Ռայներ Մարիա Ռիլկենՙ Մարինա Ցվետաեւային
Վալ-Մոն, Գլիոն սյուր Տերրիտե (Վո), Շվեյցարիա (ժամանակավոր հասցե), 3 մայիսի 1926
Թանկագի՛ն բանաստեղծուհի,
հենց նոր ստացա Բորիս Պաստեռնակիՙ ինձ անսահման ցնցած նամակըՙ լի չափազանց ուրախությամբ եւ ամենաբուռն զգացմունքներով: Նամակից առաջացած հուզմունքն ու երախտագիտությունը, որ ալեկոծեցին ինձ, այն ամենն են, որ սկզբում ինձնից (այդպես հասկացա նրա տողերից) պետք է գան Ձեզ, իսկ հետո Ձեր միջնորդությամբ հասնեն ավելի հեռուՙ նրա՜ն: Երկու գիրք (հրատարակվածներից վերջինները), որ կուղարկվեն այս նամակներից անմիջապես հետո, նախատեսված են Ձեզ համար, Ձեր սեփականությունն են : Դրանցից հետո, եթե միայն ինձ մոտ օրինակներ մնացած լինեն, կհետեւեն եւս երկուսը. այն անհրաժեշտ կլինի ուղարկել Բորիս Պաստեռնակին . հուսով եմՙ գրաքննությունը դրանք չի արգելի: Ես այնպես ցնցված եմ ինձ ուղղված նրա խոսքերի ուժից եւ խորությունից, որ այսօր այլեւս ոչինչ ասել չեմ կարող. կից նամակն էլ ուղարկեք Մոսկվաՙ Ձեր ընկերոջը: Որպես ողջույն: Ի՞նչ պատմեմ Ձեզ: Դուք գիտեք, որ 26 տարուց ավելի (այն ժամանակվանից, երբ եղել եմ Մոսկվայում) Բորիսի հորըՙ Լեոնիդ Օսիպովիչ Պաստեռնակին, համարում եմ իմ հավատարիմ բարեկամներից: Այս ձմռանը (հենց ամենասկզբին)ՙ շատ երկար ընդմիջումից հետո, նրանից նամակ ստացա Բեռլինից եւ պատասխանեցի խորապես ուրախացած, որ մենք վերստին գտել ենք իրար: Բայց մինչեւ Լեոնիդ Օսիպովիչից լուր ստանալը ես գիտեի, որ իր որդին ականավոր եւ ուժեղ բանաստեղծ է. անցյալ տարի, երբ Փարիզում էի, բարեկամներս ինձ ցույց էին տվել նրա մի քանի գործերը, որոնք կարդացել էի հուզմունքով, ու սիրտս շարժվել էր (չէ՞ որ ես դեռեւս կարդում եմ ռուսերեն, թեեւ ոչ առանց լարվածության ու դժվարության, բայց նամակները, այնուամենայնիվ, հե՜շտ են): Անցյալ տարիՙ համարյա ութ ամիս, Փարիզում եղածս ժամանակ ես վերականգնեցի ծանոթությունս իմ ռուս բարեկամների հետ, որոնց չէի տեսել քսանհինգ տարի: Սակայն ինչո՞ւՙ հարցնում եմ ինքս ինձ, ինչո՞ւ ինձ չվիճակվեց հանդիպել Ձեզՙ Մարինա Իվանովնա Ցվետաեւա: Հիմաՙ Բորիս Պաստեռնակի նամակից հետո, ես հավատում եմ, որ այդ հանդիպումը երկուսիս խորապես նվիրական ուրախություն կպարգեւեր: Մեզ կհաջողվի՞ արդյոք երբեւէ այն ուղղել:
Ռայներ Մարիա Ռիլկե
Հ.Գ. Ֆրանսերենն ինձ նույնքան հարազատ է, որքան եւ գերմաներենը. սա հիշեցնում եմ նրա համար, որ եթե ֆրանսերենը Ձեր մայրենի լեզվից Ձեզ ավելի հարմար է, գրեք այդ լեզվով:
Ռայներ Մարիա Ռիլկենՙ Բորիս Պաստեռնակին
Վալ-Մոն, Գլիոն (Վո)
Իմ թանկագի՛ն Բորիս Պաստեռնակ,
Ձեր ցանկությունը կատարվեց նույն պահին, երբ Ձեր նամակի անմիջականությունը դիպավ ինձ, ինչպես թեւերի թափահարումը: «Էլեգիաները» եւ «Սոնետներ Օրփեոսին» ժողովածուները արդեն բանաստեղծուհու ձեռքո՜ւմ են: Այդ նույն գրքերից ուրիշ օրինակներ կուղարկվեն Ձեզ. Դուք ինձ հնարավորություն տվեցիք տեսնել ու զգալ այն, ինչն այնպես սքանչելիորեն բազմապատկել եք ինքներդ Ձեր մեջ: Դուք կարողացել եք ինձ շատ մեծ տեղ տալ Ձեր հոգում. դա պատիվ է բերում Ձեր շռայլ սրտին: Թող ամեն տեսակ օրհնություն իջնի Ձեզ վրա:
Գրկում եմ Ձեզ:
Ձեր Ռայներ Մարիա Ռիլկե:
«Իր ողջ կյանքում Պաստեռնակը սրբորեն պահեց այդ երկու կապույտ թերթիկները: Մեկնելով կարճատեւ ուղեւորություններիՙ նա միշտ դրանք վերցնում էր իր հետ: 1960թ. ամռանըՙ բանաստեղծի մահից հետո, նրա հարազատները դրանք հանում են ծրարից, որի վրա գրված էրՙ ամենաթանկը (ծրարը կաշվե դրամապանակի մեջ էրՙ պիջակի գրպանում): Առաջինն իրեն ուղղված Ռիլկեի նամակն էր, երկրորդը գերմաներեն էր, եզրերը տրորվելուց ծակծկված, Ռիլկեի նամակից Ցվետաեւայի արտագրած խոսքերն էին իր մասին. «Ես այնպես ցնցված եմ ինձ ուղղված նրա խոսքերի ուժից եւ խորությունից, որ այսօր այլեւս ոչինչ չեմ կարող ասել. կից նամակն ուղարկեք Մոսկվաՙ Ձեր ընկերոջը: Որպես ողջույն»:
Մարինա Ցվետաեւանՙ Ռայներ Մարիա Ռիլկեին
Սեն Ժիլ-սյուր-ՎԻ
Քրիստոսի Համբարձումը, 13 մայիսի 1926
«... նրա մոտ
չես կարող պարծենալ զգացմունքի հուզիչ անկեղծությամբ...»: [1]
Այդ պատճառովՙ զուտ մարդկայնորեն եւ խոնարհաբարՙ Ռիլկե-մարդ: Գրելիս կանգ առա: Սիրում եմ բանաստեղծին, ոչՙ մարդուն: (Հիմա էլ դու կարդալիս կանգ կառնես): Դա հնչում է գեղագիտորեն, այսինքնՙ անհոգի, առանց ոգեշնչման (գեղագետները նրանք են, ովքեր հոգի չունեն, ունեն միայն հինգՙ հաճախ ավելի քիչ սուր զգայարաններ): Կարո՞ղ եմ արդյոք ես ընտրել: Երբ սիրում եմ, չեմ կարող եւ չեմ ուզում ընտրել (գռեհիկ ու սահմանափա՜կ իրավունք): Դու արդեն կատարելություն ես: Մինչեւ չսիրեմ (չիմանամ) քեզ, չեմ համարձակվի ընտրել, քանի որ քեզ հետ ոչ մի հարաբերություն չունեմ (չգիտե՜մ քո տեսակը):
Ո՛չ, Ռա՛յներ, ես մարդկանց հավաքածու չեմ կազմում եւ մարդ-Ռիլկեին, որ արդեն ավելին է, քան բանաստեղծը (ինչպես էլ շրջես, արդյունքը նույնն էՙ ավելի՜ն), որովհետեւ նա կրում է բանաստեղծին (ասպետ եւ ձիՙ ՀԵԾՅԱ՜Լ ), ես սիրում եմՙ չզատելով բանաստեղծից:
Գրելով Ռիլկե-մարդՙ նկատի եմ ունեցել նրան, ով ապրում, իր գրքերն է հրատարակում, ում սիրում են, ով արդեն պատկանում է շատերին եւ հավանաբար, հոգնել է շատերի սիրուց: Ես նկատի եմ ունեցել միայն մարդկային բազո՜ւմ կապերը: Գրելով Ռիլկե-մարդՙ նկատի եմ ունեցել այն , որ նրա մեջ տեղ չկա ինձ համար: Այդ իսկ պատճառով ողջ խոսքը մարդու եւ բանաստեղծի մասին զուտ հրաժարում է, մերժում, որպեսզի դու չմտածես, թե ես ուզում եմ ներխուժել քո կյանք, քո ժամանակ, քո օր (օրՙ լի աշխատանքով եւ շփումներով), որ մեկընդմիշտ գրանցված եւ բաշխված է: Հրաժարում, որպեսզի հետո ցավալի չլինի. առաջին անունը, առաջին թիվը, որոնց բախվում ես, եւ որոնք քեզ հետ են մղում: (Զգուշացի՛ր. մերժո՜ւմ է):
Սիրելի՛ս, ես շատ հնազանդ եմ, եթե ինձ ասես. «Մի՛ գրիր, դա ինձ հուզում է, ինքս միայն ինձ եմ պետք», ես ամեն ինչ կհասկանամ եւ կհամբերեմ:
Գրում եմ քեզ ավազաբլուրների մեջ, ավազաբլուրների նուրբ խոտերի մեջ պառկած: Իմ որդին (մեկ տարեկան ու երեք ամսական, անունը Գեորգի էՙ ի պատիվ մեր սպիտակգվարդիական բանակի, իսկ Բորիսն իրեն սոցիալի՜ստ է համարում. մի՞թե դու նույնպես), այսպես, իմ որդին նստել է ինձ վրա, ասես ձի է հեծել (համարյա գլխի՜ս) եւ մատիտը խլում է ձեռքիցս (միանգամից տետրում եմ գրում): Նա այնքան գեղեցիկ է, որ բոլոր ծեր կանայք (ինչպիսի՜ հագուկապ, ափսո՜ս, որ այստեղ չես) միաձայն բացականչում են. «Mais c,est un petit Roi de Rome!» [2]: Բոնապարտիստական Վանդեյն է, տարօրինակ չէ՞ արդյոք: Թագավորի մասին նրանք արդեն մոռացել են, բայց «կայսր» բառը դեռեւս կարելի է լսել: Մեր տանտերերը (ձկնորսը եւ իր կինըՙ հեքիաթային մի զույգ, միասին 150 տարեկան են) դեռեւս լավ են հիշում վերջին կայսրին:
Երեխաներըՙ հոգնակի թվո՞վ: Սիրելի՛ս, չկարողացա ժպիտս թաքցնել: Երեխաներն առաձգական հասկացություն են (երկու, թե՞ յոթ): Երկու, սիրելի՛ս, տասներկուամյա աղջնակ եւ մի տարեկան տղա: Երկու փոքրիկ հսկաներՙ մանկական Վալգալլից: Հոյակապ, բացառիկ երեխաներ են: Բարձրահասա՞կ է արդյոք Արիադնան: Օ՜, նույնիսկ ինձնից է բարձր (ես փոքր չեմ) եւ կրկնակի գեր է (ես քաշ չունեմ): Ահա իմ լուսանկարը, անձնագրիցս է, այստեղ ես ավելի խարտյաշ եմ ու ջահել: Հետո կուղարկեմ լավը, որ հենց վերջերս եմ նկարվել Փարիզում: Ինձ լուսանկարել է Շումովը. նա նկարել է նաեւ քո մեծ բարեկամի աշխատանքները [3]: Շումովն ինձ շատ բան է պատմել նրա մասին: Ես չհամարձակվեցի հարցնելՙ կա՞ր արդյոք քո լուսանկարն իր մոտ: Չէի հանդգնի պատվիրել: (Դու արդեն հասկացարՙ ինչ եմ խնդրում քեզնիցՙ առանց երկչոտության. քո լուսանկարը):
«... Լազուրը եւ երկչոտությունը մանուկ օրերի...» [4]:
Ես դեռ հիշում եմ դա: Ո՞վ ես դու, Ռա՛յներ: Գերմանացի՞: Ավստրիացի՞: (Չէ՞ որ նախկինում տարբերություն չկար: Ես այնքան էլ կրթված չեմ. կիսատ-պռատ): Որտե՞ղ ես դու ծնվել: Ինչպե՞ս ես հայտնվել Պրահայում: Որտեղի՞ց է «Արքաները»: Չէ՞ որ դա հրաշք է: Դու, Ռուսաստանը, ես:
Ինչքա՜ն հարցեր կան:
Քո երկրային լինելն ինձ ավելի խորն է հուզում, քան քո մյուս ուղիները: Որովհետեւ ես գիտեմ, թե այդ ամենն ինչքան տառապալից է:
Վաղո՞ւց ես հիվանդ: Ինչպե՞ս ես ապրում Մյուզոյում: Գեղեցկությո՜ւն: Վսեմ, արժանապատիվ, լուրջ: Արդյոք ունե՞ս ընտանիք: Երեխանե՜ր: (Կարծում եմՙ ոչ): Դեռ երկա՞ր ես մնալու առողջարանում: Այդտեղ ընկերներ ունե՞ս:
Բուլվար դը Գրանսի, 3 (կարծում եմՙ ոչ հեռու Ուշիից), դու այնտեղ կգտնես ինձ: Ես կարճ մազերով եմ (ինչպես հիմա, կյանքում երբեք երկար չեն եղել) եւ նման եմ տղայի, պարանոցիսՙ վարդարան [5]:
Այսօր գիշերը կարդում էի քո «Դուինյան Էլեգիաները»: Օրվա մեջ չեմ կարողանում ոչ կարդալ, ոչ գրել. մինչ ուշ գիշեր զբաղված եմ լինում տնային գործերով. չէ՞ որ ես ընդամենը երկու ձեռք ունեմ: Ամուսինս երիտասարդ տարիներին եղել է կամավորական, շուտով կդառնա 31 տարեկան (իմ 31-ը կլրանա սեպտեմբերին), շատ վատառողջ է, եւ բացի դրանից տղամարդը չի կարող կնոջ գործ անել. դա ահավոր է (կնոջ տեսանկյունից): Հիմա նա դեռ Փարիզում է, շուտով կգա: Յունկերական դպրոցում նրան կատակով «աստղային յունկեր» էին ասում: Նա գեղեցիկ էՙ մի տեսակ տանջալից գեղեցկությամբ: Աղջիկս նրան է նման, բայց երջանիկ է, իսկ որդիսՙ ավելի շուտ ինձ, երկուսն էլ խարտյաշ են, լուսաչ. իմ գ ու յ ն ե ր ն ե ն:
Ի՞նչ ասեմ քեզ գրքիդ մասին: Գերագույն մակարդակ: Անկողինս ամպ է դարձել:
Սիրելի՛ս, ես արդեն ամեն ինչ գիտեմ, բայց չափազանց շուտ է, որ դու ինձ իմանաս: Դեռեւս քո մեջ ինչ-որ բան պետք է ընտելանա ինձ:
Մարինա
Շարունակելի
1. Ռ.Մ. Ռիլկե «Դուինյան Էլեգիաներ», 9-րդ մաս (թարգմանությունըՙ տողացի):
2. «Բայց սա Հռոմի մի փոքրիկ թագավո՜ր է»:
3. Օգյուստ Ռոդեն(1840-1917թթ), ֆրանսիացի քանդակագործ: 1905-1906թթ. Ռիլկեն ապրել է նրա տանը - եղել է նրա քարտուղարը):
4. Ռ.Մ. Ռիլկեի «Ինքնանկար 1906թ.» բանաստեղծությունից:
5. Վարդարան- երկար համրիչՙ տերողորմյա, որ գործածում են կաթոլիկներն աղոթելիս. ամեն անգամ սահմանված կարճ աղոթքն անելիս քաշում են մի հատիկը:
Թարգամանությունը ԿԱՐԻՆԵ ՄԵՍՐՈՊՅԱՆԻ