ԱՐԳԱՄ ԱՅՎԱԶՅԱՆ
Ընտրածս վերնագիրը հրապարակվող նամակ-մտորումի հեղինակի` Արմեն Հախնազարյանի խոսքից է: Արմեն Հախնազարյանը (1941-2009) վերջին երեք տասնամյակում հայտնի անուն էր թե՛ արտերկրում եւ թե՛ Հայաստանում, ով ակնառու ներդրում ունի Հայաստանից դուրս գտնվող հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրման, այդ նպատակով 1972 թ. Գերմանիայում (Ախեն) հասարակական կազմակերպություն, ապա մասնաճյուղեր Երեւանում (1992) եւ Լոս Անջելեսում (1998) հիմնելու գործում:
Հախնազարյանի անմիջական նախաձեռնությունների շնորհիվ էր, որ 1972-1997 թթ. եւ հետագայում օտարազգի մասնագետներից կազմված բազմաթիվ փաստավավերագրող գիտարշավներ է իրականացվել Արեւմտյան Հայաստան եւ այլուր: Մշտահոգ եւ իրական մի գործունյա անձ, ով 1980-ական թվականներից աստիճանաբար իր ճանաչումը գտավ նաեւ Հայաստանում: Ա. Հախնազարյանի հայրենանվեր եւ շատ կարեւոր գործունեությունը Հայաստանում ծանոթացնելու գործում` սկզբնական շրջանում, մասնավորապես, կարեւոր դեր են կատարել պատմաբան Հակոբ Փափազյանը (1919-1997), բանասեր Բաբկեն Չուքասզյանը (1923-1997) եւ նրանց զավակները (Վահան Փափազյան, Լեւոն, Գարեգին Չուքասզյաններ), պետական գործիչ Գրիգոր Հասրաթյանը (1918-2001), ճարտարապետության դոկտոր Մուրադ Հասրաթյանը եւ այլք:
Տողերիս հեղինակը մեկն է Ա. Հախնազարյանի հայաստանյան մասնագետ-ընկերներից, որի հետ մասնագիտական ու բարեկամական կապերի մեջ եմ եղել 1980 թ.-ից վեր: Եվ այդ ժամանակից սկսած թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում մեր հանդիպումների ժամանակ մեկ անգամ չէ, որ Արմենի հետ խոսել-քննարկել, խորհրդակցել ենք աշխարհասփյուռ հայոց հուշարձանների ուսումնասիրման ու պահպանության խնդիրների շուրջը, մշակել մի շարք սկզբունքներ ու մտորել զանազան ծրագրերի իրականացման մասին: Արմենը, լինելով գինեվետ Գողթն գավառի սիրտը համարվող Ագուլիս քաղաքի տոհմական գերդաստաններից մեկի զավակը, մեծ ցանկություն ու երազանք ուներ գոնե մեկ անգամ լինելու այնտեղ:
Եվ 1980-1988 թթ., ամեն անգամ Երեւան այցելելիս, վերստին անդրադառնում էինք զինվորական անցակետերը շրջանցելու ճանապարհներով Նախիջեւան մուտք գործելու ռիսկային ծրագրին: Սակայն ամեն անգամ ինչ-ինչ հանգամանքներից ելնելովՙ հետաձգում էինք հաջորդ անգամվա, որն այդպես էլ չիրականացավ: Նրա մտահոգություններից էր նաեւ Հայաստանում «RAA»-ի մասնաճյուղի հիմնման, Ախենում ամբարված նյութերը Հայաստան տեղափոխելու խնդիրները: Արմենի մտահոգություններին գոհացում տալու համար այդ նպատակով էլ ճարտարապետության դոկտոր Դավիթ Քերթմենջյանի, տողերիս հեղինակի եւ մի քանի այլ համակիրների նախաձեռնությամբ Երեւանումՙ Մաշտոցի անվան Մատենադարանին կից, 1992 թ. առաջին գրանցումը ստացավ «RAA»-ի երեւանայան մասնաճյուղը, որի կազմավորման աշխատանքները մի քանի տարի տեւեց: Դա Արմենին, անշուշտ, շատ էր ոգեւորել:
Ա. Հախնազարյանի հետաքրքրասիրությունների շրջանակը չէր սահմանափակվում միայն հուշարձանների ուսումնասիրությամբ: Նա հավասարաչափ մտահոգ էր նաեւ Հայաստանի բնության պահպանության, էկոլոգիայի, հուշարձանների նորոգումների եւ այլ խնդիրներով, որի համար էլ ուժերի ցրման համար հաճախակի կշտամբում էի նրան: Արմենը այսպիսի դեպքերում համեստորեն լսում էր, համաձայնվում եւ վերջում ավելացնում` «Դու ճիշտ ես, բայց դա էլ է պետք»: Ա. Հախնազարյանի կատարած ու ծրագրային աշխատանքների վերաբերյալ 1980-ական թվականներից տողերիս հեղինակի անմիջական աջակցությամբ մեկ անգամ չէ, որ Երեւանում նրա հետ կազմակերպվել են հանդիպումներ ու հարցազրույցներ, հրապարակային բանախոսություններ: Դեռեւս այդ տարիներից էլ Հայաստանի տարածքի հուշարձաններ այցելելիս (նաեւ նրա տիկնոջ` Մարգրետի մասնակցությամբ), մի կտոր աղուհաց կտրելիս միշտ էլ խուսափում էր խմիչքից. ստամոքսային հիվանդությունը, որն ի վերջո 2009թ. փետրվարին զգետնեց նրան, իրեն զգացնել էր տալիս:
Մշտապես հանդարտ ու մեղմ կեցվածքով, մեղմաժպիտ Արմենի հետ ունեցածս նամակագրական կապերի` ինձ ուղղված նրա 1981-2002 թթ. նամակները հրատարակել եմ իմ «Նախիջեւան. գրական էսսեներ, հետազոտման ուղեգրություններ» (Եր., 2007, էջ 654-662) գրքում: Ընթերցողի ուշադրությանը ներկայացվող այս նամակը իմ արխիվային նյութերի այլ թղթապանակում սխալմամբ տեղադրված լինելու պատճառով դուրս էր մնացել ուշադրությունիցս: Այստեղ կարեւորը ոչ թե ինձ ուղղված բուն նամակն է, այլ դրան կցված Արմենի մտորումները, որն անտարակույս, նրա կողմից ուղարկված է եղել նաեւ «RAA»-ի այլ համակիրների: Ընդգծեմ, որ Արմենը Ախենում հիմնադրած կազմակերպության ամենամյա տարեկան հաշվետվությունները պարտաճանաչությամբ ու պարբերաբար ուղարկում էր այդ գործով մտահոգ անձանց եւ կազմակերպություններին:
Այս հրապարակման առիթով ուզում եմ ընթերցողի ուշադրությունը հրավիրել նաեւ Ա. Հախնազարյանի կենսագրական տվյալների մի աղավաղման փաստի վրա, որն անհասկանալի պատճառներով տեղ է գտել նրա մահվան առիթով հրատարակված տեքստերում:
«Ազգ» (20.02.2009), «Հոգեւոր հայրենիք» (հունվար, 2009, փետրվար, 2009) պարբերականներում հրատարակված կենսագրական այդ հրապարակումներում, որն ամենայն հավանականությամբ տրամադրել է «RAA»-ի Երեւանի գրասենյակը, նշվում է, որ Հախնազարյանը «1972-1978թթ. կազմակերպել է գիտարշավներ Արեւմտյան Հայաստան եւ Կիլիկիա: Տպավորությունները նա ամփոփել է «Հայկական ճարտարապետություն 7 հատորանոց միկրոֆիլմերում»: Այս տեքստից հասկացվում է, որ վերոնշյալ հրատարակության 7 հատորների նյութերի հեղինակը Ա. Հախնազարյանն է, որն ակնհայտ անճշտություն է: Ընթերցողին տեղեկացնենք, որ ԱՄՆ-ում լույս տեսած այդ հատորներից միայն 5-7-րդ հատորների նյութերի մի մասի հեղինակն է Ա. Հախնազարյանը (5-րդ եւ 7-րդ հատորներում` Վասպուրականի հուշարձանները, 6-րդ հատորում` Իրանի Ս. Ստեփանոս եւ Ս. Թադեի վանքերը):
Ընթերցողի ուշադրությանը ներկայացվող Ա. Հախնազարյանի մտորումները փաստագրական ու հուզումնալից լինելուց զատ, շաղախված են գրական-գեղարվեստական մոտեցմամբ եւ վկայում են մեր հուշարձանների շինարվեստով ու հայրենի բնության հող ու ջրով հիացմունք-մտորումներ ապրող Արմեն-մարդու նուրբ զգացմունքների մասին:
Արգամ Այվազյան, հայագետ-նախիջեւանագետ
14. 02.1990
Սիրելի Արգամ` բարեւ:
Պատեհ առիթից օգտւելով (որ նամակս կը հասնի, առանց փոստային քմահաճոյքի) ուղարկում եմ ներփակ RAA-ի 89-ի զեկոյցը եւ «խզբզած» մտորումներս:
Երբ լսում ենք հայրենիքի, Արցախի լուրերը, հաճախ ինքս ինձ հարցի առաջ եմ տեսնում, որ ինչ է անելիքս, ինչ որ մի փշրանքների հետեւից վազել, թէ լինել այնտեղ, որ դեռ ծխում է երկիրը..Ինձ խնդրեմ գրիր եւ նամակաբերիս` Յարութիւն Խաչատրեանի1 հետ ուղարկիր. ինչ է ձեզ հանրագիտարանի2 համար հարկաւոր եւ ինչպէս: Ես կարող եմ Ջուղայից սկսել: Պարսկաստան, Արեւմտահայաստան, Կիլիկիա, Եգիպտոս (յոյսով եմ մօտ ապագային նաեւ Հնդկաստան) կարող ենք տալ:
Սպասում եմ լուր եւ բարեւում հարազատներիդ եւ Թելմանին:3
Սիրով Արմէն:
1.- փարիզաբնակ մտավորական
2. 1990-ական թվականներին նախաձեռնել էի հայկական հուշարձանների վերաբերյալ առանձին համահավաք-հանրագիտարան հրատարակելու ծրագիրը, որն այդպես էլ չիրականացավ: Խոսքն այստեղ այդ հանրագիտարանինՙ Ա. Հախնազարյանի մասնակցության մասին է:
3. Երեւանաբնակ ճարտարապետ (1934-1998):
«Յունւար 16, 1990
Սիրելի Արգամ Այվազեան
Ամանորի առիթով, օրւայ մտորումներ
Օգոստոս 89
Ոտս նորից հողին է` չեմ հաւատում որ այստեղ եմ, ուր պէտք է մտնել գլխաբաց, եւ կօշիկները հանած, Արեւմտեան Հայաստանում եմ, Քղիում: Բիւրակնի Քղին, իր սարափէշ գիւղերով, եւ բիւր տարիներ պատմութիւն կերտած մարդկանց աճեցրած այգիներով, վաղուց մեռած գերեզմաններով: Եւ այսօր, երբ Հայրենիքից սկսած, յարութիւն է առնում պատմութիւնը, այն երկրի պատմութիւնը, ուր ապրելու օրէնքը հողի համար մեռնելն էր, ահա այնտեղ եմ, քայլում եմ դէպի Ս. Կիրակոսի վանքը, սարն ի վեր, բայց ինձ չեն երեւում սուրբեր, այլ սրբացածներ` Հրայր Դժոխքն ու իր հայդուկները, որոնք ղեկավարեցին այս շրջանի ինքնապաշտպանութիւնը:
Իսկ մենքՙ որպէս խաչքարի որսորդ, թափառում ենք, փնտռում, իսկ գիշերը, քուրդ գիւղապետի տանը, քնապարկի մէջ, բեզարած, լու-թախթաբիթիների հետ անօգուտ պայքարելով, լուսացնում:
Առաւօտեան, սառը օդով, աղբիւրի ջրով կենդանանում ենք, ու նորից զգում, որ կայինք, բայց չկանք..
Երկու շաբաթ յետոյ, Վասպուրականում:
Գիւղերից խուսափելով, երկու քուրդ ուղեկցողների հետ, Սիփանի փեշից մինչ Արճեշ, ձորակներում պտտում, երբեմն հանդիպում ենք հովիւների, որոնք հեռւից, արդէն իսկ մեզ տեսել ու հետեւում են: Հասնում են մեզ, զարմացած, չռած աչքերով նայում, բարեւում, եւ հիմա նրանք են մեզ ուղեկցում սարն իվեր:
Ձորակում, առուակն ու կաքաւը, սարի դարաւոր երգն են երգում, նայում եմ հովուի տրեխներին, մտածում, էս էլ մեր երկրի նոր տէրը... Հեւիհեւ հասնում, կանգնում ենք ինձ անծանօթ վանքի առջեւ: Հովիւի համար բուքի ժամանակ ապաւէն, իսկ ինձ համար, մի նմույշ հայ ճարտարապետութեան, իր էութեամբ պարզ, բայց ոչ հասարակ, ձեւերով ներդաշնակ սար ու քարին, զուսպ իր կրքոտութեան մէջ եւ նման իրեն կերտող ժողովրդին, մեծ եւ երբեմն ողբերգական: Աստծու գոյութեան հաւատալը թող լինի խղճի հարց, բայց պիտի հաւատալ այն մարդուն, որ կերտել է հաւատով եւ ձգտել աստուածութեան:
Լուսնեակ գիշեր է, խաղաղ է: Վանի աղահամ հովը ալիք-ալիք շոյում է երեսս, իսկ ներսումս մտքերի փոթորիկ: Ինչ որ մի բան խանգարում է, մէջքս, թիկունքս ծակում:
Քունս տանում է ուշ, բայց արդէն երկինքը դժգունում է, լուսաբաց է, պիտի հաւաքել քնապարկը: Եւ, ով սարսափ, ամբողջ գիշեր ոսկորների մէջ եմ պառկել... Եւ յիշեցի Համաստեղին: Եւ անէծքի չափ հզօր էին նրաՙ քարայրների նման երկու աչքերի խոռոչները, որտեղից կարծես անծանօթ յաւիտենականութիւնն էր լսւում, ճիշտ աւերակ հայ վանքերի պէս, գանկը խօսում էր իմաստուն լռութեամբ:
Եւ ես ծունկի եկա, եւ ասացիՙ Հայր մեր որ յերկինս ես..
Երեք շաբաթ յետոյ, Երեւանում
Հանրակառքի մէջ եմ, օդակայանից քաղաք: Անցնում ենք մեքենաների վառելանիւթի երկար հերթի մօտից:
- Որտեղացի ես ապեր: Հարցնում է վարորդը: Ասում եմ: - Է՜, ձեր երկրում էլ մերոնց պէս «խելօքներ» կան: Ու տալիս է հանրայայտ անուններ:
- Գիտես ապեր, շարունակում է վարորդը, մերոնք էնքան տխմար էին, որ կարծում էին, եթէ Մոսկովին փաստեն, որ իրաւունքը մերն է, մեզ էլ մեր իրաւունքը կտան... Բառերը հնացած են, խեղճացած. օրւայ ապրածը հնարաւոր չի Հայաստանում բառերով տալ: Զինւած մարդասպանի հետ չես կարող քարոզելով խօսել, այլ այն լեզւով, որ նրան ըմբռնելի է, եւ դա միակ լեզուն է:
«Գեղ կանգնի, գերան կը կոտրի»: Մեր ապագան մեր բռունցքներում է, եւ պիտի հաւատանք, որ կարող ենք կեանքով մահը ջարդել, ինչպէս տեսանք, մեր արիւնը ծծելով ապրել:
Հայի կեանքը մի անվերջանալի պայքար է, որի ամէն մի պահը յաղթանակ է:
Մի բուռ խունկ նահատակներին: Հաւատամքՙ ապրողներին:
90-ը շնորհաւոր:
Արմէն
Նկար 1. Ա. Այվազյան, Մարգրետ, Ա. Հախնազարյան, Կեչառիս, 1984 թ.
Նկար 2. Ա. Հախնազարյան, Ա. Այվազյան, Ֆլորենցիա, 1989 թ.