ԹԱԳՈՒՀԻ ԶԱՐԵԱՆ
Ներկայացնում ենք երաժիշտ-մանկավարժ, դաշնակահարուհի Թագուհի Զարյանի հուշ-պատառիկը Կոմիտաս վարդապետի մասին:
Թագուհի Եղիազարյան-Շահնազարյանը (1887, Թուրքիա- 1962, Իտալիա) եղել է պոլսահայ ականավոր ընտանիքի զավակ: Ուսանել է Վենետիկի Բենեդետտո Մարչելլո երաժշտանոցում: Վերադառնալով Կ.Պոլիսՙ դասավանդել է ամերիկյան քոլեջում, հանդես եկել համերգներով: 1914-ին ամուսնացել է Կոստան Զարյանի հետ, 1916-1921 թթ. բնակվել Իտալիայում: 1922-ին ամուսնու եւ զավակների հետ հաստատվել է Հայաստանում, դաշնամուր, հարմոնիա եւ երաժշտության տեսություն է դասավանդել Երեւանի նորաստեղծ կոնսերվատորիայում: Հանդես է եկել նաեւ մենահամերգներով: 1923-ին վերադարձել է Եվրոպա, ունեցել համերգներ, 1936-ին վերջնակապես հաստատվել է Հռոմում, որտեղ էլ մահացել է: Գրել է ֆրանսերեն հիշողություներ Կոստան Զարյանի մասին, որոնք ցարդ մնում են անտիպ:
Թագուհի Զարյանն աշխարհին պարգեւել է երեք արվեստագետ զավակՙ ճարտարապետ Արմեն Զարյան (Իտալիա-Հայաստան), քանդակագործ Նվարդ Զարյան (Իտալիա) եւ արվեստաբան Վահե Զարյան (Դանիա-Նորվեգիա): Նա է խնամել եւ մեծացրել նաեւ քրոջ դստերըՙ Կլարա Կառլինիին, որը հետագայում հանդես է եկել «Վերագտնված երիտասարդություն» իտալերեն գրքով:
Թագուհի Զարյանի մասին մեզ հետ ունեցած զրույցներում մշտապես բացառիկ հիացմունքով եւ գուրգուրանքով էր խոսում նրա երեւանաբնակ գերմանուհի հարսըՙ լուսահոգի ֆրաու Մարիա Զարյանը, որի համար «Թագուհի մաման» մշտապես մնում էր որպես բարձր առաքինության չափանիշ եւ կնոջ կատարելատիպ:
Սույն հուշագրությունը տպագրվել է Բոսթոնի «Հայրենիք» օրաթերթում (1936, ապրիլի 11) եւ ամենայն հավանականությամբ գրվել է Կոմիտասի մահվան թարմ տպավորության ներքո:
Ես ալ բախտաւորութիւն ունեցայ մօտէն լսելու Կոմիտասի երգերը:
Հազիւ վերադարձած Պոլիս, Ամերիկեան գոլէճի մէջ դաշնամուրի դասեր կ,աւանդէի: Եւրոպական իմ համոզումներով թերահաւատ էի արեւելեան երաժշտութեան մասին: Ականջ չէի ուզեր դնել նաեւ իմ զգայուն պաշտօնակցուհիիս յորդորին, որ զիս կը ջանար համոզել երթալ լսելու հայ անծանօթ վարդապետ մը: Կը կարծէի, թէ պիտի լսեմ կոկորդային եւ ռնգային ձայներ, ինչպէս որ կը լսէինք Պոլսոյ հայ եկեղեցիներուն մէջ:
Բարեկամուհիս դարձեալ եւ աւելի բուռն կերպով պնդեց, եւ ես, չկրնալով այլեւս մերժել, հետեւեցայ իրեն:
Վոսփորի երկայնքը ըրինք, ապա մտանք Բերայի աղտոտ փողոցները եւ գացինք հասանք Petit Champes ըսուած թատրոնը: Տեսակ մը չորս հարկանի ախոռ էր, որ սակայն լեփ լեցուն էր:
Այսքան բազմութեան առջեւ գերագրգռում մը զգացի: Չէի կարծեր, որ Պոլսոյՙ սոսկ նիւթական հոգերով ապրող ժողովուրդը այսքան հետաքրքրուի երգով:
Այս հոծ բազմութեան մէկ կարեւոր մասը հայ էր անշուշտ: Բայց կային նաեւ մեծ թիւով օտար ունկնդիրներ եւ բարձրաստիճան անձնաւորութիւններ:
Ընկերուհիս, որ երջանիկ եւ վստահ էր, ինձ ցած ձայնով ըսաւ.
Լսի՛ր, բայց խնդրեմ գոցէ՛ նախ աչքերդ:
Գոցեցի:
Յանկարծ հարիւր սոբրանօներու բերնէն pianissimo մը բռնեց մթնոլորտը, նախ շատ մեղմ, ապա յուշիկ-յուշիկ համեմատութիւններ առնելովՙ փայլակնացայտ բարձրացաւ, ինչպէս գարնանային արեւագալին վարդագոյն լոյսերը, որոնք մեղմիւ կը սկսին լուսաւորել մեր լեռներու կատարները:
Աննկարագրելի էր յուզումս, կարծեմ տաք գինի մը խմցուցին ինծի: Աչքերս բացի: Բեմին վրայ տեսայ սպիտակ շարք մը հայ օրիորդներու, որոնց թիկունք կ,ընէր տղամարդոց սեւ զգեստներու շարքը: Ինքըՙ վարդապետը, իր սեւ սքեմին մէջ, մէջքը նիհար, սլացիկ հասակով, ջլուտ, կանգնած, կը նմանէր հայ սարկաւագի մը, մեր մագաղաթներու մանրանկարներէն պոկուած: Աջ ձեռքին բռնած էր ճիպոտը, իսկ ձախ ձեռքով կարծես կը շոյէր աղջիկներու ձայնը:
Կը շարունակէին երգել մէկը միւսի ետեւէն: Յուզումս զիս պիտի խեղդէր: Քաշուեցայ օթեակին խորքը եւ լացի:
Վարդապետը մոգպետ մըն էր:
Յանկարծ խումբէն բաժնուեցաւ փոքրիկ օրիորդ մը եւ սոբրանոյի բարձր ձայնով երգեց մեզի Ակնայ օրօրը: Կարծես արտոյտին երգը լինէր, որ արշալոյսին կը բարձրանայ երկինք:
Օրօրին յաջորդեց լռութի՜ւն...
Կոմիտաս, դաշնամուրին առջեւ նստած էր: Սրահին հարիւրաւոր ունկնդիրներուն շունչը կուրծքերուն մէջ թափ առաւ դողդոջուն:
Կոմիտաս երգեց «Կռունկը»:
Այս բոլորը ինձ համար նոր էին:
Իր պարիտոնի հովուական ձայնի շեշտը թաւշային էր, ինչպէս հայ աչքերը, բուղխ էր, ինչպէս մեր տաքուկ հացը, ջերմ էր, ինչպէս մեր զգայուն սիրտը: Այդ ձայնը բարձրացաւ, բարձրացաւ, հարց տուաւ թռչող կռունկինՙ թէ ուսկի՞ց կուգայ: Ինձ թուեցաւ, թէ թատրոնին պատերը անհետացան եւ ես տեսայ Սեւանի մոգական լիճը, Արարատը, Ալագեազը, համայն հայրենիքս, լեռները, դաշտերը, գիւղացիները, արօրը, ոչխարները, հովաշունչ բարտիները: Ի՜նչ կ,ըսեմ, վարդապետը ինքն ալ անյայտացաւ, իր սեւ սքեմը մեր Լոռիի կանանչ անտառներու գոյնը առաւ, աչքերը դարձան մէյմէկ աստղեր, թեւերըՙ արեգակի երկայն ճառագայթներ, որ մեր ազգային լուսաւորութիւնով լուսաւորեցին տիեզերքը ամբողջ:
Այսպիսի գեղարուեստական բանդագուշանք մը միայն հանճար մը կարող է տալ:
***
Այս համերգէն յետոյ, կրկնակ երջանկութիւն ունեցայՙ զինքը իմ տանս մէջ լսելու:
Եկաւ նկարիչ Թերլէմէզեանի եւ երիտասարդ բանաստեղծի մը հետ: Իսկոյն յառաջացաւ դէպի ինձ, ձեռքս երկու ձեռքերու մէջ առաւ ջերմօրէն, պարզ եւ մտերիմ, ինչպէս ճշմարիտ արտիսթ մը, եւ խնդրեց, որ նուագեմ:
Բայց ես վեհերոտ, այդ երաժիշտ տիտանի առջեւ դողալ սկսայ:
Ասկից չեմ մեկնիր, ըսաւ, մինչեւ որ ինծի չնուագէք Պախ, Պէթովէն, Շուման:
- Յետո՞յ, ըսի:
- Յետոյ ինչ որ կ,ուզէք:
Կը նմանէի ուռկանին մէջ բռնուած ձուկին: Սակայն, մեծ երաժիշտի ներկայութիւնը ինձ խոր վստահութիւն տուաւ:
Մօտեցայ դաշնամուրին եւ ժամ մը նուագեցի: Երբ լմնցուցի, երկու պողպատէ բազուկներ զիս շրջապատեցին, եւ ճակտիս վրայ համբոյր մը ընդունեցի:
Կոմիտաս ինձ ամէն բան ըսաւ այդ համբոյրով: Ապա մեղմիկ ձայնով խօսեցաւ երկար իր «Անուշ» օփերայի մասին: Ապա երգեց ինձ «Հայր մեր»-ը եւ «Ողջոյն մը»...
Մեկնած ժամանակը ըսաւ.
Օրիորդ, մի քանի շաբաթից կը մեկնիմ Պերլին: Երթանք միասին: Ափսոս է, որ հոս մնաք: Հո՛ն համերգներ կը պատրաստենք [1]:
***
Տարիներու շարքին պէս-պէս յեղաշրջումները զիս, փոխանակ Պերլին տանելու, տարին Երեւան, ուր ես իմ աչքերովս տեսայ Սեւանը, Արարատը: Եւ այն ատեն ամբողջովին զգացի մոգական ձգողութիւնը Կոմիտասի արուեստին:
Այս ուղեւորութեանս ժամանակ բախտն ունեցայ ճանչնալու ուրիշ հայ արժէքաւոր երաժիշտներ, մանաւանդ Ռոմանոս Մելիքեանը, որուն եւ միւս պաշտօնակիցներուս հետ աշխատեցանք վերակազմել հայ երաժշտական սթիւտիօն:
Ռոմանոսը յուզիչ եւ զգայուն մարդ էր: Պէտք էր գիտնալ գտնել իր կարծր պատեանին տակ ծածկուած իր փափուկ երաժշտի հոգին: Ան սքանչելի եւ յամառ կազմակերպող էր եւ մեծ ոգեւորող մը, սթուտիոյին բուն ջիղը:
Ճանչցայ նաեւ Սպիրիտոն Մելիքեանը, որ ինձ նուիրեց իր 300-ի չափ դաշտային երգերու հաւաքածոն: Իր համեստ խօսակցութեան մէջ գիտցայ, որ խոր երաժշտագէտի մը առջեւ կը գտնուիմ եւ զիս շատ-շատ բախտաւոր զգացի:
Մահը եկաւ այս տարի եւ մանգաղեց այս երեք տաղանդներն ալ [2]:
Հրապարակումը ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆԻ
1. Այս մասին հիշել է նաեւ Փանոս Թերլեմեզյանը, 1921-ին Պոլսում Թագուհի Շահնազարյանի տված համերգից հետո, մոտենալով նրան. «Այսօր ես հիշեցի, թե ինչպես տասը տարի առաջ, երբ դուք նորից նվագում էիք, մենք Ձեզ լսում էինք Կոմիտաս վարդապետի հետ: Այն ժամանակ Կոմիտասը գրկեց ձեզ, համբուրեց - ուզում էր ձեզ տանել Բեռլինՙ Բուզոնիի մոտ սովորելու» (տես Ցիցիլիա Բրուտյան, Սփյուռքի հայ երաժիշտները, Եր-ան, 1968, էջ 218)։
2. Իրականում Սպիրիդոն Մելիքյանը մահացել է 1933-ին։