ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#8, 2009-08-29 | #9, 2009-09-12 | #10, 2009-09-26


ԿՅԱՆՔՙ ԱՆՀԱՏՆՈՒՄ ՋԱՆՔԻ

Զրույց Շահեն Խաչատրյանի հետ

Կուրատոր (Curator) բառը մեր իրականություն վերջերս է միայն մտելՙ ինչ-որ տեղ մոդայիկ գործածությամբ: Այնինչ այդ մասնագիտություն-կոչման լավագույն կրողներ, թեեւ հազվագյուտ, ունեցել եւ ունենք նաեւ մենք: Նրանցից մեկը եթե նորոգ հանգուցյալ Հենրիկ Իգիթյանն էր, մյուսը, բոլորովին այլ խառնվածքով եւ ամպլուայով, Շահեն Խաչատրյանն է: Արվեստաբանՙ մասնագիտությամբ, պրպտող-հայտնաբերող-հայթայթողՙ կոչումով, թանգարանների ու ցուցահանդեսների կազմակերպիչՙ ի պաշտոնե կամ անպաշտոն, կերպարվեստի ու կերպարվեստագետների պաշտպան-մարտիկՙ կյանքի թելադրանքով, ու վերջապեսՙ հաղորդական, համոզիչ ու հուզական խոսքի եւ հարաբերությունների մարդՙ խառնվածքով: Պաշտոններ շատ է ունեցել նա, Սարյան տուն-թանգարանի հիմնադիր-տնօրենի դիրքից մինչեւ Ազգային պատկերասրահի տնօրենի պաշտոնը, որոնցից դադարեցվել է անարդարորեն: Ի զո՜ւր: Քանզի պաշտոնը երբեք չի եղել նրա համար աթոռ, այլ աշխատանքի ավելի ընդարձակ դաշտ եւ հնարավորություն: Ընդամենը: Փաստՙ վերջին երկու տարում իրար ետեւից ստեղծած նրա մեծարժեք ալբոմներն ու աշխատությունները: Փաստՙ Մայր աթոռի «Խրիմյան Հայրիկ» նոր պատկերասրահի հավաքածուների ստեղծումըՙ Վեհափառ հայրապետի հովանու ներքո: Եվ այժմ, նրա ապրած 75 տարիները չունեն անգամ հանգրվանային որեւէ նշանակություն: Շարունակում եւ շարունակելու է նա իր անխոնջ աշխատանքը հետագա բոլոր տարիներին: Զինվորի՛ պես: Պատի՛վ Զինվորին:

Խմբ.

Աստրախանից ինքնաթիռը նոր էր վայրէջք կատարել Երեւան, եւ 40 րոպե անց արդեն խմբագրությունում էր Շահեն Խաչատրյանը, մեր թերթի այն սակավ հեղինակներից, որոնց խմբագրություն մտնելը միշտ որեւէ նորության հետ է կապված: Իհարկեՙ մի լուր, մի տեղեկություն այն աշխարհից, որին, քիչ է, եթե ասենք նվիրված կամ կապված է: Մի կյանք անհատնում ջանքիՙ տրված կերպարվեստին, նկարչությանը. սեր, գորովանք, անբացատրելի պատասխանատվություն: Ավելի շուտ նա այդ աշխարհի անտրոհելի մասն է, այդ գործի մարդը, անհանգիստ հոգի: Անդադար որոնող միտքը դարձրել է իրեն արվեստի մի յուրատեսակ խուզարկու, հետախույզ, բայց լավ է, դիմենք իր խոսքերինՙ թանգարանի զինվոր: Ավելի ստույգ բնութագրում, դժվար թե գտնենք:

«Աստրախա՞ն,- հարցրի,- ինձ թվում էր նորից Եվրոպայում էիք: Ի՞նչ կար այդ քաղաքում»: Իրեն բնորոշ մեղմ, քիչ թախծոտ ժպտաց:


- Աստրախան գնալու իմ ցանկությունը հնուց կար: Ինձ հարազատ նկարիչներ ունեմ, որոնց մասին գրում եմ: Եվ հատկապես Վարպետ Սարյանը, նրա երկու նատյուրմորտները («Արեւելյան պտուղներ») տեսնելու ցանկությունը տարավ այդ քաղաք: Աստրախանը Ռուսաստանի այն քաղաքներից է, որտեղ Սարյանի գործերից կան, եւ որտեղ ես չեմ եղել: Երբ 1916թ. Վարպետը Մոսկվայում ցուցահանդես կազմակերպեց, նկարների մի մասը վաճառվեց. դրանց թվումՙ Աստրախանի թանգարանում պահվող այդ երկու նատյուրմորտները: Այդ ժամանակ էր նա ծանոթացել Ղազարոս Աղայանի դստեր հետ եւ ամուսնության առաջարկ արել: Նրանց ամուսնության համար այդ նկարների վաճառքից ստացված գումարը շատ պետք եղավ:

Աստրախանի թանգարանում կան նաեւ Հ. Այվազովսկու գործերից, նաեւ մի դիմանկար, որի ինքնությունը անհայտ է: Այժմ այնտեղ վերանորոգչական աշխատանքներ են կատարվում, հոկտեմբերին թանգարանը կբացվի, եւ երբ այդ նկարը ինձ ուղարկեն, կպարզեմ թե դա ում դիմանկարն է: Երկու օր հետո ավտոբուսով մեկնեցի Ռոստով, տեղի թանգարանի աշխատակիցներից մեկը, արվեստաբան Վալերի Ռյազանցեւը Ռոստովի հայ նկարիչների մասին գիրք է գրել: Ես կարողացա նրան օգտակար լինելՙ լրացնելու որոշ բացթողումներ, տեղեկություններ: Այս քաղաքում է ապրել մեզ անհայտ մնացած մի հայ բանաստեղծՙ Օնոփրիոս Անոփյան, որին Սարյանը 1915 թ. տեսել է Թիֆլիսում եւ ճեպանկար արել, սքանչելի մի դիմանկար է ստացվել: Օնոփրիոս Անոփյանը հայերեն է թարգմանել տասնյակ բանաստեղծների գործեր: Այնտեղ հանդիպեցի թոռան հետ եւ նրա բոլոր հիմնական նյութերը բերեցի Երեւան, տարեվերջին առաջին անգամ լույս կտեսնի նրա ժողովածուն:

- Մեզ, իրոք, անծանոթ անուն է իբրեւ բանաստեղծ, թեեւ Սարյանի ալբոմներից է հայտնի:

- Զարմանալիորեն Երեւանում տպագրված որեւէ գրքում նրա անունը չի հայտնվել: Հալեպի մեր դպրոցի IV դասարանի հայ գրականության դասագրքում նրա մի բանաստեղծությունը կար («Բուքը»)ՙ արեւելահայերենով: ՀԲԸՄիությունում այդ ոտանավորի մրցույթ եղավ, եւ 25 մասնակիցներից մրցանակը ինձ տրվեց: Դա մի գիրք էրՙ «Մինչեւ Ամերիկա» խորագրով: Սակայն երկու շաբաթ անց «տեղի ունեցավ»... մինչեւ Հայաստանը:

- Եկաք Հայաստան, եւ քիչ անց Ձեր կյանքը անդառնալիորեն կապվեց արվեստի աշխարհին: Մի քանի տարի առաջ տպագրված «Թանգարանի զինվորը» կարելի՞ է այդ կյանքի պատմությունը համարել:

- Դա միայն իմ նկարահավաքման պրակտիկ գործունեությունն է ներկայացնում:

- Պրն Խաչատրյան, Ձեզ հրավիրել ենք, որովհետեւ գիտենք երկու օրից Ձեր ծննդյան 75-ամյակն է...

- Չեմ էլ զգում այդ 75-ը, շարունակում եմ աշխատել երիտասարդական նույն ուժով:

- Հրաշալի: Բայց դուք շատ հպանցիկ անդրադարձաք նկարահավաքման գործունեությանը: Իրականում դա մի բարդ ու եզակի գործ է, այդպիսի ո՛չ գիրք, եւ ո՛չ էլ աշխատանք է եղել մեզանում:

- Իհարկե, ինքնին դա բացառիկ երեւույթ է, երբ թանգարանային մի աշխատող, իրոք զինվորագրված այդ գործին, նպատակադրված փորձել է ամբողջացնել թանգարանային հավաքածուն: Սարյանի ցանկությամբ ես սկսեցի աշխատել նրա մոտ, նրա թանգարանում: «Եղիր իմ ընկերը եւ միասին աշխատենք», Սարյանի այս խոսքը ինձ միանգամից երջանկացրեց: Իմ աշխատանքային շուրջ չորս տասնամյակների ընթացքում հավաքեցի այնպիսի գործեր (մոտ 70 նկար), որ թանգարանը ամբողջական կերպար ունենա: Ինձ ուրախացնող բուն պարագան այն է, որ Սարյանի ստեղծագործության բոլոր շրջանները ամբողջական ներկայացվեցին թանգարանում:

- Ձեր նկարահավաքման աշխատանքը, իհարկե, Սարյանի գործերով չի սահմանափակվում:

- Այո: Միաժամանակ ինձ առաջարկեցին ղեկավարել Ազգային պատկերասրահը, եւ այս ընթացքում շուրջ 400 գործ եմ հավաքելՙ Ժանսեմ, Գառզու, Բեռնար Բյուֆֆե, Մախոխյան, Ադամյան, Թյությունջյան... աշխատել եմ Այվազովսկու բաժինը լրացնել հայկական նկարներով:

- Դուք մշակույթի գործիչ եք, արվեստաբան, նաեւ գրահրատարակչական փորձ ունեք, բազմաթիվ ալբոմներ, գրքեր, կատալոգներ եք հեղինակել: Առանձնահատուկ կարեւորություն ունեն, սակայն, վերջին տարիների Ձեր հրատարակած մեծադիր պատկերագրքերըՙ հայ երեք երեւելի նկարիչներին նվիրվածՙ Մինաս Ավետիսյան, Մարտիրոս Սարյան, Հովհաննես Այվազովսկի: Վերջին երկուսը լույս տեսան Փարիզում, ֆրանսերենով: Իսկ Այվազովսկինՙ նաեւ Երեւանում, երեք լեզուներով: Ձեր հոբելյանական տարում դա այն լավագույն ընծան էր, որ կարող էիք մատուցել հայ արվեստին նրա բոլոր ժամանակների համար: Դա, կարելի է ասել, Ձեր անցած տարիների գործունեության ամփոփումն է նաեւ:

- Գիտեք, 60-ականներին, երբ արթնացում ապրեց մեր մշակույթը եւ հրաշալի արձագանք ունեցավ հատկապես նկարչական ասպարեզում, ես բախտավորություն ունեցա այդ շրջանիՙ ինքնուրույնություն, ինքնատիպություն որոնող եւ իրենց արմատների հետ կապված նկարիչների, հատկապես Մինաս Ավետիսյանի հետ ծանոթ եւ մտերիմ լինելու: Նրա հետ ծանոթացա Լենինգրադում: Իրեն առաջին անգամ հանդիպեցի հնոցատանը: Ածուխ լցնելիս նա դարձավ ինձ ու ասացՙ մի քիչ սպասիր: Երբ ավարտեց գործը, գնացինք իր աշխատանոց. այդ օրը տեսա նաեւ «Ջաջուռ» նկարը: Անցան ժամանակներ: Երեւանում գրեթե ամեն օր հանդիպել եմ Մինասին: Հիմա նրա կորուստների, հրդեհի, կյանքի ողբերգության մասին չեմ ուզում խոսել: Իր մտորումների գրառումներն արվեստի մասին հավաքել եւ պատրաստել եմ մի գիրք հետեւյալ բաժիններովՙ Մարդը, Նկարչությունը, Գրաֆիկան, Որմնանկարչությունը, Թատերական նկարչությունը: Իր 80-ամյակի առիթով Ազգային պատկերասրահում մի ցուցահանդես կազմակերպվեց եւ կատալոգ հրատարակվեց: Զարմանում եմ, թե ինչո՞ւ որեւէ հարց ինձ չուղղվեց եւ ի՞նչ պատճառով:

Միայն հիշեմ մի բան. 1962-ին արդեն Հայաստան եկած Հակոբ Հակոբյանը երբ դիտում էր «Հինգի» ցուցահանդեսը, նրան մոտեցավ Մինասը: Ծանոթացան եւ միասին գնացին նրա արվեստանոցը: Նայելով Մինասի գործերըՙ Հակոբյանն ասաց. «Եթե «Ջաջուռի», «Ծնողների» նման 50 գործ ունենաս, դու աշխարհի արդիական արվեստի ամենաինքնատիպ դեմքերից ես»: Հակոբյանի այս կարծիքը, իհարկե, ելնում էր գույնի հնչողությանը յուրօրինակ իմաստ, լարվածություն, դրամատիզմ հաղորդելու Մինասի բացառիկ տաղանդից:

- Իսկ Մինասին այդպես ընկալող Հակոբ Հակոբյանի արվեստն ի՞նչ ընթացք ունեցավ նույն 60-ականների մթնոլորտում:

- Ծանոթ լինելով Հայաստան նվեր ուղարկած իր տասը նկարներին, որոնք ինչ-որ չափով հետեղեռնյան սերնդի ծանր հոգեկան վիճակի խտացումներ էին, մենք մտահոգված էինք, թե խորհրդային երկրում ինչպես է նա շարունակելու աշխատել: Առաջին իսկ բնանկարները, որոնք ստեղծվում էին Լենինական-Երեւան, Երեւան-Լենինական ճանապարհների տպավորություններից, անմիջապես ոգեւորեցին մեզ: Թեթեւակի ձնհալ ապրող մեր մթնոլորտում այդ նկարներում եւս արտահայտություն գտան այն ապրումները, որոնցով տոգորված էին Մինասի գործերը, միայն թե Հակոբյանի արվեստում դրանք դրսեւորվեցին խիստ ուրույն ձեւերով, եւ նաՙ իբրեւ խստաշունչ-խոհական ոճի սկզբնավորող, մեծ ընդունելություն գտավ ողջ Սովետական Միությունում եւ բարձր գնահատվեցՙ ընտրվելով ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի անդամ: Ուրախ եմ, որ նրանց անհատական խոշոր ցուցահանդեսները կազմակերպել եմ տարբեր քաղաքներում եւ հատկապես Մոսկվայում, եւ բացի այդ իմ պատրաստած պատկերագրքերը անգլերենով լույս տեսան Կանադայում:

- Վերադառնանք Վարպետ Սարյանին եւ նրա վերջինՙ Ձեր հեղինակած պատկերագրքին:

- Այսօր զարմանալի կարող է թվալ, եթե հիշենք, որ Սարյանն արդեն 80 տարեկան էր, երբ լույս տեսավ իր առաջին ալբոմը: Հիշենք նաեւ, որ խորհրդային տարիներինՙ Սարյանի նախահեղափոխական շրջանի բարձրարժեք գործերը Միության թանգարաններում չէին ցուցադրվում, եւ արտերկրներում ներկայացվող ցուցահանդեսներին մասնակից էին դարձնում միայն խորհրդային շրջանի գործերը: Ստեղծված իրավիճակի բարդությունը հաղթահարել դժվար էր:

1979-ին Երեւան եկավ Պոմպիդու կենտրոնի գլխավոր տնօրեն պրն Միլլեն, որին ուղեկցում էի շրջագայությունների ընթացքում: Նա խոստացավ իրագործել խնդրանքս եւ մեկ տարի անց Պոմպիդու կենտրոնում կազմակերպեց Սարյանի ընտրված գործերի ցուցահանդեսՙ Վարպետի ծննդյան 100-ամյակին նվիրված: Համաշխարհային այս մեծ կենտրոնում բացված ցուցահանդեսը հնարավորություն տվեց, որ Սարյանին ներկայացնենք ե՛ւ Գերմանիայում, ե՛ւ Իտալիայում, ե՛ւ Հունաստանում ե՛ւ այլուր: Ամենանշանակալին, սակայն, Ֆրանսիայի Անտիբ քաղաքի Պիկասոյի թանգարանի ցուցադրությունն էր, որտեղ ներկայացված էին Սարյանի բացառապես մինչհեղափոխական շրջանի գործերը: Այս ցուցահանդեսը հաստատեց, որ Սարյանը 20-րդ դարասկզբի եվրոպական խոշորագույն գունանկարիչներից մեկն է: Ինձ համար բացառիկ երեւույթ էր, որ մի օր այստեղ եկան ֆրանսիական երկու տասնյակ հայտնի արվեստագետներ. նրանց գնահատման մեջ ես զգացի Սարյանի նոր վերելքը: Անտիբի թանգարանի աջակցությամբ Սարյանի գրքի հրատարակման իմ խնդրանքը, ի վերջո, իրականացավ: Դա այս տարի լույս տեսած շքեղ ալբոմն է, որը տպագրվեց Փարիզի «Տալիա» հրատարակչությունում: Հուսով եմ, որ շուտով մասնակցելով մի քանի շնորհանդեսների, այդ գիրքը կարող է լույս տեսնել նաեւ գերմաներենով եւ անգլերենով:

- Այս ամենը վկայում է այն մասին, թե Դուք ինչպիսի խոր արմատներով եք կապված Վարպետ Սարյանի հետ, նրա արվեստը Ձեր կյանքն եք դարձրելՙ ցուցահանդեսների կազմակերպիչ, մեկնաբան-վերլուծաբան, կատալոգների, գրքերի հեղինակ, նկարահավաքորդ, թանգարանի ե՛ւ տնօրեն, ե՛ւ պարզ մշակ: Եվ դա շարունակվում է հիմա էլ, երբ արդեն այդ թանգարանում չեք աշխատում:

- Եթե, ինչպես ասացիք, մի ամբողջ կյանքի նվիրում է գործին, ապա դա անկախ հանգամանքներից չի կարող դադարել. սերը չի կարող կասեցվել:

- Այժմ անդրադառնանք օրերս «Տիգրան Մեծ» տպարանի լույս ընծայած Այվազովսկու ծավալուն պատկերագրքին, որի մասին բարձր կարծիքներ են արդեն տարածված: Իհարկե, գիտենք նաեւ որ 2007-ին Փարիզի Ծովային թանգարանում Դուք կազմակերպեցիք Այվազովսկու ցուցահանդեսը, եւ այդ առիթով ֆրանսերեն լույս տեսավ Ձեր հեղինակած գիրքը: Ի՞նչն է կապում Ձեզ Այվազովսկու հետ, չէ՞ որ ինքներդ արդիական արվեստի մասնագետ եք:

- Արվեստի աշխարհ մտնելու իմ ճանապարհին Այվազովսկին բախտորոշ դեր ունեցավ: Հանճարեղ ծովանկարչի հանդեպ իմ վերաբերմունքը երախտագիտության արտահայտություն է: Փոքր տարիքում ես նկարում էի: Դրանք ածխամատիտով արված պատմական հերոսների դիմանկարներ էին, որոնք կախված էին Հալեպի մեր դպրոցի պատերին: 1973-ին երբ ինձ հրավիրեցին տեղի «Սարյան» ակադեմիայում ելույթ ունենալու, այցելեցի նաեւ մեր դպրոց, Սահակյան վարժարան, նկարներս դեռ պատերին էին: Այնպես որ, ես Հայաստան նկարչական սիրով եմ ներգաղթված:

- Եվ ի՞նչ կապ ունի այս պատմության հետ Հովհ. Այվազովսկին:

- Հայաստան գալուց անցել էր չորս տարի: Ես մոռացել էի, որ նկարչություն էի սիրում: Աշխատում էի, հայրիկիս էի օգնում, պատ էի շարում, որովհետեւ ինքը մենակ էր մեծ ընտանիքի հոգսի հետ: Մասնակցել եմ ծածկած շուկայի հետեւում գտնվող օդերեւութաբանական ինստիտուտի ճակատային մասի, նաեւ նախկին Գերագույն սովետի, այժմ նախագահական շենքի կողքի սյուների կառուցման աշխատանքներին: Մի օր եղբորս հետ վարսավիրանոցում սեղանի վրա տպավորիչ ծովանկար ներկայացնող մի ամսագիր ուշադրությունս գրավեց: Դա Այվազովսկու նկարներից մեկն էր: Հիշեցի մեր դպրոցի նկարչության դասատուինՙ Վարդան Սերայդարյանին, որ մեզ պատմում էր Այվազովսկու մասինՙ որպես մեծ հայրենասերի: Այդ պահին մեջս բեկում տեղի ունեցավ. այդ օրվանից թեքվեց կյանքիս ուղին դեպի արվեստը:

Հետագայում Լենինգրադի գեղարվեստի ակադեմիայում սովորելու առիթն էլ արվեստաբան Մարիամ Այվազյանի հետ իմ զրույցը եղավ, երբ նա ինձ հարցրեց, թե արվեստաբանություն սովորե՞լ եմ: Ասացիՙ ոչ, ուղղակի շատ եմ սիրում նկարչություն: Մի քանի օրից ինձ կանչեց պատկերասրահի տնօրենըՙ Ռ. Պարսամյանը եւ աշխատանքի ընդունեց նախՙ որպես էքսկուրսավար, ապաՙ գիտաշխատող: Մարիամ Այվազյանի նամակները օգնեցին ինձՙ Լենինգրադի Գեղարվեստի ակադեմիայի ուսանող դառնալ:

- Ի՞նչ հիմնական խնդիր է լուծված Այվազովսկուՙ Ձեր այս վերջին հատորում, նախորդ մի քանի հրատարակություններից ինչո՞վ է առանձնանում:

- Առաջինըՙ գիրքը նորություններով հարստացնելն էր: Այվազովսկու ստեղծած շուրջ 6.000 գործերի մի մասը գտնվում է արտերկրներում: Տարիների ընթացքում կարողացել եմ հավաքել նրա անհայտ նկարների սլայդները, մասնավորապես Նյու Յորքի եւ Լոնդոնի նշանավոր աճուրդներից: Պատկերագրքում ընդգրկված շուրջ 300 գործերի մեկ քառորդը նորություն է, որով եւ այն տարբերվում է Ռուսաստանում հաճախ լույս տեսնող միեւնույն նկարներով կրկնվող ալբոմներից: Բացի այդ աշխատել եմ ընդգրկել նրա հայկական թեմաներով գրեթե բոլոր նկարները, որոնց թվում 1895-ի հայկական ջարդերի արձագանքները արտացոլող կտավներ, ինչպես նաեւ Սեւանա լճի հիասքանչ բնանկարը, որոնք վերջերս կարողացա գտնել:

Երկրորդ խնդիրը ծովանկարչի հայկական ծագման ու հայ մշակույթի հետ ունեցած սերտ կապերին է վերաբերում: Հիշեցնեմ ընթերցողին, որ Այվազովսկու ծննդյան միակ իրավական վկայագիրը Թեոդոսիայի Սբ Սարգիս եկեղեցու ծննդյան մատյանն է, ուր 1817 թ. հուլիսի 17-ին Տեր Մկրտիչը գրառել է նկարչի ծննդյան փաստը. «Գեւորգ Այվազյանի որդի Հովհաննեսն»: Այդ վկայագիրը գտնվել է բավական ուշՙ 1965-ին, ՀՀ պետական արխիվում: Իսկ ռուսական աղբյուրներում նկարչի ազգապատկան նախնական վկայությունները արծարծվել են 1830-ականներինՙ«13-ամյա հայի որդու» տաղանդին վերաբերող գրություններում: Այնուհետեւ մոտ հինգ տասնամյակ այս հարցի շուրջ որեւէ հրապարակում չի եղել:

1878-ին Կարսի գրավումից հետո, Կ. Պոլսում ռուս-թուրքական հաշտության պայմանագիրը կնքվում է մի դահլիճում, որտեղ Այվազովսկու նկարներն էին կախված, որոնք նա սուլթանի պատվերով էր կատարել ու շքանշան ստացել: Նույն տարին Պետերբուրգում լույս է տեսնում նկարչի հետ զրույցների հիման վրա գրված Կարատիգինի կենսագրական ակնարկը, որի ընթերցումը հստակ այն տպավորությունն է թողնում, որ այդ գրությունը նպատակադրված է եղել, ինչպես ռուս մեծ բանաստեղծներ Պուշկինին եւ Ժուկովսկուն, Այվազովսկուն էլ տալ մուսուլմանական ծագում: Ակնարկի հենց սկզբից կեղծիքն ակնհայտ է: Այնտեղ գրված է. «Այվազովսկու նախնիները եղել են թրքահպատակ եւ Ղուրանի հետեւորդ»: Առաջին աղաղակող խեղաթյուրումը: Թուրքիայից (Արեւմտյան Հայաստանից) գաղթած նկարչի նախնիները ինչպե՞ս կարող էին Ղուրանի հետեւորդՙ մուսուլման լինել: Այսպես տեքստը շարունակվում է ճչացող նման կեղծիքներով:

1894-96 թվականներին Թուրքիայում տեղի ունեցած հայկական ջարդերին Այվազովսկին արձագանքում է կոտորածների ցնցող պատկերումներով: Այդպես շարունակում է աշխատել նա ալեկոծված հոգով եւ 1900 թ. մայիսի 2-ին նկարում է «Թուրքական նավի պայթյունը» կտավը եւ նույն օրը հանկարծամահ է լինում: Նրա մահից անմիջապես հետո հայտնվում է Կուզմին անունով Այվազովսկու մի նոր «կենսագիր», որը Կարատիգինի շարադրանքի հիման վրա կազմում է Այվազովսկուն նվիրված գրքի տեքստը: Կեղծիքներն այստեղ ապշեցնող ենՙ Գեւորգի եւ Հռիփսիմեի Հովհաննես որդուն վերջնականապես իր բունՙ հայկական արմատներից հեռացնելու, մեկուսացնելու մտադրությամբ: Ամենացավալին այն եղավ, որ «Հայաստանն առանց հայերի» ցարական Ռուսաստանի ծանր քաղաքականության արգասիքՙ ամեն հայկականությունից մաքրված այդ գիրքը երկար տարիներ հիմնաղբյուր է դառնում նկարչի կյանքի հետագա ռուս ուսումնասիրողների համար: Այդպես էլ նրա հայկականությունը մոռացության տրվեց:

Այվազովսկուն նվիրված այս նոր գրքում Կուզմինի հորինած կեղծիքներն, իհարկե, իմ կողմից հիմնավորապես բացահայտված են, ինչպես նաեւ մեկնաբանված եւ ներկայացված են նրա արվեստի ազգային արմատները: Սակայն մեծագույն ուրախություն ապրեցի, երբ պատահաբար ձեռքս ընկավ 2005-ին եւ 2008-ին Մոսկվայի «Արտ-Ռոդնիկ» հրատարակչության կողմից կրկնակի լույս ընծայած արվեստաբան Ն. Մամոնտովայի մենագրությունը, որտեղ ճշմարտորեն մեկնվել են Այվազովսկուՙ հայ մշակույթի հետ ունեցած սերտ կապերը:

- Հետաքրքրական եւ ուսանելի էր այս զրույցը, Ձեզ հետ կարելի է այսպես երկար շարունակել. պրպտումներով հարուստ կենսագրություն եք ապրել: 75-ամյակի այս նոր երիտասարդացումը նոր անակնկալներ պատրաստո՞ւմ է:

- Այժմ աշխատում եմ «Եղեռնի անդրադարձը հայ նկարչության մեջ» պատկերագրքի վրա, որտեղ ներկայացվող 95 գործերը կարող են մեր նկարիչ-արվեստագետների համամարդկային ապրումները, այդ իրողությունների ծանր զգացողությունները ծանոթացնել միջազգային հանրությանը:

Հրատարակելու եմ նաեւ իմ ամենօրյա զրույցները ծերունազարդ Սարյան-Վարպետի հետ: Նշվածներից բացի ձեռնարկել եմ Հովնաթանից սկսած մեր ականավոր նկարիչներին նվիրված պատկերագրքերի մի շարք, մի էջին նկարը, մյուսինՙ դրա մեկնաբանությունը: Նման գործը, հուսով եմ, կարող է օգտակար դառնալ մեր նոր սերնդին, երբ մտորում ես, որ մեր արվեստամտածողության միջուկը կոտրվել է, կարողությունները փխրունացել, արմատազերծվել են, հոգեւոր կյանքի պատկերացումները փոխվել, անդեմ գլոբալիզացիայի թեւեր են առել:

- Այո, խախուտ ժամանակներ ենՙ նոր մտածողության եւ այդ գլոբալիզացիոն տարբեր հոսանքներով, որոնք ինչ-որ տեղ երկդիմի ենՙ տարաբեւեռ նշանակություններով: Ինչպե՞ս եք այս հարցին վերաբերում:

- Վստահ եմՙ ճիշտ կլինի հիշեցնել Սարյանի խոսքերը: Առանց այդ բառը լսելու Սարյան-Վարպետը հրաշալի միտք է արտահայտել. «Ինչպես երկրագունդն է փայփայում ու մշակում հողը, այնպես էլ պետք է մշակել կյանք մտնող սերնդի հոգին... Ազգայինը ծառ է: Նա աճում է, ծաղկազարդվում, փոխվում է, բայց արմատները միշտ մայր հողում են: Ով կորցնում է հողի համը, իր սուրբ լեզուն, նա կորցնում է իր նկարագիրը: Բազմազանությունը, բազմաձեւությունը մարդկության հարստությունն են: Այդ հարստությունը մղում է ժողովուրդների մերձեցման: Նմանեցումը ինքնության կորուստն է, ոչնչացումը: Մարդկային պատմության առաջընթացը սեփականի, անկրկնելիի պահպանումն է»:

Զրուցեց ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆԸ


Նկար 2. Մարտիրոս Սարյանի արվեստանոցում երգչուհի Լիլիթ Չուգասզյանի հետ:

Նկար 3. Հովհաննես Այվազովսկի. «Սեւանա լիճը. Արեւածագ», 1869թ.

Նկար 4. Հովհաննես Այվազովսկի. «Փոթորկի մեջ», 1872 թ. (հատված) Շ. Խաչատրյանի Հայաստան բերած գործերից

Նկար 6. Մ. Սարյան. Բանաստեղծ Օնոփրիոս Անոփյանը, 1915 թ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4