ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#4, 2009-06-20 | #5, 2009-07-04 | #6, 2009-07-18


ՍԵՐ ԵՎ ՏԱՌԱՊԱՆՔ

ՆՈՐԱՅՐ ԱԴԱԼՅԱՆ

Անկեղծ ասած, կասկածանքով եւ անվստահությամբ ձեռքս առա Պետրոս Հաճեանի «Ճանապարհ դէպի Կարկեմիշ» գիրքը (Երեւան, 2008 «Զանգակ-97» հրատ.) ու երկար ժամանակ չէի համարձակվում բացել: Հեղինակն ինձ անծանոթ էր: Ինքնաքննադատաբար մտածեցի. մեղքն իմն է, որ նրան չգիտեմ: Հետո մտքովս անցավ. մեղքը նրանն է, որ նա մի ամբողջ կյանք, սփյուռքյան հեռուներից ինձ ձայն չի տվել իր գրով ու գրականությամբ: Սակայն այստեղ կա շատ ավելի լուրջ եւ էական մեղավորություն, ես կասեիՙ գրական-ազգային, այն էՙ հայրենիքում ապրողներս վատ գիտենք Սփյուռքի գրական մշակույթը, ի բացառյալ մի քանի մեծամեծների, այն էլՙ ոչ ազգովին, նրանք էլՙ մեզ: Եվ «Մի գրականությունՙ մի ժողովուրդ է» իսահակյանական գաղափարը, որ պետք է հիմնված լինի հոգեղեն լայն ու խոր ճանաչողության վրա, տասնամյակներ շարունակ մնում է ընդամենը կարգախոս:

Նույնիսկ ընթերցելով սփյուռքագետ Սուրեն Դանիելյանի առաջաբան խոսքը եւ պոլսահայ գրող Ռոպեր Հատտեճյանի վերջաբանը, որոնք հմուտ վերլուծաբանություններ ենՙ Հաճեանի հանդեպ ջերմ վերաբերմունքով ու բարձր գնահատությամբ, զգուշանում էի աչք ածել բուն գրքին, մտածելովՙ արդյո՞ք թե՛ մեկը եւ թե՛ մյուսը չեն խախտել գրական արժեքայնության չափանիշներըՙ միշտ դեպի վեր, հեռանալով ճշմարտությունից, որն այսօր լուրջ ու տարածված հիվանդություն է մայր հայրենիքի ու սփյուռքյան մշակութային-գրական ասպարեզներում: Վերջապես զգուշորեն սկսեցի կարդալ առանձին պարբերություններ գրքի այս ու այլ էջերում, ասես անցնում էի ականապատված դաշտով: Որքան մեծ եղավ ուրախությունս, երբ զգացի, առիթ է ներկայացել ծանոթանալու իսկական գրողի հետ: Ապա ծայրից ծայր ընթերցեցի ամբողջ գիրքըՙ պատմվածքներ եւ վեպ:

Մինչեւ անգամ մեկ նախադասությունը կարող է ցույց տալՙ հեղինակը գրո՞ղ է, թե՞ գրի փինաչի, ներողություն այս ոչ հայերեն ու հակագրական բառի համար: Գրականության նախադասությունը բաղկացած է բառերի հոգեբանությունից, որոնք միասնաբար ստեղծում են հոգեբանական գործողության պահեր, պահերի ամբողջություն, ամբողջական ստեղծագործությունը: Մեկ նախադասությունն ամբողջի մաս է տաղանդավոր գրողի պարագայում: «Շաքարեղէգի պէս երկար ու բարակ մարդ մըն էՙ ոչխարի մորթով շինուած փափախը գլխուն եւ կայծկլտուն աչքերէն քիթին վրայ ինկող խոշորացոյց ակնոցով մըՙ սեւ, կլոր շրջանակով: Դէմքէն կը հոսի սուր ու պրպտող նայուածք մը, որ կը խօսի քեզի, կը հարցաքննէ, կը յորդորէ, զգուշացնելու պէս կը սաստէ: Կզակէն վար դէպի կուրծքը յորդող մօրուք մը ունի, սրածայր պեխեր ու ձեռքին իր հասակին չափ երկար ձեռնափայտ մը: Հագած է սրճագոյն կաշիէ սանտալներ, որոնց վրայ կը թափթփին զըպունին ծայրամասերը» : Կարելի է նկարել: Բայց չեմ կարծում, թե նկարն այս գրությունից ավելի տպավորիչ լինի, քանզի այստեղ բառերն ու նախադասությունները ոչ թե բառարանից են գալիս, այլ գրողի հուզաշխարհի խորքերից, նրա ապրած գույներն են ու գծերը, նրա հայացքը կյանքի եւ մարդու մասին: Պետրոս Հաճեանը գիտի բառի կշիռն ու արժեքը, սա գրականություն անելու շատ կարեւոր պայման է, որին սովորաբար հետեւում են գեղարվեստական ձեւի ու բովանդակության պահանջներ, որոնց լուծումները նույնպես հասանելի են նրան: Գեղարվեստական արձակը թեեւ պատմողականություն է, բայց այն մի զգալի չափով պիտի լինի նաեւ ցուցադրանք: Ցուցադրությունը նրա ուժեղ կողմն է, այլապես այն կներփակվի տխուր ու ձանձրալի հեքիաթանաղլականության մեջ, որը, ցավոք սրտի, մեծ տարածում ունի: Հաճեանը երեւույթներն ու առարկաները ցույց տալու վարպետ է, մենք զգում, տեսնում, շոշափում ենք այդ ամենը, ասես մեր մարմինը եւ շարժումները լինեն: Սա գրական բարձրակարգ շնորհ է, որով անցյալի մեռած առարկան կենդանանում է եւ դառնում ներկա, աննշանըՙ նշանավոր, թեթեւ երեւույթըՙ ծանրակշիռ, ինչպես «շաքարեղէգի պէս երկար ու բարակ» մարդը: Այստեղ Պետրոս Հաճեանը դասական նախորդներ ունիՙ ի դեմս Սարուխանի, Մնձուրու, Համաստեղի, Թոթովենցի, որոնք «առարկայապաշտ» հիանալի դպրոց ստեղծեցին: Հաճեանն այս դպրոցից է, չի արտագրում ու կրկնում իր ուսուցիչներին, այլ նորովի, յուրահատկորեն շարունակում է նրանց:

Մեր այս «առարկայապաշտությունը» պատմական հիմք ու պատճառներ ունի, խորապես ազգային մի երեւույթ, որը, ամենայն հավանականությամբ, անհասկանալի է օտարին: Սերն ու կարոտը բռնազավթված հայրենիքի, նրա ժողովուրդՙ մարդկանց, կենցաղի, բնության, սովորույթների հանդեպ, որոնց ցավատանջ տեսիլքներն անբաժանելի են զգայուն գրողի հոգուց եւ պատճառում են նրան կենդանի տառապանք: «Ճանապարհ դէպի Կարկեմիշ» գիրքը սիրո ու տառապանքի ցուցադրանք էՙ ներկայից դեպի անցյալ ձգվող ճանապարհին, որը քաղցր է ու փշոտ:

Արգենտինայում բնակվող Պետրոս Հաճեանի եւ նրա ծննդավայրիՙ թուրքասահման Սիրիայում, Եփրատի ափին գտնվող Կարկեմիշ գյուղաքաղաքի միջեւ ընկած են Ատլանտյան օվկիանոսն ու մայրցամաքներ եւ շուրջ կեսդարյա ասես քարացած ժամանակը: «Ճանապարհ դէպի Կարկեմիշ» գիրքն այս գրեթե անհաղթահարելի տարածության եւ ժամանակի հաղթահարումն է սիրտ ու հոգու թռիչքներով: Թվում էՙ ոչ թե ներկայից գնում ես դեպի հեռավոր անցյալը, այլ այնտեղից գալիս հասնում ներկային, այնքան որ կենդանի են տեսիլքի պատճառած հուզմունքները, կարծես դու քո խոսուն կյանքն ու ճակատագիրն ես ապրում եւ անվերջ վերապրում: Ցեղասպանությունից փրկվածների համար Կարկեմիշը հույսի հանգրվան եղավ, այստեղՙ օտար երկնքի տակ պահպանելու իրենց հայ կյանքը, որ պիտի հունցվեր մարմնի եւ հոգու տառապագին ցավերից: Գիրքն ընթերցելիս ես լսեցի այդ ցավի ձայնըՙ համազգային, անհատական, ամեն պարզ ու աննշան մարդու կերպարում: Եվ, իհարկե, Պետրոս Հաճեանի մեջ:

Սփյուռքյան «կարոտի գրականությունը» պատկերեց «փոքր» մարդկանց հուզաշխարհը, որը 19-րդ դարի ռուսաց գրականության մեջ հայտնի «փոքր մարդկանց» գրական երեւույթի զուգահեռը չէ: Մեր դեպքում «փոքրը» պարզ, միամիտ, հալածական, տուն ու տեղից արտաքսված ժողովուրդ է, որը կարոտում է իր ծննդավայրն ու անցյալ ապրելակերպը եւ ձգտում վերադառնալու հին օրերին ու չի հասնում դրան: Անցյալի եւ այժմեական իրողությունների արմատական հակադրությունը նրա մշտարթուն դրաման է: Հաճեանի պատմվածների ու վեպի բազում հերոսներ գտնվում են այս շրջանակում, փոքր են, բայց եւ մեծ, քանզի հիշողություն, սեր ու տառապանք ունեն: Հաճեանն այնպիսի ուշադրությամբ է նայում-պատկերում նրանց, իմաստավորում նրանց յուրաքանչյուր շարժումն ու արարմունքը, որ նրանք պատումի էջերում աստիճանաբար դառնում են մեծ ու երեւելի: Օրինակՙ լվացարարուհի Արշալուս Քուրուկը, հազար ու մի արհեստ փոխած Ալեքը, որի հոգին տառապում է Արփիկի հանդեպ ասպետական սիրուց, Հայկանուշը, գինեպան Քիրաքոսը, շատեր:

Գրքում կա մի խորհրդանշական պատմվածք, կարծես բռունցքված ցավ լինի, որ հնարավոր է փշուր-փշուր բաժանել ժողովածուի բոլոր երկերին: Դա «Վերադարձ» պատումն է: «Քալած էին անապատներու անծայրածիր տափարակութեան վրայէն, արեւի եւ փոշիի ծովու մը մէջէն: Անուղի եւ անկողմնացոյց... Եկած էին ամբողջ ընտանիքով եւ շարուած նկարիչի խանութին առջեւ» : Լուսանկարվում ենՙ «ինքնաճանաչման բնազդը ըրած ուղեցոյց»: Ինքնաճանաչում, իրենց գոյության հիեշցումն իրենց եւ ապրողներին: «Ճանապարհ դէպի Կարկեմիշ» ժողովածուն այս ինքնաճանաչման եւ ազգային գոյության հիշեցումի գեղարվեստական վավերագիրք էՙ հայոց ցեղասպանության բարոյահոգեբանական, զգացմունքային եւ ֆիզիկական հետեւանքներով:

«Կարկեմիշ» վեպն առաջին անգամ լույս է տեսել 2005-ին, Հալեպում, հավանաբար գրվել է դրանից ոչ շատ առաջ: Անկասկած, հեղինակը լավ ծանոթ է «կարոտի» գրականությանն ընդհանրապես եւ մեծանունների երկերին մասնավորաբար: Սա պարզ երեւում է նրա վեպից: Մեկ ուրիշ նմանություն եւս: Չարենցը նկարագրեց իր ծննդավայր Կարսը, Բակունցըՙ Կյորեսը, Մահարինՙ Վանը: Ես չգիտեմ Հաճեանը ծանո՞թ է եղել նրանց «ծննդավայրային» այս ստեղծագործություններին, ըստ երեւույթինՙ կարդացել է եւ բավական ուշադիր: Թե՛ այստեղ եւ թե՛ «Կարկեմիշում» քաղաքի հոգեբանական ու զգացմունքային «հատակագիծն» էՙ իր մարդկանցով, կենցաղավարությամբ եւ բազմաբնույթ արհեստներով: Բոլորն էլ հենվում են հիշողության վրա, իմաստավորում բնաշխարհը եւ մեզ տալիս յուրահատուկ առասպել, որը կա եւ չկա, ինչպես հանճարեղ բանաստեղծն է ասումՙ «Գուցե սուտ է Նայիրին... Գուցե հուշ է միայն,- ֆիկցիա, միֆ:- Ուղեղային մորմոք, սրտի հիվանդություն...» : Բայց հենց «Երկիր Նայիրիի» գրության փաստն ասում էՙ Նայիրին կա ու շարունակում է ապրել: Վաղն էլ է լինելու: Ընդմիշտ: «Կարկեմիշը» նման է այս երկերին հայացքի ուղղությամբ: Բոլորն էլ վերածնում են քաղաքըՙ նրա մասին խոսելով: Վերաբերում են նրանՙ իբրեւ սիրասուն երեւույթ եւ ցավ են ապրում նրա ցավերից: Հաճեանը մի այնպիսի խանդաղատանքով է պատկերում Կարկեմիշի հյուղակ տներն ու շինությունները, յուրաքանչյուր բակ ու փողոց, մարդկանց ու կենցաղ, վարք ու վարքաբանություն, որ դրանք դառնում են կենդանի, այսօրական երեւույթներ, մենք, մեր անցյալն ու ներկան:

«Կարկեմիշի» նման երկերն անհամատեղելի են ներկայիս գիտության արագընթաց զարգացումներին, ընդհանուր քաղաքակրթությանն ու գրական նորաոճ սկզբունքներին, բայց դրանք մարդկայնացնում են այս սարքովի ժամանակը, մեզ տանում մեր արմատներին, որ վերադարձի շատ կարեւոր փորձ է:

Պետրոս Հաճեանը քիչ է գրելՙ իր ապրած տարիների մեծ մասը նվիրել է ուսուցչությանը եւ խմբագրական աշխատանքին: Սակայն, կարծում եմ, այս ասպարեզներում եւս նա ստեղծագործող է եղել: Իսկ «Ճանապարհ դէպի Կարկեմիշ» գիրքը իմաստավոր դափնեպսակ է նրա 75 տարիներին, արդի սփյուռքահայ գրականության երեւելի արժեքներից:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4