ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#2, 2009-05-23 | #3, 2009-06-06 | #4, 2009-06-20


ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ՄԵՐ ՎԱՐՊԵՏՆԵՐԸ. ԱՐՏԱՇԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

ԷՍՄԱ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Արվեստն իր ճշմարտությունն ու օրինաչափություններն ունի` պայմանականության իր սկզբունքները, որտեղ մարդը կարող է շունչ հաղորդել այդ նույն քարին, փայտին: Նման դեպքերում արդեն դրանք կյանք են ստանում, «շնչում են եւ ապրում»: Միթե այսօր մեզ հետ չեն «խոսում» միջնադարյան հայկական կոթող հուշարձանները, մեր գունագեղ մանրանկարները, չքնաղ խաչքարերը, ճարտարապետական զարդաքանդակները: Այդ ամենն արարել է հայ մարդը, արարել է հնում, արարում է եւ այսօր` արժանի հետնորդը հանդիսանալով անցյալի վարպետների:

Այդ արարողներից մեկն է Արտաշես Պետրոսյանը, որի բովանդակ ու առեղծվածային կյանքը անցել է բարու, գեղեցիկի հաստատման համար:

Վարպետ Արտաշեսը ծնվել է 1914 թ. հինավուրց Կոտայքում, տոհմիկ դարբնի ընտանիքում: Հայրենական պատերազմի առաջին իսկ օրերին հայրենանվեր երիտասարդը մեկնում է ռազմաճակատ եւ որպես դասակի հրամանատար մասնակցում Վոլգոգրադյան ահեղ ճակատամարտերին: 1943 թ. Ա. Պետրոսյանը ծանր վիրավորվում էՙ կորցնելով ձեռքը, «Կարմիր Աստղի», «Հայրենական պատերազմի» շքանշաններով ու մեդալներով` վերադառնում տուն:

Արտաշեսի համար շատ բան այլեւս կորած էր թվում, մանավանդ` ստեղծագործելու հնարավորությունը: Ի՞նչ կարող էր անել նա այն էլ` միայն ձախ ձեռքով: Սակայն արվեստի հանդեպ բուռն սերը, հոգու անընկճելի ձգտումն ու կամքը, մահվան աչքերին բազմիցս նայած ռազմիկին անսպասելի ուժ ու ոգեւորություն հաղորդեցին: Նա սկսեց արարել... զարմանք ու հիացմունք պատճառելով շրջապատին:

Արվեստում վարպետի հավատամքը դարձավ անմիջականությունն ու անկեղծությունը, հատկանիշներ, որոնք թե՛ պրոֆեսիոնալին եւ թե՛ ինքնուսին մոտեցնում են ճշմարիտ ուղուն:

Արտաշես Պետրոսյանը համարձակությամբ դիմում է քարի փորագրության գրեթե բոլոր ժանրերին` թեմատիկ հորինվածքներ, դիմապատկեր, նատյուրմորտ, դեկորատիվ առարկաներ ու նաեւ հաջողությամբ աշխատում գրաֆիկայի մարզում: Վարպետին ամենից ավելի գրավում է հարազատ գյուղի թեման, նրա առօրյան, մարդն ու կենցաղը, որին հոգեպես այնքան մոտ էր: «Երջանիկ հովիվ» քանդակը այդ շարքի լավագույն աշխատանքներից մեկն է: Նա խորհրդանշում է իր գործին սիրահար գյուղի մարդու կյանքը:

Դիտողին գրավում են ժողովրդական մտածելակերպին հատուկ մանրուքների շեշտման ասես մանկական անմիջականությունը, պարզ պատմողականությունը: Գյուղական թեմային է նվիրված «Ազատ կյանքի համար» եւ հատկապես «Աղբյուրի մոտ» քնարական հորինվածքները, համեմված նահապետական սիրո թովչանքով:

Չնայած ոչ մեծ չափերին ու մանրամասների ընդգծմանը, կոթողային տպավորություն է թողնում «Հայ ժողովրդի ցնծությունը» խմբաքանակը: Հանրապետության հրապարակի վեր խոյացող շենքերի ֆոնի վրա ներկայացված են տոնախմբության մասնակիցներըՙ ամենուր տարածելով իրենց հաղթական երգն ու տրամադրությունը:

Պետրոսյանը հմուտ է քարի դժվարին լեզվին: Քարի նկատմամբ նա ունի յուրօրինակ պաշտամունք. «Քարի հանդեպ երբեք անտարբեր չեմ եղել, - գրում էր նա, - քարը սիրել եմ, խնայել (որովհետեւ անսպառ չեն), հավաքել, դրանցով ուրախացել...» : Այդ սերն ու նվիրումն են թույլ տվել վարպետին քարի հետ «դու»-ով խոսելու:

Ժողովրդական արվեստի համար այնքան բնորոշ «քարե նատյուրմորտների» թեման կարծես թե նոր բան չի կարող ներկայացնել: Բայց հենց այստեղ էլ Արտաշես Պետրոսյանը կարողանում է թարմ խոսք բերել: «Ծղոտե» երկարավուն սկուտեղի վրա զամբյուղով խաղողն է, տանձն ու դեղձը եւ դրանց մոտ` քաղցրությունից ճաքճքած սեխն է մի սափոր գավաթների հետ:

Դեկորատիվ բնույթի իրերից հիշատակենք «Պնակ» փորագրությունը, ուր խաղողի ողկույզների ու տերեւների պարզ դասավորությամբ ստեղծված է շատ տպավորիչ մի գործ:

Արտաշես Պետրոսյանի աշխատանքներում մի առանձին խումբ են կազմում խճանկար-դիմապատկերները: Զարմանում ես, թե որքան մանր գլաքարեր կարելի է հավաքել, ընտրել, խմբավորել ըստ գույների եւ հետո նոր կյանք ու բովանդակություն հաղորդել դրանց: Ուշագրավն այստեղ ոչ միայն կերպարների «խարակտերային» ընկալումն է (գրեթե պրոֆեսիոնալ հմտությամբ), այլեւ` պատկերը պատվանդանի նյութի հետ կապելու ամբողջական զգացումը, որն իր հերթին նպաստում է համապատասխան տրամադրությանը: Օրինակ, շրջանաձեւ զարդաքարերի ներսում տեղավորված Մեսրոպ Մաշտոցի խճանկարը պաշտամունքի ու սրբության տպավորություն է թողնում: «Սայաթ-Նովան» իր ընդհանուր ձեւավորմամբ ավելի երաժշտական է. ապա «Մաքսիմ Գորկին»: Հիշենք նաեւ «Մեսրոպ Մաշտոցի վերադարձը Էջմիածին» գրաֆիկական թերթը... Ակամայից մտածում ես, թե ինչպիսին կլիներ Արտաշես Պետրոսյանի ապագան, եթե չխանգարեր նրան հայրենական պատերազմը եւ ստանար մասնագիտական կրթություն:

Սակայն, ինչպես ժողովուրդն է ասում, «տաշած քարը գետնին չի մնում»: Արտաշես Պետրոսյանի բնատուր շնորհքը աննկատ չմնաց, փայլատակեց: Դրանք 70-ից ավելի աշխատանքներ են, որոնք ժամանակին ներկայացվեցին ժողովրդական արվեստի թանգարանում բացված նրա անհատական ցուցահանդեսում:

Ժողովրդական արվեստի բնորոշ կողմերից մեկը ժառանգականությունն է` ուսուցիչ-աշակերտ-ուսուցիչ շղթայի գոյությունն ու շարունակությունը: Այստեղ էլ Ա. Պետրոսյանը իր գործի հետնորդին է բերել. Արտաշեսի որդին` Հենրիկը, ոչ միայն աշակերտեց հորը, այլեւ զարգացրեց այն` ընդգրկելով նաեւ մետաղի գեղարվեստական մշակումը: Այսօր Ժողարվեստի թանգարանի մի քանի ընտիր ցուցանմուշներ Հենրիկ Պետրոսյանի արհեստանոցից են դուրս եկել:

«Մարդու արարքը, գործը նրա անձնագիրն է», սիրում էր ասել վարպետ Արտաշեսը. մենք կավելացնեինք, հոգիդ լուսավորվի, սիրելի վարպետ, քո անձնագիրը պատիվ է բերում քո տոհմին եւ հրճվանքՙ բոլորին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4