Այս տարվա սկզբին Մ. Նահանգների Հավայի նահանգը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանության փաստը: Ըստ մեր ստացած տեղեկությունների, ընդ որումՙ ոչ հայազգիների կողմից, խիստ փոքրաթիվ հայկական համայնք ունեցող այդ նահանգում նման ճանաչումը իրականացել է զարմանալի հեշտությամբ: Պատճառը, ասում են նրանք, 78 տարի առաջ մահացած հայ նկարիչ էՙ Արման Մանուկյանը, որին ողջ Հավայի նահանգը պաշտում է: Նրան կոչում են «Հավայան կղզիների Գոգեն»:
Տեղեկանք: Հավայան (կամ Սանդվիչյան) կղզիները Խաղաղ օվկիանոսի կենտրոնական մասում գտնվող արշիպելագ ենՙ բաղկացած 24 կղզիներից, որոնք կազմում են ԱՄՆ-ի Հավայի նահանգը: Տարածությունըՙ 16.7 հազար քառ. կմ է, բնակչությունըՙ հավայացիներ, մետիսներ, ամերիկացիներ: Վարչական կենտրոնն է Հոնոլուլուն: Կլիման արեւադարձային է, բուսական ու կենդանական աշխարհըՙ խիստ ինքնատիպ:
Յոթանասունութ տարի առաջՙ 1931-ին «Հոնոլուլու էդվայզըր» թերթի մայիսի 12-ի համարում լույս է տեսել հետեւյալ լրատվությունը. «Ինքնասպան է եղել երիտասարդ կարկառուն արվեստագետը: Արման Թ. Մանուկյանը թույն է խմել ընկերական հավաքույթի ժամանակ :
Հոնոլուլույում եւ մայրցամաքի որոշ շրջանակներում որպես ականավոր նկարիչ ճանաչված 27-ամյա Արման Թ. Մանուկյանի մահվան պատճառների հետաքննությունն անցկացվելու է այս շաբաթվա ընթացքում: Ըստ բժիշկ Ռոբերտ Ֆաուսի, մահը վրա է հասել թունավորման հետեւանքով:
Մանուկյանը վախճանվեց կիրակի երեկոյան ժամը 10.15-ին Քուինզ հիվանդանոցում, որտեղ տեղափոխվել էր տեր եւ տիկին Սիրիլ Լեմընների Բլեք Փոյնտ Ռոուդի վրա գտնվող տանը թույն խմելուց հետո: Արդեն մի քանի ամիս է, ինչ նկարիչը այդ տանն էր ապրում եւ մերժելով մասնակցել տանը հավաքված հյուրերի խաղինՙ բարձրացել էր իր սենյակը... Ընկերները չեն կարողացել ոչ մի պատճառ հայտնել (ինքնասպանության մասին): Ասում են նա ընկճված վիճակում էր եղել վերջին մի քանի օրերին...»:
Համաժողովրդական համբավՙ 5 տարում
Երբ Արման-Թադեւոս Մանուկյանը վախճանվեց թունավորումից, նա 8000 մղոն հեռու էր գտնվում իր ծննդավայր Կոնստանդնուպոլսից (Ստամբուլ, Թուրքիա): Մինչեւ օրս առեղծվածային է մնում այն հարցը, թե ինչու նա ընտրեց վերջ դնել իր կյանքին իր իսկ բնորոշմամբ «դրախտ» համարվող այդ վայրում: Հրաժարվելով մասնակցել իր ապրած տանը հավաքված մի խումբ հյուրերի «ոճիր» անունով սեղանի խաղինՙ հուսալքված նկարիչը առանձնանում է իր սենյակում եւ մկնդեղ կամ ցիանիդ խմելովՙ վերջ դնում իր կյանքին: Ավելի հավանական է վերջինըՙ ցիանիդը, որովհետեւ վերջին մի քանի ամիսներին թույնի այդ տեսակը լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում էր «Լյուըրս եւ Կուքի» ժառանգորդՙ Ուիլ Լյուըրսի ինքնասպանության կապակցությամբ: Մանուկյանն իր հետեւից, դժբախտավար, ոչինչ չի թողել. բացի համաժողովրդական ապշեցուցիչ համբավից: Ընդամենը հինգ տարի եւ 11 ամիս ապրելով Հոնոլուլույումՙ նա հասցրել էր այնպիսի կտավներ նկարել, գրքերի եւ ամսագրերի նկարազարդումներ կատարել եւ ամենատպավորիչըՙ որմնանկարներ վրձնել, որ իրավունք է տվել արվեստի պատմության գիտակ Դեյվիդ Ֆորբսին նշելու, որ «դրանք ոչ մի բանով նման չէին այն ամենին, ինչ Հոնոլուլուի բնակչությունը տեսել էր դրանից առաջ»:
Ճակատագրի քմահաճույքներին ընդառաջ
Ո՞վ էր, ուրեմն, այս եզակի հայորդին, եւ ճակատագրի ինչպիսի՞ քմահաճույքների հետեւանքով էր հասել այդ հեռավոր ափըՙ դառնալու փառաբանված մի անձնավորություն:
Արվեստագետի 105-ամյակի առիթով հետեւյալ տեղեկություններն ենք քաղում «Հոնոլուլու Մեգեզին» պարբերականի 2001 թվի նոյեմբերյան համարում տպագրված Ջոն Սիդի «Փխրուն դրախտ» հոդվածից:
Արման-Թադեւոս Մանուկյանըՙ ընտանիքի երեք երեխաներից ամենաավագը, ծնվել է կործանված Օսմանյան կայսրության անհանգիստ սիրտը հանդիսացող Կոստանդնուպոլսումՙ 1904 թվի մայիսի 15-ին: Հայաստանում քրիստոնեության քարոզիչներից մեկի անունով նրան անվանել են Թադեւոս (Թադիՙ ընտանեկան շրջապատում): Այդ անունով է նա ճանաչված եղել մինչեւ Մ. Նահանգների ռազմածովային նավատորմում ծառայելը: Հայրըՙ Արշակ Մանուկյանը զբաղվել է հրատարակչական գործունեությամբ: Մանուկյանները պատկանել են եվրոպականացված ընտանիքների թվին, որոնք պահպանել են իրենց բարվոք կարգավիճակըՙ հակառակ «խեղդող» հարկերի, թուրք փաշաների քաղաքական գերիշխանությանը եւ 1894-96 թվերին, այնուհետեւ Ադանայում 1909 թվին տեղի ունեցած զանգվածային կոտորածների:
Թադեւոսը (Արմանը) երեխա ժամանակ հրապուրված է եղել նավերով եւ ժամերով դիտել է նավահանգիստ ժամանող նավերին: Հինգ տարեկանում, հավանաբար, մեծապես տպավորված է եղել ամերիկյան չորս ռազմանավերով (նրանց թվում «Մեյնը» եւ «Միսսուրին»), որոնք Կոստանդնուպոլիս են ժամանել Թեոդոր Ռուզվելտի «Մեծ սպիտակ նավատորմի» շրջագայության առիթով: Նրա ընտանիքում դեռեւս պահպանված են ռազմանավերի այն գծանկարները, որ նա կատարել է 7 տարեկանում: Սա գուցե մասամբ բացատրում է հետագայում Մ. Նահանգների ռազմածովային ուժերին միանալու իր որոշումը:
Տարրական կրթությունը ստացել է Վենետիկի Մխիթարյան Միաբանության վարչական ղեկավարության տակ գտնվող Սբ. Գրիգոր Լուսավորիչ վարժարանում, որի տնօրենն այդ ժամանակ Դանիել Վարուժանն էրՙ հայկական մշակույթի վերածննդի «Մեհյան» շարժման առաջնորդներից գլխավորը:
1915-ի եղեռական օրերին, Մանուկյանի հայրըՙ հայկական թերթի հրատարակիչը, հրատարակչատանն է թաքնվում եւ այնուհետեւ մի կերպ փախչում Ֆրանսիա, որտեղ սակայն երկու տարի անց մահանում է իսպանական գրիպից: Թադեւոսը իր կրտսեր եղբոր եւ քրոջ հետ մնում է մոր մոտ եւ ապրում վախի, սարսափի ու դժվարությունների անասելի տարիներ մինչեւ 1920 թվականի ապրիլը, երբ նրան հաջողվում է միանալ նախՙ Նյու Յորքում, ապա Փրովիդենսումՙ (Ռոուդ Այլենդ) ապրող իր մոր ազգականներին:
Արվեստագետը Մ. Նահանգներում
Շնորհալի ու տաղանդավոր երիտասարդին բախտը ժպտում է եւ պետական կրթաթոշակ ստանալովՙ հաճախում Ռոուդ Այլենդի դիզայնի դպրոցը (1920-22 թթ.): Դպրոցի երեկոյան բաժինը ավարտելովՙ մասնագիտանում է կոմերցիոն նկարազարդումների եւ վիմագրության գծով:
1923-ի հոկտեմբերի 8-ին ծառայության է մտնում Մ. Նահանգների ռազմածովային նավատարմում եւ որոշ ժամանակ անց արդեն սկսում նավատորմի «Leatherneck» պարբերականում լուսաբանել արվեստի նորություններ: Նրան նկատում է մայոր Էդվին Մքկլենանը, ով 43 տարեկանում արդեն 17 տարի ծառայում էր նավատորմում եւ խնդրում նրան նկարազարդել իր հեղինակած 1063 էջանոց (հավելյալ 836 էջ ծանոթագրություններով) ռազմածովային ուժերի պատմության հատորը: Մանուկյանի համար հրաշալի առիթ է ընձեռվում: Նա հարյուրից ավելի գծանկարներ է անում, բայց, դժբախտաբար, այդ արժեքավոր ուսումնասիրությունը երբեք էլ լույս չի տեսել գրքի ձեւով, այլ մնում է մինչեւ օրս միկրոֆիլմի վրաՙ Նյու Յորքի հանրային գրադարանում: Բայց «Leatherneck» պարբերականի 1924 թ. հոկտեմբերի 18-ի եւ 1925 թ. մայիսի 16 համարների շապիկի վրա հայտնվում են իր նկարները: 1925-ին Մքկլենանը, ով պաշտոնական առաքելությամբ Պըրլ Հարբոր պետք է տեղափոխվեր, Մանուկյանին իր հետ է տանում: Երկու տարի անց զորացրվելով (նա այդ ժամանակ կրտսեր ենթասպա էր եւ արժանացել էր «լավ վարքի» մեդալի)ՙ Մանուկյանը որոշում է մնալ Հավայում, որտեղ ապրելով, Հոնոլուլուում գծանկարներ է կատարում ինչպես «Paradise of the Pacific» պարբերականի, այնպես էլ «Honolulu Star-Bulletin»-ի համար, որի արվեստի բաժնի ղեկավարն էր նկարիչ Ջոն Քելլին: Այդ շրջանի նրա շատ գծանկարներ այժմ գտնվում են Վաշինգտոնի ռազմածովային նավատորմի պատմության կենտրոնում: Սկսվում է ակտիվ աշխատանքի մի ժամանակաշրջան. նա դառնում է Հոնոլուլուի նկարիչների ասոցիացիայի անդամ:
«Կտավներՙ ուտելիքի դիմաց»
Այս սկզբունքով նա յուղաներկ նկարների մի ամբողջ շարք է ստեղծել «Գրին Միլ Գրիլ» ռեստորանի համար: Դրանցում նավապետ Կուքի ժամանակաշրջանի Հավայան կղզիներն է պատկերված: Լայոնել Ուոլդենի նեո-կլասիկական ոճին սովոր ռեստորանի հաճախորդների համար ակակնկալ նորություն է եղել Մանուկյանի պայծառ գույներով եւ համարձակ վրձնահարվածներով կատարված ստեղծագործությունները: Նա թարմ շունչ էր բերել էկզոտիկ կղզուն: Ուոլդենի 1922 թվին նկարած «Ի փառաբանումն դրամատիկականի» մոտ 10 մետրանոց պաստելին նա հակադրել էր իր անձնական ներաշխարհը, բնօրրանից տեղահանված մարդու հոգեվիճակը, կարոտի զգացմունքներն ու անցյալը մոռանալու անկարելիությունը: Այդ բոլորը նրա արվեստի տրամադրությանը տալիս էին Գոգենյան գունազարդում:
Ասում ենՙ մոդեռնիզմը աքսորյալների ստեղծածն է: Մանուկյանի կյանքի անցած ուղին համապատասխանում է այդ բնորոշմանը: Նրա անմիջական եւ առեղծվածային կապը Հավայի հետ խոսում է այն մասին, որ նա մեծ ցանկություն, պահանջ ուներ պատկանելու ինչ-որ մի վայրի, մի մշակույթիՙ որպես կորցրածը փոխհատուցող մի կռվանի: Հուսկ ուրեմն, Մանուկյանի ներկայացրած Հավայան կղզիները, ինչպես Գոգենի ներկայացրած Թահիթի կղզին, իրականում գոյություն չունեցող մի վայրի իդեալականացված տարբերակն է, մի երեւակայական եդեմ, որի կարիքն ուներ այդ ժամանակ (եւ այժմ էլ ունի) աշխարհը:
Կյանքի մայրամուտը
Իր կյանքի վերջին 4 տարիների ընթացքում նա առավել արդյունավետ է աշխատել: Ցուցահանդեսներ է տվել Հոնոլուլուի ակադեմիայում, Գամփ Ուայքիքիում եւ ավարտել մի որմնանկար (այժմ ափսոս կորած) «Ուայպահու» թատերասրահի համար: Իր գործերի վերաբերյալ դրական գրախոսականներ, նկարների կրկնապատկերներ հայտնվել են «The Argus», «Art Digest» եւ այլ պարբերականների էջերում:
Արվեստագետ, գրող Դոն Բլանդինգը անդրադառնալով նկարչի 1928 թվի ակադեմիայում կազմակերպված ցուցահանդեսին, «Honolulu Star-Bulletin» պարբերականում գրել է. «Եթե ես Հավայից հեռու գտնվեի, եւ պատահաբար տեսնեի այս նկարները, որոնց դիտումը հենց նոր ավարտել եմ, վստահ եմՙ կարոտախտի զգացմունքներն էին ինձ պատելու»:
Նա չափազանց բծախնդիր է եղել իր աշխատանքի նկատմամբ: Մի անգամ զարմացած ամբոխի աչքերի առաջ ոչնչացրել է ստեղծագործությունների մի ամբողջ շարք: Հետզհետե ավելի անհանգիստ ու նյարդային է դարձել եւ դժվար է ասելՙ դա հետեւանք էր այդ ժամանակների տնտեսական ճգնաժամի՞, թե՞ մտասեւեռում դարձած թուրքական բռնություններիՙ անընդհատ իրեն հետապնդող հիշողությունների:
Նրա կարիերան ընդհատվում է 1931 թվի մայիսի 10-ին, երբ ծայրաստիճան հուսահատ վիճակում ինքնասպանություն է գործումՙ թունավորելով ինքն իրեն:
1933 թվի սեպտեմբերին Հոնոլուլուի Արվեստի ակադեմիան հետմահու հիշատակի ցուցահանդես է կազմակերպել նրա պատվին: Նրա վաղաժամ մահը, դժբախտաբար, պատճառ է դառնում, որ իր ստեղծագործությունների չափազանց հազվագյուտ նմուշներ մնան հաջորդ սերունդների արվեստագետներին, բայց նաեւ, որ իր ստեղծագործությունները հավաքորդների համար լինեն ամենից շատ փնտրվածներից:
Իր ընկերոջ ողբերգական մահվան օրերին Մքկլենանը Հավայան կղզիներում չի գտնվել: Այդ պատճառով էլ «Leatherneck»-ում ոչ մի հոդված կամ ակնարկ չի տպագրվել իր մասին: Մանուկյանը հուսախաբ էր լինելու, իմանալով, որ Մքկլենանի համար իր նկարազարդած հատորը երբեք էլ չի տպագրվել տնտեսական ճգնաժամի հետեւանքով: Դրա միակ ամբողջական տեքստը այժմ գտնվում է Նյու Յորքի հանրային գրադարանում 1954-ին արված միկրոֆիլմի վրա:
Մքկլենանը հայերի եւ Մանուկյանի մասին
Leatherneck պարբերականի 1926 թվի հոկտեմբերյան համարում տպագրված ռազմածովային ուժերի պատմաբան Էդվին Նորթ Մքկլենանի Մանուկյանին նվիրված «Ուայկիկին կեսօրին» («Waikiki at Noon») հոդվածից ստորեւ թարգմանաբար ներկայացնում ենք հատվածներ:
«Հայերը 301 թվին քրիստոնեությունը ընդունած առաջին ազգն են, որոնք փորձում էին իրենց լեզուն եւ մշակույթը պահպանել թշնամական միջավայրում: Դարեր շարունակ թուրքերը նրանց անխնա ճնշումների ու բռնությունների են ենթարկել»: 1912-ին բրիտանացի գրող Լուելին Ուիլյամսն արձանագրել է. «Նույնիսկ 19-րդ դարի սկզբներին Կոստանդնուպոլսում որեւէ մահմեդական կարող էր փողոցում կանգնեցնել մի քրիստոնյայի եւ գլխատել պարզապես ստուգելու համար, որ իր թուրը «լավ (սուր) վիճակում է»:
Նման պատահական բռնությունները, սակայն, պարզապես փոքր միջադեպեր կարող էին անվանվել համեմատած այն սարսափին, որ ցնցելու էր հայերի կյանքը 1915-18 թվերին: Մեկ միլիոն կամ աւելի հայեր կոտորվեցին ցեղասպանական մի մոլուցքի ժամանակահատվածում, որը հետեւողականորեն ծրագրված էր մի խումբ ազգայնական առաջնորդների կողմից, որոնք ծանոթ են երիտթուրքեր անունով: Նրանք գործում էին գերմանացի զինվորական խորհրդականների հսկողության ներքո: Թուրքիայում 1913-16 թվերի ամերիկացի դեսպան Հենրի Մորգենթաուն փորձեց հանդես գալ հայերի օգտին, բայցՙ ապարդյուն: Հետագայում նա գրելու էր. «Վստահ եմ, որ մարդկային ցեղի ամբողջ պատմության մեջ նման վայրագ դեպքեր չեն արձանագրվել: Անցյալի ամենամեծ կոտորածներն ու հետապնդումները կարծես աննշան են թվում ՙհամեմատած 1915 թվի հայերի կրած տանջանքների հետ»:
Հայոց ցեղասպանությունը մինչեւ օրս մնում է 20-րդ դարասկզբի ամենասարսռազդեցիկ պահերից մեկը, որը նախատիպը դարձավ այլ սարսափների:
Ահաբեկչությունը Կոստանդնուպոլիս հասավ 1915 թվի ապրիլի 24-ին, երբ Մանուկյանը դեռ 11 տարեկան էլ չկար: Այդ օրը 600 հայ մտավորականներիՙ գրողների, բանաստեղծների, քաղաքագետների եւ այլոց հավաքեցին եւ սպանեցին... Շաբաթներ անց մոտ 5000 ուրիշներ մահացան, մի մասըՙ դեպի անապատները տարագրվելու մահվան ճանապարհին:
Ֆրանսիայում հոր մահից հետո Արմանը (Թադեւոսը) ստիպված էր իր վրա վերցնել ընտանիքի հոգսերը: Մայրը, վաճառելով ընտանեկան բիզնեսը ավագ որդուն, հնարավորություն է ընձեռում իրականացնելու իր երազանքները Մ. Նահանգներում... 1920 թվի ապրիլի 20-ին, երբ «Re d՛Italia» նավից ափ դուրս եկավ Էլիս Այլենդում, Մանուկյանն իրեն «օտար եւ կորած» էր զգում: Միայն 1918-ին ավելի քան 50 հազար հայեր ժամանեցին Էլիս Այլենդ: Նրանց մեծ մասը որբեր էին... Արմանն Ամերիկայում ապրում էր մոր ազգականներիցՙ հովանոցներ վերանորոգող Լեւոն Ստեփանյանի տանը: Վերջինս արեւմտյան Փրովիդենսի (Ռոուդ Այլենդ) 456 Վաշինգտոն Սթրիթ հասցեում խանութ ուներ: Այդ ժամանակ Փրովիդենսում ապրում էին մոտ 8000 հայեր, որոնցից շատերն աշխատում էին «Հուդ Ռաբըր» գործարանում: Թադեւոսը (Արմանը) Մ. Նահանգներ էր ժամանել 1919-24-ի դժվարին ժամանակաշրջանում, երբ տնտեսական ճգնաժամը մարդկանց ստիպում էր մրցել միմյանց հետ աշխատանքի որոնման հարցում, այն էլՙ ներգաղթողների նկատմամբ երկրում առաջացած համընդհանուր վրդովմունքի պայմաններում... Սակայն Թադեւոս Մանուկյանի տաղանդը պետք է որ արդեն ակնհայտ լիներ 1920-22 թվերին Ռոուդ Այլենդի դիզայնի քոլեջի երեկոյան բաժնում սովորելու տարիներին, քանի որ նրա հաճախած «ազատ գծանկարչության» դասընթացների գումարը նահանգային կրթաթոշակի ձեւով էր ծածկվում: Նա բարձր թվանշաններով է ավարտել «Կոմերցիոն նկարազարդումների» կուրսը եւ արդեն 1923-ին, ավարտելուց հետո, իր ունակություններն էր գովազդում որպես վիմագիր»:
Սիրային դրամա եւ լրացուցիչ տեղեկություններ
Արվեստաբան Ջոն Սիդը 2001 թվից հետազոտում է հայազգի նկարիչ Արման Մանուկյանի կյանքի ու ստեղծագործության մանրամասնությունները: Տարիների ընթացքում նա նորանոր փաստեր եւ նկարներ է հայտնաբերել: 2008-ին հրատարակած իր գրության մեջ նշում է, որ 5 նոր կտավ է ձեռք բերել եւ Արթուր Գրինի կալվածիցՙ «Ի հիշատակ» վերնագրով մի էսսե: Ստորեւ թարգմանաբար հատվածներ այդ լրացուցիչ տեղեկություններից:
«Մքկլենանը եւ Մանուկյանը շատ տարբեր անցյալ ունեցող անձնավորություններ էին գուցե, բայց նրանք երկուսն էլ «ծաղկեցին» որպես ստեղծագործողներ Հավայան կղզիներում: Հավայի էկզոտիկ բնությունը խորացրեց մեկի պատմաբանի ունակություններըՙ նպաստելով, որ առավել պոետիկ ու միստիկական դարձնի պատմական չոր ու ցամաք իրողությունները, իսկ մյուսինՙ սովորական նկարազարդողից դարձրեց տաղանդավոր որմնանկարիչ:
Մանուկյանի նման երիտասարդ նավաստու համար լուսնից բացի այլ բաներ էլ կայինՙ ազդելու նրա զգացմունքների վրա: Չնայած ալկոհոլային խմիչքն արգելված էր, ճապոնական «թեյարաններում» կարելի էր սակի ձեռք բերել: Նաեւ թեյի տերեւներից պատրաստված տեղական մի խմիչք, որը կարող էր համեմատվել ֆրանսիական լավագույն կոնյակի հետ: Երիտասարդ հայը «ֆանտաստիկ բնաշխարհում» էր իրեն զգում: Հավայան կղզիների արվեստի գիտակ Մեդջի Թենենթի բնութագրմամբ, «Հավայան թագավորներն ու թագուհիները պետք է որ հերոսական բարեմասնություններ ունեցող աստվածներից սերած լինեինՙ ուժեղ եւ խելացի, նման հունական լեգենդների հերոսներին» : Սա շատ լավ բնութագրում է նաեւ Մանուկյանի մոտեցումը Հավայան մշակույթին: Նա պատմական եւ դիցաբանական հիանալի պատկերներով է նկարազարդել Մքկլենանի գրություններըՙ տպագրված «Paradise of the Pacific» («Խաղաղականի դրախտը») պարբերականում (1927 թ.):
Նույն պարբերականում տպագրված Մանուկյանի վերաբերյալ «Դիմանկարի փորձ» հարցազրույցում, հայազգի արվեստագետը հաստատում է, որ իր ճանապարհորդությունների ընթացքում որեւէ արվեստագետի հետաքրքրությունը շարժող ավելի չնաշխարհիկ դրախտ չի տեսել, քան Խաղաղականի այս «Աստվածաստեղծ պարտեզը»: Նա զարմանք է հայտնել, թե ինչու այդ կղզու ափերը «ողողված» չեն աշխարհի արվեստագետների առնվազն կեսի նկարակալներով»:
Թեեւ ստույգ փաստեր չկան, սակայն հավանական է, որ Մանուկյանը ներկա եղած լինի Հոնոլուլուի Արվեստների ակադեմիայում բացված դասախոսությունների շարքին եւ ունկնդրած լինի Մեդջի Թենենթի եւ Թահիթիից հրավիրված մադամ Կլոդ Ռիվիերի ելույթները: 1928-ին տեղափոխվել է Ակադեմիայից մոտ մեկ մղոն հեռավորության վրա գտնվող Մակիկի քաղաքը, որտեղ հանդիպել է Մեդջի Թենենթիի, Լայոնել Ուոլդենի, Հովարդ Հիչքոքի եւ այլ նկարիչների ու արվեստի տեսաբանների հետ:
Կենցաղային առումով նա նմանություններ է տեսել Հոնոլուլուի եւ Կոստանդնուպոլսի միջեւ: Երկուսն էլ, լինելով նավահանգստային քաղաքներ, տարբեր մշակույթի տեր մարդկանց բնակավայրեր էին դարձել, եւ այդ մարդիկ ամեն ջանք գործադրում էինՙ պահպանելու իրենց լեզուն եւ սովորությունները: Նա ընկերացել է Բեթել փողոցի վրա գտնվող Green Mill Grill-ի սեփականատեր, հույն Ջորջ Գերասիմոսի հետ: Նրա, ինչպես նաեւ «Chez Paris» եւ «Monte Carlo» ռեստորանները ձեւավորված էին փարիզյան գարեջրատների ոճով:
Այստեղ « Green Mill»-ում է, որ նա կտավներ է վրձնում օրվա ուտելիքի դիմաց: Առաջին գնորդները երկու կանայք են լինում, որոնք թատրոնից հետո այցելելով ռեստորանՙ ապշել են նրա կտավների գույների բազմազանությամբ: Այնտեղ է վրձնել իր ամենահայտնի որմնանկարները: Մանուկյանի կտավները իրենց վառ երանգներով նոր աշխարհ էին բացել դիտողների առաջ: «Կարմիր առագաստներ» կտավում, օրինակ, հիանալիորեն է բացահայտված արվեստագետի բնույթըՙ որպես գունանկարչի: Սկզբնական շրջանում տեմպերա օգտագործած նկարիչը այժմ արդեն յուղաներկը առավել համարձակ էր օգտագործում: Իսկ ոճն արտահայտում էր իր մանկության բյուզանդական աշխարհը: Մեկ ուրիշ հատկանիշ: Նա չէր դադարումՙ նոր գաղափարներով անընդհատ հարստացնելու իր կտավները: Այդ իսկ պատճառով նրան հետագայում կոչելու էին «Հավայի ամենազգայուն նկարիչը»: Մարդիկ զմայլվում էին ոչ միայն նրա կտավների գունային բազմազանությամբ, այլեւ դրանցում արտահայտված զգացմունքների խորությամբ: Նա դարձել էր կղզու ոգին ճշմարտապես արտահայտող էկզոտիկ մի նկարիչ, որն իր Բյուզանդիան տեղափոխել էր Հավայան կղզիներ:
Էկզոտիկ գույները նրա վառ երեւակայության արդյունքն էին: Բայց նրա երազային պատկերացումները հաճախ էին մթագնում, եւ նա դառնում էր լուռ ու ինքնամփոփ, առեղծվածային: Երբ Մքկլենանի հետ Պըրլ Հարբոր պետք է տեղափոխվեր, նա գիտակցում էր, թե ինչքան է հեռացել իր անցյալից եւ հայ ընկերներից: 1925-ի մայիսի 23-ին Ամերիկայում ապրող իր մանկության ընկերոջըՙ Մենու (Մանո՞ւկ- Հ. Ծ.) Թուֆենկչյանին գրած մի նամակում նշել էր. «Ով գիտե, գուցե մենք այլեւս չհանդիպենք»:
Նա ճիշտ էր գուշակել:
1929-ի տնտեսական ճգնաժամը ազդեց նաեւ Հավայան տնտեսության վրա: Զբոսաշրջությունը նվազեց: Շինարարությունը դանդաղեց: Մանուկյանին հանձնարարված վերջին աշխատանքը «Ուայփահու» թատրոնի համար որմնանկարներ պատրաստելն էր: Լուիս Դեյվիսի նախագծով կառույցը բացվեց 1930-ի դեկտեմբերի 21-ին: Ափսոս որ թատրոնի ներքին հարդարման վերաբերյալ լուսանկարներ չեն պահպանվել:
Այս շրջանին է, որ նա ծանոթանում է երիտասարդ ճարտարապետ Սիրիլ Լեմոնի հետ: Սկսում են համագործակցել, եւ 1930-ի վերջերից Արմանը բնակվում է Լեմոնների տանը: Հարեւանի աղջիկըՙ Աննա Սիմզ Ստյուբենբերգը հիշում է, թե ինչպես 7 տարեկանում Մանուկյանից նկարչության դասեր է վերցրել:
Լեմոնների տան պատերը կտավներով ողողված են եղել: Կախված են եղել նաեւ Դիեգո Ռիվերայի կտավները, որոնցից Արմանը որոշ ընդօրինակումներ կատարել է, բայց բավարարված չլինելովՙ մի քանիսն էլ իր ձեռքով ոչնչացրել է:
Մինչ նա հոգեկան տվայտանքների մեջ էր, եղբայրըՙ Վահեն (երկու տարով փոքր), Ժնեւում ֆրանսերեն եւ փորագրություն էր սովորում: Իսկ քույրըՙ Ադրինեն հետագայում, 1975-ին գրելու էր ընկերուհուն. «Արմանը հազվադեպ էր գրում , եւ մենք շատ էինք մտահոգ»:
Մտահոգությունը տեղին էր: Արմանը դարձել էր հոգեպես չափազանց դյուրաբեկ: Բացի կտավներ պատրաստելուց, նա մերժել էր նոր որմնանկար պատրաստելու առաջարկըՙ ասելով, որ իբր շատ զբաղված է եւ չի ցանկանում, որ նրան խանգարեն:
Իր վերջինՙ «Ֆլամինգոները թռիչքի պահին» կտավը նա ավարտել եւ հանձնել է Չարլզ Մակինտոշին 1931 թվի մայիսի 7-ին: Երեք օր հետո նա ինքնասպան է եղել իր սենյակում:
Ասում են, որ սիրահարված է եղել Սիրիլի առաջին կնոջըՙ կոկետ Բելինդային: Իմ ստացած վերջին տեղեկությունների համաձայն նա ինքնասպանություն է գործել այն բանից հետո, երբ Բելինդան մերժել է հանուն նրա թողնել ամուսնուն: Սա ես նշում եմ, որովհետեւ հավատացած եմ, որ կարող էր լուրջ պատճառ հանդիսանալ նրա հուսահատության համար: Հավանաբար եղել են նաեւ այլ պատճառներ:
Ինտերնետային նյութերի հիման վրա պատրաստեց ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ
Նկար 1. «Հավայացին», 1930
Նկար 2. «Աղջիկն ու տղան»
Նկար 3. «Անվերնագիր»
Նկար 4. «Արման Մանուկյանի վերջին նկարըՙ «Ֆլամինգոները թռիչքի պահին»
Նկար 5. ««Արեւածագ», 1927