ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#3, 2009-06-06 | #4, 2009-06-20 | #5, 2009-07-04


ՄԵԿԵՆԱՍԸ. ԳԱԼՈՒՍՏ ԳՅՈՒԼԲԵՆԿՅԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Հասարակական ընդհանուր մթնոլորտով է նաեւ պայմանավորված արվեստի, մշակույթի զարգացումը, որին բոլոր ժամանակներում էլ նպաստել եւ շարունակում են նպաստել առանձին անհատների ուշադրությունն ու բարեգործությունը: Ամենասուղ ժամանակն անգամ ի հայտ է բերում իր նվիրյալներին, ինչպես ստեղծող-ստեղծաբանողների, նաեւ այդ արժեքները գնահատող-պահպանողների: Այս առումով մարդկության պատմության անգերազանցելի օրինակը իտալական վերածննդի մի ժամանակահատված էր, երբ Ֆլորենցիայիցՙ հոգածությամբ Մեդիչի ընտանիքի բարեխնամ ձեռքի, ծաղկում ապրեց մի անբողջ մշակույթ` անգերազանցելի արժեքներ թողնելով մեզ: Սրանք մարդկության համար երանելի ժամանակներ էին:

Հայ իրականությունը նույնպես ունեցել է այդպիսի մեծ անհատներՙ ի դեմս Ալեքսանդր Մանթաշովի, Պողոս Նուբարի, Գալուստ Գյուլբենկյանի, Մելգոնյան եղբայրների, Ալեք Մանուկյանի, որոնք ամեն գալիք սերնդի հետ շարունակվում ու մեր կյանքի կարեւոր մասն են դառնում, որովհետեւ նրանք իմաստություն էին ունեցել կյանքը իսկապես ճանաչելու եւ ժամանակների դատին են հանձնել լավագույնի ընտրության իրենց հազվագյուտ տաղանդը եւ դրա արգասիքները...որոնք շատ, շատ են:

Մեր անդրադարձն այսօր Գալուստ Գյուլբենկյան հիմնարկության գործունեության հայաստանյան գրահրատարակչական ոլորտին է վերաբերում, որի դրոշմըՙ որպես հովանավորողի, կարելի է հանդիպել հիմնականում Երեւանի պետհամալսարանի, «Մուղնի» եւ «Սարգիս Խաչենց» հրատարակչությունների գրքերի էջերին:

Սրանով, անշուշտ, չեն սահմանափակվում Գյուլբենկյան մատենաշարով լույս տեսած եւ շարունակվող գրքերի հրատարակման օջախները: Հատկապես վերջին 15 տարիներին գրահրատարակչական մի իսկական կենտրոնի է վերածվել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի «Գ. Գյուլբենկյան» տպարան-հրատարակչությունը, որտեղ լույս են ընծայվում հայ գրականության, մատենագրության եւ պատմաբանասիրության կարեւոր գործեր: Անշուշտ, մեր խնդիրը չէ կատարված ողջ աշխատանքը ի մի բերելը: Այլ` հաշվի առնելով, որ ի մոտո Հայաստանում լույս կտեսնի Գ. Գյուլբենկյան մատենաշարի հերթական` 100-րդ հատորը, ցանկանում ենք ընթերցողին փոխանցել Գյուլբենկյան հիմնարկության հայկական բաժանմունքի տնօրեն Զավեն Եկավյանի քաջալերությամբ ու նրա գործակիցների ջանքերով Հայաստանում կատարվող գրահրատարակչական աշխատանքի ծավալի ու խորության վերաբերյալ տվյալներ, նաեւ տպավորություններ:


ԵՊՀ հրատարակչություն

1999 թվականից ԵՊՀ հրատարակչության տնօրենը այս ոլորտում երկարամյա փորձ ունեցող, հմուտ մասնագետ Պերճ Ստեփանյանն է: Մեր հանդիպման ընթացքում նա հանգամանորեն ներկայացրեց հրատարակչության անցյալի եւ ներկայի գործունեությունը եւ հատկապես անդրադարձավ Գալուստ Գյուլբենկյան հիմնարկության աջակցությամբ տպագրված գրականությանը:

ԵՊՀ հրատարակչությունը գրեթե նույնքան (90-ամյա) կենսագրություն ունի, որքան մեր երկրի մայր բուհը, նրա պատմությունն անմիջականորեն առնչվում է պետհամալսարանի գործունեության հետ: Համալսարանի հիմնադրվելու տարիներից դեռ (1919 թ.մայիս, Ալեքսանդրապոլ) հրատարակչական գործունեություն է ծավալվել. առաջին պարբերականը լույս է տեսել 1919 թվականին, իսկ գրահրատարակչական գործը սկզբնավորվել է 1922-ից: Առաջին 7-8 անուն գրքերը հետագա տարիներին հարյուրապատկվեցին եւ այժմ մի հսկայական գրադարան են կազմում: Սկզբից եւեթ հրատարակչության գիտակրթական ուղղվածությունը մինչ այսօր շարունակվում է: Այս մեծաքանակ գրականության մեջ մշակույթի, հայ գրականության համար որպես հիմնարար աշխատություններ առանձնահատուկ կարեւորվում են Հրաչյա Աճառյանի «Հայերեն արմատական բառարանի» յոթհատորյակը, «Հայոց անձնանունների բառարանը», Մանուկ Աբեղյանի, Հակոբ Մանանդյանի, Նիկողայոս Ադոնցի եւ նշանավոր այլ հայագետների ստվարածավալ ուսումնասիրությունների հրատարակությունները:

Վերջին տասը տարիների հրատարակչական աշխատանքների առաջընթացի մասին վկայում են արձանագրված թվերը. 1998-ին տպագրված 12 անուն գրքերի քանակը 2008-ին ավելի քան տասնապատկվեցՙ հասնելով շուրջ 170-ի: Հրատարակչությունը վերականգնել է համալսարանական կյանքում ժամանակին գործող մի լավ ավանդույթՙ սեփական միջոցներով ֆինանսավորելու աշխատակազմի, դասախոսապրոֆեսորների հեղինակած ուսումնասիրությունները, մենագրությունները, ուսումնամեթոդական ձեռնարկները, դասագրքերը: Այս տարվա հրատարակչական խորհրդի նիստում երկրորդ կիսամյակի համար հաստատվել է 35 գրքի տպագրության որոշումը: Ներկայում հայաստանյան գիտակրթական գրականության գերակշիռ մասը, փաստորեն, ապահովում է ԵՊՀ հրատարակչությունը:

Այս հրատարակությունների շարքում առանձնակի կարեւորություն ունեն Գալուստ Գյուլբենկյան հիմնարկության օժանդակությամբ տպագրված գրքերը: Գյուլբենկյան հիմնարկության «Մեծ Բրիտանիայի, Իռլանդիայի եւ հայկական համայնքների» բաժանմունքի ղեկավարը Գ. Գյուլբենկյանի ծոռն էՙ Մարտին Եսայանը: Հայկական բաժնի տնօրենը դոկտ. Զավեն Եկավյանն է: Նա ուսանել է Երեւանի պետհամալսարանի բանասիրական ֆակուլտետում, հայ մշակույթի, գիր ու գրականության բանիմաց եւ հրաշալի գիտակ է, լեզվաբան, ԵՊՀ պատվավոր դոկտոր, ազգային գործիչ: Հայաստանի հետ մշտապես պահպանել է սերտ կապեր, հանգամանորեն տեղյակ է մեր կյանքի մտահոգություններին ու կարիքներին, ուշադիր է, նպատակային եւ նախանձախնդիր: Տարիներ շարունակ աջակցություն է ցուցաբերել Հայաստանի առողջապահական, գիտական կարեւոր հաստատություններինՙ Մատենադարանին, Ակադեմիային, առանձին մտավորականների: Արդեն 9-րդ տարին է գրահրատարակչական ծրագիր է իրականացնում Պերճ Ստեփանյանի ղեկավարած ԵՊՀ հրատարակչության հետՙ ֆինանսավորելով հիմնականում հայագիտական գրքերի տպագրությունը, որոնք այժմ պատկառելի մի գրադարան են ձեւավորել, շուրջ 100 գիրք: Հրատարակչությունը շուտով կթողարկի Գյուլբենկյան հիմնարկության հոբելյանական 100-րդը, որն ամենայն հավանականությամբ Նիկողայոս Ադոնցի Երկերի IV հատորը կլինի եւ կնշվի արժանորեն:

Վերջին տարիների արժեքավոր հրատարակություններից են Հրաչյա Աճառյանի «Լիակատար քերականություն հայոց լեզվի համեմատությամբ 562 լեզուների» վերջին 9-րդ գիրքը, որով եւ ամբողջացավ մեծանուն լեզվաբանի սույն աշխատությունը, «Քննություն Կիլիկիայի բարբառի» ծավալուն ուսումնասիրությունը: ԵՊՀ հրատարակչությունը լուրջ ներդրում ունի հայ բառարանային մշակույթը հարստացնելու գործում: Հիշատակելի են Աշոտ Սուքիասյանի «Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարանը», գրաբարի, միջին հայերենի, վրացերեն-հայերեն բառարանները, Բախտիար Հովակիմյանի «Հայոց ծածկանունների բառարանը», Երջանիկ Գեւորգյանի «Հայոց շարժումային լեզվի բառարանը»: Ուշագրավ երեւույթներից է Հայնրիխ Հյուբշմանի «Հայերենի քերականություն» եւ «Հայագիտական ուսումնասիրություններ» մեծարժեք աշխատությունները, ինչպես նաեւ Յոզեֆ Կարստի «Կիլիկյան հայերենի պատմական քերականություն» գիրքը: Արժեքավոր է նաեւ Ադանայի կոտորածի 100-րդ տարելիցի առիթով լույս ընծայված Հրաչիկ Սիմոնյանի «Հայերի զանգվածային կոտորածները Կիլիկիայում (1909 թ.)» գիրքը:

Գ. Գյուլբենկյան հիմնարկության հովանավորությամբ տպագրված գրականության շարքում առանձնահատուկ տեղ ունի «Մատենագիրք հայոց» 50 հատորով մատենաշարը, որի նախաձեռնողը Զավեն Եկավյանն է: Արդեն լույս է տեսել 12 հատոր: Մատենաշարի տպագրությունն իրականացվում է Անթիլիասում, անշուշտ, տեղափոխության որոշակի բարդություններ առաջացնելով:

Գյուլբենկյան հիմնարկության հովանավորությամբ ԵՊՀ հրատարակչությունը այս տարիներին համագործակցել է նաեւ այլ հրատարակչությունների հետ եւ տպագրել մի շարք կարեւոր գրքերՙ «Հայ մանրանկարչություն» ալբոմը, Լեւոն Խաչիկյանի Աշխատությունների Գ հատորը (1200 էջ, «Նաիրի» հրատ.), Հակոբ Չոլաքյանի «Քեսապի բարբառը» («Հայաստան» հրատ.), Համլետ Հարությունյանի «Նոր Բայազետի գավառը 1828-1913 թթ.», Ավ. Իսահակյանի Երկերի IV հատորը (ԳԱԱ «Գիտություն» հրատ.):

Առաջիկա հրատարակություններ

Տպագրության փուլում են «Մատենագիրք հայոցի» հերթական հատորը` «Նարեկյան դպրոց» քննական բնագիրը, Հրանտ Թամրազյանի Երկերի 2-րդ հատորը, Գուրգեն Մահարու անտիպ ժառանգությունից «Սիբիրականը», Հր. Աճառյանի «Պոլսահայ անգիր բանահյուսությունը», Արամ Սիմոնյանի «Զանգեզուրի գոյամարտը» աշխատության երկրորդ հատորը, Արամ Բարլեզիզյանի հայերեն-ֆրանսերեն ստվարածավալ, 1000 էջանոց բառարանը: Հրատարակության է պատրաստվում «Մատենագիրք հայոցի» X դարի մատենագրությունն ամփոփող վերջին 5-րդ հատորը: Նախատեսվում է ԳԱԹ-ի հիմնադիր տնօրեն, արվեստագիտության դոկտոր Գառնիկ Ստեփանյանի Հայոց եղեռնի մասին արեւելահայ իրականության մեջ առաջինՙ «Մղձավանջային օրեր» վեպի վերահրատարակությունըՙ նվիրված հեղինակի 100-ամյակին:

Հայագիտական գրականության տպաքանակը անշուշտ մեծ չէ, եւ դրանց գերակշիռ մասը նվիրատվությամբ է իրացվումՙ տրվում է գրադարաններին, տարբեր կազմակերպություններին, անհատ մտավորականներին եւ սփյուռքի հայագիտական կենտրոններին. ինչպես հրատարակչության տնօրենն է ասում, այդ գրքերը ընթերցողական պահանջարկ թեեւ քիչ ունեն, բայց գիտության համար անգնահատելի են:

«Մի գրքի պատմություն»

Այս վերտառությամբ նպատակահարմար գտանք ներկայացնել երեք պատմություն:


Գիրք 1. Պերճ Ստեփանյանը հիշում է Բախտիար Հովակիմյանի հետ գրականության եւ արվեստի թանգարանում աշխատած տարիները, երբ ականատես է եղել այն ահռելի աշխատանքին, որ նա կատարել է: «Իր կյանքի 55 տարին նա նվիրեց «Հայոց ծածկանունների բառարան» ստեղծելուն: Մեկ առ մեկ թերթել է ամբողջ հայ մամուլըՙ 8000 հեղինակի 28.000 ծածկանուն էր ի հայտ բերել, ուսումնասիրել, համակարգել: Երկար տարիներ, սակայն, գիրքը չէր հրատարակվում: Մի օր հարցրի, թե գործն ինչ վիճակում է: Նա ասաց, որ հսկայական քանակությամբ ձեռագրեր է հավաքել, ամբողջ բնակարանը լցված է դրանցով, որ 55 տարի աշխատում է ու հիմա դա ոչ մեկին պետք չէ, մի տեղ է ուզում առանձնացնել, որ տանի, այրի դրանք: Նրան ասացիՙ ես այդ գիրքը կտպեմ: Դիմեցի Զավեն Եկավյանին, նկարագրեցի այս պատմությունը, նա անմիջապես համաձայնեց»:


Գիրք 2. «ԵՊՀ հայագիտական կենտրոնում աշխատում էր ազգությամբ հրեա Դմիտրի Սլիվնյակը, որն իր նախաձեռնությամբ տասնյակ տարիներ առաջ թարգմանել էր գերմանացի նշանավոր հայագետ Հայնրիխ Հյուբշմանի աշակերտ Յոզեֆ Կարստի «Կիլիկյան հայերենի պատմական քերականություն» գիրքը: Տարիներ շարունակ մնացել էր հրատարակչության գզրոցներում, հնարավորություն չէր եղել տպագրության: Ձեռագրերը կարգի բերելու ընթացքում, երբ ավելորդ նյութերը դեն էինք նետում, նկատեցինք այդ ձեռագիրը` մաշված, քրքրված վիճակում: ԵՊՀ հայոց լեզվի պատմության ամբիոնի վարիչ Ռուբեն Ղազարյանը ստանձնեց ձեռագիրը հրատարակության պատրաստելու այդ բարդ աշխատանքը: Գիրքը մեծ հետաքրքրություն առաջացրեց լեզվաբանական միջավայրում»:


Գիրք 3. «Համալսարանում երկար տարիներ աշխատել է լեզվաբան Երջանիկ Գեւորգյանը, բանասիրական գիտությունների դոկտոր, բացառիկ գիտնական: Նա ի ծնե կույր է: Բայց զարմանալին այն է, որ այս մարդը ինչ կյանքում չի տեսել, նկարագրում է: 25 տարի նա փորձել է մարդկային շարժումները վերծանել, մեկնաբանել դրանց նշանակությունը եւ կազմել է 650 շարժումների բառարան: Ինչպե՞ս է լինում, որ մարդը ոչինչ չի տեսնում, բայց կարողանում է նկարագրել դրանք: Նրա ստեղծած «Հայոց շարժումային լեզվի բացատրական բառարանը» եզակի է իր տեսակի մեջ. աշխարհում 6-7 ժողովուրդ ունի նման գիրք, ըստ որում հայերենը ամենածավալունն է»: (Երջանիկ Գեւորգյանի այս գիրքը 2004 թ. արժանացավ ԹՄՄ մրցանակի-Մ. Բ.):


«Մուղնի»

Ռոմեն Կոզմոյանի հիմնադրած «Մուղնի» հրատարակչությունը 1995-96 թվականներից մամուլի շենքում գործում էր որպես «Մոմճյան հիմնադրամ միավորում»ՙ «ԷՐՎԵԿԱ» պայմանական անունով: Դամասկոսահայ բարերար Վարուժան Սալաթյանի տրամադրած տեխնիկական լավագույն միջոցները այդ դժվար տարիներին անգամ հնարավորություն էին տվել զբաղվելու ինչպես գրքերի, նաեւ պարբերաթերթերի հրատարակությամբ: 2001-ից սկսվում է Մեսրոպ արք. Աշճյանի եւ հրատարակչության համագործակցությունը: Մեսրոպ Աշճյանի ներկայացրած Սիմեոն Ա Երեւանցու «Ջամբռ» գրքի տպագրությունից հետո նրա առաջարկությամբ հիմնարկությունը անվանափոխվում է «Մուղնի»:

Հրատարակչության ներկայիս տնօրենիՙ Ռուզան Պետրոսյանի անմիջական, զգացմունքային պատմությունները իրենց աշխատանքների, դժվարությունների ու ձեռքբերումների մասին, յուրաքանչյուր գրքի ու դրա ճակատագրի մտահոգությամբ ապրող մտավորական նկարագրի վկայություններ են:

«Մուղնի» հրատարակչության գրքերը առանձնանում են պոլիգրաֆիական գրագիտությամբ, գեղարվեստական ձեւավորման ստեղծագործական մոտեցմամբ, հեղինակների որակյալ ընտրությամբ: Արժեքավոր հրատարակությունների շարքում թվարկենք մի քանիսըՙ Տիրան Մարության. «Հայ դասական ճարտարապետության ակունքներում», Նիկողայոս Թավրիզյան. «Արդի խազաբանություն», Համաստեղ. «Նամականի», Մուրադ Հասրաթյան. «Հայաստան. քրիստոնեական ճարտարապետության 1700 տարին» պատկերագիրքը, Երվանդ Շահազիզ. «Հին Երեւանը», Ալեքսանդր Մյասնիկյան. Երկերի IV հատորը: Եվս մի կարեւոր հրատարակությունՙ 1914-15 թթ. Հայոց եղեռնից մազապուրծ 1500 ականատեսների վկայությունների «շ ՏոՉՌվÿ՚! ԺպսՏ N... 1.500.000» ժողովածուն, որը Հովհ. Թումանյանի Թիֆլիսում ստեղծված փաստահավաք խմբի աշխատանքի արդյունքն էր:

***

Գյուլբենկյան հիմնարկության եւ «Մուղնի» հրատարակչության համագործակցությունը սկսվեց Մեսրոպ արք. Աշճյանի նախաձեռնությամբ, նրա ներկայացրած «Վավերագրեր հայ եկեղեցու պատմության» մատենաշարի Ժ հատորով, որ շարունակվեց սրբազանի մահից հետո: Հրատարակչության պատասխանատու եւ բարեխիղճ աշխատանքը երաշխիքը եղավ հետագա համագործակցության:

Հրատարակչության շուրջ 250 գրքերից 85-ը տպագրվել է 2003-ից հետո, որոնցից Գյուլբենկյան հիմնարկության հովանավորությամբ լույս են տեսել «Վավերագրեր հայ եկեղեցու պատմության» մատենաշարի 6 հատորները, Կարլեն Դալլաքյանի «Ռամկավար Ազատական կուսակցության պատմությունը», Երվանդ Քոչարի «Ես եւ դուք» ժողովածուն, Սիլվա Կապուտիկյանի «Վերջին զանգը», Նորայր Ադալյանի «Մենախոսություն ժամանակի հետ», «Սփյուռքի օտարագիր բանաստեղծները» ժողովածուն, Անահիտ Սահինյանի «Ինքնադիմանկարի փորձը»ՙ վերջինը Զավեն Եկավյանի անձնական հովանավորությամբ:

Այս համագործակցության մասին հրատարակչությունում ծավալվեց հետաքրքրական մի զրույց, որից ներկայացնենք մեկ-երկու հատված.

  Ռոմեն Կոզմոյան . « Առանձնահատուկ է Զավեն Եկավյանի վերաբերմունքը գրքի նկատմամբ եւ իր պարտաճանաչությունը: Երկար ժամանակ խոսում էինք հայկական ռազմական հանրագիտարան ստեղծելու մասին, որ կամբողջացներ պատմական անցյալից մինչ ներկա ժամանակներ զինվորական ճանապարհի մեր փորձը: Զավեն Եկավյանը ցանկացել էր նյութերին նախապես ծանոթանալ: Նյութերը ուղարկեցինք: Այնպիսի պարտաճանաչությամբ ու հանգամանորեն էր բոլոր տեքստերը կարդացել: Ապա ետ ուղարկեց ասելով, որ մենք դեռ պատրաստ չենք նման հանրագիտարանի հրատարակության:

Քանի որ Երեւանում է նաեւ սովորել, ոչ միայն գեներով, նաեւ օբյեկտիվորեն կապված է Հայաստանի հետ: Այս հանգամանքը կարեւորելովՙ տիկ. Հրանուշ Հակոբյանը նրան ընդգրկել է սփյուռքի նախարարության ատյանի կազմում եւ ամեն անգամ 40-50 էջանոց գրագրությունները ստանում է, կարդում, իր նկատառումներն անում, որոնք մշտապես գիտակ են, հեռահարՙ սփյուռքի, Հայաստանի ճանաչողության իմաստով, այնպես որ ակտիվ մասնակցություն ունի սփյուռքի նախարարության աշխատանքներին:

Գիր-գրականություն սիրող մեկն է, Հալեպում ընտիր գրադարան է ստեղծել, ոչ միայն գրադարանային պայմաններով, այլեւ գրքերի որակով եւ քանակով:

Շատ մեծ նվիրում ունի եւ կարեւորում է երիտասարդության հետ տարվող աշխատանքները: Մի օր զանգում է, բարեւում ու ասումՙ Ռոմեն, քեզանից նեղացել եմ: Ինչո՞ւ դու Թռչունյան տան համար ինձանից գումար չես ուզում (խոսքը Գյումրիի մանկատան մասին է): Ասիՙ Զավեն, դրսում ամպամած օր է, հիմա դու խոսեցիրՙ արեւ ծագեց: (Այդ մանկատանը տրամադրած առաջին օգնության 35.000 դոլարը այժմ ավելացրել է մինչեւ 55.000):

Մենք ուրիշ հարստություն չունենք, մեր միակ հարստությունը երիտասարդությունն է, ինտելեկտուալ կարողությունը: Տարիներ շարունակ այս մարդու լուսարձակը նման հարցերի վրա է: Ցավոք, Հայաստանում այնքան էլ ներկայացված չէ նրա գործունեությունը, իշխանությունները պետք է ուշադիր լինեն այսպիսի մարդկանց նկատմամբ»:

  Ռուզան Պետրոսյան - « Գրքի հանդեպ ունի բացառիկ վերաբերմունք, ընդհանրապես գրահատարակչական գործը շատ արժեւորում է: Այս առիթով ներկայացնեմ մի պատմություն: Հրատարակության էինք պատրաստում Էմմա Հարությունյանի դոկտորական թեզը պատմական Արաբկիրի մասինՙ գեղարվեստական տեքստի վերածված: Զավեն Եկավյանը, առհասարակ, պարբերաբար հեռաձայնում, հետաքրքրվում է մեր աշխատանքներով: Արմատներով արաբկիրցի է ինքը: Երբ այս գրքին անդրադարձա, ասացՙ հաճիս, այս գրքի մասին ավելի մանրամասն տեղեկություններ տուր: Ասացիՙ կարող եմ ձեռագիրը ուղարկել:

Օրեր անց դարձյալ զանգ: Եվ աներեւակայելի բան. Զավեն Եկավյանն էր: Նա ինձ առաջարկեց համակարգչով իր հետ զուգահեռ հետեւել տեքստին տող առ տող, խմբագրական, անգամ սրբագրական լավատեղյակ մարդու միջամտություններ էր կատարել: Խնդրեց նաեւ զետեղելիք լուսանկարների, հատակագծերի ցանկը, այնքան մտահոգ էր գրքի ճակատագրով: Նույնիսկ ասաց, որ որդին պատմական Արաբկիրում է եղել եւ լավ լուսանկարներ ունի: Համեստորեն խնդրեց, եթե նպատակահարմար գտնենք, գրքում տեղադրենք: Ասեմ նաեւ, որ գրքի հովանավորը Մ. Նահանգների «Արաբկիր» միությունն է»:

«Սարգիս Խաչենց» եւ «Փրինթինֆո»

Մեր ընթերցողին քաջածանոթ «Սարգիս Խաչենց» հրատարակչության գործունեությունը բազմիցս արժեւորվել-գնահատվել է ինչպես տնօրենիՙ Սերգեյ Խաչիկօղլյանի հետ մեր զրույցներում, այնպես էլ առանձին գրքերի անդրադարձներում: Հրատարակչության նախագիծը ձեւավորվել է 1987-ին, առաջին գիրքը լույս է տեսել 1994-ին: 2004-ից ծրագիրն իրականացվում է «Փրինթինֆո» հրատարակչության հետ: Հրատարակիչներն ունեն հստակ գրահրատարակչական քաղաքականություն եւ նպատակներՙ դասական եւ ժամանակակից համամարդկային հոգեւոր-մշակութային արժեքների յուրացում հայերեն լեզվով եւ լեզվամտածողությամբ եւ հայ մշակույթի նշանավոր գործիչների, մտավորականների անտիպ աշխատությունների հրատարակություն: Տարիների համառ աշխատանքով հետեւողականորեն իրականացվում է այս ծրագիրը` հայ գեղագիտական, փիլիսոփայական միտքը հարստացնելով արեւմտաեվրոպական խոշոր մտածողների ու արվեստագետների երկերով: Գրքերի գերակշիռ մասը լույս է տեսնում առանձին մատենաշարերով` «Արվեստի մատենաշար», «Իմացություն գրադարան», «Երաժշտական մատենաշար», «Ժամանակ եւ Խոսք», «Գրական կոթողներ», «ARS POETICA», «Հրապարակումներ» (նախատեսվում են «Բնագիտական» եւ «Մանկապատանեկան» շարքեր): Տասնյակ մեծարժեք հատորներից նշենք մի քանիսը` Պլատոն. «Երկեր չորս հատորով», հ. I եւ II, Ի. Կանտ. «Զուտ բանականության քննադատություն», Բ.Պասկալ. «Մտքեր», Ռ. Շտայներ. «Ազատության փիլիսոփայություն», Պ. Սեզան. «Նամակներ, զրույցներ», Վ. Կանդինսկի. «Հոգեւորն արվեստում, հոդվածներ», Պ. Վալերի. «Ոգու քաղաքականություն», Է. Ֆոր. «Արվեստի պատմություն», հ. I-III, Է. Հրաչյա Աճառյան. «Նամակներ», Կոստան Զարյան. «Նավատոմար», «Դեպի Արարատ» եւ «Միացյալ Նահանգներ», Վիլհելմ Մաթեւոսյան. «Զրույցներ Մարտիրոս Սարյանի հետ», «Երեք կիսադեմ» եւ «Կոջոյան», Կարպիս Սուրենյան. «Օրագիր», հ. I, II, Հենրիկ Էդոյան. «Շարժում դեպի հավասարակշռություն» եւ այլն:

Գրքերն աչքի են ընկնում գիտական պատշաճ մակարդակով, հրատարակչական եւ տպագրական բարձր որակով: Ուրախալի է, որ մեր մշակույթի համար չափազանց կարեւոր այս ծրագիրն ունի բարեկամներ` թե՛ հայրենիքում եւ թե՛ արտերկրում, առանց որոնց անկարելի պիտի լիներ գրքերի տպագրությունը: Բարեկամների առաջին տողում պետք է հիշատակել Գալուստ Գյուլբենկյան հիմնարկությունը, ի դեմս Հայկական բաժանմունքի տնօրեն պրն Զավեն Եկավյանի:

Այս մասին` Սերգեյ Խաչիկօղլյանի հետ մեր հարցազրույցում:

- Անշուշտ, տեղյակ էի Գալուստ Գյուլբենկյան հիմնարկության գրահրատարակչական գործունեությանը, գիտեի, որ մշտապես օժանդակել է հայ մշակույթին, գրականությանը, անհատ գիտնականներին. այդ գործունեությունը բացառիկ է, այն անհնար է գերագնահատել:

Ժամանակին դիմել էի Գյուլբենկյան հիմնարկություն մեր թարգմանական ծրագրով, հայցը սակայն անմիջապես չբավարարվեց, ես ավելի ուշ հասկացա` ինչու: Գիտեք, շատ հեշտ է տպավորություն ստեղծել` մեծ-մեծ անուններ տալով, երեւելի երկեր թվարկելով, բայց ի՞նչ որակով եւ իմացությամբ են դրանք թարգմանվում: Սա է խնդիրը: Պարզվեց, որ պրն Զավեն Եկավյանը մեզ պատասխանելուց առաջ ամենայն բծախնդրությամբ ուսումնասիրել է մեր հրատարակած գրքերը, բանասերի, լեզվաբանի, գիտակ մարդու հայացքով կարդացել թարգմանությունները, համեմատել բնագրերի հետ:

Երկու տասնամյակների ընթացքում կարողացել ենք ձեւավորել հրատարակչական թիմ, մասնագետ-թարգմանիչների, գիտնականների խումբ, որոնք օտար լեզուներին, հայերենին, իրենց գիտությանը տիրապետում են բավարար չափով, որպեսզի այդ բարդ, գիտական, փիլիսոփայական, գեղագիտական գրքերը թարգմանել կարողանան: Անշուշտ, եթե, օրինակ, Ֆերդինանդ դը Սոսյուր ես հրատարակում, չես կարող նկատի չունենալ մասնագիտական բարձր չափանիշները: Թարգմանիչը պետք է տվյալ ոլորտի մասնագետ լինի, թարգմանելու փորձ, իմացական պաշար ունենա: Բարեբախտաբար, ի դեմս տիկին Ամալյա Մուրադյանի ունենք բարձրակարգ մասնագետ-թարգմանիչ, որ հրաշալիորեն կատարեց աշխատանքը: Ասեմ, որ միշտ նման մարդկանց պակաս կա: Իհարկե, գրքից գիրք փորձում ենք բարելավել որակը, եթե նախորդում թերացումներ կան, փորձում ենք զերծ մնալ դրանցից հետագայում, որովհետեւ համաշխարհային փիլիսոփայական, գիտական մտքին հասու դառնալ նշանակում է ամեն օր սովորել: Ենթադրում եմ, նաեւ վստահ եմ, որ մեր թիմի նման դիրքորոշումն ու աշխատանքը գոհացուցիչ նկատվեց, եւ Գյուլբենկյան հիմնարկությունը, հանձին Զավեն Եկավյանի, համաձայնվեց այդ հեղինակավոր հիմնարկության անունը դնել մեր գրքերի վրա: Դա պարտավորեցնող է. գիտենք, որ «Մատենագիրք հայոց» է տպագրում, ԵՊՀ-ի հեղինակավոր հրատարակչության հետ է համագործակցում եւ կամ Լիսաբոնում մեծարժեք գրքեր տպագրում` բոլորն էլ հայ մշակույթին, մեր լեզվին պատիվ բերող գրքեր: Եվ ահա հայտնվում է մի նոր հրատարակչություն... Բնականաբար պիտի համապատասխանի որոշակի չափանիշների: Երեւի թե գնահատվել է հենց այդ լրջությունը, այն ամենօրյա աշխատանքը, որ արել ենք եւ շարունակում ենք անել: Ուրախ եմ, որ մեր գրքերը բռնեցին խիստ քննություն:

- Եվ ո՞ր գրքերն են տպագրվել Գալուստ Գյուլբենկյան հիմնարկության աջակցությամբ:

- Կոմիտաս Վարդապետի գիտական ժառանգությունը հնարավորինս ամբողջացրինք եւ առաջին անգամ լույս ընծայեցինք երկու խոշոր հատորով: Մինչ այդ, 40-ականների սկզբին մի փոքրիկ գիրք էր հրատարակվել, բավականին թերի եւ պակասավոր: Գյուլբենկյան հիմնարկության հովանավորությամբ հրատարակել ենք նաեւ Կարպիս Սուրենյանի «Օրագիր. 1943-2001» երկհատոր երկը, փարիզաբնակ բանաստեղծ, արձակագիր, գրականագետ Գրիգոր Պըլտյանի «Երկխօսութիւն Նարեկացիի հետ» ծավալուն աշխատությունը, ֆրանսիացի ռոմանտիկ գրող Ալֆրեդ դը Մյուսսեի «Մարիանի քմայքները» պիեսը, գերմանացի փիլիսոփա Էռնստ Կասսիերի «Էսսե մարդու մասին. Մարդկային մշակույթի փիլիսոփայության ներածություն»-ը, շվեյցարացի լեզվաբան Ֆերդինանդ դը Սոսյուրի «Ընդհանուր լեզվաբանության դասընթացը»: Ի դեպ, մասնագիտությամբ լեզվաբան` գիրքը ստանալուն պես Զավեն Եկավյանը «գործի անցավ», բառ առ բառ համեմատեց թարգմանությունը բնագրի հետ, որ հրաշալի գիտի: Զանգահարեց մի քանի օր հետո եւ շնորհավորեց թարգմանչին եւ հրատարակչին փայլուն աշխատանքի համար:

- Գյուլբենկյան հիմնարկության հետ այս համագործակցությունը ինչպիսի՞ շարունակություն է ունենալու:

- Ուր որ է լույս կտեսնեն ֆրանսիացի իմպրեսիոնիստ նկարիչ Էդգար Դեգայի «Նամակները», պատրաստում ենք Էնգրի «Նամակներ եւ հոդվածներ արվեստի մասին» հատորը, գերմանացի մեծ նկարիչ Ալբրեխտ Դյուրերի «Տրակտատներ, նամակներ, ճամփորդական նոթեր» ժողովածուն, XX դարի ռուս մեծ կոմպոզիտոր Իգոր Ստրավինսկու «Երաժշտական պոետիկան» եւ «Իմ կյանքի ժամանակագրությունը», Էդվարդ Աթայանի հոդվածների 2-րդ գիրքը: Պատրաստում ենք Ինտրայի երկերի մեծ հատոր, որն ամենաամբողջականն է լինելու մինչ օրս հրատարակվածների մեջ եւ ընդգրկելու է մամուլում մնացած ու երբեւէ գիրք չմտած նյութեր: Ի դեպ, Ինտրայի հատորի նախաձեռնողը հենց ինքը պրն Եկավյանն է: Մի օր զանգահարեց եւ ասաց, որ վաղուց չկա Ինտրայի որեւէ հատոր Հայաստանում եւ սփյուռքում, առաջարկեց պատրաստել մի «լավ հատոր»:

- Իսկ ինչպե՞ս է կատարվում հովանավորվող գրքերի ընտրությունը:

- Սովորաբար ընտրությունը հրատարակչությունն է անում: Անշուշտ, խորհրդակցում ենք պրն Եկավյանի հետ նույնպես: Իբրեւ մտավորական, մասնագետ եւ ընթերցող, ունի իր դիրքորոշումը, կարծիք է հայտնում, խորհուրդ տալիս:

Վերին աստիճանի նախանձախնդիր ընթերցող է, արտակարգ ուշադիր է բառի, մտքի նկատմամբ, իսկ հրատարակչի համար նման բարյացակամ ընթերցող-քննադատի ամեն մի դիտողություն ոսկու գին ունի: Հանձին Զավեն Եկավյանի ունենք ուսյալ եւ բառի ամենաճշգրիտ իմաստով բարեկիրթ հովանավորող, որ գիտի ինչի համար է դրամ հատկացնում եւ ինչ նպատակ է հետապնդում: Հարյուրավոր գրքեր է այս հիմնարկությունը հովանավորել եւ նախաձեռնել տասնամյակների ընթացքում, եթե կողք կողքի դնենք, մի ամբողջ գրադարան կկազմի, նախեւառաջ հայագիտական: Դա մեծ, արտակարգ մշակութային-հոգեւոր գործ է: Երջանիկ եմ, որ մեր հրատարակչական ծրագրի եւ Գյուլբենկյան հիմնարկության հոգեւոր կապը կայացել է: Շարունակ փորձելու ենք բարելավել մեր գրքերի որակը եւ արժանի լինել մեզ ընծայված ջերմ վերաբերմունքին:

***

Բարձրարժեք արվեստ, գրականություն գնահատողները խոստովանենք, որ շատ սակավ են: Այդ եզակիներից մեկը Զավեն Եկավյանն է: Մենք փորձեցինք այս հրապարակման միջոցով հնարավորինս ներկայացնել այն գնահատելի գործը, որ կատարում է Գալուստ Գյուլբենկյան հիմնարկությունը հայաստանյան գրահրատարակչական ոլորտում: Բարեպատեհությունը մեզ նույնպես արժանացրեց այդ հովանավորությանը, եւ «Ազգ. Մշակույթ հավելվածի» այս տարվա ընդհատված թողարկումները սկսեցին լույս տեսնել նրա աջակցությամբ: Ինչպես իմ զրուցակիցները, մենք եւս պատասխանատվությունը ունենք թանկ գնահատելու այս վերաբերմունքը. իսկ դա նախ եւ առաջ որակն է, պրոֆեսիոնալիզմը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4