ հատկապես այդ խոսքերն են հնչել, թե հայ հեղափոխականը բանկը գրավելու նախօրեին հենց սըր Էդգար Վենսենի զբոսանավում է հանդիպել «հավերժությունից» խոսող հզոր պարոնի հետ, սակայն որ նման բան իսկապես տեղի է ունեցել, մեզ իրավունք են տալիս ենթադրելու գործողության մասնակիցների հուշերը:
Ինչպես Արմեն Գարոն է գրում. «Կը բաւեր որ 8-10 հոգի մտնէին բանկը եւ դռներ ներսէն գոցեին, եւրոպական պատերազմական նաւերը անմիջապես զինուոր պիտի հանէին ցամաք... թուրք զօրքին եւ խուժանին դէմ»: Ավելի՛ն. «...եթե մեր յուսացածին պէս ձեռնարկը յաջող դուրս գար, 24 ժամէն Պոլիսը գրաւուած կը լինէր եւրոպական զինուորներով, եւ Հայկական Հարցը կը ստանար իր ցանկալի լուծումը»:
Բանկը գրավող վրիժառուները գրեթե բոլորը երիտասարդ էին, երիտասարդ էին նաեւ նրանց հրամանատարներըՙ Բաբկեն Սյունին եւ Արմեն Գարոն, բայց նրանք միամիտ երեխաներ չէին, որ գրավելուց հետո փակվեին դռների ետեւը եւ սպասեին եվրոպական զորքի ցամաքհանումին: Ամենայն հավանականությամբ, Արեւմուտքի ինչ-ինչ ուժերի կողմից, որոշակի եւ մե՜ծ, առա՜տ խոստումներ են տրվել, եւ ըստ երեւույթին բավական բարձր մակարդակով, այլապես նրանք ինչո՞ւ պիտի տրտնջային, թե «...մեզ խաբեցին եւրոպական պետութեանց ներկայացուցիչները» (ըստ երեւույթին դեսպանները - Արտ. Հարությունյան):
Ինչպես երեւում է, հայ հեղափոխականներին խաբել են լկտիորեն ու գռեհկորեն, քաղաքակրթորեն, անամոթաբար: Պարզապես օգտվել են առիթիցՙ լավ իմանալով, որ նրանք վրեժի, արդարության ծարավ են: Այսպիսի եզրակացության է հանգում Ալ. Թոփչյանը` իր հերոսների եւ մանավանդ նրանց կենդանի նախատիպերի վրայից հանելով վտանգավոր, անպատասխանատու արկածախնդիրների դարավոր խարանը: Հուսանքՙ պրպտուն պատմաբաններն Արեւմուտքի դիվանագիտական եւ, ինչո՞ւ ոչ, մեր կուսակցությունների արխիվներում այս խիստ հավանական վարկածի առավել վավերական հաստատումները կգտնեն:
Վեպի գլխավոր հերոսներից մեկըՙ Կարո Բաբաջանյանը կտրականապես դեմ է բանկը գրավելուն: Նա կասկածում է, թե եվրոպական տերությունները, հարկ եղած դեպքում, օգնության կգան եւ կպատժեն սուլթանին: Բայց նրա առաջարկածն էլ դարձյալ ահաբեկչական գործողություն է, եւ դարձյալ հայերի զանգվածային ջարդ կարող է հաջորդել դրան: Այդ տարիներին, ճնշված բոլոր ժողովուրդների ազգային-սոցիալիստական կուսակցությունների պայքարի հիմնական, եթե ոչ միակ զենքն ահաբեկչությունն էր: Արեւմտյան Հայաստանում զոհված 300.000 հայերի համար արդարություն պահանջող հայ հեղափոխականները, կամա թե ակամա, ընկնում են թակարդը: «Դուք հայտնվել եք ձեր իսկ ձեռքերով լարված որոգայթում»:
Ո՞րն է այդ որոգայթը. ընդամենը ազատության եւ արդարության ձգտումը: «...ազատության ձգտող ճնշված ու հարստահարված ժողովուրդները, ուզած-չուզած, հայտնվելու են մեծ տերությունների շահերի խաչմերուկում, ուզած-չուզած դառնալու են գործիք, գուցեեւ խաղալիք նրանց ձեռքում...», - բարբառում է եվրոպական կապիտալի ներկայացուցիչը: Ասում էՙ հասկացնելու համար, որ հայերն ուրիշ ընտրություն չունեն («բռնակալի ստրուկ կամ քաղաքակիրթ Եվրոպայի խաղալիք»), որպեսզի ավելի հնազանդ դարձնի նրանց, որպեսզի առավել համոզիչ եւ մանավանդ առավել ճշմարտանման հնչեցնի հայերին արկածախնդրության մեջ ներքաշելու իրենցՙ հզորների փաստարկը. «Մեր շահերը երբեք այսպես չեն զուգադիպել»:
Եվրոպացին չի խաբում: Շահերն, իսկապես, զուգադիպել են: Բայց ո՞վ է լինելու շահողը:
Այս հարցի վերջնական պատասխանն ստանալու ենք վեպի տրագիկոմիկ ավարտում, իսկ մինչ այդ հեղինակը ներկայացնում է հեղափոխականի երկու կերպար, երկու սկզբունք. Կարո Բաբաջանյանը եւ Բագրատը: Երկուսն էլ համաձայն են, որ սուլթանը պետք է պատժվի, Եվրոպան պետք է փոխի իր քաղաքականությունն Օսմանյան Թուրքիայի հանդեպ եւ, վերջապես, բարեփոխումներ պիտի կատարվեն Արեւմտյան Հայաստանումՙ միայն մեկ միջոց տեսնելով այդ նպատակներին հասնելուՙ ահաբեկչությունը: Տարակարծիք են այն հարցում, թե ինչպե՞ս եւ որտե՞ղ է իրագործվելու ահաբեկչությունը. Կ.Պոլսո՞ւմՙ Բանկ Օտոմանը գրավելով, թե՞ եվրոպական մայրաքաղաքներումՙ օսմանյան դիվանագետներին ահաբեկելով: Սա մյուս, «անվտանգ» տարբերակն է, որը, սակայն, նույնպես կարող է նոր ջարդերի պատճառ դառնալ, եւ Կարո Բաբաջանյանը, որ կտրականապես դեմ էր Բանկը գրավելուն, որ չի հավատում եվրոպացիների խոստումներին եւ համոզված է, որ երկու տարբերակներն էլ նոր արյունահեղությունների պատճառ կարող են դառնալ, այնուամենայնիվ, ընկերների հետ հայտնվում է այնտեղ եւ նույնիսկ փոխարինում զոհված հրամանատարին:
Հոգեբանական այս վիճակը չափազանց նրբին եւ հետաքրքրական է ներկայացված վեպում: «Մեր իսկ արյունն արդեն խեղդում է մեզ..., - ասում է Բագրատը: - Այն տարածվել ու բարձրացել է, արդեն լցվում է մեր կոկորդը, շուտով կանհետանանք նրա կպչուն ալիքների տակ...»: Վրեժի ցանկությունը վերջնականապես համակում է բոլորին: Անգամ տասներկու տարեկան երեխան է լցված այդ ցասումով: «Կարո՛, դու գիտես, դու շատ լավ գիտես, թե ինչ բան է արդարացի վրեժի ծարավը, նա հագեցում է պահանջում, եւ անմիջապես, տեղնուտեղը...»:
Վրեժի այս անհագ ցանկությունն է հաշվարկում Արեւմուտքի ներկայացուցիչը վեպում, եւ առաջին հայացքից տարօրինակ է, որ նրա «որոգայթն» է ընկնում նաեւ Կարո Բաբաջանյանը, նա, որ ընկերներից պահանջում էր կշռադատված մոտեցում. Կարոն, որ ներկայացնում է պայքարի բանական կերպը` սթափ եւ մտածված գործողությունները: Այնուամենայնիվ, անձնազոհության գաղափարը վեր է ամեն ինչից. ընկերներին նա մենակ չի կարող թողնել, ուստի մյուսներին հավասար ստանձնում է բոլոր վտանգները, եւ գուցե կարեւոր խորհուրդ կա այն իրողության մեջ, որ նա ողջ է մնում. դա պայքարի վաղվա օրն է, որն անպայման հաղթանակի է հասցնելու:
Եվ կատարվել է զարմանալի մի բան, ես կասեի` հրաշագործ վերամարմնավորում, անսպասելի այլակերպում. հեղափոխական մարտիկները, որ ավելի քան հարյուր տարի ներկայացվում էին որպես վտանգավոր արկածախնդիրներ, գրեթե հրեշներ, այս վեպում իսկական հերոսներ են, որոնք իրենց կյանքը վտանգելով որոշել են ազգի վրեժը լուծել:
Կատարելության մարմնավորում են «Բանկ Օտոման» վեպի հեղափոխականները` Կարո Բաբաջանյանը, Բագրատը, Մկրտիչը, Սաթենիկը, Արամը... բոլո՛րը: Պատանեկան ազնիվ մի խանդավառություն կա նրանցում, որ գրավում է մեզ, դարձնում մեզ համար հարազատ, թանկագին մարդիկ: Այսպիսի կենդանի կերպարներ ստեղծելու համար նախեւառաջ ինքը` հեղինակը պիտի համակված լիներ այդ գաղափարներով, անմնացորդ հավատար նրանց մաքրությանը: Եվ դժվարանում ես հավատալ, որ այդ կերպարների մեծ մասն ստեղծված են խիստ սահմանափակ միջոցներով, երբեմն մի քանի տողով, ինչպես տասներկուամյա զեյթունցի Գաբրիելը:
«Բանկ Օտոմանը» յուրատեսակ մի եռապատկեր է, փաստորեն երեք վիպակների միահյուսում մեկ ստեղծագործության մեջ: Համարձակ եւ վտանգավոր միահյուսում, երբ վսեմը հայտնվում է զավեշտականի, նույնիսկ զազրելիի կողքին, արկածախնդրությունը` խելահեղ հանդգնության կողքին, եւ թվում է նրանք իրար չեն խանգարում, ավելին` լրացնում են: Հեղինակը գտել է բանալին. այդ երեքը հարազատորեն ներկայացնում են իրենց ժամանակը, եւ նրանցից յուրաքանչյուրն իր գլխավոր հերոսն ունի:
ա. «Բանկ Օտոմանի» գիծ: Գլխավոր հերոսն այստեղ Կարո Բաբաջանյանն է` որքան իդեալիստ, նույնքան էլ իրապաշտ հեղափոխական:
բ. Արկածախնդրական գիծը ներկայացված է շվեյցարացի Ժան-Լյուկ Ռիվազով, ամբողջապես հորինովի կերպար, որը, սակայն, լիովին համահունչ է իր ժամանակի ոգուն: Նշենք, որ այս գիծը կառուցված է ժանրի բոլոր կանոններով, նյութի եւ ժամանակի մանրամասների անսխալ իմացությամբ եւ գրական վարպետությամբ:
գ. Վերջապես, երգիծական-զավեշտական գիծը ներկայացնող Աբդուլ Համիդ: Կարդում ես սուլթանական «Ելդըզ» որջը ներկայացնող երգիծական-սարկաստիկ փայլով գրված համառոտ, դինամիկ, բայց հարուստ դրվագները եւ զարմանում, թե հայ գրականությունն ինչպես է աչքաթող արել այս կերպարը (եթե չհաշվենք մոտ հարյուր տարի առաջ գրված Երվանդ Օտյանի «Ապտյուլ Համիտ եւ Շեռլոք Հոլմս» վեպը):
Բայց միայն սուլթա՞նն է այս գծի գլխավոր հերոսը... Հապա թութա՞կը, այդ փառահեղ գյուտը, որ դարձել է վեպի գործող «անձը», գլխավորներից մեկը, նաեւ երրորդ գծի պատումի հիմնական զսպանակը:
Վերը նշված երեք գծերն իրենց հետ բերել են ոճական մի բազմազանություն, որը, թերեւս, հազվագյուտ է մեր արձակի համար: Թվում է, թե «ելդզյան» զառամախտի նկարագրությունները կամ արտառոց շվեյցարացու արկածները պիտի նսեմացնեին հեղափոխականների հերոսական պաթոսը, բայց ճիշտ հակառակն է կատարվել: Զուգահեռ եւ իրարից անջատ զարգացող այդ գծերն աստիճանաբար, գլուխ առ գլուխ, զարմանալի թեթեւությամբ եւ դյուրընթեռնելիությամբ իրար են խառնվում վեպի վերջաբանում: Եվ պարզվում է, որ արտաքուստ այլասեռ այդ տարրերը ոչ թե հակասում, այլ լրացնում են իրար. բանկը միավորում է բոլորին` ե՛ւ սուլթանին, ե՛ւ անձնազոհ հեղափոխականներին, ե՛ւ «գողական» դրամանենգներին, ե՛ւ բարձրաշխարհիկ պոռնիկին, ե՛ւ արկածախդիր «դրամագետին», ե՛ւ զեղծարար առեւտրականին... Տիպերի, կերպարների մի հարուստ պատկերասրահ, որ ստեղծված են զուսպ միջոցներով, բայց զարմանալիորեն համոզիչ են ու բնական: Եվ այս խառնուրդն իր կուլմինացիային է հասնում «Խրախճանքի» հոյակապ տեսարանում, երբ «խրախճացող տականքը» (Ժան-Լյուկ Ռիվազի բնորոշումն է), մակարդված արյան, դատարկ պարկուճների, ծեփի եւ ապակու փշուրների վրա, մի խենթ մոլուցքով քեֆ է անում` ազատության համար զոհված մարտիկների դիակների հարեւանությամբ: Իսկական ապտակ հեղափոխականներին. սա էի՞ք ուզում, ահա թե ուր մտաք` մի դժոխքից մյուսը:
Վարպետությամբ գծված դաժան այս տեսարանին հաջորդում են մյուսները` մեկը մյուսից սարսռեցնող. սուլթանի կեղծ ադամանդները, բանկի գաղտնի քարտարանները, պահոցներից անհետացած դինամիտը եւ, վերջապես, Կ.Պոլսի փողոցներով անցնող մահվան կառաշարը, որ փակում է բանկից դուրս եկած հեղափոխականների երթը:
Այս տեսարանը պարզապես ցնցող է. հեղափոխականներն անսալով իրենց հրամանատարի` Կարո Բաբաջանյանի հորդորներին, օգոստոսի 27-ի լուսաբացից առաջ լքում են բանկը եւ տեղնուտեղը տեսնում իրենց ազնիվ մղումների ողբերգական հետեւանքը. բանկին մերձակա փողոցով անցնում է մորթված հայերով լցված սայլերի անվերջ շարանը: Որքան դաժան, նույնքան էլ խորհրդանշական պատկեր, որն ասես ընդամենը մի բան է ասում. այս արյան գինը մնաց ձեր խղճին:
Թվում է, թե իր հեղափոխական հերոսների հանդեպ անթաքույց համակրանքով լցված հեղինակը պիտի խնայեր նրանց եւ հեռու պահեր այս տեսարանից: Բայց նա հավատարիմ է մնում մտավորականի իր կոչումին. «Ես Բանկ Օտոման խմբի ո՛չ դատապաշտպանն եմ, ոչ էլ դատախազը», ասել է նա վեպի առթիվ կայացած հարցազրույցներից մեկում(«Երկիր», 2 նոյեմբերի 2007 թ.): Ահա ինչու համակրանքը չի խանգարում պատմական ճշմարտությունը մինչեւ վերջ ասելուն: Եվ սա գրող-քաղաքացու ճշմարիտ որոշում է, քանի որ անշահախնդիր համակրանքը հաշվենկատ կողմնակալության վերածելով, հեղինակն արջի ծառայություն կմատուցեր նախեւառաջ անձնազոհ հեղափոխականների հիշատակին, մանավանդ որ նրանք էլ մեզ հետ հավասար ցնցված են այդ տեսարանից. «Երանի ավերակների տակ մնայինք ու չտեսնեինք այս ամենը...»: Այդ հերոսները մեզ պետք են ամբողջությամբ` իրենց ազնիվ մղումով եւ իրենց ողբերգական ձախողումով, որի մեղավորներն իրենք չէին:
Այս անկողմնակալությունը նաեւ ուրիշ խորհուրդ ունի, որ չափազանց համահունչ է մեր այսօրվա ազգային հրամայականի հետ: «Պետք է հաշվի առնել, որ փաստորեն «Բանկ օտոման» գործողությամբ սկսվեց մեր կազմակերպված պայքարը թուրքական լծի դեմ: Հետեւաբար չի կարելի այդ գործողությունը դիտարկել որպես մեկ կուսակցության ժամանակագրության հերթական մի դրվագ, այլ որպես մեր ժողովրդի պատմության բախտորոշ իրադարձություններից մեկը: Ահա ինչու ես ձգտել եմ դուրս բերել այն նեղ ընկալման, դարավոր արգելքների, պերճախոս լռության կախարդական շրջանակից եւ քննել որպես համահայկական երեւույթ»:
Ալ. Թոփչյանը նորից իր տարերքի մեջ է. որքան հիշում եմ, նա չի քայլել դեպքերի ետեւից, այլ միշտ ջանացել է գուշակել ժամանակի ընթացքը թե՛ որպես գրաքննադատ, թե՛ որպես լրագրող-հրապարակախոս եւ թե որպես արձակագիր: Այս վեպն էլ ծնվել է երեք տարի առաջ, բայց զարմանալի կերպով տեղավորվում է մեր քաղաքական, հոգեւոր պահանջների ներկա համատեքստի մեջ: Մեր ժողովրդի, մեր երկրի ապագան շատ բաներով կախված է այն բանից, թե որքանով միասնական կլինենք, կգնահատենք մեր պատմությունն ամբողջությամբ, իր ազգային միասնության մեջ:
Միասնական այդ հայացքն ենք տեսնում Ալ. Թոփչյանի «Բանկ օտոման» վեպում: Նա ապացուցում է, որ ճշմարիտ գրողն այսօր ոչ թե տանիքին դրված հողմացույց է, որ տեղնուտեղը պիտի ցույց տա, թե ինչ ուղղությամբ է փչում քամին, այլ, ինչ-որ առումով, ազգային-հասարակական ճշմարիտ եղանակը նախապատրաստող: