ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#6, 2009-07-18 | #7, 2009-08-01 | #8, 2009-08-29


ՄԱՀԱՐՈՒ ՎԵՐՋԻՆ ԿԱՐՈՒՍԵԼԸ...

ԳՐԻԳՈՐ ԱՃԵՄՅԱՆ

Գրքերն էլ ունեն իրենց ճակատագիրը...

Գ. Մահարի

Մեր գրական ոչ հեռավոր անցյալը չէր փայլում լավ բարքերով, բայց այն, ինչ ներկայացվում է ընթերցողին, դուրս է սովորական պատկերացումների սահմաններից:

Հանրահայտ է «Այրվող այգեստանների» դեմ գրողների միության ղեկավարության կողմից ուղղորդված հոսանքը: Պատճառը գաղտնիք չէր. «Պետք է իմանաս, որ այդ աղմուկի մեջ մեծ դեր խաղաց գրողների միության որոշ անդամների անձնական շահերի հետապնդումները, անդամներ, որոնք ղեկավար աթոռներ կգրավեն վարչության մեջ... Շատերի քեֆին ես դիպել էի թե՛ գրավոր, թե՛, մանավանդ, բանավոր, եւ նրանք գտան «հարմար» առիթ փոխվրեժի... ցավալի էր, որ վեպը վարկազրկելու մութ գործին լծվեցին մարդիկ, որոնք առաջնորդվեցին ոչ թե համոզմունքով եւ բանականությամբ, այլ հաշիվ մաքրելու գուցե եւ չգիտակցված մոլուցքով...» (Գ. Ֆեներճյանին, 22 դեկտ. 1968թ.):

Աղմուկը ծրագրավորված էր վաղօրոք: Թերթելով 1966-67 թվականների հայ պարբերականներըՙ մենք չհանդիպեցինք ինչպես մեզ մոտ, այնպես էլ սփյուռքում որեւէ տեղեկատվությանՙ նման խորագրով գրքի լույս տեսնելու մասին: Սովորաբար «Գրական թերթը» տեղյակ էր պահում նոր գրքերի մասին մեր ընթերցողին, իսկ մշակութային կապերի կոմիտենՙ սփյուռքին: «Այրվող այգեստանների» մասին մեր մամուլը պահպանեց քար լռություն, իսկ արտասահմանն սկսեց խոսել մեծ ուշացումովՙ այն էլ Հայաստանից տրված ազդանշաններով: Բավական էր, որ 1967 թվականի ամռանը Գ. Մահարին դուրս գար Երեւանից, հրապարակվեց նախադեպը չունեցող մի փաստաթուղթՙ գրողների միության քարտուղարության որոշումը [1] վեպի մասին: Ասես կրկնվեց 1924 թվականը, երբ հեռակա կարգով գրողը վտարվեց գրողների ասոցիացիայից: Ասես կրկնվեցին ժդանովյան ժամանակները, երբ պաշտոնական որոշում հանվեց Ա. Ախմատովայի եւ Մ. Զոշչենկոյի գործերի մասին: Նման ամոթաբեր գործերը չէին կարող կատարվել անթերի: Քարտուղարության որոշումը նույնպես կաղում էր երկու ոտքով.

«Անտարակույս իր ժամանակի բուրժուական եւ մանր բուրժուական կուսակցություններն ու քաղաքական հոսանքներըՙ ճիշտ չըմբռնելով հայ ժողովրդի կացությունը եւ տվյալ ժամանակի իրադրությունը, ի վիճակի չէին ուղղություն տալ, իմաստավորել ու գլխավորել ազգային-ազատագրական արդարացի պայքարը, ժողովրդական զանգվածների ցասումն ու ընդվզումը ճնշման ու բռնության դեմ: Այդ պայքարի ընթացքին վնասեց հատկապես դաշնակցության արկածախնդրային գործունեությունը»:

Հիշենք այս հակադաշնակցական «բարաթը» եւ շարունակենք ընթերցումըՙ

«Սակայն հեղինակը, չհասկանալով պատմական իրադարձությունների իմաստն ու ժողովրդական ինքնուրույն պայքարի նշանակությունը, հանգել է անընդունելի, հակապատմական ընդհանրացումների, որ իբր հայ ժողովրդի մեծ ողբերգության պատճառը «Բզեզների բունը անտեղի կերպով խառնելն է»:

1967 թվականին քարտուղարության կազմում էին Է. Թոփչյանը, Պ. Սեւակը, Հր. Հովհաննիսյանը, Ստ. Ալաջաջյանը եւ Ա. Շաթիրյանը: Եվ հինգ գրական այրերՙ մատները ճակատին, սարքել էին տարրական տրամաբանությանը չդիմացող փաստաթուղթ: Եթե ճիշտ է, որ մեր քաղաքական կուսակցություններն ի վիճակի չէին գլխավորելու «ազգային-ազատագրական շարժումը», իսկ այդ կուսակցություններից առաջատարըՙ դաշնակցությունը, վարել է «արկածախնդրային գործունեություն», ապա ո՞ւր մնաց հեղինակի դեմ հարուցված գլխավոր մեղադրանքը «բզեզների բունը խառնելու» մասին:

Վրիպումը «վրիպեց» բոլորի աչքերից: Դաշնակցական մամուլն էլ աչք փակեց «ափաշկարա» անհեթեթության առաջ եւ ողջունեց պաշտոնական որոշումըՙ վեպը վարկաբեկելու գլխավոր խնդիրը լուծելու համար...

Հաջորդ ազդանշանը Երեւանի համալսարանում վեպի քննարկման արդյունքների հրապարակումն էր: Դա հետստալինյան հայ առաջին գրական ինկվիզիցիան էր, որտեղ կրակին հանձնվեցին «Այրվող այգեստանները» եւ դրա հեղինակը: Այն անցկացվեց համաձայն կուտակված ռուսական փորձիՙ ստալինյան (Ախմատովա, Զոշչենկո, Օլեշա...) եւ հաջորդող ժամանակների (Սոլժենիցին, Պաստեռնակ, Դովլաթով, Բրոդսկի...): Զեկուցումով հանդես եկավ Գ. Անանյանը: Նա դուրս չեկավ պաշտոնական հայտարարության սահմաններից եւ փորձ անգամ չկատարեց իր խոսքը գրական հենքի վրա կառուցելու, ինչի մասին վկայում է «գրականագիտական» միակ մեղադրանքը. «Արձակագիրը փորձել է ողբերգական երեւույթների մասին խոսել... ծիծաղելով, մի հանգամանք, որը վեպը զրկել է պահանջված լրջությունից» (երջանի՜կ Սերվանտես, երի՜ցս երջանիկ Գոգոլ եւ Պարոնյան, որոնք թողեցին այս կապույտ մոլորակըՙ անանյանական հայտնագործությանն անտեղյակ): Հաջորդող ելույթները գրեթե չեն տարբերվել իրարից, բացառությամբ Հրանտ Թամրազյանի, որն ինչ-որ չափով դեմ գնաց ընդհանուր հոսանքին: Չառանձնացնելու համար գորշ մասսայից մնացածներից որեւէ մեկինՙ բերենք բնորոշ մի մեջբերում, առանց հեղինակին նշելու. «Այս վեպով Մահարին վարկաբեկել է հայ ժողովրդին առանց հասկանալու, որ հայ ազգային-ազատագրական շարժումը ոչ թե ինչ-որ կուսակցությունների, այլ ժողովրդի ազատատենչ ոգու արտահայտություն է: Արյան մեջ խեղդված ոչ մի ազատագրական շարժում դեռ իրավունք չի տալիս խոսելու ժողովրդի ազատատենչ ոգու դեմ, առավել եւս այդ ոգին ինչ-որ կուսակցությունների վերագրելու եւ ապա վարկաբեկելու այն, ինչ եղել է հերոսական, լուսավոր, ինչ հարգանքի զգացում է ծնել ժողովրդի մեջ...» :

Բառե՜ր, բառե՜ր, բառե՜ր, որոնց հետեւում կորցված երկիր կար եւ մի ամբողջ ժողովուրդ...

Քարտուղարության որոշման մեջ խուլ ակնարկվում են «բազմաթիվ գրախոսականները», սակայն անցած տասնամյակներում դրանցից ոչ մեկը լույս աշխարհ չեկավ` թեկուզ ուշացած: Դրանք կարող էին հրապարակվել, որովհետեւ գրողի մահից մինչեւ սոցիալիստական հասարակարգի փլուզումը, ինչպես կտեսնենք, շարունակվում էր Գ. Մահարու դեմ չհայտարարված պատերազմը:

Մնաց փաստը, որ երկրից տրված յուրաքանչյուր ազդանշանին սփյուռքում հետեւում էին գրականության հետ կապ չունեցող հրապարակումներ: Դաշնակցական մամուլը պայքարում էր համազգեստի սպիտակեցման համար եւ սեւացնում գրողին, իսկ անտեղյակները ողջունում էին... խոսքի ազատության անսպասելի դրսեւորումը այնպիսի փակ երկրում, ինչպիսին էր Խորհրդային Հայաստանը:* Այդ «ազատությունը»ՙ օրը ցերեկով գրքի պաշտոնական վարկաբեկումը, զուգակցվում էր հեղինակի դեմ տարվող ճիզվիթական քաղաքականության հետ, որը, կուսակցության Կենտկոմի լուռ համաձայնությամբ, ուղղորդվում էր գրական «գեներալի»ՙ Էդվարդ Թոփչյանի առանձնասենյակից: Այդ քաղաքականության գինը գրողի կյանքն էր...

«Այրվող այգեստանների» մասին շատ է գրվել: Անցնենք առաջ, որովհետեւ ասելիք շատ կա: 1967 թվականի մարտինՙ «Այրվող այգեստաններից» ընդամենը երեք ամիս անց, լույս տեսավ Գ. Մահարու հուշագրական ամենափայլուն, անցած տասնամյակների եւ ապագա չարենցագետների սեղանի գիրքը: «Չարենց-նամեն»: Եվ ի՞նչ: Անտեսվեց այս գիրքը նույնպես, որը կարծես զուրկ էր «ազգադավ» խութերից: Չտեսնված բան: Գիրքը գրախոսելու խնդրանքով գրողը մեկ տարի անց ստիպված եղավ դիմել... Կենտկոմի գաղափարական բաժնի վարիչ Ստ. Վարդանյանին.

«Գոնե ղեկավար ընկերոջ ցուցմունք տայիք, որ գրքույկս գրախոսվեր: Պարբերական մամուլո՛ւմ:

Դա կլիներ համոզիչ պատասխան բոլո՛ր արխիվային Լեյլի-Մեջնուններին... [2]

Որ գրքույկը դրան արժանի է, չեմ կասկածում:

Կարդացեք եւ կհամոզվեք:

Մի քիչ անհամեստ, Ձեր` Գ. Մահ.» (25 մարտի 1968թ., Երեւան):

Միայն նման «անհամեստ» քայլից հետո լույս տեսավ ընդամենը երկու գրախոսական` պատճառելով գրողին այնպիսի բավականություն, ասես վերադարձել էին սկսնակության տարիները...

1968 թվականին «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթում սկսվեց «Այս հմուտ, հանճարեղ Լոռեցին...» էսսեի տպագրությունը: Սովորաբար թերթերը նման ծավալուն նյութերը տպագրում են շարունակաբար : Մեզ հայտնի չէ մեկ այլ նախա-կամ հետադեպ, երբ պատրաստի նյութը տպագրվի այսպիսի ընդմիջումներով` 3 ապրիլի, 12 հունիսի, 10 հուլիսի, 9 հոկտեմբերի: Իսկ որ նյութը պատրաստ էր, վկայում է Գ. Մահարու նամակը. «Լուր չունեմ նաեւ «Թումանյան»ից: Մի՞թե Կամոն [3] ետ կանգնեց: Ես գրեցի «Հ. Ձ.»ի պարտքարտուղար Հայկին [4], որ ուղարկի ինձ այն համարները, որտեղ «Թումանյան» կա եւ ոչ մի ձայն-ձուն» (Լեւոն Հախվերդյանին [5], 17 մայիսի, 1968թ.): Վերջին հրապարակումով, որը տեղի ունեցավ Գ. Մահարու Երեւան վերադառնալուց հետո, նա փաստորեն կանգնեցրեց թերթային հրապարակումը: Եվ այդ ամենը` Հովհ. Թումանյանի 100-ամյակի նախաշեմին:

«Հմուտ Լոռեցուն...» սպասվում էր նոր փորձություն: Կանգնեցնելով թերթային հրապարակումըՙ Գ. Մահարին այն հանձնեց Հայպետհրատ 1968 թվականի վերջին: 1969-ին, թումանյանական տարում, գրքույկը հանձնվեց արտադրության` ըստ հրատարակչական ելքային տվյալների` նույն տարվա հուլիսի 21-ին (Գ. Մահարու թաղման օրը): Սակայն ընդամենը մի քանի մամուլ ծավալով գրքույկը, որն ուներ հաստափոր գրքերի արժեք, լույս տեսավ... 1971 թվականի հունիսին: Դա չվրիպեց «Նայիրի» շաբաթաթերթի խմբագիր Ա. Ծառուկեանի աչքից. «Ամբողջ քսաներեք ամիս` «յանձնուելէն» մինչեւ «լոյս տեսնելը»: Ինչո՞ւ անօրինակ այս յապաղումը, մանաւանդ գործի մը հանդէպ որ պարագայական իր հանգամանքներովն իսկ (100-ամեակ մը), նախապատւութեան իրաւունք ունէր եւ յապաղում չէր վերցներ: Հաւանաբար մտածուած ըլլայ, թէ մոռցուելու սահմանուած ուրիշ գրողներ կան եւ ժամ առաջ պէտք է տպել անոնց գործերը, դպրոցներ եւ փողոցներ հարկ է մկրտել անոնց անունով քանի չեն մոռցուած, իսկ Մահարին լա՜յն ասպարէզ ունի եւ վախ չկայ որ ժամանակը դաւաճանէ իրեն: Հետեւաբար կրնայ սպասել: Քսաներե՜ք ամիս...» : [6]

Անենք ենթադրություն, որ գրողի մահվան օրերին զգայացունց մի պահ կորզված «անձնազոհ» ստորագրությունը հետագայում կանգնեցվել կամ վերանայվել էր: Ուրիշ պատճառ լինել չէր կարող, որովհետեւ հանձնվում է արտադրության միայն պատրաստի գործը:

Սա էլ բոլորը չէր: Գ. Մահարու կյանքի վերջին տարիները զուգադիպեցին նրա Երկերի ժողովածուի առաջին (1965) եւ երկրորդ (1967) հատորների հրապարակման հետ: Գրողի կենդանության օրոք, «Այրվող այգեստաններից» առաջ, մամուլում տրվեց որքան շռայլ, նույնքան եւ իրականության հետ կապ չունեցող խոստում` «1966 թվականին լույս կտեսնեն Գ. Մահարու երկերի առաջին, երկրորդ եւ երրորդ հատորները» [7]: Բայց այրվող «Այրվող այգեստաններից» հետո սկսվեց պտտվել ժամանակի կարուսելը... Ըստ արտասահման ուղարկված տեղեկատվության` երրորդ հատորը պետք է լույս տեսներ 1968 թվականին [8]: Սակայն երբ 1969թ. ամռանը գրողը վերջին անգամ մեկնեց Մերձբալթիկա` Կենտկոմի գաղափարախոսության բաժնի վարիչ Ստ. Վարդանյանը գրեց տողեր, որոնք, իր կարծիքով, նրա վերջին օրերի դարմանը պետք է լինեին. «Մինչեւ վերադարձդ հարցիդ հարցը կլուծվի: Ես խոսեցի մեր ընկերների հետ, երեւի մինչեւ այդ գիրքդ իջնի արտադրություն» (6 հունիսի 1969թ.): Հրատարակչական գործում ամենազոր մարդու անորոշ տողերը չէին կարող չարժանանալ պատասխան հեգնանքի. «Այլեւ շնորհակալություն խոստումիդ համար, ըստ որի երրորդ հատորը շուտո՜վ, շուտո՜վ, շուտո՜վ տպարան պիտի իջնի, իսկ ես, պեսիմիստս, օր-օրին սպասում եմ օտիսկ-փորձատիպերին...» : Հետեւեց կյանքի փորձով թելադրված կանխատեսումը. «...ուրեմն մինչեւ հիմա դեռ չի՞ իջել արտադրություն: Չի էլ իջնի... Ուրիշ բան է ցանկությունը, ուրիշ` ճակատագիրը: Գրքերն էլ ունեն իրենց ճակատագիրը... Արեք ինչ ուզում եք, ես հոգնել, մահու չափ հոգնել եմ այս ամենից» (9 հունիսի):

Երրորդ հատորը լույս տեսավ վեց տարի անց...

Որո՞նք էին ներհակ ուժերը, որոնք խանգարում էին Գ. Մահարու գրքերի հրապարակմանը, որտե՞ղ էր թաղված «շան գլուխը»: Քանի որ հետագա խոսքը հենված է գրողներից երկուսի նամակագրության վրա, ներկայացնենք նրանց:

  Լեւոն Միրիջանյան : Մարդ, որն անմնացորդ տեղավորվում էր Գ. Մահարու թշնամական շրջանակում: Սակայն դա բացահայտվեց գրողի կյանքի միայն վերջին տարիներին, իսկ մինչ այդ... Մինչ այդ Լ. Միրիջանյանը տարիներ շարունակ գտնվում էր Գ. Մահարու հովանավորության տակ: Եվ վերջինս հովանավորում էր նրան որպես Կիսլովոդսկում ծնված վանեցու եւ մեղրալեզու երիտբանաստեղծի: Մերձբալթիկայից նա գրականության ինստիտուտի տնօրեն Գուրգեն Հովնանին ուղարկեց մի երկտող, որը «քար կծակեր».

«Թանկագին Գուրգեն.

Գրում եմ, է՜, Բալթիկ ծովի ափերից, լսո՞ւմ ես ձայնս, տեսնո՞ւմ ես, որ քեզ չեմ մոռացել...

Սույն այս աղերսագիրս ներկայացնողը շնորհազարդ գրականագետ եւ երիտասարդ բանաստեղծ Լեւոն Միրիջանյանն է, որը միայն պատահականորեն Գուրգեն չի կնքված: Ուզում է մտնել ասպիրանտուրա, գրում է «Ա. Բակունցի «Խաչատուր Աբովյան» վեպի թեման եւ մարմնավորումը». լավ է, չէ՞:

Խնդրում եմ եւ աղերսում, որ վերցնես նրան քո ուշադրության եւ բարի կամեցողության շրջանակը եւ թող ծլի ու ծաղկի որպես լավ բերք ու բար քո կարող աջի եւ հովանու ներքո:

Եթե ինձ համար կամ Լեւոնի համար չես անի այդ, ապա արա՛ խնդրեմ Լեւոնի ազնիվ ու շնորհալի մայրիկի համար, որը քեզ սիրող ու հյուրասիրող մայրիկիս նման վանեցիական այնպիսի կերակուրներ է պատրաստում, որ գդալն ու պատառաքաղն էլ հետը կուտվի:

Հավատա, որ բարի ու մեծ գործ կկատարես, Լեւոնը կարդարացնի Գուրգենների հույսերը ավելոք եւ շռայլ» (7 օգոստոսի 1959թ.):

Լ. Միրիջանյանը մինչեւ իր նոմենկլատուրային, «աստեղային ժամն» աշխատեց գրականության ինստիտուտում եւ պաշտպանեց թեկնածուական թեզը: Նա դարձավ Գ. Մահարու շուրջը պտտվող մշտական արբանյակներից մեկը, որը լայն ժպիտով կանգնած էր «կիսաստվածի» հեռախոսի կամ դռան զանգի հետեւում:

Սակայն Գ. Մահարու բազում գրախոսականներում եւ հոդվածներում Միրիջանյան ազգանունը իսպառ բացակայում է («այստեղ հետաքրքիրն իսպառ-ն է...», կասեր բծախնդիր Գ. Մահարին...): Այդ ազգանունը չկա նաեւ երիտպոետներին նվիրված հոդվածներում: Կարծես թե բանաստեղծը, ինչ որ մի շրջանում դուրս գալով երիտտարիքիցՙ այդպես էլ չմտավ գրողների դասակարգման հաջորդ խումբը: Մի տեսակ անորոշ, կախյալ վիճակ պառնասյան երկնքի եւ երկրի միջեւ...

  Մկրտիչ Արմեն : Չկայացած բանաստեղծ եւ ընդամենը մեկ արձակ գործի կայացած հեղինակ, որի հետ Գ. Մահարին կապված էր 20-ական թվականներից: Երկուսն էլ ծեծվեցին ռապպական քննադատների կողմից եւ բռնադատվեցին: Մ. Արմենը գրականությունից դուրս մնաց հինգ, իսկ Գ. Մահարին` տասնութ տարով: Հետստալինյան ձնհալի տարիներին նրանց միջեւ պահպանվում էին այնպիսի հարաբերություններ, ինչպիսիք պետք է լինեին «Նոյեմբեր» գրական խմբի քառյակի (Չարենց-Բակունց-Մահարի-Արմեն) վերապրած կեսի համար: Ինչ որ մի շրջանում Գ. Մահարին մտադրվեց անգամ գրել Մ. Արմենի գրական դիմանկարը: Գտնված էր եւ խորագիրըՙ «Ամենից կրտսերը»: Բայց երբ 1961-ին այդ խորագիրը «ծախսվեց» Պ. Սեւակի վրա, պարզ դարձավ, որ մտահղացումը հետաձգվում է անորոշ ժամանակով. «Մի երկու տարի առաջ ես մեծ ցանկություն ունեի գրելու մեր արձակի ինքնատիպ դեմքերից մեկի, Մկրտիչ Արմենի մասին մի գրական ուսումնասիրություն: Ասում եմ գրական ուսումնասիրություն եւ ոչ թե քննադատական, որովհետեւ ես գրող եմ, ոչ թե քննադատ եւ չէի կարող այս գործում ի հայտ բերել մասնագիտական մեծ հմտություն: Իմ մտքով չի անցել քննադատին վայել դափնիներով պսակվել, ո՛չ, սակայն մյուս կողմից ես քաջ գիտեմ, որ գրողի գրածը մի ուրիշ գրողի մասին չի կարող զուրկ լինել որոշ հետաքրքրությունից, էլ չենք խոսում այն մասին, որ գրողը կարող եւ ի վիճակի է մի ուրիշ գրողի մեջ տեսնել բաներ, որոնք քննադատը պարտավոր չէ կամ կարիք չունի տեսնելու... Ես ուզում էի գրել մի գրողի մասին, որի մուտքը մեր գրականության մեջ դիտվեց որպես բերկրառիթ երեւույթ, որի մասին եւ Չարենցը 1934 թվին տվեց իր գնահատականը. «Դու մեր մեջ ամենից կրտսերն ես...» :

Թողնելով 30-ական թվականների ամենակրտսերով զբաղվելու գործը ուրիշ մի բարի առիթի, ես մեծ բավականությամբ ուզում եմ գրել այսօրվա ամենակրտսերիՙ Պարույր Սեւակի մասին...» [9]:

Անցնում էին տարիները, իսկ «բարի առիթը» չէր գալիս: Հասկանալի էր դժվարությունը, որի առաջ հայտնվել էր Գ. Մահարին: Ի՞նչ չափանիշներով մոտենալ սերնդակցին, որի լավագույն գործը, չնայած տասնամյակներին, այդպես էլ մնաց «Հեղնարը»...

Կար եւ այն, որ Գ. Մահարին գրական աշխարհում առանց մեծ ճիգի զբաղեցրեց առաջատար դիրք: «Սիբիրը չի վնասի, անգամ կօգնի...» ,- մի առիթով արտահայտեց նա արտառոց իր միտքը: Եվ ինչպես հաճախ է լինում չկայացածների մոտ, ստեղծագործական առողջ խանդն իր տեղը զիջեց սալիերիական նախանձին. «Այ թե գրական բախտ ունեմ ես, հա՜... Գուրգենի ամեն մի տողը նրա հորթերն ընդունում են հրճվանքով, իսկ իմ ամեն մի նոր գործը նոր հոգսեր է պատճառում գրական ստանդարտներին վարժված քննադատներին...» (26 հուլիսի 1963թ.), «Սուրիկ Աղաբաբյանի հոդվածից կռահեցի, որ Գուրգենի երկերի ժողովածուի հատորների թիվը հասել է վեցի: Դե եկ ու մի հավատա բախտի անպայման անհրաժեշտությանը...» (15 օգոստոսի 1963թ.), «Էլ չեմ խոսում Մահարու մասին, որի վերաբերմամբ մարդիկ պատրաստ են հնարել գրականագիտական նորանոր հասկացողություններ, միայն թե արդարացնեն եւ «արժեքավորեն» նրա ամեն հիմարությունն ու տափակությունը...» (14 հուլիսի 1964թ.), «Մահարին: Վաղուց է, ինչ ապրում է ծերունու կյանքով: Խոր ծերունու: Զզվելի կենցաղ: Մոսկվայում խուլ փակում է հյուրանոցի համարների մահուդե վարագույրները եւ քսան ժամ անց է կացնում այնտեղ: Իսկ Վանը նրա առաջին վիպավանն է, Սիբիրը երկրորդ: Հեր օրհնածն ուրիշ բան տեսե՞լ է, որ ուրիշ բանի մասին գրի: Չի տեսել, չի էլ ուզում տեսնել...» :

Առկա էին բոլոր նախադրյալները հարաբերությունների խզման, սակայն դա կատարվեց միանգամայն այլ առիթով: Մ. Արմենն ապրեց ընտանեկան դրամա, իսկ երբ այն «հաղթահարվեց»ՙ եւ ողբեգությունը վերածվեց կատակերգության, մեղավոր դարձավ խայթող օրերի ակամա ականատեսը...

Վերադառնանք մեր... այրերին: Գ. Մահարու գրաքննադատական լռությունը Լ. Միրիջանյանի մասին կարող էր խախտվել 1965թ., երբ լույս տեսավ վերջինիս «Ծովի կարոտ» բանաստեղծությունների ժողովածուն: Դեպքերի հետագա ընթացքը լուսաբանված է Հայաստանի ազգային արխիվում պահպանվող Արմեն-Միրիջանյան նամակագրությունում:

Մ. Արմենը շտապեց նախազգուշացնել. «Ի սեր աստծու, թափիր ամեն ջանք, որպեսզի չգրի Մահարին: Նրա գրախոսականներն աներեւակայելի մակերեսային են եւ անլուրջ, թեեւ իրեն թվում է հակառակը» (12 փետրվարի 1966թ.): Լ. Միրիջանյանը չկիսեց այդ կարծիքը: Չվիճելով տարիքի բերումով ավագների շարքն անցած գրողի հետՙ նա գրեց դիվանագիտական պատասխան, որտեղ առկա էր մի կողմից համաձայնությունը, մյուսիցՙ չքողարկված հպարտությունը. «Անցյալ օրը տեսա «Սովետական Հայաստան» թերթի բաժնի վարիչին, որն ասաց, թե Մահարին նրանց է հանձնել ռեցենզ իմ մասին: Իսկույն հիշեցի Ձեր խոսքը, թեՙ ամեն ինչ արա, որպեսզի Մահարին քո գրքի մասին գրախոսական չգրի... Ես զանգեցի Մահարուն, որպեսզի «մի խաբրիկ իմանամ»: Ասացՙ այո, գրել եմ եւ մի քիչ կսմթել եմ քեզ...

- Խելացի կսմթոցը հաճելի բան է,- ասացի ես:

- Սա իմ ամենալուրջ հոդվածն է, լրջորեն կկարդաս,- ասաց Խանը:

Հիմա ես սպասում եմ նրա ամենալուրջ հոդվածին, որից երկու թեզ նա ինձ պատմեց, եւ ես չհամոզվեցի: Իբր թե ես երբ ուղղակի դիմում եմ աղջկան, բանաստեղծությունը չորանում է, իսկ երբ պատմում եմ աղջկա մասին, ստացվում է: Ես բան չհասկացա: Մյուս թեզը, որքան հիշում եմ, որ ես թմբկահար չեմ, բայց երբեմն թմբկահարում եմ: Վախենում եմ Ձեր ասածը լինիՙ հոդվածը գրված է մակերեսային: Բայց ի՞նչ կարող եմ անել: Մահարին հաճելի անուն է, սա գաղտնիք չէ: Մնացածը իր խիղճը գիտե» (6 մարտի 1966թ.):

Լ. Միրիջանյանի հաջորդՙ կիսափոշման նամակից ակնհայտ է դառնում, որ այդ ամենեւին ոչ բացասական գրախոսականի հրապարակումը նրա նախաձեռնությամբ կանխվել է` «Անցյալ օրը «Սովետականի» աշխատողներից մեկն ասում էՙ ի՞նչ շահեցիր, որ Մահարու ռեցենզիան չտպվեց: Կարծում էիր, ավելի լա՞վը պիտի գրեն...» (23 հուլիսի 1966թ.): Այս քաշքշուկը կատարվում էր Գ. Մահարու հերթական բացակայությամբ, որը Մերձբալթիկայից գրեց այս խաղերից անտեղյակ եւ ինչ-որ տեղ զարմացած. «Հարցրու Լեւոն Միրիջանյանին, ինչո՞ւ նամակս թողեց անպատասխան: Անպատասխան կարելի է թողնել բաց նամակը, իսկ փակին` պետք էր պատասխանել...» (Ն. Ադալյանին, 27 հուլիսի 1966թ.):

Լ. Միրիջանյանը դադարեցրեց նամակագրությունը Գ. Մահարու հետ եւ սկսեց հայտնել Մ. Արմենի հետ «համակարծիք կարծիքներ». «Մահարին օր-օրի ապացուցում է, որ կարող է գրել եւ տպել ինչ որ խելքին փչի...» (25 հոկտ. 1966թ.):

Թշնամական վերաբերմունքը դարձավ բացահայտ, երբ Լ. Միրիջանյանը փոխարինեց Վ. Գրիգորյանին Պետհրատի գեղարվեստական բաժնի վարիչի պաշտոնում: Նորությանը Գ. Մահարին արձագանքեց բնորոշ մեծահոգությամբ. «Լսեցի, որ Միրիջանյանը Վահան Գրիգորյան է: А что ж! [10] Ճաշակով տղա է, եթե աշխատի ազնիվ, մաքուր ձեռքով... այս` ասում եմ հակառակ նրա տմարդի վարքագծի` առ իս...» (Վ. Դավթյանին, 4 հունիսի 1967թ.): Որտեղի՞ց իմանար նա երեկվա արբանյակի հեռահար ծրագրերի մասին, ո՞ւմ մտքով կանցներ դրանց հնարավորությունը. «Նախ կհետաձգեմ Թուրքենի [Գ. Մահարու.- Գր. Ա.] հատորների հրատարակությունը, երկրորդ կաշխատեմ խափանել տպարան իջած «Չարենց-նամե»-ն նույն հեղինակի...» (11 հունիսի 1967թ.):

Մտադրությունն արժանացավ Մ. Արմենի հավանությանը. «Իհարկե, նրա «Չարենց-նամե»-ն ողորմելի գործ է, որի մեջ ոչ գրականություն կա, ոչ Չարենց: Եվ որ ամենազայրացուցիչն է, մեր պնակալեզներն այդ միջակ գրվածքը համարեցին մեմուարային գրականության փայլուն նմուշ: Ես դա չէի տպի ոչ թե նրա համար, որ դա ամոթից այրվող այգեստանների հեղինակի գրած է, այլ որ ինքնին դա չնչին գրվածք է... Ես խիստ ուշացել եմ, բայց նույնպես կգրեմ Չարենցի մասին իմ հուշերը եւ կտամ ամսագրին տպելու: Թող մարդիկ համեմատեն եւ տեսնեն...» (15 հունիսի 1967թ.):

Եվ սկսվեց ջղերի սղոցումը. «Սեպտեմբերի 24-ին Չարենցի հոբելյանն է: Մահարին Նագուշ Հարությունյանին [11] մի աղեխարշ նամակ է գրել` խնդրելով տպել իր «Չարենց-նամե»-ն: Չե՜մ ստորագրելու...» (20 սեպտեմբերի 1967թ.):

Դժվար է Լ. Միրիջանյանին մեղադրական ներկայացնել: Մարդն այդպիսին էր ծնվել: Մեղավոր են նրանք, որոնք միրիջանյաններին նշանակում են պատասխանատու պաշտոններում: Լավ կլիներ, եթե Ստ. Վարդանյանը Գ. Մահարու մահվան տարում իր նամակագրությունը նրա հետ հրապարակելու եւ արցունքախառն մեկնաբանելու փոխարեն, բացատրեր հասարակությանը, թե այդ ինչ գերբնական ուժով Պետհրատի մեկը մյուսին հաջորդող պաշտոնյաները դարձան առյուծասիրտներ եւ իրենց քեֆով տասնամյակներով ձգձգեցին երրորդ, չորրորդ եւ հինգերորդ հատորների հրատարակությունը:

Ցածր էր խորհրդահայ գրողների Օլիմպոսը, եւ չգիտես ի՞նչ անուն տաս դրա բնակիչներին: Սրա՞նք էին «մարդկային հոգու ճարտարապետները»: Սրանց վրա՞ պիտի տարածվեր Գ. Մահարու ասույթը. «Հավատացեք գրողին, նրա խղճին, եւ հաստատ հավատացեք, որ լավ գրողը չի կարող վատ ուսուցիչ լինել» : Ո՛չ, սրանք խորհրդային հայ իրականությանը բնորոշ մոլագարներ էին, որոնց մասին Գ. Մահարին նախազգուշացվեց նամակներից մեկում. «...նրանք, որոնք սկսեցին արշավանքը քո գրքի դեմ, նույն համառությամբ շարունակում են այնՙ քրքրելով եւ գրգռելով ժողովրդի զգացումները: Նկատի ունեցիր, որ դու քո դեմ ունես սոսկալի դաժան, ապերախտ եւ երախտամոռ մարդկանց մի խումբ, որը, աստված չտա, եթե վաղը քեզ մի բան պատահի, չեն խղճահարվի անգամ...» :

Տողերիս հեղինակը միամտություն է ունեցել հավատալու նախկին համադասարանցի Լ. Միրիջանյանի մեղրածոր խոսքերին` Գ. Մահարու երրորդ հատորի հետմահու ձգձգումների «օբյեկտիվ» պատճառների մասին: Տողերիս հեղինակը ստիպված եղավ փոխել իր մասնագիտությունը, մտնել գրական աշխարհ, վերակազմել էջակալված ու կնքված հատորը: Ի վերջո հատորը ենթարկվեց ոչ թե վերաքննչական, որն ինչ-որ կերպ կարելի էր բացատրել, այլ խմբագրական անհեթեթ վերաքննության: Հանվեցին արտասահմանում արդեն լույս տեսած «Ծաղկած փշալարերը» եւ սիբիրյան պատմվածքները ծիծաղելի պատճառաբանությամբ, թե Երկերի ժողովածուում պետք է ընդգրկվեն միայն... նախկինում մեզ մոտ հրապարակված գործերը: Իսկ մեզ մոտ եւ Սփյուռքում քանիցս լույս տեսած «Սեւ մարդը» հրապարակվեց... կրճատումներով: 1966, 1967, 1968, 1969 թվականներին հաջորդաբար պլանավորված հատորը լույս տեսավ 1975-ին: Եթե Գ. Մահարու կենդանության օրոք հրատարակչության գլուխը ցավում էր ժողովածուում ընդգրկված նյութերի համար, ապա նրա մահից հետո գործեց սկզբունքը` չկա մարդը, չկան եւ նրա գործերը...

Պետհրատի գեղարվեստական բաժնի վարիչի բազկաթոռին հայտնվեց մեկ այլ պատահական անձնավորություն, Ստեփան Թոփչյան, որի նկատմամբ ի զորու էին սոխը սխտորից պակաս կծու չէ (Լ. Միրիջանյան) եւ խնձորը ծառից հեռու չի ընկնում (հայր Թոփչյան) ասույթները: Չորրորդ հատորի` «Այրվող այգեստանների» նկատմամբ նա շարունակեց պահպանել ցեղական գիծը: Իմ ձեռքի տակ է բաժնի ընդերքում կազմված տեղեկանքըՙ Լ. Սեղբոսյանի ստորագրությամբ, որտեղ առաջարկվում է հատուկ ուշադրություն դարձնել 220 «կասկածելի» էջերի վրա, որոնք «վերաբերում են Արամին# կամ նրան առնչվող հարցերին» [12]: Խմբագրական մկրատի աշխատանքի արդյունքում չորս տարի անցՙ 1979-ին, լույս տեսավ սովետահայ գրականության ամենախոտան հրատարակություններից մեկը, որը կարելի է համեմատել Կ. Զարյանի «Նավը լեռան վրա» գրքի հրատարակության հետ, այն տարբերությամբ, որ այս վերջին դեպքում կար գոնե հեղինակի ձեւական համաձայնությունը...

Առավել դժվար էր հինգերորդ հատորի գործը: Պետք եղավ նախ հաղթահարել բաժնում ձեւավորված մտայնությունը, թե Գ. Մահարու Երկերի հրատարակությունը պետք է սահմանափակվի չորս հատորով: Սակայն հատորը կազմելուց եւ խմբագրությանը հանձնելուց հետո էլ անցնում էին տարիներ, իսկ սայլը տեղից չէր շարժվում: 1985 թվականի ձմեռային անքուն մի գիշեր, մտաբերելով Մեծ Լոռեցու «ուժեղից ուժեղն էլ կա» խոսքերը, վեր կացա, հագնվեցի, նստեցի գրասեղանի առաջ ու գրեցի նամակ, որի սեւագիրը պահպանվել է իմ թղթապանակում, եւ որն էլ ազդակ հանդիսացավ սույն հոդվածի.

«Հարգելի ընկեր Դեմիրճյան.

1963 թվականին լրացավ Գուրգեն Մահարու ծննդյան 60-ամյակը: Այդ օրերին իր նամակներից մեկում նա գրեց. «Մեծ ուրախությամբ եւ հուզմունքով տեղեկացա իմ Երկերի ժողովածուի 5-հատորյակի մասին: Իմ գործերի համեստ վաստակը: Շնորհակալություն կուսակցությանը եւ կառավարությանը»:

1965 թվականին լույս տեսավ Երկերի 1-ին հատորը, 1967-ին` 2-րդը: 3-րդ հատորը լույս տեսավ արդեն 1975 թվականին, 4-րդը` 1979-ին, 5-րդ հատորը լույս չի տեսել:

1983 թվականին լրացավ Գուրգեն Մահարու ծննդյան 80-ամյակը: Մամուլը եւ հասարակայնությունը նշեց հոբելյանական տարեթիվը: «Շնորհակալություն կուսակցությանը եւ կառավարությանը», բայց ես կուզենայի բարձրացնել մի կարեւոր հարց:

Ավելի քան տասը տարի առաջ ես «Սովետական գրողին» եմ հանձնել Գուրգեն Մահարու Երկերի 5-րդ հատորը (կազմողն եմ եղել նաեւ 3-րդ եւ 4-րդ հատորների): Տասնյակ անգամ ներս եմ մտել հրատարակչության դռներից եւ ունեցել ներքին մի տհաճ զգացում, որ իմ եւ Գ. Մահարու արժանապատվության գնով եմ լույս ընծայել 3-րդ եւ 4-րդ հատորները, իսկ 5-րդը հասցրել մի վիճակի, որ վաղուց կարող էր տպարան իջնել (խմբագրական աշխատանքներն ավարտված են, յուրաքանչյուր էջ` կնքված):

Սակայն անցնում է տարին տարվա ետեւից, իսկ հատորն այդպես էլ չի պլանավորվում եւ չի հրատարակվում: Ուրախ կլինեի, եթե հրատարակչության պորտֆելում լինեին ավելի արժեքավոր գործեր...

Ես այլեւս հրատարակչությունում չեմ լինում: Եվ ինչո՞ւ լինել: Մի՞թե Գուրգեն Մահարին պետք է հրատարակվի «լեզու գտնելով»: Մի՞թե հրատարակչությունը չունի իր պարտքը գրողի եւ բաժանորդագրված ընթերցողների նկատմամբ: Կամ եթե լիներ որեւէ չլուծված հարց, դժվա՞ր էր արդյոք տարիների ընթացքում ինձ գտնել թեկուզ պայմանագրերում նշված հասցեով:

Պարզապեսՙ անպատասխանատվություն, եթե չասենք` անբարյացակամություն: Հայպետհրատը դարձավ Հայաստան, Հայաստանը` Սովետական գրող, փոխեց չորս դիրեկտորներ եւ չկարողացավ կամ չցանկացավ մինչեւ վերջ հասցնել Գուրգեն Մահարու Երկերի ժողովածուի հինգհատորյակի հրապարակումը: Կա՞ արդյոք որեւէ նախադեպ, երբ օբյեկտիվ պատճառների բացակայության դեպքում գրողի երկերի ժողովածուի հրատարակումը ձգվում է 20 տարի: Ինձ հայտնի չէ: Իսկ հրատարակչությա՞նը...

Ես ոչինչ չեմ խնդրում: Իրազեկ եմ պահում Ձեզ եւ թողնում Ձեր խղճին եւ հայեցողությանը:

Անկեղծ հարգանքներով` Գրիգոր Գուրգենի Աճեմյան (հասցե)»:

Ոչ մի պատասխան չստացա, իսկ հինգերորդ հատորը լույս տեսավ եւս չորս տարի անցՙ 1989-ին...

***

...Ազգային գրադարանի միջանցքում ինձ կանգնեցրեց աշխատակիցներից մեկըՙ նախկին համադասարանցի: Նա՛ ինձ հիշեց եւ հիշեցրեց.

- Կարդում եմ «Ազգ» -ում հոդվածներդ,- հովանավորող տոնով ավելացրեց,- լավ է, բայց ինձ թվում է, գնացածների մասին պետք չէ այդպես գրել...

Խոսքը Ն. Զարյանի, Հր. Քոչարի 30-ական թվականների ելույթների մասին էր: Խոսքն այսօր Մ. Արմենի եւ Լ. Միրիջանյանի մասին է...

Սիրելի Համադասարանցի (անունդ չեմ հիշում, դիմում եմ բոլոր քեզ նման մտածողներին), ի՞նչ է դուրս գալիս... Ապրում է մարդըՙ չճանաչելով բարոյական նորմեր եւ խախտելով դրանք: Ոչ ոք չի ասում նրան, թե աչքիդ վրա ունք կա, որովհետեւ նա, չգիտես ինչու (շատ լավ էլ գիտես, պարզապես չես ուզում շեղվել...) վայելում է «այս աշխարհի հզորների» հովանավորությունը: Գնում է մարդն աշխարհից, ուսերին մի պարկ մեղք, որի մեջ են բազում խեղված ճակատագրեր: Եվ պարզվում է, որ էլի հարմար չի խոսել «ունքից», որովհետեւ... դե՛, գնացածի հետեւից չեն խոսում...

Մնացածը դժվար չէ պատկերացնել: Մնում են նրանց անունով փողոցներ ու դպրոցներ, նշվում են հոբելյաններ, թափ է տրվում գրքերի փոշին, իրականացվում են հրատարակչական «միջոցառումներ», եւ... եւ պատմության կարուսելը սկսում է իր նոր պտույտը...

Ոչ, անմեղության նման վարկածն այստեղ ի զորու չէ: Գրականությունը, խոսքը արվեստի ամենաուժեղ զենքն է: Այն կարող է փրկել աշխարհը (միամի՜տ Դոստոեւսկի...), բայց կարող է եւ կործանելՙ նայած ում ձեռքին է գտնվում եւ ինչպես է օգտագործվում: Գրականությունը սերտորեն առնչվում է նաեւ բարոյականությանը, իսկ անբարոյականությունն անպատիժ չպետք է մնա: Այդպես է ասում գրքերի գիրք Հին Կտակարանը...

Չէ՜, սիրելի Համադասարանցի, քո ներողամտությունը վնասաբեր է մարդկությանը, հայ ժողովրդին, եւ հղիՙ ոճիրների կրկնման հնարավորություններով:

«Տխուր կարուսելն» այլեւս չի պտտվում: Վերացան պլանային հրատարակությունները, պատվերով թարգմանությունները, վերսկսեց աշխատել պատմության խաթարված ժամացույցը: «Այրվող այգեստանները», «Ծաղկած փշալարերը» թարգմանվեցին անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, հայ ընթերցողի սեղանին դրվեցին գրողի նոր գրքերը, իսկ որ ամենակարեւորն էՙ առջեւում են նոր հանդիպումներ նրա «Սիբիրական» ժողովածուի, անտիպ գործերի ութհատորյակի եւ «Կյանքի ու ստեղծագործության տարեգրության» երկհատորյակի հետ:

Գ. Մահարու գրական կյանքը շարունակվում եւ նոր թափ է առնումՙ ինչպես բոլոր ճշմարիտ գրողներինը:

Ծանոթագրություններ

1. ՀՍԳ միության քարտուղարությունում, «Գրական թերթ», Եր., 1967, 19 մայիսի, թ. 21:

2. Ակնարկվում է լրագրող Լեյլի Դշխոյանը, որը «Պայքար» թերթում հոդված էր տպագրել ոչ այնքան «Այրվող այգեստանների», որքան Գ. Մահարու անձի դեմ:

3. Նկատի ունի Կամո Վարդանյանին (Կառլեն, 1928-2000), 1967-1972թթ.` «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթի խմբագիր:

4. Հայկ Խաչատրյան (1926-2001), գրող, «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթի խմբագրի տեղակալ եւ պատասխանատու քարտուղար:

5. Էսսեի հրապարակման ձգձգումը թումանյանագետ Լ. Հախվերդյանինՙ շաբաթաթերթի խմբագրական կոլեգիայի անդամին կարծես չէր էլ հուզում. «Իսկ ինչ Թումանյանին է վերաբերում` էդ հո ամենասովորական բանն է մեր աշխարհում: Էդ դու ես, որ իմունիտետ ձեռք չես բերում...»,- պատասխանեց նա:

6. «Նայիրի», Պէյրութ, 1971, 3 հոկտեմբերի, թ. 17, էջ` 4:

7. «Երեկոյան Երեւան», Երեւան, 1965, 5 հուլիսի, թիվ 156:

8. Ներկա տարեշրջանի հրատարակութիւններէն, «Յառաջ», Փարիզ, 1968, 13 մարտի, թիւ 11.160:

9. Ամենից կրտսերը, «Սովետական գրականություն», Եր., 1961, թիվ 9, էջ` 142-150:

10. Դե՛ ինչ (ռուս.):

11. Նագուշ Հարությունյան (1912-1993) մեխանիկ, ՀՀ ԳԱ ակադեմիկոս, 1962-1975թթ.` ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահ: Գրող, պատմաբան եւ հրապարակախոս Լեոյի թոռը:

12. Արամ Մանուկյան (Հովհաննիսյան Սարգիս, Արամ փաշա, 1879-1919), ազգային-ազատագրական շարժման գործիչ: Ծնվել է Շուշիում: 1904 թվականից ապրելով Վանումՙ ղեկավարել է քաղաքի դաշնակցական կոմիտեն: Ըստ «Այրվող այգեստանների» եւ ռամկավար ժամանակակիցների` Վանի ինքնապաշտպանության ժամանակ խաղացել է երկրորդական դեր:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4