ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#5, 2009-07-04 | #6, 2009-07-18 | #7, 2009-08-01


ՀԱՅԱՑՔ «ՈՍԿԵ ԾԻՐԱՆ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԻՆ

ՍԻՐԱՆՈՒՅՇ ԳԱԼՍՏՅԱՆ

Ավարտվեց կինոյի իսկական տոն դարձած «Ոսկե ծիրան» փառատոնը, որը ոչ միայն բացառիկ մշակութային իրադարձություն է մեր երկրի համար, այլեւ համարվում է խոշորագույնն ու առաջատարը ողջ տարածաշրջանում: Բացի մրցութային եւ ոչ մրցութային հարուստ, հետաքրքրական ծրագրերից, «Ոսկե ծիրանի» շրջանակներում հիմնվել եւ գործում է «Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագիրը, որը նույնպես կրում եւ արտահայտում է կինոփառատոնի գլխավոր նշանաբանը, այն է` «Հայաստանը քաղաքակրթությունների եւ մշակույթների խաչմերուկ»:

Այս տարվա ցուցադրություններում ընդգրկված էր 158 ֆիլմ` աշխարհի 52 երկրից: Փառատոնն ունեցավ 150-ից ավելի օտարերկրյա հյուր: Մոլորակի ամենատարբեր անկյուններից արդեն վեցերորդ տարին է, գալիս են հեղինակներ ու ֆիլմեր, ստեղծելով համաշխարհային կինոյի յուրօրինակ խճանկար, թույլ տալով մեր կինոսիրող հանդիսատեսին պատկերացում կազմել ժամանակակից կինոյի մասին: Հարկ է ընդգծել, որ «Ոսկե ծիրանն» ընձեռում է բացառիկ հնարավորություն, տեղեկանալու մեր ազգային կինեմատոգրաֆում տեղի ունեցող գործընթացներին, ինչպես նաեւ` ծանոթանալու սփյուռքի մեր հայրենակիցների կինոգործունեությանը:

Առաջին իսկ տարվանից փառատոնի շրջանակներում նշվում են անվանի հայ կինոգործիչների հոբելյաններ, ներկայացվում նրանց ֆիլմերը: «Հարգանքի տուրք» ծրագրում այս տարի ցուցադրվեցին Արման Մանարյանի, Բագրատ Հովհաննիսյանի եւ վերջերս կյանքից հեռացած Յուբիկ Մուրադյանի գործերը:

Ամեն տարի դիտելով փառատոնի մրցութային ծրագիրը` շատերը զարմանում են, թե ինչո՞ւ է ազգային մրցույթն առանձին անցկացվում: Բայց մի՞թե, կոնցեպտուալ առումով, ճիշտ չէ ազգային կինոծրագրին առանձին տեղ հատկացնելը: Եվ հետո, միջազգային մրցույթում հայտնվող հայկական ֆիլմը պետք է մրցունակ լինի այնտեղ ընդգրկված մյուս աշխատանքների հետ: Այդպիսին էր օրինակ` 2007-ին «Ոսկե ծիրանի» միջազգային մրցույթի ծրագրում տեղ գտած եւ միանգամից 4 մրցանակի արժանացած Վարդան Հովհաննիսյանի «Մարդկային պատմություն պատերազմի եւ խաղաղության օրերից» վավերագրական ֆիլմը: Այս անգամ միջազգային մրցույթ էր մտել Հովհաննես Գալստյանի «Խճճված զուգահեռներ» գեղարվեստական կինոնկարը, որը ստեղծվել է Նորվեգիայի հետ համատեղ: Հարկ է նշել, որ սա առաջին համատեղ ֆիլմն է, որ նկարահանվել է հայաստանաբնակ ռեժիսորի կողմից եւ, լինելով ողջ ստեղծագործական խմբի առաջնեկը, ունի մի շարք արժանիքներ, թե՛ բովանդակության, նյութի թարմության տեսանկյունից, թե՛ պրոֆեսիոնալ ճաշակի առումով: Ֆիլմն արդեն ունեցել է մեծաթիվ հանդիսատես Մոսկվայում, մեր մայրաքաղաքում էլ այն մեծ աշխուժություն առաջացրեց երեկոյան ցուցադրության ժամանակ: Առհասարակ, այն, որ մենք ունենք կինոարվեստով հիրավի հետաքրքրվող հանդիսատես, վկայում էին լեփ-լեցուն կինոդահլիճները: Եվ դեռ քանի ցուցադրության ժամանակ կարիք եղավ լրացուցիչ տեղեր ստեղծել հատուկ բերված աթոռների օգնությամբ: Անհավատալի կարող էր թվալ, որ մերօրյա Երեւանում կեսգիշերից էլ ուշ ավարտվող գեղարվեստական ֆիլմերը կարող են ունենալ այդպիսի մեծաքանակ հանդիսատես:

Այդ ֆիլմերից էր փառատոնի պատվավոր հյուրերից մեկի` Սերգեյ Սոլովյովի «Աննա Կարենինան»` փխրուն, հոգեւոր նախասկիզբ կրող Տատյանա Դրուբիչի գլխավոր դերակատարմամբ (այստեղ իրենց վերջին դերերով են հանդես եկել կյանքից վաղաժամ հեռացած Օլեգ Յանկովսկին եւ Ալեքսանդր Աբդուլովը):

Այս տարի «Ոսկե ծիրանի» ղեկավարության կողմից հիմնված «Վարպետ» մրցանակին արժանացած Ս.Սոլովյովը մամլո ասուլիսի ժամանակ ասաց, որ Ռիչարդ Գիրից իմացել է` «հոլիվուդյան դերասանուհիների 95 %-ը երազում են Աննա Կարենինա խաղալ, սակայն վեպը չեն կարդացել»: Հակառակ դրա, կարող ենք ասել` այս ֆիլմը մեծ ոգեւորությամբ դիտած հայ հանդիսատեսների 95 %-ը, ամենայն հավանականությամբ, ընթերցել է Տոլստոյի վեպը:

«Վարպետ» մրցանակ շնորհվեց նաեւ ճապոնացի հայտնի կինոռեժիսոր, Կաննում եւ Բեռլինում մրցանակների արժանացած Կոհեյ Օգուրիին, որ այս տարի գլխավորում էր «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի խաղարկային ֆիլմերի ժյուրին: Վերջինիս ինքնատիպ, պատկերավոր ֆիլմերը մեր կինոսերների ուշադրությանը ներկայացվեցին հետահայաց ցուցադրությունների ծրագրում, ուր ընդգրկված էին նաեւ ամերիկյան անկախ կինոռեժիսոր, Կաննում «Ոսկե կինոխցիկ» ստացած Ռոբ Նիլսոնի եւ լեհ անվանի կինոռեժիսոր, Կաննում` «Արծաթե արմավենու ճյուղ» եւ ժյուրիի Մեծ մրցանակ, իսկ Բեռլինում «Ոսկե առյուծ» ստացած Եժի Սկոլիմովսկու ֆիլմերը: Լեհական ծրագրում ցուցադրվեց նաեւ մեծանուն ռեժիսոր Անջեյ Վայդայի «Խնկեղեգ» դրաման: Իր այս ֆիլմի համար 84-ամյա վարպետն արժանացել է Բեռլինի կինոփառատոնի Ալֆրեդ Բաուերի անվան` «Կինոարվեստում նոր ուղիներ բացելու համար» մրցանակին, որ սովորաբար շնորհվում է երիտասարդ ռեժիսորներին: Ազդեցիկ ու խիստ անձնական այս կինոնկարը ջնջում է կյանքի եւ արվեստի, ոչ թե պարզապես փաստի եւ հորինվածքի միջեւ եղած սահմանը` դառնալով իսկական ռեքվիեմ` մահերգ-խորհրդածություն, որ նվիրված է լեհ հայտնի օպերատոր Էդուարդ Կլոսինսկու հիշատակին: Ռեժիսոր Վայդան խորհում է մահվան մասին զուտ կինեմատոգրաֆիկ արտահայտչամիջոցներով:

«Ոսկե ծիրանի» պրեմիերաների մեջ կար կինոյի մեկ այլ վարպետի շատ անձնական ֆիլմ եւս. խոսքը Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Տետրո» ֆիլմի մասին է: Ամերիկյան անվանի այդ կինոռեժիսորի արդեն երկրորդ («Երիտասարդություն առանց երիտասարդության» ֆիլմից հետո) երեւանյան պրեմիերան է հնարավոր դառնում այս կինոփառատոնի շրջանակներում: Բանն այն է, որ Կոպոլայի հետ արդեն մոտ 30 տարի է, համագործակցում է ամերիկահայ պրոդյուսեր Անահիտ Նազարյանը: Միացյալ նահանգներից եւ Իսպանիայից բացի (ի դեպ, ֆիլմը նկարահանվել է Բուենոս Այրեսում), «Տետրոն» ցուցադրվել է միայն Կաննի միջազգային կինոփառատոնում, եւ արդ, մեր հայրենակցուհու շնորհիվ, այն ներկայացվեց նաեւ «Ոսկե ծիրանում»` բուռն ընդունելության արժանանալով հանդիսատեսի կողմից:

Փառատոնի փակման ֆիլմը հայ կինոարվեստի գլուխգործոց` Սերգեյ Փարջանովի «Նռան գույնը» կինոնկարն էր, որի ստեղծման 40-ամյակն է լրանում այս տարի:

Իսկ փակումից հետո, հաջորդ օրը եւս մեկ անգամ ցուցադրվեցին փառատոնի մրցանակակիր ֆիլմերը:


Նկար 1. «Աշուն»

Նկար 2. «Մեր աշխարհը»

Նկար 3. «Մյուս ափը»

Նկար 4. «Քերծվածք»

Նկար 5. «Սիրով եւ երախտագիտությամբ»


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4