Ֆրանսիացի մեծ գրող Գյուստավ Ֆլոբերի (1821-1880) հարուստ նամականիում (երկերի լիակատարում հինգ խոշոր հատոր) ավելի քան 120 նամակ կաՙ ուղղված ֆրանսիացի կին մեծ գրող Ժորժ Սանդին (1804-1876): Նրանց նամակակցական մտերմությունը տեւել է տասը տարի: Ընտրել ու բնագրից թարգմանած ներկայացնում եմ ընթերցողին այս երեք նամակները: Առաջինը սկզբնական նամակներից մեկն է: Երկրորդը գրված է ֆրանկո-գերմանական պատերազմի (1870-71) ժամանակ, երբ Ֆրանսիան պարտություն կրեց: Երրորդը վերջընթեր նամակն է Ժորժ Սանդի մահից առաջ: Կարծում եմՙ ընթերցողն այսօր էլ այժմեական հնչող շեշտեր կգտնի շուրջ մեկուկես դար առաջ գրված այս նամակների մեջ:
ԿԱՐՊԻՍ ՍՈՒՐԵՆՅԱՆ
Կրուասե, շաբաթ երեկո, 1866
(...) Ես չունեմ սկսվող մի կյանքի այդ զգացումը, ինչպես դուք, թարմածաղկուն գոյության այդ ապշանքը: Ինձ թվում է, ընդհակառակը, որ ես միշտ էլ գոյություն եմ ունեցել. եւ ունեմ հիշատակներ, որոնք մինչեւ փարավոններն են հասնում: Պատմության տարբեր դարերում ինձ տեսնում եմ շատ հստակորեն, զբաղված տարբեր գործերով եւ այլազան ճակատագրերի ենթակա: Իմ ներկա անհատը այն իմ անհայտացած անհատականությունների արդյունքն է: Ես նավակավար եմ եղել Նեղոսի վրա, եղել միջնորդ Հռոմումՙ Պունիկյան պատերազմների ժամանակ, ապա հույն ճարտասան Սուբուռում, ուր ինձ կերել են փայտոջիլները: Խաչակրաց արշավանքի ընթացքում մեռել եմ Սիրիայի ծովափինՙ չափից շատ խաղող ուտելուց: Եղել եմ ծովահեն ու վանական, հտպիտ եւ կառապան: Գուցե նաեւ կա՞յսր Արեւելքում:
Շատ բաներ կբացատրվեին, եթե կարողանայինք իմանալ մեր իսկական ծագումնաբանությունը: Որովհետեւՙ մարդուն կազմող տարրերը սահմանափակ լինելով, նույն համակցումները պետք է որ վերարտադրվեն: Ուստի ժառանգականությունը ճիշտ սկզբունք է, որ սակայն վատ է կիրարկված:
Այդ բառի հետ էլ վարվում են այնպես, ինչպես ուրիշ շատ բառերի: Ամեն մեկը բռնում է դրա մի ծայրից, եւ իրար չեն հասկանում: Հոգեբանական գիտությունները կմնան այնտեղ, ուր հանգչում են, այսինքնՙ խավարի ու խելահեղության մեջ, քանի չունենան հասկացությունների ճշգրիտ կարգ, քանի հնարավոր չլինի նույն արտահայտությունը գործածելՙ նշելու համար ամենատարբեր գաղափարներ: Երբ խառնափնթորում են հասկացությունները, էլ բարոյականությո՞ւն կմնա:
Չե՞ք գտնում ըստ էության, որ 89-ից [1] ի վեր հիմարություններ են դուրս տալիս: Փոխանակ շարունակելու մեծ ճանապարհով, որ լայն էր ու գեղեցիկՙ հաղթական ուղու նման, փախուստ են տվել արահետներով ու ցեխ են տրորում ջրափոսերում: Գուցե խելոքություն կլիներ մի վայրկյան վերադառնալ Հոլբախին [2]: Պրուդոնով [3] հիանալուց առաջ գուցե ճանաչեն Տյուրգոյի՞ն [4]:
Բայց ի՞նչ կլիներ այդ պարագային Շիքըՙ ժամանակակից այս կրոնը:
Շքեղ կարծիքներՙ կողմ լինել կաթոլիկության (առանց դրա մի բառին իսկ հավատալու), կողմՙ ստրկության, կողմՙ Ավստրիայի կայսերական տան, սուգ պահել թագուհի Ամելիայի համար, սքանչանալ «Օրֆեոսը դժոխքում»-ով, գավառային գյուղատնտեսական ցուցահանդեսներով զբաղվել, սպորտի մասին խոսել, սառը պահվածք ցույց տալ, 1815-ի դաշնագրերի համար ափսոսալու չափ տխմար լինել: Ահա սրանք են ամենավերջին նորույթները:
Ա՜հ, դուք կարծում եք, որ ես, քանի որ կյանքս հատկացնում եմ ներդաշնակ նախադասություններ կառուցելու ջանքին, խուսափելով ասոնանսներից, ես ինքս էլ չունե՞մ իմ դույզն դատումները այս աշխարհի բաների մասին: Ավա՜ղ, ունեմ, եւ նույնիսկ կպայթեմ դրանք չասելու կատաղությունից:
Բայց հերիք է շատախոսեմ, ձեզ կձանձրացնեմ ի վերջո: (...)
Շատ պինդ գրկում եմ ձեզ, սիրելի վարպետ:
Կրուասե, կիրակի երեկո (30 հոկտ. 1870)
Դեռ ապրում եմ, սիրելի վարպետ, բայց ի՞նչ օգուտ, այնքա՜ն եմ տխուր: Ձեր լուրերին սպասելուց էր, որ ավելի շուտ չգրեցի ձեզ: Չգիտեի ուր եք:
Ահա վեց շաբաթ է արդենՙ օրից օր սպասում ենք պրուսացիների այցին: Ականջ ենք լարում, թվում էՙ լսում ենք թնդանոթի որոտ հեռվում: Նրանք պաշարում են Ստորին Սենը տասնչորսից քսան լյո [5] տարածությամբ շրջանում: Նույնիսկ ավելի մոտ են, քանի որ գրավել են Վեքսենը, որն ավերել են լիովին: Ի՜նչ ահ ու սարսափ: Ամաչում ես ուղղակի, որ մարդ էակ ես:
Եթե մի հաջողություն ունենանք Լուարի վրա, նրանց հայտնվելը կհապաղի: Բայց կունենա՞նք որ: Երբ ինձ հույս է գալիս, ճգնում եմ վանել, եւ սակայն, խորքումս, հակառակ ամեն ինչի, չեմ կարող արգելել ինձ պահպանելու մի քիչ, գեթ մի դույզն հույս:
Չեմ կարծում, որ Ֆրանսիայում գտնվի ինձնից ավելի տխուր մի մարդ: (Ամեն ինչ կախված է մարդկանց զգայնությունից): Մեռնում եմ վշտից: Ահա ճշմարտությունը, եւ մխիթարություններն ինձ ջղայնացնում են: Այն, ինչ մորմոքում է ինձ, նախՙ մարդկանց վայրագությունն է, երկրորդՙ այն համոզմունքը, թե մտնելու ենք բթամիտ մի դարաշրջան: Լինելու ենք օգտապաշտ, ռազմամոլ, ամերիկյան եւ կաթոլի՜կ, հո՛ւյժ կաթոլիկ: Կտեսնե՛ք: Պրուսիայի հետ պատերազմը վերջ է տալիս ֆրանսիական հեղափոխությանը եւ կործանում այն:
Բայց եթե մե՞նք լինենք հաղթողը, պիտի ասեք ինձ: Այդ վարկածը հակասում է պատմության բոլոր նախընթացներին: Ո՞ւր եք տեսել, որ Հարավը հաղթի Հյուսիսին, եւ կաթոլիկները իշխեն բողոքականների վրա: Լատին ցեղը հոգեվարք է ապրում: Ֆրանսիան հետեւում է Իսպանիային ու Իտալիային, եւ առաջ է գալիս կոշտուկոպտությունը:
Ինչպիսի՜ փլուզում, ինչպիսի՜ անկում, ինչպիսի՜ թշվառություն, ինչպիսի՜ գարշանքներ: Կարելի՞ է հավատալ առաջադիմությանն ու քաղաքակրթությանը, տեսնելով այս ամենը, որ տեղի է ունենում: Ինչի՞ է պետք ուրեմն գիտությունը, քանի որ գիտնականներով լեցուն այդ ժողովուրդը կատարում է հոներին արժանի գարշանքներ եւ նույնիսկ ավելի վատ բաներ, քան նրանք, որովհետեւ կատարում է սիստեմատիկորեն, սառնորեն, դիտավորյալ, եւ ո՛չ կիրքը, ո՛չ էլ քաղցը կարող են չքմեղանք լինել այդ բաների համար:
Ինչո՞ւ մեզ այնքան սաստիկ ատում են նրանք: Դուք ձեզ ընկճված չե՞ք զգում քառասուն միլիոն մարդկանց ատելությունից: Այդ ահռելի դժոխային անդունդը գլխապտույտ է տալիս ինձ:
Պակաս չեն անգիր արած պատրաստի ֆրազները. «Ֆրանսիան կվերականգնի՜ իրեն: Պետք չէ՜ հուսահատվել: Սա մի փրկարա՜ր պատիժ է: Մենք իսկապես չափից ավելի անբարոյակա՜ն էինք», եւ այլն: Օ՜հ, հավերժական սուտը: Ո՛չ, չես վերականգնվի այսպիսի հարվածից հետո: Ես ինձ ցնցված եմ զգում մինչեւ հոգուս խորքը:
Տարիքս պակաս լիներ քսան տարովՙ գուցե չմտածեի այս բոլորը, իսկ եթե քսանով ավելիՙ հաշտ ընդունեի:
Խե՜ղճ Փարիզ: Գտնում եմ, որ հերոսաբար է պահում իրեն: Բայց, եթե վերագտնենք զայն, մեր Փարիզը չի լինելու այլեւս: Բոլոր այն բարեկամները, որ ունեի այնտեղ, մեռած են կամ անհայտացած: Ես այլեւս չունեմ կենտրոն: Գրականությունը ունայն եւ անօգուտ բան է թվում ինձ: Երբեւիցե ի վիճակի լինելո՞ւ եմ վերադառնալու դրան:
Օ՜հ, եթե կարողանայի փախչել մի երկիր, ուր էլ չես տեսնի համազգեստներ, չես լսի թմբկահարություն, ուր չեն խոսում կոտորածի մասին, ուր ստիպված չես լինելու քաղաքացի: Բայց երկրագունդն այլեւս բնակելի չէ խեղճ «ընտրյալների» համար:
Երկուշաբթի երեկո... 1876
(...) Շատ գոհ եմ, որ «Ջեք»-ը [6] ձեզ դուր է եկել: Հմայիչ գիրք է, այնպես չէ՞: Եթե ճանաչեիք հեղինակին, ավելի եւս պիտի սիրեիք նրան, քան իր երկը: Ասել եմ իրեն, որ ձեզ ուղարկի «Ռիսլեր»-ը եւ «Տարտարեն»-ը: Ինձ շնորհակալ կլինեք այդ երկուսն էլ կարդացած լինելու համար, վստահ եմ նախօրոք:
Ես չեմ բաժանում Տուրգենեւի խստությունները «Ջեք»-ի հանդեպ, ոչ էլ նրա անսահման հիացմունքը «Ռուգոն»-ի [7] համար: Մեկը հմայք ունի, մյուսըՙ ուժ: Բայց երկուսից ոչ մեկի համար խնդիր չի եղել ամենից առաջ այն, ինչ արվեստի նպատակն է ինձ համար, այսինքնՙ գեղեցկությունը: Հիշում եմ, որ սիրտս տրոփեց, բուռն հաճույք զգացի դիտելով Ակրոպոլիսի [8] մի պատը, բոլորովին մերկ մի պատ (այն, որ ձախում է, երբ բարձրանում ես դեպի Պրոպիլեա [9]): Է՛հ ուրեմն, հարց եմ տալիս ինձՙ չի՞ կարող գիրքը, անկախ իր ասածից, նույն ազդեցությունը գործել: Նյութերի ճշգրիտ ընտրության, բաղկացուցիչ տարրերի անզուգականության, մակերեսի փաղփուն հղկվածության, ամբողջ կառույցի ներդաշնակության մեջ արդյո՞ք չկա ներէական մի հատկություն, մի տեսակ աստվածային զորություն, հավիտենական մի բան որպես սկզբունք: (Խոսում եմ պլատոնական առումով): Այդպես ահա, ինչո՞ւ անհրաժեշտ մի համապատասխանություն կա ճշգրիտ բառի ու երաժշտական բառի միջեւ: Ինչո՞ւ երբ չափազանց խտացվում է միտքը, միշտ էլ բանաստեղծական տող ստեղծելու է հասնում: Թվերի օրենքն ուրեմն ղեկավարում է զգացումներն ու պատկերները. եւ այն, ինչ արտաքինն է թվում, պարզիպարզո բուն ներքինն է: Եթե երկար շարունակեի այս ընթացքով, երեւի թե լրիվ մոլոր կգնայի, որովհետեւ արվեստը մի ուրիշ կողմից պետք է լինի պարզամիտ: Կամ ավելի ճիշտՙ արվեստն այնպիսին է, ինչպես կարելի է անել, մենք ազատ չենք: Ամեն մեկը իր ուղիով է գնում, հակառակ իր սեփական կամքի: Մի խոսքով, ձեր այս Ցնորվածն իր գլխաձեղունում ոչ մի ուղիղ կանգնած միտք չունի այլեւս:
Բայց ինչքա՜ն դժվար է իրար հասկանալը: Ահա երկու մարդ, որոնց շատ եմ սիրում, եւ որոնց համարում եմ իսկական արվեստագետներՙ Տուրգենեւը եւ Զոլան: Դա չի խանգարում, սակայն, որ նրանք բոլորովին չհիանան Շատոբրիանի ու ավելի եւս Գոտյեի արձակով: Նախադասություններ, որոնք ինձ սքանչացնում են, նրանց թվում են դատարկ: Ո՞վ է սխալվում, եւ ինչպե՞ս դուր գալ հասարակությանը, երբ քո ամենամերձավորները այնքան հեռու են քեզնից: Այս ամենը ինձ շատ է տխրեցնում: Մի՛ ծիծաղեք:
Թարգմ. ԿԱՐՊԻՍ ՍՈՒՐԵՆՅԱՆԸ
1. 1789- Ֆրանսիական հեղափոխության սկզբնատարին:
2. Հոլբախ (1723-1789), ֆրանսիական մատերալիստ եւ աթեիստ փիլիսոփա, Հանրագիտարանի աշխատակից:
3. Պրուդոն (1809-1865), ֆրանսիացի տեսաբան սոցիալիզմի:
4. Տյուրգո (1727-1781), ֆրանսիացի տնտեսագետ ու պետական գործիչ:
5. Լյոն հավասար է չորս կիլոմետրի:
6. Ալֆոնս Դոդեի վեպը:
7. Էմիլ Զոլայի «Նորին գերազանցություն Էժեն Ռուգոն» վեպը:
8. Աթենքի սրբազան միջնաբերդ Ակրոպոլիսը:
9. Ակրոպոլիսի բուն բազմասյուն մուտքը: