ՍՈՒՐԵՆ ՀԱՍՄԻԿՅԱՆ
Անկեղծ ասած, չգիտեմ, վերցնել վերնագիրը չակերտների մեջ, թե` ոչ: Ի՞նչ «երրորդ» իրականության մասին է խոսքը եւ ինչո՞ւ չակերտներ:
«Իրականություն» հասկացությունը փիլիսոփայական հարթության վրա ընկալել այնքան էլ դյուրին գործ չէ: «Իմաստիրը իրական, իրականը միշտ իմաստիր» («Չրպ ՊպռրՑՉՌՑպսՖվՏպ ՐՈջցՎվՏ, ՐՈջցՎվՏպ ՊպռրՑՉՌՑպսՖվՏ»): Հեգելի այս հայտնի թեզի շուրջ մոտ 200 տարի վեճեր են ծավալվում: Այսինքն, ինչն է իրական, դեռ պետք է ապացուցել, հիմնավորել... Բայց մենք թույլ ենք տալիս սովորական անցուդարձում օգտագործել այս հասկացությունը` ելնելով պարզ ճշմարտությունից, այն ամենը ինչ գոյություն ունի մեզնից անկախ, հենց իրականություն է: Չէ՞ որ մենք էլ գտնվում ենք այդ իրականության տարածքում, տեսնում ենք այն, եւ ավելին, կարող ենք նույնիսկ շոշափել... Բնություն, մարդիկ, տներ, փողոցներ, մեքենաներ... եւ մենքՙ մեզնից յուրաքանչյուրը:
Սա է իրականությունը:
Սակայն կա նաեւ ուրիշ բան` պայմանավորվածություն, այն, ինչ փորձում է համեմատվել կամ վերարտադրել ծանոթ իրականության պատկերները, կարելի է կոչել «երկրորդ իրականություն»:
Յուրաքանչյուր պատկերացում` տեսիլքներ, երազներ, այս շարքում նաեւ արվեստները տեղավորվում են «երկրորդ իրականության» շրջանակներում: Եվ վերցնում ենք չակերտների մեջ, որովհետեւ երբեք չենք շփոթում (կամ չպետք է շփոթել) իրականության հետ: Իսկ ո՞րն է երրորդը:
19-րդ դարում ի հայտ եկած լուսանկարչությունը եւ կինոն իրենց նշանակությամբ կարող են համեմատվել Գուտենբերգի տպագրության եւ Էդիսոնի էլեկտրական լամպի հայտնագործությունների հետ: Դա հեղափոխություն էր ողջ քաղաքակրթական համակարգում:
Ի վերջո, ինչն է կինոյի օնթոլոգիական բնույթը. գրանցել ողջ տեսանելի, ֆիզիկական աշխարհը, այսինքնՙ իրականությունը հավերժացնել, անմահության պատրանք ստեղծել: Իհարկե, երբ կինոն վերաճեց արվեստի, այս հատկանիշը հրամցվեց հոգեւոր զրահով: Եվ ոչ միայն զուտ ֆիզիկական, այլեւ հեղինակի պատկերացումները, երեւակայությունը հնարավոր դարձան գրանցել ժապավենի վրա: Ժամանակի ընթացքում ինչպիսի զարգացման էլ որ ենթարկվեց կինոլեզուն, հիմքը մնաց անխափան` կինոն ընդունակ է հավերժացնել իրական տեսանելին, կյանքի ընթացքը, շարժումը եւ եթե կուզեքՙ նույնիսկ թրթիռը: Իդեալական ֆիլմն այն է, երբ նկարահանում ես մարդու կյանքը ծնված օրից մինչեւ մահը, անդադար նկարում: Մենք ընդգծում ենք` իդեալական ֆիլմն է դա, որն անհնար է իրականացնել, չկա եւ չի կարող լինել այդ ֆիլմի օպերատորը, ինչպես նաեւ դիտողը: Իսկ մի՞թե նման չեն իդեալական ֆիլմին այն հազար սերիանոց հեռուստասերիալները, որոնք ոչ սկիզբ ունեն, ոչ ավարտ: Անվերջանալի պատմություն: Բայց կա դիտողը, որովհետեւ կա պահանջարկը:
20-րդ դարի կեսերին կինոն արշավեց, ներխուժեց մեր տները: Սկզբունքային չէ, կարեւոր չէ, թե ինչ միջոցներով է գրանցվում կյանքի շարժումը: Շարժվող պատկերի գործոնն առկա է, սակայն սկզբունքային է հոգեբանական տեղաշարժը: Կինոպատկերը ներխուժեց քո սեփական տարածք, մտավ տուն, հյուրընկալվեց, բայց եւ պարտադրվեց քեզ: Հեռուստատեսությունը դարձավ մարդու կենցաղի անբաժանելի մասը: Այն, ինչ առաջարկվում էր մինչեւ այդ որպես հանդիսանք, պատվավոր այցելություն, հոգու տոն, կորցրեց հրապուրանքը, վերածվեց յուրատեսակ սննդատեսակի: Սա նույնպես հեղափոխություն է, որը շարունակելի է: Հերթը հասավ բջջայինի, համակարգչի եւ վերջապես ինտերնետի ներխուժմանը մեր կենցաղ: Այս առիթով բնական են ե՛ւ վեճերը, ե՛ւ բախումները: Ակնհայտ է երկու տեսակետՙ լավատեսական եւ հոռետեսական:
Նախ լավատեսականի վերաբերյալ: Ինչպես կարելի է ժխտել այն բազմաթիվ առավելությունները, որոնք բխում են տեխնիկական նոր սարքավորումների կիրառման արդյունքում: Սա խոստանում է գուցե եւ դրախտ, որը կպայծառացնի մեր ունայն, հաճախ եւ գորշ գոյությունը: Եվ հետո ի՞նչ է պատահել, կասեն լավատեսները, ընտրության հնարավորություններն են ընդլայնվել, մի՞թե դա վատ է: Չես ուզում, անջատիր հեռուստացույցը, բջջայինը, ոչ ոք քեզ չի պարտադրում մտնել ինտերնետ: Ամեն ինչ տրամաբանորեն հստակ է, առաջընթաց է, միշտ էլ այն ունեցել է հակառակորդներ, բայց միեւնույն է, առաջընթացն անշրջելի է:
Հոռետեսական տեսակետները թվում են ավելի խոցելի: Մարդիկ հայտնվում են արհեստական միջավայրում, հետ են սովորում գիրք կարդալուց, համակարգիչն ընդունակ է շեղել ուշադրությունն ավելի կարեւոր եւ պիտանի գործելակերպից:
Դժվար չէ կռահել, որ այս փաստարկները շատ թույլ են: Հոռետեսության հիմնական հենարանը սովորույթն է: Մարդիկ, հատկապես ավագ սերունդը, դժվարությամբ է հրաժարվում սովորույթներից: Դա ե՛ւ հասկանալի է, ե՛ւ արդարացի: Բայց եւ ոչ մի սովորույթ, նույնիսկ ամենահաճելին չի կարող արգելակել առաջընթացը: Այնպես որ, այս հարթության վրա վիճել լավատեսների հետ անիմաստ է: Նույնիսկ այնպիսի հզոր փաստարկ ինչպիսին է «մարդիկ դադարում են գիրք կարդալ»-ը հեշտությամբ փշրվում է, եթե դիմեք պատմությանը:
Իսկ ո՞վ ասաց, թե մարդը պետք է գիրք կարդա: Անտիկ ժամանակաշրջանում մարդիկ ձեռագրե՞ր էին կարդում, թե՞ հաճախում էին թատերահանդեսներ եւ ունկնդրում Սոֆոկլեսի կամ Եվրիպիդեսի տեքստերը: Իսկ Հոմերո՞սը...
Չէ՞ որ դա բանավոր խոսքի դաշտ էր: Ամենաշքեղ ձեռագրերը հասու էին ընտրյալներին, գրագետ փոքրամասնությանը:
15-րդ դարից սկսվեց գրքի արշավանքը մարդու կենցաղ (ինչպես այսօր կրկնվում է դա համակարգչի պարագայում). Նարեկացին կամ Շեքսպիրը կարող են նույն համակարգչի միջոցով տեղ հասնել:
Ես, հոգեբանորեն եւ մարդկայնորեն կարծես հավատարիմ լինելով երկրորդ տեսակետին, պաշարված բազմաթիվ սովորույթներով, պետք է որ անզիջում դիրք բռնեի այս վեճում: Այդպես էլ տրամադրվել էի, գրիչը ձեռքս վերցնելուց առաջ: Իսկ հիմա ինչո՞ւ եմ պատրաստ զենքը վայր դնել եւ միանալ երիտասարդ լավատեսների կարծիքին: Այսինքնՙ ընդունել, որ առաջընթացն անկասելի է, նաեւ գուցե եւ գովերգել այն, եթե չլիներ մի հանգամանք:
Ահա այն վտանգները, որոնք սպառնում են մեզ նոր հաղորդամիջոցների լայնորեն կիրառման ընթացքում:
Վտանգ առաջին. այն իրականության պատրանքը, որը պարգեւում է մեզ ինտերնետը, իսկապես ունի հավակնություն չսահմանափակվելու «երկրորդ իրականության» շրջանակներում: Այն կամենում է մրցել հենց իրականության հետ: Այսինքն` փոխարինել, ինչո՞ւ չէ, նաեւ դուրս մղել այն: Սա է խնդիրը:
Թող ձեզ չշփոթեցնի արվեստի հավաստիության գործոնը: Դա միայն տարր է, ոչ ավելին, արվեստը նախ եւ առաջ պայմանականություն է: Հեգելը նշում էր, որ եթե կտավի վրա նկարված պտուղը թվում է իրական, դա բոլորովին չի վկայում արվեստագետի կատարելության մասին: «Երկրորդ իրականության»` արվեստի խնդիրն այլ է եւ նպատակները` նույնպես: Բայց այսօրվա մեզ շրջապատող վիրտուալ իրականությունն այլ հավակնություններ ունի, այն պատրաստ է գրավել մարդուն շրջապատող ողջ տարածքը, գրավել բնականի, անմիջականի, կենդանիի տեղը: Սա, արդեն վտանգավոր է, որովհետեւ ե՛ւ գրավիչ է, ե՛ւ հեշտ հասանելի:
Բավական է իմանալ, թե որ կոճակը սեղմես... Կարելի է պատվիրել ե՛ւ սիրուհի, ե՛ւ ամուսին, որը կուզես: Գոգոլի «Ամուսնություն» պիեսի հերոսուհին վերջապես կհասներ իր երազանքին, ե՛ւ ոչ մի ճիգ պետք չէ գործադրել, նույնիսկ արհեստական ծաղկեփնջի գնման կարիք չի լինի: Ուստի դժվար չէ կանխագուշակել ինչպիսի բախումներ են հնարավոր նորանոր «վիրտուալ եռանկյունիների» ոլորտում: Այս հոդվածը գրելիս, թերթերից մեկում կարդացի, որ Անգլիայում մի տղամարդ կացնով սպանել է կնոջը` խանդելով նրան վիրտուալ սիրեկանի համար: Նույնիսկ Դեզդեմոնայի թաշկինակի խնդիր այստեղ չկար: Կասեք, հանցագործ ամուսինը խենթ էր իրավամբ. բայց ի՞նչ է, կի՞նն էր նորմալ:
Համակարգիչն իր խաղերով եւ լայն հնարավորություններով ընդունակ է տարածել եւ սերմանել թմրամոլության տեսակներ, վտանգավորՙ մարդու ե՛ւ ֆիզիկական, ե՛ւ հոգեւոր կերպին:
Ուշադրություն դարձնենք հետեւյալ հանգամանքի վրա. կինոն մեզ սովորեցրեց հարգել եւ վստահել փաստին: Մենք վավերագրական ֆիլմերի դիտման ընթացքում հավատում ենք, որ 20-րդ դարի 20-ական թվականներին կանայք հենց այդ շրջազգեստներն էին կրում: Դու վստահում ես պատկերին, որի հետեւում թաքնված է պատմության զարկերակը: Կա մի բարոյական եւ գեղագիտական արգելք, որը թույլ չէր տալիս վավերագրական սյուժեներում օգտագործել բեմադրված կադրերը, այսպես կոչված «ինսցենիրովկաներ»: Իսկ հիմա նույնիսկ Հիտլերին կամ Ստալինին վերաբերող վավերագրական` վերլուծական, ճշգրիտ հետազոտումների հավակնող սյուժեներում չգիտես, ո՞րն է քաղված այն ժամանակվա նկարահանված նյութերից, ո՞րն է համակարգչային հնարանքների արդյունք: Ընդամենը մի քայլ է մինչեւ խեղաթյուրում, եւ ստացվում է, որ կինոյի օնթոլոգիական առավելությունը շուռ է գալիս իր դեմ: Կինոն ժխտում է ինքն իրեն:
Վտանգ երկրորդ. ինչպես եւ նախորդում, առավելությունը վերածվում է թերության: Այսօրվա հեռուստատեսությունը, համակարգիչը, ինտերնետը ընդլայնում են ընտրության հնարավորությունը: Մնում է հպարտանալ եւ ուրախանալ, որ կարող ես 100-ից ավելի հեռուստաալիքներից ընտրել որը կուզես, էլ չենք խոսում ինտերնետի մասին, որտեղից կարող ես դուրս չգալ: Հենց այս է խնդիրը, մտնում ես ու էլ դուրս չես գալիս: Բայց ով ասաց, որ առաջարկությունների հեղեղը խոստանում է միայն երանություն: Նա ընդունակ է խեղդել մարդուն, կործանել, կամ թեկուզ խեղաթյուրել նրա հոգեկան աշխարհը: Մարդու օրգանիզմը նույնն է, օրը` օր է, 24 ժամ է տեղավորվում նրա մեջ, մարդը եւ պետք է սնվի, քնի, հանգստանա...
Նման պարագայում առաջին հերթին վերանում է ուսման անհրաժեշտությունը: Կարելի է բազմապատկման աղյուսակից տեղյակ չլինել, համակարգիչն այդ հարցը լուծում է միանգամից: Չնայած լատինական այբուբեն պետք է իմանաս, որ մտնես ինտերնետ, բայց շուտով մի հնարք կգտնվի, որ դրա անհրաժեշտությունն էլ վերանա: Ամեն ինչ, այդ թվում մարդու ընկալունակությունը ունի սահմանագիծ: Սա անտեսել, նշանակում է ստանալ ճիշտ հակառակ արդյունք: Արդեն ուսանողը կարող է ներկայացնել ռեֆերատ մի լեզվով, որի այբուբենը նույնիսկ նրան հայտնի չէ (կան նման դեպքեր): Տեղեկությունները ժամանակի, պատմական դարաշրջանների եւ մարդկանց մասին կարող են տեղավորվել կցկտուր, անկապ նախադասությունների սահմանում: Գովազդները ձեւավորում եւ սկսում են արմատավորել այսպես կոչված «կլիպային մտածողությունը»: Բայց ի՞նչ մտածողության մասին կարող է խոսք լինել: Կլիպային պատկերները նախատեսված են ոչ թե մտավոր արձագանքի, այլ զուտ ռեֆլեկտորային-բնազդայինի: Մեկ դար առաջ «նոր վեպի» եւ «աբսուրդի թատրոնի» ջատագովները մարդու կերպարը բացահայտելու համար ընդլայնեցին արվեստի շրջանակները` ներգրավելով ենթագիտակցության ոլորտը, բայց միայն լրացնելով գիտակցության շերտը, այլ ոչ թե վերացնելով այն: Իսկ հիմա, մենք ականատես ենք այն երեւույթին, որ գիտակցությունը դուրս է գալիս ասպարեզից: Եվ ի՞նչն է նրա տեղը գրավում` ռիթմերի, պատկերների խայտաբղետությունը, աղմուկը: Երբ գիտակցությունը վերանում է, նրա տեղը երբեք ազատ չի մնում, նրա տեղը գրավում է համատարած դեբիլացումը: Այս բառը, վստահ եմ, շատ շուտով գիտական հասկացության իրավունք կստանա: Եվ վստահ չեմ, որ համակարգչում Տոլստոյ կամ նույնիսկ Րաֆֆի ընթերցող աշակերտը համբերատար եւ ուշիմ կընթերցի տեքստը, կամ գուցե նոր պահանջներին համապատասխան բազմահատոր ստեղծագործությունների տեղը ինտերնետում կգրավեն կոմիքսի տարբերակները:
Այնպես որ, ես չեմ կարող առանց վերապահումների ողջունել «երրորդ իրականության» արշավանքը, մուտքը մեր կենցաղ: