Սկիզբըՙ նախորդ համարում*
Հայը չի ուզեցել փոխվիլ, ուզեցել է տիրոջ փոխվիլը: Թուրքը թող երթա, տեղը գա ռուսը, անգլիացին, ֆրանսացին, ամերիկացին: Այսօր այդ հարցը արդեն լուծված է, կարիք չկա, որ անպայման պաշտելի օտարը քեզ մոտ գա, դուն կրնաս իրեն մոտ գնալ: Առավոտյան Երեւանում նախաճաշել ես, գիշերը կարող ես ընթրել Նյու Յորքում:
Բայց խեղճ հայերուս հետ միշտ էլ մի թարս բան պիտի պատահի: Եվ ահավասիկ, որտեղից որտեղ, ի՞նչ ճանճ կծեց հայերուն, որ հանկարծ հիշեցին, որ ռուսըՙ հայերուն «մեծ եղբայրը» եւ թուրքին ամենահավատարիմ ընկերը 1922 թվականին դավաճանել է հայերուս եւ Ղարաբաղը նվիրել թուրքերուն: Ի՞նչ կարող ես ասել, ճանճը, որ կծել էր հայուն, պետք էր որ հայն առաջնորդեր... Բայց ո՞ւր պիտի առաջնորդեր: Ճանճը գիտերՙ ուր եւ երեւանցիներուն առաջնորդեց Օպերայի հրապարակը: Ըստ լսածիս, ամիսներե ի վեր երեւանցիները, նաեւ շրջաններից այդ պահուն մայրաքաղաքում գտնվողները, ամեն օր հավաքվում էին Օպերայի հրապարակ եւ զրուցում Ղարաբաղի մասին եւ միահամուռ պնդում, որ բոլշեւիկները, Կրեմլը զավթած պարտիականները, Երկիր մոլորակի մեկ վեցերորդի նոր տերերը նախագծել էին մոլորակի մեկ վեցերորդի նոր քարտեզը, որը հետագայում կոչվելու էր Սովետական Միությունՙ մարդ արարածի կողմից ստեղծված մեծագույն կալանավայրը: Եվ ահավասիկ այդ ժամանակ բոլշեւիկ ռուսը բացահայտեց իր հայատյացությունը եւ «Հայաստան առանց հայի» ասող ցարական պետության հարազատ ժառանգորդը ըլլալը, Ս.Հայաստանի կրկնակի տարածքն ունեցող Ադրբեջան կոչվող սարքված հանրապետության մեջ տեղավորելով Արցախըՙ հնուց հայերու պապենական բնօրրանը, թուրքերու միջոցով իրականացնելու համար «Հայաստան առանց հայի» ծրագիրը: Այսօր հայ չկա Նախիջեւանում, որի բնակչության կեսը գոնե հայեր էին, ուր ամեն ինչ արվում է հայերու հետքը ջնջելու համար, եւ այս ամենը մեր հաղթական բանակի աչքերուն առաջ. «Փամփուշտ ալ չունի՞ք...» (սովետական ժամանակի անեկդոտ): Եվ ամեն օր, ինչպես ըսի, ամիսներե ի վեր 100.000 հայեր Մոսկվային հիշեցնում էին, որ իրենք չեն մոռացել հայերու հանդեպ գործված հանցագործությունը, Մոսկվան պետք է որ ընդունի իր գործած սխալը, բավարարի հայոց արդար պահանջըՙ Արցախը դուրս բերի Ադրբեջանի կազմից եւ վերադարձնի Հայաստանի Ս. Հանրապետությանը: Մոսկվան մի բան պետք է անիՙ կամ Արցախը միացնի Ս. Հայաստանին, կամ Հայաստանը Արցախին: Եվ այսպես երեւանցիները հավաքվում էին Օպերայի հրապարակում, գոռում էին «Ղարաբաղը մերն է»: «Միացում» էին գոռում: Ավելի վերջն ալՙ «Լեւոն, Լեւոն»: Ինչ մեղքս պահեմ. ամիսներե ի վեր գործադուլներ, հանրահավաքներ, հարյուրավոր հռետորներու ելույթներ. սկսա մտածել, որ գործադուլով երկրի մը սահմանները կարելի՞ է փոխել: Կարելի է աշխատավարձը փոխել տալ, այն ալՙ կապիտալիստական երկրներում: Բայց թեկուզ միլիոնանոց հավաքը հերի՞ք էր, որ Գորբաչովը նկատի առներ հայոց «արդար պահանջը»: Ցուցարարները, ամենախելացիները անգամ, ավելի ճիշտՙ անխելքները, չէին կարող իմանալ, թե իրենց հետ ինչեր կարող են պատահիլ: Թող որ ոչ ոք գիտի, թե մեկ վայրկյան վերջ իրեն ի՞նչ է սպասում: Բայց պարտավոր չէի՞նք մտածելու, որ եթե գեղեցիկ մի օր Բաքվի երկաթուղայինները, որոնք միլիոն չէ, թեկուզ մի քանի հազար, իրենց երկաթգծերը, գնացքները շալակելով փողոց դուրս գային ցույցի, գործադուլի, մեր հայերուս վիճակը ո՞նց էր լինելու: Ըլլալիքը եղավ: Մոսկվա-Երեւան երկաթուղին վերածվեց լոմի: Էշությունն ալ չափ ու սահման ունենալո՞ւ է, թե՞ ոչ:
Բայց ես կարծում եմ, որ ամեն օր Օպերայի հրապարակ հայերը հավաքվում էին ոչ այնքան մտիկ ընելու հռետորները: Ինձ թվում էր, որ կարեւորը այնքան հռետորներու ելույթները չէին: Ուրիշ ավելի կարեւոր մի բան էր տեղի ունենում: Կարծեք Ավետարանի պատգամներն էին վերածնվում, վերահիշվում, երկար տարիներ մոռցված հավատքը, սերը վերագտնելու էին գալիս մարդիկ Օպերայի հրապարակ, իրար մոտենալու համար էին գալիս, մեկ քառակուսի մետրի վրա իրարու մոտիկ զգալու համար էին գալիս, իրարու ջերմությունը զգալու համար էին գալիս: Ու մանավանդ սրտաբուխ հայերեն խոսք լսելու էին գալիս, ճշմարիտ հայերեն բարբառելու էին գալիս: Գրությանս սկիզբը ասում էի, եթե կհիշեք, որ հայերեն գեղեցիկ խոսքը ինծի համար մեծագույն հոգեկան պահանջ է:
Եվ քանի որ խոսք եղավ հայերեն լեզվի մասին, ուզում եմ փակագիծերը բանալ, պատմել հուշ մը, որը չի սուզվելու ենթագիտակցությանս խավարին մեջ: Եթե չեմ սխալվում, 1988-ին էր, որ, մի հետմիջօրե, քայլում էի Թումանյան փողոցով եւ երբ Օպերայի հրապարակին մոտով էի անցնում, լուսավոր, զվարթ ամառային օր էր, տեսա, որ երեւանցիներով լիքն է Օպերայի հրապարակը, ավելի ճիշտըՙ ցուցարարներով: Ինչ մեղքս պահեմ, նպատակ չունեի ցուցարարներուն միանալու, նաեւ չեմ հիշում ինչո՞ւ տնից դուրս էի եկել եւ ո՞ւր էի աճապարում, երբ հանկարծ ականջիս հասավ հռետորին հնչեղ ձայնը, որ ինձ ստիպեց կանգնել եւ մեխվել տեղում: Չկրցի շարունակել ճամփաս: Նայվածքս ուղղել էի հռետորի ձայնի կողմը եւ հեռվից նկատեցի Օպերայի մուտքի հարթակի վրա բարեկազմ երիտասարդ մըՙ լուսավոր, սպիտակավուն ամառային կարճ թեւանի շապիկով եւ սպիտակավուն տաբատով: Ես այդ պահից առաջ չեմ հիշում, որ այդպիսի հոգեկան հուզում ապրած ըլլայի լսելով հայերեն լեզուն: Գլխի ընկնելուց առաջ, թե ինչի՞ մասին էր խոսքը, նկատեցի, որ այդ հռետորին հայերենը տարբերվում էր մյուս հռետորներու խոսած հայերենից, նաեւ արտասանած բառերըՙ հատու ձայնով: Լսածս ոչ միայն անթերի հայերեն էր, այլ ավելի շատ, կարծեք, գեղարվեստական ստեղծագործության էր նման, քան թե ճառիՙ օժտված անակնկալի, անսպասելիի հմայքով: Մանավանդ այդ վայրում, փողոցում: Այնպես որ, հավատացեք, այդ օրը ապրում էի արվեստի գործին առթած հաճույքի նման ուրախություն մը: Եվ մի պահ տեղի զգացողությունս կորցրել էի, վերացել էի իրականությունից: Բայց հիացմունքս եւ ոգեւորությունս ինձ հիշեցրին, որ Երեւան քաղաքում եմ գտնվում, Օպերայի հրապարակի մատույցներում եւ ակամա մասնակցում եմ «Արցախի ազատագրման պայքարի շարժումին»: Վերադառնալով հռետորիս, տեղեկացնեմՙինչի՞ մասին էր պատմում աշխույժ հռետորս: Ջերմ երախտագիտությամբ հիշում էր ուսուցչինՙ Ռաֆայել Իշխանյանին, որ, ասում էր, սերմանողն էր իր մեջ հայրենիքի հանդեպ սիրո հունդերի: Անշուշտ, շատ հուզիչ եւ ազնիվ պատմություն: Եվ այդ հիշատակությունը էլ ավելի հմայիչ էր դարձնում հռետորին: Անմոռանալի օր մը եղավ ինծի համար այդ օրը: Կրնամ ըսելՙ շրջադարձային:
Հրապարակում ցուցարարները մարդամոտ են եւ անմիջական ու հաղորդակից: Մոտս կանգնած անծանոթին հարցրի, թեՙ գիտե՞ր հռետորին անունը: Անշուշտ թե գիտեր: Անունը Լեւոն Տեր-Պետրոսյան էր: Արդեն այդ օրը գիտեի, որ եթե պիտի գայի Օպերայի հրապարակը մասնակցելու ցույցերուն, պիտի գայի նախ եւ առաջ մտիկ ընելու համար Լեւոնի հայերենը եւ լսելու իր ձայնը: Համոզված եմ, որ այդ օրերուն հարյուր հազարավոր հայեր, որոնք ամեն օր գալիս էին Օպերայի հրապարակ, գալիս էին համոզված, որ Լեւոնն ալ ներկա էր լինելու հրապարակում: Լեւոնը նվաճել էր ազգակիցներուն սիրտը, իր հայրենակիցներուն սիրտը, որովհետեւ իր խոսքը սրտաբուխ էր, գտնում էր ճանապարհը շիտակ դեպի զինք լսողներու սրտերը: Ավելի ուշ չարախոսները ասում էին, որ նա բարձրացավ Ղարաբաղյան շարժման ալիքի վրա: Իրեն ինչի՞ն էր պետք Ղարաբաղյան ալիքը, երբ որ ինք ուներ այնպիսի հզոր ալիք բարձրանալու - «Ով մեծասքանչ դու լեզու...» -ն:
Լեւոն Տեր-Պետրոսյանի կենսագիրը չեմ. իր գործունեությունը իբրեւ պետական գործիչ, քաղաքական գործիչ, ինձ չի հետաքրքրում, դա ուրիշ խոսակցության նյութ է: Ինծի համար, սովորական հայիս համար, ինքը շատ ավելի բարձր էր, քան թե քաղաքականությունը: Նա Ուսուցիչ է: Իր ամեն մի ելույթիՙ բանավոր թե գրավոր, նպատակն էր պարզաբանել վիճակը, ցրել խառնաշփոթության մշուշը մարդոց միտքերուն մեջեն, խաղաղեցնել հոգիներում ալեկոծությունը: Ինքը մտավորական էր բառին բունՙ միակ իմաստով: Սոկրատեսյան օրինակով, մտավորականի գալուն չեն սպասում, բայց նա գալիս է օգնելու իր ազգակիցներուն, պահպանելու իրենց ֆիզիկական եւ հոգեկան առողջությունը: Անշուշտ, որպեսզի վերջում ազգակիցները իր գլխին դնեն փշե պսակ եւ խաչը հանեն կամ բանտում թույնի բաժակը տան խմելու:
Սովետական իշխանությունը հալա չէր փլուզվել: Մոսկվայում էր Գորբաչովը, մոլորակի հզորագույն մարդը: Գիտենալով իր չարության եւ ստորության չափըՙ Գորբաչովը «սրտացավ» խորհուրդ էր տալիս երեւանցիներուն դադարեցնել ցույցերը եւ գործադուլները: Վերջում պարզ ասաց, որ ինքը չի պաշտպանում Երեւանի ցուցարարները... եւ կազմակերպեց Սումգայիթի ցեղասպանությունը: Չուշացավ ազգամիջյան պատերազմը հայերու եւ ազերիներու միջեւ: Հայերը պատերազմի դաշտում հաղթանակ տարան, փառապանծ Շուշիի ավերակները ազատագրվեցին... Եվ զինադադար: Զինադադարով պարզվեց, որ ազգամիջյան պատերազմը վերածվել էր միջազգային պատերազմի: Այսինքնՙ մենք հրավիրում էինք օտարները, որ գան եւ տեղ գրավեն մեր եւ թուրքերուն միջեւ եւ խառնվին մեր գործերուն: Վերջ: Գիտե՞ք, հիշո՞ւմ եք, որ երբ օտարը խառնվել է մեր եւ թուրքերու գործերուն, հայերը տանուլ են տվել (Արցախը): Հարյուր տոկոսով, կամՙ հիմա հայերու կողմե ամեն րոպե գործածվողՙ անհեթեթ «միանշանակը»: Ո՞ւր է այդ օտար բարեկամը, ինչո՞ւ միշտ եղել է մեր թշնամիին կողմը եւ մեր կռնակեն խփել: Ոչ մի անգամ մենքՙ հայերս, օտարից օգուտ չենք ունեցել: Մինչեւ ե՞րբ մեր արկածախնդիրները առաջ պիտի նետվին...
Կարծեմ ավելի ճիշտ կըլլա, եթե դեպքերու ժամանակագրությունը պահեմ: Ճիշտ է, շա~տ խառնաշփոթ ժամանակ էր, եւ ահավասիկ մեկ էլ իմացանք, որ Հայաստանում պետք էր ընտրություններ կազմակերպել: Քանի որ պատմաբան չեմ, կարծեմ այդ մասին ասացի, ես այստեղ գրում եմ մեր ազգին հետ պատահած որոշ անակնկալ դեպքերու մասին: Ինչպես ըսի, Հայաստանում պետք էր ընտրություններ կազմակերպվեին ընտրելու համար մեր առաջնորդը, ավելի ճիշտըՙ մեր խարխուլ նավին ղեկը բռնողը: Եվ ահավասիկ նորից մի տհաճ անակնկալ: Չես իմանում ուր փախչես: Ասում են, որ հայերը 5000 տարիներե ի վեր բնակվում են Հայկական բարձրավանդակում (?): Ներողություն, իսկ ինչո՞ւ ոչ հինգ միլիոն տարի, եթե հայերը եկվորներ չէին: Լավ, այդ հարցը մի կողմ թողնենք առայժմ: Չմոռնանք, 3-րդ հանրապետության առաջին դեմքի ընտրության էր վերաբերում խոսքը: Ամեն հայ էլ գիտի, որ Հայաստանում իշխել են հայ կամ օտար թագավորներ, որոնք չէին ընտրվում, եւ մինչեւ անկախություն հայերը չէին իմանում ի՞նչ ըսել է երկրի ղեկավար ընտրել: Այստեղ, անշուշտ, չենք կարող չհիշել, որ սովետական պետությունը մեկ-մեկ ընտրություններ էր կազմակերպում: Ա~խ, այդ սոսկալի ժամանակը ինչո՞ւ հիշեցի: Սովետ մարդասպանները մի օր պիտի դատվի՞ն արդյոք: Միլիոնավոր մարդիկ աքսորվեցան, սպանվեցան, միլիոնավոր մարդիկ իրենց ծնած օրից մինչեւ գերեզման ապրեցան վախի մեջ: Վախն էր մարդկային հարաբերության հիմքը: Անշուշտ եւ սուտը: Հաշիվը չկա սովետական իշխանության գործած ոճիրներուն: Ոչ միայն իր պետական սահմաններու մեջ... Բայց ամենազազրելին սովետական մարդատյաց պետության սադիզմն էր: Իր հպատակները ստորացնելը: Ոչնչացնելը մարդու արժանապատվությունը, մարդկանց վերածելով հոտի: Ըսածս հաստատող ամենավառ օրինակը սովետական պետության կազմակերպած ընտրություններն էին, երբ միլիոնավոր մարդկանց քշում էին ընտրատեղամասերը «ընտրելու» արդեն «ընտրվածը»: Ստիպել մարդուն կատարել մի բան իր կամքին հակառակ. ավելի զզվելի եւ վարկաբեկիչ բան չեմ պատկերացնում, նույնն է, կներեք, մարդու կոկորդը բռնել եւ մեջը ք... լեցնել: Բայց համենայն դեպս վախը իրենցՙ այդ վախեցնողներուն մեջ ալ նստած էր, թե ոչՙ ինչի՞ համար իրենց կուսակցութենեն մի թեկնածուի փոխարեն չէին առաջադրում մի տեղի համար երկու թեկնածուի, որ էլի թող ըլլար իրենց զազրելի կուսակցությունից: Բայցՙ ոչ: Եվ վախենալու իրավունք ունեին: Եվ, ահավասիկ, Սովետական Միության պատմության մեջ պատահեցավ մի բան, որը աներեւակայելի էր: Բայց տարօրինակ բաներ էին սկսում պատահել այդ օրերուն... Եղանակի՞ց էր, ինչի՞ց էր... Հայաստանում ժամացույցները ճշտելու համար արդեն հայերը միշտ չէ, որ հետեւում էին Կրեմլի աշտարակի ժամացույցին: Եվ ահավասիկ Հայաստանում պետք էր ընտրություններ կազմակերպվեին Գերագույն սովետում թափուր մի քանի աթոռներ զբաղեցնելու համար: (Ներողամիտ եղիր, հարգելի ընթերցող, քիչ առաջ սկսել էի պատմել Հայաստանի Հանրապետության առաջին նախագահի ընտրության մասին եւ հանկարծ հիշեցի ուրիշ, ավելի շուտ կատարված այս ընտրության մասին, որ ֆանտաստիկ է: Ընդհատվեց խոսքս, բայց մի քիչ հետո կվերադառնամ առաջին նախագահի ընտրության պատմությանը): Եվ ով հրաշք, Հայաստանի պոլիտբյուրոն թույլատրեց, որ պարտիայի առաջադրած թեկնածուների կողքին ուրիշ քաղաքացիներ էլՙ ոչ պարտիական, իրենց անունը ունենան քվեաթերթիկի վրա: Անշուշտ, Օպերայի հրապարակում եռացող միլիոնանոց ցուցարարներու շնչառությունը թափանցում էր Կենտկոմի պատերը: Ժամանակին կայացան ընտրությունները, եւ չընտրվեցին պարտիականները: Սա Սովետական Միության պատմության մեջ չտեսնված-չլսված բան էր: Այստեղ հայերը հպարտանալու իրավունք ունինՙ որ Հայաստանում կայացավ Ս.Միությունում առաջին իրական քաղաքակիրթ ընտրությունը: Այդ օրերը նաեւ մեր դժբախտ ժողովուրդի Սովետական Միությունում ամենաերջանիկ եւ ուրախ օրերը եղան, որովհետեւ այն, ինչ որ արեցին Գերագույն սովետում այդ երեք «անպարտիական դեպուտատները», վեր էր ամենեն վառ երեւակայութենեն: Ավելի գեղեցիկ եւ ուրախ օրեր 20-րդ դարու պատմության մեջ չեք գտնի: Հայ ժողովուրդըՙ կպած հեռուստացույցին, շնչակտուր հետեւում էր Գերագույն սովետի նիստերուն: Պարտիական «դուրսպրծուկ» դեպուտատներըՙ հայ ժողովուրդի հզոր այրերըՙ պարտիայի սերուցքը, դառել էին նապաստակներ: Այդ երեք տղաներըՙ Խաչիկ Ստամբոլցյանը, Մանուչարյան Աշոտը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ոնց որ բռնցքամարտի ռինգին վրա, առաջին օրից Գերագույն սովետը քշին անկյուն եւ հերթովՙ տուր թե կտաս: Այդ ամբողջ հղփացած պարտիական աշխատողները, որոնք ուտում-խմում եւ Հայաստանի մայրիկն էին լացացնում, այդ երեք ճարտասանների հարվածներու տակ դարձել էին կարծես Գավառի քյուֆթա կամ Էջմիածնի քյուֆթա, ինչպես ասում են: Սովետական սիստեմը Հայաստանի այդ Գերագույն սովետի դահլիճում, երեք այդ տղաների հռետորության, այդ դոկտոր-պրոֆեսորների սուր լեզվի տակ ինկած, իր վերջին շունջը փչեց: Ամեն հայ միանգամից հասկացավ, թե որքան փուչ պետություն էր սովետական պետություն կոչեցյալը: Մարդու ստեղծած մեծագույն փուչիկը պայթեց, եւ ահավասիկ, նորից հիշելով մեր պատմահոր նշածՙ մեր աշխարհում էլ գործված քաջության շատ գործերից մեկըՙ գրելու եւ հիշատակելու արժանի մեր օրերուն, վերադառնամ արդեն Մոսկվայի հսկողությունից ազատված Հայաստանի 3-րդ հանրապետության (տակավին թուղթի վրա, անշուշտ) առաջին նախագահի կիսատ մնացած ընտրության պատմությանը:
Ինչպես նշեցի, հայերս ի՞նչ գիտեինքՙ ինչ է ընտրություն: Ո՞վ, ո՞ւմ էր ընտրելու: Մինչեւ 1991 թիվը Քրիստոսե վերջ հայերը ոչ մի անգամ չէին մասնակցել ոչ մի պետական ընտրության: Ի՞նչ անեին հայերը: Նախագահ պետք է ընտրվեր: Հո օրեր, շաբաթներ, ամիսներ չէին նստելու եւ մտածելուՙ ի՞նչ է ընտրությունը, ի՞նչ ըսել է ընտրություն: Մեկ էլ պարզվեց, որ 8 հայեր պատրաստ են ընտրվելու եւ բազմելու նախագահական աթոռին: Նապոլեոնն է ասելՙ մեյ մը սկսինք պատերազմը, հետո կտեսնենք ինչ ենք անելու: Ընտրությունների այդ օրերից մի քանի դրվագ մնացել է հիշողությանս մեջ: Հեռուստատեսությամբ մի անգամ ցույց տվին 7 թեկնածուներուն, կարելի է ասելՙ 7 լիլիպուտները: Լեւոնը չէր մասնակցում այդ հեռուստահաղորդմանը, թեկնածուները իրենք ներկայացնում էին իրենց ծրագիրները: Ճիշտ չեմ հիշումՙ ինչի մասին էին խոսում, տհաճ մթնոլորտ էր, որովհետեւ չէին թաքցնում իրենց բուն փափագը: Նրանք կարծեք մրցակիցներ չըլլային: Պարզ երեւում էր, որ նրանց փափագը մեկն էր. ով ուզում է ընտրվեր, միայն թե ոչ Լեւոնը: Բայց այդ թեկնածուներից մեկը, կրնամ ըսել, որ ուշադրությունս գրավեց իբր «ամենասիմպատիչնին»: Երբ հաղորդավարը նրան հարց տվեցՙ ինքը ի՞նչ է մտածում իբրեւ նախագահության թեկնածու, նա պատասխանեց, որ Լեհաստանի նշանավոր դիսիդենտ, «Սոլիդարնոստի» ղեկավարը վերջը դարձավ Լեհաստանի նախագահ, որ Լեխ կամ Լեչ Վալենսան էլ մասնագիտությամբ էլեկտրիկ էր: Չե՞ս վեր կենար այդ հայրենակիցին ճակատը պաչելու: Խեղճ մարդը շատ շուտ մահացավ, տարիներ սովետական բանտում տանջվել էր: Չմոռանամ անունը նշել. անունը Աշոտ Նավասարդյան էր:
Երկրորդ պահը: Նույն ժամանակ մեզ ցույց տվեցին Լեւոն Տեր-Պետրոսյանըՙ իր տանը բազմոցին նստած, քշտած թեւերով: Ելույթ չունեցավ: Չես գիտերՙ ի՞նչ էր մտածում այդ պահին, երբ որ ընտրողները եռում էին անհամբերությունից: Անշուշտ, Լեւոնը այդ պահուն սուզված պետք էր որ ըլլար անորոշության մտահոգությունների ծովում: Չենք կարող ասել, որ այդ պահուն նա ուզում էր անպայման բազմել նախագահական գահին: Անշուշտ, հայոց ճակատագիրն էր որոշողը: Կուզեմ նաեւ այս պահուն հիշել նախագահական ընտրություններուն առթիվ իրենց խոսքը ասող երկու իրավ արվեստագետներու մասին, որոնք էլ հեռուստատեսության ստուդիոյում, նստած բազկաթոռներու մեջ, կարծեք ըլլային իրենց բնակարանի հյուրասենյակում, անկաշկանդ զրուցում էին: Սիրված պոետ Համո Սահյանը եւ նույնպես սիրված երաժիշտ Տիգրան Մանսուրյանը: Հիշեմ Համոյին խոսքը: Նա քիչ էր խոսում, բայց իր ժողովուրդի ճակատագրով էր ապրում ամեն րոպե: Իր խոսքը, իր մեկ բառն ալ հերիք էր, իր մեկ բառն ալ արժեք էր իր ազգին համար: Համոն ասաց, որ ազգը ընդունեց Լեւոնին, ազգը գրկեց Լեւոնին, որ ազգը սիրեց Լեւոնին: Ես այդպես հասկացա եւ շատ ուրախացա: Իսկ շատ չանցած Լեւոն Տեր-Պետրոսյանը հայերու մեծամասնության քվեներով ընտրվեց Հայաստանի Հանրապետության նախագահ: Այստեղ չեմ կարող չհիշել ուրիշ հայ մեծ բանաստեղծի մը խոսքերը. «Երկիրը ուսյալ զավակին է փայփայում մոր պես» : Այստեղ չեմ կարող մոռանալ Ամենայն հայոց հայրապետինՙ Վազգեն Առաջինի մարգարեական տխրագուշակ խոսքերը, երբ ձեռքը դրավ նորընտիր երիտասարդ նախագահի գլխին օրհնելու, իսկ նորընտիր նախագահն այդ պահուն ձեռքը դրած Ավետարանինՙ ազգին իր կյանքը նվիրաբերելու երդումն էր տալիս: Այս առթիվ ես ուզում եմ իմ կարծիքս հայտնել Հայաստանում կազմակերպված առաջին եւ հազարամյակներու ընթացքին ամենանշանավոր եւ բախտորոշ պահի մասին: Եթե կուզեքՙ երեւի միամիտ մեկնաբանությունս: Նախ եւ առաջ ես գիտեմ, որ կատարվածը կապ չուներ ոչ պետականության հետ եւ ոչ ալ քաղաքականության հետ, ինչպես ժամանակակից ուրիշ օրինակելի պետություններում, որոնց ապրելու կերպը շատ ենք ուզում կապկել: Հիշեցնեմ, որ նրանք ունեն կուսակցություններ, ունեն «գաղափարաբանություններ», նրանց մոտ կա շահերու բախում, ունեն արդեն դարավոր մշակված օրենսգիրքեր, նրանք սերունդե սերունդ վարժեցված ժողովուրդ են, եւ այլն, եւ այլն: Իսկ այդ ժամանակ մեր ունեցածըՙ ադրբեջանահայ հարյուր հազարավոր փախստականներ, երկրաշարժի ավերածություն եւ բնակչության տարտղնումը եւ Well Fair-ի ետեւեն ինկած հարյուր հազարավոր հայրենիքեն փախչելու պատրաստ ապագա հայրենակարոտները: (Հիշեք «կարոտի գրականություն»):
Եվ սակայն այդ օրերուն հայերը ապրում էին մեծագույն ոգեւորությամբ, իսկ կյանքում ի՞նչ կա ավելի սքանչելի, քան ոգեւորությունը: Դարերով կաշկանդված, անկարող արտահայտելու իրենց սերը որեւէ բանի հանդեպ: Եվ ահավասիկ զեղումի աներեւակայելի առիթը ներկայացավ. հայը պիտի գնար քվեատուփի մոտՙ իր քվեով իր սերը արտահայտելու անոր, որ իրեն առիթ էր ընծայում իր սրտում պահածը ցույց տալու: Հայը ընտրատեղամաս գնում էր նպատակով: Հայը որոշել էր տասնամյակներե ի վեր առաջին անգամ ընտրել, եւ այդ որոշումով էլ ընտրվեց Լեւոն Տեր-Պետրոսյան կոչվող հայորդին: Այդ ժամանակ պարզվեց, որ նա ազգի մեծամասնության սիրելին էր: Իսկ սերը մի բան է, միակ բանը, որ զոռով չըլլար: Ուրեմն ես ասում եմ, որ առաջին քաղաքակիրթ հայկական ընտրության իմաստավորողը սերն էր: Կարող եք առարկել, որ քաղաքականության բառարանին մեջ սեր բառը գոյություն չունի: Էհ, ի՞նչ ասեմ, սրանից հետո թող ունենա:
Եվ ահավասիկ հայ մը, համարյա անծանոթ ժողովուրդին, համեստ, բայց, ինչպես պիտի ասեր հրաշալի Վիլյամ Սարոյանըՙ պատվական ընտանիքի մը տղան, կարողացել էր մարդկանց մեջ արթնացնել համերաշխության, խմբվելու, իրարու մոտենալու, թիկունք կանգնելու դարերով ճնշված մղումներ, չար կախարդին քարացուցած մարդկանց սրտերը նորից բաբախեցնել: Ինչպես ասացի, չեմ գիտերՙ ճի՞շտ է, թե՞ սխալ, առաջին նախագահական ընտրության մեկնաբանումս: Ինչ որ է: Անշուշտ, պետք չի մոռնանք, որ նա մարդ էր, ուրեմն անթերի եւ անսխալական չէր: Եվ այստեղ է, որ սկսում է «հունական ողբերգությունը»: Կախարդական քունից զարթնող սիրո հետ զարթնել էր նաեւ ատելությունը: Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահ ընտրվելու հետ հայտնվում է ատելության ժանտախտի առաջին բջիջը, որ անզուսպ պիտի բազմանա հայ ազգի հոգիին մեջ, եւ միշտ ալ այդպես է լինում, որ վարակը հայտնվում է ամենամոտ տեղում, «մտերիմ» ընկերոջ մոտ: Լեւոն Տեր-Պետրոսյանը բոլորեց իր նախագահության հինգ տարիները առանց կարենալ օգնելու ժողովուրդին ազատվելու իր միտքը ճնշող խառնաշփոթությունից: Նախագահության առաջին շրջանի ավարտին եւ երկրորդ նախագահության ընտրության սկիզբը Լ. Տեր-Պետրոսյանը լքվել էր, մնացել էր գրեթե մինակը: Ըլլա Հայաստանում, ըլլա արտերկրում Լ. Տեր-Պետրոսյանի հանդեպ ատելության վիրուսի բազմացումը անկարելի էր կասեցնել: Մարդիկ, կարծեք, հիասթափված էին, չեմ գիտեր, բայց, ինչի՞ց, ի՞նչ էր Հայաստանի 3-րդ հանրապետության քաղաքացիներու ուզածը: Կրնամ ըսել, դա էլ պարզ չէր: Բայց մի բան պարզ եղավ, որ սխալներ գործվում էին, շատ կարեւոր, պատասխանատու պաշտոններու վրա գտնվող, պատասխանատվության գիտակցությունից թույլ մարդկանց կողմից: Պարզ երեւաց, որ երկրորդ նախագահի ընտրություններու ժամանակ ոգեւորող ուժը դառնալու էր ատելությունը, եւ ժողովուրդի միտքը պղտորված էր, եւ հավատքը ծանր հարված ստացավ: Հայաստանում վերջնականապես ձեւավորվեց «ընտրություն» բառը, եւ ժամանակակից հայերենում այդ բառի իմաստը լավագույնս հասկնալի դարձնելու համար իբրեւ օրինակ կարելի է հիշել «խարդախված» բառը: Է՜հ, ի՞նչ ասես: Բայց հայը ամեն բանի տակից դուրս կուգա: Հայերը ըսին ի լուր աշխարհի, որ «մերն ուրիշ է»:
Եվ այդ օրերուն մանավանդ, հանրապետությունում չէր գտնվեր մեկը, որ մտածեր, որ իբրեւ քաղաքացի ինքը որեւէ կապ կրնար ունեցած ըլլար գործված որեւէ սխալի հետ: Բայց հանցավոր մը պետք էր, որ գոյություն ունենար: Ինքը չէր, համենայնդեպս, հանցավորը: Բայց հանցավոր գտնելեն ավելի կարեւոր էր ոստայնը, որ պետք էր հյուսել «հանցավորը»-զոհը խեղդելու համար, եւ այդ ոստայնը հյուսվեց: Այդ ոստայնը հյուսեց ատելության սարդը:
Նախագահական երկրորդ ընտրապայքարի «միտինգներից» մեկին մասնակցում էի հեռուստացույցի դիմաց, տանս նստած: Չեմ կարող մոռանալ մի «հռետորի» ելույթը: Ավելի զազրելի հայերեն ես չէի լսել: Ի՞նչ էր ճվճվում միկրոֆոնը ձեռքին այդ հայորդին: Որ Լեւոն Տեր-Պետրոսյանը ավելի ատելի է, քան Սուլթան Համիդը, ավելի ատելի է, քան Թալեաթը, եւ ավելի ատելի է, քան Աթաթուրքը: Ո՞վ էր այդ ճիճուն, չեմ իմանում, Աստված իր հետ... Չէ, ուզում էի ասելՙ սատանան տանի... Եվ այդ պահուն միտինգի ղեկավարներեն Վ. Մանուկյանը այդ «ռոմանտիկ» հայրենակիցին փեշից քաշում-քաշքշում էր, որ ք...-ի համը ավելի չհանի: Հեռուստացույցով դիտում էի այդ ամոթալի պահը, եւ ամբոխը այնպիսի հրճվանքի ոռնոցներով էր արձագանքում հռետորին, որի կողքին կանգնած հիստերիկ տիկին մը, Լյուդմիլա Հարությունյան կոչեցյալ, միկրոֆոնը խլեց այդ լակոտի ձեռից եւ խոսքը ուղղելով խելագարված ամբոխին, թեւերը լայն բացած գրկել փորձելով ճվճվում էրՙ «Ես ձեզ սիրում եմ, համբուրում եմ, հայեր»: Այս բաները պատմում եմ պարզապես իբրեւ վկայություն, առանց մեկնաբանության: Կարծեք մարդկանց հոգին դատարկվել էր, ինչպես Հայաստանը դատարկվում էր իր բնակիչներից: Իրականին մեջ վիճակը շատ ավելի ծանր էր, ավելի սոսկալի էր: Ընտրությունները անցողիկ պահեր էին, անձերն ալ, ովքեր որ ուզում են ըլլան: Չէ՞ որ ազատ մարդն է միայն, որ կրնա ազատ պետություն ստեղծել: Ժողովուրդ մը, որուն 90 տոկոսը բաղկացած է գործազուրկներից, կամ թեկուզ «ղարիբ ազգականներից» ստացած օգնությամբ միայն վերջին շունչը չի փչում սովից, ինչպե՞ս կրնար ազատ ըլլալ: Մարդը, որ աշխատանք չունի, չի ստեղծում, եւ ուրեմն իր ապրուստը չի շահում, դրամ չունի գրպանում: Այդ տեսակ մարդկանցից բաղկացած ժողովուրդ մը ինչպե՞ս կրնա հենարան ըլլալ պետության: Այդ տեսակ պետություն մը ինչպե՞ս կրնա արժանապատիվ հարաբերություն ունենալ իր հարեւան պետություններու հետ: Եվ խնդրեմ, մեր հարեւան չորս պետություններից երկուսին հետ թշնամի ենք, երրորդին հետ ամեն ինչ անում ենք թշնամանալու համար, չորրորդի վասալն ենք եղել հազար տարի, իսկ հինգերորդը, որուն հետ սահմանակից չենք, մեր ազատ, անկախ պետության սահմաններու պաշտպանությունն իր վրա է վերցրել: Ումի՞ց պիտի պաշտպանե, մեր թշնամիի՞ց... Անշուշտ, բայց չէ որ մեր թշնամի պետությունը իր դարավոր մեղսակիցն է: Ախր ո՞վ է տեսել, որ ուժեղը պաշտպանի թույլին, փոքրին: Ես այնպես եմ տեսնում, որ պետությունը շատ նման է անհատի: Ինչպես անհատը չի կրնար գոյություն ունենալ առանց ուրիշ անհատներու գոյության, անհատը չի կրնար գոյություն ունենալ առանց հարաբերելու ուրիշ անհատներուՙ առանց երկխոսության, առանց մի բան տալու եւ առնելու - անշուշտ տալու բան պիտի ունենաս, որ փոխարենը ստանասՙ առեւտուր, արտադրություն, տնտեսություն - առանց փոխադարձ այցելություններու, առանց բաց սահմաններու, իրար կապող ճանապարհներու: Նույնիսկՙ պատերազմի եւ խաղաղության դաշինքի եւ այլն, եւ այլն: Հա, չմոռնամ ֆուտբոլը... Չէ՞ որ այս անխուսափելի հարաբերություններով է ճշտվում պետության տեղը Երկիր մոլորակի վրա, չէ՞ որ անհատ մը (պետություն) հարաբերությանց շնորհիվ միայն կրնա ստուգել իր տեղը, չափը, իր կարողությունները եւ իր արժեքը:
Այստեղ հիշեցի պատմություն մըՙ իրական, ոչ անեկդոտ: Լենինականյան: Հինգ տարի ընտանիքիս հետ ապրել եմ Լենինականում: 1962 թվականին երբ ներգաղթեցինք Սովետական Հայաստան, պետությունը մեզի բնակարան տվեց Լենինականում: Ինչ որ է, ահա պատմությունը: Պոլիտեխնիկի դասախոսը հարցնում է մի ուսանողի, թեՙ ի՞նչ գործ ունիս այստեղ, ինչի՞ ես եկել, եթե երեք բան չունիսՙ ա) խելք չունիս, բ) ծանոթ չունիս, գ) դրամ չունիս:
Այստեղ անգամ մըն ալ կուզեմ նշել, որ մեր դարավոր թշնամիին չհաջողվեց հայերու հետ իր հաշիվները վերջնականապես փակել: Այսօր մենք կանք, համենայնդեպս ունինք երկիր, պետական սահմաններով, նույնիսկ համարակալված մեր տեղը ՄԱԿ կոչված թատրոնում: Բայց թշնամին մնում է եւ հզորանում, իսկ դու էլ շարունակում ես փոքր մնալ եւ չես էլ ուզում մեծանալ եւ դուն ինչպե՞ս կարող ես մեծանալ, եթե նաեւ դարձել ես փոքրոգի: Այսօր մեր երկիրը ավերվում է, եւ քանդողը մենք ենք: Ավելի պարզ ապացույց, որ մենք չենք ուզում մեծանալ եւ ավելի շուտ երեւի ուզում ենք էլ ավելի փոքրանալ, մի տեսեքՙ ինչպե՞ս ենք վարվում մեր քաղաքամայր Երեւանի հետ: Ակամա նորից հիշեցի պատմահայր Խորենացիին խոսքերը, որՙ մեր աշխարհում էլ գրվելու եւ հիշվելու արժանի քաջության շատ գործեր կան գործված... Թեեւ նա չի ասումՙ ի՞նչ պետք է հասկանանք քաջության գործեր ասելով, ենթադրում եմ, որ քաջության գործերը այն գործերն են, որոնք գործվում են թշնամուց պաշտպանելու համար յուր ազգը եւ ազգակիցներուն ֆիզիկական ու հոգեւոր առողջությունը հոգալը: Որ հիշեցի Երեւանը... Ա՜խ, Երեւանը... Չէ՞ որ 20-րդ դարուն, երբ թուրքերը սկսել էին հայոց ցեղասպանությունը, հայոց համար կենաց-մահու այդ օրերուն, եթե հայերը ֆիզիկապես կարող չէին, փորձում էին իրենց հոգեւոր կարողություններու գերագույն լարումով ապացուցել իրենց գոյության իրավունքը: Իսկ եթե ժողովուրդը ծնում է մտավորականներ եւ չի գնահատում իր մտավորական զավակներուն գործերը, թշնամիին անելու բան մնո՞ւմ է: Ուրեմն մեզի արդեն փրկություն չկա: Ահավասիկ ինչ է ասում Կոմիտաս վարդապետը. «Դուք արդեն քաջ գիտեք, թե ինչպիսի մեծ փրկություն է կախված մեր եղանակներուն անարատ պահելուց եւ ժողովուրդի ու իր եկեղեցու ազնիվ ու մաքուր սիրտը ճանաչելուց...» : Եվ հիշել, որ վարդապետը իր ստեղծած անարատ եղանակները երգում էր Պոլսում, թուրք բորենիներու որջում: Իսկ թշնամին ալ շա~տ լավ գիտի, որ ազգը առանց մտավորականներու ընդամենը ժողովուրդ է, իսկ ազգ նշանակում է ոգի, կամ ալ հոգի:
Քանի որ խոսք եղավ մտավորականներու մասին, ուզում եմ նշել, որ մեր հերոս մտավորականներու գործերը արժեւորելիս սխալ կըլլա նրանց դասակարգել, նրանց գործը բարձր է ամեն գնահատականից: Նրանք զոհվեցին, որպեսզի ազգը ապրի: Նրանք մեր սուրբերն են: Դժբախտաբար, հաճախ ժողովուրդը չի իմանում իր ունեցածի գինը, նախնիներից իր ժառանգության իրական արժեքը եւ նշանակությունը: Որովհետեւ նաեւ ժողովուրդին մեջ շատ կան կրթությամբ (բարձրագույն) տգետներ եւ երեւի, մանավանդՙ ի ծնե, չարակամներ: Եվ քանի որ հիշում եմ մեր հոգեւոր հայրերը, մեր մտավորականները, կուզեի մեր սքանչելի մտավորականներեն մեկը առանձնացնել: Մեկը, որուն գործին արժեքը եթե հատկապես չգնահատեցինք եւ չպահպանեցինք, կնշանակի, որ մենք մեզ կզրկենք ազգ (հայ) կոչվելու իրավունքից: Նրա հայտնվելը մեր ազգի մեջ, նրա ծնունդը, նրա վերադարձը հայրենիքՙ հայոց պատմության ամենադժբախտ օրերուն, կարելի է միայն կոչել հրաշալի: Այդ օրերուն հայերուն ուրիշ բան չէր մնում, եթե ոչ սպասել հրաշքի: Հրաշքը կատարվեց 1923-ին: Ալեքսանդր Թամանյանը տենդագին սկսեց ստեղծագործել Հայաստանի մայրաքաղաքի գլխավոր հատակագիծը: Ինքը եւ ինքը միայն կրնար կառուցել մի քաղաք, որ իր նմանը չէր ունենալու պատմության մեջ, դա պիտի ըլլար հայերու կառուցած հայկական քաղաքը: Չարենցն է ասումՙ «Նա տեսել է երեւի արեւային մի քաղաք...» : Բայց այդքան չէր միայն այդ քաղաքը: Ցեղասպանության դարի հայ գրողներու երգ երգոցը Հայաստանն էրՙ «Ես իմ անուշ Հայաստանի...», հայու հոգին էր: Հայ մտավորականությունը տեսնում էր, գիտակցում էր, որ հայ ազգի նոր մահացու թշնամին ծրագրել էր հայ ազգի վերջնական ոչնչացումը դանդաղ մահով, հայը ռուսացնելով: Հայ գրողին պետք էր օգնություն, պետք էր դիմադրության նոր, անսպասելի եւ աննախատեսելի զինում:
Գրող Լեւոն-Զավեն Սյուրմելյանի հետեւողությամբ ասեմ, որ Լենինն ուզում էր հայերս խզել անցյալից, ուզում էր, որ մենք չիմանայինք, թե ով ենք եւ ինչ ենք: Հիշողությունը եթե վերանա, ինքնության զգացումը կկորչի: Եթե ուզում ենք ողջամիտ մնալ, պետք էր բաց պահեինք ներկայի եւ անցյալի միջեւ գոյություն ունեցող ուղիները: Պատմության մեծագույն բռնակալները փորձել են ժխտել իրենց զոհերի հիշողության իրավունքը, եւ հիշողությունները ճնշելը ամենասարսափելի բռնակալությունն է, քանի որ այն ոչնչացնում է «ես»-ը եւ սպանում է մարդու հոգին: Հիշողության զանգվածային կորուստը, ուղեղների հսկայածավալ լվացումը, միլիոնավոր մարդկանց հիշողությունից զրկելը հոգու եղեռն է: Մարդը այն է, ինչ նա հիշում: Եվ նա ազատ է շնորհիվ այն բանի, ինչ հիշում է: Նույնը կարելի է ասել ազգերի մասին:
Նենգ բոլշեւիկները եթե հայերեն լեզուն վերացնելու հարցում երկարաժամկետ ծրագիրներ էին մշակում, բայց հայ մշակույթի, հայ հոգիի հիմքը հանդիսացող հայոց եկեղեցին ոչնչացնելու, քանդելու գործը անմիջապես սկսեցին, անթիվ հայ կրոնավորներ ենթարկվեցին տեռորի երկու տասնամյակի ընթացքին, Ամենայն հայոց կաթողիկոսը խեղդամահ արեցին: Եկեղեցիները քանդվում էին, ժողովուրդը եկեղեցուց արդեն վախենում էր, ինչպես ժանտախտից: Ինչպե՞ս չհիշես եղեռնին դիպվածով զոհ չգնացած արեւմտահայ վշտակիր մեծագույն գրողին բանաստեղծության տողերը. «Եկեղեցին հայկական ծննդավայրն է հոգվույս...» : Ուզում էին հայու հոգին ոչնչացնել, հայ հոգիի ծննդավայրը քանդել: Եվ այստեղ էր իրականանում աներեւակայելին, որ օտարությունից Հայաստան եկած, օտարության մեջ ծնած, ռուսական ու եվրոպական կրթությամբ հագեցած, հազիվ 40 տարեկան, կայսերական Ռուսաստանում հռչակված ճարտարապետը գալիս է Հայաստանՙ օգնելու իր դժբախտ ժողովուրդին ինկած տեղից վեր բարձրանալ: Դժվար է բացատրելը, որ Հայաստանը չիմացող հայ ճարտարապետը անմիջապես հայրենիքում հայտնաբերում է նախահայրերու զմայլելի արվեստը: Մանավանդ Հայաստանի հողին վրա հայոց եկեղեցիները: Թամանյանը անմիջապես տեսնում է իբրեւ ճարտարապետ, մինչ այդ իր ստեղծագործության թերությունը: Որքան ալ որ բարձր գնահատված ըլլար իր գործը (Կայսերական ակադեմիայի նախագահ): Թամանյանը անմիջապես գիտակցում է, որ ինքը հայ է եւ նախ եւ առաջ իր գործը պետք էր ըլլար վերագտնել իբրեւ ճարտարապետ իր հանճարեղ նախնիներու ստեղծագործության իմաստը եւ սորվիլ նրանց փորձը եւ դարերով ընդհատված կապը վերականգնել, արդեն նորովի շարունակել նրանց գործը, շատ լավ գիտակցելով, որ ինքը հայ է, նույն ազգից, ինչպես Տրդատը, Մանուելը, Մոմիկը, կարող է նրանց գործի շարունակողը ըլլար եւ պարտավո՛ր է ըլլալ: Եվ երբ նա նախագծում էր իր գլուխգործոց Կառավարական տունըՙ Մինիստրներու սովետը, միթե տարօրինակ պիտի ըլլար մտածելը, որ Թամանյանը կառուցում էր տունՙ իր սիրեցյալինՙ հայ հոգու համար, նաեւ կառուցում էր վտանգված, անպաշտպան հայ հոգու (եկեղեցու) համար ապաստան: Եվ ինչո՞ւ ոչ, նաեւ ամրոցՙ պայքարելու համար օտար, հայ հոգու արյունի ծարավ ոճրագործներու դեմ:
Մարդկության պատմության մեջ բռնակալության դեմ ազատագրական պայքարի կան շատ հիշողություններ:
Ազատագրական պայքարի ժամանակ մարդիկ դիմել են զենքի, ստեղծել են գաղտնի կազմակերպություններ, զինյալ խումբեր, «տեռորիստներ», բանաստեղծները գրել են քաջերը փառաբանող անմահ երգեր, նկարչությամբ են պայքարել, բանտարկվել, բանտին մեջ ցմահ հացադուլ են արել, արյուն է թափվել... Բայց մարդկության պատմության մեջ չի եղել, որ ճարտարապետական կառույց մը ընտրվի իբրեւ պայքարի միջոց բռնապետության դեմ: Այդ տեսակ բան չէր եղել: Բայց եղավ: Եվ ազգի պաշտպանության նորարար առաջնորդը եղավ Ալ. Թամանյանը: Մինակ ինքըՙ հանճարը կարող էր կատարել այդ սխրագործությունը: Ուրիշ ո՞նց անվանենք, մեկնաբանենք բոլշեւիկյան Հայաստանի մայրաքաղաքի Լենինի հրապարակում Թամանյանի հեղինակած Կառավարական տունը: Եվ դաՙ սովետական ռեժիմի ամենաարյունահեղ ժամանակի նախօրեին, Թամանյանի մահից կարճ ժամանակ առաջ: Աստված մի արասցե, եթե Թամանյանը զրպարտվեր իբրեւ սովետական հայրենիքի դավաճան եւ նացիոնալիստ եւ սպանվեր, ինչպես Չարենցը, իր գլուխգործոցիցՙ Կառավարական տնից հետք անգամ չէր մնալու: Բայց վերը Աստված կա, ինչպես ասում են: Բոլշեւիկյան սոսկալի բռնապետության տակ, մարդասպան մի ռեժիմի տակ, երբ ազգայինը (հոգեւորը) դիտվում էր իբրեւ մահացու հանցանք, միլիոնավոր անմեղ մարդիկ զոհվում են ազգայնականությամբ ամբաստանված: Ալ. Թամանյանըՙ հայ ազգի ամենակատարյալ ծնունդը, հեռավոր օտարությունից վերադառնում է հայրենիքՙ իր ազգին օգնելու: Ինտերնացիոնալիստ, ապազգային, մարդատյաց մոլագարներու, սադիստներու, մարդասպաններու, մարքս-լենինյան գաղափարախոսության մահացու գազախցիկներում այդ ի՞նչ հրաշքով հազար տարի հայ հոգին մնացել էր անխաթար, մաքուր, առողջ, բարի, մարդասեր: Հրաշքները չենք կարող բացատրել, բայց գիտցանք, որ հայ հոգիի պահարանը եղել էր Ալեքսանդր Թամանյանը: Ազգային գաղափարախոսությունը այնքան հոլովված սինլքորներու բերանին մեջ, իրականացավ... Դա Ալ. Թամանյանի Կառավարական տունն է, դա Ժողտունն էՙ Օպերան: Դա Ալ. Թամանյանի Երեւան քաղաքի գլխավոր հատակագիծն է, որը 20-րդ դարու հայ ազգի էպոսն է: Հայ ազգի թշնամի ռեժիմը այսօր նեխող լեշ է: Շրջապատված բորենիներով եւ անգղներով: Բայց այսօր սարսափելին այն է, որ հայերս չենք հասկանում Ալ. Թամանյանի ժառանգության նշանակությունը մեր նորանկախ պետության կայացման եւ ամրապնդման գործին համար: Այսօր, անկախության ժամանակ, պարզ դարձավ, որ ինչ մեծ, հրաշալի հաջողության ենք հասել շնորհիվ Ալ. Թամանյանին: Իր եւ իր իմաստուն հետեւորդներուն կառույցները ստեղծել են մի անզուգական քաղաքՙ հայկական, Երկիր մոլորակի վրա, որը իր նմանը չունի: Հայ դժբախտ ազգի մեծագույն հաջողությունը: Բայց երեւի հայ ազգը չի կարող ապրել առանց դժբախտության: Դա իր հիվանդությունն է, իր բնածին արատը: Եվ արդեն իր ողջությանը գտնվեցին այլասերված «հայեր», որոնք ուզում էին Թամանյանին ալ գլուխը ուտել, զրպարտելով Թամանյանը, որ իբր ոչ թե Կառավարական տուն է կառուցում, այլ եկեղեցի: Դժբախտաբար, դեռ իր մահվանից քիչ անց գտնվեցին ճարտարապետ կոչվելու, հայ կոչվելու անարժան մարդիկ, որոնք սկսեցին պղծել Ալ. Թամանյանի ստեղծագործությունըՙ Գլխավոր հատակագիծը: Մի կառույց չկա Թամանյանի նախագծածներից, որոնք մեզի հասած ըլլան չխաթարված, ամբողջական: Իսկ անկախության օրից Երեւան քաղաքի «կառուցապատումը» ցույց տվեց, որ մենք կարող չենք լավ գործ մը, արժեք մը պահել եւ շարունակել սկսված լավ գործ մը, բայց շատ արագ, շուտ կրնանք պղծել ստեղծվածը: «Դուն, հայու լակոտ, ամենաշուտը կվերածվիս անասունի, եթե օր մը իսկ մնաս առանց վիշտի» (Շահան Շահնուր) : Դժբախտաբար, չի երեւում, որ Թամանյանի երազած քաղաքը պիտի կառուցվի:
Արցախը կորցնելով չէ, որ Հայաստանը կրնա կորսվիլ, իսկ Թամանյանի քաղաքը քանդելով հաստատ հայ ազգն է ոչնչանալու: Բոլշեւիկներու ծրագիրն է իրականանալու: Այս ապրումներուս պահին, երբ գրում եմ այս տողերը, կրկին հիշեցի իմ շատ սիրելի գրողիսՙ Լեւոն Զ. Սյուրմելյանին: «Պատանեկան պատրանքների մասին: Բայց առանց դրանց հիմա որտե՞ղ էինք: Անմեղությունն է, առանց որի չենք կարող գոյատեւել, եւ այդ պատրանքները լրիվ չեն կորսվում: Պատրանքն է կառավարում աշխարհը» : Երկար ապրել եմ պատրանքներով, մինչեւ Սովետական Հայաստանում հաստատվելսՙ ինծի շատ սիրելի պատրանքներուս հետ: Պատրանքներն են եղել կյանքս: Հիմա պատրանքներ չունիմ այլեւս: Ա՜խ, երանի նորից պատրանքները Անկախության հետ վերադառնան հայերուն: Որպեսզի նորից Հայաստանը կառավարող ունենա:
Ամեն:
Խմբ. կողմից. - Անշուշտ համաձայն չենք մեր անվանի վարպետի որոշ ընդհանրացումներին: Սակայն հավատարիմ մեծերի մտածողությանն ու մտքերին չմիջամտելու մեր ավանդական կեցվածքինՙ հոդվածը հրապարկում ենք նույնությամբ:
* Հակոբ Հակոբյանի «Բնածին արատ» խոհագրության նախորդ հրապարակման մեջ, ցավոք, թույլ է տրվել տեխնիկական վրիպումՙ «Է» էջից «Ը» էջ անցման հատվածից երկու արտահայտություն դուրս է մնացել: Ներողություն հայցելով ընթերցողներիցՙ ներկայացնում ենք տեքստի ամբողջական հատվածըՙ «Յուրաքանչյուր մարդու ճակատագիրն է հենց իր սեփական առեղծվածային օրենքով լինել այն, ինչ է, եւ երբ քննենք որեւէ կյանք, հավանական է, որ դրա մեջ հիմնարար շարունակություն կգտնենք»:
Ես կրթություն չունիմ եւ մտավոր պատրաստությունՙ խորանալու այս հարցերուն մեջ: Սահմանափակ են գիտելիքներս...», շարունակությունըՙ ինչպես տեքստում:
Նկար 1. «Տխրություն», 1961 թ.
Նկար 2. «Աշուն. Լենինական»,1972 թ.