ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#10, 2009-09-26 | #11, 2009-10-10 | #12, 2009-10-24


ՄԻՍԱՔ ՄԱՆՈՒՇՅԱՆԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ՖՐԱՆՍԻԱ:

Իսկ Հայաստա՞ն...

ԳՐԻԳՈՐ ՋԱՆԻԿՅԱՆ

Ֆրանսիայում, մասնավորապես Փարիզում, այս տարվա սեպտեմբեր ամիսը առանց չափազանցության Միսաք Մանուշյանին էր նվիրված:

Սեպտեմբերի 16-ից, Փարիզի կինոսրահներում ցուցադրվել սկսեց Ռոբեր Կետիկյանի «Ոճրագործության բանակը» գեղարվեստական շարժանկարը, որը յուրովի, հուզահակ համոզչականությամբ է ներկայացնում Միսաք Մանուշյանի կյանքն ու սխրանքը: Հանդիսատեսներից մեկը, անմիջական փութաջանությամբ արտահայտել է համընդհանուր տպավորությունըՙ «Հիանալի է Ռոբեր Կետիկյանի այս շարժանկարը: Նրա բոլոր շարժանկարներն են արժանի դիտելու ու դարձյալ դիտելու, բայց այս մեկն ինձ համար գլուխգործոց է, ամենահաջողվածն ու ամենահուզիչը», ապա հայերեն, մեծատառերով եզրափակել էՙ «ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ»:

Շարժանկարի ցուցադրմանը զուգընթաց Փարիզում բացվեց «Միսաք Մանուշյանն ու հայերի մասնակցությունը Ֆրանսիայի Դիմադրության շարժմանը» ցուցահանդեսը, որի հիմնականում նորահայտ նյութերը վկայում են, թե ֆրանսահայերը, որոնց թվում եւ Շառլի ծնողներըՙ Միշա, Քնար Ազնավուրյանները, ինչպիսի անձնազոհությամբ նվիրաբերվեցին ասպնջական, ինչպես իրենք էին կոչումՙ «ասպետական» Ֆրանսիայի ազատագրությանը:

Վերջապես, դարձյալ, սեպտեմբերին, լույս տեսավ ֆրանսիացի ժամանակակից արձակագիր Դիդիե Դաենինքսի «Միսաք» վեպը, որն իսկույն եւեթ ուշադրության, մամուլի բարձր գնահատականին արժանացավ: Այսինքնՙ երեւույթ դարձավ:

Վեպի գլխավոր հերոսը, հեղինակի երկրորդ «ես»-ըՙ «Լ՛Յումանիտե»-ի լրագրող է, որը 1955-ի փետրվարին, Փարիզում Միսաք Մանուշյանի մարտախմբի հիշատակին փողոց անվանակոչվելու կապակցությամբ, հանձնարարություն է ստանում պատմական իրողությունները հանգամանորեն ուսումնասիրել, Ստալինի մահից հետո ճշմարտացիորեն ներկայացնել ու արժեւորել Մանուշյանի, նրաՙ տարբեր ազգությունների 22 արձակազենների սխրանքը:

Եվ քանի որ, ցավոք, մինչեւ այժմ մերձփարիզյան Վալերիանի բարձունքում Ֆրանսիայի ազատագրության համար գնդակահարվելուց 65 տարի անց էլ նրանց շուրջը հակասական, երբեմն նույնիսկ բացասական մտայնություններ են արծարծվում (հատկապես մատնվելու կապակցությամբ), վիպագիր Դիդիե Դաենինքսը շնորհակալ գործ է կատարել, վարվել է իր վեպի հերոսի պեսՙ զրուցել է Դիմադրության շարժման վերջին վերապրողների, Մանուշյանի կնոջՙ Մելինեի հարազատների, բազմաթիվ ֆրանսահայերի հետ եւ որ ամենակարեւորն էՙ փակ թղթածրարներ է ուսումնասիրել: Ու բացահայտել է բազմաթիվ նոր, կարեւորագույն փաստեր, իրողություններ: Բոլորին հայտնի է Միսաք Մանուշյանիՙ գնդակահարվելուց առաջ Մելինեին հղած վերջին նամակը, որին Լուի Արագոնը նվիրել է իր հռչակավոր բանաստեղծությունը: Սակայն, պարզվում է, որ դրանից առաջ Մանուշյանը մի ուրիշ նամակ էլ է գրել, ուղարկել Մելինեի քրոջըՙ տիկին Ասատուրյանին: Այդ նամակում նա խնդրում է հոգալ հատկապես իր հետ գնդակահարվող Արմենակ Դավթյանի հիշատակի հավերժացման համար: Այս հանգամանքը գրավել է «Միսաք» գրքի հեղինակի ուշադրությունը, եւ թղթածրարներն ուսումնասիրելիս պարզել է, որ Արմենակ Դավթյանը եղել է Խորհրդային Հայաստանի բարձրաստիճան ղեկավարներից մեկը: 1937-ին, կանխազգալով ստալինյան սպանդը, նա փախչում է Պարսկաստան, Հնդկաստանի վրայով հասնում Փարիզ: Երկրորդ աշխարհամարտը սկսվելուն պես, չնայած առաջացած տարիքին, Մանուշյանի խմբին միանալու, ֆաշիզմի դեմ մարտնչելու ցանկություն է հայտնում: Այդ տարիներին Ֆրանսիայի կոմունիստական կուսակցության համար Խորհրդային Միությունը լքող համայնավարը առնվազն դավաճան էր, սակայն Մանուշյանը, ի հեճուկս կուսակցության կամքի, Դավթյանին վերցնում է իր մարտախումբը:

Ամենաէականըՙ վեպի վրա աշխատելիս, հեղինակը ստացել է իրեն հուզող կարեւորագույն հարցի պատասխանը: Նա միշտ էլ ներքուստ տարակուսել է, թե սիրային բանաստեղծություններ գրող Միսաքը, որը նաեւ խմբագիր, բարձրաճաշակ մտավորական է եղել, ինչպե՞ս է խափանարարությամբ ու վնասարարությամբ զբաղվել, ձեռնառումբեր նետել ֆաշիստական գնացքների վրա, բարձրաստիճան զինվորականների վերացրել: Պարզվել էՙ ժամանակին այդ հարցը նրան Մելինեն էլ է տվել ու հետեւյալ պատասխանն ստացել. «Ամեն պայթյունի պահին հայացքիս առջեւ հայտնվում են մորս, հորս դեմքերը, որոնք շիրիմներից ելնում, ինձ ասում ենՙ «Դու վատ բան չես անում, սպանողներին ես սպանում»:

Նույն համոզմանը, ի վերջո, հանգել է նաեւ վիպասանը, գրքի լույս տեսնելու կապակցությամբ «Լե նուվել դ՛Արմենի» պարբերականի թղթակցին ասել է. «Ժխտողականության դեմ մղվող պայքարը չափազանց կարեւոր է: Ինքս ոչ հայ եմ, ոչ հրեա, ոչ կամբոջացի, ոչ էլ ռուանդացի, բայց քանի որ մարդկության մի մասն է ոչնչացել, ինքս էլ, որպես անհատ, ինձ զոհ եմ համարում»:

«Միսաք»-ի ազդօրինակն ինձ ուղարկողի ընծայագրում հույս է հայտնվում, որ ես իսկույն եւեթ կձեռնարկեմ թարգմանությանը, եւ փաստագրական, միաժամանակ գեղարվեստական կարեւոր այս վեպը կարժանանա Հայաստանում հրատարակվելու շնորհին:

Ի՜նչ ասեմ, ընդունելով հանդերձ նորահայտ փաստերի կարեւորությունը, վեպի գեղագիտական արժանիքները (Ֆրանսիայում ֆրանսիացի հեղինակները այնքան էլ հաճախ վեպ չեն գրում հայ հերոսների մասին)ՙ ինչպե՞ս ձեռնամուխ լինեմ թարգմանությանը, երբ գրասեղանիս մեկը մյուսի վրա դիզված են Աիդա Ազնավուր-Կառվարենցի «Ափարիկս», Արման Մալումյանի «ԳՈՒԼԱԳ-ի որդիները», Յուրի Ջորկաեւի «Ճապուկը», այլ վեպերի թարգմանություներ, որոնց բազմաթիվ հատվածներ հրապարակվել են մեր մամուլում, բուռն հետաքրքրություն հարուցել: Բայց... հրատարակիչների ուշադրությանը այդպես էլ չեն արժանացել:

Ստացվում է, որ մեզնով օտարներն ավելի են հետաքրքրվում, մենք օտարներին ավելի ենք պետք, քան ինքներս մեզ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4