Երբ լինում են ժողովրդական եւ ֆուտբոլային դիվանագիտություններ, ապա լինում է նաեւ թանգարանային դիվանագիտություն: Ինչպիսի՞ն է այդ «արվեստը» եւ ինչպե՞ս է դրսեւորվում: Վերոնշյալ խորագրի ներքո Ուիլյամ լի Ադամսը գրում է լոնդոնյան «Թայմ» ամսագրում: Ստորեւ թարգմանաբար քաղվածքներ այդ հոդվածից, որն արտատպել է «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթը:
Երբ արեւմտյան դիվանագետները զիջումներ են փորձում կորզել Իրանից, նրանք կոշտ հռետորական ելույթներ են ունենում եւ սպառնում են սահմանափակումներ կիրառել: Բրիտանական թանգարանի տնօրենըՙ Նիլ Մակգրեգորն ավելի նուրբ քաղաքականություն է վարում. նա ցուցադրում է մշակութային արժեք ներկայացնող անգնահատելի իրանական իրեր:
Հունվարին Թեհրան մեկնելովՙ նա պայմանագիր ստորագրեց ցուցանմուշներ փոխ առնելու վերաբերյալՙ Իրանի ութ լավագույն թանգարաններից, խոստանալով փոխարենը Իրանի ազգային թանգարանին փոխ տալ Աքիմենյանների դինաստիայի հիմնադիր Կյուրոս II մեծ կայսրի 2500 տարվա հնություն ունեցող գլանաձեւ իրը, որի վրա կայսրի հրամանագրերն են փորագրված: Նաեւ խոստանալով ավելի լայն, միջազգային հնչեղություն տալ Գազայի շրջանում Իսրայելի զինվորական գործողությունների հետեւանքով առաջացած ճարտարապետական հուշարձանների ավերածություններին:
Այդ վեհ գործարքն իր դրական արդյունքը տվեց: Պարսկական թանկարժեք գորգերը, ճենապակյա նուրբ սպասքեղենն ու նկարազարդ ձեռագրերը ճանապարհ ընկան դեպի Լոնդոն, որտեղ փետրվարին բացվեց եւ մինչեւ հունիսի 14-ը շարունակում էր գործել «Շահ Աբբաս: Իրանի վերաշինումը» խորագրով ցուցահանդեսը (տե՛ս «Ազգ»-ի փետրվարի 11-ի լրատվությունը): Դրանով բրիտանական թանգարանի տնօրենը փորձեց մեղմել կամ ընդհանրապես վերացնել Իրանի հանդեպ Արեւմուտքի երկրների տածած թշնամական վերաբերմունքը: Երբ քաղաքական ընդունված ուղիները փակուղի են առաջնորդում, մշակութային դիվանագիտությունը երկխոսություն սկսելու լավագույն միջոցն է, մտածում էր Մակգրեգորը, ով 2002-ին ստանձնելով իր պատասխանատու պաշտոնըՙ ամեն ջանք գործադրում է զարկ տալու միջթանգարանային կապերն ընդլայնելու գործին: «Շահ Աբբասից» առաջ, անցյալի կայսրություններին ու իշխանություններին նվիրված իր նախաձեռնած շարքում, նա արդեն իսկ ներկայացրել էր Չինաստանի առաջին կայսեր եւ Հռոմի կայսր Պուբլիոս Անդրիանոսի ժամանակաշրջաններին նվիրված ցուցահանդեսներ, որոնք փայլուն հաջողություն էին արձանագրել: Նա այժմ մտածում է Հյուսիսային Կորեայի եւ Սուդանի հետ համագործակցելու մասին: «Ինչքան բարդանում են քաղաքական հարաբերությունները, այնքան ավելի կարեւոր ու հրատապ են դառնում այդ երկրների պատմությունն ու մշակույթը հասկանալու գործընթացները», նշում է նա: Ներկա ցուցահանդեսում ի մի են բերված առաջին անգամ այնպիսի ցուցանմուշներ, որոնք երբեք դուրս չեն եկել Իրանից: Ներկայացված են Շահ Աբբասի (ով կառավարել է Պարսկաստանը 1587-1629 թվերին) ձեռքբերումներըՙ արվեստների եւ մշակույթի բնագավառներում արձանագրված ոսկեդարը եւ տնտեսական բնագավառում դեպի Եվրոպա բացված հնարավորությունները: Եվ այդ բոլորը աննախադեպ խիզախություն պահանջող պայմաններում, քանի որ փետրվարի 3-ին (իրանական արբանյակի արձակումից մեկ օր հետո) Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունը, դատապարտելով Իրանի քայլը, հայտարարել էր, որ այդ երկրի «նպատակները լուրջ մտահոգություն են առաջացնում»: Երկու օր անց, «Բրիտիշ Քաունսըլը» ( Բրիտանական խորհուրդը) դադարեցրել էր իր գործունեությունը Թեհրանում: Բայց թանգարանի աշխատողները անհողդողդ էին մնացել իրենց մտադրության մեջ: «Թանգարանային հետաքրքրությունների ոլորտը քաղաքական լարվածություններից այն կողմ է անցնում: Արվեստների, գաղափարների փոխանակումները չափազանց ուսուցողական են եւ բարենպաստ ազդեցություն են թողնում», ասում է կուրատոր Շեյլա Կենբին:
Սրան նպաստող հանգամանքներ, անշուշտ, կային: Դրանցից մեկն այն էր, որ թանգարանները անկախ են Մեծ Բրիտանիայում եւ կարող են իրենց մշակութային կապերն առաջ տանել որեւէ երկրի հետ առանց կառավարության միջամտության: Իրանի պարագայում նույնը չէ: Այնտեղ ամեն մի փոխանակում ամենաբարձր մակարդակի թույլտվության կարիք ունի: Սա էլ առավել նշանակալի է դարձնում «Շահ Աբբասի» կազմակերպումը:
«Իրանցիներն զգում են, որ իրենց չեն հասկանում, իրենց մասին սխալ գաղափար ունեն Արեւմուտքում», բացատրում է «Էքսետետ» համալսարանում (Անգլիա) պարսկական եւ իրանական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրենՙ Մայքլ Աքսուորթին:
Եվ, իրոք, ցուցահանդեսում ներկայացված Իրանը բոլորովին նման չէ այն հրեշային, հակաամերիկյան, Հոլոքոսթը ժխտող իսլամական երկրին, որն Արեւմուտքը վերջին շրջանում փորձում է ամրագրել մարդկանց ուղեղներում: Շահ Աբբասի օրոք Իրանը դիվանագիտության եւ առեւտրի կենտրոն էր, բաց այլազգիների առաջ: «Իր ժամանակակցիՙ Էլիզաբեթ Ա-ի նման, Շահ Աբբասն էլ էր պատերազմ մղումՙ պաշտպանելու իր երկրի տարածքային ամբողջականությունը, բայց ի հակադրություն Անգլիայի, Իրանն այդ ժամանակ հանդուրժողական վերաբերմունք ուներ այլ դավանանքի տեր մարդկանց հանդեպ եւ դրա վառ ապացույցը հայ քրիստոնյաների ձեռքով պատրաստված հրաշալի ավետարաններն են, որոնք ցուցադրված են ներկայումս: Այդ մարդիկ Իրանում էին հաստատվել 1603-ից սկսած», մեկնաբանում է Մակգրեգորը:
Իհարկե, Շահ Աբբասի ժառանգության ամենանշանակալի «կոթողներից» կարելի է համարել մայրաքաղաք Սպահանը եւ նրա ճարտարապետությունը: «Նրա ներշնչանքի աղբյուրը մրցակցության ոգին էր, բացատրում է Աքսուորթին, նա ցանկանում էր ստեղծել «հոյակապության» մի տպավորություն, որը կարող էր մրցել Ստամբուլի շքեղության հետ»:
Մշակույթի ազդեցությամբ տպավորություն գործելը այսօր էլ մնում է այժմեական: «Թանգարաններ այցելելն ու մշակութային ցուցանմուշների փոխանակումները կարող են նպաստել փոխըմբռնմանը», ասում է Հարվարդի Քենեդիի անվան կառավարման ֆակուլտետի քաղաքագիտության դասախոս Ջոզեֆ Նայը: Անցյալ տարի Պեկինի օլիմպիադայից առաջ, երբ Չինաստանի հասցեին քննադատական ելույթներ էին հնչում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ, բրիտանական թանգարանը երկու ցուցահանդեսներ կազմակերպեց Շանհայում եւ Հոնգոնկում, ուղարկելով 110 խիստ արժեքավոր ցուցանմուշներ, ներառյալ մ. թ. 2-րդ դարից պահպանված «Սկավառակ նետողի» մարմարե արձանը, որը ոչ մի անգամ երկրից դուրս չէր եկել: Իսկ Պեկինը Տայվանում առաջին անգամ 60 տարվա ընթացքում առաջիկա հոկտեմբերին ցուցադրելու է իր «Պալաս» թանգարանից կայսերական աննման իրեր, որպես նշան հաշտվողական մտադրությունների:
Իհարկե, թանգարանային դիվանագիտությունն էլ ունի իր ազդեցության սահմանափակումները: Եվ հաշտվողական մտադրությունները միշտ չէ, որ իրականություն են դառնում: Սակայն այն, որ այդ համագործակցությունը գեղեցիկն արժեւորելուն եւ պահպանելուն է նպաստում, ամեն տեսակի կասկածից վեր է: 2003-ին, երբ ամերիկյան զորքերն Իրաք մուտք գործեցին, կողոպտիչները երկրի ազգային թանգարանից թալանեցին 8 հազար արժեքավոր իրեր, որոնք տարածաշրջանի անցյալիՙ Միջագետքի պատմության հազվագյուտ վկայություններ էին: Թանգարանի նախկին, այդ ժամանակվա տնօրեն Դոնի Ջորջն անմիջապես հեռախոսազրույց ունենալով Լոնդոնում մի գործընկեր-կուրատորի հետ, բացատրեց նրան կացությունը: Վերջինս իրադրության մասին տեղեկացրեց Մակգրեգորին, որն էլ իր հերթին զանգահարեց վարչապետ Թոնի Բլերի մշակութային գծով քարտուղարուհուն: Ընդամենը մի քանի ժամ անց Մ. Նահանգների տանկերը շարժվում էին դեպի թանգարանի տարածքըՙ պաշտպանելու այն ամեն տեսակի կողոպտիչներից:
«Մի աշխարհում, որտեղ քաղաքական հարաբերությունները փխրուն են, ինչպես մի հին ծաղկաման, համագործակցության նման մեթոդները ուսանելի պետք է լինեն երկրների ղեկավարներին», եզրակացնում է հոդվածագիր Ուիլյամ Լի Ադամսը:
Թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆ