ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#8, 2009-08-29 | #9, 2009-09-12 | #10, 2009-09-26


ԵԲՐԱՅԵՐԵՆՈՎ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԾ ՄԻԱԿ ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐԸ

Հրեա անվանի գրող, Նոբելյան մրցանակակիր Շմուել Յոսեֆ Ագնոնի ստեղծագործություններն արտապատկերն են իր ժամանակաշրջանի ներքին հակասությունների, անհատի հոգեւոր աշխարհի ամայացման, կյանքի հանդեպ հավատի կորստյան, ազգային ավանդույթների անհետացման եւ այն ամենի, որ առհասարակ զբաղեցնում է աշխարհն ու մարդուն մտավոր լույսի ներքո զննող գրողին:

Ագնոնը (իսկական ազգանունը Չաչկես) ծնվել է Գալիցիայում, 1888 թվականին: Հայրը եղել է ժամանակի կրթված անձնավորություններից եւ որդուն դաստիարակել է հրեական հոգեւոր գրականության հանդեպ պաշտամունքի հասնող սեր ներարկելով: 17 տարեկանում Ագնոնն արդեն որոշակի ճանաչում ձեռք բերած գրող է եղել, հասցրել է տպագրել 70 ստեղծագործությունՙ բանաստեղծություններ, պատմվածքներ, ակնարկներ: Հենց այդ ժամանակ էլ լքել է հայրենի Բուչաչա քաղաքն ու 1907-ին մեկնել է Պաղեստին: Գրական աշխարհում նրա անունը հայտնի է դարձել հատկապես 1911-ին «Մեռյալների պարը» պատմվածքը տպագրելուց հետո, որը եւ վկայել է նրա փայլուն տաղանդի հասունացման ու գերմանական նեոռոմանտիզմին մոտ կանգնած լինելու մասին:

Պաղեստինում գոյությունը պահպանելու համար Ագնոնը մասնավոր դասեր է տվել, տպագրվել է տարբեր պարբերականներում, նաեւ գրագրի աշխատանք է կատարել Յաֆայում եւ Երուսաղեմում: Թեպետ այդ շրջանում հրեադավանության օրենքներին խստապես չի հետեւել, բայց եւ ընդօրինակելի չի համարել հրեա նորեկների մոդեռնիստական կենսաձեւը: Իր ողջ էությամբ տարվել է Երուսաղեմով, նրա պատմական անցյալով, հոգեւոր մթնոլորտով, հրեական ավանդապաշտությամբ, ներշնչվել է, բորբոքել ստեղծագործական միտքն ու երեւակայությունըՙ ծնունդ տալով բազմաթիվ հոյակապ ստեղծագործությունների:

Ագնոն գրական կեղծանունը նա առաջին անգամ գործածել է «Ագունոտ» (Լքված կանայք) պատմվածքը տպագրելու ժամանակ, երբ ապրել է Իսրայելի Յաֆա քաղաքում, 1908թվականին: Իր հասակակիցների պես հրապուրվել է Գերմանիայով, ուր եւ հայտնվել է 1913-ին` իսկույն արժանանալով գերմանաբնակ հրեա գրողների քամահրական վերաբերմունքին: Նրա պատմվածքներից մի քանիսը տպագրվել են Մարտին Բուբերի «Դեր յուդե» ամսագրում եւ զգալի հետաքրքրություն են առաջացրել գերմանացի գրողների շրջանում: Գրքի հանդեպ իր պաշտամունքն Ագնոնն արտահայտել է եբրայերեն հնատիպ գրքերի հավաքածու ստեղծելով, սակայն Գերմանիայում նրան վիճակված էր ապրել իր կյանքի ծանր ողբերգություններից մեկը. 1924 թվականին հրդեհվում է նրա բնակարանը, այրվում են ոչ միայն եբրայերեն հնատիպ գրքերը, այլեւ իր անավարտ գործերը: Հենց այդ պատճառով նրա ստեղծագործական կյանքի գերմանական շրջանից քիչ բան է պահպանվել:

1924թվականին Ագնոնը Գերմանիայից վերադարձել է Երուսաղեմ, որտեղ եւ լույս է տեսել նրա առաջին ժողովածունՙ «Ամուսնացնելու աղջիկը» ժողովրդական պատումը, որում նրբին արտահայտչամիջոցներով պատկերված է միամիտ ու բարեպաշտ մարդու աշխարհը` լի լավատեսությամբ, որով եւ նա հաղթում է զրկանքներով ու դառնություններով լի իրականությանը:

Ագնոնը համարվում է հրեական ավանդական հոգեւոր գրականության հետեւորդը: Ընթերցող հասարակության վրա խոր ազդեցություն է թողել հատկապես «Խաղաղության եւ հանգստի միջեւ» վերնագրով պատմվածքների ժողովածուն, որում ցայտուն դրսեւորվել է հին եւ նոր աշխարհների սահմանագծի վրա մտորող գրողի խուճապը: 1941թվականին լույս տեսած «Թե մեկը, թե մյուսը» ժողովածուի մեջ ընդգրկված «Փոխակերպում», «Անտառում եւ քաղաքում» եւ մյուս պատմվածքներում հեղինակը ջնջում է երեւակայության եւ իրականության սահմանագիծըՙ տիրապետղ դարձնելով կեցության մետառեալիզմն ու ներքին մենախոսությունը: Նա բնավ չի սքողում հրեական հասարակության մեջ գոյություն ունեցած ողբերգական ներքին հակասությունները, դրանով իսկ ապացուցելով իր անձնուրաց սերը իր ժողովրդի, նրա հոգեւոր արժեքների, հնամյա երկրի եւ Երուսաղեմի հանդեպ:

Ագնոնի ստեղծագործությունները, ինչպես նշել են գրաքննադատները, անուղղակիորեն անդրադառնում են ժամանակաշրջանի հոգեբանական եւ փիլիսոփայական բարդ խնդիրներին: «Մի գիշերվա հյուրը» (1938-39թթ). վեպի հերոսը երկար տարիների բացակայությունից հետո վերադառնում է հայրենի Գալիցիա եվ ականատես դառնում Բուչաչա քաղաքի ամայությանը:

Ագնոնին կենդանության օրոք տպագրված «Բոլորովին վերջերս» (1945թ) ծավալուն վեպի գործողությունները տեղի են ունենում Պաղեստինում, հրեաների երկրորդ ներգաղթի ժամանակ, բայց, ըստ էության, ընդգրկում է նաեւ իր ժամանակաշրջանըՙ ներառելով Հիտլերի ծրագրած եվրոպական հրեաների ոչնչացումը:

Գրողի ինքնատիպ ոճի մեջ միաձուլված են արձակի գրեթե բոլոր ձեւերը, որ գործածվել են հին հրեական գրականության մեջ: Մինչեւ կյանքի վերջին տարիները Ագնոնը տպագրվել է գրական ամսագրերում, «Հաարեց» թերթի գրական հավելվածում, հասցրել է լույս ընծայել մի քանի նոր ժողովածուներ: Նրա գործերից հատուկ ուշադրության է արժանացել նաեւ «Իդո եւ Էյնամ» վեպը, որում քննվում է այդ շրջանում տիրապետող դարձած հրեական երեք` կրոնական, միստիկ եւ գիտապատմական աշխարհայացքների փոխկապակցվածությունը: Բացի վեպերից Ագնոնը գրել է նաեւ վիպակներ, պատմվածքներ, մշակել է ժողովրդական հեքիաթներ, լեգենդներ, անդրադարձել է կրոնական ծեսերին ու տոներին:

Նրա երկերի լիակատար ժողովածուն լույս է տեսել 1953թվականին, 7 հատորով, իսկ 8-րդըՙ 1962թվականին: Ագնոնը վիթխարի ազդեցություն է թողել նոր սերնդի գրողների աշխարհայացքի ձեւավորման վրա: Գրական ահռելի վաստակի համար նա արժանացել է բազում մրցանակների, այդ թվում` Իսրայելի պետական մրցանակներիՙ 1954-ին եւ 1958-ին:

Իր կյանքի եւ ստեղծագործության առավել հուզիչ դրվագների մասին Ագնոնը պատմել է Նոբելյան մրցանակաբաշխության ժամանակ` 1966 թվականի դեկտեմբերի 10-ին: Ներկաների առջեւ սիրտը բացել է ոչ թե նրանց առաջարկով կամ խնդրանքով, այլ` որովհետեւ այդպես են իրեն ավանդել Երուսաղեմի իմաստունները: Բարեկամ ընտրելու մեջ խստաբարո երուսաղեմցիները խնջույքի գնալուց առաջ պետք է իմանային, թե ովքեր են հրավիրված այնտեղ, անծանոթ մեկին պատվելուց առաջ պետք է լսեին նրա կյանքի հայտնի եւ անհայտ էջերի մասին:

Իր կյանքի պատմությունն Ագնոնը սկսել է աղոթքով եւ օրհնությամբ, քանի որ հրեա իմաստունները երկրային կյանքի ոչ մի հաճույք եւ երանություն չեն վայելել առանց աղոթքի եւ օրհնության: Աղոթել եւ օրհնել են ուտելուց եւ խմելուց առաջ, նորածիլ խոտի բուրմունքը շնչելիս, անուշահամ մրգերի եւ համեմունքների բույրը զգալիս, բնության զարթոնքը տեսնելիս, մի խոսքով, կյանքում ապրած ամեն մի վայելքի համար փառաբանել են Բարձրյալին: Երբ Ագնոնին հայտնել են Նոբելյան մրցանակակիր դառնալու լուրը, նույն պահին նա աղոթք է հղել առ Աստծված` իրեն այդպիսի երանելի պատվի արժանացնելու համար:

«Ես Լեւիների տոհմից եմ, նախնիներս պոետներ են եղելՙ Սողոմոն մարգարեի հետնորդները, եւ հենց այդ պատճառով ինձ անվանակոչել են նրա անունով: Հինգ տարեկան էի, երբ գրեցի առաջին բանաստեղծություններս: Գրեցի հորս կարոտից, որովհետեւ առեւտրական գործարքները նրան հարկադրում էին տարբեր վայրեր մեկնել եւ ես անկարող առանց նրա դիմանալու, բանաստեղծություններ էի գրում: Այդ ժամանակվանից սկսեցի անդադար գրել, բայց գրվածքներիցս ոչինչ չմնաց: Հայրական տանը թողած ձեռագրերիս հսկայական կույտն այրվեց Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ: Այդ բանաստեղծություններն իրենց շուրթերին աշխատող ջահել արհեստավորները` դերձակներն ու կոշկակարները զոհվեցին պատերազմում, կամ ողջ-ողջ թաղվեցին թշնամու հրամանով իրենց իսկ ձեռքով փորած փոսերում, մի մասն էլ` այրվեց Օսվենցիմի դիակիզարաններում:

Այդպիսի ճակատագիր ունեցան նաեւ ավելի ուշ ստեղծած գրքերս. Համբուրգի իմ բնակարանում, այն պահին երբ ես գտնվում էի հիվանդանոցում, բոլոր գրքերս մեկ գիրք դարձած երկինք բարձրացան գիշերը բռնկված կրակի հետ: Այրվեց նաեւ 700 էջանոց ծավալուն նովելս, որի առաջին հատորն արդեն պետք է լույս տեսներ, այրվեց այն ամենը, որ գրել էի Իսրայելից գաղթի ճամփան բռնելուց հետո, նաեւ Մարտին Բուբերի հետ կազմած գիրքս, էլ չեմ խոսում 4 հազար եբրայերեն գրքերի մասին, որոնց մեծ մասը ժառանգություն էի ստացել, մի մասն էլ` գնել էի օրահացի համար նախատեսած գումարով: Գրքերս հրդեհվելուց հետո Աստված իմ մտքին ու գրչին իմաստություն տվեց գրելու Սուրբ գրքի ընծայման, Հոլոքոսթի ահեղ պատմության եւ Իսրայելի մասին»:

«Իսրայելում հաստատվելուց հետո երկու անգամ եմ դուրս եկել երկրից, առաջինը` գրքերիս հրատարակության առիթով, երկրորդը` Շվեդիան եւ Նորվեգիան տեսնելու ցանկությունից դրդված: Այդ երկրների մեծ պոետներն այնպիսի սիրով են գովերգել իրենց հայրենիքը, որ այդ սերը փոխանցվել էր ինձ ու տեսնելու բուռն ցանկություն առաջացրել: Երկրից դուրս գալու երրորդը առիթը ձեր մեծարանքին արժանանալն էր»:

«Երուսաղեմում բնակվելու տարիներին գրել եմ մեծ ու փոքր պատմվածքներ: Մի մասը հրատարակվել է, մնացածըՙ ոչ: Ոմանք իմ ստեղծագործություններում տեսնում են այն գրողների ազդեցությունը, որոնց անուններն ինձ անծանոթ են, կամ նշում են բանաստեղծների անուններ, որոնց մասին լսել եմ, բայց գրքերը չեմ կարդացել: Ահա թե ինչ կասեմ ես իմ մասին, ո՞վ եմ ես, ո՞ւմից եմ սնունդ ստացել: Ամեն ոք չէ, որ հիշում է իր խմած կաթի յուրաքանչյուր կաթիլը, եւ գիտի այդ կաթը տվող կովի անունը: Փորձեմ պարզել, թե որտեղից եմ ստացել այն ամենն, ինչ ունեմ այսօր: Ամենից առաջ Սուրբ գրքից, որով գրաճանաչ եմ դարձել, հետո Միշնայից, Թալմուդից, Միդրաշից եւ Սուրբ գրոց մեկնություններից, այնուհետեւ միջնադարյան պոետներից եւ իմաստուններից, գլխավորապես երջանկահիշատակ ուսուցիչ Ռամբամից:

Լատինական այբուբենը սովորելուց հետո սկսեցի կարդալ գերմաներեն, կարդում էի ինչ ձեռքս ընկնում էր, եւ երեւի թե, գտնում էի հոգուս որոնածը: Այդ գրողների անունները չեմ թվարկում, ձեր ժամանակը խնայելու համար: Հրեական գրքերի անունները թվարկեցի միայն ասելու, որ դրանք ինձ օգնել են հասկանալու իմ էությունը: Եվ հիմա սիրտս ասում է, որ հենց դրանք են ինձ արժանացրել Նոբելյան մրցանակի»:

«Իմ աշխարհաճանաչողության վրա ազդեցություն են ունեցել ինձ հանդիպած ամեն տղամարդ, կին, երեխա` հրեա եւ օտար: Նրանց հոգսերի մասին պատմությունները լցրել են սիրտս եւ գրչիս ցանկությամբ թղթին հանձնվել: Խոր ազդեցություն են թողել նաեւ բնությունը, Մեռյալ ծովը, որին հայացքս ուղղված է եղել ամեն օր` իմ տան տանիքից, Առնոն գետը, որի խորքերը շատ եմ սուզվել, Լացի պատի մոտ բարեպաշտների եւ անհավատների հետ անցկացրած գիշերները: Դրանք բացել են աչքերս տեսնելու Աստծո երկիրը, քաղաքն ու այնտեղ պահ տված իր անունը»:

«Պարտավոր եմ հիշատակել բոլոր նրանց անունները, ումից ինչ որ բան եմ սովորելՙ չանտեսելով ոչ մի կենդանի էակի: Հոբի գրքում ասված է. «Ո՞վ է երկրի անասուններից ավելի գիտուն եւ երկնքի թռչուններից ավելի իմաստուն»: Ինչ որ սովորել եմ նրանցից, գրել եմ իմ գրքերում: Բայց ինձ թվում է, որ ամեն բան չեմ սովորել: Եվ երբ լսում եմ շան կաղկանձը, թռչնի դայլայլը, աքաղաղի կանչը, չեմ հասկանում, նրանք գոհությո՞ւն են արտահայտում այն ամենից, որ պատմել եմ իրենց մասին, թե՞ հանդիմանում են ինձ»:

«Ելույթս ավարտելուց առաջ կցանկանայի եւս մեկ խոսք ասել: Եթե ինքս ինձ չափից ավելի գովեցի ձեր առջեւ, ապա միայն ձեզ փառաբանելու համար, քանի որ դուք եք ինձ ընտրել: Ես ինքս իմ աչքին շատ ու շատ փոքր եմ, ոչ մի օր չեմ ապրել առանց Դավթի սաղմոսի, որում ասվում է. « Տեր, իմ սիրտը չի գոռոզանում եւ իմ աչքերը չեն բարձրանում. եւ ես չեմ գնում մեծամեծ բաների մեջ, եւ ոչ այն բաների մեջ, որ ինձանից ավելի բարձր են»: Սաղմոս 31.1

«Միակ բանը, որով հպարտանում եմ իմ երկրում ապրելն է: Աստված իմ նախնիներին խոստացել էր վերադարձնել իրենց երկիրը եւ կատարեց. «Եվ կդառնան այն երկիրը, որ տվել եմ իմ ծառայ Հակոբին, ու որ ձեր հայրերը բնակել էին եւ նորանք կբնակուեն նորա վերայ իրանք եւ իրանց որդիքը եւ իրանց որդկանց որդիքը մինչեւ յաւիտեան»: Եզեկիել 37.25.

Հրեա գրողն իր ելույթը ավարտել է աղոթքով, աղերսելով, որ իրեն մեծարող իմաստուններն ավելի իմաստնանան ու հզորանան, որ Իսրայելում խաղաղություն իջնի եւ այնտեղ բնակվողներն ապրեն հանգիստ ու զվարթ կյանքով:

Պատրաստեց ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4