ԽԱՉԻԿ ԲԱԴԻԿՅԱՆ
Սեպտեմբերի 26-ին լրանում է անմահ Կոմիտասի ծննդյան 140-ամյակը:
Անատոլուի Կուտինա քաղաքում ծնված, ծնողներից շուտ զրկված, Գեւորգյան ճեմարանում ուսում ու դաստիարակություն ստացած Սողոմոն Գեւորգի Սողոմոնյանը Ամենայն հայոց կաթողիկոս Խրիմյան Հայրիկի ձեռամբ 1895 թ. փետրվարի 26-ին ձեռնադրվում է վարդապետՙ անվանակոչվելով 7-րդ դարի կաթողիկոս, շնորհալի բանաստեղծ, անվանի գիտնական ու հրաշալի ձայն ունեցող Կոմիտասի անունով:
Դեռ ուսանողական տարիներից Կոմիտասը եղավ հայ երգի հովիվն ու առաքյալը. նա շրջեց հայրենի եւ Հայաստանից դուրս եղած հայաբնակ գյուղերն ու ավանները, լսեց ու գրի առավ հազարավոր ու հազարամյա շարականներ, ժողովրդական մեներգեր, զուգերգեր ու պարերգեր, թափանցեց շինականի հոգու անհատնում խորքերը, ընկալեց նրանց ոգին ու շունչը, ավելի իմաստավորեց շինականի երգը, մաքրեց օտարաբանություններից, բյուրեղացրեց, ձայնագրեց ու նորից շինականին վերադարձրեց:
Ավարտելով ճեմարանըՙ Կոմիտասը 7 ամիս կատարելագործվեց Պետերբուրգի կոնսերվատորիան ավարտած, Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում դասավանդող Մակար Եկմալյանի մոտ, ապա ազգային մեծ բարերար Մանթաշյանցի հովանավորությամբ ու Խրիմյանի հանձնարարականով 3 տարի սովորեց Բեռլինի արքայական կոնսերվատորիայումՙ հաղթահարելով 6 տարվա ծրագիր: Միաժամանակ նա ավարտում է նույն կոնսերվատորիայի երաժշտա-փիլիսոփայության պատմության բաժինը եւ ստանում է բարձրագույն կրթության դիպլոմ:
Բեռլինում ուսումնառության տարիներին Կոմիտասը իր համերգներով, դասախոսություններով ու հոդվածներով ճանաչելի է դառնում եվրոպական երաժշտական աշխարհի կարկառուն դեմքերինՙ Կլոդ Դեբյուսի, Օսկար Ֆլայշեր, Մաքս Զայֆերտ, Սեն-Սանս, Մորիս Ռավել, Լուի Լաուա, Պիեռ Օբրի, Յոզեֆ Յոախիմ եւ էլի ուրիշներ:
Կոմիտասն ընտրվում է Միջազգային երաժշտության ընկերության անդամ, երկու անգամ հանդես է գալիս իր համերգ-դասախոսություններով եւ ապացուցում է, որ հայ ժողովուրդն ունի իր ազգային երգն ու երաժշտությունը, որն այնքան հին է, որքան նրա գիրն ու մշակույթը: Նա իր անզուգական ձայնի ու կատարողական բարձր արվեստի շնորհիվ Բեռլինի օպերային թատրոնի տնօրենի կողմից հրավիրվում է աշխատանքի բարձր աշխատավարձով, իր օպերայում որպես մեներգիչ, բայց ազգանվեր ու հայրենասեր վարդապետը շնորհակալություն հայտնելով, ասում է, որ ինքը իր ժողովրդի զավակն է եւ պարտք ունի նրա հանդեպ, պետք է վերադառնա հայրենիք եւ պատրաստի իր նման երգիչներ ու խմբավարներ, նրանց ուղարկի Հայաստանի բոլոր գավառներն ու Հայաստանից դուրս հայաշատ վայրերըՙ հայկական երգն ու երաժշտությունն ավելի զարգացնելու:
1899 թ. ամռանը, երաժշտական բարձրագույն կրթություն ստացած Կոմիտասը վերադառնում է իր սիրելի կրթօջախը, լիովին վերակառուցվում է տեղի երգ-երաժշտության դրվածքըՙ միաձայն երգչախումբը դարձնում է քառաձայն, համալրում է երաժշտական գործիքներով եւ ճեմարանի բացման 25-ամյակի առթիվ, տոնական համերգին հատվածներ է հնչեցնում Վերդիի «Աիդա», Գունոյի «Ֆաուստ» օպերաներից, ինչպես նաեւ ռուս կոմպոզիտորների սիմֆոնիկ ստեղծագործություններից:
1901 թ. հունիսին Կոմիտասը հրավիրվում է Բեռլինՙ Միջազգային երաժշտության փառատոնի հաջորդ նիստում զեկուցում կարդալու եւ համերգ տալու: Այն անցնում է մեծ հաջողությամբ: Այստեղից Կոմիտասը հրավիրվում է Փարիզ, որտեղից էլ սկսվում են նրա եվրոպական շրջագայություններըՙ Ցյուրիխ, Ժնեւ, Լոզան, Բեռն, Պոլիս, Վենետիկ, Կահիրե, Ալեքսանդրիա, Իզմիր, Ատաբազար, Աֆիոն-Գարահիսար, Արմաշ, Կուտինա, Իգդիր, Ադանա եւ այլուր: Ամեն տեղ համերգներ է տալիս ու նոր երգեր ձայնագրում, որոնց թիվը հասնում է մի քանի հազարի:
1910-15 թթ. Կոմիտասն ապրեց Պոլսում, կազմեց 300 հոգանոց «Գուսան» երգչախումբը եւ փառահեղորեն նշեց հայ գրերի գյուտի 1500-ամյակը, որի տոնակատարությանը կեղծավոր ելույթներ ունեցան Ջեմալն ու Թալեաթը, որոնք 1915 թ. ապրիլի 24-ին բազմաթիվ հայ մտավորականների հետ աքսոր քշեցին նաեւ Կոմիտասին: Հայոց Գողգոթան ու նախճիրը խորապես ազդեցին զգայուն հոգու տեր Մեծ հայի վրա:
Դե եկ, վարդապետ,
Ու մի խենթանա... (Պարույր Սեւակ)
Ու խենթացավ վարդապետը, դարձավ հոգեկան հիվանդ եւ իր ապրած 66 տարիներից 20-ը «ապրեց»աշխարհից ու մարդկանցից դառնացած Հայոց երգի սոխակը, հայ երգը աշխարհով մեկ սփռող, իր ազգին ու երկրին պատիվ ու համբավ բերող, հայ պանդուխտին տուն կանչող վարդապետը իր մահկանացուն կնքեց 1935-ի հոկտեմբերի 21-ին Փարիզի Վիլ-Ժուիֆ հոգեբուժարանում: Նրա ապակեպատ զմռսած դագաղը հոկտեմբերի 27-ին դրվում է Փարիզի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու մուտքի առաջ. կատարվում է հոգեհանգստի շքեղ արարողություն: Կոմիտասի սիրելի աշակերտ, Տարոնի սոխակ Արմենակ Շահմուրադյանի արտասվախառն երգերի եւ ընտրյալ երգչախմբի ուղեկցությամբ իրար են հաջորդում դամբանականներ, հրաժեշտի ու հիշատակի խոսքեր: Առաջին դամբանականն ասում է ֆրանսիական երգ-երաժշտության ընկերության նախագահ Ամեդե Կոստունեն, նրան հաջորդում է Միջազգային երաժշտության ընկերության նախագահ Կուրդ Սաքսը, հայ կոմպոզիտորների անունիցՙ Արա Պարթեւյանը, Կոմիտասի սաների անունիցՙ Հայկ Սեմերճյանը, ապա Արշակ Չոպանյանը եւ ուրիշներ: Հոգեհանգստի արարողությունն ավարտվում է եկեղեցու առաջնորդ արքեպիսկոպոս Վռամշապուհ Քիպարյանի գնահատանքի սրտաճմլիկ խոսքերով:
Կոմիտասի դագաղը իջեցվում է եկեղեցու նկուղըՙ փոքր մի մատուռՙ հարմար առիթով Հայաստան տեղափոխելու եւ իր խնդրանքի համաձայն մայր հողումՙ Մասիսների ու Արագածի հովանու տակ հուղարկավորելու համար:
Եվ ահա գալիս է հարմար առիթըՙ 1936 թ. մայիսի 9-ին Ֆրանսիայից Հայաստան մշտական բնակության նպատակով ներգաղթող 1800 հայերով բեռնավորված շոգենավըՙ Կոմիտասին խնամող հանձնաժողովի նախագահ, փարիզաբնակ Դանուշ Շահվերդյանի ջանքերով ու հսկողությամբ, Հայաստան է փոխադրվում նաեւ Կոմիտասի աճյունը:
Դա իրականացվում է Հայաստանի Կոմիտասի կենտկոմի քարտուղար, մեծ հայրենասեր, հայ ժողովրդի արժանի զավակ, ծագումով վանեցի, Գեւորգյան ճեմարանում երկու տարի սովորած Աղասի Խանջյանի շնորհիվ:
Իսկ թե դա ինչպես է եղել, իր հուշերում պատմում է Հայաստանի Սովետական գրողների միության քարտուղար, միաժամանակ «Գրական թերթի» խմբագիր (1930-36 թ.թ.) Վահրամ Ալազանի այրինՙ Մարո Ալազանը: Նա շատ հետաքրքրական հուշեր է գրել իր ամուսնու, Աղասի Խանջյանի եւ բազմաթիվ հայ գրողների, արվեստագետների եւ նշանավոր մարդկանց մասին: Այդ հուշերը (940 ձեռագիր էջ) իր դուստրըՙ տիկին Հասմիկ Ալազանը, իր հոր ծննդյան 100-ամյակը նշելու հանդիսավոր ցերեկույթին գրողների միության դահլիճում (2003 թ.) հանձնում է գիտությունների դոկտոր Վարդան Գրիգորյանին: Բերենք այդ հուշերից մի երկու դրվագ.
- Մի օր, գիշերվա ուշ ժամի,- գրում է Մարո Ալազանը,- Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի քարտուղար Աղասի Խանջյանը Ալազանին իր մոտ կանչեց: Մի ժամից նա տուն վերադարձավ եւ պատմեց հետեւյալը. «Փարիզում վախճանվել է մեր պայծառ Կոմիտասը: Նրան խնամող հանձնաժողովը դիմել է ընկեր Խանջյանին, որ նա ընդունի Կոմիտասի դագաղը եւ Երեւանում կազմակերպի թաղման արարողությունը: Իհարկե, Աղասին տալիս է իր համաձայնությունը: Սակայն Բերիայի երեւանյան գործակալները այդ մասին հաղորդում են նրան: Մյուս օրը Բերիան հեռախոսով կապվում է Աղասու հետ եւ ասում.
- Աղասի՛, լսել եմ, որ Փարիզից ինչ-որ հոգեւորական, ինչ-որ տերտեր ես բերում Երեւանում թաղելու համար, ես կտրականապես արգելում եմ. հեռագրիր, թող չուղարկեն, մենք հոգեւորականներին թաղելու համար գումարներ չունենք:
Այս դեպքից Խանջյանը անսահման հուզվել ու վրդովվել է, անպատեհ է համարել ինքը հեռագիր տալ, խնդրել է, որ Ալազանը հեռագիր տա: «Ես ցավով նրա խնդրանքը կատարեցի, բայց տա Աստված, որ հեռագիրը ուշ տեղ հասնի, եւ Կոմիտասի դին ետ չուղարկեն,- ասել է Ալազանն ու ավելացրել.- խեղճ Աղասի, դու տեսնում ես, Մարո՛ ջան, թե ինչպիսի պայմաններում է աշխատում այդ պայծառ մարդը»:
Աստծու հաջողությամբ այդպես էլ լինում է: Հաջորդ օրը Ալազանը Կենտկոմ է գնումՙ իմանալու հեռագրի պատասխանի մասին: Խանջյանն ուրախ-ուրախ նրան ցույց է տվել հեռագրի պատասխանըՙ «Նավը երեք օր է դուրս է եկել եւ գտնվում է Միջերկրական ծովում. այն Բաթումիում կլինի մայիսի 17-19-ին: Ետ դարձնել չենք կարող: Կոմիտասին խնամող հանձնաժողով»:
Այս եղելության մասին լսել է նաեւ Չարենցը, գնացել է Ալազանենց տուն ու հուզված ու մռայլված ասել է. « Ինչ-որ տերտեր. մի՞թե Կոմիտասը հայ ժողովրդի համար ինչ-որ տերտեր է: Ողորմելինե՜ր, տգետնե՜ր, թո՛ւ ձեր երեսին, անամոթնե՜ր: Վա՛յ քեզ, հայ ժողովուրդ, որ քո երկրի կուլտուրայի ղեկավարները դրանք են»: Նա Մարոյից մի-մի գավաթ կոնյակ է ուզել, եւ խմել են Կոմիտասի հաղթանակի, հիշատակի ու աստվածահաջող վերադարձի կենացը:
Կոմիտասի աճյունը գնացքով հասնում է Երեւան: Կազմվում է նրան ընդունող եւ թաղող հանձնաժողով, որի կազմում ընդգրկված էին Գրողների միության կողմիցՙ Ալազանը, Լուսավորության նախարարության կողմիցՙ Արտո Եղիազարյանը, ներքին գործոց նախարարության կողմիցՙ Բերիայի ներկայացուցիչը եւ այլ նախարարությունների ու կազմակերպությունների ներկայացուցիչներ: Երկաթուղային կայարանում ասեղ գցելու տեղ չկար: Կոմիտասի դագաղը ձեռամբարձ, նրա երաժշտության ու երգերի ուղեկցությամբ շարժվում է դեպի Աբովյան փողոցի սկզբում գտնվող Կուլտուրայի տուն (այժմյան Հայֆիլհարմոնիայի փոքր վահլիճ): Բեմի վրա դրված էր Կոմիտասի գեղեցիկ, խնամքով պատրաստված դագաղըՙ ապակեպատ փոքրիկ պատուհանիկով: Բոլորը լուռ, տխուր եւ գլխահակ խոնարհվում էին Կոմիտասի առջեւ: Այդ պահին Բերիայի գործակալը իր ճամպրուկից հանել է մի լոմիկ ու կացին, բացել դագաղի կափարիչը եւ սկսել շոշափել Կոմիտասի կողքերն ու գրպանները: Բոլորը հուզվել էին: Չարենցը, իրեն զսպել չկարողանալով, գոռալով ասել է. «Մի բան գտա՞ք, անամոթնե՜ր, խայտառակնե՜ր, մեռելին անգամ հանգիստ չեն թողնում, թո՛ւ ձեր նամուսին»,- ասել է ու գլխահակ, ինքն իրեն խոսելով, դուրս է եկել դահլիճից:
Մյուս օրը Ալազանը գնում է Կենտկոմ ու իր համերկրացի Խանջյանին (երկուսն էլ ծնվել են Վանում) պատմում երեկվա խայտառակ արարքի մասին: Խանջյանն անսահման հուզվել է ու Ալազանին ասել, որ կարեւոր գործով քաղաքից բացակայելու է (գուցե Բերիան էր կանչել) եւ խնդրում է, որ մեծ շուքով թաղեն պայծառ Կոմիտասին:
Երկու օր Կուլտուրայի տան դահլիճում հայ ժողովուրդն իր վերջին հրաժեշտն է տալիս իր պաշտելի երգահանին... ու մահվան թափորը ուղեւորվում է դեպի քաղաքային պանթեոն, որտեղ սրտառուչ մահախոսականներ ու գնահատանքի խոսքեր են ասում Մանուկ Աբեղյանը, Ավ. Իսահակյանը, Դ. Դեմիրճյանը, Հրաչյա Աճառյանը, Փանոս Թերլեմեզյանը եւ շատ մտավորականներ ու Կոմիտասի սաներից: Բնությունն էլ էր արտասվում. հորդառատ անձրեւի տակ Հայկանուշ Դանիելյանը երգում է Կոմիտասի «Անձրեւն եկավ» երգը: