ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#9, 2009-09-12 | #10, 2009-09-26 | #11, 2009-10-10


ԵՍ ՄԻ ԲԱՆ ՊԻՏԻ ԱՆԵՄՙ ԻՄ ՀՈՐՍ ՏՂԱՆ ՄՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ

ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ

...Մի անգամ «ընկերոջս» հետ զրույցի ժամանակ ասացի գլուխ գովելու պես, որ նախընտրում եմ հավատք ընծայել մարդկանց: Միայն այն պահից պիտի այլեւս չհավատամ անոր, երբ իմանամ, որ նա չարաշահել է վստահությունս եւ ինձ խաբում է: Ես ինձ ասում էի. անծանոթ մը հնարավոր է, որ ինձ խաբե, բայց նաեւ շատ հնարավոր է, որ չխաբի, գոնե 50 տոկոս տամ չխաբվելուն եւ 50 տոկոսՙ խաբվելուն: Մտածում էիՙ անկարելի է, որ բոլոր մարդիկ խաբողներ ըլլան: Ինչո՞ւ նոր ծանոթության մը վերաբերվել կասկածանքով: Չէ՞ որ անտանելի է կասկածանքով մարդկային հարաբերությունը: Մարդուն չընձեռե՞լ խաբելու մեկ պատեհություն... Ճիշտը եթե կուզեք, այս բաները մտածում եմ, երբ գրում եմ այս տողերը: Իրականում չեմ հիշումՙ ի՞նչ էի մտածում այդ հանդիպման ժամանակ ազգակիցիս մասին: Ինձ պահում եմ, ինչպես միշտ պահել եմ, հետո լինում է այն, ինչ որ լինելու է: Սովորական զրույց մըն էր, եւ «ընկերս» շատ հանգիստ ինձ հարց տվեց, թե ես հավատո՞ւմ եմ, որ առաջին իսկ անգամից կարող եմ հայտնաբերել դավաճանությունը: Մատս կծեցի: Սկսեցի մտածել, որ այն ժամանակ դեռ 45 տարեկանիս երեւի տակավին տհասին մեկն եմ: Ասացվածք մը հիշեցի շոտլանդական կամ անգլիական. «Եթե ընկերդ քեզ խաբեցՙ ամոթ իրեն, եթե երկրորդ անգամ քեզ խաբեցՙ արդեն ամոթ քե՛զ»:

Տարիքս առնելով ու մոտենալով կյանքիս վերջնագիծինՙ սկսեցի գլխի ընկնել, որ մարդկային հարաբերություններուն մեջ որքան հասարակ տեղիք է դարձել սուտ խոսքը, խաբելը, կեղծելը: Սուտին եւ ճշմարիտին միջեւ կարծեք տարբերություն չըլլար: Կարծեք կեղծը եւ իսկականը կրնան զիրար փոխարինել... Ավելին, կարծեք մարդ արարածը հակված է հավատալու եւ ընդունելու կեղծիքը, քան ճշմարիտը, կարծեք մարդիկ կամ էլ մարդկանց մեծ մասը ավելի հաճույքով են ականջ դնում սուտ լուրին: Ուրախանում է եւ պատմում սուտ լուրը: Հակառակ որ խաբված ըլլալու գիտակցումը ամենաանտանելին եւ հուսալքողն է մարդուս համար: Բայց երեւի մարդկանց մեծամասնությունը նաեւ սիրում է խաբված ըլլալ: Ավելի ճիշտըՙ ինքզինք խաբելՙ ինքնախաբեություն: Այստեղ նաեւ միտքս եկավ Միացյալ Նահանգներու նախագահ Աբրահամ Լինքոլնին ըսածը խաբեության մասին, թե ժամանակ մը հնարավոր է ժողովուրդին խաբել. ժողովուրդի մի մասին միշտ կարելի է խաբել. բայց ամբողջ ժողովուրդը միշտ խաբել հնարավոր չէ:

Որքան ալ որ խաբել բառը շատ տգեղ է, բայց այստեղ խոսքը վերաբերում է ազատ երկրի մը ժողովուրդին: Անշուշտ, հայերուս հետ կապ չունի. մենք դեռ պարզ չէՙ ո՞ւր ենք գնում եւ ի՞նչ ենք: Ա՞զգ ենք, ժողովո՞ւրդ ենք, մասսա՞ ենք:

***

Այս երկար նախաբանեն հետո ուզում էի մոտենալ տասնամյակներե ի վեր ինքնագլուխ, ինքնակոչ, ազգը ներկայացնելու հավակնությամբՙ անկասկած բարի նպատակներով, «ազգօգուտ» հայերու խումբի մը, որոնք իրենք զիրենք լոբբի են կոչում: Այդպես կոչվելով երեւի կարծում են, որ իրենք ավելի հետաքրքրական են, քան թե լոբբի չկոչվողները: Անշուշտ, եթե կա Սուտը, նաեւ ի սկզբանե պետք է գոյություն ունեցած ըլլա Ճշմարիտը: Ուզում եմ մոտենալ Հայոց ցեղասպանությանը: 1915 թվականին Օսմանյան կայսրության սահմաններուն, օսմանյան պետության հպատակ երկու միլիոն անզեն հայերին օսմանյան բանակը, նաեւ հավաքագրված արյունարբու հանցագործները միասին, երեք միլիոն արեւմտահայերից երկու միլիոն անզեն հայերին մի քանի ամսում արմատախիլ արեցին իրենց հազարամյակներու բնօրրանից եւ քշեցին Տեր-Զորի անապատները եւ կոտորեցին: Մենքՙ հայերս գիտենք, թուրքերն ալ գիտեն, մանավանդ այսօրվա կառավարությունը: Գերմանացիները ոչ միայն գիտեն. այլ մասնակից են հայոց եղեռնին: Որքան մենք գիտենք, մեզանից ավելի լավ գիտի Միացյալ Նահանգներու կառավարությունը: Դաշնակից կոչեցյալ, իրականին մեջ զիրար ատող գիշատիչ անգլիացիները, ֆրանսացիները եւ ռուսները պատերազմը հազիվհազ ավարտած, հազիվ զինադադարը կնքված, 1919 թ. զիրար հրմշտկելովՙ վազեցին իրենց «հարգանաց հավաստիքը» հայտնելու ընդամենը մի տարի առաջ տակավին իրենց մահացու թշնամի Քեմալ փաշային եւ իրենց ծառայությունը առաջարկեցին մարդասպան Քեմալին: Ըլլալով առաջին ուրացողները հայոց ցեղասպանության: Այս մասին հնարավո՞ր է, որ տեղյակ չըլլան լոբբիակերները: Թող իրենք իրենց լոբին ուտեն, ես ալ խոսքս շարունակեմ:

Ուզում եմ ազգակիցներուս ուշադրությունը հրավիրել իրողության մը վրա , որ այսօր անտեսվում կամ էլ չի գիտակցվում հայերու մեծամասնության կողմե: Որ 1915 թվականին Երկիր մոլորակի վրա գոյություն ունեցող երեք միլիոն հայերից ցեղասպանության զոհ գնացին օսմանյան պետության հպատակ երկու միլիոն հայերը, որոնց ընդունված է կոչել նաեւ տաճկահայեր կամ էլ արեւմտահայեր, եւ որոնց խոսած հայերենն ալ կոչվում է արեւմտահայերեն, որը բնական շարունակությունն է գրաբար եւ միջին հայերեն լեզվին, եւ այդ հայերենը քիչ տարբերվում է նույն գրաբարի եւ միջին հայերենի շարունակությունը եղող հայերենե մը, որ այսօր Երրորդ Հանրապետության պետական լեզուն է, եւ այդ լեզվին ասում ենք արեւելահայերեն: Այսօր, 21-րդ դարուն, կկարծեմ, որ շատ քիչ հայեր անդրադառնում են,- կարծես իրենց պետքը չէ,- որ հայության այդ արեւմտահայ կոչվող տեսակը գրեթե գոյություն չունի այլեւս եւ շուտով իսպառ վերանալու է: Այս առիթով ուզում եմ մանավանդ անդրադառնալ արեւմտահայոց գրողներուն եւ բանաստեղծներուն ճակատագրին: Անոնք առաջինները եղան, որոնց օսմանյան մարդասպան կառավարությունը հավաքեց եւ անմիջապես անխնա ոչնչացուց: Դահիճների կացինից հազիվ մի քանիսը հրաշքով փրկվեցին: Ով որ մի քիչ հետաքրքրված է հայոց պատմությամբ, իմանում է, որ արդեն 1500 տարի առաջ Բյուզանդիոնը եւ Իրանըՙ հայերու երկու հզոր թշնամիները, հայ ժողովուրդը բաժանել էին իրենց միջեւ: Եվ այդ ժամանակ հայ մտավորականությունը, գիտակցելով հայոց պետության գոյության սպառնացող վտանգը, նաեւ իմանալով իրենց ազգակիցներու մասնատվելու հակումը (հիշենք հիմիկվա 70 կուսակցությունները, հազարավոր հասարակական կազմակերպությունները ), տեսնում էին, որ դանակը արդեն հասել էր ոսկորին: Եվ այդ ժամանակներուն, Սահակ Պարթեւ կաթողիկոսը եւ Վռամշապուհ արքան սկսեցին ավելի հաճախ հանդիպելՙ խորհրդակցելու, պաշտպանության միջոցներ փնտրելու հայ ազգի գոյության սպառնացող վտանգին դեմ: Հետագային Խորենացին իր Հայոց պատմության մեջ պիտի նշեր, որ հայերը «փոքր ածու» են: Արդարեւ, ազգը փոքր էր, ֆիզիկապես տկար, պետք էր մտածել հայ հոգին պաշտպանել «գլոբալիզացիայի» մահացու մանրէներից... Եվ մի անգամ, երբ Վաղարշապատումՙ պալատում, Թագավորը եւ Վեհափառը նստած լուռ խոկում էին, հրաշքը պատահեց: Թագավորը եւ կաթողիկոսը նույն պահուն բացականչեցինՙ Գիրերը (տելեպատիա են ասում, կարծեմ): Վռամշապուհ արքան անմիջապես հիշեց, որ մի ժամանակ ականջին հասել էր, որ Ասորիքում Դանիել երեցի մոտ գտնվում են հայերեն գիրեր: Այստեղ չեմ ուզում պատմել այն, ինչ որ գիտեք, որ պատահել էր դրանից առաջ եւ հետոՙ հայերու քրիստոնեությունը իբրեւ պետական կրոն ընդունիլը, Գրիգոր Լուսավորչի եւ մասնավորաբար Տրդատ թագավորի, Սահակ Պարթեւ կաթողիկոսի եւ Վռամշապուհ արքայի եւ իրենց հովանավորյալ հանճարեղ Մեսրոպ Մաշտոցի մասին: Մաշտոցը ստեղծեց հայերեն այբուբենը, որը դարձավ հայ հոգին գիշատիչներից պաշտպանող անթափանց զրահ, եւ ծնվեց հայոց գրականությունը, որ հասավ մինչեւ մեր օրերը:

Ուզում եմ անցյալը թողնել իր տեղում եւ հասնիլ մեր ժամանակները, հայոց ցեղասպանությանը: Ինչո՞ւ համարՙ թուրք ոճրագործ կառավարության հատուկ վերաբերմունքը հայ բանաստեղծներու հանդեպ: Անշուշտ, որովհետեւ դարեր առաջ հայ ազնվականության ոչնչացումեն վերջ, դարերով հայ ժողովուրդ անղեկավար մնալե վերջ, հայոց մեջ սկսել էր երեւան գալ նոր տեսակի ազնվականություն... Նոր ղեկավարություն, որուն ժողովուրդը կարող էր լսել. դրանք հայ ժողովուրդի ծնունդ բանաստեղծներն էին, որոնք ազգի հոգիից էին ծնվել եւ իրենք միայն կարող էին ըսել իրենց ժողովուրդինՙ «Ծանիր զքեզ»:

Եվ ահավասիկ թուրքերը ամենադաժան ձեւով ոչնչացրին հայ բանաստեղծներին: Առաջին նահատակվողները պիտի ըլլային հայ մտավորականները: Երեւի զգալով իրենց մոտալուտ վախճանըՙ տեսեք ի՜նչ սլացքով էր ճախրում արեւմտահայ բանաստեղծության բազեն:

ՆԱՎԱՍԱՐԴԵԱՆ

Հանճա՛րդ Հայկեան, Նավասարդեան սա տօներուն

Արեւափառՙ

Ա՛լ վերածնէ փլատակներէն, եւ փառագոչ

Քընարըդ ա՛ռ:

Յանո՜ւն Ոյժին, յանո՜ւն Գեղին, մտիր մեհեանն

Աստուածներուն.

Ջահը ձեռքիդՙ բագնէ բագին համասըփռէ՛

Հուր ու արիւն:

Եւ բարձրացուր Անահիտի ծիծերն ի վեր

Բաժակըդ նուռ,

Յետոյ զոհուող քերթողներուն սիրտին վրայ

Լեցո՜ւր, լեցո՜ւր:

Զի մենք, յանուն Սէրին, Սերմին, քու հին Ցեղիդ

Մարմարէն կոյս,

Մե՛նք, Զաւակներդ օգոստափառ, պիտի կերտենք

Նո՜ր Արշալոյս:

Նախճիրից պատահաբար փրկվեցին բանաստեղծ Վահան Թեքեյանը, արձակագիր Հակոբ Օշականը, որոնք 1915 թվականին Օսմանյան կայսրության սահմաններից դուրս էին: Մեծագույն հրաշքը արեւմտահայ արձակի հանճար, «Ընկ. Փանջունիի» հեղինակ Երվանդ Օտյանի փրկությունը եղավ, որ չորս տարի իր ժողովուրդին հետ գտնվելով աքսորի ճանապարհներին եւ վերջումՙ Տեր-Զորի անապատներում, ամեն վայրկյան մահվան հետ թեւանցուկ, պրծավ իթթիհատականներու ճիրաններեն, եւ դա մեր դժբախտ ազգի մեծագույն բախտավորությունն էր: Պալաքյան արքեպիսկոպոսը նույնպես իր հոտին հետ անցնելե վերջ դժոխքի մեջեն, պիտի պատմեր իր եւ իր հոտին Գողգոթայի պատմությունը: Չմոռանալով Երվանդ Օտյանըՙ ասեմ, որ նա պատերազմի ավարտին, անմիջապես, առանց ժամանակ կորցնելու կվերադառնա Պոլիս, ուղիղ կգնա «Ժամանակ» թերթի խմբագրություն, որտեղից իրեն ձերբակալել էին եւ, նստելով իր գրասեղանի առաջը, թուղթ ու գրիչ վերցնելով, կսկսի պատմել իր չորս տարվա մահաշունչ ոդիսականը եւ իր ժողովուրդին նահատականության ականատեսի պատմությունը («Անիծյալ տարիներ. 1914-1919»): Չորս տարիներ ամեն վայրկյան մահվան հետ «պահմտոցի խաղալե» վերջ: Ամեն վայրկյան մահվան շունչը շնչելե վերջ ինչպե՞ս կարող էր իր մեջ պահել եւ չպատմել թուրք կոչեցյալ վիժվածքին կողմե կատարված տիեզերական ոճիրը: Մե՞ջը պահեր, չպատմերՙ գժվե՞ր...

Եվ վերջապես ի՞նչ է, ո՞վ է գրողը: Կկարծեմ, որ գրողը ամեն բանե առաջ ուզում է իր սիրտը բանալ եւ իր դարդերը պատմել իր ազգակիցներուն, առանց որոնց ինքը «կյանք չունի»: Գրողը նաեւ նա է, որ առանց իր ժողովուրդին դարդերը հարցնելու, մտիկ անելու եւ իմանալու չի կարող գրել իր գրքերը: Եվ եթե գրողը սիրում է, իսկ այդ մասին կասկած չի կարող ըլլալ, եւ եթե սերը փոխադարձ չէ, սերը չի կարող երկար կյանք ունենալ, ուրեմն գրողը իր սիրածներից առաջինը, որից փոխադարձ սեր է ակնկալում, դա էլ ընթերցողի սերն է... Ավելի շուտ հիշել էի արեւմտահայ բանաստեղծներ Վահան Թեքեյանի եւ Զավեն Սյուրմելյանի անունները, որոնք ամենաշատ կարեկցանքի կարիք ունեին: Անշուշտ Եղեռնից փրկված ամբողջ մնացորդացը սգավոր էր, եւ ո՞ւր էր սփոփողը... Հիշեցի մի դրվագ, Երվանդ Օտյանի հետ կապված հուշ մը, որ պատմած է արեւմտահայ սքանչելի գրող Անդրանիկ Ծառուկյանըՙ նույնպես ցեղասպանությունից պրծած: Եղեռնին հաջորդող այդ մղձավանջային օրերուն Երվանդ Օտյանը հրավիրվում է հայ որբանոց մը այցելելու... Ծառուկյանը, երախա է, հիշում է, որ երախաները հավաքվել էին. իրենց ասվել էր, որ իրենց պիտի այցելե մի մարդ, որ իրենց պետք է ծիծաղեցնի, իր գործը դա էՙ մարդկանց ծիծաղեցնելը... Երախաները, հավաքված սրահում, անհանգիստ սպասում են հյուրին: Վերջապես հյուրը ժամանում է ուսուցիչներու ընկերակցությամբ, բարձրանում է բեմ եւ կանգնում է դահլիճի առաջ: Երախաները կամաց-կամաց հանդարտվում են, բայց անհամբեր սպասում են իրենց խոստացված ծիծաղին: Բայց հյուրը լուռ կանգնած է երախաներու դիմաց: Հետո երախաները արդեն տեսնում են, որ բեմում կանգնած հյուրի աչքերից արցունքներ են հոսում: «Տղաք, ես կսիրեմ ձեզ», կարողանում է ասել հյուրը: Հանդիպումը ավարտվել էր...

Երկու բանաստեղծներըՙ Վահան Թեքեյանը 37 տարեկան էր 1915 թվին, Զավեն Սյուրմելյանըՙ 10 տարեկան: Սիրելի բանաստեղծները ոսոխ աստուծո մը որոշումով ողջ մնացին, երեւի որպեսզի տեսնեին իրենց ազգի (արեւմտահայության) կործանումը եւ հոգեվարքը, եւ հետո պատմեին, եւ հիշեին ու պատմեին... 1916 թվականին, երբ արդեն փաստ էր արեւմտահայության ցեղասպանությունը, Վահան Թեքեյան բանաստեղծը գրեց 21 տողանի մի բանաստեղծություն: Ընդամենը 21 տող, որու նմանը 150 տարվա արեւմտահայ գրականության մեջ չկա, չէր էլ կարող լինել: Արեւմտահայությունը տեղահանվել էր եւ մեծ մասամբ ոչնչացվել, իր ընկեր բանաստեղծները տանջամահ լռել էին: Դա օսմանյան դարավոր տիրապետության տակ ֆիզիկապես եւ բարոյապես տանջահար եղած եւ վերջում մահվան դատապարտված արեւմտահայության սահմռկեցուցիչ աղաղակն էր, արեւմտահայ գրականության երգ երգոցը: Ահավասիկ այդ բանաստեղծությունը:

ԱՀԱՎՈՐ ԲԱՆ ՄԸ ԱՅՆՏԵՂ

Ահաւոր բան մը այնտեղ կը կատարուի մութին մէջ...

Դըժոխային այս տըռամն ի՞նչպէս կրնայ պատմուիլ...

Ազգ մը ամբողջ, խորհեցէ՛ք, երէկ կ,ապրէր, կ,ոգորէր,

Միտքը լոյսին կը բանար եւ տակաւ սիրտն ալ յոյսին,

Կը բարձրանար ճահիճէն, ուր խըրած էր ատենօք,

Թեւերն արդէն կը թօթուէր, ինքզինք արդէն եթերին,

Ամպերուն մէջ կը կարծէր... եւ ահա ճիշդ այդ պահուն

Ոսոխ Աստուած մը անշուշտՙ որ դարանած կը դիտէր,

Անոր վըրայ արձակեց ամբողջ չարիքն աշխարհի,

Ոտքի հանեց բովանդակ հըրէշութիւնը ի քունՙ

Մեծ օձերու, վագրերու, շաքալներու դէմքերով,

Փաթթըւեցաւ ոտքերուն, խածատեց կուրծքն ու հասաւ,

Անոր վըզին, աչքերուն, եւ իր ժանիքը մըխեց

Ճիշդ ուղեղին մէջ անորՙ զոր արիւնին հետ ահա՛

Ան կը լըզե հեշտագին ու կը ծըծէ ըզգլխած...

Ահաւոր բան մը այնտեղ կը կատարուի մութին մէջ...

Կ,սպաննեն ազգ մը այնտեղ որ կեանք ունէր եւ շընորհ,

Ունէր հանճարն ապրելու, նորոգելու ալ ինքզինք,

Գեղեցկացած էր տակաւ ու թարմացած, ա՛հ, որքա՜ն...

Եվ այդ ազգը մերինն էր, եւ կ,սպաննե՛ն զայն հիմա,

Զայն կ,սպաննե՜ն... Օգնութիւն, ա՜հ, օգնութի՜ւն, օգնութի՜ւն...

Այդ բանաստեղծությունը նաեւ մահախոսականն էր արեւմտահայ գրականության: Ազգ մը, որ չի ապրում իր բնօրրանին մեջ, օտար հողի վրա է ապրում, չի կարող իր մայրենի լեզուն պաշտպանել. «...Արմատախիլ դուք հիմա կը զգամ հեւքէն դարերու իմ պարպուիլս ալ այսօր ու չեմ այլեւս նորոգուիր...»: Իր մայրենին լքելուն մնում է մի քայլ: Իսկ հայ բանաստեղծը հայերեն ո՞ւմ համար է գրելու: Ո՞ւմ է պատմելու իր դարդերը: Ո՞ւմ դարդերն է լսելու: Եվ այսպես, առավել լավագույնը, որ ունեցանք Թեքեյանեն հետո, «Նահանջը առանց երգին» չէ՞ր, կամ «Պճեղ մը անուշ սիրտ»-ին երիտասարդ ինքնասպանը: «Հայը եւ հայը», անգլերենից թարգմանված, հայ ընթերցողին ինքնասիրությունը շոյելեն ավելի ի՞նչ կրնար ըլլալ: Ատոր համար ալ շնորհակալ ենք սիրելի Սարոյանին:

Վահան Թեքեյանՙ 1915 թվականեն վերջ մեր մեծագույն արեւմտահայ գրողը, մեր մեծագույն բանաստեղծը Կահիրեում մահկանացուն կնքեց 1945-ին, այդ բանաստեղծությունը գրելուց երեք տասնամյակ անց, ճիշտ հայրենադարձության նախօրեին: Ճակատագիրը այս անգամ խնայեց հեգ բանաստեղծին նոր վիշտեր: Վահան Թեքեյան չիմացավ բոլշեւիկներու կողմե պատրաստվող նոր ոճիրները, որոնց զոհ պիտի գնային ներգաղթող արեւմտահայերը: Տեսել եմ զինքը շատ անգամներ. չեմ համարձակվել իրեն մոտենալ. կարծեք անհաղորդ էր շրջապատին, կարծեք ոգի մը ըլլար տխուր: Իր կուսակցական ընկերները (Ռամկավար ազատական կուսակցություն) ապահովում էին իր ճգնավորի ապրուստըՙ իբրեւ Ռամկավար-ազատական կուսակցության պաշտոնաթերթ «Արեւի» խմբագրապետ: Արդեն դրանից ավելին իրավունք չուներ հայ բանաստեղծը ակնկալելու: Աստվածային Հակոբ Պարոնյանը, երբ մահացել էր, գրպանում սոխ եւ հաց կար միայն...

Այս գրությունս ակամա այնպես ստացվեց, որ մոտենում եմ հայ բանասիրության սահմաններին. ներողամտություն եմ խնդրում մեր գրականագետներից:

Եթե ինձի հարցնող ըլլար արեւմտահայ գրականութենեն ինձ ամենաշատ հուզած էջերը հիշել, անվարան պիտի հիշեմ 45-ամյա բանաստեղծ Վահան Թեքեյանի եւ պատանի բանաստեղծ Զավեն Սյուրմելյանի միջեւ մի քանի տարի շարունակվող նամակագրությունը: Այդ նամակները - երկու հոգիներու զիրար գտնելու, իրարու հանդիպելու եւ միանալու մասին է, պիտի ավելցնեմՙ ցեղասպանությունից որբացած, վիրավոր հոգիներու: Բայց նաեւ դա մտերմության մի տեսակ է, մարդկային հարաբերության հատուկ մի վիճակ, երբ երկու հոգիներու միջեւ գոյացող սերը չի պայմանավորված ֆիզիկական որեւէ մղումե, եւ ոչ ալ որեւէ նյութական շահադիտական ակնկալիքե: Դա անսպասելի ծնված մի մղում է, որ հենց սկզբից իրարու է ձգում: Այդ հոգիները երկուստեք գիտեն, որ երբ իրարու հանդիպելու են, գիտեն, որ լավ են զգալու: Եվ, մանավանդ, իրենց ուրախությունը զրուցելն է: Դա կայուն վիճակ է, չի աճում եւ չի նվազում: Տարածությունը եւ ժամանակն ալ չեն կարող ազդել այդ հարաբերության վրա: Այդ տեսակ սերը ամենամաքուրն է: Մաքուր սեր: Կկարծեմ, այդ հոգիները ի բնե հակված են այդ տեսակ հարաբերության համար:

Չեմ իմանում բանաստեղծ Վահան Թեքեյանի եւ պատանի բանաստեղծ Զավեն Սյուրմելյանի հրաշալի հանդիպման եւ ծանոթության պատմությունը սկզբից: Դա պետք է որ ըլլա գերհուզումնալից պահ մը... աստեղային ժամ... Տեղյակ չեմ այդ պատմության մասին գոյություն ունեցող հիշատակության: Եվ քանի որ շատ կուզենայի իմանալ այդ հրաշալի պատահարի մասին, ստիպված ես ինծի համար փորձեցի ահավասիկ երեւակայությանս ուժով ստեղծել այդ հանդիպումը:

Դեպքի վայրըՙ ոճրային Ստամբուլ քաղաքը: Պոլսո Կեդրոնական վարժարանը: Գործող անձինքՙ վարժարանին աշակերտները, պոլսահայ երախաներ, նաեւ զինադադարից օգտվելով եղեռնից պրծած երախաներ եւ նաեւ որբեր: Ժամանակըՙ 1922 թվական: Գործող մյուս անձինքՙ բանաստեղծ Վահան Թեքեյան եւ արձակագիր-քննադատ Հակոբ Օշական, որ արեւմտահայ գրականության մեջ պիտի անմահանաՙ իբրեւ արեւմտահայ գրականության ազգընտիր քննադատ, որ գրչի փոխարեն ուներ սուր նշտար: Նրանք մանավանդ ազգային հերոսներ էին: Նրանք ոգի ի բռին աշխատում էին փրկել, ինչ որ կարող էին փրկել կործանված ազգի մնացորդացից... Վստահելով զինադադարին եւ դաշնակից ուժերու ներկայությանըՙ երկուքն ալ վիրավոր հոգիով վերադարձել էին Պոլիսՙ գործի լծվելու պոլսահայության հոգեւոր կյանքի պաշտպանության, մանավանդ մատղաշ սերունդի դաստիարակության համար: Հայ առաքելական եկեղեցին («Եկեղեցին հայկական ծննդավայրն է հոգւոյս...») եւ դպրոցը («Քեզ, հայ լեզու, կը սիրեմ մրգաստանի մը նման...») պետք է պաշտպանել ամեն գնով: Բանաստեղծ Վահան Թեքեյան եւ արձակագիր Հակոբ Օշական հայերեն լեզվի եւ գրականության ուսուցիչներ եղան Պոլսո Կեդրոնական վարժարանում:

Վարագույրը բարձրացել է, եւ խաղը սկսվել է...

Վ.Թ.- Հակոբ (Օշական), քեզի բան մը հարցնեմ. աշակերտներուն մեջ անուշիկ պատանի մը կա, որ կարծես թե մեջեն լույս կելլա կոր: Չեմ գիտեր իրակա՞ն է, թե՞ աչքիս կերեւա կոր... Դուն այդ տեսակ բան նկատա՞ծ ես... Եկուր դուն ալ մեյ մը այդ տղուն նայե: (Հեռվից դիտում են իր ընկերներուն մեջ կանգնած այդ տղուն):

Հ.Օ. - (Օշական տարակուսանքով գլուխն է օրորում, բայց հետո քթի տակից մռթմռթում է): Կարծես շիտակ է տեսածդ, Վահան, մեջեն կարծես լույս մը կելլա կոր:

Օշական եւ Թեքեյան կմոտենան պատանիին: Գիտեն, որ գավառից եկած որբերից է:

Վ.Թ. - Տղաս, անունդ ի՞նչ է:

Զ.Ս. Պարոն, անունս Զավեն է, Զավեն Սյուրմելյան:

Վ.Թ. - Զավեն, տղաս, դուն բանաստե՞ղծ ես... այդ շապիկիդ տակ, ծոցիդ մեջ ի՞նչ պահած ես:

Պատանին վարանոտ շապիկին տակեն տետր մը կհանե եւ կերկարե Վահան Թեքեյանին: Թեքեյան կբանա տետրը եւ կտեսնե ձեռագիր բանաստեղծություններ: Թեքեյան չէր սխալվումՙ պատանին բանաստեղծ էր: Վահան Թեքեյան կարդում է առաջին բանաստեղծությունը եւ լռում է... Կարծեք կախարդված է եւ շրջապատեն անջատված... եւ արցունքները հոսում են... Ուշքի է գալիս եւ փաթաթվում պատանի Զավենին: Կարծես տարիների մահաքունից է զարթնել... Ուրեմն ամեն ինչ չի կորել...

Խնդրեմ, դուք ալ կարդացեք այդ տետրը եւ ծանոթացեք այդ բանաստեղծությանը:

ԱՍԱՑՎԱԾՔ ԾԱՌ ՏՆԿԵԼՈՒ ԱՌԹԻՎ

Տէր, օրհնէ՛ ծառն այս մատղաշ: Ես կը տնկեմ զայն ահա

Փխրուն եւ սեւ հողին մէջ ուր պապերըս կը պառկին.

Եսՙ անոնց թոռը հսկայ, այս հողին տէրն եմ կրկին,

Ու արեւուն տակ կ,աճիմՙ անունն իրենց շուրթիս վրայ:

Պիտի բանայ ծառն այս մեծ իր բազուկներն ու հոգին,

Գրկած իր մէջ պապերուս արեւոտ շունչը անմահ.

Տէ՛ր, միսմինակ, նազելի, այս ծառն աղօթք մը ըլլայ՜

Ու փաթթըւիլ իր մարմնոյն գան սիրողները գիւղին:

Երկաթագիր պատմութիւնն այս մըտերիմ հողերուն

Աչքիս արցունք կը բերէ... Փառք ու մեռել շատ ունի

Երկիրն իմ հին, ալեւորՙ որուն ես թոռն եմ վայրի,

Խոկումներով բեղմնաւոր, երազներով օրորուն:

Մեռելներուս իբրեւ խաչՙ ես այս ծառը տնկեցի:

1915-ին արեւմտահայության մեկ ու կես միլիոնը իթթիհատական կառավարությունը սառնասրտորեն խողխողեց, իսկ մնացած կես միլիոնը, վտարված իրենց բնօրրանից, ցրվեցին երկրագունդով մեկ: Մեկ ու կես միլիոն արեւմտահայերու սպանդին վկան եղավ եւ մահախոսականը գրեց մեծագույն բանաստեղծ Վահան Թեքեյանը: Ապաՙ հայրենազուրկ, օտարության մեջ դանդաղ դեպի մահ գնալու դատապարտված Եղեռնի մնացորդացի ճանապարհի ընկերը մնաց եւ դառնության բաժակը ցմրուր խմեց Զավեն Սյուրմելյանը: Անշուշտ, խոսքս վերաբերում է մեծագույն մտավորական եւ բանաստեղծ Զավեն Սյուրմելյանին, որ նաեւ բախտի բերմամբ եղել է շատ սիրելին Վահան Թեքեյանին, որուն Թեքեյանը սիրել է իբրեւ իր զավակը, քանի որ զավակ չուներ: Բանաստեղծ Սյուրմելյանը կատարյալ ներկայացուցիչն եղավ արեւմտահայության մնացորդացի վախճանը ներկայացնող: Չեմ կարծում, որ մեր նորանկախ հանրապետության քաղաքացիներեն շատերին ծանոթ է բանաստեղծ Զավեն Սյուրմելյանի անունը եւ ստեղծագործությունը: Կհավատամ, որ Զավեն Սյուրմելյանը հայ կարողությունը ներկայացնող լավագույն արեւմտահայերեն մեկը եղավ, որոնք անշուշտ բազմաթիվ չէին կրնար ըլլալ: Ծնած է Սեւ ծովի ափին, հինավուրց նավահանգիստ Տրապիզոն, 1905 թվականին, Օսմանյան կայսրությունում արեւմտահայերու ցեղասպանության սկսելուց տասը տարի առաջ: Ծնողները եղած են դեղագործ Կարապետ Սյուրմելյան եւ մայրըՙ Զվարթ Տիրատուրյան: Ունեցած է մեկ եղբայր եւ երկու քույր: Չորս զավակներու երրորդը եղած է ինք: 1915-ին իր ծնողները սպանված են թուրքերու կողմե: Բարեկամ հույն բժիշկ մը պատսպարած է չորս որբերը: 1916-ին, երբ ռուսները կգրավեն Տրապիզոնը, անչափահաս Զավեն ռուսական նավով մը կերթա Բաթում, ապա Կրասնոդար, հոն կհաճախե Մխիթարյան հայրերու վարժարանը: 1918-ի զինադադարին Զավեն իր որբ ընկերներուն հետ կփոխադրվի Պոլիս: 1918-1922-ին Պոլիսը կգտնվեր դաշնակից պետություններու տիրապետության ներքեւ: Զավեն կհաճախե Արմաշի գյուղատնտեսական վարժարանը: Տարի մը ետք Զավեն իր ընկերներով կմեկնի Հայաստան (Առաջին հանրապետություն): Հազիվ Հայաստան հասածՙ թուրքերը կգրավեն Կարսը եւ կխուժեն Հայաստանի Հանրապետություն: Զավեն եւ իր որբ ընկերները անպատսպար օրեր կանցնեն ցրտահար եւ աստանդական: Ի վերջո կհաջողին վերադառնալ կրկին Պոլիսՙ 1920 թվին: Պոլսո մեջ 15 տարեկան Զ. Սյուրմելյան կհաճախե Կեդրոնական վարժարանը, ուր իրեն ուսուցիչ կունենա Վահան Թեքեյանը եւ Հակոբ Օշականը: Վահան Թեքեյանի եւ Զավեն Սյուրմելյանի մտերմությունը բացառիկ երեւույթ մըն է 20-րդ դարու հայ գրականության պատմության մեջ, նամանավանդ տարեց գրողին հոգածությունը կրտսեր գրողի հանդեպ («Եւ թէ ինչպէս հեռուէն ես իր վրայ կը դողամ...):

Զավեն Սյուրմելյան 1922-ին Գյուղատնտեսական միության աջակցությամբ կմեկնի Ամերիկա եւ կընդունվի Քենզըս նահանգի երկրագործական համալսարանը: Պատանի Սյուրմելյանը երազում է ուսանիլ եւ, վերադառնալով հայրենիք աշխատիլ Հայաստանի զարգացման գործին: 1924 թվականին Զավեն Սյուրմելյանի «Լույս զվարթ» անուն բանաստեղծական փոքրիկ տաղարանը լույս կընծայվի Փարիզում Թեքեյանի հոգատարությամբ: Վահան Թեքեյան զավկի մը նման կսիրեր Զավեն Սյուրմելյանին: Անոր քերթողական քաջալերողը եղած է: «Լույս զվարթ» անունն ալ կնքողը եղած է Վահան Թեքեյանը: Զավենը այդ ժամանակ 19 տարեկան էր: Ճակատագիրը, որ կարծեք ուզում է հովանավորել, բայց վերջնական որոշումեն առաջ ուզում է ստուգելՙ դաժան փորձություններու ենթարկելով նրան: Զավեն Սյուրմելյան ուսանողական տարիներին շատ դժվարին օրեր կապրի: Ճաշարաններու մեջ աման լվալ, շենքերու ապակիներ մաքրել, ագարակի մը մեջ կովեր կթել - աշխատանք, որ պարտավոր էր անելՙ հոգալու համար իր ուսումնական ծախսերը: Եվ վրա է հասնում աղետը: Երիտասարդ Սյուրմելյանը հիվանդանում է հյուծախտով: Այստեղ մեջբերեմ ինքնակենսագրական խորքով իր «98.6» վեպին սկզբնական տողերը: Տպված 1950 թվականին:

«Ռենտգենյան կաբինետի բուժքույրը նրան փոխանցեց ծրարը, որի մեջ վերջնական դատավճիռն էրՙ կյանք կամ մահ: Կիմանա, շուտով կիմանա: Բուժքույրը փախցրեց հայացքըՙ թաքցնելով արծնափայլ դեմքը:

- Շնորհակալ եմ,- ծրարը գրպանը խցկելովՙ դուրս եկավ սենյակից: Խիստ անձնական է, ինքն իր համար կկարդա, մեկ էլՙ Աստծո: Բուժքույրն, իհարկե, գիտի, թե այնտեղ ինչ է գրված, սեփական ձեռքով է մեքենագրել, բայց ինքը չի ուզում նրանից իմանալ:

Դանդաղ քայլեց դեպի վերելակն ու սեղմեց կոճակը: Մինչեւ խցիկը վեր կբարձրանար, գրպանից հանեց ծրարը, սակայն չհամարձակվեց բացել: Լսում էր սեփական սրտի խփոցը: Ձգում էր, ուզում էր, որ հույսը մի փոքր էլ երկարեր: «Եվ ինչո՞ւ եմ համառորեն պատրանքներին տրվում,- հարցրեց ինքն իրեն,- ինչո՞ւ եմ այսքան վախկոտ»:

Դողացող մատները բացեցին ծրարն ու հանեցին մեքենագիր տեղեկանքը.

Ճակատի փոսորակների եւ հայմորյան խոռոչների ռենտգենաբանական հետազոտությունը բացասական է:

Կրծքավանդակի ռենտգենյան հետազոտության արդյունքները.

Կրծքավանդակը նորմալ կազմավորված է: Կողաստոծանային եւ սիրտ-լյարդային անկյունները նորմալ են: Սրտի չափսերը, ձեւը եւ դիրքը նորմալ են:

Թոքամզային խոռոչում հեղուկ չի հայտնաբերված:

Երկու թոքում էլ երեւում է պալարախտի անսխալ առկայություն, կա ինֆիլտրատիվ սահմանափակ ախտահարում աջ թոքի վերին բլթում, որտեղ երեւում է 3x2 սմ չափսի խոռոչ, որի մեջ առկա է հեղուկի մակարդակ: Ամբողջ աջ թոքի հյուսվածքըՙ գագաթից մինչեւ հիմքը, բազմատարր է: Անվիճելի ակտիվ պալարախտ էՙ զարգացման վերին փուլում:

Աչքերի առաջ մթնեց, աշխարհի վերջը եկել է, եւ ինքը լողում է տարրալուծվող տիեզերքի կոհակների վրա: Ուրեմնՙ ի՞նչ, մեռնո՞ւմ է: Չէ, սոսկ տհաճ զգացողություն չէր: Մարմինն այլեւս նյութեղեն չէ, ինքը եթերային հոգի է եւ լողում, թեւածում է հսկայական հողմապտույտ դատարկության մեջ: Հետզհետե վերականգնվեց տեսողությունը, պատերը, ապա նաեւՙ ոտքի տակ հատակը, դադարեցրին կենտրոնախույս շարժումներն ու վերագտան հաստատուն ամրությունը: Զգաց, նեցուկ փնտրելովՙ պատին էր հենվել: Բարեբախտաբար, ոտքի վրա էր մնացել, վայր չէր ընկել, եւ սրահում մարդ չկար, որ տեսներ: Ամաչում էր այն մտքից, որ կորցրել էր քաջությունը: ... Երբ զգայարանները վերակենդանացան, մտածեց. «Սա վերջն է»: Տառապանքի լուռ ճիչը բռնեց կոկորդը, նաեւ արյունը, որ դուրս թքեց արագորեն: Բողոքի եւ հուսահատության հազարավոր չասված բառեր կորան-անհետացան շուրթերից, երբ արնաներկ թաշկինակով սրբեց բերանը: «Չեմ կարող մեռնել, իրավունք չունեմ»ՙ գլուխը բարձր պահած եւ զգայացունց կեցվածք ընդունելով, կրկնում էր մտքում: ... «Պետք է պայքարեմ. պայքարեմ ու հաղթեմ»: ... Մենակ էր երկրի երեսին, շուտով նրան էլ էր հրաժեշտ տալու: Ինչո՞ւ: Ինչո՞ւ: Ինչո՞ւ: Ի՞նչ էր արել, որ այս բախտին էր արժանանում»...

Երկարամյա տվայտանքներե ետք, բարեբախտաբար, Զավեն կհաղթահարե թոքախտը: Կշարունակե ուսանիլ միեւնույն համալսարանում եւ կարժանանա Պսակավոր գիտության (B.S.) տիտղոսին: Իր ուսումը կշարունակե հաջորդաբար Նեբրասկայի եւ Հարավային Կալիֆոռնիայի համալսարաններու մեջ...

Եվ Զավեն Սյուրմելյան կորոշե ընդմիշտ դադրիլ հայերեն գրելե եւ խոսելե: Կորոշե գրել եւ խոսիլ միայն անգլերեն: Ան կուզե անգլերեն լեզուն որդեգրել որպես իր գրական լեզուն, որպեսզի միջազգային հանրության ներկայացնե հայ ժողովուրդի մշակույթն ու հայ դատը:

Ահավասիկ ինչպես է շարունակում իր խոսքը Զավեն Սյուրմելյան. «Ոմանք կկարծեն, թե լքում եմ հայ գրականությունը, քանի որ հայերեն չեմ գրեր այլեւս: Բայց երկու լեզվով գրականություն ընել անկարելի է ինձ համար: ... Ինչպես որ ըսած եմ ուրիշ առիթով մը, ես կորսնցուցի հայ լեզվի կռիվը, որպեսզի իմ եւ ժողովուրդի բարիքի համար շահիմ կռիվը հայ հոգիին, որ ավելի կարեւոր է: ... Անգլերենը մայրենի լեզու չէ: Ու դեռ անգլերեն կսորվիմ, քանի որ ստիպված եմ այդ լեզվով մրցել միլիոնավորներու հետ, որոնց մայրենի բարբառն է ան: ... Բայց թույլ տվեք, որ հիշեցնեմ ձեզի, թե ես ալ մեկն եմ անոնցմե, որ ետ դարձան մահվան ճամփայեն եւ որ իրենց սիրտերուն մեջ կկրեն անմահական բաղձանքները Հայության: ...Հոս, Ամերիկայի մեջ անգամ, որ աշխարհի ամենեն հարուստ երկիրն է, վավերական տաղանդով եւ տարիներու վաստակով ճանչցված գրագետներ ունինք, որոնք պարզ ապրուստի մը պետքերուն կարոտը կքաշեն հաճախ: Եվ զրկանքը տանիլ շատ ավելի դժվար է Ամերիկայի մեջ, քան ուրիշ տեղ: Այդ զրկանքը, հոս Ամերիկայի մեջ ավելի ահավոր բանտեր կստեղծե գրագետին (գրող) համար: Հայ գրողներու շարքերը կնոսրանան ամեն տարի եւ ամեն ամիս կպակսի թիվը անոնց, որ կկարդան հայերեն թերթեր, հանդեսներ եւ գիրքեր: Հալոցը (ձուլումը) անողոք է այնքան: Ժամանակն ու մահը անգութ են եւ հայկական տարրը կլուծվի ահա ամերիկյան մեծ խառնուրդին մեջ» : Սյուրմելյան չի աղաղակումՙ Ա՜խ օգնությո՜ւն, օգնությո՜ւն: Ազգ մը կորչում է, ավելի ճիշտըՙ ազգի մը (արեւմտահայ) մնացորդացը: Արդեն հանգիստ ասում էՙ կանուխեն կորսված կռիվ մըն է, որ կմղե հայ գրողը (եւ ինչո՞ւ միայն հայ գրողը) այս գետիններուն վրա, եւ անիկա պարտված է արդենՙ կռիվը սկսելե առաջ: Ամերիկայի արեւմտահայերուն վիճակը (1950 թվին):

Այս խոսքերեն վերջ չեմ կարող առանց սրտի կսկիծի հիշել Ամերիկա ուսանելու նոր եկած հույսերով առլեցուն պատանի Սյուրմելյանին Ամերիկայենՙ նամակներեն մեկուն մեջ գրած խոսքերը ՙ ուղղված Վահան Թեքեյանին. «...Հայաստանի մեջ ծառ տնկելու եւ արոր բռնելու կարոտս կմեծնա միշտ օրե օր: Հոս Ամերիկայի բարեկամներս կըսեն ինծի, որ ես կփոխվիմ անպայման, կամերիկանանամ: Ըսի իրենց, որ ամերիկացիներ չեն կրնար զիս նվազագույն չափով փոխել. բայց ես կրնամ երեք ամերիկացի հայ ընել... Ես կատեմ բոլոր անոնք, որ չեն զգար իրենց մեջ կրակը այրած Հայաստանի: Պահեցեք այս թուղթերս որպես մուրհակ ու եթե իմ կյանքս չըլլա այն, ինչ որ այսքան ատեն կկրկնեմ, վառեցեք թուղթերս եւ հիշատակներս ալ միասին» ... Այո, արեւմտահայ Զավեն Սյուրմելյանը ապրեցավ եւ ամերիկացիներու հետ մրցելով հաղթեց, եւ մահկանացուն կնքեց իբրեւ հանրահայտ ամերիկացի գրող եւ գրականագետ:

1945 թվականին լույս տեսավ Զավեն Սյուրմելյանի անգլերեն գրած առաջին վեպըՙ «Ձեզ եմ դիմում, տիկնայք եւ պարոնայք» («I Ask You, Ladies and Gentlemen»), որ արձանագրեց մեծ հաջողություն: Վեպին նյութը հայոց ցեղասպանությունն է: 1950 թվին Զավեն Սյուրմելյանի երկրորդ վեպը լույս կտեսնի «98.6» խորագրով: Այս թիվը մարդու մարմնի բնականոն ջերմաստիճանն է: Ինքնակենսագրական վեպ է: 1958 թվից մինչեւ 1969 տարին եղած է դասախոս-ուսուցիչ անգլերենի եւ գրականության: Ան այս նյութերը դասախոսած է University of California, California State College եւ Orange County College-ներու մեջ: Զավեն Սյուրմելյան, երբ որ եկած է Ամերիկա, իմացած է ընդամենը 50 բառ անգլերեն:

Ահավասիկ եղեռնից ճողոպրած արեւմտահայերու պատմությունը արտերկրում: Այսօր քիչ մարդիկ անդրադառնում են, որ 1915 թվականի հայ ազգի 2/3-ը կազմող երկու միլիոն արեւմտահայերից կամ նրանց սերունդներից համարյա մարդ չի մնացել: Թուրքերուն հաջողվեց իրենց տիրապետության տակ եղող հայերը մինչեւ վերջ ոչնչացնել: Զավեն Սյուրմելյան, եթե չեմ սխալվում, ապրեցավ 90-ից ավելի տարիներ, արժանացավ մեծ հարգանքի եւ սիրո: Նա միշտ, անգլերեն լեզվով անշուշտ, հայտարարել է, որ ինքը մոլեռանդ հայ մըն է:

Այստեղ, ձեր թույլտվությամբ, հուշ մը պատմեմ: Եթե չեմ սխալիր, 1995 թվականին էր: Կալիֆոռնիայում էի: Առաջին անգամ չէր, որ Միացյալ Նահանգներում էի: Բարեկամներ ունեի: Ունեցա նաեւ ընկեր մըՙ նկարիչ Քերո Անթոյան, որուն հետ ծանոթությունս սկսել էր իր առաջին անգամ Ս.Հայաստան այցելությանը: Չերկարեմ: Ուրեմն, երբ իմացա, որ ինքը ծանոթ էր Զավեն Սյուրմելյանին երիտասարդ տարիներից, հասկացա, որ մոտիկ են եղել, ըսի, որ Զավեն Սյուրմելյանին իբրեւ գրող շատ եմ սիրում եւ ուրախ կըլլայի, եթե կարենայի այցելել իրեն, եւ Քերոյին խնդրեցի, որ օգներ: Քերոն ըսավ, որ Սյուրմելյանը շատ չի շփվում մարդկանց հետ, դժվար է իրեն հանդիպիլ: Իբրեւ ամերիկացի, զգացի, որ չի ուզում իր ծանոթությունը օգտագործելՙ ակամա մի տեսակ ճնշում գործադրելու համար Սյուրմելյանի վրա: «Քեզի իր հեռախոսի համարը տամ,- ըսավ,- դուն գլխիդ ճարը տես»: Լավ, ըսի, ճարս ի՞նչ էր, եւ ուժերս հավաքելով Սյուրմելյանի հեռախոսի համարը հավաքեցի: Երբ «հալլոն» լսեցի, ողջունեցի եւ ներկայացա, ըսի, որ ես Հայաստանեն եմ, նկարիչ եմ: Ասացի, որ դեռ պատանի, Մելգոնյան կրթական գիշերօթիկ դպրոցում կարդացել եմ իր հայերեն բանաստեղծություններու «Լույս զվարթ» գրքույկը, շատ եմ սիրել, ինչպես իմ դասընկերներս, նաեւ կարդացել եմ «Ձեզ եմ դիմում, տիկնայք եւ պարոնայք» հայերենի թարգմանված գիրքը, եւ ըսի, որ դա շատ ավելի արժեքավոր գիրք է ըստ իս, քան մեծ աղմուկ հանած Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» գիրքը, եւ ըսի, որ միայն հայ մը կրնար ավելի լավ գրել ցեղասպանության մասին, շատ ավելի լավ, ինչպես որ, ասացի, դուք եք գրել: Ինքը, որ ինձ հեռախոսի միջից ընդունել էր եթե ոչ չոր, գոնե զուսպ, լսել, բայց չէր խոսել... Որոշեցի, որ խոսքս վերջացնեմ եւ անկեղծորեն ըսի, որ եթե բախտ չունենամ իրեն հանդիպելու, ես նորից ինձ բախտավոր եմ զգում, որ իր ձայնը լսել եմ եւ իր հետ զրուցել: «Օ՜, ասաց, ձեր հեռախոսի համարը կրնա՞մ ունենալ»: Որոշակի զգացի, որ ձայնի թրթիռը փոխվել էր եւ մեղմացել: Տվեցի հեռախոսի համարս: Այդ պահուն նա չասաց, որ ինձ ընդունելու է...

***

Այս ալ այսպես: Գրությունս ստորագրելե առաջ կուզեմ քիչ մըն ալ շարունակել, կուզեմ խոսիլ հայ եւ թուրք հարաբերություններու մասին, ավելի ճիշտՙ իմ եւ թուրք հարաբերության մասին: Սկսիմ թուրք բառից: Դա ինծի համար կախարդական բառ է եւ հիպնոսացնող ուժով... անդամալուծող... Թուրք բառը հիշելով կամ լսելովՙ անմիջապես մտածում եմ մահվան մասին, սպանության մասին, ոճիրի մասին, սոսկալի դաժանության մասին, անգթության մասին, հանցագործության մասին, դավադրության մասին, դավաճանության մասին, մինչեւ վերջ հասած ֆիզիկական եւ հոգեկան այլասերվածության մասին... Պժգանք եմ զգում, վախ եմ զգում, սարսափ եմ զգում... Արյան հոտ եմ առնում... Լացի ձայն եմ լսում, օգնության կանչեր եմ լսում...

Ճիշտ է, որ հայերը դարերե ի վեր կորցրել էին իրենց պետականությունը, բայց իրենց բնօրրանում ապրում էին հազարավոր տարիներե ի վեր: Դա Հայաստանն էր, Արմենիան, Երկիր Նայիրին... Գալով թուրքերինՙ նրանք էլ գոյություն ունեն երեւի հազարավոր տարիներե ի վեր, բայց իրենց բնօրրանը այսօրվա Թուրքիան չէ, այսօրվա Թուրքիո Հանրապետությունը գոյություն չուներ մինչեւ 1922 թվականը: Թուրքիան 20-րդ դարու մեծագույն կեղծիքն է եւ թյուրիմացությունը: Կեղծ եւ անհիմն այդ հանրապետություն կոչվածը թուրքերը չեն ստեղծել: Թուրքին հետ ի՞նչ կապ ունի մեր հանրապետության կպած Թուրքիա կոչված այդ տարածքը: Թուրքական վայրագ ցեղերը գրավել են Կոստանդնուպոլիսը, Այա Սոֆիա տաճարին չորս անկյուններում չորս մինարեներ են տնկելՙ գագաթներուն մահիկով: Դրանով Այա Սոֆիան թո՞ւրք դարձավ: Աղթամարի եկեղեցին կառուցողներին կոչում են քրիստոնյա թուրքեր, խնդրեմ... Լավ, շատ չտարածվեմ...

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ օսմանցիներու եւ գերմանացիներու դեմ պատերազմող դաշնակիցներ կոչվող պետություններըՙ Անգլիա, Ռուսաստան, Ֆրանսա, Ամերիկա, երբ պարտված եւ լեշի վերածված կայսրությունը հոշոտեցին եւ իրար մեջ բաժանում էին, մնացել էր այսօրվա Թուրքիո տարածքը. գզվռտոց սկսեց այդ բորենիներու մեջ. արդեն շշկլվել էին եւ ուժասպառ էին եղել: Հեռվից բորենիներու գզվռտոցը դիտող Մուսթաֆա Քեմալ կոչվող գորշ գայլը զգույշ առաջ եկավ եւ սկսեց իր ատամները ցույց տալ: Գորշ գայլը հասկացել էր, որ բորենիները հոգնել են եւ պատրաստվում են իրենց ավարը վերցնելու եւ ծլկելու: Դաշնակիցները ոչ թե միայն օգնում էին Մուսթաֆա Քեմալին, աջակցում էին ստեղծելու «Թուրքիո Հանրապետություն» ծրագիրը, այլ նաեւ պետական կառույցը: Սկսվել էր նախկին դաշնակիցներից թշնամական երկու խումբերու կազմավորումըՙ «իմպերիալիստական» եւ «հակաիմպերիալիստական» բլոկները: Քեմալը, առանց ժամանակ կորցնելու, հայտնվեց Մոսկվայում: Անհապաղ պետք էր անգլիացի, ֆրանսացի, հույն իմպերիալիստները, այդ խոզերը «դուրս քշել բոլշեւիկներու կարտոֆիլի դաշտերից»: Քեմալը հացը ճիշտ ուղղությամբ էր երկարել: Ռուսները Քեմալին երկարած հացին յուղ քսեցինՙ Քեմալին տրվեցավ զենք, դրամ... Հունական բանակը ծով թափելը օրերու հարց էր: Քեմալը Իզմիրում ջարդուխուրդ արեց հունական զորքը: Ֆրանսացիները, անգլիացիները սուսուփուս հեռացան իրենց ավարը վայելելու, իսկ ամերիկյան Կոնգրեսը լուր ուղարկեց «հոգեկան» Վիլսոնինՙ հայերու մեծ բարեկամին, որ փասափուսեն հավաքե եւ տուն դառնա եւ պատրաստվի թոշակի գնալու, չմոռնա իր հետ վերցնելու Սեւրի դաշնագիր կոչված թուղթի կտորը եւ հանձնի արխիվ:

Հետո, գիտեք, որ բոլշեւիկներու օգնությամբ Քեմալը հարձակվեց 30 ամսվա մանուկ Հայաստանի Հանրապետության վրա եւ մի պատառ արեց: Բայց նախապես հայերու քաջությունը գնահատելովՙ հայերու ճակատը պսակեց «Ալեքսանդրապոլի դաշնագիր» կոչված դափնեպսակով: Ռուսերու եւ թուրքերու հավիտենական բարեկամության սուրբ ուխտը հաստատված էր: Հայերը մնալու էին Արարատյան դաշտում. հայերը կրնան զմայլվիլ Արարատով, պոետները բանաստեղծություններ կրնան գրել, նկարիչները նկարներ նկարել, հայ տուրիստները կրնան Մասիս սարը բարձրանալ, բայց քուրդերը Արարատ սարից ցած իջեցնել կրնան իրենց երազին մեջ տեսնել. թուրքական բանակը առայժմ այդտեղ է սարը քուրդերից պաշտպանելու համար... Այս է իրականությունը: «...Ինչպես անհաս փառքի ճամփա ես իմ Մասիս սարն եմ սիրում»...

Տեղը եկավ եւ քուրդերը հիշեցի, արդեն այս գրածիս մեխը քուրդերն են: Քուրդերը երկու միլիոն չեն, որ թուրքերը քշեն տանին Տեր-Զոր եւ մորթեն: 20 միլիոն քուրդ միայն այսօրվա Թուրքիայում կան: Քուրդերը մի խոսք ունենՙ «Քուրդը բարեկամ չունի»: Քուրդերը իրենց լեզուն ունեն եւ այս կողմերում են թուրքերու գալուց շատ առաջ: Քուրդերը «լեռնային թուրքեր» ըսելով թուրք չեն դառնար: Այն հողերը, որոնց վրա հիմա ապրում են, այդ հողերուն վրա ալ պիտի հիմնվի քրդական պետությունը: Ճիշտ է, թուրքերուն ականջին մուրճի հարվածներու նման էՙ հայերու հողե՜րը, հողերը... Թուրքերը, չեմ կարծում, որ վախենում են հայերից, բայց սարսափում են հիշեցումից, որ իրենց ոտքերուն տակի հողը տեր ունի: Տերեր ունի: Օսմանյան կայսրության լեշից տակավին իրենց բաժինը սպասողներ կան: Պահանջատիրության օրը շատ հեռու չէ: Այստեղ ինչպես չհիշես մի քիչ թուրքերեն իմանալդ: Թուրքն ասում էՙ «Դինսիզին հախնդան, իմանսըզ գելիր». «Անկրոնին հախիցը անհավատն է գալիս...»: Գալով մեզիՙ ես շուտվանից գիտեմ, մանավանդ հայրենի հողիս վրա հաստատվելես ի վեր, որ հայերը շատ շնորհներ ունեցող ազգ են, տաղանդավոր, հանճար ունեցող ազգ են. դա ապացուցվում է Վահագնի ծնունդից ի վեր: Բայց նաեւ հայուն ունեցած շնորհներեն առաջինը հայուն անկարողությունն է 3 միլիոնեն ավելի բազմանալ իր բնօրրանին վրա:

ՍՐԲՈՒՀԻ ՏԱՏՍ

Ուզում եմ պատմել անիծյալ այդ բառի հետ իմ առնչության մասին: Չեմ կրնար որոշակի ասել, որ երբ ես մարդկային խոսք սկսա լսել, դա հայերեն լեզվով էր, թե՞ թուրքերեն... Ավելի ճիշտ պիտի ըլլա, եթե ասեմՙ երկու լեզվով... Ուրիշ գրության մը մեջ այս մասին ասել եմՙ որ ծնողներս այնթապցի են, իսկ այնթապցի հայերը մեծ մասամբ թրքախոս էին, նույնիսկ հայերեն իմացող այնթապցիները թրքերեն էին խոսում իբրեւ իրենց մայրենին: Տատիկս համակ մեղմություն եւ քնքշություն էր: Անունըՙ Սրբուհի: Շատ գեղեցիկ, սպիտակ մաշկով, նիհար: Ամբողջ օրը իրեն կպած էի, շատ-շատ էի սիրում: Մինչեւ 7 տարեկան ըլլալս ապրեցա անկրկնելի ուրախությունը: Տատս նաեւ համբավ ուներ իբրեւ իմաստուն կին, ավելի ճիշտըՙ ժողովրդական իմաստության շտեմարան, նաեւ ժողովրդական բժիշկ: Ինչո՞ւ տատիկ-թոռնիկի այդ սերը չափահաս մարդոց մոտ չենք հանդիպում... Սուրբիկ տատս հորս մայրն էր: Երբ հայրս մահացավ 50 տարեկանին, տատս մի քանի ամիս ապրեց: Տատիս մասին պատմում եմ ոչ միայն անոր համար, որ զինքը պաշտում էի, այլ մանավանդ իրանից հուշ մը ունիմ, որ ինծի համար շատ թանկ է:

Մի անգամ, երբ հազիվ 5 տարեկան էի, ոչ ավելի, հիշում եմ, որ տատս ինձ պտույտի համար տնից դուրս բերավ: Ձեռք ձեռքի ման էինք գալիս, երբ տատս ինծի մի պատմություն պատմեց: Դա հեքիաթ չէր: Ահավասիկ պատմությունը: Ժամանակին եղել է մի քաջ իշխան, որ միշտ իր թշնամիներին հաղթել է: Թշնամիները նրանից վախեցել են: Այդ քաջ իշխանին անունը եղել է Ռուբեն: Առաջին անգամ էի լսում այդ անունը: Հետո ուրիշ իշխաններ նախանձել են, որ Ռուբեն իշխանին մարդիկ շատ են սիրում, հավաքվել են եւ հարձակվել նրա վրա եւ սպանել Ռուբեն իշխանին: Ապշելու բան էր. ես այն հասկացա, որ այդ մարդիկը չար էին եւ վատ բան են արել: Այս տատիս պատմածը չէի մոռացել, եւ երբ երիտասարդ էի, նոր հասկացա այդ պատմության բուն իմաստը: Հինգուկես դար առաջ Ռուբինյան թագավորության կործանումեն վերջ հայերեն չիմացող մարդիկ թուրքերու դաժան տիրապետության տակ չէին մոռացել իրենց Ռուբեն իշխանին, իրենց թագավորին եւ սերունդե սերունդ իրարու պատմելով վառ էին պահում իրենց փառապանծ նախնիներուն հիշատակը: Պառավ հայ տատը, թեկուզ թուրքերենով, իր թոռանը սովորեցնում էր իր նախնյաց պատմությունը: Այնպես որ, երբ ես հետագային սերտում էի հայոց պատմություն, իմ առաջին հայոց պատմության ուսուցիչս եղել է թրքախոս, դպրոց չտեսած Սրբուհի տատս: Պաշտելի, լուսե Սրբուհի տատս:

Եփրեմՙ հորաքրոջս տղան

Հորաքրոջս տղունՙ Եփրեմի պատմությունը: Հորս մահվանից մի տարի առաջ, մի օր մեր տանը հայտնվեց Եփրեմըՙ 16-17 տարեկան մի պատանի, կարճ տաբատով: Ես այդ ժամանակ 6 տարեկան էի: Մեր ընտանիքին մի նոր անդամ ավելցած էր ինծի համար, նորՙ ինձանից մեծ եղբայր մը: Եփրեմին պատմությունըՙ ցեղասպանությունից փրկվածի, գերմարդկային պատմությունը Զորյան ինստիտուտը արձանագրած է իր հավաքածուին համար (վկայություններու): 1929 թվականն ենք, մեր ընտանիքը Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում էր ապրում: Հայրս լուսանկարիչ է եւ ունի իր լուսանկարչատունը հրապարակի մը վրա:

Ներողամիտ եղեք խնդրեմ, ստիպված եմ մի քիչ պատմել հորս մասին: Հայրս Եգիպտոսում առաջինն է եղել իբրեւ լուսանկարիչ, որ նաեւ նկարել է էլեկտրական լույսովՙ գիշերով: Մինչ այդ լուսանկարիչները նկարում էին միայն արեւի լույսով, բացօթյա մանավանդ, կամ որոշ հարմարության սենյակի մեջՙ արեւի լույսով: Եվ ահավասիկ, հայրս, որ 16 տարեկանեն սկսյալ 18 տարի ապրել էր Միացյալ Նահանգներում, 1913 թվականին հեռանում է Միացյալ Նահանգներից եւ գալիս է Եգիպտոս հաստատվելու, երեւի ավելի մոտենալու իր ծննդավայրին, ուրկե հեռացել էր 1896 թվականին ջարդերու պատճառով: Ուրեմն հայրս Միացյալ Նահանգներում նոր հայտնագործված հատուկ սպիտակ լույսի լամպերը,- հնարավոր էր այդ լամպերու լույսով նկարել,- հետը բերում է Եգիպտոս եւ բացում է իր լուսանկարչատունը, եւ քանի որ սկսում է Առաջին համաշխարհային պատերազմը եւ Եգիպտոսում կար անգլիական բանակ, լուսանկարներու պահանջ կար: Հորս գործերը հաջող են գնում: Հետագային ես իմացա, որ Եգիպտոսում մի քանի անվանի լուսանկարիչներ իրենց աշկերտության շրջանը անցկացրել են հորս մոտ, որուն սիրով էին հիշում:

Ուրեմն վերադառնանք մեր բուն պատմությանՙ պատանի Եփրեմի պատմությանը: 1929 թվին հորս մոտ աշխատում էր մի պատանի կամ երիտասարդ հայ տղա: Այդ հայ տղան կծանոթանա պատանի ոչ եգիպտահայ տղու մը, որ մի ամսով գտնվում էր Եգիպտոսում: Նորեկը իմանալով, որ երիտասարդը հայ է, ընկերանում է եւ երկու պատանիները ամեն օր աշխատանքից հետո հանդիպում են իրար եւ ընկերություն անում: Ժամանակը շուտ անցնում է եւ մոտենում է բաժանման պահը: Ընդամենը մի քանի օր է մնում, եւ այդ նորեկը սիրտը բացում է իր նոր ընկերոջը եւ ասում է, որ ինքը շուտով պիտի հեռանա Եգիպտոսից եւ հավանաբար պիտի երթա Ֆրանսաՙ սովորելու կաթոլիկ կրոնական ճեմարանի մը մեջ եւ դառնա կաթոլիկ կրոնավոր: Որովհետեւ ինքը որբ է եւ կաթոլիկ կրոնավորներու դպրոցին մեջ սովորել է, եւ կաթոլիկ կրոնավորները իբրեւ լավ սովորողի առաջարկում են իր ուսումը շարունակել Ֆրանսայում, դառնալ կաթոլիկ եկեղեցու անդամ, դառնալ կաթոլիկ, եւ հետո էլ կդառնա կաթոլիկ կղերական: Մեկ է, կորցրել է հորը, մորը եւ եղբայրներին, մեն-մենակ է: Եվ այսպես Եփրեմը իր սիրտը կուզե բանալ իր նոր ընկերոջը, որուն անունը, նոր հիշեցի, Լեւոն է: Ուրեմն, ի՞նչ է Եփրեմին ուզածը: Քանի որ, ասում է Եփրեմը, ես ստիպված գնում եմ դեպի օտարություն, ուզում եմ մի բան փորձել, Եգիպտոսում շատ հայեր կան, կան օրաթերթեր, կուզեմ հայտարարություն մը տպել եւ ասել իմ մասին եւ հարցնել, որՙ արդյոք ես ունի՞մ կենդանի ազգականներ: Լեւոնը անմիջապես կոգեւորվի եւ կսկսին միասին պատրաստել իրենց «կոչին» տեքստը: Լեւոնը կսկսի հարցեր տալ, որպեսզի Եփրեմը պատմե ինչ որ հիշում է: Երբ Եփրեմը կսկսի պատմել ինչ որ հիշում է իր ծնողներու մասին, իր եղբայրներու անուններն է տալիս, ազգականների, որոնց հիշում է, Լեւոնը ապշում է, ականջներուն չի հավատում եւ հանկարծ պոռթկում է. «Այ տղա, ասում է, քու եղբայր Բենոնը այստեղ է, Ալեքսանդրիայում է, իսկ քու քեռիդ հենց ինքը այն մարդն է, որուն մոտ ես աշխատում եմ... Վեր կաց, գնանք գտնենք քեռիդ»: Այսինքնՙ հայրս: Երբ հանդիպում են հորս, եւ նա հարցեր է տալիս Եփրեմին, հայրս տեսնում է, որ իր դիմացը, իր հետ խոսողը իր մահացած քրոջ տղան է, անմիջապես փաթաթվում է Եփրեմին: Արի, ասում է, գնանք տուն, դուն մեր տղան ես, եւ քու եղբայրդ կա, եւ կա քու մորաքույրդՙ Ռահելը, եւ քու Սուրբիկ տատդ: Եվ այսպես մեր եղբայրը գտնվեց եւ փրկվեց կորուստե: Երբ հայրս իր քրոջորդուն բերում է տուն, Սուրբիկ տատս տեսնում է իր թոռանը, զրուցում է հետը, սկսում է հարցեր տալ, եւ Եփրեմը պատմում է իր հերոսական պատմությունը, որն արժանի էր գրվելու մեր պատմահայր Մովսես Խորենացու պատմության որպես շարունակություն: Հետագային մայրս ասաց, որ երբ Եփրեմը պատմում է իր գլխեն անցածները, ընկնում է հոգեկան խանգարման նոպայի մեջ: Եվ ահավասիկ Եփրեմի բուն պատմությունը:

Ապշելու բան է, երբ մարդ լսում է Եփրեմին պատմությունը: Հազիվ 3 տարեկան է Եփրեմը, ապրում են գյուղում: Հայրը կուրացել է թուրքերու կողմից «պոգրոմի» մը ժամանակ: Երբ լուրը հասնում է տուն, կինըՙ հորաքույրս, կարծելով, որ ամուսինը սպանված է, տեղվույն վրա հազիվ մի ճիչ է արձակում եւ գետին գլորվում եւ տեղնուտեղը մահանում: Հետագայում, երբ Եփրեմը պատմում է, որ ինքն այդ տեսակ բան է հիշումՙ ճիչը եւ անկումի հռնդյունը, այդ դեպքի ներկա եղողներեն բարեկամ մը զարմանում է, որովհետեւ Եփրեմն այդ ժամանակ մի տարեկան գրկի երախա է լինում: Եվ այսպես, մորից որբացած, հայրը կուրացած, Եփրեմը այդ ժամանակ իր եղբորՙ Հովհաննեսի խնամքի տակ է լինում, իսկ Հովհաննեսըՙ 19-20 տարեկան երիտասարդ, «պարտիզանական» մի խումբի հետ կռիվներու մեջ է թուրքերու հետ: Հովհաննեսը զոհվում է կռիվներու ժամանակ, բայց լուրեր են տարածվում, որ նա իր «ընկերներու» կամ ընկերոջ դավաճանական գնդակի զոհ է դարձել: Եփրեմը իրանից մեծ երկու եղբայր էլ ուներՙ Նվերը եւ Բենոնը:

Ուրեմն հայրը ստիպված տնից բացակա է, որովհետեւ մանրավաճառ է եւ իշու վրա բեռցրած իր ապրանքները գյուղե գյուղ տանում է վաճառքիՙ իր հետ վերցրած Բենոնին, որ մի 15 տարեկան պատանի է, որպեսզի օգնի կույր հորը: Բենոնին հայրըՙ Գրիգոր, շատ անվանի մարդ է լինում, խելացի: Մարդ, որուն իմաստուն խոսքը հաճույքով են լսում մարդիկ եւ հաճախ, երբ վեճ կա, դիմում են Գրիգորին, որպեսզի ինքը հաշտեցնե եւ հարթեցնե թյուրիմացությունը: Այդ պատճառով ալ զինք կոչում են ղադի, այսինքն դատավոր: Եվ նաեւ չմոռանամ ամենակարեւորը, գյուղում իրենց հարեւանն է դիմացի երկու հարկանի շենքում ապրող մի թուրք սպա: Այդ թուրքը բարյացակամ հարաբերություն ունի հայ ընտանիքին հետ եւ հատուկ համակրանք է ցուցաբերում երախա Եփրեմին հանդեպ, եւ երբ հանդիպումՙ շոյում է երախային եւ միրգով հյուրասիրում: Եվ ահավասիկ մի օր էլ հանկարծ գյուղում հայտնվում են մունետիկներ եւ հայտարարում պետական հրամանը, որ այսքան ժամանակում պետք է հայերը հավաքվին գյուղի այսինչ կետում, որտեղից պետք է տեղափոխվին ուրիշ վայր: Սկսում է աքսորը: Տանը կան Եփրեմըՙ մոտ 3 տարեկան, մեծ եղբորՙ Հովհաննեսին կինը, գրկին կաթնակեր երախա: Ի՞նչ պիտի անեն, պետական հրաման է... Այդ երիտասարդ, հազիվ 18 տարեկան կինը ինչ որ կարող է, պատրաստություն է անում, տան դուռը փակում եւ գրկին երեխան եւ ձեռքին երեք տարեկան Եփրեմըՙ տնից դուրս են գալիսՙ գնալու նշված տեղը: Եփրեմը ասում է, որ այդ երիտասարդ կինըՙ իր Հովհաննես եղբոր կինը համարյա աղջիկ էր, բացառիկ խելոք եւ բարի կին էր, մանավանդ քաջ եւ արժանապատիվ էակ: Թուրք սպան այդ պահուն պատշգամբում է եւ երկրորդ հարկից հետեւում է դեպքերուն: Հազիվ մի քանի քայլ հեռացած տնիցՙ թուրք սպան ձայն է տալիս: «Աղջիկ, ասում է, մի րոպե կանգնիր, այդ երախան քեզ հետ ո՞ւր ես տանում: Աղջիկը ասում էՙ տանում եմ ուր որ գնում եմ: Աղջիկ, ասում է թուրք սպան, այդ երախան ինձ տուր: Ի՞նչ երախա, հարցնում է աղջիկը: Այդ պզտիկ երախանՙ Եփրեմը ինծի տուր: Իսկ ինչո՞ւ, հարցնում է աղջիկը: Սպան ասում էՙ աղջիկ, դուն լավ գիտեսՙ ուր են քեզ տանում, մեղք է այդ երախան, տուր ինձ, ես պահեմ այդ երախան... Աղջիկը զզվանքով նայում է թուրք սպային եւ երեսին ճչում է. «Այս երախան հայ պիտի մեռնի, բայց թուրք չպիտի՛ ապրի: Ավելի լավ է, որ իբրեւ հայ մեռնի, քան թե իբրեւ թուրք ապրի»... Եվ թողնում ու հեռանում է: Այս պատմությունը իմ կյանքիս ամենահրաշք պատմությունն է եւ, այդ աղջիկը, որուն անունը չգիտեմ, ինծի համար մեծագույն սուրբն է:

Մանուկ Եփրեմին կյանքի բուն պատմությունը սկսում է հաջորդ օրվանից...

«Աչքերս բացեցի, պատմում է Եփրեմը, դիմացը տեսա երիտասարդ կին մը հարսի հագուստներովՙ խաչված ժայռին: Կույտի մը վրա եմ, որ շարժվում է... Սահելով իջա ներքեւ... Մարդկանց կույտ մըն է, որոնք շարժվում են: Գետնին հասածՙ պառկած եմ գետնին, դեմքս գետնին կպած լսում եմ ձիու դոփյունի ձայնը, գլուխս բարձրացուցի տեսա, որ թուրք զինվոր մը ձեռքի նիզակով խփում է գետնին ինկած մարդկանց: Երբ ինծի մոտեցավ, նիզակով խփեց սրունքիս: Ես նիզակից կախվեցի երկու ձեռքով եւ խնդրեցիՙ քեռի, ասացի, ինծի ջուր կուտա՞ս: Զինվորը նիզակը ետ քաշեց եւ ըսավՙ Աստված իմ, էս ի՞նչ է կատարվում: Հետո ինձ գետնից բարձրացուց եւ ձիուն վրա իր ետեւը նստեցուց: Ես իրեն փաթաթված երբ աչքերս բացեցի, մի գյուղ էինք մտնում: Զինվորը ինձ ձիուց իջեցուց եւ տվեց կանգնած մարդկանց, ասաց, որ գալու է ինձ փնտրելու եւ գնաց: Երբ զինվորը գնաց, այդ մարդիկ ինձ շպրտեցին ճանապարհի եզրից հոսող ջուրի մեջ եւ գնացին: Լաց էի լինում եւ իմ լացի վրա աշխատանքից գյուղ վերադարձողները ինձ ջրից հանեցին: Հասկացան, որ գյուղից չեմ: Հետո մեկը զիս վերցրեց եւ հետը տարավ իր տունը: Այդ տանն էի մնում. թուրք մարդ էր տանտերը, ինձ պահում էր, բայց ինձ հայհոյում էր եւ խփում: Ինձ գործեր էր անել տալիս: Այսպես տանջանքներով ապրում էի, մի օր էլ լսեցի, որ իմ մասին էին խոսում: Լսեցի, որ տանտերը ասում է, որ մոլլային հետ արդեն պայմանավորված են, մյուս օրը գալու են ինձ թլփատելու: Հասկացա, որ մի նոր փորձանք է պատրաստվում գլխիս: Առանց երեւալու ծլկեցի տան ետեւի բակից եւ ամբողջ ուժովս սկսեցի վազել, որպեսզի որքան կարող էի հեռու գնամ այդ տնից»...

Եվ Եփրեմը սկսում է ապրել այդ տնից հեռու եւ այգիներում պտուղ հավաքելով սնվում է: Հիմա լրիվ մենակ է: Ինչպես ասում ենՙ վերը Աստված, վարը ինքը: Գիշերները, որպեսզի չսառի, գյուղի բաղնիքից դուրս հոսող տաք ջուրի մեջ է կծկվում: Ասում է, որ շուների խմբին է միանում, եւ նույնիսկ շուները իրեն ուտելիք են տալիս: Շուները զինքը կերակրում են: Չեմ գիտեր, որքան է տեւում 3-4 տարեկան Եփերմին այս աստանդական կյանքը:- Ինքը իր կյանքը պատմել է Զորյան ինստիտուտի ներկայացուցիչին, եւ իր պատմությունը գրանցվել է:- Մինչեւ որ մի օր էլ հայ որբահավաք մի խումբ զինք գտնում եւ ուրիշ հայ որբերու հետ տանում է մի որբանոց, եթե չեմ սխալվումՙ Պաղեստինում: Եփրեմը այնտեղ սովորում է. կաթոլիկ կրոնական որբանոց է: Այնտեղ միայն հայերեն գրել-կարդալ է սովորում, այլ նաեւ ֆրանսերեն, եւ երբ նախակրթարանը ավարտում է լավագույն նիշերով, դպրոցի տնօրենությունը սկսում է համոզել, որ իրեն ուղարկեն Ֆրանսա ուսումը շարունակելու կրոնական ճեմարանում, իսկ հետո կրնա օծվիլ կրոնավոր... Ինքը որբ է, հայր եւ մայրը կորցրած է, եղբայրները կորցրած է, իր մեծ եղբոր` Հովհաննեսի երիտասարդ հարսից եւ իր զավակից լուր չկա... Եվ այսպես, այդ հաստատությունում լինում է մի կարգ, որ լավագույն շրջանավարտին ուսման ավարտական վկայականը հանձնում է ֆրանսական հյուպատոսը: Հյուպատոսը աշակերտին հարցնում է, որՙ նա ինչ պիտի ուզենա նվեր ստանալ: Իր ուսուցիչները իրեն սովորեցնում են, որ ինքն ուզի մի ամսով Եգիպտոս այցելիՙ ծանոթանալու համար Հին Եգիպտոսի մշակույթին: Այդպես էլ լինում է: Հյուպատոսը երբ իմանում է Եփրեմին փափագը, ուրախանում է եւ քաջալերելու համար Եփրեմին շնորհում է այդ իրավունքըՙ մի ամիս մնալու Եգիպտոսում, ծախսերը ֆրանսական կառավարության հաշվույն:

Եվ այսպես Եփրեմը հայտնվում է Եգիպտոսում: Վերը Աստված կա: Պատմության շարունակությունը գիտեք. Եփրեմը Եգիպտոսում գտնում է իր Սուրբիկ տատին, իր քեռունՙ հորս, իր հորաքույրին եւ իր Բենոն եղբորը. այդ մասին պատմել եմ արդեն: Եփրեմը հաստատվում է Եգիպտոսում, փրկվում է կաթոլիկ կրոնավոր ըլլալու պարտադրանքից... 16-17 տարեկան է, իր ազգականները նյութական բարվոք վիճակի մեջ չեն. սկսել է 30-ական թվականներու համաշխարհային տնտեսական ճգնաժամը: Մեր տանը իր հայտնվելուց մի տարի անց Եփրեմին քեռինՙ հայրս մահանում է: Մեր տունը քանդված է: Մայրս պետք է իր եւ երեք անչափահաս երախաները պահե: Հարուստ ազգականներ չկան, որ օգնեն: Եվ Եփրեմը սկսում է աշխատիլ. ինքը որբանոցում նաեւ սովորել է ատաղձագործություն: Այստեղ մի փոքր հուշ կա կապված իմ եւ տատիկիս հետ: Երբ տատս Եփրեմին հարցնում էՙ Եփրեմ, տղաս, ի՞նչ որոշած ես անել, Եփրեմը ասում է, որ ուզում է ատաղձագործ աշխատիլ: Շատ լավ որոշում է, ասում է, տղաս, ուրեմն սրանից հետո տասը կչափես եւ նոր կկտրես: Սա Եփրեմը հետագային ինձ պատմել է: Եփրեմը շատ լռակյաց մարդ էր: Երբ այցելության կուգար մեզ մոտ, կհիշեմ, որ կնստեր մեր տանը ժամերով, գրեթե բերնից խոսք չէիր լսեր, կարծես մտազբաղ, միտքով ուրիշ տեղ ըլլար, հակառակ որ շատ հումորով էր: Վերջը, ըսածս այն է, որ Եփրեմը առանց ուրիշներից օգնություն խնդրելու, իր արհեստովը իր կյանքը շահում էր, հետո ամուսնացավ հայ որբուհիի մըՙ Զապելին հետ, ունեցավ աղջիկ մը եւ երեք տղաներ, որոնք բոլորն ալ շատ աշխատասեր, աչքաբաց եւ կրթված մարդիկ եղան եւ օգտակար հասարակության: Ապրում են Կանադայում բարեկեցիկ կյանքով:

Սրանից հետո չե՞ս հարցներՙ այ ոճրագործ թուրք, դուն ինչո՞ւ էիր 2-3 տարեկան Եփրեմին ետեւից ընկել, դուն տեղովդ մակաբույծ անիծյալ թուրք...

Բենոնի պատմությունը

Ուրեմն երբ Եփրեմը Եգիպտոսում գտավ իր սիրելի ազգականները, գտավ նաեւ իր Բենոն եղբորը: Եվ առաջին հարցը եղավ, թե ի՞նչ պատահեցավ իրենց հորը հետ: Եվ ահավասիկ Բենոնի պատմությունը:

Բենոնը պատմում է, թե ինչ վախճան ունեցավ իրենց հայրը: Ասացի արդեն, որ հորաքրոջս ամուսինը կույր էր: Թուրքերը խոշտանգելով կուրացրել էին նրան: Եվ մի անգամ, երեւի հենց այդ նույն օրը, երբ Եփրեմը եւ իր հարսըՙ կրծքի երեխայով, հեռանում են տնից աքսորի ճանապարհը բռնելու համար: Բենոնը, իր հորը ընկերանալով, մի գյուղից մյուս գյուղն են գնումՙ էշու վրա բեռցված իրենց մանր ապրանքները վաճառելու: Ամայության մեջ քայլելիս Բենոնը նկատում է ձիավորներ: Պապ, ասում է, հեռուն ձիավորներ եմ տեսնում: Հայրը ասում էՙ անմիջապես ծլկիր եւ մի տեղ պահվտիր: Ժայռեր են լինում, եւ Բենոնը վազում է ժայռերուն մեջ պահվտելու: Եվ տեսնում է, որ ձիավորները մոտեցան իր աչազուրկ հորը: Ամայության մեջ Բենոնը լսում է խոսակցությունը: Ավազակները շրջապատում են իր հորը: «Ո՜հ, ասում են գողերը, ղադի (դատավոր), այս ի՞նչ բախտավոր հանդիպում: Ղադի, ասում են, մեզ չե՞ս ասի քու Հովհաննես տղադ հիմա ո՞ւր է»: Իսկ Հովհաննեսը պարտիզան է սարերում եւ թուրքերը գիտեն այդ մասին: Գրիգորը հասկանում է, որ իր վերջը եկել է, պատասխանում էՙ իմ տղաս, ասում է, այնտեղ է, ուր պետք է որ ըլլա: «Ղադի, ասում են, լսիր, մեզ պետք է իմանալ քու տղուդ գտնված տեղը... եթե ուզում ես ողջ մնալ, պատասխանիր մեր հարցին»: «Պատասխանեմ, ասում է դատավորը, իմ տղաս գլխուս մազերուն չափ թուրք է սատկացուցեր... »:

Անմիջապես հարձակվում են կույր, անզեն մարդուն վրա եւ հոշոտում: Այս ալ Գրիգորիՙ Եփրեմի եւ Բենոնի հորը պատմությունը: Բենոնն ալ մնում է անտեր, որբ: Հետո Բենոնը, որ մանր տղա է, բայց շատ ճարպիկ, աշխույժ եւ խելացի, սքանչելի հեծյալ, ընկնում է անգլիական բանակ, որ հարավիցՙ Սիրիայից մտնում էր Օսմանյան կայսրությունըՙ Թուրքիան նվաճելու եւ թուրքական բանակին ստիպելու կռվել երկրորդ ճակատի վրա: Անգլիական բանակը պետք ունի տեղին ծանոթ մարդկանց օգնության, պետք ունի երկիրը ճանաչող եւ իրենց օգնող մարդկանց: Բենոնը շուտով աչքի կզարնե իր ուշիմությամբ, ճարպկությամբ եւ քաջությամբ: Անգլիացի գեներալը իմանալով, որ Բենոնը ծնողազուրկ է, կորսնցուցած է իր ազգականները, կորոշե որդեգրել Բենոնին եւ պատերազմի վերջավորության Բենոնը իր հետ վերցրած կտանի Եգիպտոս: Այնտեղ Բենոնը չեմ գիտեր ինչպես կգտնե իր քեռինՙ հորս: Ինչպես ասացի, հայրս լուսանկարչատուն ուներ, Միացյալ Նահանգներից էր եկել, անգլերեն գիտեր եւ շատ անգլիացի բանակայիններու հետ գործ ուներ: Ինչ որ է, ուրեմն Բենոնն ալ փրկված է եղեռնից եւ նաեւ ուներ անգլիացի գեներալ, որ նաեւ անգլիական լորդ էր: Այստեղ ես հասա Բենոնին պատմության վերջավորության:

***

1962-ի աշնանը ընտանիքով մենք պիտի հեռանայինք Եգիպտոսենՙ գալու-հաստատվելու հայրենիք. իմ գոնե տարիներու մտասեւեռումսՙ հայրենիքում ապրելու, իրականանալու էր, եւ անշուշտ, Եգիպտոսից հեռանալուց առաջ գնացիՙ մնաս բարով ասելու Բենոնին եւ իր ընտանիքին: Ես այդ ժամանակ ապրում էի Կահիրեում, իսկ Բենոնըՙ Աղեքսանդրիայում: Մենք Աղեքսանդրիայից նավ պետք է նստեինք: Գացի Բենոնին տունը, որը ինձանից մի 15 տարի մեծ էր, ինքը հորքրոջս տղան էր եւ եղբայրս կսեպվեր, եւ հակառակ տարբեր քաղաքներում ապրելուս, զինք շատ էի սիրում: Կերպար էր: Եգիպտոսում էլ երկար տարիներ ձիերու հետ գործ էր ունեցել եւ ձիարշավի ձիեր էր մարզում: Ուրեմն, մեր վերջին հանդիպումը չեմ մոռանում եւ չեմ մոռանալու: Ըսի, որ եկել եմ իրանից բաժնվելու, գնում եմ հայրենիք, Սովետական Միություն: Մի քիչ զրուցեցինք, հետո լուռ էինք, եւ Բենոնը ասաց իր անմոռանալի խոսքը: «Հակոբ, ըսավ, ես հիմա, պետք է Անգլիայում ըլլայի երեւի, անգլիացի դարձած: Երբ, ըսավ, անգլիացի գեներալն արդեն որոշել էր հայրենիք վերադառնալ եւ ուզում էր ինձ ալ իր հետ տանիլ, վերջին օրերն էր, հայրդՙ Տիգրանը, իմ քեռիս, ինձ իր մոտ կանչեց եւ ըսավՙ Բենոն, սիրելիս, երեւի մի մեծ բախտ է բացվել քեզ համար, դուն գնալու ես Անգլիա քու նոր հորդ հետ, անգլիացի լորդի հետ: Բաժնվելու ես քեզ սիրող հարազատներից, որոնք քու լավդ են, անշուշտ, ցանկանում, բայց, Բենոն, տղաս, քեզ մի հարց եմ տալիս: Բենոն, տղաս, եթե դուն գնաս եւ անգլիացի դառնաս, հապա թուրքերից մեր վրեժը ո՞վ պիտի լուծի... Եվ Բենոնը ըսավ, ես որոշեցի հրաժարիլ իմ լորդի ժառանգությունից եւ մնալ Եգիպտոսում... Հիմա, ասաց, դուն Հայաստան ես գնում, բարի ճանապարհ քեզի եւ հաջողություն»:

Ես արդեն քառասունհինգ տարի է Հայաստանում եմ, իմ ժողովուրդիս մեջ: Բենոնը եւ Եփրեմը չի կան, հանգան օտարության մեջ: Ես արդեն ծեր եմ, բայց մինչեւ մահ պիտի հիշեմ Բենոնին այդ խոսքը, որ ինքը հորս պատգամը ինձ էր փոխանցում... Ես մի բան պիտի անեմ իմ հորս տղան մնալու համար...


Նկար 1. Հակոբ Հակոբյանը (կենտրոնում) ծնողների, քրոջ եւ եղբոր հետ, 1928, Եգիպտոս

Նկար 2. «Վիրուսներ», 2003 թ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4