Ռոբեր Ճեպեճյան-100
ՇԱՀԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ
1960 թվականն էր: Նոր էի ընդունվել Հայաստանի Պետական պատկերասրահ, որպես էքսկուրսավար: Մի օր նկատեցի երկու սփյուռքահայերի, որոնք զրուցում էին իտալահայ նկարիչ Ժիրայր Օրագյանի երկուՙ «Որբեր» եւ «Սրճարանում» յուղաներկ կտավների առջեւ: Մոտեցա ու հաղորդեցի, որ նկարները վերջերս ենք նվեր ստացել եւ մեզ համար հայտնություն դարձավ ինքնատիպ լեզվաոճի տեր այս գեղանկարիչը: Նրանք ժպտացին: Լսեցի հետեւյալը. «Անցյալ տարի մենք Հռոմում տեսանք Ժերարդոյին, այս աշխատանքները իրենից գնեցինք եւ ղրկեցինք Հայաստան»: Ինձ պատեց զարմանքն ու ուրախությունը: Ծանոթացանք: Շնորհիվ այս անձանց, Հալեպում նաեւ հիմնադրվել էր «Սարյան» նկարչական ակադեմիան. Սուրեն Կալենտեր եւ Ռոբեր Ճեպեճյան:
Ճեպեճյանը հանրահայտ ակնաբույժ էր: Սիրիական իշխանությունների ու ժողովրդի կողմից հարգված ու սիրված բժիշկ, լայն հետաքրքրություննեի տեր հասարակական գործիչ, Ռամկավար ազատական կուսակցության երեւելի դեմքերից: 1960-ականներին քանիցս նա հրավիրվեց Հայաստան: Հանդիպումներ էր ունենում հիվանդանոցներում, դասախոսություններ կարդում, գիտական նորություններ հաղորդում, ինչպես նաեւ աչքի գործողություններ ձեռնարկում: Իսկ ազատ օրերին գալիս էր թանգարան: Մենք հանդիպում էինք ու այցելում մեր նկարիչներիՙ Սարյանի, Մինասի, Հակոբյանի, Աթոյանի, Էլիբեկյանի, Ա.Հովհաննիսյանի ու այլոց արվեստանոցները: Բայց այն մասին, ինչ այժմ գրում եմ, նա ոչինչ չէր ասում:
1973-ին, Սփյուռքում գործող միակ հայկական նկարչական վարժարանիՙ Սարյան ակադեմիայի 20-ամյակի առնչությամբ, երբ արդեն Վարպետի նորաստեղծ թանգարանի տնօրենն էի, Ճեպեճյանն ինձ դասախոսությունների հրավիրեց Հալեպՙ իմ ծննդավայրը: Մեկնեցի հուզմունքով, հետս որպես նվեր տանելով Արտո Չամաքչյանի ստեղծած Ճեպեճյանի հիանալի դիմաքանդակի կրկնօրինակը:
Ապրում էի նրա տանը, Սեբիլ թաղամասում գտնվող նրա անձնական հիվանդանոցի վերին հարկում: Հանգստյան օրերին ճանապարհորդում էինք: Մի շարք հինավուրց հուշարձաններից բացի, եղանք նաեւ Քեսապի գյուղերից մեկում գտնվող, լեռան բարձունքից Միջերկրական ծով նայող իր ամառանոցում: Աշխատանքային օրերին, երբ գործողություններից հոգնած բարձրանում էր տուն, պառկում էր բազմոցինՙ խնդրելով մի փոքր սպասել: Նման մի օր, հարեւան սենյակի բաց դռնից նկատեցի, որ պատերին նկարներ կան, իսկ սեղանինՙ ներկեր ու վրձիններ...
- Նկարչություն շատ կսիրեմ,- պատասխանեց հետաքրքրությանս, -բայց նկարչական դպրոցե չեմ անցած եւ ինչ-որ կնկարեմ սիրտես կուգա, նկարներս ալ ցուցադրելու միտք չունիմ...
Դիտում էի ու մտածում. բարեկամս ե՞րբ էր ժամանակ գտնում կտավի առջեւ նստելու ու «զրուցելու» ինքն իր հետ...
Անցան տարիներ: Մի օր Ճեպեճյանն ինձ դիմեց Սարյան ակադեմիայում դասավանդելու նպատակով մի լավ թեկնածու գտնել: Առաջարկեցի Երեւանի գեղարվեստի ինստիտուտն ավարտած, իր ձմեռային տեսարաններով ճանաչում գտած, նաեւ մանկավարժությամբ զբաղվող Հրազդան Թոքմաջյանին: Նա մեկնեց երկու տարով ու այնքան համակրանք շահեց, որ ահա 16 տարի է շարունակում է աշխատել, ակտիվ մասնակցություն բերելով Հալեպի մշակութային կյանքին:
Սիրիայում ճանաչում վայելող ու արդեն իր հիսնամյակը բոլորած դպրոցում, որն ունի նաեւ արաբ աշակերտներ, ինքս էլ երբեմն արվեստաբանական ելույթներ էի ունենում: Եվ ամեն անգամ, Հրազդանի հետ ուղղվում էինք Ճեպեճյանի տուն...
Նա 21-րդ դար չհասավ: Զրուցելով տիկնոջՙ Լուիզայի հետ, պայծառանում էր թանգարան պահպանողի հոգին: Ամենայն բծախնդրությամբ նա հսկում էր Ճեպեճյանի հարուստ գրադարանն ու սենյակները վերածել էր պատկերասրահի: Խոսելիս իմացանք, որ այս տարի լրանում է ամուսնու ծննդյան 100-ամյակը: Հայացքս գամվել էր Ճեպեճյանի նկարներին, ու անընդհատ հիշում էի «սիրտես կուգա» նրա անմոռանալի խոսքը...
Ճեպեճյանը վրձնել է հինգ տասնյակի չափ փոքրաչափ կտավներ, հատկապես բնանկարներ, որոնք ներշնչված են պայծառ, կենսալի տրամադրությամբ: Ուշագրավ է, որ նա չի փորձում կիրառել պատկերման դասական սկզբունք, նման պարագայում կաղավաղվեր իր սրտի խոսքը: Նա կտավը կառուցում է պարզունակ (նաիվ, պրիմիտիվ) գունաձեւերով: Այդ պարզությունն էլ հիմք է սիրո անմիջական խոստովանության:
Ներկայացնեմ բնանկարներից մեկը: Լեռների գրկում, բլրի վրա խաղաղ շնչում է մի գյուղ: Ձախ կողմից ընթացող ոլորապտույտ ճանապարհը դիտողի հայացքը սեւեռում է լույսով ողողուն ու գեղեցիկ գույներով պատկերված տնակների վրա: Առաջին պլանի աջ անկյունում ներկայացված փոքրիկ տնակը ընտրված է իբրեւ ծովի կապույտով ավարտվող հիասքանչ բնության դիտակետ:
Տեսարանների ընկալումը միանգամայն նկարչական է, ուստի եւ ապրումը որոշակիՙ տպավորող ու հուզիչ: Ճեպեճյանի նմանօրինակ բնանկարները քաղված են իր ամառանոցային տնակի շրջակայքից: Ամենուր տիրում է հարթ ու հնչեղՙ կարմիր, կանաչ, դեղին գույները, որոնք իրենց պարզ եզրագծերով ներդաշնակ են ու հավասարակշռված: Այդ բնանկարների գերող հատկանիշը կենսաշունչ մաքրությունն է, մանկական անկեղծությամբ տոգորված:
Ճեպեճյանը նույնքան յուրովի է դիտարկում, վրանի առջեւ, այգում աշխատող արաբուհուն եւ կամ ծղոտով հյուսված աթոռներ ներկայացնող իր ընդունարան-սենյակը: Կենտրոնում սրճեփ է դրված: Ուշադիր նայելիս ոչ թե աթոռներ ես տեսնում, այլ պատկերացնում ջերմ զրույցի բռնված բարեկամ մարդկանց...
Ինչպես նշեցի, պարզունակ է Ճեպեճյանի նկարելաոճը: Անձնականություն բացահայտող այդ ոճը աշխարհում ընդունված է իբրեւ ստեղծագործական մտածելակերպ եւ իր տեղն ունի նկարչական արվեստում: Նման գործերի ցուցահանդեսներ են կազմակերպվում շատ երկրներում, մրցանակներ տրվում եւ նույնիսկ արվեստի այդ տեսակի թանգարաններ կան: Վստահ եմ, որ մեր սիրելի, բարեսիրտ աչքերով «իրենը» դրոշմող Ռոբեր Ճեպեճյանի գործերից անպայման հանգրվան կառնեն Երեւանի ժողովրդական արվեստի թանգարանում:
Նկար 1. Արտո Չաքմաքչյան. Ռ. Ճեպեճյանի դիմաքանդակը
Նկար 2. Ռ. Ճեպեճյան. «Արաբուհին վրանի մոտ», 1972 թ.
Նկար 3. Ռ. Ճեպեճյան. «Գյուղ լեռներում», 1971 թ.