ՍՎԵՏԼԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ, Արվեստագիտության դոկտոր
«Կյանքի իրական զգացողություն»ՙ Արամ Խաչատրյանի 1968 թ. հոդվածի այդ բառերը հասցեագրված էին Գեղունի Չթչյանինՙ Մոսկվայում սիմֆոնիկ ստեղծագործությունների համամիութենական մրցույթում նրա փայլուն հաղթանակից հետո: Սիմֆոնիկ նվագախմբի «Բարի լույս» նախերգանքի համար առաջին մրցանակը ստացած հեղինակն այդ ժամանակվանից ամուր տեղ գրավեց առաջատար հայ կոմպոզիտորների շարքում:
Կին ստեղծագործողըՙ Հայաստանի մշակույթի պատմության մեջ ժողովրդականություն չվայելող զբաղմունքը, 20-րդ դարի 2-րդ կեսին դադարեց ընկալվել որպես տղամարդկանց ստեղծագործության այլընտրանք: Թատերական եւ երաժշտական կատարողական արվեստի բնագավառում առավել լայնորեն ներկայացված հայ կանանց արվեստը մեծ բազմազանությամբ արտացոլեցին նաեւ գեղանկարն ու քանդակը, գրականությունը (հատկապես պոեզիան) եւ կոմպոզիտորական ստեղծագործությունը:
Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, մոտ երեսուն կոմպոզիտորական մրցույթների դափնակիր, Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր Գեղունի Չթչյանը մոտ կես դար Հայաստանի կին կոմպոզիտորների անվիճելի առաջատարն է: Հայկական կոմպոզիտորական ստեղծագործության մեջ Չթչյանն առաջատար դիրքը անհատական գեղարվեստական փորձի եւ բացառիկ անհատական, միշտ մյուսներից տարբերվող աշխարհընկալման շնորհիվ է, որտեղ բնականորեն միախառնվում են «հավերժ կանացին» (Գյոթե) եւ հավերժ իմաստունը, անձնականն ու համամարդկայինը, ավանդականն ու արդիականը: Արմատապես չհարելով նորարարական փորձարարությանըՙ Չթչյանն այդուհանդերձ առաջադմական է իր ստեղծագործական որոնումներում: Պահպանելով հավատարմությունը ժամանակի փորձությանը դիմացած դասական արվեստի նկատմամբՙ Գեղունի Չթչյանն իր երաժշտության մեջ ներմուծում է նորի, արդիականի, դինամիկի անհրաժեշտ տոկոս, այսինքնՙ Արամ Խաչատրյանի նշած «կյանքի իրական զգացողությունը»:
Ծնված լինելով Գյումրիում, որտեղ սկսել է երաժշտություն սովորել եւ գրել է առաջին երկերը, Չթչյանը տասը տարեկանից իր կյանքը կապել է Երեւանի հետ: Այստեղ երաժշտական կրթություն է ստացել Պ. Ի. Չայկովսկու անվան հատուկ երաժշտական դպրոցումՙ որպես դաշնակահարուհի (պրոֆ. Ա. Մնացականյանի ղեկավարությամբ) եւ կոմպոզիտոր (պրոֆ. Տ. Տեր-Մարտիրոսյանի ղեկավարությամբ), ապա 1947-1953 թթ. սովորել է Երեւանի կոնսերվատորիայում, հիանալի կոմպոզիտորների մեծ համաստեղություն աճեցրած ականավոր վարպետ, պրոֆեսոր Գրիգոր Եղիազարյանի դասարանում:
Գեղունին Գրիգոր Եղիազարյանիցՙ Մոսկվայի պետական կոնսերվատորիայի սանից ժառանգել է մասնագիտական այնպիսի հատկանիշներ, ինչպիսիք են ձեւի ճշգրտությունն ու ներդաշնակությունը, մեղեդային նյութի արտահայտչականությունն ու երգեցիկությունը, նվագախմբի գունագեղությունը, վերջապես, երաժշտության քնարական-պոետիկ բովանդակությունը: Իր ուսուցչի նման, որին հետագայում կապվեց ստեղծագործական մեծ բարեկամությամբ, Գեղունին սեփական ստեղծագործությունների մեջ պատմողականության, յուրօրինակ երաժշտական պատմվածքի տարր էր ներդնում կարդացվածի եւ ապրվածի ազդեցությամբ:
Գուցե այդ պատճառով Չթչյանին վաղ սկսեցին հետաքրքրել գեղարվեստական գրականությունը եւ պոեզիան (ռոմանսների, երգերի, մեներգային եւ խմբերգային շարքերի թվով Չթչյանն իրեն հավասարը չունի Հայաստանում, եւ նույնիսկ կոմպոզիտորի կողմից բանաստեղծական խոսքի կոնկրետ չօգտավործվելու դեպքում երաժշտության մեջ, այնուամենայնիվ, առկա էր ծրագրայնությունՙ ինչ-որ սյուժե, վառ կերպար կամ պատկեր: Վերհիշենք 1956 թ. հինգ մասանոց «Բալետային սյուիտը» յուրաքանչյուր մասի ծրագրային անվանումով կամ ժողովրդական դարձած 1965 թ. «Յոթ մանկական սիմֆոնիկ պատկերները», որոնց երաժշտության մեջ, ինչպես որ հետագա բազմաթիվ մանկական ստեղծագործություններում, բնապատկերային ուրվանկարները եւ քնարական տրամադրությունները հարեւանում են հումորի եւ խաղային տեսարանների հետ:
Պատկերայնությունը, տեսանելի գեղանկարչական պատկերավորությունը եւ բեմական արտահայտչականությունը հանդիպում են նաեւ Չթչյանի բազմաթիվ կամերային երկերում, օրինակՙ սոնատներում եւ զանազան փողային գործիքների համար գրված պիեսներում: Իհարկե, ուրիշ հայ կոմպոզիտորներ եւս իրենց երաժշտական գաղափարները հաճախ վերածել են նկար-պատկերներիՙ պիեսը դարձնելով յուրօրինակ երաժշտական լուսանկար. տեսարան գեղջկական կենցաղից կամ ուրվանկար-դիմապատկերներ: Ամենքին լավ հայտնի են Ալեքսանդր Հարությունյանի եւ Առնո Բաբաջանյանի դաշնամուրային պատկերները: Սակայն շրջապատող աշխարհին ուղղված սուր (հենց կանացի) հայացքը եւ վառ հնչյունային պատկերավորման, դիպուկ բնութագրումների կոմպոզիտորական հակումը կանխորոշեցին նոր գեղարվեստական լուծումները երաժշտական լեզվի եւ ձեւի մեջ:
Այս առումով ամենից հատկանշականը դարձավ 1972 թ. ստեղծված դաշնամուրային շարքը «Հայկական խորաքանդակներ» գեղեցիկ, ազգային-ընդհանրացնող անվանումով: Առհասարական 1970-ական թվականները Գեղունի Չթչյանի ստեղծագործական կենսագրության մեջ հատկապես հագեցած էին: Տեղի ունեցավ նրա հեղինակային համերգը Սան Ֆրանցիսկոյում, իսկ Բոստոնի սիմֆոնիկ նվագախումբը կատարեց «Բարի լույս» հայտնի նախերգանքը: Այդ տարիներին գրվեց Ջութակի կոնցերտը, որը լայն ճանաչում գտավ եւ Մոսկվայի «Մելոդիա» ֆիրմայում հեղինակային ձայնասկավառակի վրա ձայնագրվեց հայ ականավոր ջութակահար, Ա. Բորոդինի անվան լարային քառյակի ներկայիս գեղարվեստական ղեկավար Ռուբեն Ահարոնյանի կողմից (Կենտրոնական հեռուստատեսության եւ Համամիութենական ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբ, դիրիժոր Վ. Եսիպով): Հենց 1970-ականներին է Չթչյանը կերտում մի շարք հիանալի վոկալ ստեղծագործություններ: Նախ եւ առաջ, դա իգական երգչախմբի համար գրված «Տարվա եղանակներ» կանտատն է (խոսք Ս. Խարազյանի, Սարմենի, Պ. Միքայելյանի), ինչպես նաեւ մրցութային պարգեւների արժանացած «Ձոն հայրենիքին» երկը եւ «Անհայտ զինվորին» պոեմ-ռեքվիեմը (երկուսն էլ ըստ Ս. Մուրադյանի բանաստեղծությունների): 1975 թ. գրվեց մենակատար ձայնի եւ դաշնամուրի համար նախատեսված նշանակալի շարքերից մեկըՙ «Էջեր Ավետիք Իսահակյանի պոեզիայից» ստեղծագործությունը (Չթչյանի կոմպոզիտորական պորտֆելում ինը վոկալ շարք կա), որտեղ, ինչպես նշել է կոմպոզիտորի գլխավոր կենսագիր, Երեւանի կոնսերվատորիայի պրոֆեսոր Սուսաննա Ամատունին, «քնարական հույզերն անբաժան են կենսական երեւույթների փիլիսոփայական իմաստավորումից («հ ս՚ոՏՉՖ՚ Ռ ՐՈՊՏրՑՖ՚» հոդվածը մոսկովյան «ԾցջօՍՈսՖվՈÿ ՈՍՈՊպՎՌÿ» հանդեսում, 2005, թիվ 1):
Այսպիսով, ստեղծագործական ուժերի վերելքի եւ միջազգային մեծարման հենց այդ ժամանակահատվածում Լեհաստանում, Չեխոսլովակիայում, Բուլղարիայում, Անգլիայում հայկական երաժշտության ընդարձակ ցուցադրումներին մասնակցելուց բացի, Չթչյանը 1979 թ. Սան Ֆրանցիսկոյում անհատական հեղինակային համերգ ունեցավ, ինչն այն տարիների համար արտակարգ կարեւորության փաստ էր: Պատահական չէ, որ դրանից հետոՙ 1980 թ. Գեղունի Չթչյանն արժանացավ Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչմանը:
Իր ստեղծմանը հաջորդած 35 տարիներին «Հայկական խորաքանդակներ» շարքը կատարվել է տարբեր սերունդների դաշնակահարների կողմից եւ ամենուրեքՙ Երեւանում, Թբիլիսիում, Ալմա Աթայում, Մոսկվայում, Փարիզում, Միացյալ Նահանգներում, մշտապես առաջ բերելով ստեղծագործական ապրումակցության ակտիվություն եւ, ըստ այդմ, կատարողի մեկնաբանության անհատականություն: «Հայկական խորաքանդակները» երկը բաղկացած է հինգ պիեսից: Դրանք են «Այրիվանքը», «Կապուտաչյան», «Լեռնցիների պարը», «Խաչքարերը», «Խաղողի տոնը»: Շարքը նվիրված է առաջին եւ բացառիկ կատարողինՙ Երեւանի կոնսերվատորիայի պրոֆեսոր, հանրապետության վաստակավոր արտիստուհի եւ արվեստի վաստակավոր գործիչ Աննա Ամբակումյանին (Չթչյանի շատ ստեղծագործությունների պես, «Հայկական խորաքանդակները» լույս տեսան Երեւանի եւ Մոսկվայի երաժշտական հրատարակչություններում):
«Խորաքանդակների» հինգ պիեսները, ցնծաձայն վերջնամասի հետ ամբողջական շարք կազմելով, նշանակալի կերպով իրենց մեջ ներառում են հայկական խառնվածքի, ժողովրդական կենցաղի եւ ազգային ճարտարապետության իմաստաբանական կողմերը: Օրինակ, լեռնցիների կրակոտ պարը կամ հայկական սրբազան պտուղ խաղողի բերքահավաքի պատկերը. ազգային ճարտարապետության հարթաքանդակներում խաղողը կյանքի, պտղաբերության եւ քրիստոնեության խորհրդանիշ է (հիշեցնենք, որ աստվածաշնչյան առակներում Քրիստոսը հաճախ զուգորդվում է խաղողենու հետ): Բոլոր պիեսները շաղկապելով երաժշտական պատումի միասնական զարգացումով, կոմպոզիտորը զգալ է տալիս հայոց պատմության բույրը, նրբորեն օգտագործելով ժողովրդական մելոդիկ նյութի եւ մետրոռիթմիկայի որոշ հատկանշական տարրեր: Կոլորիտի վարպետ Գեղունի Չթչյանը այստեղ եւս իր երաժշտությամբ բառացիորեն գեղանկարում է Հայաստանի անկրկնելի բնությունը, որը արեւածագի եւ մայրամուտի երկնային գույների մեղմությունը համատեղում է տեղական լանդշաֆտի ճարտարապետության հետ:
Չթչյանի հաղորդած զգացողությունների ծավալը, որն արտացոլում է բնության, հին տաճարի կամ մարդկային խառնվածքի ընկալման դինամիկան, երաժշտական ձեռագրի հղկվածության զուգորդմամբ պայմանավորել է «Հայկական խորաքանդակների», ինչպես նաեւ Չթչյանի շատ ուրիշ երկերի բարձր գնահատանքը: Տարբեր երկրների առաջատար արվեստագետները միահամուռ նշել են Չթչյանի երաժշտության գեղարվեստական արժանիքները: Այսպես, Գեորգի Գյոդակյանը ընդգծել է «մտքի նշանակալիությունը եւ խորապես ապրված ու կշռադատված սեփական աշխարհազգացողությունը» (Երեւան, 1979): Գյունտեր Օլիասը նշել է, որ «առանձնապես հետաքրքրական են ռիթմիկ ձեւերը եւ արտասովոր ներդաշնակ կառուցվածքները» (Բեռլին, 1987): Գրիգորի Շանտիրը առանձնացրել է այնպիսի հատկանիշներ, ինչպիսիք են «քնարական մաքրությունը, գերազանց ճաշակը, արտահայտված զգացմունքի ինչ-որ առանձնահատուկ ճշմարտացիությունը» (Մոսկվա, 1976): Իսկ Անահիտ Գրիգորյանը Գեղունի Չթչյանին նվիրված դիմանկարային ակնարկում ընդգծել է. «Չթչյանը «Խորաքանդակներում» վերստեղծում է իր Հայաստանըՙ ազգային ուրիշ հեղինակների դաշնամուրային շարքերում արտահայտվածից տարբերվող» («Սովետսկայա մուզիկա» ամսագիր, 1982):
Գ. Չթչյանի ստեղծագործությունը աշխույժ արձագանք էր առաջացնում հայ գործընկեր-կոմպոզիտորների շրջանում: Հետաքրքրական է, որ նրա խմբերգային եւ մեներգային ժողովածուների ներածական հոդվածները գրել են Առնո Բաբաջանյանը եւ Տիգրան Մանսուրյանը: Բացի դրանից, Մանսուրյանը Չթչյանի ստեղծագործությանը նվիրել է նաեւ ուրիշ հոդվածներ, որոնցից մեկում անկեղծ հիացմունք է արտահայտել նրա Ձայնի եւ սիմֆոնիկ նվագախմբի կոնցերտից (նշենք, որ ժանրով հազվագյուտ այդ ստեղծագործությունը կատարել են աշխարհահռչակ երգիչներ, այդ թվում Իզաբելլա Այդինյանը, Արաքս Դավթյանը, Ջուլիետ Գալստյանը): Ձայնի համար գրված կոնցերտում գնահատելով «հավաստիությունն ու գեղեցկությունը»ՙ Տ. Մանսուրյանը պաթոսով եզրակացնում է. «Երգող հայուհու այդ կերպարը ընդգրկման եւ ամփոփման մասշտաբով միանգամայն նոր երեւույթ է հայ երաժշտության մեջ» (Երեւան, 1988):
2003 թվականին Երեւանում, Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միությանն (որի վարչության անփոփոխ անդամն է Չթչյանը տարիներ շարունակ) առընթեր «Արճեշ» հրատարակչությունում լույս տեսավ Սուսաննա Ամատունու «Գեղունի Չթչյանի կյանքը եւ ստեղծագործությունը» հանգամանալի մենագրությունը, որտեղ Չթչյանի հիմնական ստեղծագործությունները դիտարկվում են նրա կոմպոզիտորական ոճի զարգացման լույսով: Հայկական երաժշտության հմուտ հետազոտող, արվեստագիտության թեկնածու Ս. Ամատունին ստեղծում է մեր ժամանակակցի, նշանավոր կոմպոզիտորի, մանկավարժի, երաժշտական-հասարակական գործչի կենդանի դիմանկարը: Ամատունու նկարագրած Չթչյանի արգասավոր ստեղծագործական ուղին իրապես հպարտություն է առաջացնում, որ կին կոմպոզիտորը մշտապես, աշխարհի տարբեր երկրներում (նախկին ԽՍՀՄ բոլոր հանրապետություններում, Արեւելյան Եվրոպայի երկրներում, Ֆրանսիայում, Անգլիայում, Ուրուգվայում, ԱՄՆ-ում, Լիբանանում, Սիրիայում, իսկ վերջին տարիներինՙ Շվեյցարիայում, որի «BIM» հրատարակչությունը թողարկել է նրա մի ամբողջ շարք ստեղծագործություններ) այդքան արժանավոր կերպով ներկայացնում է հայ արդի արվեստը: Իր գրքում Ս. Ամատունին շեշտում է ընդհանուր գեղագիտական իդեալների նշանակությունը, որոնք յուրաքանչյուր կոմպոզիտոր բեկել է սեփական համոզմունքների պրիզմայում:
Այսպես օրինակ, Դմիտրի Շոստակովիչի երաժշտության իդեալին ձգտում էին շատ կոմպոզիտորներ, ձգտում էր նաեւ երիտասարդ Գեղունին, քանզի հանձին Շոստակովիչի տեսնում էր ոչ միայն արդիականության անչափ խոշոր կոմպոզիտորի, այլեւ մեծ հումանիստ փիլիսոփայի: Ինքըՙ Դմիտրի Շոստակովիչը, 1949-ի հոկտեմբերին կոմպոզիտորական ֆակուլտետի ուսանողների աշխատանքներին ծանոթանալու նպատակով Երեւան գալով, հետաքրքրական երկերի մեջ առանձնացրեց հենց Գեղունիիՙ Երեւանի կոնսերվատորիայի դեռ երրորդ կուրսի ուսանողուհու Լարային կվարտետը: Արժե՞ արդյոք ասել, թե նրա համար ինչ էր նշանակում Շոստակովիչի այդ խրախուսանքը:
Կամ վերցնենք Արամ Խաչատրյանի երաժշտության իդեալը, որն առհավետ սրտամոտ է յուրաքանչյուր հայի: Խաչատրյանի հետ ստեղծագործական շփումը սկսվել էր դեռ 1965 թ. Մոսկվայում: Չթչյանը 20-րդ դարի հայ երաժշտության մեծ նահապետի հանդեպ ակնածանք տածել է ամբողջ կյանքում: 1978 թ. Վարպետի վախճանից հետո նա անմիջապես չէ, որ ձեռնամուխ եղավ հիշատակի ստեղծագործությանը. միայն 1988-ին է ի հայտ գալիս նրա «Արամ Խաչատրյանի հիշատակին» Լարային նվագախմբի կամերային սիմֆոնիան, որը առաջին անգամ հնչեց Երեւանում, 1990թ. Վիկտոր Խաչատրյանի ղեկավարած «Իկարուս» կամերային նվագախմբի համերգի ժամանակ: Այդ ոգեշունչ երաժշտությունը հետագայում հաճախ է կատարվել Ա. Խաչատրյանի անվան մեծ համերգասրահում Չթչյանի հեղինակային համերգի ժամանակ, 2003թ. Վարպետի 100-ամյակին նվիրված փառատոնում, ավելի ուշ եւ մինչեւ օրս քանիցս կատարվել է Հայաստանի տարբեր քաղաքներում:
Անկախ Հայաստանի Հանրապետության պայմաններում 20-րդ դարի վերջին տասնամյակը Գեղունի Չթչյանի առջեւ բացեց ստեղծագործության նոր հորիզոններ: Կոմպոզիտորին ներհատուկ սուր հայրենասիրության, դյուրազգացության, քնարական պսիխոլոգիզմի հետ միաժամանակ երաժշտության մեջ թափանցում են նոր, երբեմն ողբերգական աշխարհազգացողություն, հանգուցյալների հանդեպ խորին կսկիծ: Այսպես, Սպիտակի երկրաշարժի ցավոտ մտորումներին առնչվում է «Խոնարհվեց լեռը» վոկալ շարքը, ըստ Համո Սահյանի բանաստեղծությունների: Լուսավոր թախիծը եւ հանդարտեցումը զգացվում են ձայնի եւ դաշնամուրի համար գրված «Սուրբ հոգի» վոկալ շարքում, որի հիմքում Ներսես արք. Պոզապալյանի բանաստեղծություններն են: Այստեղ կոմպոզիտորը բացահայտ հետաքրքրություն է ցուցաբերում միջնադարյան հոգեւոր երգասացությունների, հանդարտ մեղեդային ծավալման նկատմամբ: Այդ ստեղծագործությունից հինգ տարի անց ի հայտ է գալիս ոճական նույն կողմնորոշումն ունեցող եւս մեկ նշանակալի ստեղծագործությունՙ «Աղոթքներ» եռերգությունը (խոսքՙ Մուշեղ Իշխանի)ՙ գրված առանց նվագակցության, խառը երգչախմբի համար: Լինելով ներքնապես ծածուկ, դրամատիզմով հագեցած ստեղծագործությունՙ«Աղոթքները» ընկալվում է որպես հոգեկան խորաթափանց երգերՙ Գեղունի Չթչյանի զուսպ մատուցմամբ մարդկային հոգեւոր ավանդույթ: Դա ապաշխարանքի երաժշտություն է, քավության եւ հավատի երաժշտություն, որն այնքան անհրաժեշտ է ժամանակակից աշխարհին: