Խոհեր Գերոնդի Թալալյանին նվիրված փառատոնից հետո
ԱՐՓԻԿ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Ապրում էինք փառահեղ ճարտարապետական կոթողների քաղաքում, այգիների քաղաքում, վարդագույն փոքր Երեւանում, շնչում էինք մաքուր օդ, խմում սառնորակ քաղցրահամ մեր մաքուր ջուրը եւ չէինք զարմանում:
Ունեինք մի ՎԱՐՊԵՏ` դա, իհարկե, Իսահակյանն էր: Չէինք զարմանում, որ նրան հնարավոր էր հանդիպել փողոցում, նրան, եւ հայկական Օլիմպոսը ներկայացնող հանճարներին` Սարյան, Փափազյան, Հրաչյա Ներսիսյան, Երվանդ Քոչարՙ իր ծխամորճով, Սահյան, Շիրազ, Մինաս...Սքանչանում էինք, հպարտանում, բայց սա էլ էր թվում բնական: Նրանց չափագիծը այնքա~ն էր բարձր: Կային մտքի, հնչյունի, խոսքի ու վրձնի հսկաները եւ կար հասարակությունը: Երբեմն այս կամ այնտեղ լսվում էր` այս փոքր հողի վրա այսքա՛ն գիտնական, այսքա՛ն մտավորական:
Անցան: Անցան:
Ամեն աշնան, երբ Երեւանում հավաքվում են մեր տաղանդավոր եւ շատ տաղանդավոր կատարողները (նշանակություն չունի, թե հայտագրերի վրա նրանց ազգանվան տակ որ երկրի անունն է նշվում), ստեղծվում է պատրանք, թե եկել են հաշվետվություն տալու հայրենի հողին, մեր Պառնասի անմահներին, թե եկել են օրհնություն ստանալու նրանցից: Ահա մեր ազգի հպարտությունը եւ մեր ոսկու պաշարը:
Երեւանի համար երջանիկ տարիներ էին: Ժողովրդական երաժշտության կողքին ամենուր հնչում էր դասականը` Ֆիլհարմոնիայի մեծ ու փոքր դահլիճներում, Օպերայի եւ բալետի թատրոնում, մշակույթի պալատներում... Դա մի ժամանակ էր, երբ ամեն մի երեւանցի հարկ էր համարում տանը ունենալ (ջահ գնելուց հետո, իհարկե) դաշնամուր, երբ երաժշտական դպրոցներում մրցակցությունը նույնքան մեծ էր, որքան եւ բարձրագույն ուսումնական հաստատություններում, երբ փողոցներում բաց պատուհաններից լսվում էին երաժշտության վարժությունների ձայներ: Գիտեինք` կենտրոնում` այս տանը Ժան Տեր-Մերգերյանն է ապրում, այստեղ` դիրիժոր Դավիթ Խանջյանը, ջութակահար Հակոբ Վարդանյանը, իսկ այստեղ` Գերոնդի Թալալյանը` Գերան, ինչպես նրան կոչում էին բոլոր ծանոթ-անծանոթները: Նրա ոչ միայն ծագումն էր իշխանական, ոչ միայն հպարտ, գեղեցիկ կեցվածքը, այլեւ էությունը: Միշտ հայտնվում էր իր «շքախմբով» եւ փաստորեն այն մարդկանցից էր, ովքեր մեր քաղաքի դեմքն էին ներկայացնում: Մեծ երաժիշտ, կիրթ մարդ, անզուգական ձայնի տիրապետող փայլուն թավջութակահար:
Կրթված լինելով Մոսկվայում, նա փաստորեն կամուրջ գցեց, կապելով մեզ ռուսական կատարողական արվեստի հետ: Մասնագետները գիտեն, թե դա ինչ որակ է, իսկ սիրողների համար այս փաստը կարող է շատ համեստ թվալ, հատկապես հիմա, երբ ամբողջ աշխարհը, կարծես, կարելի է ափի մեջ տեղավորել: Այնինչ այն տարիներին Ռուսաստանը միակ պատուհանն էր, որ մեզ կապում էր քաղաքակիրթ աշխարհի հետ: Այնուամենայնիվ, մենք մեզ գավառացի չէինք զգում:
Թալալյանը (իհարկե, նրա կողքին գործում էին շատ հարգված այլ մասնագետներ) ժամանակի ընթացքում ստեղծեց թավջութակահարների մի ամբողջ «գունդ», որը սկզբում տարածվեց Հայաստանի մեծ ու փոքր բնակավայրերում, իսկ հետո, այնպես ստացվեց, որ ամբողջ աշխարհում: Ստեղծվեց կատարողական նոր դպրոց. տեխնիկական բոլոր հնարավորությունները, ձեռքերի բացարձակ ազատությունը, ձայնի նրբերանգները ծառայում են մտքի եւ զգացմունքի համահնչունությանը, ոճական մաքրությանը, երբ ներքին կենտրոնացումը հնարավորություն է տալիս բարդ, հուզական երաժշտությունը կատարել հնարավորինս նվազագույն էներգիայի ծախսումով:
Լուսավոր պահեր էին, երբ Գերոնդի Սեմյոնովիչը ինքն էր նվագում ուսանողների համար, իսկ երբ հնչում էր Բախի որեւէ սյուիտ, խոսքերն արդեն ավելորդ էին դառնում:
Հիմա մեր կողքին ապրում է եւ ստեղծագործում այս դպրոցի թերեւս լավագույն ներկայացուցիչը` Արամ Թալալյանը, Գերոնդի Թալալյանի որդին: Արդեն քանի տարի է` նա երաժշտություն է քարոզում, ներգրավելով լավագույն երաժիշտների իր լուսավորական գործունեության մեջ: Նրանց հետ միասին Արամը, ահռելի աշխատանք եւ ջանք ներդնելով իրականացնում է մեկը մյուսից հետաքրքրական ծրագրեր:
Դրանցից մեկը Գերոնդի Թալալյանին նվիրված երկրորդ փառատոնն էր:
Ըստ էության, ստեղծվել է մենակատարների համագործակցություն, ավելի ճիշտ` համախոհների մի փայլուն թիմ: Տարբեր տարիքի երաժիշտները նվագում են լիարժեք, ոգեշնչված, մի շնչառությամբ, անգամ դեմքի նույն արտահայտությամբ: Անհնար է չնշել համախոհներից «Հովեր» երգչախմբի անարատ երգեցողությունը եւ խմբավար Սոնա Հովհաննիսյանին: Նրա խոսուն մատներից ասես երաժշտություն է կաթում: Ծրագիրն ընտրված է մտածված, զգուշությամբ. դարը եւ ազգությունը չեն որոշիչը, էականը բարձր ոճն է: Իսկ երբ Արամ Թալալյանն է բեմի վրա, այստեղ արդեն անհատը լուծվում է երաժշտության մեջ, վերանում է ֆիզիկականի եւ հոգեւորի միջեւ եղած պատնեշը...
Տպավորություն է ստեղծվում, թե Արամի համար նեղ են բոլոր պայմանական շրջանակները. նա անընդհատ շարժման, փնտրտուքի մեջ է:
Տարբեր դարաշրջաններ, տարբեր կատարողներ, տարբեր գործիքներ- գլխավոր հերոսը, իհարկե, թավջութակն էր:
Սա փառատոն էր նվիրված Գերոնդի Թալալյանին: Բայց ոչ միայն. սա թավջութակի փառքի տոնն էր:
Այստեղ անհնար է չտեսնել Գերոնդի Թալալյանի ձեռագիրը:
Անցյալն ու ապագան` իրարից այնքա~ն հեռու եւ այսքան իրար մոտ:
Չենք զարմանում: Հպարտանում ենք:
Հ. Գ. - Համերգաշարը կայացավ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, ցավոք, ուղեկցվելով դահլիճը շրջափակող սրճարաններից հնչող «երաժշտության» նվագակցությամբ:
Նկար 1. Երեւանի Կոմիտասի անվ. կոնսերվատորիայի պրոֆեսորական կազմը (1960-ականների սկիզբ): Կանգնած (ձախից)ՙ Հակոբ Վարդանյան, Գերոնդի Թալալյան, Հրաչյա Աբաջյան, Արամ Շամշյան, Վիլի Մոկացյան, Սերգեյ Ղազարյան: Նստածՙ Անահիտ Ցիցիկյան, Կարպ Դոմբաեւ, Միքայել Մալունցյան, Լեւոն Գրիգորյան, Զոյա Պետրոսյան:
Նկար 2. Թավջութակահար Արամ Թալալյան