ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#6, 2009-07-18 | #7, 2009-08-01 | #8, 2009-08-29


ՀԵՏՈ Ի՞ՆՉ ԵՂԱՎ

ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ

- Որտեղի՞ց ես:

- Եգիպտոսից:

Եվ որպեսզի խոսակցությունը չշարունակվի տաքսու վարորդին հետ, անմիջապես ավելացնում եմ, որ տուրիստ չեմ, 47 տարիե ի վեր Հայաստանում եմՙ քաղաքացի:

- Բայց լեզուդ չես փոխել:

- Հայերեն չեմ խոսո՞ւմ, չես հասկանո՞ւմ...

- Հասկանում եմ, այո, բայց այսքան տարի...

- Լեզուն փոխելը այդքան հե՞շտ է...

Քանի որ սկսեցի, շարունակեմ... Ճիշտ է, սփյուռքահայ եմ, ծնվել եմ Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում: Սփյուռքում բնակվող հայերը ինչ ուզենային, կարող էին անել, բացի վերադառնալ իրենց բնօրրանը: Այսինքնՙ Քեմալի ստեղծած թրքական հանրապետությունը: Թուրքերը հայերու մնացորդացին դատապարտել էին, ինչպես ասում են, երկարատեւ ծանր հիվանդությամբ մահվանՙ հայրենազրկության: Գրեթե նույնն էր Հայաստանի Առաջին Հանրապետության կործանումեն վերջ բոլշեւիկյան կամ ռուս իթթիհատականներու Հայաստանի նոր իշխանավորների վերաբերմունքը սփյուռքահայերու (արեւմտահայերու) վերաբերմամբ: Վերջիններն ապրում էին կապիտալիստական երկիրներում, ուրեմն նրանք պարզապես մահացու թշնամիներ էին, ուրեմն նրանց պետք էր ոչնչացնել: Որքան ալ որ երդվեիր ուզածդ Սուրբ Գիրքի վրա, որ դուն ընդամենը քու «Մասիս սարն ես սիրում»: Ավելի վատ քեզի համարՙ քեզի կղրկեին Չարենցին քովը:

Ուրեմն սկսեմ սկզբից: Ի՞նչ եմ հիշում: Մեր ընտանիքը բաղկացած էր վեց հոգուցՙ տատսՙ Սրբուհի, հայրսՙ Տիգրան, մայրսՙ Զարուհի, քույրերսՙ Մարո եւ Լուսի (մահացած մեկ տարեկան), երրորդըՙ ես եւ ինձանից հետո եղբայրսՙ Սարգիսը (Սաքո): Հորիցս զրկվեցի, երբ հազիվ 7 տարեկան էի, իսկ ինքըՙ 50 տարեկան: Փարիզ գնաց բուժվելու եւ այլեւս չվերադարձավ: Մի հինգշաբթի օր էր: Դպրոցից տուն վերադարձա: Հինգշաբթի օրերը դասերը մինչեւ կեսօր էին տեւում: Ամիսներով հորս բացակայության ժամանակից որեւէ բան չեմ հիշում: Այդ օրը մայրս ճաշ դրավ սեղանին: Ոսպի ճաշ: Շատ տխուր էր: Հարցուցիՙ հայրս շա՞տ հիվանդ է: Մորս շրթները սկսան դողալ: Գլուխը շարժեց, լաց չեղավ: Իմ լացս եկավ, բայց ես էլ լաց չեղա: Հայրս մահացել էր:

Խե՜ղճ մայրսՙ առանց օգնականի, երեք անհայր երախայով: Հորս շա՜տ-շատ էի սիրում, շա՜տ էի իրեն կապված: Ինքն էլ կարծես հատուկ վերաբերմունք ուներ ինծի հանդեպ: Առաջին արու զավակը: Տատսՙ հորս մայրը, տարեց կին էր, սքանչելի մի էակ, որուն պաշտում էի, իր զավակի մահից հետո մի քանի ամիս ապրեց: Մի բան կորել էր: Ուրախությունը: Գնացել էր մեր տնից անվերադարձ, էլ չէր դառնալու,- ասում է երգը:

Կկարծեմ, որ մի բան իմ մեջ կանգ առավ 7 տարեկանիս: Հիմա ես 87 տարեկան եմ: Ինչո՞ւ եմ ասում. որովհետեւ տեսնում եմ կրկնվող մի երազ, որը տեսել եմ մի քանի տարին մեկ, մինչեւ ծերություն: Նույն երազը: Երազիս մեջ ես հորս ծունկին, հայրսՙ նույն գլխարկը գլխին: Եվ ես միշտ լաց եմ եղել երազումս: Մի անգամ միայն լաց չեմ եղել, զարթնել եմ: Եվ ես ինձ ասացի, որ ուրեմն արդեն երախա չեմ, բայցՙ ոչ: Հաջորդ անգամ նորից նույն երազն էր: Ներեցեք, ես ուզում էի ուրիշ բան պատմել հորս մասին, որը կապ ունի այս գրության շարունակության հետ, բայց, կներեք, այսպես ստացվեց:

Նպատակ չունեմ կենսագրությունս պատմելու: Միայն ասեմ, որ ես հորս մահվանից ընդամենը երկու տարի առաջ սկսել էի դպրոց հաճախել: Հայրս էր ինձ տարել եւ արձանագրել Ալեքսանդրիայում համբավավոր «Սքոչ Սքուլ» անգլիական դպրոցը: Եվ հորս մահով ընդհատվեց անգլիական ուսումս: Սկսեցի հաճախել հայկական դպրոց, ուր ուսանելը անվճար էր աղքատ ընտանիքի երախաներու համար, իսկ մեր ընտանիքը այդ ժամանակ շատ աղքատ էր: Եվ ավելի ուշ, երբ խելքս հասնում էր, սկսեցի անդրադառնալ այն հարցին, թե ինչո՞ւ հայրս, որ հայկական կրթություն ուներ եւ տիրապետում էր հայերեն լեզվին...

Այստեղ նշեմ, որ այնթապցիները ընդհանրապես թրքախոս էին, նույնիսկ հայերեն գիտցողները թրքախոս էին: (Մի ժամանակ Այնթապի քաղաքապետ եղել էր մի վայրագ ենիչերիՙ հայերեն խոսողներու լեզվի ծայրը կտրել էր տվել): Տատս հայերեն չէր խոսում: Մայրս ավելի շատ թրքախոս էր, հայկական դպրոց մի երկու տարի հաճախել էր իր ծննդավայրում: Գրաճանաչ էր, բայց կարդում էր հայերեն տառերով թրքերենի թարգմանված Աստվածաշունչը. քանի որ հավատացյալ էր, ամեն օր կարդում էր Աստվածաշունչը:

Եվ այսպես, հայրս, որ ուներ «մի անուշ ձայն», մանկությանը եկեղեցում դպիր էր եղել, մի օր իր դիմացը գետնին նստեցրեց մեզՙ քրոջս, ինձ եւ եղբորս սորվեցուց Կոմիտաս վարդապետի «Կռունկը» (Ուստի՞ կուգաս...) եւ «Կանչե, կռունկ»:

Ինչո՞ւ գետին նստած. որովհետեւ մեր տանը հակառակ մեր ունեցած եվրոպական ձեւի կահ-կարասիին, նախընտրում էին գետնին նստած ծալապատիկ հանգստանալ եւ ճաշել (Երկրի կարո՞տ):

Հետագայում մայրս ինձ պատմել է հորս իրեն ըսածը, որ եթե մեր տանը գտնվող հաստափոր երգարանը կորչի, ինքը կարող է այդ երգարանը նորից գրել:

Եվ ահավասիկՙ հարց: Իսկ ինչո՞ւ ինձՙ իր անդրանիկ մանչ զավակին, փոխանակ հայկական դպրոց ուղարկելու, արձանագրել էր անգլիական դպրոց: Ինձ համար ավելի ուշ անշուշտ, բացատրությունը պարզ էր: Հորս, 16 տարեկանին Այնթապի «Աթենական» հայկական դպրոցը ավարտած, ուղարկել էին Միացյալ Նահանգներ, 1896 թվին, Կիլիկիայում եւ Այնթապում հայերու կոտորածից հետո, իբրեւ տան միակ պատանի արու զավակի կյանքը վտանգից հեռու պահելու համար: Դրանից հետո հայրս 18 տարի ապրել էր Միացյալ Նահանգներում եւ 1913 թվականին եկել էր հայրենիքին ավելի մոտ մի վայրում ապրելուՙ Եգիպտոսում: Իմացել եմ նաեւ, որ մասնակից էր եղել Օսմանյան կայսրությունում «ազգային ազատագրության» մասին մտածող խմբակցության մըՙ կամ կուսակցությանը մը: Եվ ահավասիկ, ինչո՞ւ այդ հայը իր զավակը չէր ուղարկում հայկական դպրոցում սովորելու: Պատասխանը դժվար չէ գտնել: Հայրս արդեն հույս չուներ անկախ հայրենիքի մը հնարավորության, եւ մանավանդ, երբ «փոքր դաշնակիցը» մեծ դաշնակիցներու կողմից դավաճանաբար ուրացվել եւ լքվել էր 1919 թ. Փարիզի վեհաժողովից հետո, որուն հաջորդել էր Առաջին հանրապետության կործանումը: Հայրս սկսել էր մտածել, որ իր զավակը դատապարտված է ապրելու անհայրենիքության կյանքով եւ ուրեմն իր գոյությունը պաշտպանելու համար, գոյության պայքարի մեջ մանավանդ պետք ունի օտար լեզու մը սորվելու, օտար կրթության: Եվ այսպես, Ցեղասպանությունը շարունակում էր հետապնդել ողջ մնացած հայերը: Ես, վստահաբար, դառնալու էի անգլիացի: Հայերեն լեզուն չիմացողը ինչպե՞ս կարող է ըլլալ հայ: Վերջը հորս մահով ընդհատվեց իմ կրթությունս անգլիական դպրոցում: Սկսեցի հաճախել հայկական դպրոց: Չորս տարի անց, 11 տարեկանիս, այս անգամ բաժանվելով մորիցս, քրոջմես եւ եղբորմես, մեր մյուս ազգականներեն, արդեն սովորում էի Կիպրոսումՙ Մելգոնյան կրթական հաստատությունում, որ ավելի կարճ հիշվում էր իբրեւ որբանոց: Շնորհիվ ազգային բարերարներ Կարապետ եւ Գրիգոր Մելգոնյան եղբայրներու, որոնք իրենց հարստությունը նվիրեցին իրենց ազգակիցներուն, կառուցվել էր գիշերօթիկ երկսեռ դպրոցՙ պաշտպանելու համար անպաշտպան մնացած հայ մանուկները եւ պատանիները, չէ՞ որ նրանք մեր սուրբ նահատակներու մասունքներն էին, եւ մանավանդ հայ դաստիարակելու համար: Իբրեւ, ահավասիկ, պատասխան թուրք ոճրագործներուն: Ուրիշ ձեւ չկա՛: Թուրքը պետք է տեսնի, որ հայը գոյություն ունի եւ անպատասխան չի թողնելու իրեն հանդեպ կատարված ոճրագործությունը: Մեր գոյության նպատակը, նույնիսկ եթե մարդկության պատմության «կարմիր գիրքին» մեջ է արդեն հայ ազգը, հայուն վերջին գործը մինչեւ վերջ պետք է ըլլա թուրքին խփելը: Հարվածել թուրքին: Ապրելՙ թուրքին հարվածելու համար: Ֆիզիկական բռնությունը միջոցներեն մեկն է ընդամենը, պետք է որ գտնվին ուրիշ ձեւեր ալ, անդադար հիշեցնող թուրքին, որ մենք կանք եւ լինելու ենք:

Ցեղասպանության մասին առաջին անգամ իմացել եմ, երբ մանուկ էի, երեւի հազիվ 10 տարեկան: Մի անգամ ներկա եմ եղել մի հավաքի Ալեքսանդրիայում, սրահի մը մեջ, ուր հավաքվել էին հարյուրավոր հայեր: Բանախոսներ ելույթ էին ունենում: Բոլոր հավաքվածները շատ տխուր էին եւ ընկճված: Բան չէի հասկանում: Հավաքում տիրող մթնոլորտը շատ ճնշիչ էր, ուզում էի հեռանալ այնտեղից: Չէի հասկանումՙ ինչի՞ մասին էին խոսում ելույթ ունեցողները, բայց մասնակիցները շա՜տ տխուր էին եւ հուզված... Եվ մինչ օրս չեմ մոռանում այդ հավաքը: Կկարծեմ, որ այդ օրը ապրիլի 24-ն էր: 1915 թ. ապրիլի 24-ի հայոց ցեղասպանության 18-ամյակի օրը: Հայերը չէին մոռանում մարդակերպ թուրք կոչված ճիվաղին ոճիրը: 10 տարեկան երախան ինչպե՞ս իմանար սպանել բառը: Տանը երբեմն հիշվում էր «սեֆերպերլիք» (թուրք. զորահավաք) բառը: Այդքան: Մելգոնյան կրթական հաստատությունում էլ չեմ հիշում, որ հատուկ նշվեր Ապրիլի 24-ը: Հավանաբար զգուշանալով անգլիացի կուսակալի (թուրքերու դաշնակից) հատուկ ուշադրությանը արժանանալուց (Կիպրոսը իմպերիալիստական Անգլիայի գաղութն էր այդ տարիներուն) եւ դպրոցի գոյությունը չվտանգելու համար: Արտասանվում էինՙ թուրք, եղեռն, Ապրիլ 24, 1915 թվականՙ բառեր, որոնք խարանվում էին հիշողությանս մեջ: Վերջը անհնար էր, որ հայ մարդը, ուր ալ որ ըլլար, մի օր իր կյանքի ընթացքին պիտի լսեր «եղեռն» բառը «թուրք» բառի հետ կապված, այն, ինչ որ եղել է 1915 թվականին, երբ մի քանի ամսում պետություն մը (թուրքական պետությունը) իր զինյալ ուժերով եւ նաեւ հավաքագրված ոճրագործ հրոսակախմբեր ալ միասին իրեն հպատակ մեկ ու կես միլիոն անմեղ քաղաքացիներ արմատախիլ անելով հազարամյա իր բնօրրանեն կոտորում եւ ոչնչացնում էՙ չխնայելով ոչ մոր արգանդին մեջ եղող երախային, ոչ ալ մահամերձ զառամյալ ծերունուն: Չեմ կարծում, որ նորմալ որեւէ մարդ արարած կրնար ըմբռնել եղածը: Կատարվածը որակելու համար նոր բառ պետք է որ ստեղծեն լեզվաբանները: Ոճիր բառը այս պարագային չի համապատասխանում իրականության:

Ինչ որ է, այսօր գիտենք, եթե հետաքրքրված ենք մեր ժողովուրդի պատմությամբ, որ թրքահայ, արեւմտահայ կոչեցյալ մարդու տեսակը արդեն գոյություն չունի Երկիր մոլորակի վրա: Սփյուռք բառն ալ ստեղծվել է 1915 թվականի եղեռնից հետո: Այդ բառը ավելի շուտ վերացական բառ մըն էր: Այդ բառն այսօր իրական է, շատ որոշակի նշանակությամբ: Սփյուռք այսօր նշանակում է արեւմտահայերու գերեզմանոց: Համենայն դեպս, նրանք մեռան, երբ տակավին հայեր էին: Շեղվեցի բուն ըսելիքես: (Հիմակվա արտերկրում հայերին ի՞նչ պիտի կոչել, չեմ գիտեր: Սփյուռքի նախարարը երեւի այդ հարցի պատասխանը ունի):

Թեեւ ժամանակավրեպ պատմություն է, իր ժամանակին մարդասպան Թալեաթը հայտարարել էր ցինիկաբար (անշուշտ, շատ թույլ բառ), որ հայերու մնացորդացը դեռ 50 տարի ուշքի չի գալու... Ասում են, որ շատ խելացի էր, անշուշտ շատ բաներ բոլորից լավ գիտեր, բայց մի բան հաստատ չգիտերՙ որ իր արհամարհած հայերը ինչ էին բերելու իր գլխին...

Անշուշտ, 600 տարի պետականությունը կորցնելե վերջ մեզի պիտի վիճակվեր ստրուկի արժանի վախճան: Վերջը ստրկատերը իր «խանչալը» պիտի քաշեր եւ մորթեր: Թուրքերը իրականացրին իրենց երազը: Սոսկալի իրողությունը այն է, որ մի քանի հարյուր... մի քանին շա՜տ է... այսօր Սիրիա-Լիբանան ապրող եղեռնից փրկվածներու սերունդներից բացի, արեւմտահայությունը չկա, վերացել է վերջնականապես: Մի կես դար էլ, եւ արեւմտահայերից կմնան միայն շիրմաքարեր: Ես այստեղ խոսում եմ արեւմտահայության պատմության մասին, եւ քանի որ հայերը կան եւ նույնիսկ արդեն արեւմտահայեր կամ արեւելահայեր չեն, այլ պարզապես հայեր, նորանկախ Հայաստանի ազատ քաղաքացիներ, եւ ես ալ նրանցից մեկը, հիշում եմ մեր դժբախտ ազգի իմ ժամանակի պատմությունը եւ ես ինձ հարց եմ տալիսՙ 1915 թվականի հայոց գլխին եկած այդ աղետեն հետո ի՞նչ եղավ... Մի՞թե դահիճ Թալեաթը ճիշտ էր. հայերը 50 տարի ուշքի չէի՞ն գալու եւ ոճիրին չէ՞ր հաջորդելու պատիժը: Հազարամյակներու ընթացքին հայերը շատ հարվածներ էին ընդունել, շատ անգամներ հայոց օջախները քանդվել էին, բայց 20-րդ դարու հայերուն ստացած հարվածները մահացու էին: Հարվածներու նպատակը արդեն հայ ցեղը ընդմիշտ բնաջնջելն էր: Եվ մի՞թե ամբողջ ազգ մը, ցեղ մը սպանողները անպատիժ պիտի մնային: Ո՜հ, ո՜չ եւ ոչ: Բայց ո՞վ պիտի պատժեր այդ ոճրագործները: Ո՞ւր էր այդ դատարանը: Այդ դատարանը ո՞ւր էր գտնվում, որ պիտի ձերբակալեր, դատեր եւ պատժեր այդ հանցագործները: Այդ սոսկալի կորուստներեն վերջ վերջապես գտնվեցին մի քանի հայորդիներ, որոնք հասկացան, որ այստեղ արդեն օտարը գործ չունի, այստեղ օտարին պիտի թույլ չտալ մոտենալու եւ խառնվելու մեր գործերուն: Հայը չուներ պետություն, չուներ բանակներ, եւ հայը առաջին անգամ հասկացավ, հազար տարիներե ի վեր, որ մարդկային արդարությունը փուչ խոսք է, կա հայկական արդարություն, որ եթե իր դատարանով եւ իր ձեռքով չպատժի իր թշնամիին, մարդկության դեմ հանցանք գործողներին, ուրեմն հայը արդեն գոյություն չունի, գոյություն ունենալու իրավունք ալ չունի:

Վերջերս մանավանդ մտածում էի, որ 20-րդ դարուն, արեւմտահայության հատկապես կործանումի այդ դարուն իրենց գոյությունը շարունակող հայերը, այդ ահավոր ոճրագործության զոհերը, զոհերու սերունդները ի՞նչ վերաբերմունք ունեցան թուրքին հանդեպ, համենայն դեպս իրենց կարելիություններու սահմաններում: Մի բան արեցի՞ն թուրքին ըրածին ի պատասխան: (Ես այս բաները գրում եմՙ հիշեցնելու կամ իմացնելու 20-րդ դարու մեր պատմությունը հայրենակիցներու, որոնք չեն գիտեր կամ էլ սկսել են մոռանալ մերՙ իրենց նախնիներու մասին...): Այո, անշուշտ, արեցին: Գոնե երկու անգամ հայերը ցույց տվին թուրքերուն, որ մենք կանք, եւ որքան ատեն որ կանք, չենք մոռանալու մեզի հանդեպ իրենց գործած ոճիրը եւ իրենց հիշեցնելու ենք: Եթե հայը մեռնելու էր, մեռնելուց առաջ չէ՞ր երգելու իր կարապի երգը: (Նահանջը առանց երգիՙ Շ. Շահնուր): Եվ, ահավասիկ, առաջինը:

Կա եւ երկրորդը: Դարավոր ստրկութենե վերջ երբ մեզի վիճակվեց ստրուկի վախճանը, (արեւմտահայերը) վերապրողներեն) մի խումբ առաջին անգամ հասկացել էր, որ օտարից «օգնություն» խնդրելը բնավ փրկություն չի բերում հայուն: Որ հայու փրկությունը օտարին մոտ չթողնելն է մեր գործերուն... Եվ, համենայն դեպս վստահ կարող ենք ասել, որ մեր ամբողջ պատմության ընթացքին հայուն գործած ամենա«հիշատակվելու, գրվելու արժանի գործը» կատարվեց 20-րդ դարուն: Երբ արդեն կատարվել էր Աղետը, Տեր Զորի դժոխքում այրվել էր գրեթե ամբողջ թրքահպատակ հայությունը եւ արմատախիլ արվել իր հազարամյա բնօրրանից, երբ մարդկության դեմ գործված մեծագույն ոճրագործության, մարդ ճիվաղի գործած առաջին ցեղասպանության հեղինակները իրենց համար հանգիստ ապրում էինՙ փորձելով մարսել իրենց կերածը (ինչ անուն ուզում եք տվեք): Մեկ էլ Բեռլինի մի փողոցում ատրճանակից սուրաց մի կապար, եւ մարդկության դեմ հանցավոր մեծագույն ոճրագործըՙ Թալեաթ կոչեցյալ ճիվաղը փռվեց գետնին, իր գարշելի արյունով ներկեց ոչ պակաս պիղծ Բեռլին քաղաքի այդ փողոցը:

Թեեւ լուրը անմիջապես տարածվեց մոլորակով մեկ, բայց մարդկությունը չէր իմանում ամենակարեւորը, որ գոյություն ունի մի դատարան, որ ստեղծված է ցեղասպաններուն եւ մարդկության դեմ ոճիր գործողներուն բռնելու, ձերբակալելու, դատելու եւ պատժելու համար: Ահավասիկ, ընթերցողս, մարդկության պատմության մեջ, այսպես ասած, մարդկության դեմ առաջին ոճիրներ գործած պետական այրերը հռչակող «առաջին» դատարանից` Նյուրնբերգի դատարանից քառորդ դար առաջ, մի քանի հայեր, չունենալով ոչ պետություն, ոչ ալ բանակներ, ստեղծեցին այդ դատարանը: Եվ քանի որ այժմ մարդկությունը չի իմանում «Նեմեսիսի» խումբի մասին եւ գիտի Նյուրնբերգի դատարանի մասին, արժի, որ իմանանք, թե այդ մասին ինչ է գրում Սովետական հանրագիտարանը: Դա ի՞նչ դատարան էր: Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին ստեղծված Նյուրնբերգյան դատարանին նախորդը: «Դատավարություն ընդդեմ Երկրորդ համաշխարհային պատերազմի գլխավոր հանցագործների (20 նոյեմբերի 1945 թ. 1 հոկտեմբերի 1946 թ., Նյուրնբերգ). Նյուրնբերգյան դատարանը մարդկությանն ուղղված հանցագործությունների համար պետության ղեկը տնօրինողների նկատմամբ պատմության մեջ առաջին դատավարությունն էր: Միջազգային ռազմական տրիբունալի դատին էին հանձնվել նացիստական (իմա` իթթիհատական - Հ. Հ.) Գերմանիայի պարագլուխները: Ռազմագերիներին, խաղաղ բնակիչներին սպանելու եւ տանջահարելու, հասարակական եւ մասնավոր սեփականությունը հափշտակելու, ստրկական աշխատանքը վերահաստատելու, ժողովուրդների բնաջնջման փորձ եւ այլ հանցագործություններ կատարելու համար»: Անշուշտ, Հայկական սովետական հանրագիտարանում խոսք չկա մեր «Նեմեսիսի» մասին: Ոչինչ: Այս բաները ինչո՞ւ եմ գրում, եթե ոչ «Նեմեսիսը» հիշելու համար: Կարդալով Նյուրնբերգի մասին` բնական չէ՞, որ հարց տանք, թե ինչպես եղավ, որ 1918-ին, Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին ռազմական տրիբունալ չստեղծվեցՙ դատելու համար իթթիհատական (թուրք) կուսակցության պարագլուխները, երբ որ ոչ մի տարբերություն չենք գտնի Հիտլերի եւ Թալեաթի կատարած ոճիրներուն եւ հանցագործություններուն միջեւ:

Թվում էր, որ հայերուն երգը երգված էր, ստորացված ֆիզիկապես եւ բարոյապես, լքված մարդկութենեն եւ աստվածներեն: Դարերով օտար պետություններու լուծի տակ ստրկացածՙ կարծեք մեզ ալ մնում էր ընդունել, որ հայերը ապրելու իրավունք չունին այլեւսՙ անտեսված բոլորից: Եվ անշուշտ, այս նախճիրից հետո, երբ թվում էր, որ ամեն ինչ եղել ավարտվել էր եւ պատմության այդ սեւ էջը պետք է շրջել: Օսմանցի թուրքը իրականացրել էր իր դարավոր երազըՙ հայ հողը մաքրել հայերից, արմատախիլ անել, ոչնչացնել հայը, փոշիացնել եւ ցրել աշխարհով մեկ: Վերջապես թուրքերին ինքնահաստատման, իր էության դրսեւորմամբ մարդկային մեծ ընտանիքին ներկայանալու դարավոր երազը իրականացավ, մարդկության մեծ ընտանիքին մեջ տիրացավ իր արժանի տեղինՙ ինքը առաջին ցեղասպանն էր: Եվ իր «մեծ» մարդըՙ մարդասպան Մուսթաֆա Քեմալ փաշան ի լուր աշխարհին կարող էր հայտարարելՙ «երանի նրան, որ ասում է, թե ինքը թուրք է...»: (Հիմա արդեն շուտով գրկաբաց կընդունվի Եվրոպայի միությունում):

Խավարը պատել էր Հայոց աշխարհը: Հայուն համար արեւը մայր մտավ: Թուրքերը կրնային կարծել, որ գրվել եւ փակվել էր հնամյա հայ ազգի պատմության վերջին էջը: Հարվածը մահացու էր: Բայց հայը, գետնին փռված, դեռ շնչում էր, բայց արդեն մահաքունի մեջ: Լքված, մոռացված: Այսուհանդերձ, հայուն վերջը տակավին չէր եկել եւ, ինչպես ժողովուրդն է ասում, վերեւում Աստված կար: Ի՞նչ մեղքս պահեմ, հավատում եմ աստվածներուն, որոնց աչքից ոչ մի բան չի վրիպում: Եվ հետեւում են մարդկանց: Եվ ահավասիկ, բարեգութ աստվածուհին մոտեցավ եւ մահաքունի մեջ փռված հայուն ճակատը շոյեց: Նեմեսիսն էր, սիրելի հայրենակից, այդ բարեգութ աստվածուհին: Եվ կատարվեց հայուն հոգեդարձը: Հայը աչքերը բացեց եւ ոտքի կանգնեց: Եվ այնժամ հայը, դարերե ի վեր առաջին անգամ, հասկացավ, որ մեռնիլ կա եւ մեռնիլ էլ: Հեռանալ այս աշխարհեն առանց գոնե երգելու իր վերջին երգըՙ դա արդեն աններելի էր... Մի՞թե հայը չուներ իր կարապի երգը... Մի՞թե հայը մինչեւ 1915 թվականը արդեն մահացել էր... Մի՞թե մեր Պատմահայրը սխալ էր: Մի՞թե Մայր Հայաստանը դադարել էր քաջեր ծնելուց: Անշուշտ որ հայը խոտ չէր: Անշուշտ որ հայը գործել էր եւ տակավին կարող էր գործել քաջության գործերՙ «գրվելու, հիշատակության արժանի»:

Դարավոր ստրկությունը, հանդուրժողությունը, ամեն տեսակ ստորացումներու համակերպիլը հայուն վերածել էր ընտանի կենդանիիՙ պատրաստ տարվելու սպանդանոց: Բայց պարզվեց, որ մի բանՙ վերջինը իր ունեցածից, մնում էր անեղծՙ իր արժանապատվությունը: Եթե հայը ուզում էր ապրիլ իբրեւ հայ, եկել էր հայուն աստեղային ժամը: Հայը վերջապես գլխի էր ընկնում, որ եթե իր դեմ հանցանք գործողինՙ հանցագործին, ինքը իր ձեռքով, իր ուժերով եւ միմիայն իր ուժերով չի պատժելու, ուրեմն ինքը այլեւս իրավունք չունի ապրելու իբրեւ հայ: Հայը գիտակցեց, որ առիթը ներկայացել է կատարելու իր առաքելությունը: Հայը գործելու էր իր մեծագույն քաջագործությունըՙ «հիշվելու եւ գրվելու արժանի»: Ոչ միայն հայերեն լեզվովՙ այլ մարդուն ստեղծած բոլոր լեզուներով: Հայը առաջինը պիտի ըլլար պատժողը մարդկության դեմ հանցանք գործածներին, 20-րդ դարու առաջին ցեղասպաններին, մարդակեր իթթիհատական կուսակցության ղեկավարներին: Հայերը ոչ բանակներ ունեին, ոչ պետություն, բայց եւ այնպես օգնության կարիքը ունեին, եւ այդ օգնողը հայտնվեց առանց որ իրեն լուր ուղարկենք: Աստվածուհին մեզ գիտեր դեռ հելլեններու ժամանակեն եւ մեզ հիշեց, եւ գիտեր, որ իր կարիքը շատ ունեինք: Հայերը ոչ թե միայն պետք էր որ պատժեին իրենց դահիճները, այլ մանավանդ պիտի հաստատեին խարխլված արդարությունը: Ոչ միայն իրենց, այլ համայն մարդկության համար: Մարդիկ հաճախ ասում ենՙ արդարություն չկա, սո՛ւտ է: Բայց արդարության հաստատման համար պայքարողներ եղել են եւ լինելու են, որքան ատեն որ մարդ արարածը գոյություն ունի Երկիր մոլորակի վրա:

Կորցնելու ժամանակ չկար, եւ աստվածուհի Նեմեսիսը ընտրեց իր սաները արեւմտահայերից: Շահան Նաթալին նշանակվեց այդ «հրանման հոգիներու» առաջնորդը:

Մարդակերպ թուրք զազրելի ցեղը ծնել էր մարդասպաններու մի նոր տեսակ, մինչ այդ մարդկության անծանոթ, որոնք սպանել էին ամբողջ մի ցեղ: Եվ ահավասիկ այս անգամ էլ հայ կոչվող ցեղից մի խումբ որոշեց, որ պետք էր ստեղծվեր մի նոր տեսակի դատարան եւ պատժեր այդ ցեղասպան կոչվող ճիվաղներին: Եվ արդարադատության այդ Նեմեսիսի դատարանը հայ ազգի մեծագույն ավանդն էր մարդասիրության պաշտպանության մեջ: Այստեղ գործ չուներ նույնիսկ ահաբեկչությունը եւ ոչ ալ կեղտոտ քաղաքականություն ըսվածը: Այստեղ գործում էhg խիղճը եւ արժանապատվությունը: Այստեղ արդարադատության նորարարները զոհերն էին: Այստեղ ոչ դատաստանագիրք կար, ո-չ պետություն, ո-չ բանակ, ո-չ ոստիկանություն, ո-չ դատարանի շենք: Այստեղ օրենսգիրքը չէր դատողը: Այստեղ դատավորը խիղճն էր, բարոյականությունը: Այստեղ ղեկավարը մարմինը չէր, նյութը չէր, հոգին էր, հոգեւորը :

  Փոքր ազգ մը ցույց տվեց, որ փոքրից գրեթե ամեն ինչ հնարավոր է խլել ուժով, բացի արժանապատվությունից: Ոչ, այստեղ հայը չի «հաղթում բարոյապես»: Այստեղ բարոյականությունն է հաղթում: Ուզում եք հավատացեք ըսածիս, ուզում եք ինձ տկարամիտ կոչեք. եթե մի հուշարձան պետք է դրվի մեր նորանկախ հանրապետությունում, դա էլ պետք է որ ըլլա «Նեմեսիսին» նվիրված հուշարձանը: Որովհետեւ «Նեմեսիսի» քաջերուն սխրագործությունը մեռնող արեւմտահայության կարապի երգը եղավ, օրորոցայինը եղավ Տեր Զորի ավազներուն տակ քնացող մեկ ու կես միլիոն հայ նահատակներու համար:

Այստեղ հիշեցի արեւմտահայ մեծագույն բանաստեղծին խոսքը, նույնիսկ «Նեմեսիսի» ստեղծումից առաջ գրվածՙ 1918 թ.

ՀՊԱՐՏՈՒԹԻՒՆ

Կարենալու համար ապրիլ այսուհետեւ,

Օդի, ջուրի, հացի նըման

Մենք պէտք ունինք Հպարտութեան,

Պէտք ունինք, որ մեր անունն ալ սաւառնաթեւ

Երկրէ երկիր թռչի երթայ,

Հնչեցընել կ՚ուզենք զանիՙ

Ինչպէս շեփոր մ,երկրի վըրայ,

Կ՚ուզենք որ ան ծածանի

Ինչպէս դրօ~շ մը պայծառ.

Եւ ինչպէս ջա՛հ մը կ՚ուզենքՙ

Որ ան ըլլայ բոցավառ.

Եւ ինչպէս զէ՛նքՙ

Մը պատկառանք ազդէ եւ ահ,

Եւ իբրեւ գո՛րծ մ,արուեստիՙ

Ըլլայ հանուրց պաշտելի

Եւ ըլլայ անմա՛հ...

Եվ այսպես Նեմեսիսի դատարանը որոնեց հանցագործները, գտավ եւ իրենց որջերից դուրս քաշեց եւ ի կատար ածեց դատարանի որոշումըՙ մահապատիժ հանցագործներին: «Նեմեսիսի» հերոսները իրենց գործը կատարեցին անթերի: Նրանք հայ հոգու լուսավորիչներն են: Նրանք հայ ազգի ուսուցիչներն են: Նրանք ոչ միայն պատժեցին մեր ազգի դահիճներին, այլ նաեւ իրենց գործով մեզի թողեցին շատ ավելի կարեւորըՙ մեզի թողեցին մի պատգամ, ավելի ճիշտըՙ մի «ազգային գաղափարախոսություն»: Դա գիր չէ, ոչ ալ գիրք: Դա գործ է: Ապրիլ է: Կյանք է: Նրանք իրենց ապրած կյանքի օրինակով մեզի պատգամեցին երբեք չդիմել, չխնդրել օտարի օգնությունը, երբեք օտարին մոտ չթողնել քիթը կոխելու մեր գործերուն մեջ, մանավանդ մեր եւ մեր թշնամիներուն արանքը մտնել... Գործել մեր ուժերու եւ կարողության սահմաններում, եւ աշխատել զորանալ անդադար... Այստեղ ֆրանսիացին ասում էՙ «հասկացողին ողջույն»: Մյուս առածն ալ հիշենք. «ամենաանբուժելի խուլը նա է, ով չի ուզում լսել»: Իսկ մենք լսեցի՞նք մեր հերոսներու պատգամը...

Ինչո՞ւ եմ գրում այս բաները: Պարզապես դարդերս եմ պատմում: Չհիշե՞մ, մոռանա՞մ... Կարելի՞ է մոռանալ 1946-1947 թվականները, արեւմտահայերու հայրենադարձությունը: Ավելի լավ ինչպե՞ս կարելի էր հակազդել 1915 թվականի ցեղասպանությանը, եղեռնից հազիվ 30 տարի անց, երբ սփյուռքում, տարբեր երկիրներում հայերը պատվավոր կերպով իրենց գոյությունը պահում էին իրենց բարոյականությամբ, իրենց աշխատասիրությամբ, իրենց հալալ ստեղծագործ աշխատանքով, թվում էր թե արդեն իրենց վերքերըՙ ֆիզիկական եւ հոգեկան, սպիանում են, եւ Ամերիկայից մինչեւ Միջագետք արդեն հայերուն հաջողվել էր իրենց ֆիզիկական գոյությունը ապահովել: Բայց չէ՞ որ մարդը միայն մարմին չէ, այլ նաեւ հոգի: Արեւմտահայը ինչպե՞ս կարող էր մոռանալ իր նահատակ եղբայրներին եւ քույրերին: Հայը ինչպե՞ս կարող էր բավարարվել միայն նյութով, հապա Արարատը, Էջմիածինը, Երեւանը, Սեւանը... Ինչպե՞ս կարող էր մոռնալ...

Հայաստան, երկիր դրախտավայր,

Դու մարդկային ցեղի օրրան,

Դու եւ բնիկ իմ հայրենիք,

Հայաստա՜ն, Հայաստա՜ն...

Եվ վերջապես արեւմտահայության աստեղային ժամն էր հնչում: Խ. Հայաստանը ընդունում էր «գրկաբաց» իր հարազատներին: Ի՜նչ խանդավառության օրեր էին: Արեւմտահայության մնացորդացը կարծեք վերածնվել էր: Ետեւում էին մնացել տխրության օրերը, սուգի օրերը: Արեւ էր ծագել հայ ժողովուրդի գլխին: Մի քանի օր եւ արդեն հայերը ազատվում էին օտարությունից, օտարության մղձավանջից, օտարության միօրինակ հեղձուցիչ օդից: Հայրենիքում, միայն հայրենիքում կար գարունը, ամառը, աշունը, ձմեռը, հետո նորից գալու էր գարունը... եւ այդպեսՙ մահ չկա, հայրենիքում մարդիկ չեն մեռնում, հայրենիքում կյանքն է միշտ...

Երեւի ճակատագրին դեմ գնալը անկարելի է, ճակատագրի հետ խաղ չկա... Խեղճ արեւմտահայ, վռնդվել ես քու բնօրրանեդ, դուն սփյուռքահայ ես այլեւս, քու ճակատագիրն այդպես է գրված: Դու կորցրել ես քու հայրենիքդ, դուն պիտի ապրիս եւ մեռնիս հայրենիքեդ դուրս: Խեղճ արեւմտահայ, քու հայրենիքի եղբայրներդ քեզ ինչո՞ւ էին կանչում... որպեսզի Սիբի՞ր աքսորեն քեզ, ախպա՞ր ասեն, ախմա՞խ ասեն, քեզ ԿաԳեԲե՞ տանեն-բերեն: Ավելի ստոր եւ դաժան վերաբերմունք արեւմտահայերը տեսել էին թուրքերից, եւ հիմա Խ. Հայաստանը, Մոսկվան ավարտում էին, Ստալինը եւ Բերիան ավարտում էին Համիդի եւ Թալեաթի սկսած գործը...

Թուրքերը տեսան 1946-47-ին Բոսֆորից անցնող սովետական նավերը, որոնք իրենց նախկին զոհերու եւ զոհերուն սերունդները տեղափոխում էին Խ. Հայաստան: Բայց իրենց երկինքով Ամերիկաՙ ուելֆերի ետեւից թռչողներին էլ են տեսնում: Իսկ մեր պետքն էլ չէ, թե որքան մարդ է փախչում հայրենիքից: Է՜հ, այդ հայրենիք բառն ալ կարծեք կորցրել է իր իմաստը....

Է՜հ, փառք Աստուծո, Հայաստան երկիրը կա: Կա 3-րդ հանրապետությունը: Հայ ազգն ալ կա: Էլ ի՞նչ ենք ուզում...

Ես ալ շուտով այս աշխարհեն հեռացող վերջին արեւմտահայերեն չե՞մ:


Նկար 1. Շահան Նաթալի

Նկար 2. Սողոմոն Թեհլերյան

Նկար 3. Արշավիր Շիրակյան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4