ԼԵՎՈՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Բանաստեղծական տեքստը երգի համար երբեք չի համարվել սոսկ բառային հավելուկ, այլ այն ատաղձը, առանց որի կատարյալ երգ պարզապես չի կարող ծնվել: Այս առումով մեր ժամանակներում ստեղծվող հայերեն երգերից դժգոհություն ու դրանց վերաբերյալ մտահոգություններ եղել են միշտ: Որպես երգ` հնչեցնելու համար հաճախ անպատրաստ են դիտվել նաեւ խորհրդային ժամանակներում ստեղծված շատ երգերի տեքստեր, բայց հայ երգն այսօր իջել է այն աստիճանի, որ ոչ հեռավոր անցյալի նույնիսկ միջակ բանաստեղծների տեքստերը հիմա կատարելության պատրանք են թողնում:
Գաղտնիք չէ, որ գրականություն (հատկապես պոեզիա) այսօր քիչ են ընթերցում: Ինտերնետախտով եւ հեռախոսացավով բռնված նոր սերունդը օրեցօր ավելի է հեռանում պոեզիայից: Եվ այդ սերնդի համար իսկական պոեզիան հնչեցնելու թերեւս միակ եղանակ-միջոցը մնում է երգը: Երգից, բարեբախտաբար, երիտասարդ սերունդը դեռ չի հեռացել, ուրեմն այն իսկապես անփոխարինելի միջոց է` նոր սերնդի համար նաեւ մաքուր պոեզիա հնչեցնելու համար:
Բայց արդյո՞ք ժամանակակից հայ երգում հնչում է մաքուր, բարձր պոեզիան:
«Եվրոտեսիլ 2009»-ում հնչած «Ջան, ջան» երգի տեքստի մասին ամիսներ առաջ գրելիս («Ազգ», 20 մայիս 2009) առիթ ունեցանք ի մոտո ծանոթանալ երգի տեքստի հեղինակ Ավետ Բարսեղյանի «պոեզիային»: Շուտով ակնհայտ դարձավ, որ այս հեղինակը, էլի մեկ-երկուսի հետ, հայկական շոու-բիզնեսում ամենապահանջվածներից է: Եվ քանի որ թե՛ այն ժամանակ (վերը նշված երգի տեքստի զարմանալի անմտությանը հանդիպելիս), թե՛ հիմա (երբ քիչ թե շատ ծանոթ ենք Ա. Բարսեղյանի ստեղծագործությանը) առավել համոզված ենք հեղինակի ապաշնորհ լինելու փաստի մեջ, ուստի հենց նրա՛ օրինակով եւ հենց նրանում խտացված մեծ վտանգ ենք տեսնում հայ երգարվեստի շարունակվող անկման առումով: Մյուս բոլոր արվեստների նման` երգարվեստն էլ, անշուշտ, ունի իր միջակությունները, բայց երբ միջակությունը դառնում է չափանիշ ու սահման, ուրեմն այլեւս անչափելի ու անսահման է այն վտանգը, որ կախվում է երգի գլխին: Հայ ժամանակակից երգի երաժշտական բաղկացուցչի մասին բնականաբար չենք խոսի. դա կանեն երաժշտագետները: Մեր գլխավոր մտահոգությունը հայ երգը բաղադրող խոսքի համար է, որ Ա. Բարսեղյանի եւ նրա նմանների ստեղծագործական հարահոսում վաղուց այլեւս պոեզիա չէ, բառերի կույտ է` անասելիք ու կեղծ, անկապ ու անարվեստ:
Անկապությունն ընդհանրապես մեր երգային պոեզիայի առանձնահատկություններից է: Ահա անկապ տողերի մի շարք Ա. Բարսեղյանի «Մայրերգ» ստեղծագործությունից. Լույս մտքի խորհուրդներ/ Ազնիվ, թանկ,/ Հենց այսօր մենք կարծես/ Իրար գտանք կամ` Վեճերից չեմ հոգնի/ Երբեք, մայր.../ Աստղի պես ես այդժամ/ Ընկնում եմ վար: Ահա եւ բանաստեղծական «մակդիրը»` գումարված անկապությանը.
Երգիցս առավել,
Մտքիցս ջահել
Քո անունն է միշտ,
Մայր...
Ես ու դու մեր տան մեջ,
Անվերջ, իմ մայր
(հատվածները քաղված են www.andreclub.narod.ru կայքէջից, ընթերցողին ենք թողնում մեջբերված հատվածները իրար կապելով կապակցված (ի՜նչ` բանաստեղծական) խոսք ստանալու ջանքը): Իսկ որքա՜ն տպավորիչ է մեր հեղինակի սերը: Ահավասիկ հատվածներ «Երջանկության գաղտնիք» երգից.
Երջանկության գաղտնիք,
Քեզ եմ բացահայտել,
Դու ամենից արդար
Լոկ երկու բայ,
Այդ երկուսից մարդիկ
Մարդ են ու երջանիկ,
Մեկը` սիրված լինել,
Մյուսը` սիրել:
Պոետական այս խորիմաստությունները մարսած` ականջալուր լինենք ավետական աղաչանքին` ուղղված դեռ չեկած սիրուն.
Սեր,
Հենց քո պատճառով
Սիրտս է խռով,
Չի գտնում հանգիստ.
Ե՞րբ ես, սեր,
Իմ սրտին գալու,
Ապացուցելու,
Որ գիտեմ սիրել...
Ընթերցողն, անշուշտ, գնահատեց «սերը սրտին գալու» սրտառուչ գյուտը, իսկ մենք շարունակենք մեջբերել.
Հերոսուհին երգիս
Միշտ դու ես եղել,
Դու ամենից սպասված,
Ինձ չհասած,
Ախ, երանի կյանքում,
Ոնց որ իմ երգերում,
Մեկը սիրված լինի,
Մյուսը` սիրի:
Տեսնու՞մ եք` ինչ անանձնական «ախ ու երանի» է` հանուն համամարդկային երջանկության: Մեր պոետի սերն այնքան ուժգին, անհամբեր է, որ նա նույնիսկ սպառնում է.
Ինձ տանջում է մի հարց,
Պատասխան ես տալու,
Ե՞րբ ես ինձ փոխադարձ
Դու սիրելու:
Դու իմ օդն ես, եթե չլինես, կխեղդվեմ,
«Չեմ կարող թաքցնել» երգում հառաչում է պոետը` բանաստեղծության համար երկարաշունչ այս նախադասությամբ կամենալով ընդամենը ասել` քեզնով եմ շնչում: Դու իմ սիրո ծովն ես լուսե, ուր կնետվեմ, շարունակում է սիրահար հերոսը` չտեսնելով «ուր կնետվեմ» արտահայտության ավելորդությունը. ախր «սիրո ծովն» արդեն ենթադրում է թե՛ այնտեղ նետվելը, թե՛ լողալը եւ թե՛ նույնիսկ խեղդվելը: Բացի այդ` արժե՞ր «կխեղդվեմ-կնետվեմ» թշվառ հանգի համար այսքան բառեր չարչրկել: Իմ զգացմունքը գաղտնի ես պահել չեմ կարող, ի վերջո հուսահատվում է հեղինակը` հավանաբար հուսահատ հոգեվիճակի պատճառով չնկատելով, որ տրամաբանական (հոգեբանական) վրիպում է թույլ տալիս, քանզի անհավանական է, որ մեկի համար «օդ» դարձած աղջիկը չզգա, որ այդ մեկն իրենով... շնչում է:
Հայ երգից վտարվել է ո՛չ միայն սովորական տրամաբանությունն ու մտքի հետեւողականությունը, վտարվել է նաեւ չափն ու կշռույթը` այն, ինչ երգին ուղեկցում է վերջինիս` նույնիսկ ռաբիս արտահայտություններում: Կատարյալ բանաստեղծական խոսքում մեկ ավելորդ վանկն անգամ խաթարում է տողի կանոնավորությունը, իսկ նորօրյա հայ երգում անհարթ տողերը ոչ թե պատահական են, ոչ թե անկատար տաղաչափության հետեւանք են, այլ այդպես են կառուցված կարծես միտումնաբար: Եվ ակամա մտածում ես` հայ երգը գուցե այլափոխվել է այնպես, որ այլեւս կարիք չունի տաղաչափորեն կանոնավոր, կշռութավոր խոսքի: Թերեւս կարելի էր այդպես մտածել, եթե նույն Ա. Բարսեղյանի տեքստերում կանոնավորն ու անկանոնը չհաջորդեին իրար հենց այդպես` անկանո՛ն կերպով: Ասել է թե` բանատողերի չափ ու կշռույթի անկանոնությունները ոչ թե գիտակցված են, այլ հետեւանք են տեքստագրի կողմից չափի ու ռիթմի քամահրման: Դա առավել զարմանալի է, եթե տեքստ գրողն այնուամենայնիվ փորձ է անում խոսքը հանգավորել. հանգավոր խոսքն արդեն իսկ ենթադրում է կշռութավոր խոսք, հակառակ դեպքում կորչում է հանգ գործածելու իմաստն ու նշանակությունը:
Ի դեպ, հանգի մասին: Կարծում ենք` ժամանակակից հայ երգերում սիրո բախտը չի բերել. նրան բաժին են ընկել ամենատափակ, ճղճիմ ու անբովանդակ երգերը, որոնց չեն փրկում նույնիսկ այնպիսի ցնցող հանգեր, որպիսիք են հետեւյալները` հայ երգարվեստի մեկ այլ «հեղինակավորի»` Վահրամ Պետրոսյանի «Լավ է ուշ, քան երբեք» երգից.
Միասին գուցե դեռ կլինենք,
Կամ գուցե այսօր կբաժանվենք,
Բայց այն, որ իրար համար չենք մենք,
Հասկանանք լավ է ուշ, քան երբեք:
Տեսնում եք` ի՛նչ ջանադիր հանգավորում է, հանգավոր է հնչում նույնիսկ ժողովրդական ասացվածքը (իսկ մենք բողոքո՜ւմ ենք ժողովրդական ավանդույթներից մեր երգաստեղծների հեռանալուց): Ու այսպես, չգիտես` ուրախանաս, թե տխրես այսօրինակ հանգավորումներից. գուցե իսկապես ավելի ցանկալի էր երգը թողնել իր արձակ շարադրանքո՞վ` առանց խղճուկ, պարզունակ, շինծու բռնահանգերի: Շինծու, ինչպես Անիտա Հախվերդյանի` հայ երգային պոեզիայում մեկ այլ` ոչ պակաս «հեղինակավորի» «Առանց քեզ» երգի տեքստում է:
Անսահման հեռավոր տիեզերք,
Ընդհատված մի երգ,
Քարացած, անավարտ երազ
Ինձ հետ են, դու չկաս,
Առանց քո մեղրագույն աչքերի,
Առանց քո մեղմ, քնքուշ ձայնի
Էլ չկա ինձ կյանքում վայելք,
Ինձ ասա, որ ես քեզ եմ պետք:
Ա. Հախվերդյանի համոզմամբ` բանաստեղծությունն ընդամենը սիրուն, «բանաստեղծական» բառերի ու դարձվածքների հանրագումար է, եւ դրանք իրար վրա լցնելով կարելի է ստանալ տող, տուն, բանաստեղծություն: Կարելի է, օրինակ, «մագնիսով» իրար բերել, «լիալուսինն» ու «անծայր երկինքը», «լուսնի լույսն» ու ապագա սիրահար զույգին, եւ կծնվի «Պատահական» երգը` վերնագրով իսկ միանգամայն հարիր ոչ միայն բովանդակությանը, այլեւ իր իսկ` տեքստագրի հայտնությանը հայոց պոեզիայում:
Մեծ լիալուսինն
Երկնքում անծայր
Ինձ ու քեզ կապեց
Իր լույսով իրար,
Եվ մի օր ասես
Մեզ մագնիսի պես
Փողոցում խավար
Մեզ ձգեց իրար:
Երգի կրկներգը (որ սկսվում է փիլիսոփային վայել խորհրդածությամբ` պատահական չի լինում ոչ մի բան) կանոնավոր հնչեցնելու համար երգիչը, տեքստագրի կամոք, պիտի ավելորդ մի վանկ կուլ տա (կուլ է տալիս)` Մենք պիտի հանդիպենք իրար... Ահա այսպիսի պոեզիա: Ի դեպ, սա, ինչպես եւ վերեւում հիշված երգերը, մեր շոու-բիզնեսականների եզրաբանությամբ` «հիթեր» են, այդ պատճառով էլ այսպես մանրակրկիտ կերպով ենք անդրադառնում: Սակայն վերադառնանք Ա. Հախվերդյանի «պոետիկային»: «Առանց քեզ» երգում նա փորձում է բանաստեղծություն բերել երկխոսության պես մի բան, որ երգը հատկանշվի նաեւ դինամիզմով.
Ես հիշում եմ` ինձ
Հարց ուղղեցիր,
Խնդրեցիր անկեղծ
Պատասխան տալ, թե ինչն է,
Թանկ ավելի, դու՞, թե՞ կյանքը մեծ,
Ասացի` կյանքը, դու զարմացար...
Մենք էլ զարմացած «հարց ուղղենք» հեղինակին` մի՞թե սա պոեզիա է: Հիշատակեմ այս հեղինակի «պոեզիայի» եւս մեկ առանձնահատկությունը` հար եւ նման Ավետի «պոետիկային». Ա. Հախվերդյանի ըմբռնումով էլ` երգի տեքստում կարող են անկապ լինել ոչ միայն բառերը, այլեւ տողերն ու տները: «Օրերի հետ ամեն ինչ անցնում է» երգում, օրինակ, իրար են հաջորդում հենց այդպիսի` անկապ տողեր.
Ձյուն, գիշեր է քաղաքում,
Հպվել եմ ապակուն,
Դրսում ճերմակ հավերժություն է,
Ինձ մի ընդհատիր,
Պահն այս գնահատիր...
Այսպես շարվում են տողերը` սիրուն-անկապ, եւ մեզ մնում է «հմայվել» դրանց կաղապարներով, սուտ պոետական տրամադրությամբ, ընդհատիր-գնահատիր գտածո հանգով: Բայց շուտով հնչում են տողեր, որ արմանք-զարմանք են, անկարելի թշվառություն.
Մի փնտրիր արդարացում,
Արագ է սերն անցնում,
Հետո իջնում է ջերմությունը...
Շատ կամեցա` չկարողացա հասկանալ, թե ու՛մ կամ ի՛նչ ջերմություն է իջնում, բայց այստեսակ պոեզիայից իմ ջերմությունը մի՛շտ բարձրանում է, եւ ո՛ւմ ջերմությունը չի բարձրանա: (Ի դեպ, այս երգը հնչում է Հ1-յան եթերով սփռվող «3 ընկեր» ֆիլմի յուրաքանչյուր սերիայից հետո):
Արդ լսենք, թե ինչ է երգում ժամանակակից հայ երգի վաստակավոր Հայկոն իր «Հետ արի» երգում (խոսք` Վարդան Զադոյանի): Երգից նախ մի տող hիշեցնեմ` ի ծանոթություն հայ լեզվաբանների` Ոնց սիրեմ քեզ համար, ապա հիշեցնեմ կրկներգը` դատելու իրավունքը այս անգամ վերապահելով ընթերցողին եւ մանավանդ պոեզիա՛ ընթերցողին.
Հետ արի,
Դե, սեր իմ, շուտ արի,
Թե չէ սիրտս շուտով կմարի:
Փառք Աստծո, շուտով ոչ թե պոետի սիրտն է մարում, այլ այս անկրկնելի տողն է հնչում մեկ այլ շարադասությամբ` եզրափակվելով Վ. Զադոյանի կետադրական փիլիսոփայությամբ.
Դե, սեր իմ, արի հետ,
Մեր սիրո մեջ կա ստորակետ:
Ահա սա է հայ երգը սնող արդի պոեզիան` իր ամբողջ «փայլով» ու թշվառությամբ:
Հայ երգը աղքատացնելու մեկ ուրիշ վտանգ է պարունակում վերջին ժամանակներս ավելի եւ ավելի հախուռն դարձող «դարձը» դեպի ժողովրդական բառուբանը: Երբ նորագույն տեխնիկական միջոցների գործադրմամբ հեշտորեն երգ սարքող մայրաքաղաքային երգչուհին ճռվողում է բաղ ու բլբուլի, անջիգյար յարի ու պաչիկի մասին, ոչ միայն չես հավատում նրան ու երգին, այլեւ անհարմարության անբացատրելի զգացում ես ապրում երգի կատարյալ պարապությունից. ուզում ես տեքստից ջնջել շինծու, անհարկավոր բառերը, սրբել դրանց կեղծ ժողովրդական հնչողությունը, որ գոնե մեղեդին հնչի թեթեւ` բառերի ծանր գերությունից, դրանց սառը կաշկանդումից ազատված: ...Բայց մայրաքաղաքային երգչուհին երգում է` առանց մտածելու, որ ժողովրդական բառուբանով երգ հորինելն այսօր դժվար է նույնքան, որքան դժվար է` ժամանակակից հայ երգաստեղծների մեջ ժողովրդական երգ ստեղծելու չափ տաղանդավոր մեկին գտնելը:
Որքան մեր տեքստագիր հեղինակներին պակասում է պոետական տաղանդն ու օժտվածությունը, նույնչափ հայ երգիչներին չի բավականացնում սովորական պատվախնդրությունը` երգելու երգեր, որ առանց մեղեդու կարող էին հնչել նաեւ իբրեւ բանաստեղծություն: Ավելին` հայ երգիչների մեծագույն մասը պատրաստ է երգել ցանկացած անմտություն, միայն թե դրանք հեղինակած լինեն հայկական շոու-բիզնեսի երեւելիները: Եվ այդպես Ա. Բարսեղյանի, Ա. Հախվերդյանի, մյուս «երեւելիների» տեքստերը երգելու իրավունք ձեռք բերելը շատերի համար դառնում է երազանք: Մեծ երազանք: Դժբախտաբար:
(Հայ երգիչ-երգչուհիներից, այնուամենայնիվ, բոլորը չէ, որ համաձայն են երգել ի՛նչ ասես: Կան մեկ-երկու բացառություններ, որոնք, երգչի իրենց բնատուր շնորհքով եւ արվեստագետի արժանապատվությամբ, հնչեցնում են իսկական պոեզիան, մաքուր բանաստեղծական խոսքն իբրեւ երգի նույնքան կարեւոր բաղադրիչ, որքան մեղեդին: Բնավ չենք պատկերացնում, թե ցածրաճաշակ տեքստը երգ դարձած կարող է հնչել, դիցուք, Լեյլա Սարիբեկյանի շուրթերից. պատվախնդիր այս հայուհու երգչական արժանապատվությունը թույլ չի տա: Բայց նա, ավաղելով կրկնենք, բացառությունների նվազ շարքից է):
Վերադառնալով ժամանակակից հայ երգի տեքստագիր հեղինակներին` հիշեցնենք մի բան, որ նրանք հավանաբար մոռացել են. բոլոր հայ նշանավոր աշուղները երազել են իրենց ստեղծածը նաեւ գրքի տեսքով սերունդներին հանձնելու մասին: Հիմա դառնանք ու հարցնենք մեր երգաստեղծներին` կուզենայի՞ք դուք էլ տեսնել ձեր ստեղծագործությունները տպագրված: Դժվար` ուզենաք: Ինչպե՛ս ուզենաք: Բանաստեղծելու տաղանդ դուք թեեւ չունեք, բայց գոնե այնքան ճաշակ ունեք` հասկանալու համար, թե ձեր ստեղծածը «բան» չէ, որ դեռ համարձակվեիք ժողովել դրանք ու դարձնել գիրք:
Մինչդեռ` երանի համարձակվեիք, եւ երանի ձեր համարձակությունը արդարացված ու հիմնավոր լիներ...
Հետգրություն : Անշուշտ, կլինեն մարդիկ, ովքեր այս դատողություններն ու գնահատականները կհամարեն չափազանցված կամ անտեղի, ովքեր հայ երգից անհուսորեն վտարված պոեզիայի համար մեր տագնապները կհամարեն իզուր` այն պատճառաբանությամբ, թե մեր ժամանակներում բոլոր ժողովուրդների երգերն են փոխվում հօգուտ բառային կաշկանդումներից զերծ մեղեդու: Ահա այդ մարդկանց հարցնելու ընդամենը մի բան ունենք. իսկ ինչո՞ւ նույնը տեղի չի ունենում, օրինակ, ռուսական երգարվեստում, ինչո՞ւ ռուս երգիչը մեղեդուն համահավասար կարեւորում է երգի տեքստը, ինչո՞ւ Ալլա Պուգաչովան, Իրինա Ալեգրովան իրենց թույլ չեն տալիս երգել անարվեստ տեքստով որեւէ երգ: Եվ ինչո՞ւ մենք` հայ շոու-բիզնեսականներս, որ այնպես ստրկամտորեն ու անվերապահորեն պատճենում ենք ռուսական ամեն ինչ` տեսահոլովակ, երգային ոճ ու կերպար, նույնիսկ ձայն, հանկարծ մերժում ենք նույն ռուսներից ընդօրինակել երգի տեքստի` անպայման բանաստեղծական հորինվածք լինելու կարեւորության գիտակցումը: Հարցի պատասխանը պարզ է եւ ընդամենը մեկը` որովհետեւ մենք չունենք ազգային արժեքներով ու արվեստի բարձր չափանիշներով առաջնորդվող երգի մշակներ, մերը դիլետանտիզմն է ու ապաշնորհությունը, մերը ազգային երգարվեստի դարավոր ավանդույթների ուրացումն է, ավանդույթներ, որ, ավաղ, զոհաբերվում են ամեն օր` ի բավարարումն ավետա-անիտայական եւ մյուս բազում պոետական միջակությունների անձնախնդիր հավակնությունների: