ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#7, 2009-08-01 | #8, 2009-08-29 | #9, 2009-09-12


ԲԱՐԲԱՌԱՅԻՆ ԷՔՍՊԱՆՍԻԱ ԿԱՄՙ ԳՐԱԿԱՆ ՀԱՅԵՐԵՆԸ ՄԵՌՆՈՒՄ Է

ԼԵՎՈՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Որտե՞ղ է ապրում որեւէ գրական լեզու: Անշուշտ, նախ` գրավոր խոսքում` գրականություն, մամուլ: Բայց գրական լեզուն կենդանանում է մարդկային շփումների, ուղղակի հաղորդակցման ժամանակ, եւ այս առումով, ահա, ռադիոն ու հեռուստատեսությունն այն «վայրն» են, որտեղ գրական լեզուն կենդանի շնչում է: Հետեւաբար չափազանց կարեւոր է, թե ինչպես է «շնչում» մեր լեզուն հատկապես հեռուստաեթերում: Հեռուստաեթերում` հատկապես, որովհետեւ գրականություն ընթերցողների թիվն այսօր շեշտակիորեն նվազել է` գիրք կարդում է հարյուրից տասը, ռադիո լսում է հարյուրից տասը, իսկ ահա հեռուստացույց դիտում են բոլորը: Ուրեմն մեր գիտակցության մեջ մայրենի լեզուն «վառ պահողը» հեռուստատեսությունն է: Բայց այն մեզ ամեն օր եւ ամեն ժամ մատուցում է գրակա՞ն հայերեն: Դժբախտաբար` ոչ: Մեզ մատուցվածը կարող է կոչվել ամեն ինչ` ժարգոն, բարբառ, հայհոյախոսություն, բայց ոչ գրական հայերեն: Ավելի ստույգ` հեռուստատեսությամբ մեզ մատուցվողը բարբառ է` Արարատյան բարբառը, որ վաղուց միտում է դառնալու նոր գրական լեզու: Այս բարբառի` համահայկական հաղորդակցման լեզու դառնալու եւ գրականանալու միտումները զորեղանում են այն հանգամանքով, որ այն մայրաքաղաքային-էլիտար բարբառ է, դրանով հաղորդակցվում են հասարակության ոչ միայն ներքին եւ միջին շերտերը, որ ինքնին հասկանալի է, այլ նաեւ այսպես կոչված վերնախավը` քաղաքական, մշակութային, գիտական:

Վաղուց ակնհայտ է, որ հեռուստաեթերից (սերիալներ, ժամանցային ծրագրեր) հնչող հայերեն խոսքն օրեցօր հագենում է Արարատյան բարբառին, մասնավորապես Երեւանի խոսվածքին հատուկ բառերով, արտահայտություններով, քերականական իրողություններով: Ականջի համար այլեւս սովորական են «ըսենց», «ըտենց», «ընենց», «էս յան», «էն յան», բազմաթիվ այլ բարբառային ձեւեր: Փաստարկելու համար, որ այսօր գրական հայերենին սպառնացողը հենց Արարատյան (Երեւանի) բարբառն է, մի քանի համեմատություն անենք: Վերոբերյալ «ըսենց», «ըտենց», «ընենց» բառերը վաղուց արդեն չեն գիտակցվում իբրեւ բարբառային, դրա փոխարեն` եթե որեւէ մեկն իր խոսքում գործածի այդ բառերի, ասենք, Կարնո բարբառաձեւերը` Գյումրիի խոսվածքով` «ըսպես», «ըդպես», «ընպես», հնչողությամբ գրականին շատ ավելի մոտ այս ձեւերը կընկալվեն իբրեւ բարբառային, մերժելի: Ոչ լեզվաբանի համար կազմությամբ անհասկանալի «ըսենց»-ը, ուրեմն, ընդունելի է, իսկ կազմությամբ գրականի հետ նույնացող «ըսպես»-ը` անընդունելի: Եվ պատճառը մեկն է. «ըսենց»-ը գործածության ոլորտով մայրաքաղաքային բառ է, իսկ «ըսպես»-ը` գավառական: Նույնը կարելի է ասել բազմաթիվ այլ բառերի համար եւս, սակայն սահմանափակվենք եւս երկու օրինակով: Նույն Կարնո բարբառն իր տարբեր խոսվածքներում պահպանել է գրաբարյան «երթալ» բառի անխաթար ձեւը: Բայց փորձեք հնչեցնել այն որեւէ «էլիտար» միջավայրում. անմիջապես ուշադրություն կգրավեք` մատնելով խոսողիդ գավառական ծագումը: Իսկ, այ, եթե «երթալ» բառի փոխարեն գործածում եք «էթալ» ձեւը, փաստում եք, նախ, ձեր երեւանցի կամ մերձաբնակ լինելու հանգամանքը, ապա նաեւ դրանով տվյալ միջավայրում դիտվում եք յուրային: «Նոր հայերենում» շատ ակտիվ կիրառություն ունի «խի» բառը: Պատկերը նույնն է նաեւ այս դեպքում` «խի»-ն վաղուց արդեն գրական բառ է, մինչդեռ «ընչի»-ն` գռեհիկ-գավառական: Ինչու՞: Որովհետեւ «խի»-ն... երեւանցի է, «ընչի»-ն` գավառացի:

Արարատյան բարբառի հարատեւ ճնշման հետեւանքում այսօր շատ քչերն ունեն, ասենք, «ըտենց չի», «քունը չի», «մարդ չի» ձեւերի սխալ լինելու գիտակցումը: Ավելին` այս ոչ կանոնական ձեւի համընդհանուր գործածությունը ստեղծել է մի վիճակ, երբ այլեւս սխալ են դիտվում-ընկալվում ճիշտ, կանոնական ձեւերը` «այդպես չէ», «քոնը չէ», «մարդ չէ»:

Ամենուրեք, նաեւ պաշտոնական խոսքում սովորական է դարձել «ոչ մեկ» ժխտական դերանվան գործածությունը: Կանոնական հայերենն այս դերանունն ունի «ոչ մեկը» ձեւով, բայց ահա Արարատյան բարբառի ճնշմամբ «ոչ մեկ» ձեւն արագորեն մտնում է լեզվի ակտիվ բառապաշար` ընդհանրանալով եւ յուրովի հակադրվելով կանոնական ձեւին: Արարատյան բարբառով խոսողներից ոչ մեկը այսօր չի ասի` «ոչ մեկը չի կարող գնալ». այս խոսքը կհնչի «ոչ մեկ չի կարա էթա» տարբերակով` այդպիսով «ոչ մեկ» անհոդ ձեւը դարձնելով «նոր հայերենի» եւս մեկ քերականական իրողություն:

Նոր քերականական իրողություն են նաեւ «պապ» եւ «տատ» բառերի սեռական հոլովի կազմության մայրաքաղաքային ձեւերը` «պապու», «տատու»: Այս ձեւերն ընդհանրացել են վաղուց, եւ նույնքան վաղուց ոչ մի երեւանցի չի գնում տատի տուն, խոսակցին չի հեգնում` նրան պապի արեւով երդվել տալով, փոխարենը` «գնում ա տատու տուն», հեգնում է` «պապուդ արեւը»:

Կարող է թվալ, թե քերականական այս սխալ ձեւերին չարժեր այսքան նշանակություն տալ: Սակայն խնդիրն այն է, որ եթե բարբառի ամենօրյա ճնշմամբ լեզվի մեջ աննկատելի կերպով սկսում է կանոնավորվել սխալ ձեւը, ուրեմն կա հավանականություն, որ նույն բարբառը, գրական լեզվին մերելով մի քանի սխալ ձեւեր, նույնը կշարունակի ավելի հախուռն կերպով: Ուրեմն վերը թվարկված քերականական սխալների արմատավորման վտանգը նրանց նախադեպ լինելու հանգամանքի մեջ է, նախադեպ, որ հնարավորություն եւ ճանապարհ է բացում Արարատյան բարբառի հետագա էքսպանսիայի համար: Իսկ Արարատյան բարբառը, մայրաքաղաքային-էլիտար լեզու լինելով, ինչպես արդեն ասվել է, իրեն կարող է որոշակի ծավալապաշտական նկրտումներ թույլ տալ: Եվ թույլ է տալիս: Նա ոչ միայն ծավալվում է, այլեւ սկսում է հանդես գալ որպես համահայկական հաղորդակցման լեզու, հետեւաբար բացառված չէ, որ մոտ ապագայում հանդես կգա որպես նոր հայերեն:

Նոր գրական հայերեն դարձող Արարատյան բարբառը նաեւ յուրահատուկ հնչյունափոխության օրինակներ է տալիս, որոնք էլ մեր հեռուստաեթերային աստղերի հնչեցմամբ արագ օրինականանում են: «Թող գնա»-ն «նոր» գրական հայերենով հնչում է «թո էթա», իսկ «կողմ» բառը սկսել է հնչել միանագամայն նորովի` «կող»` «տատուս կողի բարեկամները»:

Մայրաքաղաքային նոր հայերենը հնչյունափոխությունից բացի ունի նաեւ հնչարտաբերման իր` գրական հայերենից տարբեր յուրահատկությունները: Երկու օրինակ` ահավասիկ: Իրեն հարգող ոչ մի երեւանցի «գդալ» բառը չի արտաբերի ավանդական հնչողությամբ. նա այդ բառն անպայման պիտի հնչեցնի «քթալ» ձեւով, հակառակ դեպքում լսողները կարող են կարծել, թե ինքը, աստված մի արասցե, ինչ-որ գավառից է: «Գդալի» ճակատագիրը կիսում է «գտնել» բառը` մայրաքաղաքային հայերենում վաղուց վերածվելով «քթնել»-ի:

Սակայն վերն ասվածը չնչին մի մասն է այն դժբախտության, որ վաղուց պատուհասել է մեր լեզվին: Խոսքը համընդհանուր` գլոբալ «ա»ացման մասին է, որին տողերիս հեղինակը անդրադարձել է քանիցս, բայց ահազանգն առայսօր հնչում է իբրեւ ձայն բարբառոյ յանապատի, եւ զանգը հնչեցնողների թիվն է անհուսորեն քիչ: Մինչդեռ համընդհանուր դարձող «ա»ախոսությունը մեծագույն վտանգ է հայոց լեզվի ոչ միայն մաքրությանը, այլեւ ավանդականությանը: Ամբողջ խնդիրն այն է, որ եթե մենք զիջում ենք «է»-ն, անում ենք ամենաէական զիջումը, եւ մեր գրական լեզվի հետագա բարբառացումը (Արարատյան) այլեւս ինքնաբերական ընթացք է ստանում` դառնալով անուղղելի, ապա եւ` անշրջելի: «Է»-ն մեր լեզվի ինքնակայությունը կողպ պահող դարպասն է ու նաեւ փականը, եւ նրա չգոյության դեպքում լեզուն բաց, անպաշտպան է մնում բարբառի, ժարգոնի ու գռեհկաբանության առաջ: «Է»-ի փոխարեն բարբառային «ա»-ի գործածությունը փլուզում է լեզուն: Հենց միայն «ա»ախոսությունն ու «ա»ագրությունը գրական լեզուն դարձնում են բարբառ, խոսակցական լեզու, եթե նույնիսկ խոսքն ամբողջովին գրական-կանոնական հայերենով է կառուցված: Մինչդեռ, դրան հակառակ, կարելի է տասնյակ ու հարյուրավոր բարբառային բառեր գործածել եւ միեւնույն պահին պահպանել խոսքի գրականության տպավորությունը, եթե այդ խոսքը կառուցված է «է»-ով:

«Ա»ախոսության անվերջանալի հեղեղը սկիզբ է առել ոչ միայն այն պատճառով, որ լեզվի հանդեպ համընդհանուր անփույթ ու անհոգ վերաբերմունք գոյություն ունի, կամ որ որեւէ ձեւով չի կարգավորվում լեզվի կանոնական գործածության վերահսկման գործընթացը: Պատճառներից մեկն այն խոր մոլորությունն է, թե «ա»ախոսությամբ հերոսների խոսքի տիպականացման ինչ-ինչ խնդիրներ են լուծվում: Այդ մոլորության մեջ են հատկապես հայ ժամանակակից սերիալիստները (սցենարիստ, ռեժիսոր), ովքեր հայերենադավ ջանադրությամբ իրենց բազմաթիվ ու անվերջանալի հեռուստասերիալներում հերոսներին խոսեցնում են «ա» օժանդակ բառով` վստահ, թե այդպես ապահովում են նրանց խոսքի բնականությունը: Մինչդեռ «ա»ախոսությունն ընդամենը տուրք է Արարատյան-մայրաքաղաքային բարբառին, որից պիտի խուսափել այնպես, ինչպես ողջամտությունը ժամանակին հուշեց հրաժարվել աշխարհաբարի նվիրյալ ու ջատագով Խ. Աբովյանի բարբառային հայերենից, մասնավորապես` «ա»ագրությունից:

Բայց «ա»ախոսությունը նորանոր տարածքներ է գրավում, հնչող լեզվից վերածվում է գրվող` գրական լեզվի: Այցելեք հայկական համացանցային կայքէջեր եւ կհամոզվեք, որ «ա»գրությամբ արդեն պատկառելի գրականություն է ստեղծված, եւ գործընթացը հախուռն կերպով շարունակվում է: «Ա» օժանդակ բայով ոչ միայն հերոսի խոսք են տիպականացնում, այլեւ չափածո մտորում են, մտորողն էլ աղջնակ է` «Առանց ճանաչելու սեքսը կայֆ ա» (կարդա՛ «ա»ագիր եւ «ա»ախոս, մերօրյա «մեծ» բանաստեղծուհի Վիոլետ Գրիգորյանի «Ինքնագիր» հանդեսում): «Ա» օժանդակ բայով են հոդվածներ վերնագրում լրագրողները (տե՛ս, օրինակ, «Հրապարակ», 15 հուլիս 2009, «Էս ամերիկացի կինոռեժիսորն ո՞վ ա...»): Հայտնի, թվում է` գրագետ հեռուստալրագրողը (Արթուր Գրիգորյան) «կադրից դուրս» (ինքը չի երեւում, խոսքը լսվում է ) «ա»-ով է հնչեցնում հարցերը, զրուցակիցը նույնպես է պատասխանում («Հայլուր», 15 հուլիս 2009): Բայց հայկական հեռուստաընկերություններից «Արմենիան» է առավել մեծ «նվիրումով» լծված «ա»ախոսությունը աշխարհասփյուռ հայության սեփականությունը դարձնելու գործին: Նրա բազմաթիվ հեռուստածրագրեր միմիայն «ա»ախոս են: Հեռուստաընկերությունն ավելի առաջ է գնացել. ժամանակակից հայ դերասանական մի աստղաբույլի մասնակցությամբ կինոֆիլմ է նկարահանում եւ վերնագրում` «Taxi Էլի լավ ա»:

Մինչդեռ դա վատ է:

Եվ շատ վատ է, որ մենք այնքան ենք կորցրել զգոնությունը, այնպես ենք վարժվել, որ ամենուրեք եւ հատկապես հեռուտաեթերից պետք է հնչի Արարատյան բարբառն իբրեւ նոր հայերեն, որ հանգիստ թույլ ենք տալիս ոմանց` մեր տառաճանաչ դարձող մանուկներին մատուցել այնպիսի անմաքուր հայերեն, որպիսին է, օրինակ, Հ. Թոխատյանի եւ այլոց հեղինակած «Մանուկների այբբենարանը»` բարբառով ու բարբառային արտասանությամբ: Մի քանի մասանոց այս արտադրանքում մասնավորապես Հ. Թոխատյանը հաճախ խոսում է բարբառով: Իսկ մենք այդ խոսքը ոչ միայն պարբերաբար եթեր ենք տալիս, այլեւ հնչեցնում ենք լեզվի մաքրությանը նվիրված հաղորդաշարից անմիջապես հետո («Արմենիա»-ի «Մեր լեզուն, մեր խոսքը» հաղորդաշարին քանիցս հաջորդել է «Այբբենարանը»` վաստակավոր Թոխատյանի «քթնում ա», «ըտենց ա», «ըսենց չի», «պըտի», «ասեց» եւ բազում-բազում «նորհայերենյան» բառերով: Ի դեպ, վերոնշյալ հաղորդաշարի հեղինակ Ա. Սարգսյանի ուշադրությունը հրավիրենք այդ իրողության վրա` հարցնելով` եթե Դուք ջանում եք մաքուր պահել մեր լեզուն, մեր խոսքը, գուցե դա պիտի անել նախ սեփական «տա՞նը»):

Գրական հայերենի աղետալի վիճակի համար զարմանալի համր ու համակերպ է Լեզվի պետական տեսչությունը: Չեմ հիշում մի դեպք, որ այս կառույցի «տեսուչներն» ու տեսչապետը հիմնավոր տագնապ հնչեցրած լինեն գրական լեզվի աղետալի վիճակի համար: Դրա փոխարեն` հիշում եմ ներկա տեսչապետի ելույթը խորհրդարանում, ուր գլոբալ հիմնախնդիրը մի կողմ թողած` ինչ-որ զավեշտական օրինակներ էր բերում հայ գովազդալեզվից` ավելի շատ լսարան զվարճացնելով, քան այդ լսարանը լրջացնելով: Նույն այս տեսչության նախկին պետն էլ այսօր Արարատյան բարբառի նվիրյալ-ջատագովներից եւ այն նոր հայերեն դարձնողներից մեկն է` Լեւոն Գալստյան` «Լքյալները» սերիալի բարբառալեզվի հեղինակ-սցենարիստը:

Այսպես` Արարատյան բարբառն ամենուր է` հեռուստաեթերում, գրականության մեջ: Ամբողջովին բարբառային է դարձել հայ կինոլեզուն: Արարատյան բարբառով է հաղորդակցվում հայ պաշտոնյան: Առիթ ունեցել եմ համոզվելու եւ վկայում եմ` «ա»ախոս ու բարբառախոս են հանրապետության նախագահի նստավայրում, կառավարությունում, Ազգային ժողովում, բոլոր նախարարություններում անխտիր, այդ թվում` նաեւ Կրթության եւ գիտության: «Հայաստանի Հանրապետությունում պաշտոնական լեզուն գրական հայերենն է» օրենսդրական պահանջը հայոց պաշտոնեից դասն ընկալել է սեփական խմբագրությամբ` գրական հայերենով խոսել միայն հեռուստախցիկների առջեւ եւ այն պաշտոնական հանդիպումների ժամանակ, որոնք ԶԼՄ-ներով ներկայացվելու են հանրությանը, իսկ մյուս դեպքերում (երբ նախագահը, վարչապետը, նախարարն իր աշխատակիցների հետ խորհրդակցություն է անցկացնում, երբ իր ենթականերին հրահանգներ է տալիս եւ այլն) նա չի վերահսկում իր խոսքը, որովհետեւ...

Արդ` ամենավտանգավորի մասին, որ սպառնում է գրական հայերենին ...Որովհետեւ Արարատյան բարբառի ամենօրյա ճնշման ներքո անզգալաբար փոխվում է հայ մարդու լեզվամտածողությունը. վերջինս բարբառայնանում է: Այո՛, ավելի ու ավելի սակավադեպ դարձող մեր առնչությունները կանոնական հայերենին եւ, դրան հակառակ, ավելի հաճախադեպ դարձած առնչությունները Արարատյան բարբառին փոխում են հայերիս մտածողության լեզուն, եւ սա մեծ վտանգ է: Մեծագո՛ւյն վտանգ է: Եթե ընդամենը երկու տասնամյակ առաջ աշխատավայրում, գրասեղանի ու թղթի առաջ, հեռուստացույցի դիմաց մեր մայրենի բարբառախոսությունը ակամա տեղի էր տալիս, եւ մենք մտածում էինք գրական կանոնավոր հայերենով (որովհետեւ գրքից, մամուլից եւ հատկապես հեռուստաեթերից նույնպիսի հայերեն էին հրամցնում բոլորը` գրողը, լրագրողը, պաշտոնյան, ուսանողը, աշակերտը, բանվորը, կթվորուհին), այսօր ինչպես խոսում եւ գրում ենք բարբառով, նույնպես էլ մտածում ենք: Գրական հայերենը կորցնում է մտածելու լեզու լինելու իր առաքելությունն ու կոչումը: Գրական հայերենը մեռնում է:

...Լեզվաբանական մի գրականության մեջ (Հ. Զ. Պետրոսյան, Հայերենագիտական բառարան, Երեւան, 1987, էջ 60) «Արարատյան բարբառ» բառահոդվածն սկսվում է հետեւյալ նշումով. «Արարատյան բարբառ, կոչել են նաեւ Երեւանի բարբառ, վերջինս պատմական անվանում է, որովհետեւ այժմ Երեւանում խոսում են գրական հայերենով»: Անշուշտ, այստեղ չափազանցություն կա, բայց նաեւ կա ճշմարտություն. գրական հայերենի համար այն երանելի ժամանակներում այդ լեզուն գրավոր կերպով ապրող լեզվից իսկապես դարձել էր բանավոր հաղորդակցության լեզու: Շնչող լեզու: Կանոնական հայերենով էին հաղորդակցվում պաշտոնական վերին ատյաններում, նախարարություններում, հիմնարկներում, ուսումնական հաստատություններում, հասարակական վայրերում, տրանսպորտում: Դա արժանապատիվ եւ հիրավի պետական լեզու էր` եզակիներից մեկը ԽՍՀՄ-ում: Այսօր այդ լեզուն մեռնում է, մեռնում է ամեն օր, ամեն վայրկյան` հեռուստաեթերում, պաշտոնավայրում, գրականության մեջ, մամուլում: Եվ իր պետական լեզվին պետությունը տեր չի կանգնում: Ավելին, իր Հ1-ով, այլազան ու այլեւս չմտապահվող նախարարներով, վարչապետով, ԱԺ նախագահով պետությունը շարունակում է պետական լեզվի մակարդակի հասցնել մի բարբառ, որը որքան էլ մերձ է գրական հայերենին, սակայն կանոնական հայերեն չէ` բարբառ է, որը, կրկնեմ միտքս, նույնիսկ Աբովյանի գրիչը չզորեց դարձնել համահայկական լեզու: Չզորեց, որովհետեւ բարբառներով հարուստ եւ հարստացող մեր լեզվի համար յուրաքանչյուր բարբառ, այնուամենայնիվ, նման է յուրատեսակ աղանդի. այն ընդհանրական չէ, այլ` մասնավոր: Ուրեմն` թող միայն այդպես էլ հնչի:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4