Պիկասոն եվ մյուս մեծերը
ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ
« Ասում են` ես կարող եմ ավելի լավ նկարել, քան Ռաֆայելը, եւ հավանաբար իրավունք ունեն: Բայց եթե ես Ռաֆայելի նման նկարել գիտեմ, ապա կարծում եմ, որ առնվազն ունե՛մ իրավունքը ընտրելու իմ սեփական ուղին, եւ ուրիշները պե՛տք է ընդունեն իմ այդ իրավունքը »: Պաբլո Պիկասոն այս խոսքերն ասել է իր ընկերուհուն` հավաքորդ Գերտրուդ Շտեյնին, 1938-ին, երբ արդեն 57 տարեկան էր: Զարմանալի բան էր. մարդիկ ընդունում էին նրա տաղանդը, ավելի շուտ` տաղանդի մեծությունը, բայց մերժում էին նրան դասել կլասիկների շարքին: Եվ դա տեւեց առնվազն մինչեւ 1971 թվականը, երբ, ծննդյան 90-ամյակի առթիվ, Ֆրանսիայի այլեւայլ պատկերասրահներից նրա հատընտիր գործերն առաջին անգամ ցուցադրվեցին Լուվրի Մեծ պատկերասրահում (Grande galerie), ինչը աննախադեպ ժեստ էր ապրող որեւէ արվեստագետի նկատմամբ: Նա դրա համար իր ողջ կյանքն էր տվել, անընդհատ ու ամեն ժամ ապացուցելով իր մեծությունը, առաջին հերթին` ինքն իր աչքին: Նույնիսկ` հատուկ «թեսթ» էր անցել դեռեւս 1947 թ.-ին, երբ ֆրանսական թանգարանների ընդհանուր տնօրեն Ժորժ Սալը առաջարկել էր գիշերով իր ցանկացած գործերը կախել Լուվրի ֆրանսական եւ իսպանական դասականների ցանկացած նկարների կողքին եւ... համեմատել: Սկզբում անհանգիստ ու ջղային` Պաբլոն քիչ դիտելուց հետո անզուսպ բացականչել էր. «Տեսնո՞ւմ եք, նույն բանն է, այո, այո, նույն բանն է»: Նա հաստատել էր այն, ինչին ձգտել էր, ինքնահամոզել ու համոզել: Դա պատասխանն էր բոլոր նրանց, ովքեր քննադատում էին նրան դասական նկարչության մեծ ավանդույթները «բռնաբարելու եւ վտանգելու» համար: Եվ սա հակառակ այն փաստին, որ սկսած 1901 թ.-ից, երբ քսանամյա Պիկասոյի 64 գործերն առաջին անգամ ցուցադրվել էին Փարիզի Վոլար պատկերասրահում, նրա այդ եւ հետագա ցուցահանդեսներն անցել էին մեծագույն հաջողությամբ, իսկ «Գեռնիկան» (1937) Փարիզի համաշխարհային ցուցահանդեսի իսպանական պավիլյոնում ցուցադրվելովՙ համաշխարհային հռչակ էր բերել հեղինակին:
Պիկասոյին փնտրում էին, հետաքրքրվում, սիրում ու գնահատում, բայց շարունակում էին դասականների շարքին չդասել: Ամենահատկանշականը պատահեց պահպանողական Անգլիայում, 1960-ին: Լոնդոնի Ազգային պատկերասրահը (National Gallery) մերժել էր կազմակերպել Պիկասոյի գործերի ցուցահանդեսը, փոխարենը իր դռները նրա առաջ բացել էր ավելի ժողովրդական ու մոդեռնիստական Թեյթը, որում տեղի ունեցած ցուցահանդեսին 10 օրում կես միլիոնից ավել մարդ էր այցելել, ողջ քաղաքը բռնվել էր «պիկասոմանիայով», լրագրողները թռցնում-հորինում էին Պիկասոյի մասին ամեն տեսակի պատմություններ: Եվ, չդիմանալով «գայթակղությանը», թագավորական ընտանիքը գիշերով գաղտնաբար այցելում է ցուցահանդես... Բայց, միեւնույն է, Պիկասոյի համար տեղ չկար Ազգային պատկերասրահի դասականների այդ սրբավայրում: Մինչդեռ նկարչի համար, որն, ի դեպ, իր երկար կյանքի ընթացքում համեմատաբար շատ քիչ է խոսել իր արվեստի մասին (նա սովորություն ուներ ծամածռություններով ու հեգնանքով դիմավորելու ֆոտոթղթակիցներին ու լրագրողներին, չէր սիրում նաեւ իրենց նկարչական կոնցեպցիաներից շաղակրատող արվեստակիցներին, որոնց սովորաբար ասում էր`մի՛ խոսիր, վրձնովդ ցո՛ւյց տուր), բոլոր ժամանակների մեծերը մշտապրող էակներ են: « Ինձ համար, ասել է մտերիմ արվեստաբաններից մեկին, արվեստում անցյալ կամ ապագա չկա: Եթե արվեստի գործը մշտապես ներկայում չի ապրում, ապա ընդհանրապես նկատի չպետք է առնվի: Հույների, եգիպտացիների եւ այլ ժամանակներում ապրած մեծ նկարիչների գործերը անցյալի արվեստ չեն, դրանք այսօր թերեւս ավելի կենդանի են, քան առաջ »:
Այսօր, իր մահվանից 36 տարի հետո, Պաբլո Պիկասոյի գործերը քիչ է ասել պահանջված են աշխարհի բոլոր, այդ թվում ամենապահպանողական թանգարաններից ու պատկերասրահներից: Ոչ միայն իրենց արժեքի, այլեւ ապրող, ապրեցնող, տակավին ստեղծագործո՜ղ արվեստագետի գործեր լինելու համար: Մեծ վարպետներից այն տարբերությամբ միայն, որ նա նկարել է շատ, պահպանվել է ավելի շատ: Մեծ վարպետների կողքինՙ մեծ վարպետը: Բոլորովին տարբեր նրանցից իր ձեւերով, գծերով ու լուծումներով: Բայց ամբողջովին նման նրանցՙ արվեստային խուզարկումների, որոնումների, նմանությունը տարբերության եւ միասնությունը հակասության ու հակադրության վերածելու անկրկնելի եւ իր այդ կարողությամբ իսկ նորագյուտ ներդաշնակությունների հասնելու հանճարով:
Պիկասոն այսօր, շուրջ 30 տարուց ի վեր, զարդարում է նաեւ Լոնդոնի Ազգային պատկերասրահի արեւելյան թեւի սրահները, մյուս մեծերի կողքին, փառավորապես: Իսկ վերջերս նույն պատկերասրահի ձախՙ ցուցահանդեսների թեւում բացվել էր նրա 80 գործերի առանձնահատուկ մի ցուցադրությունը «Մարտահրավեր անցյալին» վերնագրով, որին մի քանի շաբաթ առաջ պատեհություն ունեցա ներկա լինելու: Աշխարհի տարբեր թանգարաններից, համագործակցությամբ Ֆրանսիայի Ազգային թանգարանների համախմբման (Rռunion des musռes nationeaux), այստեղ էին բերվել մեծ վարպետի այն գործերը, որոնք անմիջական առնչություն ունեն ուրիշ մեծ նկարիչների գործերի հետՙ ազդեցություն, նմանակում, հակադրություն կամ իմպրովիզացիա: Էլ Գրեկո, Վելասքեզ, Դելակրուա, Էնգր, Պուսսեն, Գոյա, Ռենուար, Թուլուզ-Լոտրեք, Սեզան, Մանե, Մատիս, Դեգա եւ ուրիշներ: Պիկասոն սովորել է հենց նրանցիցՙ հին ու նոր վարպետներից: Նրանք մշտապես եղել են իր մտերմության մեջ, նույնիսկ Մատիսից, որ համարվում էր նրա գլխավոր մրցակիցը, որի մահը 1954-ին այնքան ծանր ազդեց նրա վրա: « Այն զգացողությունն ունեմ, որ Դելակրուան, Ջիոտտոն, Տինտորետտոն, Էլ Գրեկոն եւ մյուսները, ինչպես ժամանակակից բոլոր նկարիչները նաեւ, լավերն ու վատերն անգամ, նկարելիս իմ հետեւում կանգնած ինձ են դիտում », ասել է նա իր մտերիմ արվեստաբաններից մեկին: Այդ զգացողությունը նրան հանգիստ չի տվել հատկապես, երբ աշխատելիս է եղել որոշակի նկարից ներշնչված վարիացիաների վրա: Տվյալ արվեստագետն իր կողքին է եղել, նրա հետ վիճել, առարկել, քննարկել է մանրամասները:
Պիկասոյի այդ զգացողությունը հավանաբար առաջացել է պատանեկան հասակում, երբ, դեռեւս 16 տարեկան, կաթոլիկ քույրերի պատվերով վերարտադրում էր Մուրիլլոյից երկու նկար, կամ երբ, նույն հասակում, հորինում էր իր «Գիտություն եւ կրթություն» մեծադիր կտավը իսպանական կլասիցիզմին հարազատ ոճով: Եվ դրա համար ամենալուրջ նախադրյալներ կային Մալագայում, որտեղ ծնվել էր ապագա նկարիչը: Այնտեղ կար թանգարան-պատկերասրահ, որի կուրատորը Պաբլոյի հայրն էրՙ դոն Խոզե Ռուիզ Բլասկոն (Պիկասոն 19 տարեկանից սկսել է ստորագրել իր մորՙ դոննա Մարիա Պիկասո ի Լոպեզի ազգանունով, քանի որ, ինչպես ասել է մի հավաքույթի ժամանակ, դա հիշեցնում է Պուսսենի անունը): Հայրը նկարիչ էր նաեւ եւ մեծագույն հոգատարություն է ցուցաբերել որդու նկարչական կրթության նկատմամբ: Դեռեւս 16 տարեկանին, ծննդյան տարեդարձի առիթով, նրան «նվիրել» է իսկական բնորդուհիՙ իրենց աղքատ հարեւաններից մեկի աղջկան:
Հետագայում, Մադրիդի Ակադեմիա Ռեալ դե Սան Ֆեռնանդոյում սովորելիս, Պաբլոն այցելում է Պրադո, որտեղ առաջին անգամ դեմ հանդիման է գալիս Էլ Գրեկոյի նկարներին ու... փշաքաղվում: Նույնըՙ Վելասքեզի գործերին ծանոթանալիս: Նույնը նաեւ Պարչելոնայում, Գոյայի նկարների դիմաց: Անընդհատ վերարտադրություններ է անում նրանցից: Օժտված լինելով նկարչական ֆենոմենալ հիշողությամբ, նա հետագայում բնավ չի բաժանվում այդ վարպետներից: Նրանց գործերից նա վերարտադրել է իր ինքնուրույն շատ կտավներում, ասենքՙ մերկ կինը անկողնում պառկած, կողքի պատինՙ նրանց ամենահայտնի գործերից մեկի պատկերը:
Իսկ ավելի ուշ, երբ լինում է Հռոմում, իտալական վերածննդի վարպետներն են նրան կլանում: Մանրամասնորեն ուսուսմնասիրում է նրանց արվեստըՙ վրձնի հարվածներից մինչեւ ներկի շերտի հաստությունը, մինչեւ գույն ու գիծ, մինչեւ ամենատիպական պահը, արտահայտությունն ու մթնոլորտը գտնելու նրանց վարպետությունը: « Միքելանջելո... սիրում եմ կորչել նրա գործերումՙ ինչպես հարուստ ու հզոր լեռներում... Սակայն Ռաֆայելն է իսկական երկինքը - Ինչպիսի՜ պայծառ հանդարտություն ունեն նրա գծերը, ինչպիսի՜ ուժ », խոստովանել է Պիկասոն կերպարվեստի քննադատ Ժորժ Միշելի հետ ունեցած զրույցում: Իդեալական գեղեցկության սիրահար է եղել նա, սակայն նկարելիս չի կարողացել իրենից չվանել այդ զգացողությունը եւ փոխարենն ընթացք է տվել սեփական զգացողությանըՙ ամբողջապես իրական, ճշմարիտ, երբեմն նույնիսկ այլանդակ: Վաղ տարիքում անգամ մեծ վարպետների գործերը վերարտադրելիսՙ աշխատանքի կեսից շեղումներ է տվել եւ ընդդիմացել է օրիգինալին: « Հին հույների մոտ մշտագո է էսթետիկական էլեմենտը: Իսկ ես նախընտրում եմ հռոմեացիների առնական ռեալիզմը: Հրաշալի բան է նոր սուբյեկտներ հայտնագործելը: Օրինակՙ վերցնենք վան Գոգին. կարտոֆիլներ, այդ անձեւ բաները, դրանք նկարելը, եւ կամ հին կոշիկի մի զույգ. դա իսկակա՛նն է », մի առիթով ասել է արվեստի քննադատ եւ իր շատ ցուցահանդեսների կուրատոր Քահնվեյլերին:
Բայց հանճարեղ նկարչի ստեղծագործական հայացքներում հեղաշրջող բուռն ներգործությունը զգացվել է Փարիզում, որտեղ առաջին անգամ եղել էր 1900-ին, իսկ մի քանի տարի հետոՙ արդեն մշտական բնակությամբ: Մոնմարտրի նկարիչները, արվեստի սալոնները, մանավանդ փարիզյան փողոցների իրական կյանքն ու կյանքի իրականությունը հիմնովին շրջել են արվեստագետի ըմբռնումները, սեւեռումները: Ստեղծագործական իսկական որոնումներն սկսվել են Լույսի քաղաքում, որտեղ Պիկասոն ապրել է իր ստեղծագործական կյանքի բոլոր եւ բազմաթիվ հանգրվանները գլխապտույտ հերթագայությամբ: Իր «կապույտ» շրջանը, երբ սոցիալական պոռթկումներն ու նյութական իր անձուկ վիճակը ներկայացնում էր մուգ-միագույնՙ մոնոխրոմատիկ գործերով: Իր «վարդագույն» շրջանը, երբ ավելի հանդարտ տրամադրություններն արտահայտվում էին մեղմ վարդագույնով արված նկարներում: Կուբիստական ու եռաչափական իր շրջանները, որոնք հատկանշվում էին, ըստ մասնագետների, «սինթետիկ կուբիզմի» եւ «անալիտիկ կուբիզմի» փուլերով: Պրիմիտիվիզմի շրջանը, որ հատկանշվում է հունական արձանագործության ազդեցությամբ: Այնուհետեւ պատկերը մասնատելու, տարբաղադրելու, իրեն ավելորդ թվացող բաներից ազատվելու շրջանը, այնքան մոտ աբստրակցիոնիզմին, որ փարիզյան ավանգարդիստները նրան համարել են իրենցից մեկը, մինչեւ հաջորդ շրջանը, երբ Պիկասոն արդեն աբստրակցիոնիզմը դարձրեց իր տարբաղադրող, մասնատող, երկրորդականը գլխավորից անջատող սեփական տեսություն:
Սակայն այդ բոլոր հանգրվաններում Պիկասոն չմոռացավ իր հին «սերը», կլասիկներին, որոնց դիմում էր ամեն անգամ, երբ հասարակական-քաղաքական կյանքում որեւէ լուրջ իրադարձություն էր տեղի ունենում: 1937-ին բասկերի համանուն քաղաքի զանգվածային ռմբակոծումից հետո ստեղծված «Գեռնիկային» հաջորդեց Կորեայի պատերազմին նվիրված Գոյայի հայտնի նկարի մոտիվներով «Ջարդ Կորեայում» նկարը (այդ ժամանակ արդեն Պիկասոն անդամագրվել էր ֆրանսիական կոմկուսին), Ալժերական ապստամբությանը նվիրվածՙ Դելակրուայի եւ Էնգրի ազդեցությամբ ստեղծված կտավները, նույնիսկ պատմականՙ Ժաք Լուի-Դավիդի «Մարատի մահը» նշանավոր նկարի նմանողությամբ արած գործերը: Նկարչին չէր պակասում նաեւ հումորը, ծաղրը: Նրա այդ սուր-սլաքներից զերծ չեն մնացել անգամ վան Գոգը, Պոլ Գոգենը, նույնիսկ իր մտերիմ բարեկամները, որոնց նա պատկերել է մերթ սուսերամարտիկի, մերթ գզգզված մազ-միրուքով բիձաների, մերթ իսպանացի ազնվականի տեսքով: Ասենքՙ նա չի խնայել նաեւ ինքն իրենՙ ինքնադիմանկարներ ազնվականի կեղծամով, չռած աչքերով բոմժի տեսքով:
Ինչ վերաբերում է Պիկասոյի կանանց, որոնց մասին մի առիթով ասել էՙ «Յուրաքանչյուր արտիստի նման ամեն բանից առաջ ես կանանց նկարիչ եմ», ապա մի քանի հազարի հասնող նրա կտավներն ու էտյուդները առանձին անդրադարձի կարիք ունեն:
***
Ռաֆայելի նման նկարող նկարիչը իր ուրույն ուղին էր ուզում ունենալ: Ունեցավ: Բոլորն ընդունեցին նրա աստվածատուր այդ իրավունքը:
Հոդվածագիրը նյութը պատրաստելիս օգտվել է «Պիկասո. Մարտահրավեր անցյալին» (Picasso. Challenging the Past) գրքի նյութերից ու նկարներից)
Նկար 1. Ինքնադիմանկարՙ իսպանացի ազնվականի կեղծամով, Պիկասո, 1897 թ., յուղանկար:
Նկար 2. Մեծ օդալիսկ (Ձոն), Ժան-Օգյուստ-Դոմինիկ Էնգր, 1814, յուղանկար, Լուվր:
Նկար 3. Մեծ օդալիսկ (Ձոն), Պիկասո, 1907 թ., թանաք եւ գուաշ թղթի վրա, Փարիզի Պիկասո թանգարան:
Նկար 4. 1808 մայիսի 3-րդ օրը, Ֆրանսիսկո Գոյա, 1814 թ., յուղանկար, Պրադո, Մադրիդ:
Նկար 5. Ջարդ Կորեայում, Պիկասո, 1951 թ., յուղանկարՙ փայտի վրա:
Նկար 6. Նկարիչը, Էլ Գրեկո, 1600 թ., յուղանկար, Սեվիլլայի գեղեցիկ արվեստների թանգարան
Նկար 7. Նկարչի դիմանկարՙ Էլ Գրեկոյի հետեւողությամբ (Պիկասո, 1950 թ., յուղանկար, անձնական հավաքածու):
Նկար 8. Նախաճաշ խոտերի վրա (դետալ), Էդուարդ Մանե, 1863 թ., յուղանկար:
Նկար 9. Նախաճաշ խոտերի վրա, Մանեի հետեւողությամբ (դետալ), Պիկասո, 1960 թ., յուղանկար):