ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#10, 2009-09-26 | #11, 2009-10-10 | #12, 2009-10-24


ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀՀ-ՈՒՄ ԵՎ ՍՓՅՈՒՌՔՈՒՄ

Վերջին ամիսներին ՀՀ-ում եւ արտասահմանում լույս են տեսել բազմահարյուր գրքեր եւ այլ հրատարակություններ: Դրանցից մի քանիսին «Ազգն» ու հայաստանյան ուրիշ լրատվամիջոցներ անդրադարձել են: Այդուհանդերձ, հարմար գտանք հայ գրականությանը, հայոց պատմությանը, հայկական արվեստի, մշակույթի եւ հայկական հասարակական-քաղաքական մտքի համար ուշագրավ այդ հրատարակություններից ստորեւ ներկայացնել ընդամենը մի փնջի համառոտ մատենագիտությունն ու նկարագրությունը: Տեղեկությունների մի մասը քաղել ենք սփյուռքահայ մամուլից, ուր հաճախ պակասում են հրատարակչական որոշ տվյալներ: Պահպանել ենք բնագրի ուղղագրությունը եւ լեզվական առանձնահատկությունները:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Երեւան

- Անահիտ Մենեմշյան, «Le Monde-ը եւ հայ իրականությունը», ԵՊՀ հրատարակչություն , 2009, 173 էջ (Ա-5) (ֆրանսիական օրաթերթի պատմությունը: Գրքի չորրորդ գլխում ուսումնասիրվել է «Մոնդի» համարներում հայկական թեմաների լուսաբանումը 1987 թվականից սկսած մինչեւ 2009թ. կեսերը):

- Աշոտ Սուքիասյան, «Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան» , Բ հրատարակություն, ԵՊՀ հրատարակչություն, 2009, 1242 էջ (Ա-4): Բառարանը 2003 թ. արժանացել է ՀՀ նախագահի մրցանակին: Լույս է տեսել «Գալուստ Գյուլբենկյան հիմնարկության» Հայկական մատենաշարով:

- Արամ Բարլեզիզյան, «Հայերեն-ֆրանսերեն բառարան», ԵՊՀ հրատարակչություն , 2009, 976 էջ (17 x 24 սմ.) (40 հազար բառահոդված եւ 30 հազար դարձվածային միավոր եւ արտահայտություն): Լույս է տեսել «Գալուստ Գյուլբենկյան հիմնարկության» Հայկական մատենաշարով:

- Գագիկ Բաղդասարյան, «Երեւան» (երկլեզու` հայերեն եւ ֆրանսերեն), «Տիգրան Մեծ» հրատարակչություն, 2008, 356 էջ (Ա-4) (Երեւան քաղաքի պատմության հանրագիտարանային բնույթի հրատարակություն` սեւ-սպիտակ եւ գունավոր գեղատիպ լուսանկարներով):

- Գառնիկ Ստեփանյան, «Մղձավանջային օրեր» , խմբագիր` Արմեն Տեր-Ստեփանյան, ԵՊՀ հրատարակչություն, 2009, 590 էջ (Ա-5) (Երզնկայի հայության տարագրության եւ ցեղասպանության ականատես-վերապրածի հուշագրությունը): Լույս է տեսել «Գալուստ Գյուլբենկյան հիմնարկության» Հայկական մատենաշարով:

- «Երեւանի պետական համալսարան. Կենսագրական բառարան» , խմբագրական խորհուրդ` ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի նախագահությամբ, ԵՊՀ հրատարակչություն, 2009, 620 էջ (17 x 24 սմ.) (ԵՊՀ-ում երբեւէ դասախոսած 525 պրոֆեսորների կենսագրությունները` գիտամանկավարժական վաստակի շեշտադրումով եւ լուսանկարներով):

- Էդուարդ Լ. Դանիէլեան, «Գանձասարի վանքը» (եռալեզու` հայերէն, ռուսերէն եւ անգլերէն), խմբագիրներ` Տ. Մեսրոպ քհն. Արամեան եւ Գէորգ Եազըճեան, «Գանձասար» Աստուածաբանական կենտրոն, Երեւան, 228 էջ (17 x 24 սմ.) (Արցախի համառօտ պատմութիւնը, Գանձասարի վանքը եւ Արցախեան ազատամարտը` սեւ-սպիտակ եւ գունաւոր լուսանկարների ու քարտէզների հարուստ ներկայացմամբ): Մեկենասն է Կարէն Աւետեանը, որ գիրքը հրատարակել է «ի յիշատակ իր հօր` Նահապետ Աւետեանի»: Լոյս է տեսել «հրամանաւ Տ. Պարգեւի Սրբազան Արքեպիսկոպոսին Առաջնորդին Արցախայ»:

- Էդուարդ Զոհրաբյան եւ Համլետ Միրզոյան, «Գորիսի հանրագիտարան» , խմբագիր` Վանիկ Սանթրյան, «ՎՄՎ-Պրինտ» հրատարակչություն, 2008, 452 էջ (17 x 24 սմ.) (ականավոր գորիսեցիների կենսագրական բառարան, Գորիսի շրջանի տեղանունների բացատրական բառարան, լուսանկարներ եւն.):

- «Իտալիայի արտաքին գործերի նախարարության պատմական դիվանագիտական արխիվի վավերագրերը Հայկական հարցի մասին 1913-1923 թթ. , հատոր Ա, 1913-1917», նյութը հավաքեց, կազմեց, թարգմանել, առաջաբանը գրել եւ հրատարակության պատրաստել է Արամայիս Բալոյանը, հրատարակիչ` ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, 2008, 249 էջ (1913-1917 թթ. 225, նաեւ` Կիլիկիայի 1909 թ. կոտորածներին վերաբերող 20 փաստաթղթերի շարադրանքը):

- Լեո, «Անցյալից» , Բ տպագրություն, հրատարակություն Հայաստանի պահպանողական կուսակցության, «Շեմ» տպագրատուն, 2009 (հայ վաստակաշատ պատմաբանի` 1925 թ. Երեւանում լույս տեսած գրքում խստորեն քննադատվում են հայկական հեղափոխական կուսակցությունները` իրենց գործելաձեւի եւ գաղափարների համար):

- Խաչատուր Դադայան, «Ռուսաստանի հայկական գործարար ընտրանին» (ռուսերեն), հրատարակիչ` «Նորավանք» գիտա-կրթական հիմնադրամ, 2009 (ՌԴ 17 քաղաքներում գործող հայազգի 70 խոշոր գործարարների կենսագրությունն ու գործունեությունը):

- Կլարա Թերզյան, «Երկրի եւ երկնքի փոխձայնակցումը», խմբագիր` Վահագն Սարգսյան, «Հայաստան» հրատարակչություն , 2009, 432 էջ (17 x 24 սմ.) (մեծ մասամբ Երեւանի ռադիոյով հնչած հուշագրություններ ու ակնարկներ հայրենաբնակ եւ սփյուռքահայ գործիչների մասին): Գրքի տպագրությանը օժանդակել են Նյու Յորքից Հովհաննես եւ Նոյեմի Մկրյանները:

- Հրաչիկ Սիմոնյան, «Ազատագրական պայքարի ուղիներում» , Գ հատոր, ԵՊՀ հրատարակչություն, 2009, 1128 էջ (17 x 24 սմ.) (թուրքական, ռուսական եւ պարսկական բռնատիրությունների դեմ հայ ժողովրդի ազատագրական պայքարի` 20-րդ դարի առաջին տասնամյակի վերջին տարիների ժամանակաշրջանի պատմությունը): Լույս է տեսել «Գալուստ Գյուլբենկյան հիմնարկության» Հայկական մատենաշարով:

- Հրաչյա Հարությունյան, «Շուշի. XVIII-XIX դդ. տապանաքարեր» , խմբագիր` Իգիթ Ղարիբյան, ԵՊՀ հրատարակչություն, 2008 (տպագրության է ստորագրվել 2009 թ. հունվարի 13-ին), 300 էջ + 42 էջ ներդիր (17 x 23.6 սմ.) (974 հայերեն եւ ռուսերեն տապանաքարերի արձանագրությունների ներկայացումը): Լույս է տեսել «Գալուստ Գյուլբենկյան հիմնարկության» Հայկական մատենաշարով:

- Յակոբ Չոլաքեան, «Քեսապի Բարբառը», ԵՊՀ եւ «Հայաստան» հրատարակչութիւններ, 2009, 382 էջ (17 x 24 սմ.) (1986 թ. Հալէպում լոյս տեսած մենագրութեան լրամշակուած վերահրատարակութիւնը` բարբառի մանրամասն ուսումնասիրութեամբ): Լոյս է տեսել «Գալուստ Գիւլպէնկեան Հիմնարկութեան» Հայկական մատենաշարով:

- Նիկիտա Զարոբյան, «Ժողովրդին նվիրված կյանք. Յակոբ Զարոբյանը եւ նրա ժամանակաշրջանը» (ռուսերեն), Ռուս-հայկական համալսարանի հրատարակչություն, 246 էջ (1960 թ. դեկտեմբերից մինչեւ 1966 թ. փետրվարը Հայաստանի Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղարի կյանքն ու գործունեությունը` որդու գրիչով եւ լուսանկարներով):

Շարունակելի ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4