ԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ
«Մենք շատոնց մտքի եւ սրտի զէնքն էինք բռնելու եւ ոչ թէ փայտի ու մետաղի, որոնք հզօրագոյնի հզօրագո՛յն հարուածով մէկէն ջախջախուեցան. բայց մեր մտքի ու սրտի զէնքն ա՛յնքան թափանցիկ, ա՛յնքան կենսունակ է, որ օտար մտքերն ու սրտերը` ուզե՛ն-չուզե՛ն պիտի գերեն»:
Կոմիտաս վարդապետ
«Սարգիս Խաչենց» եւ «Փրինթինֆո» հրատարակչությունների «Երաժշտական մատենաշարը» ներկայացնում է «Կոմիտաս վարդապետ. Նամականի» ժողովածուն (552 էջ + 16 էջ լուսանկարների ներդիր)ՙ բնագրագետ, ԳԱԹ-ի աշխատակից Գուրգեն Գասպարյանի աշխատասիրությամբ, հովանավորությամբՙ Վարուժան եւ Հիլդա-Տիրուհի Բուրմայանների (Բրազիլիա) եւ Մարտիրոս Գրիգորյանի (Իրան): Մատենաշարը լույս է տեսնում Տիգրան Մանսուրյանի ընդհանուր խմբագրությամբ: Մի քանի տարի առաջ սկզբնավորված այս մատենաշարի առաջին հրատարակությունը «Կոմիտաս վարդապետ. Ուսումնասիրութիւններ եւ յօդուածներ» 2 գրքով ժողովածուն էր (առաջինը լույս տեսավ 2005-ին, երկրորդըՙ 2007-ին), այժմ հրատարակության է պատրաստվում «Կոմիտասը ժամանակակիցների հուշերում եւ վկայություններում» ժողովածուն: «Երաժշտական մատենաշարը» ավելի ուշ նոր անակնկալներ է խոստանումՙ Իգոր Ստրավինսկու «Իմ կյանքի ժամանակագրությունը», Մոցարտի «Նամակները» եւ այլն:
Կոմիտասի նամականու այս հատորը ընդգրկում է 1894-1914 թվականներին նրա գրած 184 եւ ստացած 37 նամակ (վերջիններից մեկըՙ Գրիգոր վարդապետ Հովսեփյանից, թվագրված է 1919, 10 դեկտեմբեր), կան մի քանի նամակներ անթվակիր, ինչպես նաեւՙ անհայտ անձանցից: Նամականին արտակարգ հետաքրքրական եւ ուշագրավ էջեր է բացում հայ մեծանուն երգահանի կյանքից. դրանցում արտացոլված են նրա կյանքային կարեւոր դրվագներն ու միջադեպերը, ուսումնառության շրջաններն ու ուղեւորությունները, աշխատանքային-մասնագիտական, ստեղծագործական գործունեությունը, նաեւ իր ապրած ժամանակաշրջանը, միջավայրը, իր հարաբերությունները մտավորական աշխարհի հայ եւ օտար ներկայացուցիչների հետ: Եվ այս ամենը ներկայացված է այնպիսի անմիջական, հաղորդական ու կենդանի գրչով, որ ընթերցումը, ինչպես ասում են, ընթանում է մեկ շնչովՙ խորապես զգալ, ապրել, վերագնահատել տալիս այս մեծ հոգու մեծ կենսագրությունըՙ որքան պարզ ու թափանցիկ, նույնքանՙ բարդ տվայտանքներով:
Այս նամակների միջոցով մեծ երգահանը ներկայանում է իր ազնվական ներքին կերտվածքով ու անբասիր հոգովՙ իբրեւ իր երկրի ու ժողովրդի, նրա լեզվի ու մշակույթի ոգեղեն կրողը, պահապանն ու զարգացնողը, իբրեւ երաժիշտ, բանագետ, խմբավար, երաժշտագետ, պրպտող-հետազոտող գիտնական, իբրեւ մանկավարժ, մշակույթի գործիչ: Իհարկե, մարդՙ իր առաքինություններով, իր մաքուր կենսակերպով, լայն աշխարհայացքով ու մտածելակերպովՙ խորապես ազգային ու համամարդկային: Ինչպես վիճակված է գրեթե բոլոր մեծերին, այն ընտրյալ առանձնաշնորհյալներին, որոնք իրենց կենսագրությամբ ժամանակ ու դարաշրջան են կերտում, Կոմիտասն էլ ապրեց որպես փխրուն ու անպաշպան մի հոգի (զի մաքուր էր)ՙ դատապարտված մարդկային մանր ու ճղճիմ կրքերի հորձանուտին... Այս առումով նամակները ակնհայտ են դարձնում հետաքրքրական մի հանգամանք: Նամակների «աշխարհագրությունը» հիմնականում ծավալվում է երեք կենտրոններումՙ Եվրոպա (Բեռլին, Փարիզ, Ժնեւ, Լայպցիգ, Ցյուրիխ, Լոզան, Ախեն), Ս. Էջմիածին եւ Կ. Պոլիս: Զարմանալիորեն իր հոգեկան անկումային տրամադրությունների, տվայտանքների, մենակությունների, ներքին հյուծումների, նյարդային վիճակների մասին Կոմիտասը մտերիմներին ուղղած տարբեր նամակներում գրում է հիմնականում Ս. Էջմիածնից, մինչ մնացած բնակավայրերից ավելի ներդաշնակՙ գործնական (համերգներ, դասախոսություններ, շրջագայություններ), աշխատանքային-ստեղծագործական դրվագների մասին է պատմում...
***
Կոմիտասի նամակների այսպիսիՙ հնարավորինս ամբողջական ներկայացումն ու ուսումնասիրությունը իրականացվել է աշխատասիրողի մանրակրկիտ ու խնամքոտ վերաբերմունքի, բնագրագետի պատասխանատու մոտեցման շնորհիվ: Ժողովածուի 552 էջերից 214-ը կազմում է ծանոթագրությունների բաժինը: Բոլոր նամակները մեկնաբանված եւ ծանոթագրված են մանրամասնորենՙ բնագրերի գտնվելու վայրի նշումով (հիմնականումՙ ԳԱԹ-ի, Երեւանի մատենադարանի, Ազգային արխիվի ֆոնդեր), նամակներինՙ երբեմն ուղեկցող գրությունների, նշումների, ավելի անծանոթ անձերի, եղած նախորդ հրապարակումների մասին տեղեկություններով: Գրքի որակյալ, պատշաճ մակարդակով տպագրությանը նպաստել են, անշուշտ, «Սարգիս Խաչենց» եւ «Փրինթինֆո» հրատարակչությունների բազմամյա փորձն ու պրոֆեսիոնալիզմը:
Ժողովածուի առաջաբանում Գուրգեն Գասպարյանը պարբերական մամուլում Կոմիտասի նամակների նախորդ հրապարակումների մասին ժամանակագրական մանրամասն տեղեկություններ է տալիս. առանձին գրքերով Կոմիտասի նամակներն առաջին անգամ լույս են տեսել 2000-ինՙ թվով 153 եւ երկրորդ, լրամշակված տարբերակըՙ 2007-ինՙ թվով 160 (ԳԱԹ հրատ.): Հեղինակային տեքստը ուղեկցվում է փաստարկված-պատճառաբանված դիտարկում-նկատառումներով: Գ. Գասպարյանը վերապահումով է վերաբերում վերոհիշյալ հրատարակություններում նամակների դասավորության այբբենական հաջորդականությանըՙ գիտականորեն ճիշտ համարելով անհատական կամ հեղինակային նամակների կազմման ընդունված ժամանակագրական սկզբունքը: Էական են նաեւ բնագրագիտական աշխատանքներին վերաբերող նրա մի քանի դիտարկումները (բնագրային տարաբնույթ շեղումներՙ կետադրական, հեղինակային բնագրի պարբերությունների անհարկի տրոհում, սխալ ընթերցումներ, բացթողումներ): Այս հրատարակության մեջ պահպանված են հեղինակային ուղղագրությունը, գրելաձեւերը (ժամանակին բնորոշ եւ ընդունված), ոճային առանձնահատկությունները:
Նամակները ներկայացված են տարեթվային առանձին շարքերով: Դրանց մեջ կան պաշտոնական գրություններ, դիմումներ, հեռագրեր, բացիկներ, հաշվետվություններ. գերակշռող մասն, անշուշտ, ստեղծագործական, երաժշտագիտական, անձնական-մտավորական բնույթ ունեն: Ժողովածուի մեջ ամփոփված նամակներն, իհարկե, չեն հավակնում ամբողջացնելու Կոմիտաս վարդապետի նամակագրական ժառանգությունը. բազմաթիվ հեղինակներ վկայում են նրանից ստացած եւ դեռեւս անհայտ նամակների մասին. ի թիվս դրանց, ինչպես նկատում է Գ. Գասպարյանը, գերմանական արխիվներում պահվող նրա գրությունները, Հր. Աճառյանին ուղղված նամակները եւ այլն: Իսկ Փանոս Թերլեմեզյանը վկայում է Կոմիտասից ստացած «18 երեսով» ծավալուն նամակի մասին, որ մնացել է Պոլսում իր անձնական իրերի հետ: Ստացված 37 նամակները, ակնհայտորեն, չեն կարող ամբողջական լինել, քանի որ տարբեր անձանց Կոմիտասի ուղարկած նամակներից հայտնի է, որ դրանք հավանական պատասխաններ պիտի որ ունենային:
***
Ընդամենը երկու տասնամյակի (1894-1914) բուռն գործունեության այս ընթացքը բացում է մեծ անհատի մտավոր ու հոգեւոր հարստությունների մի ծով-աշխարհ, ստեղծարար նվիրումի կյանք: Այս նամակներն այնքան հարուստ ու բազմաշերտ են, տարաբնույթ ու տարաոճՙ պաշտոնական-գործնական, պարզ-կատակային գրելաձեւերից մինչեւ արվեստաբանական, վերլուծական, խորը ճնաչողական բնույթի, ապշեցնողՙ արդիականությամբ, մարդկայնորեն հուզիչ ու զգացական, որոնց տպավորությունը տեւական ու արժեքավոր է, անկասկած: Փորձենք մեկ հոդվածի շրջանակում ներկայացնել այս մթնոլորտըՙ նամակներից հատվածական մեջբերումներով:
Նամակների պայմանական տարբաժանումը մոտավոր մի տպավորություն է ստեղծում: Աշխատանքային-գործնական-կազմակերպչական բնույթի հարցեր արծարծվում են բազմաթիվՙ հատկապես Կարապետ Կոստանյանին ուղղված նամակներում. վերջինիս Բեռլինից նա տեղեկացնում է իր ուսման ընթացքի, տեղի մթոնոլորտի, պատմում է իր ուսուցչապետից, առաջադիմության, նաեւ ֆինանսական կացության, առողջական խնդիրների մասին խոսում: Այդ նամակներից մեկում գրում է. «Քանի խորունկն եմ մտնում երաժշտական ծիծաղածին ծովի մէջ, նոյնքան պնդուում է համոզմունքս, թէՙ մեր ե՛ւ ժողովրդական ե՛ւ եկեղեցական աննման ու վեհ եղանակները, որոնք քոյր եղբայր են շա՜տ վաղուց, ապագայում նո՛յնպէս օտարների համար ուսումնասիրութեան աղբիւր պէտք է դառնայ»:
Նախքան Բեռլինից վերադառնալը ճեմարանի երաժշտական կյանքը կազմակերպելու առաջարկություններ է անում, մասնավորապես երաժշտական գործիքի (Harmonium) անհրաժեշտության, երգչախմբի ստեղծման, գալ տարվա ճեմարանի 25-ամյակի առթիվ ծրագրերի մասին է գրում:
Մաղաքիա արք. Օրմանյանին գրած բոլոր նամակները միեւնույն խնդրանքով ենՙ կազմակերպել իր ուղարկած դրամական օգնության փոխանցումը Կուտինայում (Քյոթահիա) ապրող իր «աչազուրկ» հորաքրոջը կամ նրա որդուն:
Հետաքրքրական են Կոմիտասի, Մարիամ Թումանյանի եւ Հովհաննես Թումանյանի միջեւ նամակագրական էջերըՙ «Անուշ» պոեմի տեքստի հիման վրա օպերային երաժշտություն գրելու շարժառիթով: Իշխանուհուն գրած մի նամակում Կոմիտասը ուշագրավ նկատառումներ է անում գրական տեքստի հետ կապված. «Ուրախութեամբ կարդացի պ<արոն> Յ<ովհաննէս> Թումանեանի «Անուշը» եւ շա՜տ անուշ գտայ. պատրաստ եմ Ձեր փափագն իրագործելու. բայցՙ
ա) խնդրեցէք, իմ կողմից, պ<արոն> Բանաստեղծին 1) կարճէՙ ծերուկի խօսքերը (երես 113-114), 2) լրացնէՙ «Հալալ է տըղին» (երես 115, վեր). 3) կանանց կոծը պակաս է (120), կարող է օգտուել վերջին Ազգագրական հանդէսից. 4) նոր գրելՙ սարերի ոգիների ու ջրերի ալքերի երգը, որ գրաւում է Անուշին եւ ջուրն է ընկնում. (միայն 3 տուն լինի. վերջին տունն արդէն կայՙ «Վուշ-վուշ») (126-127): Խորհուրդ է տալիս «երգի ոգին պահելու համար» հնարավորինս խույս տալ թուրքերեն բառերից:
Հրաշալի են Սիրանույշի թատերական գործունեության 35-ամյակի առիթով Կոմիտասի գրած գնահատանքի ջերմ խոսքերը:
Առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում Ամենայն հայոց հայրապետ Մատթեոս Իզմիրլյանին ուղղված նամակները, որոնք ուշագրավ են բովանդակային խորքով, երաժշտագիտական վերլուծումներով, առանձին մասնագիտական դիտարկումները հատկապես ուսանելի են, որոնցում կոշտ քննադատություն է ուղղված Ս. Պատարագի երգեցողությանը, երաժշտական ծրագրերին, դասագրքերին, երաժշտության հետ կապված այլեւայլ հարցերին: 1909-ին Մ. Իզմիրլյանին գրած նամակում կարդում ենք. «Միակ ցանկութիւնս ու բուռն փափագս էՙ բանալ այն վարագոյրը, որով ծածկուած են մեր հին եւ բնիկ եղանակներըՙ մեր սրտի եւ հոգու առաջ»: Մեկ այլ առիթով նկատում է. «... մեր եղանակները ո՛չ արեւելեան եւ ո՛չ արեւմտեան են բացառապէս: Ո՛չ. հէնց շատ կանոնաւոր են որպէս արեւելեան, նոյնպէս եւ մեր եղանակները: Պէտք է որոնել եւ գտնել նորան յատուկ օրէնքները եւ ո՛չ թէ մուրացածոյ օրէնքներով չափել-ձեւել» : Այս եւ այլ նամակներում Կոմիտասը ընդգծում է ազգային երաժշտության եւ մայրենի լեզվի խոր կապերը. «Լեզուն երաժշտութեան զարկերակն է», գրում է նա Ռուբեն Ղորղանյանին ուղղված նամակում: Հիշատակելի է կաթողիկոսին նույն թվականին գրած մեկ այլ նամակ, որտեղ նա խնդրում է արձակել իրեն Ս. Էջմիածնի Միաբանության Ուխտից եւ նշանակել Սեւանի մենաստանի մենակյացՙ պատճառաբանելով, որ անցած 20 տարիների ընթացքում շրջապատն իրեն թույլ չի տվել լիարժեք գործել. «...որովհետեւ տեսայ միայն որոգայթ եւ ոչ արդարութիւն: Նեարդերս թուլացել են, այլեւս տոկալու ճար ու հնար չունեմ: Որոնում եմ հանգիստ, չեմ գտնում. ծարաւի եմ ազնիւ աշխատանքի, խանգարուում եմ...» :
1910 թ. Մ. Իզմիրլյանին գրած նամակներում հայ երաժշտական հետագա կյանքը կազմակերպելու մի շարք կարեւոր առաջարկներ է անումՙ հոգեւոր երաժշտարան բացելու, կորստից փրկելու մեր հին երաժշտության բեկորները, Մայր աթոռի տպարանում երաժշտական բաժանմունք ստեղծելու, հայ դպրոցներում հաստատելու կանոնավոր, ծրագրավորված երգեցողություն եւ տարրական երաժշտություն:
Առանձին ուսումնասիրության նյութ է Կոմիտասի նամակագրությունը Արշակ Չոպանյանի եւ Մարգարիտ Բաբայանի հետ: Արշակ Չոպանյանին գրած առաջին նամակների գործնական գրելաձեւն ու բնույթը հետագայում փոխվում, վերածվում են երկու գաղափարակից մտավորականների սերտ բարեկամության: Դրանք ինչպես գործնական նաեւ ստեղծագործական-աշխատանքային բովանդակությամբ գրություններ են: Նամակներից մեկում Չոպանյանին հորդորում է անպայման Հայաստան գալ, որ «բուն ժողովրդին իր բնիկ երկրում» ճանաչի: Ավելի ուշՙ 1912-ին Կ. Պոլսից դրվատանքով գրում է, թե Չոպանյանը առաջինն ըմբռնեց, որ «...մեր ապագան հարթելու համար պէտք էր, նախ մեզ օտարներին ծանօթացնել. ցոյց տալ, որ մենք կենսունակ ենք, լուսոյ որդեգիր ու կարապետ ենք խաւար վայրերում, շինարար ենք...» :
Չոպանյանին գրած էջերում տեղ են գտել նաեւ դրվագներ, միջադեպեր էջմիածնական կյանքից, խարդավանք-բամբասանքներով լի ներվանական միջավայրի մասին նկարագրություններ: «Շատ կարող է պատահել նոյնիսկ, որ մի խումբ եւ այն ստուար եւ կարող միաբաններ չը դիմանալով հալածանքների հեռանան վանքից», ապա ավելացնում է. «...այս դժոխային մեքենայութիւնները սիրտս ու միտքս հանգիստ չեն թողնում, որ կարողանամ ստեղծել» : Հետաքրքրական է նաեւ դարասկզբի աշխարհաքաղաքական սրված իրավիճակի, մեր արտաքին կողմնորոշումների, նաեւ կուսակցական ներքին շարժերի, գործելակերպի հանդեպ Կոմիտասի վերաբերմունքը: «...Դաշնակցական խմբակը, որ ատամները թափած է, խիստ դժգոհ է Վեհից, բայց չեն համարձակուում հրապարակ ելնելու: Էլ բաւ է, որքան քանդեցին մեր ներքին եւ արտաքին կեանքըՙ անմիտ հպարտութեամբ եւ փուչ ուժով: Մի բան մեզ խիստ ուրախացնում է, որ մեր հայրերը Տաճկաստանում արդէն լաւ եւ շուտ ըմբռնեցին այդ կուսակցութիւնների կործանիչ եւ աւերիչ ուղղութիւնները եւ թոթափեցին կամ թոթափելու ջանքեր են անում, որ մի ապիկար խնամակալութիւն չաւելանայ» :
Մարգարիտ Բաբայանը Կոմիտասին ավելի հոգեհարազատ է եղել, մտերմիկ հարաբերություններով: Նրան գրած մի շարք նամակներում Կոմիտասը բացում է իր հոգին, պատմում իր մենակությունների, անձկությունների մասին. «... միեւնոյն ժամանակ աջ ու ձախ եմ նայում, տեսնում, որ մարդիկ առաւել վատահոգի են քան բարեհոգի. չը կան, եթէ կան, չեն երեւում այնպիսիները, որոնք չարերի վերայ արհամարհանք տածեն»: «...Ես էլ, թէեւ ներս<ս> բոլորովին մաքուր ու ջինջ է, ինչպէս պայծառ ու յստակ վտակ, բայց չար մարդիկ քար են ձգում ու պղտորում» : Շարունակության մեջ կարդում ենք. «...եւ ես էլի մխիթարում եմ ինձ եւ ասում, որ կայ բնութեան մէջ մի ազնիւ բանՙ գեղարուեստ, որին ամենքը մատչելի չեն, եւ հէնց այնտեղ եմ գտնում իմ անդորրութիւնը եւ հանգստութիւնը եւ զգում եմ, որ մի վայրկեան հեռու եմ սլացել աշխարհի անօրէնութիւններից» : Ցավում է, որ օտարության մեջ մեր տաղանդավոր արվեստագետները ավելի են գնահատվում, բայց եւ միաժամանակ գտնում է, որ մեր ժողովուրդը մեղավոր չէ, քանի որ «գեղարուեստը դեռ նոր է ոտք դնում մեր կեանքի ասպարէզը» եւ վստահ է դրա առաջադիմությանը, «զի ատաղձ շատ կայ, եւ ընդունակութիւններ պէսպիսի են» :
Իր գործուն, ժրաջան աշխատանքների, երգահավաքության, համերգային, կրթական ծրագրերի մասին նույն ոգով գրում է նաեւ Կ. Պոլսում գործած տարիներինՙ ժողովրդի ապագայի, նրա փրկության երաշխիքը միայն ուսման, ստեղծագործական ուժի մեջ տեսնելով: Նա բացառիկ խնամածու, ուշադիր վերաբերմունք է ցուցաբերում իր աշակերտների, երիտասարդ շնորհալի մարդկանց հանդեպ:
Կ. Պոլսից ուղարկած Կոմիտասի վերջին երկու նամակներն ուղղված են Երվանդ Հակոբյանին: Առաջինը թվագրված է 1914 հոկտեմբեր: Կոմիտասը գրում է, որ խմբի համերգները չի կարողանում սկսելՙ աշակերտների զինվորագրության պատճառով: Տեղեկացնում է նաեւ, որ քաղաքապետարանը նոր հիմնվող երաժշտանոցի պաշտոնյաներից մեկն էլ իրեն է կարգել: Միաժամանակ ասում է. «Ժամանակիս վայրագութիւններէն ըստ կարելւոյն հեռու պահելով միտքս ու զգացումներսՙ անդադար կաշխատիմ կարեւոր ուսումնասիրութիւններով» : (Մինչ այդ Մարգարիտ Բաբայանին գրած մի նամակում իրավիճակը բնութագրում է անորոշ, կյանքըՙ կանգ առած): Դրան հաջորդող նամակում որեւէ խոսքի, ենթադրությանՙ մոտալուտ 1915-ի մահաբեր շնչի, չենք հանդիպում:
Կոմիտասի ստացած նամակներից տպավորիչ է Տիգրան Կամսարականի ծավալուն գրությունըՙ նրա դասախոսությունների, համերգների ազդեցությամբ. «Ներկայ էի ձեր համերգի փորձերուն, որպէսզի գոնէ մասամբ ճաշակ մը ստանամ անկէ. ձայնի ճարտարապետութեան հայկական զուտ հրաշակերտ մըն է ատիկա: Ձեր այդ համերգին մէջ հայու հոգին է, որ փոխն ի փոխ կ,աղօթէ ու կը սիրէ, կը հծծէ ու կը շանթէ, ինքզինքը կը պատմէ» :
«Ի՜նչ հրաշարուեստ յուշարար մըն էք դուք նախնի ու արդի հայ գեղեցկութեանց», գրում է Կամսարականը: