ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#6, 2009-07-18 | #7, 2009-08-01 | #8, 2009-08-29


ՄԱՐԻ-ԹԵՐԵԶԸՙ ՊԻԿԱՍՈՅԻ ՍԻՐԵԼԻ ՄԱՆԿԻԿԸ

Հատուկ ի՞նչ արեց Մարի-Թերեզ Վալտերըՙ 1927-ի փարիզյան մի ցուրտ կեսօրին «Լաֆայետ» խանութի դիմացՙ շանթահարելով ապրող ամենամեծ եւ ամենահարուստ նկարչին: Նաՙ Պաբլո Պիկասոն, կանանց մոլի երկրպագու էր, մտասեւեռված գեղեցկության եւ սեքսի վրա: Առնվազն երեք կարեւոր սիրային կապից հետո, նաեւ իր կին Օլգայի հետ, որը մշտապես նրան տանը սպասում էր խանդի եւ հիասթափության մեջ, նկարիչը հայտնվել էր կյանքի մի փուլում, երբ ընկերներին խոստովանում էր. «Ուզում եմ հանձնվել պատահականությանը»: Եվ պատահականությունը նրան բերեց դեպի խանութ, որի առջեւով անցնում էր այդ երիտասարդ աղջիկը, որն ուներ հյուսիսային դիմագծեր, կապույտ աչքեր, տպավորիչ դեմք, հրաշալի մարմին: Պիկասոն կանգնեցրեց եւ ասաց. «Օրիորդ, կուզեի ձեր դիմանկարը ստեղծել»: Այդ օրվանից Պիկասոյի եւ 17-ամյա Մարի-Թերեզի կյանքերն մեկընդմիշտ խաչվեցին: Աղջիկը դարձավ նկարչի սիրելի մանկիկը, ավելին, նրա մեծ մուսան: Մարի-Թերեզը պիտի ապրեր իր տղամարդու ստվերումՙ գայթակղված, հմայված ու նաեւ, հավանաբար, ի դեմս նրա փնտրեր սեփական հորը, որին երբեք չէր ճանաչել:

Պիկասոն Մարիի հետ շատ ակտիվ հարաբերություններ սկսեց: Այնքան ակտիվ, որ աղջիկը տեղափոխվեց մի բնակարան, որը գտնվում էր Պիկասոյի տան առջեւ: Նկարիչն այնտեղ բնակվում էր Օլգա Խոխլովայիՙ նախկին ռուս բալետի պարուհու հետ, որից ուներ Պաուլո որդուն: Սակայն շուտով Պիկասոյի կինը բացահայտեց, որ ամուսինը կապի մեջ է անչափահաս մեկի հետ, եւ որ աղջիկը երեխա է սպասում: Օլգան ամեն ինչ արեցՙ վերագրավելու ամուսնուն, սակայն ապարդյուն: Մի քանի տարի Մարին Պիկասոյի սիրելի բնորդուհին էր, որին նա պատկերել է իր մի քանի ամենագեղեցիկ դիմանկարներումՙ «Մարի-Թերեզը ծիածանի մեջ» (1939, կտավ, յուղաներկ, մասնավոր հավաքածու), «Երազը» (1932, կտավ, յուղաներկ, մասնավոր հավաքածու), «Քնած մերկը» (1932, կտավ, յուղաներկ, Պիկասոյի թանգարան, Փարիզ), «Աղջիկը հայելու դիմաց» (1932, Ժամանակակից արվեստի թանգարան, Նյու Յորք):

1935-ին ծնվեց փոքրիկ Մայան, եւ նրանք երեքով գնացին ապրելու Ժուան-լը-Պենՙ Լազուրի Ափ: Այնուհետեւ տեղափոխվեցին Նորմանդիա, որտեղ նկարիչը մի դղյակ գնեցՙ նվիրվելու քանդակագործությանը: Սակայն շուտով նրանք Փարիզ վերադարձան: Օլգան, որ դեռ չէր հաշտվել ամուսնու հետ, նրա դեմ դատ սկսեցՙ ունեցվածքը բաժանելու համար: Լիովին հասկանալով, որ եթե երկու կանայք հանդիպեն արվեստանոցում, ինքը վեճի առարկա կդառնա, Պիկասոն նրանց ասաց. «Մենամարտե՛ք ինձ համար»:

«Լաֆայետի» դիմացի հանդիպումից մոտ տասը տարի անց Պիկասոն հափշտակվեց գեղեցիկ լուսանկարչուհի Դորա Մաարով, որը Մարիի ճիշտ հակապատկերն էրՙ թուխ, փոքրամարմին եւ փարթամ: Մարի-Թերեզը սարսափելի տառապեց, բայց նկարչի կողքին մնաց ողջ կյանքում: Նա Պիկասոյի համար կրկին բնորդեց 60 տարեկանումՙ «Բարձին հենված կինը» նկարի համար (1969, կտավ, յուղաներկ, Պիկասոյի թանգարան, Փարիզ): Մերկ եւ հմայիչՙ նկարչի համար նա մարմնավորում էր գեղեցկության կատարելատիպը, որը հաղթահարել է ծերությունը:

Պիկասոն վախճանվեց այդ նկարը ստեղծելուց չորս տարի անց: Մարի-Թերեզը չկարողացավ ապրել առանց նրա: Նա ինքնասպան եղավ Ժուան-լը-Պենումՙ կախվելով տան ավտոտնակում:

ԳԱՅԱ ՋՈՐՋԵՏԻ, Իտալերենից թարգմանեց ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆԸ, «TU STYLE», օգոստոս, 2009, թ. 32:


Նկար 1. «Երազը»


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4