ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ
Երբ մ. թ. ա. 500 թ. կելտական ցեղերը բնակություն հաստատեցին ներկայիս Ավստրիայի մայրաքաղաքի` Վիեննայի տեղում, այդ վայրն անվանեցին Վեդունիա (Vedunia), որը նշանակում է գետը անտառում: Հետագայում շատ ջրեր հոսեցին Դանուբ գետի աջ ափին, Ալպերից ոչ հեռու գտնվող Վիեննայում: Ավստրիայի մայրաքաղաքը դարձավ եվրոպական մշակույթի, քաղաքակրթության սիրտը, որն արյուն էր արտամղում դեպի եվրոպական օրգանիզմ: Անտառում հոսող այդ գետը` Վիեննան, հետագայում դարձավ եվրոպական այն բաժանարար գիծը, որը եվրոպական քաղաքակրթությունը բաժանում է արեւելյան եւ ասիական քաղաքակրթությունից: Եվ հստակ է դառնում, որ եվրոպական քաղաքակրթության գետն այդպես էլ չհասավ լեռների մեջ ծվարած Հայաստան: Եվ անգամ այն փոքրաթիվ հայերը, որոնք ձգտում էին եվրոպական գետի հունն ուղղել դեպի Հայաստան, անհաջողության մատնվեցին` անընկալելի եւ մերժված մնալով հայ հասարակության համար:
Ժամանակի ընթացքում եվրոպական քաղաքակրթությունն իր հերթին կորուստներ ունեցավ, ենթարկվեց տարաբնույթ փոփոխությունների եւ ազդեցությունների, եւ բացվելով աշխարհի առջեւ` Եվրոպան ամենակարեւորն ու ամենաթանկը պահեց բացառապես իր համար:
«Ժողովրդի պատմությունը նաեւ նրա կտակն է»
Վ. Շլեգել
Երբ Վիեննայի միջազգային օդանավակայանում տաքսի ծառայության վարորդը քաղաք նոր ժամանած ինձ ու դստերս առաջարկեց տեղափոխել հյուրանոց, միանգամից հասկացա, որ նա թուրք է: Օդանավակայանից Վիեննայի կենտրոն ձգվող ողջ ճանապարհին նա մերթ պատմում էր 25 տարի առաջ Թուրքիայի գյուղերից մեկից Վիեննա տեղափոխված իր բազմամարդ ընտանիքի մասին, մերթ ինքնակամ զբոսավարի դեր էր կատարում` ներկայացնելով բոլոր հայտնի շենքերը, ճարտարապետական կոթողները, հրապարակները: Մինչ նա պատմում էր, ես փորձում էի հասկանալ, թե իմ տեսած քաղաքներից որինն է նման Վիեննան: Այն ես համեմատում էի վրացական Բաթումիի, թուրքական Տրապիզոնի, ռուսական զույգ մայրաքաղաքների, մերձբալթյան քաղաքների, ամերիկյան խոշոր քաղաքների` Նյու Յորքի, Բոստոնի, Չիկագոյի ու Վաշինգտոնի հետ, ու կարծում էի, որ Վիեննան տարբեր է, ինքնատիպ: Բուն Եվրոպայում ես առաջին անգամ էի: Մեկ շաբաթվա ընթացքում իր գեղեցկությամբ, նրբաճաշակությամբ, բարեկրթությամբ Վիեննան անարգել մտավ իմ սիրտը եւ երեւի թե հավերժորեն հանգրվանեց այնտեղ: Եվ միայն մի բան էր խռովում հոգիս. այն, որ հազարամյակներ առաջ Բյուզանդիայի հետ համաքայլ ընթացող, մեծ պետությունների փլուզումը տեսած, առաջինը քրիստոնեությունն ընդունած եւ 5-րդ դարում Աստվածաշունչը թարգմանած Հայաստանը ոչ միայն չի կարողանում աշխարհին ներկայացնել այդ ամենը, այլեւ կորուստների է մատնում ու ոչնչացնում իր երբեմնի հպարտության նմուշները: Երբ մեր նախապապերը պատերազմում էին, հողեր եւ տարածքներ նվաճում, հնազանդեցնում էին այլ ցեղերի` հիմնելով հայկական թագավորություններ եւ հզորություն հաղոդելով դրանց, նրանք վստահ էին, որ սերունդներն առնվազն պահպանելու են իրենց ստեղծածը: Սակայն թերուս, շվայտ, անբարո եւ անպատասխանատու ժառանգների պես պատմության ոլորաններում մենք վատնեցինք այդ ժառանգությունը, նույնքան անփույթ գտնվելով դեռեւս պահպանված այն փոքրիկ հարստության հանդեպ, որը դեռ Հայաստան է կոչվում:
Հարդարացում պատմության ընթացքում հայ ժողովրդի ահասարսուռ կորուստների` հայ հասարակական-քաղաքական միտքը սիրում է ընդգծել, որ մեր ոսոխներն արյունարբու են եղել, հայոց պատմությունն` արյունոտ, ուստիեւ կորուստներն` անխուսափելի, սակայն մյուս ժողովուրդների պատմությունները նվազ արյունոտ չեն եղել եւ կորուստները` ոչ պակաս: Սակայն այդ կորուստներից հետո նրանք իրենց առջեւ դրել են ոչ թե պարզապես գոյատեւելու խնդիր, այլ առաջընթացի, զարգացման, նվաճումների եւ վերելքի նպատակներ:
Մ. թ.ա 15 թ. Հռոմեական կայսրության լեգեոնները զավթեցին Վիեննան` այն վերածելով կայսրության հյուսիսային միջնաբերդի` գերմանական ցեղերի ներխուժումից պաշտպանվելու համար: Հռոմեացիները քաղաքը վերանվանեցին Վինդոբոն (Vindobona): Արդեն 5-րդ դարում հռոմեացիներն ամբողջությամբ հրկիզեցին քաղաքը` բառացիորեն մոխրացնելով այն: Վիեննայի ավերակների վրա երեք հարյուրամյակի ընթացքում ձեւավորվեց նոր բնակավայր, որն 881 թ. առաջին անգամ հիշատակվում է իր ներկա անվամբ` Վիեննա (Wien): 10-րդ դարում Վիեննայի դեմ արշավում են սլավոնները եւ հունգարները: Շարունակաբար ետ մղելով այդ արշավանքները` նույն դարում Վիեննան դառնում է Եվրոպայի կարեւորագույն առեւտրային կենտրոններից մեկը:
12-րդ դարում Վիեննան դառնում է ավստրիական Բաբենբերգերների դքսության պաշտոնական նստավայրը: Սկիզբ է առնում Վիեննայի կառուցումը: Մոխիրներից հառնած Վիեննայում 1137 թ. կառուցվում է առաջին եկեղեցին, որի տեղում արդեն 13-րդ դարում սկսվում է Սուրբ Ստեֆանի տաճարի` Շտեֆանսպլատցի կառուցումը, որն իր նրբաճաշակությամբ, շքեղությամբ, գոթական ճարտարապետությամբ գերում է Վիեննա այցելող օտարերկրացիների սրտերը` շարունակելով մնալ Վիեննայի խորհրդանիշն արդեն ութ հարյուրամյակ: 15-րդ դարում Ավստրիայի կայսրը Հռոմի Պապից կարողանում է իրավունք ստանալ Վիեննայում հիմնելու եպիսկոպոսություն: Կաթոլիկ Եվրոպայում դա քաղաքական ազդեցության մեծ խնդիր էր լուծում:
1529 թ. թուրքական մեծաթիվ զորքերը լայնածավալ հարձակում են գործում Վիեննայի վրա: Գրեթե քսանապատիկ թվական առավելություն ունեցող թուրքական բանակին ավստրիացիները ջախջախում են: 1683 թ. եվրոպական կաթոլիկ երկրների միացյալ զորաբանակը ահարկու հարված է հասցնում թուրքական զորաբանակին` դրանով իսկ վերջ դնելով դեպի Եվրոպա թուրքական արշավանքներին: Օսմանյան կայսրությունը վերջնականապես հրաժարվում է եվրոպական նվաճողական քաղաքականությունից:
Բայց դրանից 3-4 հարյուրամյակ անց` 20-21-րդ դարերում Վիեննայում աստիճանաբար սկսում է աճել թուրքական ներկայությունը` արտագաղթած թուրքերի, նրանց մեծաթիվ ընտանիքների հետ: Եվ արդեն այսօր Վիեննայի պաշտոնական կայքէջում երեք հիմնական լեզուներից մեկը` գերմաներենի եւ անգլերենի հետ նաեւ թուրքերենն է: Ընդհանրապես, Եվրոպայի մահմեդականացումն այլեւս իրողություն է: Մահմեդականներն այստեղ են գալիս` պահպանելով իրենց բարքերը, սովորույթները, ավանդույթները, որոնք հիմնականում աններդաշնակ են եվրոպական քաղաքակրթությանը:
1679 թ. Վիեննայում ծայր առած ժանտախտի համաճարակին զոհ է գնում 100 հազարանոց բնակչության 1/3-ը: Նրանց հիշատակին կառուցվում է հուշակոթող, որը հայտնի է հենց այդ անվամբ` Ժանտախտի հուշակոթող:
1805 եւ 1809 թթ. Նապոլեոնի զորքերը ներխուժում են Վիեննա: 1814 թ. գումարվում է Վիեննայի կոնգրեսը, որը վերանայում է Եվրոպայի քաղաքական քարտեզը: 1867-1918 թթ. Վիեննան Ավստրոհունգարական կայսրության մայրաքաղաքն էր: 1918 թ.` 1-ին համաշխարհային պատերազմից հետո, Եվրոպայի քաղաքական քարտեզը նոր վերաձեւումների է ենթարկվում. փլուզվում է Ավստրոհունգարական կայսրությունը, Ավստրիան հռչակվում է հանրապետություն, նրանից անջատվում են Հունգարիան, Չեխոսլովակիան, տարածքների մի մասը միանում է Կենտրոնական Եվրոպայի այլ պետությունների:
1934 թ. երկրում իշխանությունն անցնում է ավստրիացի ֆաշիստներին, իսկ արդեն 1938 թ. մարտին գերմանաֆաշիստական զորքերը զավթում են Վիեննան: Եվ միայն 1945 թ. ապրիլին խորհրդային զորքերն ազատագրում են Վիեննան ֆաշիստական լծից: Այդ պատմական իրադարձությանն է նվիրված Վիեննայի ճարտարապետական հուշահամալիրներից մեկը: Ռմբակոծությունների հետեւանքով Վիեննան մեծապես տուժում Է: 1945 թ. հուլիսին Վիեննան բաժանվում է չորս մասի` խորհրդային, անգլիական, ամերիկյան, ֆրանսիական: Ավստրիայի ֆեդերալ նախագահ Կարլ Ռենները ստեղծում է ավստրիական ժամանակավոր կառավարություն, եւ հռչակում Գերմանիայից անջատվելու մասին: 1955 թ. Ավստրիան հռչակվում է որպես անկախ եւ քաղաքականապես չեզոք պետություն:
Մեծ քաղաքականության կտրվածքով` Ավստրիան կորցրել է իր երբեմնի հզորությունը, թեպետ այդ հզորության ընկալումը կարելի է կարդալ մեծ թվով տեղաբնակների դեմքին` առավել ուշադիր զննելով նրանց: Գերմարդու մեծության եւ անասելի մենակության ընկալման փնտրտուքից էր, որ Վիեննան ծնեց Նիցշեին, մարդու անընկալելի հույզերի եւ վարքագծի հոգեվերլուծության ձգտումն էր, որ այս հողը ծնեց Զիգմունդ Ֆրոյդին: Նաեւ` Ադոլֆ Հիտլերին: Մարդկային ոգու, մտքի համար դժվարընկալելին, անսովորը, ձգտումների եւ նպատակների սլացքն ու բարձրությունը. սա է Վիեննան: Ստեֆան Ցվեյգի անկրկնելի վեպերը. սա է Վիեննան: Մոցարտի, Բեթհովենի, Շուբերտի, Շտրաուսի, Հայդնի աշխարհահռչակ երաժշտությունը. սա է Վիեննան: Իր գեղեցկությունը, շքեղությունը, հարստությունն աշխարհի առջեւ բացած, իր երբեմնի հզորության գիտակցությունը խնամքով պահպանած, սակայն բարեկրթորեն այն չցուցադրող. սա է Վիեննան: Իր պատմության ճանապարհների մեծ կորուստներից հետո անգամ իր վեհությունը պահպանած. սա է Վիեննան: Այս գետն անտառում հոսել է ժամանակների միջով` երբեմն նաեւ առաջ անցնելով իր ժամանակներից:
Ավստրիայի ժողովրդի պատմությունը նրա կտակն է, նրա կտակած մեծ ժառանգությունը մարդկությանը:
«Օ՜, սա հիասքանչ է»
Ժամանակակից զբոսաշրջությունը հմտորեն օգտագործում է հաղորդակցային տեխնոլոգիաները: Դրանցից առավել մեծ պահանջարկ է վայելում աուդիոգայդը, բառացի թարգամանությամբ` լսավար, կոչվող այդ գործիքն ստեղծված է անհատական զբոսաշրջության համար: Տեսքով այն նման է անլար հեռախոսի, որը 15-20 եվրոյի դիմաց տրամադրում են ցանկացողներին, եւ որը քեզ հավատարիմ եւ բանիմաց ուղեկցորդի պես ծառայում է տվյալ տեսարժան վայրի ողջ տարածքում: Այն քեզ նաեւ հուշում է, թե որ դահլիճը մտնես, մանրամասներ ներկայացնում տվյալ ցուցանմուշի մասին: Կուտակումներից խուսափելու համար բոլոր թանգարանների, ցուցասրահների, այլ տեսարժան վայրերի մուտքերն առանձնացված են խմբակային եւ անհատ զբոսաշրջիկների համար: Վիճակագրության համաձայն` 2009 թ. ողջ աշխարհում կտրուկ աճել է անհատ զբոսաշրջիկների թիվը: Սա բացատրվում է տնտեսական ճգնաժամով, երբ մարդիկ, խնայելով կազմակերպված խմբակային զբոսաշրջության համար ծախսվող մեծ գումարները, իրենք են կազմակերպում իրենց ճամփորդությունը:
Երբ Վիեննայում մտանք Էլիզաբեթ թագուհու ամառային նստավայր` Շյոնբրունի պալատն իր հիասքանչ զբոսայգիներով, դուստրս կատակեց. «Պատկերացնո՞ւմ ես, եթե սա լիներ Հայաստանում: Ինչի կվերածեին այն մեր օլիգարխները»: Մենք ծիծաղելով պատկերացնում էինք, թե հայաստանյան պետական, տնտեսական գործիչներն ինչ անճաշակությամբ կվերաձեւին այն` նախ ծառերը կկտրեին, հետո թփերի եւ ծաղիկների տեղը կասֆալատապատեին, ռեստորաններ, հյուրանոցներ, անճաշակ տներ կառուցելով, իհարկե` բաժան-բաժան անելուց հետո, եւ անկեղծորեն ուրախացանք, որ մարդկային մտքի եւ ձեռքի այդ հրաշքը` Շյոնբրունը, Հայաստանում չէ եւ այնտեղ գտնվելու եւ դրանով հիանալու հնարավորությունից զրկված չենք ոչ միայն մենք, այլեւ ողջ մարդկությունը:
Շյոնբրունի կայսերական նստավայրի կառուցումը սկսել է 1559 թ.` տեւելով մոտ քսան տարի: Թուրքական արշավանքի ժամանակ ավերվել է, եւ միայն 1696 թ. սկսել են վերականգնել պալատը, ապա` ձեւավորել ֆրանսիական այգին: Շյոնբրունի ճարտարապետական ոճը խիստ ինքնատիպ է. այն ընդունված է համարել ավստրիական բարոկկո: Թվով 1400 դահլիճներ եւ սենյակներ, քանդակազարդ այգիներ եւ պուրակներ: Այդ դահլիճներից մեկում Ավստրիայի Էլիզաբեթ թագուհին, լսելով փոքրիկ Մոցարտին, բացականչել է. «Օ~, սա հիասքանչ է»: Մոցարտն այստեղ ամենուր է. ամենատարբեր հուշանվերներից մինչեւ ամենամեծ համերգասրահներ: Վիեննայի Մոցարտի այգում` նրա հուշարձանի դիմաց, վարդագույն վարդերից մի հսկա սոլի բանալի է խնամվում: Վիեննան Եվրոպայի մեծ երաժշտական կենտրոնի համարում ունի: Այստեղ գնահատում եւ ներկայացնում են իրենց ժողովրդի մեծ երգահաններին, այլեւ այն պատճառով, որ գնահատում են նաեւ այլ ժողովուրդների մեծություններին: Երբ «որտեղի՞ց եք» հարցին հետեւում էր մեր` «Հայաստանից» պատասխանը, արձագանքը միշտ այսպիսին էր. «Օ~, Արամ Խաչատուրյան»: Այդ արձագանքն անափ հպարտություն էր առաջացնում, թեպետ դառնությունը, որ մենք չենք կարողանում գնահատել եւ արժանին մատուցել մեր իսկ մեծություններին, չէր անցնում:
Շյոնբրունը Վիեննայի այցելուների ամենամեծ թիվն ունեցող վայրերից է: Այստեղ 1830 թ. ծնվել է Ավստրիայի կայսր Ֆրանց Իոսիֆ Առաջինը (կառավարել է 1848-1916 թթ): Նա ասկետ կյանքն էր վարում` վստահ լինելով, որ ինքը ոչ միայն Ավստրիայի կայսրն է, այլեւ իր երկրի բանակի զինվորներից մեկը: Նրա կինը` Էլիզաբեթ թագուհին, նշանակալի դեր է կատարել Ավստրոհունգարական կայսրության երկու հատվածների` Ավստրիայի եւ Հունգարիայի միջեւ առկա հակասությունների լուծման գործում: Սակայն թագուհու անձնական կյանքը բնավ դյուրին չի եղել. նրա զուտ կանացի երազները համահունչ չեն եղել կայսերական ավանդույթներին: Գեղեցկուհի Էլիզաբեթը ծնունդով Բավարիայի արքայադուստրն էր (ծնվ. 1837 թ. դեկտեմբերի 24-ին): Ընտանիքում նրան քնքշորեն Սիսի էին ասում: Տասնմեկ տարեկանում Սիսին սիրահարվում է զարմիկի` ապագա կայսեր Ֆրանց Իոսիֆի կրտսեր եղբորը` Կարլ Լյուդվիգին, որի հետ սկսում է սիրային նամակարգրություն: Ֆրանցը ինքն է տարվում Սիսիով: Կարլը ստիպված է լինում համակերպվել Ֆրանցի եւ Սիսիի ամուսնության մտքին: Նրանք ամուսնանում են 1854 թ. ապրիլի 24-ին: Հրաժարվելով իր աղջկական երազներից` պալատում Էլիզաբեթը զրկվում է նաեւ փաստացի ազատությունից` ստիպված լինելով ենթարկվել պալատի խստագույն վարքականոնին: Նրա հետագա կյանքն ավելի դյուրին չի լինում. երեք դուստրերից մեկը մահանում է երկու տարեկան հասակում, մյուս երկուսի ամուսնությունը դարձյալ լինում է ի շահ կայսրության: Իսկ որդին` Ավստրոհունգարիայի թագաժառանգը, թագադրման նախօրեին ինքնասպան է լինում: Էլիզաբեթին անողոք ճակատագիրը հանգիստ չի տալիս. 1898 թ. սեպտեմբերի 10-ին, Ժնեւում նա սպանվում է անարխիստի գնդակից: Այսպես է ավարտվում Էլիզաբեթ թագուհու կյանքը, որին վիճակված էր հետագայում դառնալ Ավստրիայի ամենասիրելի պատմական դեմքերից մեկը: Նրա մասին հիշեցնում է ոչ միայն Շյոնբրունը, ոչ միայն Հաֆբուրգը. Վիեննայում Սիսին ամենուր է, ինչպես Մոցարտը:
Կայսերական նստավայրի` Շյոնբրունի վերջնամասի բարձունքից, ինչպես ափիդ մեջ, երեւում է ողջ Վիեննան: Առաջին անգամ Վիեննան այդպես անսպասելի բացվեց Շտաֆանսպլացի աշտարակից, որի գետնահարկերում թաղված են ժանխատի համաճարակի հարյուրավոր զոհեր: Երբ հոգնած, գրեթե ուժասպառ բարձրանում էինք ավելի քան 60 մետր բարձրություն ունեցող աշտարակի նեղլիկ, կլոր 343 աստիճաններով, դուստրս սկսեց լուսանկարել: Նայեցի, եւ չգիտեի` ծիծաղեի, թե լայի. այդ նեղլիկ աստիճանները պարուրող սյան վրա, սպիտակ ներկով անգլերենով գրված էր. «Հայկազ պլյուս Նանո»: Որեւէ այլ ազգի ներկայացուցիչ իր սերն այդպես գռեհկորեն չէր անմահացրել:
Եթե Շյոնբրունը ավստրիացի կայսրերի ամառային նստավայրն էր, ապա Հոֆբուրգների կայսերական պալատը` Հաբսբուրգների ձմեռային նստավայրը: Այժմ այստեղ է տեղակայված ԵԱՀԿ-ի կենտրոնակայաններից մեկը: Վիեննայում են տեղակայած միջազգային այլ կառույցների կենտրոնակայաններ եւս. ՄԱԿ-ի երեք կենտրոնակայաններից մեկը, ՄԱԳԱՏԷ-ի եւ ՕՊԵԿ-ի կենտրոնակայանները: Հոֆբուրգների կայսերական համալիրում է Վիեննայի ազգային գրադարանը` մոտ 9 մլն միավոր գրքերով, պատկերասարահներ, ցուցասրահներ: Համալիրի շրջակայքի ժամանակակից գործառույթները նման են մեր օպերային` այստեղ գալիս են թռչող ափսեներով, անվաչմուշկներով, հեծանիվներով: Հեծանիվն այնքան տարածված փոխադրամիջոց է Վիեննայում, որ դրա համար առանձին հոծ գիծ է առանձնացված փողոցներում: Փողոցներն ու մայթերը չեն տարանջատվում քարե բազրիքներով` դրանք հավասար են, եւ կես քայլ անելով` կարող ես հայտնվել տրամվայի պողպատե ռելսերի մոտ: Բացի այդ կիրառական նշանակությունից` Հոֆբուրգների այգին Երեւանի օպերայի շրջապատին այլ նմանություն չունի. ոչ սրճարաններ կան, ոչ դրանցից հնչող կլկլոցներ են լսվում, փոխարենը կանաչ տարածքը խնամքով պահպանված է, եւ փոքրիկ ցուցանակներն արգելում են տրորել կանաչը, թեպետ առանց այդ էլ հազիվ թե որեւէ մեկը` տեղաբնակ, թե օտար, այն տրորի: Զբոսայգիներն ու պուրակները կազմում են Վիեննայի ընդհանուր տարածքի 28,4 տոկոսը, անտառածածկ հատվածը` 16,6. այսինքն` կանաչ տարածքը կազմում է Ավստրիայի մայրաքաղաքի ավելի քան 50 տոկոսը:
Ինչ վերաբերում է Վիեննայի ազգային օպերայի թատրոնի շենքին, ապա նրա շքեղությունը բնավ առասպել չէ: Օպերային թատրոնի շենքը կառուցվել է 1869 թ., բացումը նշանավորվել է Մոցարտի «Դոն Ժուան»-ով, որը միանգամից համաշխարհային ճանաչում է բերել Վիեննայի օպերային թատրոնին: 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ` 1945 թ. մարտին, շենքը մեծապես տուժել է ռմբակոծություններից: 1955 թ. օպերային շենքը դարձյալ վերաբացել է իր դռները:
Վիեննայի` այսօր արդեն ծայրամասում է գտնվում Լիխտենշտեյնի թանգարանը եւ զբոսայգին: Լիխտենշտեյների ազնվատոհմը Ավստրիայի ամենահին ընտանիքներից է: Վիեննայում բարոկկո ոճով նրանք կառուցում են տոհմին պատկանող այն տունը, որը 2004 թ. արդեն որպես Լիխտենշտեյնների թանգարան բացում է իր դռները այցելուների առջեւ: Հարյուրամյակներ շարունակ Լիխտնեշտեյնները պատերազմների եւ խաղաղության տարիներին, հսկայական միջոցներ ծախսելով, հավաքում են եվրոպական Վերածննդի նկարիչների` Տիցիանի, Լեոնարդո դա Վինչիի, Ռուբենսի, Ռաֆայելի, Ռեմբրանտի գործերը, որոնք հետո ժառանգություն են թողնում Ավստրիային: Տան ետնամասում, 18-ից դարից խնամվող այգին, այնտեղ խաղացող երեխաները, ծաղիկներն ու ծառերը հիշեցնում են, որ Երեւանի դեպքում այդ ամենն արդեն անցյալ է, եւ մեր տեսածը միայն գորշ, բետոնապատ փողոցներն են ու շենքերը: Ուղեղդ շամփրում է այն միտքը, թե ինչպես մենք թույլ տվեցինք, որ Երեւանի հետ վարվեն այնպես, ինչպես օտար նվաճողները կվարվեին` ոչնչացնելով կանաչ տարածությունները, ասֆալտապատելով դրանք, մեր հնօրյա մայրաքաղաքը զրկելով նաեւ նրա շուրջ երեքհազարամյա պատմությունից: Աշխարհում քաղաքների նոր բաձրացող հատվածը` «նոր քաղաքը», կառուցվում է` հին քաղաքը խնամքով պահպանելով եւ առանձնացնելով նորից: Այդպես է ամենուր, բացի Երեւանից, ուր այնպես անգթորեն են վարվել քաղաքի ճարտարապետական ժառանգության հետ:
Իսկ գեղեցկուհի Վիեննան մեծահոգաբար թույլ է տալիս զմայվել իրենով: Եվ դու անվերջ կրկնում ես Էլիզաբեթ թագուհու խոսքերը. «Օ~, սա հիասքանչ է»:
Gut und Blut furs Vaterland
Լավագույնդ եւ արյունդ հայրենիքիդ
Երբ մոտեցա Վիեննայի խորհրդարանի շենքի բացօթյա տեղակատվական տաղավարին` պարզելու ներս մտնելու հնարավորությունները, չէի հասցրել դեռ բառ անգամ արտաբերել, երբ տաղավարը սպասարկող երիտասարդը հետաքրքվեց, թե ո՞ր երկրից եմ: Ապա սկսեց տաղավարի դրված բազմազան տեղեկագրերի մեջ տենդագին ինչ-որ բան փնտրել: Դեռ չէի հասցրել հասկանալ, թե ի՞նչ է փնտրում, մանավանդ որեւէ հարցով էլ չէի դիմել, երիտասարդը խոր հոգոց հանելով` ափսոսանքով նկատեց. «Ներեցեք, հայերեն բուկլետները վերջացել են»: Ես թեթեւակի ժպտացի. երիտասարդը չգիտեր, որ հայերեն լեզվով բուկլետներ չեն էլ եղել:
Վիեննայի խորհրդարանի շենքը քաղաքի գլխավոր օղակաձեւ փողոցում է` Ռինգշտրասսեյում: Մետրոյի Ֆոլկստեատր կայարանից դուրս գալիս մեկեն առջեւ փռվում է խորհրդարանի շենքը` ավստրիական սպիտակ մարմարից` կայսերականության խոր կնիքը վրան: 1861 թ. ընդունված Ավստրոհունգարական կայսրության Սահմանադրությամբ որոշում է կայացվում կառուցել օրենսդիր մարմնի շենք: Կայսերական հանձնաժողովը հայտարարված մրցույթի արդյունքում որոշում է կայացնում խորհրդարանի շենքը կառուցել հին հունական դասական ճարտարապետության ոգով` ընտրելով Աթենական պետության խորհրդանիշները` որպես «ժողովրդավարության օրորոց»: ճարտարապետի` բարոն Թեոֆիլ ֆոն Հանսենի նախագծով 1874 թ. սկսվում է շենքի կառուցումը: Ներկայումս շենքը զբաղեցնում է 13500 քմ տարածք:
Շենքի սկզբամասում հին հունական պանթեոնի Իմաստության աստվածուհու` Աթենաս Պալլասի 5,5 մետրանոց արձանն է` ոսկե սաղավարտով: Աթենաս Պալլասն է մարդկանց օրենքներ պարգեւել: Նրա ոտքերի տակի քանդակները խորհրդանշում են Ավստրոհունգարական կայսրության չորս գետերը` Դանուբը, Էլբան, Վլտավան, Իննան: Խորհրդարանի շենքի սյունազարդ հարթակից 1918 հոկտեմբերի 26-ին (նոյեմբերի 12-ին) հռչակվել է Ավստրիայի Հանրապետության ծնունդը: Այդ օրն էլ նշվում է որպես Ավստրիայի Ազգային տոն: Շենքի տանիքի ձիերը մի կողմից խորհրդանշում են հաղթանակ, մյուս կողմից` կրքերի սանձահարում` հաշվի առնելով խորհրդարանական աշխատանքի հնարավոր ընթացքը: Շենքի գլխավոր մուտքը կառուցված է հունական Ակրոպոլիսի կրկնօրինակմամբ: Հունական եւ հռոմեական պանթեոնը ներկայացնում են 32 աստվածների արձանները: Գլխավոր մուտքին` ճակատային մասում Ավստրիայի թագի վրայի գրությունն է` Gut und Blut furs Vaterland` Լավագույնդ եւ արյունդ հայրենիքիդ: Գլխավոր մուտքին հաջորդում է սյունազարդ դահլիճը` բացառիկ շքեղությամբ պարուրված մի կառույց` 24 սյուներով, յուրաքանչյուրը` 16 տոննա, 40 մ երկարությամբ եւ 23 մ լայնությամբ: Սյուների համար օգտագործվել է 23 կարատ (96 տոկոսանոց) ոսկի: Սյունազարդ դահլիճը նախատեսված է որպես երկու պալատների պատգամավորների հանդիպման վայր: Նիստերի դահլիճը հիշեցնում է հին հունական թատրոնի ճարտարպետությունը: Խորհրդարանի շենքը մեծապես տուժել է 1945 թ. ռմբակոծություններից:
Ավստրիայի խորհրդարանը` Ավստրիայի ֆեդերալ ժողովը, երկպալատ է` ներառում է Ազգային խորհուրդը եւ Ֆեդերալ խորհուրդը: ԱԽ-ի պատգամավորների թիվը 183 է. նրանք ընտրվում են 5 տարի ժամկետով: Ֆեդերալ խորհուրդն ունի 62 պատգամավոր` 9 ֆեդերալ երկրամասերից: Էլեկտրոնային քվեարկություն այստեղ չկա, դահլիճները, կահավորանքը պահպանված են անփոփոխ: ԱԽ-ն կարող է կառավարությանն անվստահություն հայտնել, այդ դեպքում երկրի ֆեդերալ նախագահը պետք է արձակի կառավարությունը: Խորհրդարանը քննարկում է նաեւ Եվրամիությանն առնչվող օրենքներն ու որոշումները, եւ ԵՄ-ում Ավստրիայի ներկայացուցիչները պարտավոր են դրանք անվերապահորեն կատարել: ԱԽ-ի ընդունած օրինագծերը Ֆեդերալ խորհուրդը կարող է մերժել: Դրանից հետո ԱԽ-ն կրկին վերանայում է դրանք: Գործող մեխանիզմների համաձայն, ԱԽ-ն կարող է նաեւ ընդունել ՖԽ-ի մերժած օրենքները: Սակայն Ֆեդերալ խորհուրդն ունի բացարձակ վետոյի իրավունք մերժելու այն օրինագծերը, որոնք վերաբերում են ֆեդերալ հողերի իրավասությունների վերանայմանը: Խորհրդարանում այժմ ներկայացված են հինգ կուսակցություններ:
Խորհրդարանը բուռն եւ թեժ քննարկումներ է տեսել Ավստրոհունգարական կայսրությանում` լիբերալների եւ պահպանողականների, երկրամասերի գերմանախոս եւ չեխ պատգամավորների, կառավարության եւ խորհրդարանի վեճեր :
Ներկայացնելով այդ ամենը` զբոսավարը, որը ութ անհատ զբոսաշրջիկներից կազմված մեր խմբին միանգամից երկու լեզվով` իսպաներենով եւ անգլերենով բացատրություններ էր տալիս, նշեց, որ պատգամավորական նստարանների բացվող-փակվող փեղկերը կայսրության երկրամասերի ներկայացուցիչներն անվերջ շրխկացնում էին` ի նշան բողոքի եւ անհամաձայնության, երբ կրքերը շատ էին բորբոքովում: Շարունակելով շրջայցը` զբոսավարը հանկարծ շրջվեց դստերս կողմը` նրան հարցնելով` «քանի՞ տարեկան ես»: «Տասնչորս»,- հետեւեց պատասխանը: «Երկու տարի հետո կարող ես Ավստրիայի խորհրդարանի պատգամավոր դառնալ»: Աղջկաս այդ միտքը երեւում է դուր եկավ, քանի որ նա սկսեց առանձնակի հետաքրքրությամբ դիտել ոչ միայն դահլիճները, այլեւ դռները, դրանց բռնակները, իսկ պատի մեջ տեղադրված համակարգչով վիրտուալ շրջայց կատարեց խորհրդարանի շենքով, ապա համակ ուշադրությամբ դիտեց Ավստրոհունգարական կայսրության մասին պատմող ֆիլմը:
Ավարտելով խորհրդարանի շենքի շրջայցը` մեր զբոսավարը, ցույց տալով մուտքի հսկա դուռը, նկատեց. «Այս դուռը հազվադեպ է բացվում. միայն այն ժամանակ, երբ օտարերկյա բարձրաստիճան հյուրեր են ժամանում»:
Չգիտեմ, թե ժամանակի ընթացքում Վիեննայի հուշերից ի՞նչը կպահպանվի, բայց վստահ եմ, որ չեմ մոռանա նաեւ Ֆրոյդի տուն-թանգարանը: Երբ մատդ դնում ես զանգին եւ բարեկիրթ մի աղջիկ բացում է դուռը, քեզ թվում է, թե մեծանուն հոգեվերլուծողին ես հյուր եկել: 1891 թ. Ֆրոյդի ընտանիքը տեղափոխվում է Վիեննայի Բերգասսե փողոցի վրա գտնվող այդ տունը, ուր մեծ գիտնականն ապրում է մինչեւ իր վտարանդվելը` 1938 թ. հունիսի 4-ը: Այստեղ է նա անցկացնում իր կյանքի կարեւոր շրջաններից մեկը: 1968 թ. ԱՄՆ կատարած իր այցի ժամանակ Ավստրիայի կանցլեր Իոսիֆ Կլաուսը քննադատության ենթարկվեց այն պատճառով, որ Ֆրոյդը եւ նրա աշխատանքներն ըստ արժանվույս չեն գնահատվում հայրենիքում: Սա առիթ դարձավ, որ Ավստրիայի կառավարությունը գնի այն տունը, ուր ապրել է Ֆրոյդը: Այստեղ տեղափոխվեցին նաեւ նրա աշխատանքների եւ անձնական իրերի մի մասը: 1971 թ. ապրիլի 15-ին առաջին անգամ Ֆրոյդի կաբինետը բացվեց հանրության առջեւ:
Դուրս եկանք, տուն-թանգարանը քաղաքի ծայրամասում էր, կիսադատարկ տրամվայը կարծես մեզ էր սպասում` մինչեւ Վիեննայի կենտրոն քառասուն րոպե ճանապարհ պիտի անցնեինք: Վիեննայի հասարակական տրանսպորտից օգտվելիս ես հասկանում, թե որն է մարդու համար ստեղծված տրանսպորտը: Վիեննան առանձնանում է իր տրանսպորտային հանգույցներով, քաղաքի տարբեր մասերի իր հասանելիությամբ, երթեւեկության ժամերի ճշգրտությամբ, գետնացումները, մետրոյի կայարանները փողոցներին միացնող վերելակներով: Կանգառներում էլեկտրոնային հուշարարը ցույց է տալիս, թե քանի կանգառ է մնացել, որ տվյալ համարի տրանսպորտը հասնի այդ կանգառը: Տոմսերը եւ մշտականները նախատեսված են հանրային տրանսպորտի բոլոր միջոցների համար միաժամանակ: Պատահական չէ, որ 2007 թ. Վիեննան ստացել է «Եվրոպայի լավագույն մայրաքաղաք» տիտղոսը` մարդու կյանքը դյուրին դարձնող ենթակառուցվածքների համար:
Եթե Ավստրոհունգարական կայսրության թագը հորդորում էր`«Տուր լավագույնը եւ արյունդ հայրենիքիդ», ապա Վիեննան իր հերթին լավագույնը տալիս է երկրի քաղաքացիներին:
«Արեւելքն Արեւելք է, Արեւմուտքն` Արեւմուտք, եւ երբեք չեն հանդիպի իրար»
Ռ. Քիփլինգ
Զզբոսաշրջիկների նախասիրած Շտեֆանսպլացի հրապարակում օգոստոսին Վիեննայում բնակվող եւ ուսանող շուրջ երեսուն երիտասարդներ բողոքի միջոցառում էին կազմակերպել Իրանում տեղի ունեցած վերջին նախագահական ընտրությունների դեմ` «Ահմադինեջադը Իրանի նախագահը չէ», «Ժողովրդավարություն Իրանին»` ցուցապաստառներով, հասարակական հուզումների ժամանակ զոհվածների լուսանկարներով: Բողոքի միջոցառումը լուռ էր, եւ այդ լռությամբ էլ` հուզիչ: Քսան մետր այն կողմ փողոցային երգիչները ավստրիական ժողովրդական երգ էին նվագում, հրապարակում դեգերող Մոցարտի կերպարով եւ հագուստով շրջիկ տոմսավաճառները համերգների տոմսեր էին առաջարկում, սեւ-սպիտակ հագած շուրջ մեկ տասնյակ ծանր ռոքի երիտասարդ երկրպագուներ փորձում էին զբոսաշրջիկների ուշադրությունն իրենց վրա սեւեռել: Այս չդադարող մարդկային հոսքի մեջ, Եվրոպայի մշակութային եւ աշխարհագրական կենտրոնում Արեւելքից լսվող այդ լուռ ճիչը` Ժողովրդավարություն Իրանին, անչափ հասկանալի էր ինձ համար: Նրանք էլ էին ձգտում արեւմտյան արժեքները հասցնել Արեւելք, որտեղ իրենց հայրենիքն էր: Նրանք փորձում էին ապացուցել, որ Քիփլինգն իրավացի չէր, երբ հայտարարում էր. «Արեւելքն Արեւելք է, Արեւմուտքն` Արեւմուտք, եւ երբեք չեն հանդիպի իրար»:
Հայաստանը, գտնվելով Արեւելքի եւ Արեւմուտքի քաղաքակրթությունների հատման կենտրոնում, մշտապես կրել է դրանց ազդեցությունը` դրանով իսկ ապրելով ներքին երկփեղկվածություն: Սակայն Հայաստանը Եվրոպա չէ: Եվրոպա չէ ոչ իր քաղաքական արժեհամակարգով, ոչ իր հնօրյա, բայց աղբակույտերով հարուստ, անզբոսայգի եւ անպուրակ մայրաքաղաքով, ոչ իր համատարած եւ կենսաձեւ դարձած օրինազանցությամբ, ոչ «Ջիպերի» առատությամբ, ինչն իսպառ բացակայում է Վիեննայում, ոչ իր հասարակական տրանսպորտով, վարորդների չածիլված դեմքերով, ուղեւորներին պարտադրվող անճաշակ երաժշտությամբ: Չնայած հազարավոր զբոսաշրջիկների առատությանը, տեղաբնակների անվերջ եւ արագընթաց հոսքին, ծանրաբեռնված երթեւեկությանը` Վիեննան (1,7 մլն բնակչությամբ, քաղաքամերձ հատվածով` 2.3 մլն) զարմանալիորեն անաղմուկ քաղաք է: Չկան մեքենաների շչակներ, չկա ռեստորանների շուրջօրյա երաժշտախառն դմդմբոցը, դրանից անպակաս հրավառությունների կրակոցները: Ապշեցուցիչ է, որ երեւանցիների կյանքը դժոխքի վերածած մանրումեծ գործարարները, իշխանության տարբեր մակարդակի ներկայացուցիչները, որոնք Եվրոպա են գալիս, չեն փորձում եվրոպականացնել իրենց եւ իրենց երկրի կյանքը, մանավանդ որ դա արդեն վաղուց ոչ թե մեզնից` հասարակ մահկանացուներիցս է կախված, այլ նրանցից: Սա, իրոք, մենթալիտետի տարբերություն է, եւ այդ ասիական-արեւելյան հետադիմական մենթալիտետն է, որ միշտ իշխել է Հայաստանում` վերջնականպես կտրելով մեր երկիրը Եվրոպայից:
Սթափության, ողջամտության, առաջադիմության կոչերն անհաճո են եղել մեր ականջներին: Մեծ նպատակները, վեհ գաղափարները, բարձր արժեքները վախեցնում են մեզ նույնքան, որքան նապաստակին` գիշատչի ոտնաձայնը: Արեւմտյան արժեքներին հաղորդակից լինելու, ազգերի եւ ժողովուրդների մեծ մրցակցության հրապարակ դուրս գալու փոխարեն մենք մեզ ավելի հարմարավետ ենք զգում Արեւելքի մեյդաններում: Անհեթեթ է սպասել, որ Եվրոպան երբեւէ ձեռք կմեկնի մեզ` դուրս քաշելու արեւելյան խառնիճաղանջությունից: Այդ մենք պետք է ոտքի կանգնենք եւ ընթանանք դեպի Եվրոպա, սակայն Արեւմուտքը մեզ համար դժվարընկալելի է, այդ իսկ պատճառով այն մեզ վախեցնում է, մինչդեռ Արեւելքը հասկանալի է, հարազատ: Արեւելքը մեզ համար այլեւս ժամանակավոր հանգրվան չէ, այն վերածվել է մշտական բնակավայրի:
Իսկ «Արեւելքն Արեւելք է, Արեւմուտքն` Արեւմուտք, եւ երբեք չեն հանդիպի իրար»: Քիփլինգն իրավացի՞ էր:
Վիեննա-Պրահա-Երեւան