ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#1, 2009-05-09 | #2, 2009-05-23 | #3, 2009-06-06


ՊԱՏԱՌԻԿՆԵՐ ՀՈՒՇԵՐԻՑ

Համեստ պաշտոնյաներ...

«Էջեր անցյալից» խորագրի ներքո հրապարակվող այս նյութըՙ գյուղատնտեսական գիտությունների դոկտ. պրոֆ. Եղիշե Մովսիսյանի հուշերից խմբագրությանն է տրամադրել վաստակավոր լրագրող Արեւիկ Ավագյանը:

Կյանքի վերջին տարիներին գիտնականը թղթին է հանձնել «Պատառիկներ մի որբի կյանքի պատմությունից» հուշագրությունը, որն առայժմ անտիպ է: Հուշերի ներկայացվող պատառիկները 1921-30 թվականների հայաստանյան գիտական, կուսակցական մի քանի ղեկավարների մասին խոսուն դրվագներ են, ավա՜ղ, ներկա ժամանակների համար խիստ դժվար ուսանելի օրինակներ:


« Եղիշե Մովսեսի Մովսիսյան (ծնվ. 1900, Վան, մահ. 1973, Երեւան): Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գիտության վաստակավոր գործիչ, միութենական նշանակության մենագրությունների հեղինակ: Պարգեւատրվել է «Աշխատանքային Կարմիր դրոշի» շքանշանով: Անկուսակցական »:

Քեռուս մասին փաստաթղթային հակիրճ տվյալները սրանք են:

Նա աշխարհ եկավ քսաներորդ դարասկզբին, երբ ազգային-ազատագրական պայքարին կյանքը նվիրաբերած հայրը, Վանի Արարուց դպրոցի վարժապետը, հարկադրված ընդհատակ էր անցել: Թուրք ոստիկանությունից փնտրվող վտանգավոր գործչին ցմահ տաժանակրություն էր սպառնում: Մովսեսն իր Եղիշե մանչուկի ծննդյան յոթերորդ օրը, գաղտնի ներկա է լինում հայ քրիստոնյայի համար սուրբ ծեսինՙ կնունքին եւ նույն օրն էլ, իր պես հետապնդվող գաղափարակից երեք ընկերների հետ ծպտված անցնում Ռուսաստան: Մովսեսն այլեւս չտեսավ ո՛չ իր նորածին Եղիշեին, ո՛չ ավագ որդունՙ Գարեգինին եւ ոչ էլ Սերինե դստերը: Նա իր մահկանացուն կնքեց պանդխտության երկրորդ տարում: Հիվանդությո՞ւնըՙ կարոտախտ...

«Իմ հայրը Գարեգին եղբորս ու ինձ որպես ժառանգություն թողել է իրՙ առասպելական Վահագնի շիկահեր գլուխը եւ կապուտաչյա դեմքը: Հորիցս ժառանգել եմ նաեւ նրա որբությունը, նաեւ ձգտումը դեպի ուսումն ու գիտությունը, նաեւ անխոնջ աշխատասիրությունը»:

Այս տողերը Եղիշե քեռուս անտիպ հուշերից է, որ նա շարադրել է 70 տարեկանում: Հուշերն, ի դեպ, խնամքով պահպանում է որդինՙ ֆիզիկոս, ՀՀ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Մելիստ Մովսիսյանը:

Հայրազուրկ յոթ տարեկանից է Վանում գործող գերմանական որբանոցում հայտնվել:

Ուսումնական լուրջ ծրագրով, խստագույն կարգապահությամբ էր աչքի ընկնում հիշյալ բողոքական հաստատությունը: Մանկատանն անցկացրած ութ տարիները շատ բան տվեցին ուսումնատենչ տղային: Բայց... 1915 թվական... պաշարված Վան, օրհասական մաքառումներ, հաղթանակի կարճատեւ բերկրանք եւ... գաղթ:

1917 թ. Եղիշեն Երեւանի Գաղթականական դպրոցի յոթերորդ դասարանում էր:

«Հորս մասին գովասանք եմ լսել Ղեւոնդ Խանջյանից,- գրում է Եղիշե քեռիս: Հետագայում նրա որդինՙ Աղասի Խանջյանը, զոհ գնաց ստալինյան բռնապետությանը: Պարոն Խանջյանը գրաբարի քերականական կանոններ էր դասավանդում: Մեզ մի կարճ ժամանակ հայոց լեզու եւ գրականություն դասավանդեց սիրունադեմ մի երիտասարդՙ Բարունակ Կապուտիկյան: Ներկա-բացակայության պահին Կապուտիկյանը կանգ առավ իմ անվան վրա: Երբ բացատրեցի, թե ով է եղել հայրս, ասաց. «Մովսես վարժապետը Վանում ինձ ուսուցիչ է եղել. այսօր ես եմ քեզ ուսուցչություն անում: Ինչ իմանամ, որ դու էլ իմ զավակներին չես դասավանդի:

Պարոն Կապուտիկյանի ենթադրությունը կարող էր իրականանալ նրանով, որ Երեւանի միջնակարգ եւ բարձրագույն դպրոցներում ավելի քան քառասուն տարիների դասավանդման ընթացքում ինձ ունկնդրողների մեջ կարող էին լինել Կապուտիկյանի զավակները կամ թոռները, եթե նրա կյանքի թելն այդքան վաղ չկտրվեր: Ինչպես հայտնի է, նրա միակ զավակըՙ Սիլվան ծնվել է հոր մահից հետո:

1926 թ. Եղիշե Մովսիսյանն ավարտում է Երեւանի համալսարանի գյուղատնտեսական բաժինը եւ մանկավարժական աշխատանքին զուգընթաց խորանում ագրոքիմիայի ճյուղում, որը Հայաստանում հողագործության զարգացման հեռանկար էր բացում:

Գյուղատնտեսական ինստիտուտում երբ նշում էին քեռուս ծննդյան 70 եւ գիտամանկավարժական գործունեության 45 տարին, ի նշան երախտագիտության եկել էին տարբեր տարիների նրա սաները: Այդ սիրուն նա արժանացել էր, ինչ խոսք, նաեւ իր անսասան սկզբունքայնությամբ, որից ստալինյան հեղհեղուկ ու դաժան շրջանում անգամ չէր խոտորվել: Հետեւում էր Հայաստանի տարբեր վայրերում աշխատող երբեմնի սաներին, խորհուրդներ տալիս, հետամուտ լինում դրանց կիրառմանը: Նրա գիտական փորձարանը միշտ էլ ինստիտուտի պատերից դուրս էր...

ԱՐԵՎԻԿ ԱՎԱԳՅԱՆ


«Ուդարնի պայոկը», Համալը եւ Տեր հայրը

1921 թվականն է, երկիրը տնտեսական ծանր վիճակում է. պետությունն իր սուղ միջոցներից պետական եւ կուսակցական պատասխանատու աշխատողներին, գիտության, արվեստի եւ կուլտուրայի ականավոր գործիչներին տալիս էր հատուկ լրացուցիչ մթերաբաժինՙ ուդարնի պայոկ: Առանց այդ օժանդակության մեր արժեքավոր մտավորականությունը չէր կարող ապրել ու աշխատել: Այդպիսի մթերաբաժին ստանում էր նաեւ համալսարանի ռեկտոր Հակոբ Հովհաննիսյանը [1]:

Մի օր պրոֆ. Քալանթարյանն [2] ինձ տվեց Հովհաննիսյանի մթերաբաժնի գրքույկը, հանձնարարեց պահեստից ստանալ ապրանքը եւ տեղափոխել համալսարան, որտեղ, ռեկտորի կաբինետի կողքի սենյակում ապրում էր ինքըՙ Հակոբ Հովհաննիսյանը ընտանիքով: Այդ օրերին նրանց տանն էր գտնվում Հովհաննիսյանի հայրըՙ Տեր Գարեգինը, պարթեւահասակ, սպիտակամորուք մի քահանա:

Պահեստում ապրանքն ստացաՙ շաքար, բրինձ, ալյուր, օճառ, աղ պանիր, գինի, ծխախոտ, լուցկի եւ էլի ուրիշ բարիքներ: Կանչեցի մի մշակի (համալ) մշեցի գաղթական գյուղացու, խոսեցինք փոխադրավարձի մասին, որն այնքան էլ մեծ գումար չէր. իրերը դասավորեցինք պարկի մեջ. ստացվեց պատկառելի մի բեռ: Համալի հետ քաղցրանուշ խոսելով քաղաքի կենտրոնից Աբովյան փողոցով հասանք մինչեւ համալսարանի շենքը. ինչպես երեւում էր բեռը ծանր էր, իսկ մշակըՙ ուժասպառ. ճանապարհին երեք տեղ հանգստացավ:

Բեռը բարեհաջող հասցրինք մինչեւ Հովհաննիսյանի բնակարանը. ապրանքն ընդունեց Տեր Գարեգինը. ուրիշ մարդ չկար տանը:

Մշակի շալակից բեռը դեռեւս չիջեցրածՙ Տեր հայրը ինձ հարցրեց, թե ինչքան պետք է վճարել մշակին. ասացի մեր համաձայնության արդյունքը: Այս լսելով Տեր հայրը զայրացավ, թեՙ էդ ի՞նչ խաբար է. «Ես տերտեր հալովս էստեղից գնում եմ մինչեւ ջհանամը-գերեզմանները, մեռել եմ թաղում, իսկի դրա կեսի չափով փող չեմ ստանում: Ես էդքան փող տվողը չեմ»: Համալը լսեց, զայրացավ եւ իր երկար հասակի բարձրությունից պարկը իր պարունակությամբ շպրտեց հատակին: Պարկի մեջ ջարդվեցին գինու շշերը եւ նրանց պարունակությունը ներծծվեց աղի ու շաքարի, ծխախոտի եւ ալյուրի մեջ: Սկսվեց վեճը: Մշակն ավելի ուժեղ գտնվեց, Տեր հորից ստացավ իր վարձըՙ քահանային թողնելով մթերքի փրկության գործը:

Մշեցու հետ միասին դուրս եկանք. տեղի ունեցածից ես խիստ ամաչում էի, իսկ մշակը հրճվում էր Տեր հորից իր ոխը հանելու համար:

Օրեր հետո, երբ ռեկտոր Հովհաննիսյանը եկել էր մեր լաբորատորիա պրոֆ. Քալանթարյանի մոտ (այնտեղ կային չորս անծանոթ մարդիկ), ինձ ներս կանչեցին եւ առաջարկեցին պատմել այդ դեպքը: Հովհաննիյանը, որին չէի տեսել ծիծաղելիս, նույնիսկ ժպտալիս, լիաթոք ծիծաղում էր, վարակելով ներկաներին: Ես դուրս փախա:

***

1922 թվականի աշնանային մի օր մորս պատվերով գնում եմ Ախտայի շրջանի Ռնդամալ գյուղը (ներկայիս Հրազդանի շրջանի Աթաբեկյան), տնտեսական գործով: Մայրս մեր հագուստից մի քանիսը տվել էր մի ծանոթ գյուղացուՙ աշնան բերքահավաքից հետո մի քանի կիլոգրամ ցորենի հետ փոխանակելու համար:

Մի պատառ հացի պաշար վերցրած առավոտ կանուխ ճամփա ընկա դեպի Ախտաՙ Ռնդամալ:

Օրը մթնել էր արդեն: Ներս մտա մի կիսաքանդ խրճիթ, որը լուսավորված էր ձեթի թե նավթի ճրագով, ոչ լամպով: Թոնրան կողքին կուչ եկած նստել էին երկու կանայք, այդ տարիների համար տիպիկ խեղճ գյուղացի կանայք:

Ինձՙ օտարականիս ընդունեցին անտրտունջ, նստեցի նրանց կողքինՙ թոնրի շրթին- մի քիչ հետաքրքրվեցին ինձանով, իմանալով, որ որբ ու գաղթական եմ, գրագետ եմ, ծառայում եւ սովորում եմ: Գութները շարժեցի, մի քասայով մածուն տվեցին, որը մի հացի պատառով կերա: Թոնրից ոչ հեռու գետնի վրա փալասներից անկողին սարքեցին, ես պառկեցի քնելու:

Առավոտ կանուխ վեր կացա, շնորհակալություն հայտնեցի տանտիրուհուն, որի ոչ անունն իմացա, ոչ էլ ազգանունը ու գնացի:

Ռնդամալում գործս վերջացրած, մեկ փութ ցորեն շալակած վերադառնում եմ Երեւան: Հասա Ախտա: Գլխավոր խճուղու վրա կանգնած սպասում եմ որեւէ միջոցիՙ Երեւան գալու համար: Ավելի քան մեկ ժամ սպասելուց հետո, հուսահատված ուզում էի դիմել ոտքերիս ուժին, երբ մի ավտոմեքենա կանգնեց կողքիս, դուռը բացվեց եւ, ով զարմանք, մեքենայի մեջ նստած էր պետական համալսարանի ռեկտոր, պրոֆ. Հակոբ Հովհաննիսյանը, որը ինձ ճանաչում էր կենտրոնական քիմիական լաբորատորիայից, որտեղ ես աշխատում էի իր ընկերներ, պրոֆեսորներ Պ. Քալանթարյանի, Ստ. Ղամբարյանի [3] մոտ, որպես լաբորանտ:

- Ի՞նչ ես անում այստեղ, Եղիշե:

- Ուզում եմ Երեւան գնալ, ընկ. Հովհաննիսյան:

Առանց հարցնելու, թե ինչու եմ եկել այստեղ եւ ինչ եմ տանում, առաջարկեց նստել մեքենա: Կյանքումս առաջին անգամ ավտոմեքենա եմ նստում, այն էլ այդպիսի պատվարժան անձնավորության հետ. տուն եմ հասնում հպարտացած եւ ընկնում եմ մորս գիրկը:

Բերածս ցորենը մայրս վերածեց ձավարի եւ կորկոտի, որով կերակրեց մեզ առաջիկա ձմռանըՙ վերածելով վռոշի, սպասի, հազվադեպ նաեւ փլավի:

Այդ օրվանից անցել է 50 տարի: Շատ բան է փոխվել մեր երկրում: Փոխվել են նաեւ մարդիկ: Ակամա մտածում եմ, մեր օրերում շա՞տ են արդյոք ռեկտորներ, կամ դիրեկտորներ, որոնք այդպես մարդկային վերաբերվեն օգնության կարիք ունեցող մարդուն, ինչպիսին էր «ժողովրդի թշնամի» դարձած այդ մարդը- գիտնականը եւ քաղաքացին:

Սերգո Մարտիկյանի մոտ [4]

Իմ ղեկավար պրոֆ. Պ. Բ. Քալանթարյանը 1932 թվականին ինձ հանձնարարեց վերցնել համապատասխան քանակությամբ պարարտանյութ եւ գնալ հանրապետության Կենտգործկոմի նախագահ Սերգեյ Մարտիկյանի տունՙ նրա պարտեզի հողակտորը պարարտացնելու համար: Ես արդեն ասիստենտ էի ագրոքիմիայի ամբիոնում, պարարտացման գործը բավարար չափով տիրապետել էի, ինձ կարելի էր վստահել այդ գործը:

Ընկ. Մարտիկյանը ապրում էր Աբովյան փողոցի վրա գտնվող մի տան առաջին հարկում: Նրան ներկայացա առավոտյան ժամը 10-ին. ինձ ընդունեց իր սենյակը, որը ամենահասարակ կահավորանքն ուներ. մի թախտՙ ծածկած կիսամաշ կարպետով, մի պահարան (կամոդ) խոհանոցի կամ սննդի պարագաներով, դարակՙ գրքերով, մի սեղան սենյակի կենտրոնումՙ ծածկված սպիտակ սավանով եւ 2-3 աթոռ սեղանի շուրջը: Երկրորդ սենյակը, ուր չմտա, բայց դուռը բաց էր, ննջարանն էր, այնտեղ աչքիս ընկավ զինվորականի երկաթյա մահճակալՙ դեռեւս չհարդարված անկողնով: Ուրիշ մարդ չտեսա տանը:

Երբ իմացավ պրոֆ. Քալանթարյանի կողմից իմ առաքելության նպատակը, վեր կացավ, մի բահ վերցրեց եւ դուրս եկանք բակ: Պարզվեց, որ ընկ. Մարտիկյանի բնակարանի դիմաց, բակի կողմում, մի փոքրիկ հողակտոր կար 20-25 քառակուսի մետր մակերեսով: Այդ հողակտորն էր, որ հանրապետության նախագահը, անցյալ հասկացողությամբ Հայոց թագավորը, ուզում էր մշակել, ծաղկանոցի վերածել, իսկ եսՙ հայրենասերի ոգեւորությամբ մի երիտասարդ, ուզեցի կատարել այդ խիստ հաճելի եւ պատվաբեր աշխատանքը, ծառայությունս մատուցել այդ մեծ մարդուն:

Մարտիկյանը բահը բռնեց ձեռքը, մինչեւ ես պարարտանյութ շաղ տվեցի հողամասի վրա: Բահն ուզեցի վերցնել եւ պարարտացրած հողը կրկնավարելՙ պարարտանյութը հարկավոր խորությամբ հողի շերտի հետ խառնելու համար: Որքան մեծ եղավ զարմանքս եւ հիասթափությունս, երբ ընկ. Մարտիկյանը բահը ինձ չզիջեց, ինքը սկսեց փորել: Ես կանգնած մնացի, մինչեւ 4-5 քառակուսի մետր մակերեսը փորեց խնամքով: Երբ համոզվեց, որ ճիշտ է կատարում աշխատանքը, թողեց գործը եւ ինձ սենյակը տարավ: Սեղանին դրեց մի պատառ հաց եւ մի կտոր պանիր. առաջարկեց օղի, ես ամաչելով հրաժարվեցի: Լցրեց թեյ. սեղանի վրա կար մի քանի մանր կտոր շաքար: Հաց ու պանիր կերանք ու կծովի թեյ խմեցինքՙ հայոց հանրապետության նախագահի հետ, նրա տանը:

Վերջում շնորհակալություն հայտնեց եւ ջերմ ողջույններ ուղարկեց պրոֆ. Պ. Բ. Քալանթարյանին:

Ահա թե ինչպիսին էր պետական գործիչը այդ տարիներին:


1. Ծնվել է Շուշիում: 1896 թ. մեկնել է Գերմանիա, ուսանել Բեռլինի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի քիմիական բաժնում: 1903 թ. Հայդելբերգի համալսարանի բնագիտական ֆակուլտետում պաշտպանել է իր ավարտաճառը, ստանալով գիտությունների դոկտորի աստիճան: 1922 թ. փետրվարին նշանակվում է Երեւանի (այն ժամանակՙ Ժողովրդական) համալսարանի ռեկտոր: 1930-ից մինչեւ 1936 թվականը նա բժշկական ինստիտուտի ռեկտորն էր: 1937 թ. սեպտեմբերին ձերբակալվել է եւ Կարապետ Մելիք-Օհանջանյանի հետ մեղադրվել «զինված ապստամբություն, կառավարության դեմ ահաբեկչական ակտեր կազմակերպելու» մեջ: Աքսորվել է Ղազախստան, ճանապարհին, միջինասիական երկաթուղային կայարաններից մեկումՙ 1941 թ. վախճանվել:

2. Հայաստանում ագրոքիմիայի եւ մանրէաբանության հիմնադիր: Ծնվել է 1877 թ. Ալավերդու շրջանի Արդվի գյուղում: 1905 թ. ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը. մեկ տարի անց ընդունվել Լայպցիգի համալսարանի բնագիտության ֆակուլտետ: 1919 թ. հաստատվում է Երեւանում եւ հայ գիտնականների հետ մասնակցում Երեւանի համալսարանի կազմավորմանը, դառնալով գյուղատնտեսական ֆակուլտետի առաջին դեկանը:

1937 թ. նա ստալինյան բռնության զոհ դարձավ: Մահացել է 1942 թ.:

3. Ծնվել է 1876 թ. Վրաստանում: Խորհրդահայ քիմիկոսների գիտական դպրոցի հիմնադիր: 1898 թ. ավարտել է Ռիգայի դասական գիմնազիան, ուսանել Մյունխենի, Լայպցիգի, Հայդելբերգի համալսարաններում (1899-1906): Երեւան է հրավիրվել 1920 թվականին: Նա է հիմնադրել եւ ղեկավարել Երեւանի համալսարանի, ապաՙ Պոլիտեխնիկական, Բժշկական, Գյուղատնտեսական, Անասնաբուժական ինստիտուտների օրգանական քիմիայի ամբիոնները:

1938 թ. «ուսանողների շրջանում հակահեղափոխական, լրտեսական գործունեություն ծավալելու» ամբաստանությամբ աքսորվել է Սեմիպալատինսկ (Ղազախստան): 1946 թ. սպիտակարյունությամբ հիվանդ վերադարձել է եւ մահացել Երեւանում: ՀՀ ԳԱ-ի թղթակից անդամ էր:

4. Ծնվել է 1874 թ. Թիֆլիսում: Աշխատել է Հայաստանի Հանրապետության, ապա Անդրկովկասյան Ֆեդերացիայի կենտգործկոմի նախագահ Մինչեւ 1936 թ.: 1938-ին Սերգո Մարտիկյանը եւս բանտարկվեց ու տարիներ շարունակ կրեց «հայրենիքի դավաճանի» ծանր խարանը: Մահացել է 1957թ. Երեւանում:


Նկար 1. Եղիշե Մովսիսյան (կենտրոնում), Հովհաննես Ավագյան (ձախից), Մելիստ Մովսիսյան (աջից)


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4