ՍՎԵՏԼԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ, Արվեստագիտության դոկտոր
Այս տարվա մայիսին երկու փառատոներիՙ երեւանյան «21-րդի հեռանկարների» եւ մոսկովյան «Զատկականի» շրջանակներում ականավոր մաեստրո Վալերի Գերգիեւի ղեկավարությամբ Հայաստանում կայացած Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի հյուրախաղերը չես անվանի այլ կերպ, քան պատմական: ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի հովանավորությամբ իրականացված այդ վիթխարի մշակութային նախագիծը «Արամ Խաչատրյան» համերգասրահումՙ տեւողությամբ անսովոր ծավալուն երկու համերգի, վերաճեց դաշնակահարներ Դենիս Մացուեւի եւ Սերգեյ Բաբայանի, ջութակահար Սերգեյ Խաչատրյանի մասնակցությամբ, ինչպես նաեւ կատարվող երաժշտության հեղինակներ Ռոդիոն Շչեդրինի, Ալեքսանդր Հարությունյանի, Էդվարդ Միրզոյանի ներկայությամբ:
Գերգիեւի Հայաստան գալուն սպասում էին երկար տարիներ: Նրա վերջին համերգային ելույթը տեղի էր ունեցել 1986-ի մայիսին, Հայաստանի պետնվագախմբում նրա ղեկավարության ավարտից հետո (այժմ դա Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբն է): 2000 թվականի փետրվարին Գերգիեւը քիչ էր մնում Երեւան գարՙ որպես Հայաստանի սիմֆոնիկ մշակույթի զարգացման գործում նրա մեծ վաստակի ճանաչման արտահայտություն, հանրապետության բարձրագույն պարգեւիՙ «Սբ. Մեսրոպ Մաշտոց» շքանշանի շնորհման առիթով...
1981-ի սեպտեմբերին 28 տարեկան հասակում Հայաստանի պետնվագախմբի ղեկավարը դառնալովՙ Վալերի Գերգիեւը չորս համերգաշրջանի ընթացքում (մինչեւ 1985-ի մայիս) մեր նվագախումբը հասցրեց զարգացման միանգամայն նոր մակարդակի: Նվագացանկային հաջորդայնությունը պահպանելովՙ Գերգիեւը աստիճանաբար կատարելագործում էր նվագախմբի հնչողությունը եւ տեխնիկական հնարավորությունները, ի հայտ բերելով դրա ստեղծագործական ներուժը: Երեւանում եւ Հայաստանի մյուս քաղաքներում Գերգիեւի ելույթները իրադարձություններ էին հանրապետության երաժշտական կյանքում, բազմաթիվ ստեղծագործությունների մեկնաբանություններ տպավորվել են որպես բարձր արվեստի օրինակելի կատարումներ: (Այդ մասին առավել մանրամասնՙ իմ «Հաստատում» հոդվածում, տեսՙ «Սովետսկայա մուզիկա», 1985, թիվ 12, էջ 73-77):
Դիրիժորական գործունեությունը Հայաստանում եւ Լենինգրադի Կիրովյան (այժմ Մարիինյան) թատրոնում զուգորդելովՙ Գերգիեւը 1980-ական թվականներին, ըստ էության, Ռուսաստանի մշակութային կցորդն էր Հայաստանում: Այստեղ գալիս էին պետերբուրգյան երաժիշտներՙ ալտահար Գեննադի Ֆրեյդին, դիրիժոր Անդրեյ Չիստյակով, ջութակահար Միխայիլ Գանտվարգ: Դիրիժորի հարաճուն հեղինակությունը եւ նրա անձնական բարեկամությունը նպաստեցին Մոսկվայի խոշորագույն երաժիշտների Երեւան գալուն: Հայաստանի նվագախմբի հետ հանդես են եկել Նատալյա Գուտմանը, Յուրի Բաշմետը, Լազար Բերմանը, Վիկտոր Պիկվայզենը, Լեկսո Տորաձեն, Անդրեյ Գավրիլովը, Գրիգորի Ժիսլինը, Եվգենի Մոգիլյովսկին, Վադիմ Ռեպինըՙ այդ բոլոր անունները վաղուց ճանաչված են որպես ժամանակակից երաժշտակատարողական մշակույթի զարդեր:
Երեւանցիները հնարավորություն ունեին կանոնավորապես ունկնդրելու նաեւ մեր մոսկվացի հայրենակիցներինՙ ջութակահար Լեւոն Համբարձումյանին, դաշնակահար Ալեքսանդր Մնդոյանցին: Այստեղՙ Հայաստանում, Գերգիեւը հանդես էր գալիս հանրապետության բոլոր առաջատար մենակատարների, այդ թվում Սվետլանա Նավասարդյանի, Վիլլի Սարգսյանի, Վահագն Պապյանի, Վահրամ Սարաջյանի, Յուրի Բալյանի, Արաքս Դավթյանի հետ: Որպես մենակատար հանդես է եկել նաեւ Առնո Բաբաջանյանըՙ կատարելով դաշնամուրի եւ սիմֆոնիկ նվագախմբի համար իր գրած «Հերոսական բալլադը»: Հայ երաժիշտների հետ ընկերակցությունը շարունակվեց նաեւ հետագայում: 1986 թվականին Պ. Չայկովսկու անվան 8-րդ միջազգային մրցույթում նա մեկն էր այն դիրիժորներից, որ եզրափակիչ փուլում (դափնեկիրների խոստովանությամբ) աջակցում էր թավջութակահարներ Սուրեն Բագրատունուն եւ Լեւոն Մուրադյանին, ջութակահար Մովսես Պողոսյանին:
1988 թվականից Ս. Պետերբուրգի Մարիինյան թատրոնի գլխավոր դիրիժորը, նսկ 1996-իցՙ գեղարվեստական ղեկավարը դառնալով, Գերգիեւը արտասահմանում համերգային շրջագայություն է կատարել Բարսեղ Թումանյանի հետ, օպերային թատերախմբի մեջ է ընդունել Սուսաննա Մարտիրոսյանին: Բայց գլխավորը նրա համագործակցությունն է Գեղամ Գրիգորյանի հետ, որին Գերգիեւը հենց սկզբից հրավիրեց թատրոնՙ բոլոր պայմանները ստեղծելով արտասովոր տաղանդի ճանաչման համար: Հենց Մարիինյան թատրոնի միջոցով Գրիգորյանը միջազգային փառքի արժանացավ: Վերջին 15 տարիներին հայ երաժիշտների հետ ստեղծագործական շփումները այնքան ինտենսիվ են դարձել, որ առայժմ դժվար է դրանք իմաստավորել: Հատկանշական է, որ Մոսկվայի «Զատկական փառատոնին» երեք անգամ մասնակցել է Երեւանի կամերային երգչախումբըՙ Հարություն Թոփիկյանի ղեկավարությամբ:
Իսկ Հայաստանի նվագախումբը ղեկավարելու տարիներին Գերգիեւը կատարել է գրեթե բոլոր հայ կոմպոզիտորներիՙ ինչպես դասականների, այնպես էլ ժամանակակիցների ստեղծագործությունները, ըստ որումՙ նաեւ Ռուսաստանում ապրողներինը: Նրանք են Էդուարդ Խաղագործյանը, Կարեն Խաչատրյանը, Յուրի Տեր-Օսիպովը: Վերջապես, Գերգիեւի կարկառուն երաժշտական արժանիքներն արտացոլվում են նրա արտասովոր անձնական հատկանիշներում: Այսպես, խորապես վերապրելով 1988-ի ողբերգությունը, նա մի քանի խոշոր բարեգործական ձեռնարկում իրականացրեց, ի նպաստ երկրաշարժից տուժածների:
Արդեն կարելի է պատկերացնել, թե հայերի համար ինչ է նշանակում այդ մեծ երաժշտի եւ նրա փայլուն նվագախմբի ներկա այցելությունը:
Չնայած ոճային ցրվածությանըՙ ստեղծագործությունների ընտրությունը ներքուստ արդարացված էր. այն հիշողության մեջ վերակենդանացնում էր Գերգիեւի երեւանյան ծրագրերը: Բայց կային նաեւ նոր բեւեռներՙ Պ. Չայկովսկու «Շչելկունչիկ» բալետի հատվածներ եւ Ռ. Շչեդրինի Դաշնամուրի 5-րդ կոնցերտը: Երկու երեկոների եզրափակումը դարձավ Չայկովսկու 5-րդ սիմֆոնիայի 2-րդ եւ 4-րդ մասերը: Հենց այդպես ավարտվեց նվագախմբի ելույթը 2008-ի օգոստոսին ավերված Ցխինվալում...
Մարիինյան թատրոնի հրաշալի Սիմֆոնիկ նվագախումբը մի կոլեկտիվ է, որտեղ մրցակցում են բոլոր գործիքային խմբերի պրոֆեսիոնալ արժանիքները (նվագախմբի կոնցերտմայստեր Կիրիլ Տերենտեւ): Մաեստրոյի էներգետիկայի իշխանության ներքո, նվագախումբը կատարման ընթացքում ասես ոգեշնչվում է. նվագը դառնում է միասնական, այն շրջում է նվագախմբի մի անդամից մյուսը, եւ ընդհանուր հոգեւոր վիբրացիայի գրեթե տեսանելի այդ ընթացքը լի է ճշմարիտ գեղարվեստական բացահայտումներով:
Իհարկե, կարելի է հիանալ նվագախմբի գերազանց արվեստագետներով, բարձրակարգ երաժիշտներով, բայց այդպիսիք կան աշխարհի բազմաթիվ նվագախմբերում: Սակայն Մարիինյան թատրոնի նվագախմբի հնչողությանը ներհատուկ է դրա ղեկավարի մեկնաբանման արվեստը բնութագրող ինքնօրինակությունը: Հնչյունատարության պրոցեսին խորթ է ստատիկան, քանզի գիտակցաբար վերարտադրվում են երաժշտական բուն սուբստանցի շարժունությունը, դրա պլաստիկան եւ շեշտադրումը, դինամիկան եւ ագոգիկան:
Եվ այսպես, առաջին երեկո. Վագներ, Չայկովսկի, Պրոկոֆեւ, Մալեր: «Լոհենգրինի» նախաբանը ողջ հյուրախաղերի առաջաբանի դեր կատարեց, քանի որ այստեղ արտացոլվեցին Գերգիեւի արվեստի որոշ կարեւոր հատկանիշներ, որոնք մեծապես ազդված են Վագների երաժշտությունից: Հատկանշական վագներյան տեմպոռիթմըՙ հիմնված տեւական ընդլայնումների վրա, որտեղ արտաքին հանդարտության հետեւում թաքնված է նախ անորսալի, ապա դրսեւորվող շարժում, որը հանգեցնում է ինտենսիվության:
Նախերգանքում ձգված լարայինների բնորոշ լարվածության շնորհիվ փողային խմբին անցնելը եւ ապա երկու խմբերի կոնտրապունկտը թվում են անբաժանելի ընթացք: Բարձրակետըՙ պղնձե գործիքների խմբի հզորությունը, ասես նույնանում է բարձրագույն ճշմարտության հաղթանակի հետ:
Անկասկած, մեկնաբանությունը կապված է «Լոհենգրինի», ինչպես եւ, ի դեպ, Վագների ուրիշ օպերաների բովանդակության փիլիսոփայության հետ, որոնք ձեւավորել են գերգիեւյան կատարողական էսթետիկայի համար ունիվերսալ երկճյուղման սկզբունքները: Ահա՛ մասնատումների այդ զույգերը. հոգեւորը-հրճվանքը, գեղեցիկը-ողբերգականը, քնարականը-խոստովանականը, անձնազոհությունը-քավությունը, նրբինությունը-ցավը, տառապանքը-բերկրանքը...
Երկճյուղման սկզբունքը զգացվում էր նաեւ «Շչելկունչիկ» բալետի հատվածների մեկնաբանության մեջ: Հետին պլան մղելով երաժշտության կենցաղային բնութագրերըՙ Գերգիեւը պղնձե գործիքների վեհապանծ հսկողության միջոցով ընդգծեց երաժշտության խոր ողբերգականությունը: Չայկովսկու ամբողջ պարտիտուրը «ընթերցվեց» զուտ սիմֆոնիկ երկրի դիրքերից:
Ս. Պրոկոֆեւի Դաշնամուրի ու նվագախմբի թիվ 3 C-dur կոնցերտում ներկայացվեց գրոտեսկային կենսականության, ինչպես նաեւ նուրբ գունագեղության հարուստ ներկապնակ: Եթե եզրամասերում դիրիժորը շեշտում էր դասական ձեւավորման գործառույթները, ապա գործիքային զուգորդումներով հղկված երկրորդ մասըՙ Վարիացիաներով թեման դարձավ պրոկոֆեւյան իմպրեսիոնիստական նվաճումների յուրօրինակ փոքր հանրագիտարան:
Պրոկոֆեւի կոնցերտում մենակատարը միջազգային մրցույթների դափնեկիր Սերգեյ Բաբայանն էր, բարձր կազմակերպված մտածողության տեր մի դաշնակահար, որը կրթություն է ստացել Երեւանում, իսկ ներկայումս ապրում է Նյու Յորքում: Նա վիրտուոզի իր վառ տաղանդը նպատակաուղղեց վառ սոնորիստական արտահայտչականության ապահովմանը, որն առավել տպավորիչ կերպով բացահայտվեց վերջնամասում: Նվագախմբի հետ լիովին համադաշն Բաբայանը չսահմանափակվեց սինկոպավոր ակորդային կառույցների եւ tone-clusters («հնչյունային ողկույզների») էֆեկտով եւ պասաժների սքանչելի հյուսազարդի միջոցով հիշեցրեց երկրորդ մասի իռացիոնալ քնարականության մասին:
Գուստավ Մալերի լայնընդգրկուն, հինգ մասանոց 5-րդ cis-moll սիմֆոնիան բնութագրվում է մասերի անհամաչափությամբ, թեմատիկ կապերի եւ նվագախմբի ոչ ավանդական մեկնաբանությամբ (չորրորդ մասը գրված է լարայինների եւ տավիղի համար), ինչը Գերգիեւի նման դիրիժորների համար սեփական գաղափարների յուրացման բարեբեր հող է: Երկճյուղման սկզբունքը մալերյան գլուխգործոցների ընթերցման մեջ ավելի քան արդարացված էր: Երբեմն այն թույլ էր տալիս գտնել կապերի տրամաբանությունը, կռահել զարգացումը, ըստ որումՙ ոչ միայն մասի ներսում, այլեւ մասերի միջեւ: Օրինակ, առաջին մասի (Trauermarsch) ավարտին երաժշտական միտքը սեղմվում է, ներամփոփվում, կանխագործելով չորրորդ մասըՙ Adagietto-ն:
Հետաքրքրական է, որ Մալերի սիմֆոնիայում, որը սկզբում նման էր ժայռակոփ հուշարձանի, աստիճանաբար տարբերակվում էին երաժշտության զարգացման փուլերը: Երկրորդ մասում դիրիժորը հագեցնում էր ֆակտուրայի պոլիֆոնիկ շերտավորվածությունըՙ գրեթե արդիական հնչողություն ստեղծելով բազմապիսի, հարափոփոխ նվագախմբային հյուսվածքից, տրամաբանորեն հասցնելով բարձրակետային ցնծությանը:
Վերջին երեք մասերը կազմեցին իրենց ներքին ցիկլը: Սկերցոյի եւ Ռոնդոյի ժանրային կամար, Ռոնդոյի լարայինների պարտիայում Ադաջիետտոյի մեղեդու արձագանքներ, ինչպես նաեւ բոլոր մասերի համար ընդհանուր նյութի պոլիֆոնիկ մշակում: Նվագախմբի տարածական աուրայում գործիքների տեմբրերը ստանում էին ինչպես գունային, այնպես էլ ռեզոնանսային գործառույթ: Այսպես, Ռ. Շտրաուսի «Թիլ Ուլենշպիգել» սիմֆոնիկ պոեմի ակնհայտ տպավորության տակ գրված Սկերցոյում մենակատար գալարափողը (հիանալի նվագում էր Ստանիսլավ Ավիկը) նկարագրում էր անտառային պատկերներ: Իսկ տավիղը լոկ լարայինների ներդաշնակ օժանդակություն չէ. տրիոլ-դուոլ անկանոն հերթափոխությունը, ինչպես կենդանի երակազարկ, օգնում էր շնչավորելու մեղեդու նուրբ գեղեցկությունը:
Մալերի 5-րդ սիմֆոնիայի այդ կատարումը հիշողության մեջ կմնա որպես պետերբուրգյան երաժիշտների ձեռակերտ հրաշք: Լեփ-լեցուն դահլիճի ունկնդիրները միաձուլվեցին մեկ անձի մեջՙ հմայված Վալերի Գերգիեւի մոխրացնող տաղանդից:
Երկրորդ երեկո. Հարությունյան, Միրզոյան, Շոստակովիչ, Շչեդրին, Չայկովսկի:
Ալեքսանդր Հարությունյանի «Տոնական նախերգանքը» եւ Էդվարդ Միրզոյանի Լարայինների ու գոսերի սիմֆոնիան, որոնք քանիցս կատարել է Գերգիեւը, ստացան գունագեղ ներկապնակի լիահունչություն: Բառացիորեն թռիչքաձեւ եւ հուզմունքով կատարված Հարությունյանի փայլուն պիեսը միջնամասում փողայինների դերի ընդգծման պատճառով ստացվեց շատ հանդիսավոր:
Մարիինյան թատրոնի նվագախմբի լարային կազմը ակադեմիական եւ նրբազգաց ջութակահար Կիրիլ Տերենտեւի գլխավորությամբ եւ տեմբրային առումով զգայուն գոսահար Անդրեյ Խոտինը Միրզոյանի երաժշտությունը նվագում էին հարազատ երաժշտության պես: Գերգիեւի մեկնաբանությամբ Միրզոյանի չորս մասանոց Սիմֆոնիան դրամատիկորեն մոնումենտալ էր, հատկապես եզրամասերի լուծման շնորհիվ: Հուզականորեն խտացված նախաբանից հետո առաջին մասի թեման թավջութակների խլացված եւ ասես սահող շարժման մեջ աստիճանաբար բյուրեղանում է հնչյունային ուրիշ ոլորտներով: Ու թեեւ ազատ տեմպային rubato-ները հիշեցնում էին արեւելյան երաժշտություն, Գերգիեւը մշակմանը հաղորդեց Շոստակովիչի երաժշտությանը փոքր-ինչ նմանվող պաթետիկություն:
Սիմֆոնիայի վերջնամասում Գերգիեւը երաժշտական դինամիկայի առանցքը ստեղծեց ռիթմիկ շեշտված եւ տարերային շարժումների զուգակշռության վրա, նվազագույնի հասցնելով ուրիշ դիրիժորների կողմից ընդգծվող պարային տարրը:
Սիմֆոնիայի երկրորդ մասը ասես ժանեկազարդ գործվածք դարձավ գոսերի կրկնվող ռիթմի ֆոնի վրա: Հաջորդՙ դանդաղ մասի մոնոքրոմ մեկնաբանման մեջՙ նույնպես ականավոր դիրիժորը, հայկական մշակույթի մեծ բարեկամը երեւան բերեց հետաքրքրական ազգային նրբերանգներ: Օրինակ, կրկնակի ռիթմի ostinato, որոնցից մեկը հայկական դամն է, ակուստիկ ինտերվալների ընդգծումը կամ ժողովրդական կսմիթային գործիքի նմանակումները:
Դմիտրի Շոստակովիչի թիվ 1 a-moll Ջութակի կոնցերտում մենակատարը նոր սերնդի հայ լավագույն երաժիշտներից մեկն էրՙ 24-ամյա Սերգեյ Խաչատրյանը, որի ծառայության ցուցակում նշված է հաղթանակը Էլիզաբեթ թագուհու անվան մրցույթում (2005): Գերգիեւի հետ նրա ելույթը դարձավ երեւույթ: Մաեստրոն Խաչատրյանին օգնեց առավելագույն դրսեւորվել, բայց դա ոչ միայն պրոֆեսիոնալ, այլեւ հոգեւոր շփում էր:
Դանդաղորեն, առաջին մասում անչափ կապակցված ձեւով առաջ տանելով մելոդիկ գիծըՙ Սերգեյն այն ավարտեց երրորդ մասումՙ հանրահայտ Պասակալիաում, որտեղ մռայլ, անելանելիությամբ ճնշող նվագախմբային կոլորիտը եւ միայնակ մնացած տուբայի աջակցությունը արտացոլում գտան մենակատարի պարտիայում: Ջութակահարը իր Կադենցիան մեկնաբանեց որպես բողոքի երաժշտություն. դրա այժմեական այլաբանությունը ընդգծվեց կտրուկ ակորդների անհարթ հնչողությամբ: Սկերցոյում երաժշտության ուղղվածությունը նվագախմբային բարձրակետն է, որտեղ Շոստակովիչի DEsCH մոնոգրամը հնչում էր որպես կոմպոզիտորի անհատականության հաղթական խորհրդանիշ: Աներեւակայելիորեն արագ նվագած վերջնամասում Խաչատրյանը արտահայտեց ինչ-որ գագաթի հասնելու երաժշտության միտումը, գագաթ, որի հետեւում թերեւս թաքնված է ճշմարիտ բերկրանքը:
Ռոդիոն Շչեդրինի դաշնամուրի թիվ 5 Կոնցերտում, որի մենակատարը գեղարվեստական առումով ունիվերսալ հնարավորություններ ունեցող մոսկվացի վիրտուոզ Դենիս Մացուեւն էր, նույնպես տիրում էր կատարողների ներդաշնակություն: Դրա հետ մեկտեղ նրան անհատականացված պարտականությունները պահանջում էին լուծումների ինքնուրույնություն:
Օրինակ, Մացուեւը չէր խուսափում առօրեական մթնոլորտից, երաժշտական հյուսվածքի կոնստրուկտիվ գաղափարը հանգիստ ի հայտ էր բերում նաեւ այն տեսականորեն փոփոխելու հնարավորությունը վայելելուց հետո: Իսկ նվագախումբը Շչեդրինի այդ բարդ եւ ձեւակառուցմամբ ոչ ստանդարտ Կոնցերտում, ընդհակառակը, երաժշտական իրադարձություններով հագեցված է: Գերգիեւը մանրախույզ էր հնչյունային արտահայտչության մեջ, բայց հնչյունային նյութի հետ փորձարարությունը դիրիժորին չէր շեղում զարգացման հեռանկարի ընկալումից: «Կրկնվող - փոխակերպվող» երկճյուղումը, որը նպաստում է էներգիայի կուտակմանն ու անկմանը, Գերգիեւի հուժկու դրամատուրգիական ձիրքի շնորհիվ հայեցակարգ չէ՞ արդյոք բոլոր ժամանակների համար...
Երկու երեկոների ապոթեոզը դարձան Չայկովսկու 5-րդ սիմֆոնիայի երկու մասերը: Ռուսաստանյան լավագույն ավանդույթների ոգով կատարված սիմֆոնիայի երկրորդ մասի նշանավոր մենանվագում իշխում էր Ռուսաստանի վաստակավոր արտիստ Դմիտրի Վորոնովի գալարափողը: Փոխարենը վերջնամասը փայլում էր մեկնաբանման նորությամբ եւ տարերային ուժով, որի մեջ Վալերի Գերգիեւն իրեն հավասարը դժվար թե ունի: