Արշիլ Գորկու մասին ստորեւ թարգմանաբար ներկայացվող հոդվածըՙ «Թայմ» հանդեսի նոյեմբերի 2-9-ի համարից, տպագրվել է Ֆիլադելֆիա Արվեստի թանգարանում վերջերս բացվածՙ հայազգի արվեստագետի ստեղծագործությունների ցուցահանդեսի առթիվ: Հեղինակն է արվեստի եւ ճարտարապետութեան վերաբերյալ բազում հոդվածների հեղինակ, արվեստաբան-քննադատ Ռիչարդ Լակայոն:
Ամերիկյան արվեստի աշխարհում կա՞ արդյոք Արշիլ Գորկու հետ համեմատվող մեկ ուրիշ կենսագրություն: Նրա կյանքի կորն անցել է պայքարի, բացահայտումների եւ ողբերգության միջով: Սկսել է դանդաղ, հետո արագ, դարձել ապշեցնող, իսկ վերջումՙ կործանիչ: 1948-ին իր կյանքին վերջ տալուց մոտ յոթ տարիներ առաջ նա ստեղծեց 20-րդ դարի ամենախոշոր, ամենապայթուցիկ աշխատանքներից մի քանիսը, որոնք սյուրռեալիզմի եւ աբստրակտ արվեստի յուրատեսակ սինթեզը լինելով, վավաշոտ նոր հնարավորությունների ճանապարհը հարթեցին եւ բացեցին դեպի աբստրակտ էքսպեսիոնիզմ տանող ուղին: Դա երկար կյանք չէր, բայց լի էր անմար կրակով:
Չնայած մոտ երեք տասնամյակ է անցել Գորկու վերջին հետահայաց ցուցահանդեսից, այս նոր, հսկայական ցուցահանդեսըՙ Ֆիլադելֆիա Արվեստի թանգարանում ապացուցում է, որ արժեր այդքան երկար սպասել: Թանգարանի ժամանակակից արվեստի կուրատոր Մայքլ Ռ. Թեյլորի կազմակերպած այդ ցուցադրումն այնպիսի «հաղթական» սրահներ է զբաղեցնում, որ ցանկանում ես գլխարկդ օդ նետել ուրախությունիցՙ իմանալով հանդերձ, որ սա էլ ուրիշ պատմությունների նման ի վերջո ավարտ է ունենալու եւ մատնվելու է մոռացության:
Ոստանիկ Ադոյան բուն անունով Գորկին ծնվել է Խորգոմումՙ Թուրքահայաստանի մի գյուղում: Քսանամյա տարիքում նա իր համար վերցրեց մի նոր անունՙ Արշիլ (Աքիլլեսի ռուսական տարբերակը) Գորկի (ի պատիվ ռուս գրող Մաքսիմ Գորկու): Գուցե չգիտեր էլ, որ «գորկի» բառը ռուսերենում ուներ «դառը» իմաստը, բայց նա, անկասկած, առնչվելու էր դառնության հետ: 1920 թվականին Նյու Յորք էր ժամանել 18 տարեկանինՙ փախչելով հայերի դեմ կիրառված թուրքական վայրագություններից: Մեկ տարի առաջ մայրն էր մահացել իր ձեռքերումՙ սովածությունից: Երիտասարդ տարիներինՙ 1926-ից 1942 թվականը, նա ամբողջությամբ համակված լինելով այդ պատկերի սեւեռուն գաղափարով, զանազան մշակումներից հետո ի վերջո ստեղծում է երկու «տեսիլքային» դիմանկարներ, որոնք կողք-կողքի ներկայացնում են իրենՙ 10-ամյա անփորձ պատանուն եւ մորըՙ այդ անվրդով տոտեմինՙ պաշտամունքի էակին, որն այլեւս հավիտյան անհասանելի էր մնալու իրենՙ կարոտով լի ալիքների ստորոտում:
Իր 20-30-ամյակների ամբողջ ընթացքում Գորկին գրեթե ինքնակործանման աստիճանի խրվելու էր ամբողջապես իրենից առաջ ստեղծագործած վարպետների գործերի մեջ, մեկը մյուսի ետեւից նվիրվելու էր Սեզանին, Պիկասոյին, Միրոյին եւ Լեժեին, երբեմն նրանց ձայներն իրար շաղկապելով. կարծես որովայնախոսի խրտվիլակ լիներ: Բայց նա հաստատապես յուրացրեց նրանց լեզուն:
Շրջադարձը տեղի ունեցավ 1940-ականներին, մասամբ Նյու Յորքում սյուրռեալիստներ Անդրե Բրետոնի եւ Ռոբերտ Մատտայի հետ իր հանդիպումների շնորհիվ: Գորկին տարիներ շարունակ արդեն փոխ էր առնում սյուրռեալիստական պատկերներ, բայց նրանց շրջապատում նա առավել «բացվեց»ՙ ծաղկեց: Մատտայի շնորհիվ նա վերանորոգեց «ավտոմատության»ՙ սյուրռեալիստական այդ հասկացության հանդեպ ունեցած իր հետաքրքրասիրությունը: Դա նշանակում էր ձեռքի գիտակցական շարժմանը հակադրել անգիտակցական շարժումը, այսինքն թույլ տալ, որ ձեռքը ակամա շարժումների միջոցով նկարի պատկերներՙ թելադրված անգիտակցության կողմից: Այս մոտեցումը նոր հորիզոններ բացեց նրա առաջՙ թույլ տալով նրան մարդկային մարմնից եւ բնությունից ստացած տպավորությունները, ինչպես նաեւ Հայաստանի վերաբերյալ իր մանկական հիշողությունները վերածել կարոտի եւ ազատորեն արտահայտվելու աբստրակտ լեզվի:
Իր երբեմնի խտացված եւ լարված ներկերի կիրառմանը եկան փոխարինելու Մատտայի գունային բարակ, համարյա թափանցիկ վրձնահարվածները: Ստեղծվեց վայելուչ, լողունակ եւ կենսուրախ գծերի մի նոր ոճ, որը ծածկում է ամբողջ կտավըՙ թեթեւորեն բնորոշելով ուռուցիկ ձեւերը, օճառափրփուրի նման թեթեւ «սահմանագծերով», որոնք կարմիր եւ դեղին գույների առկայության դեպքում «ազատ արձակվելու» տպավորություն են ստեղծում: Զգում ես, որ դա ազատության եւ հաճույքի հավիտենական գիծն է, որի հետքերը գնում են հետ դեպի Ֆրանգոնարի ճոճվող երիտասարդ կանանց օդային շարժումները:
Իր կյանքի վերջին տարիներին Գորկին գնալով ավելի ամրապնդեց իր դիրքերըՙ ստեղծելով հարուստ ու հյութեղ կտավներՙ ինչպիսին «Լյարդը աքաղաղի կատարն է», իր 1944-ի գլուխգործոցը, որտեղ գունային ավազանի ստեղծած մթնոլորտում անհանգիստ ֆիգուրաները կարծես ճանկռտում են օդը:
Բայց հենց վատ ժամանակները եկան, նրան այլեւս հանգիստ չթողեցին: 1946-ին Կոնեկտիկուտի իր ստուդիայում բռնկված հրդեհը փչացրեց ավելի քան 20 կտավ: Դրան հաջորդեց քաղցկեղը եւ ապա ավտովթարը, որը նրա ձեռքը ժամանակավորապես անաշխատունակ դարձրեց: Այնուհետեւ կինը լքեց նրանՙ իր հետ տանելով զավակներին: Հուսահատության եւ մշտական ցավերին չդիմանալովՙ նա կախեց իրեն: Ընդամենը 46 տարեկան էր: Կարճատեւ մի կյանք, որը, սակայն, բավական երկար էր դառնալու մի ծխնի, որի շուրջ պետք է պտտվեր պատմությունը:
Թարգմանեց ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ
Նկար 1. «Լյարդը աքաղաղի կատարն է», 1944 թ.