ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#11, 2009-10-10 | #12, 2009-10-24 | #13, 2009-11-07


«ԷԼ ԻՆՉՈ՞Ւ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ...»

Գուրգեն Մահարու եւ Աղասի Խանջյանի կապերից

ԳՐԻԳՈՐ ԱՃԵՄՅԱՆ

Գրեթե հասակակիցներ էին, Վանում ծնված, մանկության տարիներին նույն օդը շնչած հասակակիցներ: Շատ բան կար ընդհանուր ազգակցական թելերով կապված Աղասի Խանջյանի եւ Գուրգեն Մահարու միջեւ: Վանի հայաթափումից հետո հայտնվելով Երեւանում, մինչեւ Հայաստանի խորհրդայնացումը նրանցից մեկը ձեւավորվեց որպես հեղափոխական ու պետական գործիչ, իսկ մյուսը` որպես գրող: Հայաստանի խորհրդայնացումից հետո երկուսն էլ իրենց ուժերի ու հնարավորությունների չափով նպաստեցին երկրի վերածնունդին ու կայացմանը: Երկուսի գործունեությունն էլ ընդհատվեց 1936 թվականին, մեկինն` ընդմիշտ, մյուսինը` գրեթե երկու տասնամյակով:

Աղասին սովորում էր Վանի Կենտրոնական վարժարանում, բայց նրա մասին խոսում էին քաղաքի բոլոր դպրոցներում:

- Սովորեք Աղասի Խանջյանի նման,- ասում էին ուսուցիչները:

Եվ ոչ միայն ուսուցիչները:

- Աղասի Խանջյանի մայրն էլ կասի տղաս դպրոց կերթա, քո մայրն էլ,- հոգոց էին քաշում մայրերը:

Այդՙ այսօր, ժամանակի հեռավորությունից են նրանք պատկերվում գրեթե հասակակիցներ: Իրականում Աղասին երկու տարով մեծ էր Գուրգենից, իսկ դպրոցական տարիքում այդ տարբերությունը մե՜ծ անջրպետ էր:

- Քեզ չի կարելի,- գիրքը փակել էր Աղասին, երբ Գուրգենը մոտեցել էր նրան:

Րաֆֆու «Կայծերն» արգելված էին Օսմանյան Թուրքիայում:

Աղասին Վարդան Աճեմյանի մորաքրոջ տղան էր, իսկ Վարդանի եւ Գուրգենի Աճեմյան հայրերն ապրում էին պապենական նույն տան տարբեր կեսերում: Դա էր պատճառը, որ Խանջյանները` արմենական-ուսուցիչ Ղեւոնդ աղան, մայրը` Թագուհին, որդին` Աղասին եւ նրա հանգավոր քույրերը` Ալիսը, Իրիսը, Մայիսը, ամիսը մեկ-երկու անգամ հյուր էին գալիս այս օջախը: Գուրգենն աշխատում էր մոտ լինել Աղասուն` հասկանալու համար, թե ինչո՞վ է ինքը պակաս նրանից:

Սակայն կար եւ ուրիշ պատճառ, որն ստիպում էր Գուրգենին մոտ լինել Խանջյաններին: Դա փոքրիկ Մայիսն էր, որի մասին մշտապես երազում էր նա.

«Երբ ես փոքր էի, Վանում, ավելի հանդուգն էի ու գործնական: Ես սիրում էի Խանջյան Ղեւոնդ էֆենդու աղջկանՙ Մայիսին: Ես ճանապարհներ էի որոնում նրան չկորցնելու եւ նրան, միայն նրան «առնելու»... Ես գիտեի, որ դա դժվար գործ է, կապուտաչյա եւ ոսկեծամ Մայիսն ինձնից այնքան էր հեռու, որքան Արարքը Վարագից... Ես միջոցներ էի փնտռում անկարելին կարելի դարձնելու համար: Հիշում եմ, որ տատս ինչ-որ հեքիաթ պատմեց ինձ «սըր-քյուլախի» մասին: Այս այն գլխարկն է, որ երբ դնում ես գլխիդՙ աներեւութանում ես: Ես երազում էի այդ հեքիաթական գլխարկը ձեռք բերելու մասին: Ես ուզում էի, գոնե մի կարճ ժամանակով, լինել աներեւույթ: Ես առանց նկատվելու կմտնեի Խանջյանենց տուն ու երբ Ղեւոնդ էֆենդին մենակ, նստած սադրին «Վան-Տոսպ» կկարդար, ես, այո՜, ներս կմտնեի եւ «Հին աստվածների» Վանահոր ձայնով կասեի.- «Ղեւոնդ Խանջյա՜ն, Ղեւոնդ Խանջյա՜ն, կատարի՜ր Աստծու ցանկությունը, քո աղջկան տուր Աճմոնց Գուրգենի՜ն»: Կասկած չէր կարող լինել, որ նա, սարսափած ու երկյուղած վերին պատգամին ի լուր, պիտի հարցնի.- «Որի՞ն, Տեր իմ, որի՞ն,- որին պիտի հաջորդի իմ պատասխանը.- «Մայիս՜ին, միայն Մայիսի՜ն»: Այնուհետեւ ես քաշվում եմ մի անկյուն եւ հետեւում դեպքերի ընթացքին: Ներս է մտնում տիկին Թագուհին եւ նկատելով ամուսնու դեմքին խռովահույզ արտահայտություն, պիտի հարցնի.- «Մա՛րդ, ինչո՞ւ այդպես շփոթված ես, ի՞նչ ես լսե առավոտ կանուխ...», որին ամուսինը պիտի պատասխանի.- «Աստծու ձայնն եմ լսե, Թագուհի՜, էսա մեր Մայիսին Աճմոնց Գուրգենին տալու է...»:

Երբ ազատագրական պայքարի կայծերը վերածվեցին հրդեհի եւ կրակի մեջ առան այգեստանները, երբ Վանը գաղթեց Երեւան, Աղասին ոչ միայն չէր փակում իր ձեռքի տակ գտնվող գիրքը, այլեւ ցուցադրում էր Վոյնիչի «Բոռի» շապիկը եւ տանում «բացատրական աշխատանք».

- Կարդացե՞լ ես: Կարդա: Հիանալի գիրք է:

Սակայն Գուրգենին հետաքրքրում էին այլ գրքեր եւ հեղինակներ: Ամեն մարդ ունի իր ճանապարհն այս աշխարհում:

Բարեկամական կապը Խանջյանների եւ Աճեմյանների միջեւ ամրացավ, երբ Գուրգենի եղբայրը, ճանաչված բանաստեղծ Խորեն Ռադիոն ամուսնացավ Աղասու քույրերից Իրիսի հետ: Այդ կապը կարող էր լինել ավելի ամուր, եթե ոսկեծամ Մայիսը չմահանար Երեւանում` գաղթից մեկ ամիս անց: Գուրգեն Մահարին սգաց այդ մահը «Հոգեհանգիստ» բանաստեղծությունում:

1923 թվականին Ա. Խանջյանը կուսակցական գծով գործուղվեց Մոսկվա, իսկ այնտեղից` Պետրոգրադ:

20-ական թվականները ստեղծագործական դժվար տարիներ էին Գ. Մահարու համար: Քնարերգակ բանաստեղծը փորձում էր գտնել իր տեղը նոր պայմաններում: Դա միշտ չէ, որ հաջողվում էր նրան: 1924 թվականին նա վտարվեց պրոլետգրողների միությունից «Տիտանիկ-I» բանաստեղծական ժողովածուում արտահայտված «անկումային, բոսյակային» տրամադրությունների համար եւ վերականգնվեց միայն Ալ. Մյասնիկյանի միջնորդությամբ: 1927 թվականին նա վտարվեց երկրորդ անգամ եւ դիմեց կուսակցական կենտկոմին` ստեղծագործական պայմանների բացակայության պատճառով երկիրը թողնելու խնդրանքով: Գրողների միության ղեկավարությունը հետեւողական ու անհաշտ պայքար էր տանում նրա դեմ, համարում նրան պրոլետգրականությանը խորթ, մանր-բուրժուական գրող: Անհայտ է, թե ինչպես կվերջանար այդ պայքարը, եթե 1928 թվականին Ա. Խանջյանը չվերադառնար Հայաստանՙ որպես Կենտկոմի երկրորդ եւ ապա առաջին քարտուղար:

Ա. Խանջյանն իրեն հեռու չէր պահում մշակույթից եւ գրականությունից: Ուշ ժամին ընդունում էր գրողներին եւ հայտարարում.

- Գրական գիշերը համարում եմ բացված...

Զգայուն եւ բանիմաց քաղաքական գործիչը չէր կարող չզգալ խոսքի եւ գործի այն հսկայական տարբերությունը, որն առկա էր պրոլետգրողների ղեկավարության ճառերում եւ տպագրվող գործերում: «Ինչո՞ւ չկան նոր, լավ գործեր,- հարցնում էր,- Պարոնյանի խոսքերով ասած` հառաջադիմություն կգոչենք, ետ-ե՞տ կերթանք...»:

Ա. Խանջյանը Գ. Մահարուն վերցրեց իր հովանու տակ: Չլիներ այդ հովանավորությունը, լույս չէին տեսնի նրա նախասիբիրյան ամենանշանակալից գրքերը` «Սիրո, խանդի եւ Նիցցայի պարտիզպանների մասին» պատմվածքների եւ «Մրգահաս» բանաստեղծությունների (1933) ժողովածուները (1929): Ինչպես վկայում է Գ. Մահարին «Ինքնակենսագրություն գրված Սուրեն Աղաբաբյանի համար» լայն հասարակությանն անծանոթ հուշերում... բայց ավելի լավ է, խոսքը տանք իրեն.

«Հայաստան եկավ Ա. Խանջյանը, որի հետ ծանոթ էի մանկությունից: Կենտկոմի երկրորդ, հետո առաջին քարտուղար: Հարցրեց,- ո՞նց են գործերս, ես պատմեցի նրան գրական արկածներս...- Հավաքիր անտիպներդ, բեր մի նայեմ.- Չարենցին պատմեցի - ուրախացավ: - Բախտդ բացվեց, Գուրգեն խան: Տար ինչ որ ունես` եւ՛ արձակներդ, եւ՛ ստիխներդ: Նա ապրում էր այժմյան «Ինտուրիստի» N1 համարում: Տարա: Նա վերցրեց պորտֆելս, բացեց եւ փակեց.- Մնա թող ինձ մոտ, գիշերս կնայեմ. վաղը եկ, կխոսենք: Մյուս օրը, երեկոյան գնացի` թերահավատ:- Կարդացե՞լ է:

Կարդացել էր: -Կարելի է տպել,- ասաց նա,- ինձ դուր եկան: Մարդկանց զահլեն գնացել է չափածո ճառերից: Ինձ շատ դուր եկավ արձակդ: Մանավանդ «Մանկություն»-ը: Արձակներիցդ մի գիրք դուրս կգա, նախ արձակդ տպի, հետո չափածոդ:

Պատմեցի Չարենցին: Ուրախացավ.- կազմիր:

Երբ գիրքը կազմել, վերջացրել էի («Սիրո, խանդի եւ Նիցցայի պարտիզպանների մասին») Չարենցը նշանակված էր Պետհրատի գեղ. գրակ. բաժվար: Տարա նրան` պաշտոնապես: Վերցրեց, թերթեց, կարդաց, նորից թերթեց, հետո թե`

- Այ տղա, ռիսկովանի բան է, տուր թող Աղասին մակագրի, բեր տպեմ;

Հետո թե,- լավ, ես կտանեմ,- հետո թե`- երեկոյան արի, միասին տանենք:

Չարենցն էլ էր ապրում «Ինտուրիստ»-ում. գնացի մոտը: Ժողովածուս սեղանի վրա էր: Սպասավորի միջոցով իմացանք, որ տանն է: Գնացինք:

  Նստած պարապում էր: Չարենցը ժողովածուս դրեց առաջը.- Ստորագրի, պաժալստա [1]: Խանջյանը ժպտաց.- մակագրե՞մ: Մակագրեց,- «Տպագրել` Ա. Խանջյան»: Դուրս եկանք.- Այ տղա, էս քո զեմլյակը զամեչատելնի [2] տղա է, միայն գլուխը չուտեն: Ես հայտնեցի իմ տարակուսանքը.- Ո՞վ պիտի ուտի, ինչո՞ւ պիտի ուտեն... Չարենցըՙ Է, Գուրգեն խան, ամեհի բան է քաղաքական պայքարը...» (մի քանի բառ ջնջել է, անընթեռնելի....- Գր. Ա.): Չլիներ Ա. Խանջյանի հովանավորությունը եւ վճռական միջամտությունը, չէին տպագրվի խորհրդահայ գրականության անվիճելի նվաճում հանդիսացող այդ ժողովածուները: Ասել, թե նման միջամտությունները հեշտ էին տրվում Ա. Խանջյանին, որ նա իրեն ամեն ինչ կարող էր թույլ տալ, ճիշտ չի լինի: Նա էլ ուներ իր դժվարությունները եւ ստորջրյա խութերը, որոնցից մշտապես պետք է զգուշանար: Պահպանված է Գլավլիտի այդ տարիների պետ ոմն Չամչյանի 1934 թ. մարտի ստորաքարշ զեկուցագիրը վերադաս «թանկագին ընկերներ» Վոլինին եւ Բատմանովին` Ա. Խանջյանի կողմից «Մրգահաս» գրքի «հրատարակությանը միջամտելու եւ գրաքննչական աշխատանքներ թույլ չտալու մասին» (Հայաստանի ազգային արխիվ, ֆոնդ 1, ցուցակ 14, գործ 48, էջ 24 - ընդգծումը իմն է.- Գր. Ա):

Թերթելով «Մրգահասը»ՙ չի կարելի չտեսնել, որ, չնայած գրաքննչության բացակայությանը, այնտեղ չկան գրեթե բոլոր այն բանաստեղծությունները, որոնք ժամանակին աղմուկ էին բարձրացրել մամուլում («Նամակ ընկեր Ստալինին», «Քառասունք», «Վարսակներ», «Վերջալույս» եւ այլն): Գ. Մահարու զգուշավորությա՞ն արդյունքն էր դա, Ա. Խանջյանի խորհրդի՞, թե՞ Ե. Չարենցի խմբագրական աշխատանքի, այսօր այդ հարցին արդեն ոչ ոք չի կարող պատասխանել: Ասենք` վախի աչքերը այնքան են մեծ, որ կաթից վառվածը մածունի վրա էլ է փչել: Այդ բանաստեղծությունները դուրս մնացին նաեւ Գ. Մահարու կազմած 50-60-ական թվականների բոլոր ժողովածուները` հրամայական անհրաժեշտություն դարձնելով այսօր նրա բանաստեղծական անտիպ նոր ժողովածուների հրատարակությունը:

Չլիներ Ա. Խանջյանի հովանավորությունը, Գ. Մահարին հազիվ թե կարողանար դիմակայել «գրաքննադատական» վայրագ հարձակումներին: Այդ հովանավորությունն էր, որ ուժ էր տալիս նրան` մնալու գրականության ճշմարիտ դիրքերում եւ շարունակելու գրել մնայուն գործեր` «Արձանագործ Մուրը» պոեմը, «Գուրգեն-խանի տոհմը» վեպը: Երկուսն էլ մնացին անավարտ: Շարունակել դրանք` կնշանակեր ստեղծել նոր դժվարություններ եւ՛ իր, եւ՛ Ա. Խանջյանի համար:

Գ. Մահարու եւ Ա. Խանջյանի վերջին հանդիպումը 1936 թվականի հուլիսի 6-ին էր, ինչպես միշտ` կեսգիշերին: Նրանց միջեւ տեղի ունեցավ խորհրդանշական մի զրույց, որտեղ ակամա շոշափվել էր նաեւ ինքնասպանության թեման: Այդ զրույցն էր, որ հետագայում հանգիստ չէր տալիս Գ. Մահարուն: Հայտնի է, որ երկար ժամանակ Ա. Խանջյանի սպանությունը պաշտոնապես մատուցվում էր որպես ինքնասպանություն.

«Ոչ միայն ձայնը, նկուն էր ինքն էլ, մի տեսակ ցրված: Սովորաբար խոսելիս նա սիրում էր նայել դեմքիդ, ուղիղ աչքերիդ, բայց ահա խոսում է նա ու խուսափում է քո հայացքը բռնելուց...

- «Արձանագործ Մուրը» կարդում եմ: Մե՞ծ բան է դուրս գալու... Վերջը ի՞նչ ես անելու Մուրիդ հետ:

- Մուրը ինքնասպանություն է գործելու,- պատասխանեցի ես:

- Ինքնասպանությո՞ւն,- կարծես հանկարծակիի եկավ նա,- ինչո՞ւ ինքնասպանություն...

- Նա քանդակում է իր գլուխ-գործոցը.- քայլում է հաղթանդամ բանվորը, ուսին` երկրագունդը: Արձանը կանգնեցնում են քաղաքի կենտրոնական հրապարակում :

- Նո՞ւ, էլ ինչո՞ւ ինքնասպանություն:

- Նա զգում է, որ էլ ասելիք չունի, որ չի կարող ավելի լավ գործ տալ, կարող է մանրանալ...

- Դրա համար էլ ինքնասպանությո՞ւն է գործում:

Ես լռում եմ:

- Հիմարություն,- ասում է նա.- գտիր ուրիշ ելք:

Ու երբ հրաժեշտ եմ տալիս, նա խորհուրդ է տալիս ամենայն լրջությամբ.

- Մուրիդ համար մտածիր, գտիր ուրիշ ելք...»:

  Հաջորդ օրը Ա. Խանջյանը մեկնեց Թիֆլիս: Անվերադարձ: Այնտեղից ստացվեց նրա ինքնասպանության պաշտոնական հաղորդագրությունը, որին Երեւանում ոչ ոք չհավատաց: Կատարվեց Ե. Չարենցի կանխագուշակումը...

Վրա հասան մղձավանջային օրեր, ձերբակալվեցին բազմաթիվ «խանջյանական» պետական եւ կուսակցական գործիչներ, մտավորականներ, գրողներ: Օգոստոսի 10-ին հասավ Գ. Մահարու հերթը...

Մինչեւ իր ձերբակալվելը նա հասցրեց գրել «Աղասու մոր երգը» ողբը.

Վարդ մէր, բացվեց Էգեստարի բաղերուն,

Վան քաղաքի Էգեստարի թաղերուն,

Վարդը բերի չուր Երեւան հանեցի,

Վարդ ցանեցի, արնոտ փշեր քաղեցի:

Թիֆլիս քաղքի վերին անձրեւ կխշշեր,

Սեւանա ջուր աղի դարձավ էն գիշեր:

Մասիս սարի վերեն արեւն արուն էր,

Ազիզ բալես տեղով վարդ ու գարուն էր:

Թուփն ու սոխակ անվարդ կուլան միասին

- Մեռա՜վ անմեռ վարդի նման Աղասին:

Տասը տողանոց բանաստեղծությունում վեց անգամ կրկնվում է «վարդը»: Հուղարկավորության ժամանակ Ա. Խանջյանի քունքը ծածկված էր վարդով: Այն պետք է քողարկեր Բերիայի դավադիր գնդակի հետքը...

Հետ այդմ գրեթե երկու տասնամյակ Գ. Մահարու անունն անբաժան եղավ Ա. Խանջյանից: Հարցաքննությունների արձանագրություններում, կրկնակի դատավճիռներում թե գրչընկերների դատապարտող ելույթներում նա բնորոշվում էր «խանջյանական» հայհոյականով:

Նա խանջյանական էլ մնաց ողջ կյանքում: Երբ սկսվեց հասարակական կյանքի ձնհալը, աքսորական Մահարու մտքին առաջինը Ա. Խանջյանն էր որ եկավ. «Բերիայի գնդակահարությունը միայն լավ զգացմունքով կարող է լեցնել ամեն մարդու սիրտը: Գլուխդ մի բարձրացրո՜ւ, պայծառ Աղասի...» [3]:

Գրող Մահարին լիուլի մարեց իր պարտքը Ա. Խանջյանի հանդեպ: Դրա վկայություններն են կուսակցական եւ պետական գործչին նվիրված «Արծիվ Նաիրի» հուշագրությունը, «Երիտասարդության սեմին» վեպի, «Երիտասարդություն» անավարտ վեպի եւ բազմաթիվ այլ մեծ ու փոքր գործերի էջերը, որոնցից շատերը դեռ սպասում են իրենց հրապարակմանը:


1. ...խնդրեմ (ռուս.):

2 ...համերկրացին հիանալի... (ռուս.):

3 Վ. Ալազանին, 31 դեկտ. 1953թ. 1 հունվարի 1954թ.:


Նկար 1. Գուրգեն Մահարի, 1926 թ.

Նկար 2. Աղասի Խանջյան, 1930-ականների սկիզբ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4