Էդգար Շահինը նամակներում, հոդված-հրապարակումներում
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ
«Սարգիս Խաչենց. Փրինթինֆո» հրատարակչությանՙ վերջին մեկ տարվա ընթացքում լույս տեսած գրքերի շարքում (Պլատոն «Երկեր» չորս հատորով, հատ. 2-րդ, Էլի Ֆոր «Արվեստի պատմություն, Վերածնվող արվեստ», հ. 3-րդ, Հրանտ Նազարեանց «Աստեղահեւ մենութիւն», Ռընե Ուելլեք, Օսթին Ուորրեն «Գրականության տեսություն», Աբրահամ Ալիքեան «Հեզ իրիկուն» եւ այլն) ուշագրավ է ֆրանսահայ փորագրանկարիչ Էդգար Շահինին նվիրված «Նամակներ. Ժամանակակիցները Էդգար Շահինի մասին» հրատարակությունը, որը նաեւ համընկավ նկարչի 135-ամյա հոբելյանին եւ հրաշալի նվեր է: Գրքի տպագրությունն իրականացել է նկարչի որդու եւ նրա տիկնոջՙ Պիեռ եւ Աննա Շահինների, Հայաստանի, Վրաստանի եւ Արեւելյան Եվրոպայի Հայոց կաթոլիկ համայնքի առաջնորդ գերշ. Նշան Կարաքեհեյանի եւ, մասնավորապես հրատարակչության արվեստաբան Շահեն Խաչատրյանի մեկենասությամբ: Ինչպես հրատարակչության «Արվեստի մատենաշար» գրքերից շատերը, այս մեկն էլ առանց նրա գործուն աջակցության, լույս չէր տեսնի:
Գիրքը բաղկացած է երկու բաժնիցՙ «Նամակներ», որ ընդգրկում է 1889-1945 թթ.. ընթացքում Էդգար Շահինի եւ Արշակ Չոպանյանի միջեւ ավելի քան կեսդարյա տեւողությամբ նամականին, թվով 163 նամակ: Հիշյալ բաժինը լրացվում է «Նամակներ այլ անձանց» եւ «Ստացված նամակներ» խորագրերով. դրանք Շահինի եւ մշակութային աշխարհի նշանավոր գործիչների, արվեստագետների միջեւ կայացած նամակներն են (Ռուբեն Դրամբյան, Եղիշե Թադեւոսյան, Սարգիս Խաչատուրյան, Ռաֆայել Շիշմանյան, Հովսեփ Փուշման եւ այլք):
Երկրորդՙ «Ժամանակակիցները Էդգար Շահինի մասին» բաժնում զետեղված են հայ եւ օտար արվեստաբաններիՙ ժամանակին հիմնականում սփյուռքահայ մամուլում տարբեր լեզուներով լույս տեսած Էդգար Շահինի արվեստի գնահատության հոդվածներ:
Ժողովածուի արժեքավոր կողմը ժամանակաշրջանի ճանաչողությանը նպաստող ընդարձակ ծանոթագրություններն են (281-362 էջեր) եւ անվանացանկը: Գրքում զետեղված են ինչպես Էդգար Շահինի անձնական լուսանկարներից, նաեւ նկարների իլյուստրացիաներ: Ժողովածուի կազմողը, ծանոթագրությունների եւ առաջաբանի հեղինակը ԳԱԹ աշխատակից Մելանյա Եղիազարյանն է, խմբագիրըՙ Հենրիկ Բախչինյանը :
Գրքի երկու բաժինները փոխլրացնում են միմյանցՙ ամբողջացնելով Էդգար Շահինի մարդու եւ նկարչի կերպարը: Լինելով գրավոր խոսքի, թերեւս, ամենաանմիջական, պարզ ու մտերմիկ ձեւըՙ նամակն առհասարակ բացահայտում է որեւէ անհատի մարդկային գրեթե բոլորՙ ամենաինտիմ-զգացմունքայինից մինչեւ ինտելեկտուալ շերտերը: Եվ հատկապես ստեղծագործող անհատի պարագայում նամակները հրաշալի հնարավորություն են տալիս առավել ճշմարիտ ու խորը ճանաչելու նրան եւ զգալու այդ արվեստը: Նամակը կյանքը թերթում էՙ ամենանուրբ, ամենաթաքուն էջերը բացահայտելով, «գաղտնազերծելով» հոգու ծալքերը:
Արշակ Չոպանյանին Փարիզում հանդիպելուց հետո սկսում է այն մեծ բարեկամությունը, որ Շահինի կյանքում այնպիսի անհրաժեշտություն եղավ, որը ստեղծագործ հոգիների համար գրեթե համարժեքվում է կյանքին: Ահավասիկ, ընթերցում ես այս նամակները եւ երկու երեւելի հայորդիների հոգեկցության, մտերմության, անկեղծ նվիրումի հիացմունքն ես ապրում: Նրանց բարեկամությունն արտահայտվել է ոչ միայն մտավորապես, գաղափարապես միմյանց հասկանալով ու գնահատելով (երկուսն էլ Ռամկավար ազատական կուսակցության անդամներ էին), նաեւ կյանքային դժվար պահերին մարդկայնորեն իրար սատարելով:
Մի ողջ կյանքՙ 50 տարի եւ այդ ընթացքում կատարվածը նամակների միջովՙ մարդկային հոգու, մտքի շարժ, ապրումների, զգացմունքների, վերաբերմունքների, ընկալումների, աշխարհաճանաչողության մի լայն համապատկեր, որ բացի անձնական, ներքին իրականության ճանաչողությունից, պատկերացում է տալիս նաեւ տվյալ ժամանակաշրջանի եվրոպական միջավայրի մասինՙ մասնավորապես իտալական ու ֆրանսիական: Ծնված Եվրոպայի կենտրոնումՙ Վիեննայում, Շահինը մի կարճ ժամանակահատված ընտանիքով բնակվում է Պոլիսում, ապա դեռ 17-ը չլրացած դարձյալ վերադառնում Եվրոպա: Իտալիայում նա կրթություն է ստանում Մխիթարյան Մուրադ-Ռափայելյան վարժարանում, ապա ուսանում իտալացի վարպետ Վենեցիանո Պաոլետտիի մոտ, որից հետո մեկնում է Փարիզ, ուր պիտի ձեւավորվեր նրաՙ որպես արվեստագետի աշխարհահայացքն ու նախասիրությունները, քաղաք, որ պիտի բացվեր նրա առաջ իր գաղտնիքների փայլով ու թշվառությամբ, ուր նա իր մկրտությունը, նաեւ հռչակը պիտի ստանար իբրեւ հրաշալի փորագրանկարիչ, գրաֆիստ:
Արշակ Չոպանյանին ուղղված Շահինի նամակների աշխարհագրությունը բազմազան էՙ Հռոմ, Վենետիկ, Փարիզ, Լոնդոն, Շվեյցարիա, Բելգիա, Հոլանդիա, Ռումինիա: Նամակների այս ներկապնակըՙ բազմագույն ու բազմաելեւէջ, ներկայացնում է զգայուն ու նուրբ, մարդկային փխրուն մի հոգի, զուսպ անձնավորություն, մեծ քաղաքներից ավելի բնության լռությամբ ամփոփուն վայրերի նախընտրությամբ, քնքուշ վերաբերմունքով իր մերձավորների, սիրած կնոջ, մոր նկատմամբ:
Կյանքի այս մեծ համանվագում նկարչի ուրախություններն ուղեկցվում են հուսահատություններով ու դժվարություններով, տխրություններով, ճամփորդական տպավորություններով: Հետաքրքրական են նրա վերաբերմունքները գեղարվեստի, գրական այս կամ այն ստեղծագործության, հեղինակների հանդեպ, կարճ, թեեւ զգացական, բայց բնորոշ ու ինքնատիպ: Նամակներում Չոպանյանին նա մշտապես գոհունակություն է հայտնում իր մասին գրած հոդվածների առիթով: Դրանցից մեկում գրում է. «Անահիտը» ընդունեցայ - շնորհակալ եմ հազար անգամ իմ վրայ գրած տողերուդ համար:
Ինչպէ՜ս անցան 30 տարիները...
Ինչպէս անցան, ընելիք արտադրութեան մէկ տասներորդը չեմ ըրած եւ արդէն մօտեցաւ ծերութիւնը», իսկ մեկ այլ նամակումՙ «Կ՚ արժէ՞ այսչափ տանջուիլ այս պօշ աշխարհիս մէջ»:
Հետաքրքրական էջեր է բացում նաեւ Շահինի եւ իր ժամանակի նշանավոր այլ անձանց միջեւ նամակագրությունը, մասնավորապես արժեքավոր տեղեկություններով է հարուստ Հայաստանի պետական պատկերասրահի հիմնադիրներից Ռուբեն Դրամբյանի հետ նամակակցությունը, որ նկարչիՙ Երեւանում բացվելիք ցուցահանդեսի կազմակերպչական աշխատանքների մասին արվեստի մակարդակի հասնող հարաբերություններ է ներկայացնում. այնքան հարգալից, բարեկիրթ, ամեն տողի տակ գնահատանք ու ակնածանքՙ ազնվագույն վերաբերմուք նրա վարպետությանն ու համաբավին: Ռ. Դրամբյանի նամակներում այնպիսի ուշադրություն, խնամք ու հոգածություն կա, այնպիսի բարձր կուլտուրա, երբ նկարչից խնդրում է Երեւանում, Թիֆլիսում, նաեւ Լենինգրադում կազմակերպվելիք ցուցահանդեսի համաձայնությունը, նաեւ կենսագրական տեղեկություններ, աշխատանքների թվային եւ անվանումային, գնային ճշգրտումներ, կատալոգի համար անհրաժեշտ լուսանկարներ եւ այլն, եւ ինչ մանրամասնությամբ է նաեւ տեղեկացնում ամեն կատարվածի մասին:
«Ժամանակակիցները Էդգար Շահինի մասին»
Այս բաժնի երկու տասնյակից ավելի հոդվածներ պատկանում են ժամանակի հայ եւ օտար քննադատների, արվեստի տեսաբանների գրչին: Ուշագրավ վերլուծումներ, նկատառում-նկարագրություններ, մոտեցումներ, որոնք վկայություն են հայ նկարչի ստեղծագործության հանդեպ եվրոպական արվեստաբանական մտքի ուշադրության եւ գնահատության: Էդգար Շահինը նրանց տեսադաշտում (Բլեման Ժանեն, Գաբրիել Մուրե, Վիտտորիո Պիկա, Կլոդ Ռոժե Մարքս, Գյուստավ Կան, Ֆրեդերիկ Մակլեր, Հանրի Մարկրի, Արշակ Չոպանյան, Ռուբեն Դրամբյան, Լեւոն Դավիթ եւ այլք) հայտնվում է ամենատարբեր ասպեկտներով, քննվում բազմակողմանիորեն, հաճախակի անդրադարձներ կան նկարչի ստեղծագործական կայացման երկու հանգրվաններիՙ վենետիկյան եւ փարիզյան շրջանին ու ներազդեցություններին: Իտալացի արվեստաբան Վիտտորիո Պիկան գրում է. «... Արդյո՞ք նա այն աշակերտներից էր, որոնց գեղանկարչական ունակությունները ուշ են ի հայտ գալիս, թե՞ ուսուցչի մեղքն էր, որ չէր կարողացել հասկանալ կամ գոնե կանխազգալ նրա տաղանդը: Իհարկե, երբ 1895 թ. Շահինը լքեց Վենետիկը եւ հեռացավ Փարիզ, Պաոլետտին կտրուկ եւ կոպիտ կերպով եզրակացրեց, որ նա երբեք ընդունակ չի լինի նկարչին վայել որեւէ գործ ստեղծել:
... Փարիզում գրեթե մեկ տարի նա հաճախեց Ժուլիեն արվեստանոցը, ինչը նրան իրավունք էր տալիս իր անունն ավելացնել «Շանզ Էլիզե Սալոնի» կատալոգներում եւ սկսեց յուրաքանչյուր տարի ցուցադրվել որպես Ժան Պոլ Լորանի եւ Բենժամեն Կոնստանի աշակերտ:
... Եթե Վենեցիանո Պաոլետտիի ազդեցությունը մասնակիորեն եւ մասնագիտորեն ձեւական բնույթ ուներ, ապա ֆրանսիացի երկու նկարիչներն իրականում ոչ մի ազդեցություն չունեցան Շահինի վրա, ինչի մասին նա արդարացիորեն հաստատում է իր իսկ մասին խոսելիս. «Փողոցն է իմ ուսուցիչը»:
Փողոցըՙ Էդգար Շահինի այդ մեծ ուսուցիչը հենց կյանքն ինքն էՙ իր ամենատարբեր կողմերով, տեսանելի ու անտեսանելի շերտերով, մերթ այլանդակ ու ստոր, մերթ բարձր ու մաքուր, մերթ կեղծ, պճնված: Նրա կերպարներըՙ (թափառականներ, փողոցի թշվառներ, անառակ կանայք, բարձրաշխարհիկ տիկիններ, արտիստներ ու աճպարարներ) կյանքի դպրոցի քուրայով անցած, նույնքան իրական ու համոզիչ են, որովհետեւ ծնունդ են արվեստագետ-հոգեբանի դիտողունակ ու անվրեպ տեսողության ու վարպետության: Էդգար Շահինի արվեստին նույնքան բնորոշ է «Կյանքը ինչպես որ է» խորագիրը, ուր կյանքը մերթ դառը, մերթ անուշ է, ուր հոգին մերթ լալիս, մերթ խնդում է... «...Հնարավոր է, որ մի օր այլ աչքեր գամվեն Շահինի պճնագեղ կերպարներինՙ անհետացած, յուրօրինակ, նյարդային, անցողիկ գեղեցկության կրողներին, ոչ թե գծի գեղեցկության, այլ էքսպրեսիայի հավատարիմ վերարտադրողներին, որոնց ֆրանսիացիները կոչում են «chiffonniռes» եւ որոնք մեր օրերի փարիզուհիներն են: Եվ վերջապես այս կերպարներում եւ ընդհանրապես դիմանկարներում է լիովին բացահայտվում Էդգար Շահինի եզակի տաղանդը. հռչակավոր դերասանուհի Լուիզ Ֆրանսի դիմանկարը էքսպրեսիայի եւ լարվածության իսկական հրաշք է, եւ հատկապես ու միշտ Փարիզի ստորին խավի գունագեղ կյանքի հմայքում է, ըստ իս, մեծ մասամբ դրսեւորվում այս արվեստագետի այդքան հազվադեպ շնորհը:
Եվ իսկապես փարիզյան ժողովրդական կյանքն է զբաղեցնում Շահինի հզոր միտքը» , գրում է իտալացի արվեստաբան Պիեռ Լյուդովիկո Օկկինին:
Նկար 2. Արշակ Չոպանյանի դիմանկարը
Նկար 3. Լուիզ Ֆրանս, 1902 թ.